ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ
Փարիզի «Էդիսիոն դը լա տրանսպարանս» հրատարակչությունը վերջերս լույս է ընծայել համաշխարհային կինոյի մեծագույն դեմք Ֆեդերիկո Ֆելինիի մասին հոդվածների մի ստվարածավալ ժողովածուՙ «Fellinicitta» վերնագրով: Այս հորինովի բառը Ֆելինիի անունը խաղարկում է իտալերեն felicitaՙ երջանկություն եւ citta` քաղաք բառերի հետ: Հատորը կազմել է ֆրանսիացի կինոգետ, Ֆելինիի ստեղծագործության գիտակ Ժան-Մաքս Մեժանը, որն, ի դեպ, այս տարի մասնակցել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնինՙ որպես ՖԻՊՐԵՍՍԻ-ի ժյուրիի անդամ: Ի թիվս 60 հեղինակների, որոնց մեջ կան գրողներ, նկարիչներ, դասախոսներ, Ֆելինիի մտերիմներ, ժողովածուում տեղ է գտել նաեւ երեւանցի կինոգետ Արծվի Բախչինյանի «Ֆեդերիկո Ֆելինի-Սերգեյ Փարաջանով. երբեւէ չհանդիպած եղբայրակիցները» հոդվածը (Արուսյակ Բախչինյան-Գրինոյի ֆրանսերեն թարգմանությամբ), որի բնագիրը ներկայացնում ենք ստորեւ:
Հայ կինոբեմադրիչ Սերգեյ Փարաջանովը (1924-1990) մասնավորապես իր «Մոռացված նախնիների ստվերները» եւ «Նռան գույնը» կինոնկարներով աշխարհում հայտնի դարձավ որպես նոր կինոլեզու ստեղծած մի եզակի արվեստագետ, որի անունը դրվեց Ֆեդերիկո Ֆելինիի, Անտոնիոնիի, Գոդարի, Կուրոսավայի անունների կողքին: Փարաջանովի մասին խոսելիսՙ կինոգիտությունը զուգահեռներ է անցկացնում հատկապես նրա սերնդակից երկու մեծ բեմադրիչներիՙ Տարկովսկու եւ Ֆելինիի միջեւ, ոչ թե սոսկ աշխարհազգացողության եւ ստեղծագործական նմանությունների, այլեւ անձնական կապերի եւ հնարավոր ազդեցությունների առումով: Սույն հոդվածով մենք կփորձենք տալ Փարաջանովի եւ Ֆելինիի փոխհարաբերությունների ընդհանուր պատկերը:
Թե՛ Ֆելինին, թե՛ Փարաջանովը ստեղծեցին ուրույն, միայն իրենց հատուկ կինեմատոգրաֆը: Երկուսն էլ օժտված էին անսպառ երեւակայությամբ: Երկուսն էլ առասպելաստեղծ կինոբեմադրիչներ էին, թեեւ նրանց երեւակայությունը սնվում էր տարբեր ակունքներից: Աշխարհի երկրորդ տիեզերագնաց Գերման Տիտովը «Ութ եւ կես» ֆիլմի կապակցությամբ Ֆելինիին ասել է. «Ձեր ֆիլմում շատ ավելի առեղծված կա, քան տիեզերքում»: Նույնը կարելի է ասել նաեւ Փարաջանովի «Նռան գույնի» մասին: Երկուսի համար էլ խիստ կարեւոր էր գտնել հերոսների համար համապատասխան տիպաժներ: Ֆելինին մի առիթով ասել է, որ ինքը կցանկանար տեսնել աշխարհի բոլոր մարդկանց դեմքերը եւ իր ֆիլմերի համար հերոսներ գտնել: Փարաջանովը եւս մշտապես ուսումնասիրում էր մարդկանց, գտնում արտասովոր կերպարներ եւ դերեր վստահում դերասանության հետ կապ չունեցողներիՙ գնահատելով նրանց արտաքինը: Նմանություններ են առկա նաեւ Ֆելինիի եւ Փարաջանովի աշխատաոճի մեջ. երկուսն էլ հաճախ ժեստ առ ժեստ ուղղորդում էին դերակատարներին: Երկուսն էլ զբաղվում էին նկարչությամբ, եւ անգամ նրանց նկարների մեջ առկա են նմանություններՙ պատկերվող կերպարների հոգեբանական խորության, հումորի եւ էրոտիզմի, եւ անգամ զուտ գծանկարչական տեխնիկայի առումով [1]: Փարաջանովը եւ Ֆելինին ունեին ընդհանուր ընկերՙ ի դեմս բանաստեղծ, սցենարիստ եւ նկարիչ Տոնինո Գուեռայի, որը հաճախ էր ճանապարհորդում ԽՍՀՄ եւ այցելում Փարաջանովին:
Փարաջանովը ծնվեց Ֆելինիից չորս տարի ուշ եւ մահացավ Ֆելինիից չորս տարի շուտ: Նրանք կյանքում երբեւէ չհանդիպեցին, սակայն հեռվից գիտեին միմյանց եւ գնահատում էին մեկը մյուսի ֆիլմերը: «Մի՞թե Ֆելինիի լեզուն Իտալիայի հպարտությունը չէ»,- ասել է Փարաջանովը: Մեկ այլ առիթով էլ Ֆելինիի մասին ասել է. «Նրա երեւակայության աներեւակայելի ձիրքն ապշեցուցիչ է: Սակայն այն գնում է միայն մեկ ուղղությամբՙ միստիֆիկացիայի միջով: Նա օժտված է իր կերպարները կյանքից ավելի ընդարձակ դարձնելու համառ կրքով» :
Երեւանի Փարաջանովի թանգարանում ցուցադրվում է 1971-ի նոյեմբերի 10-ին Հռոմից Ֆեդերիկո Ֆելինիիՙ Փարաջանովին ուղղած մեքենագիր նամակը, որից իմանում ենք, որ իտալացի բեմադրիչ Վիրջիլիո Տոզին Ֆելինիին է հանձնել Փարաջանովի նվերըՙ հուցուլական (ուկրաինական էթնիկ խումբ) գործված գուլպաներ: Նամակի տեքստը հետեւյալն է.
