ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#11, 2009-10-10 | #12, 2009-10-24 | #13, 2009-11-07


ՄԵ՛Ր ԼԵԶՈՒՆ, ՁԵ՛Ր ԽՈՍՔԸ

Նամակ Արտեմ Սարգսյանին

ԼԵՎՈՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաց նամակով Ձեզ դիմելու գաղափարը հղացվել է ոչ միայն այն պատճառով, որ Դուք «Մեր լեզուն, մեր խոսքը» հաղորդաշարի հեղինակն եք:

Դժբախտաբար, մեր լեզվի համար եկել են ժամանակներ, երբ նրա ճակատագիրը որոշում են մի բուռ մարդիկ, եւ այդ մարդիկ ո՛չ լեզվաբաններ են, ո՛չ արվեստագետներ, ո՛չ մշակութային երեւելիներ: Եվ եթե կազմելու լինենք ցուցակը մարդկանց, որոնց քմահաճ կամքով է ընթանում ժամանակակից հայոց լեզվի զարգացումը, կտեսնենք, որ նրանք ոչ այլ ոք են, եթե ոչ մի քանի հեռուստաընկերությունների տերեր ու ղեկավարներ, վերջիններիս ցուցումով «ստեղծագործող» մի քանի սցենարիստներ ու բեմադրիչներ` հանրությանը գրեթե անհայտ: Սակայն տարաբախտաբար հենց նրա՛նք են նախանշում լեզվի զարգացման ուղղությունը, նրա՛նք են «ապահովում» մեր լեզվի աղետալի ներկան: Մեկ, գուցե երկու տասնյակ հեռուստաընկերությունների տեր ու ղեկավար թող փոխարինվեն լեզվի հարգը իմացող, լեզվի մաքրության համար մտահոգ մարդկանցով, եւ եթերից կանհետանան բոլոր բարբառալեզու սերիալները, ժարգոնալեզու ժամանցային հաղորդումները, կանհետանա ամբողջ լեզվական աղբը: Թող փոխեն Հ1-ի ղեկավարին, եւ հանդիսատեսն այլեւս հանրային կոչված հեռուստաընկերության եթերում ոչ միայն չի տեսնի «Կյանքի կարուսել» ու «Շաբաթ երեկո», «Այսպես էլ ապրում ենք» ու «Որբեր», այլեւ ապշությամբ չի լսի-չի իմանա, որ բնիկ երեւանցի ու «ա»ախոս է եղել նույնիսկ Էրիխ Մարիա Ռեմարկը, ում «Երեք ընկերները», հերոսուհին էլ հետը, խոսում են Երեւանի զուլալ բարբառով: Թող փոխեն «Արմենիա» հեռուստաընկերության տերերին, եւ նրա եթերից կանհետանան արքայական մեր լեզուն գողի ու գողականի, մտավոր հետամնացի ու անկիրթի լեզու դարձնող խուճուճներն ու բոյովները, հայկոներն ու մկոները, «Լոս Արմենիոս»-ներն ու «Էմիգրանտները»...

Պարոն Սարգսյան, Ձեր հաղորդաշարի թողարկումներից բոլորը չէ, որ դիտել եմ եւ, բնականաբար, չեմ բացառում, որ անդրադարձած կլինեք հեռուստաեթեր Երեւանի բարբառի տիրական ներխուժմանը, բանավոր խոսքում կարծես վերջնականապես հաստատված ու այլեւս անտեղիտալի «ա»ախոսությանը: Հոկտեմբերի 12-ի թողարկման ժամանակ նույնպես Դուք եւ հաղորդման հյուր, լեզվաբան Լալիկ Խաչատրյանը անդրադարձաք «ա»ախոսությանը: Ակնկալվում էր, որ ձեր ուշադրությունը պիտի սեւեռվի մի խնդրի, որ վաղուց այլեւս մեր լեզվի անաղարտությունը խաթարող հերթական վտանգ չէ, այլ` համընդհանուր չարիք, որ սպառնալիքի պես կախվել է հայերենի գլխին: Սակայն խնդրի քննարկման հապճեպությունից, մեկ-երկու անկիրք արձանագրումից բանն այն կողմ չանցավ: Միանգամայն ակնհայտ էր, որ Դուք այդ սպառնալիքի հանդեպ հարկավոր չափով ոչ միայն զգոն չեք, այլեւ նույնիսկ մտահոգ, եթե «ա»ախոսության անկասելի ներխուժումը լեզու ձեզ հուզում է խնդիրն ընդամենը երկու-երեք րոպե քննարկելու չափ` ավելի քիչ, քան տեւեց բազմաչարչար «իմ համար, իմ մոտ» սխալ ձեւերին ձեր ո՛վ գիտի ո՛րհազարերորդ անդրադարձը:

(Ի դեպ, երկու խոսք հաղորդման ընթացքում ձեր հրապարակած սխալների մասին: Դուք հրավիրյալ պրոֆեսորի հետ «իմ համար, իմ մոտ» գործածողներին վրդովմունքի հերթական չափաբաժինը հասցեագրելուց հետո այլ սխալների թվում մերժեցիք նաեւ «մանր երեխաներ» արտահայտությունը` առաջարկելով փոխարենը գործածել «փոքր երեխաներ»: «Մանր երեխաներ»-ը լեզվի ժողովրդախոսակցական շերտից է, գործածության իր տիրույթում շատ գեղեցիկ, շատ հարազատ խոսք, այնպես որ հեգնելու եւ սխալ համարելու կարիք ամենեւին չկար, ինչպես որ կարիք չկար մամուլից բերված սիմպատիչնի բառին «Պետք է լինի» խորագրի ներքո առդրել հայերեն համակրելին. ո՛վ չգիտի, որ սիմպատիչնին հայերեն «չի» (ինչպես Դուք արտահայտվեցիք), իսկ մամուլում այդ օրինակն անտարակույս հայտնվել է որպես ուղղակի խոսք կամ ոճական ինչ-որ նկատառումով, հետեւաբար չկա սխալ, կա ընդամենն օտար բառ գործածելու անհարկիություն):

Այդպես, լեզվի հանդեպ Ձեր անհանդուրժող բծախնդրությունը նույնիսկ չօգնեց սեւեռվելու «ա»ախոսության մեծ չարիքի վրա, որ վաղուց արդեն չի վտանգում, չի սպառնում, այլ ավերում է մեր լեզուն: Եվ դրանում մեղքի բաժին ունեք նաեւ Դուք, պարո՛ն Սարգսյան: «Արմենիա» հեռուստաընկերությունում եթե նույնիսկ Դուք ոչ մի տնօրինական լծակ էլ չունեք, Ձեր հեղինակությունն ու գիտնականի համարումը բավական պիտի լինեին` գոնե այս հեռուստաընկերության եթերում չհանդուրժելու լեզվական այնպիսի՛ աղբի առկայությունը, որպիսին է, օրինակ, «Yere1»-ը կամ «Լոս Արմենիոսը»: Վտանգը մեծանում է նրանով, որ «Արմենիան», ինչպես օրուգիշեր համոզում-պնդում եք դուք` «արմենիականներդ», հեռուստադիտողների թվի մեծությամբ հայկական հեռուստաընկերությունների առաջատարն է, հետեւաբար նաեւ ճաշակ ձեւավորողն ու ճաշակ պահողը: Բայց ո՞րն է ձեր ճաշակը. «Կարգին հաղորդման» սեռական անվայելուչ ու ճղճիմ հումո՞րը, բարբառն ու ժարգո՞նը, թե՞ «Բարի գիշեր, հայեր», ծրագրում վաստակավոր «ա»ախոս Հրանտ Թոխատյանի հետեւողական-ծրագրված բարբառախոսությունը: Հիշեցի այս մարդուն եւ զուգորդաբար հիշեցի ժողովրդական ասացվածքը գողի` տնից լինելու եւ եզը երդիկից հանելու մասին: «Բարի գիշերը» դիտած շատ մարդիկ իրենց համար արձանագրած կլինեն զարմանալի մի իրողություն. Հ. Թոխատյանը (նրա հետեւողությամբ` հաճախ նաեւ հյուրերը) «գրական հայերենը պաշտոնական լեզու» հռչակած մայրաքաղաք Երեւանից խոսում են տեղի բարբառով ու «ա»-ով, իսկ նրանց օվկիանոսի այն կողմից գրագիտության, լեզվական պատվախնդրության ու մանավանդ «է»ախոսության հետեւողական դասեր է տալիս պայծառ մի հայ տղա` Արայիկ Ղազարյան: Բայց վերադառնանք խնդրին եւ հարցնենք. պարո՛ն Սարգսյան, Դուք Հ. Թոխատյանի «գիշերները» հայերի եւ մանավանդ հայերենի համար բարի համարու՞մ եք:

Բանը հասել է այնտեղ, որ «Արմենիա»-ի եթերում հայտնվում են «Taxi էլի լավ ա»-ի նման բարբառային վերնագրով ֆիլմեր, եւ ֆիլմում բարբառով է խոսում նույնիսկ... շունը (վկա` հոկտեմբերի 9-ի երեկոյան եթերում հնչած սրտաճմլիկ պատումը «ա»ախոս անտեր Շեկո շան մասին):

Անշուշտ, Ձեզ չէ, որ պիտի հիշեցվի մեր լեզվում «է»-ի պահպանման կարեւորության մասին: «Է»-ն մեր լեզվի հիմքերի հիմքն է, մեկ հնչյունով ամբողջ նյութական աշխարհն ու տիեզերքն արտահայտող նախաբառը (արդյո՞ք շատ լեզուներ ունեն համարժեք բառ): Է-ն իր մեջ խտացրած արտացոլում է մեր լեզվի այն հնագույն վիճակը, երբ միմյանցից չէին զատվել առարկան ու հատկանիշը (շարժման), այդ պատճառով է-ն հիմա էլ է գիտակցվում թե՛ իբրեւ առարկա (էություն, էակ), թե՛ շարժում (ասում է, երգում է): «Է»-ի ընդգրկման սահմանները հիրավի այնքան մեծ են, որ մեր շրջապատում գտնվող ամեն բան մենք ընկալում ենք որպես է, այսինքն` գոյ: Եվ զարմանալի ու տարօրինակ չէ՞, որ ամենայն գոյ նշանակող «է»-ն արդ ինքն է անէանում, անգոյանում: Զարմանալի չէ՞, հարգելի՛ Ա. Սարգսյան, որ հայոց վաղնջական «է»-ն անէանում է մի հեռուստաընկերության եթերում, որտեղ Դուք, դարձյալ ասեմ, եթե տնօրինական լծակներ չունեք էլ, ապա անկասկած ունեք ազդեցության այնպիսի միջոցներ, որոնցով եթե պիտի չբացառվեին, ապա գոնե նվազագույնի պիտի հասցվեին լեզվական աղտեղությունները, հատկապես Ձեր հեռուստաեթերը մորեխի պես պատած «ա»ախոսությունը: Այո՛, էլ որտե՞ղ, եթե ոչ «Արմենիա»-ի եթերում է առավել արհամարհված «է»-ն, նրա բազմաթիվ ծրագրերում ու սերիալներում է այն փոխարինված «ա»-ով: Եվ այդ համընդհանուր լեզվական անմաքրության մեջ` «Մեր լեզուն, մեր խոսքը»: Ի դեպ, զարմանում եմ, որ այդ կեղտի մեջ Դուք փորձում եք մաքուր հայտնվել. զարմանում եմ հաղորդաշարի ինքնաբավ գոյության վրա: Ինքնաբավ, որովհետեւ Ձեր յուրաքանչյուր թողարկում հնչում է որպես ձայն բարբառոյ յանապատի. որովհետեւ մեր լեզուն, մեր խոսքը ձեր եթերում ոչ միայն աղավաղվում, այլեւ բռնաբարվում-աղտոտվում է Ձեր յուրաքանչյուր թողարկումից առաջ եւ հետո: Իսկ Դուք, կարողություն եւ հնարավորություն ունենալով, զարմանալիորեն չեք զորում մեր լեզուն ու խոսքը մաքուր պահել նաեւ «Մեր լեզուն, մեր խոսք»-ից դուրս` ամբողջ եթերում:

Եվ ահա թե էլ ի՛նչն է զարմանալի: Իբրեւ քիչ է Արարատյան բարբառի էքսպանսիան պետականորեն անտեր գրական լեզվի նկատմամբ, Դուք հաղորդաշարի վերջին թողարկումներից մեկում (26 հոկտեմբերի) որոշում եք հանդես գալ, ոչ ավելի, ոչ պակաս, բարբառների պաշտպանությամբ: Վկայակոչելով Հովհ. Թումանյանին` Դուք վերստին կարեւորում եք բարբառների անփոխարինելի դերը գրական լեզվի զարգացման գործում: Բայց ո՛վ է վիճում: Մինչդեռ խիստ վիճելի է բարբառների պահպանման խնդիրը հրապարակ բերել հիմա՛, երբ այդ բարբառներից մասնավորապես Արարատյանի «եթերային հալածանքին» տեղի տալով` վերացման վտանգի առջեւ է գրական հայերենը: Հետեւաբար պետք է մտածել ոչ այնքան գրական հայերենը բարբառներով հարստացնելու (դա ինքնաբերական գործընթաց է եւ բնավ կարիք չունի հրապարակային հորդորների), որքան այդ բարբառներից մեկից (արարատյան) գրական հայերենը պաշտպանելու մասին: Սակայն Դուք, պարո՛ն Սարգսյան, բարբառների պահպանությամբ մտահոգ` անուղղակիորեն պաշտպանում եք այսօրվա հեռուստաեթերի բարբառալեզուն:

Մինչդեռ չեմ կասկածում, որ Ձեզ համար նույնպես վաղուց ակնհայտ է. կունենանք մաքուր եթեր` կունենանք մաքուր լեզու: Հետեւաբար (կրկնեմ նամակի սկզբում արտահայտած միտքս), որքան էլ ցավալի է, հատկապես մի քանի հեռուստատեսային տեր ու պաշտոնյայի հայրենասիրությունից ու հայերենասիրությունից է կախված մեր լեզվի ներկան ու ապագան:

Այդ թվում` Ձեր, հարգելի՛ պարոն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4