Սիրելի Սերգեյ,
Վիրջիլիո Տոզին ինձ բերեց ձեր գուլպաները:
Սա մի նվեր է, որն ինձ շոյեց: Ես քեզ չեմ ճանաչում, սիրելի Սերգեյ, սակայն քո բանաստեղծական ուղերձից հետո ինձ թվում է, թե միշտ ճանաչել եմ քեզ, դարձել եք մի հին, հարազատ ընկեր:
Իմ ամենաջերմ մաղթանքները լավ աշխատանքի համար, սիրելի ընկեր, գրկում եմ քեզ եւ սիրում եմ քեզ:
Քոՙ Ֆեդերիկո Ֆելինի:
Ֆելինիի այս նամակին Փարաջանովն ավելացրել է ժանյակ, փետուրներ եւ Բենվենուտո Չելինիիՙ Պերսեւսի քանդակը պատկերող բացիկ, որտեղ թղթով փակել է արձանի գլուխըՙ տպավորություն ստեղծելով, թե Պերսեւսը գլխատել է իրեն եւ ձեռքով հաղթական պահում է սեփական գլուխը: Չելինիի քանդակի ընտրությունը պատահական չէՙ ելնելով Ֆելինի անվան հետ նմանությունից: Փարաջանովը հազիվ թե տեղյակ լիներ, որ Ֆելինին հետաքրքրվել է Չելինիի անձովՙ մտադիր լինելով ֆիլմ նկարահանել նրա մասին:
Փարաջանովի թանգարանում ցուցադրվում է Ֆելինիին առնչվող մեկ այլ կոլաժՙ «Ֆեդերիկոյի սերը Ջուլիետային», որտեղ Ֆելինին եւ Ջուլիետա Մազինան պատկերված են որպես միմյանց քնքուշ սիրող հավատարիմ զույգՙ կատուների եւ ծիծեռնակների պատկերների կողքին:
Կոլաժ դարձած վերոնշյալ նամակը Փարաջանովին ուղղած Ֆելինիի միակ պահպանված գրությունն է, չնայած ժամանակակիցները եւ Փարաջանովն ինքը վկայել են, որ նրանց միջեւ եղել է եթե ոչ կանոնավոր թղթակցություն, ապա առնվազն մի քանի նամակի փոխանակում: Ֆելինիի արխիվի ուսումնասիրությունը հավանաբար կարող է ի հայտ բերել Փարաջանովից ինչ-ինչ մասունքներ: Կան վկայություններ, որ նրանց նամակագրությունը սկիզբ է առել 1971-ից դեռ առաջ: Կինոռեժիսոր Վասիլի Քաթանյանի վկայությամբ, Փարաջանովը Կիեւում «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը նկարահանելուց հետո Ֆելինիից ստացել է հաճոյախոսություններով լի մի նամակ, որը սկսվել է «Իմ սիրելի Սերժ» բառերով: Այն դրվել է ոսկե շրջանակի մեջ, զարդարվել սիրամարգի փետուրներով եւ չորացած անմոռուկներով ու կախվել պատին [2]: Այս նամակի գտնվելու վայրն անհայտ է:
Սակայն առնվազն երկու հարցազրույցում Փարաջանովը հիշատակել է Ֆելինիից մի նամակ, որը պարզում է երկու կինոբեմադրիչների փոխհարաբերությունների ամենաուշագրավ դրվագը: Դա հայ կինոբեմադրիչի ինքնակենսագրական «Խոստովանանք» սցենարի հնարավոր ազդեցության խնդիրն է իտալացի բեմադրիչի նշանավոր «Ամարկորդ» ֆիլմի վրա: 1987-ին տված մի հարցազրույցում Փարաջանովը, խոսելով «Խոստովանանքի» նկարահանման մտադրության մասին, ասել է. «Ես կձգտեմ օպերատոր Ալբերտ Յավուրյանի հետ վերականգնել Թիֆլիսում անցկացրած իմ մանկության ու պատանեկության օրերը: Իմ տանը պահվում է Ֆելինիի նամակն ուղղված ինձ, որտեղ նա գրում է. «Տոնինո Գուեռան պատմեց ինձ «Խոստովանանքի» սցենարի մասին, եւ ես ձեզ շնորհակալություն եմ հայտնում, որ դրանից հետո նկարահանեցի «Ամարկորդ ֆիլմը» [3]:
Կարծում ենք, կարիք չկա մանրակրկիտ համեմատություն կատարել «Խոստովանանք» եւ «Ամարկորդի» սցենարների միջեւՙ փորձելով պարզել, թե որ չափով Փարաջանովը կարող էր ազդեցություն ունենալ Ֆելինիի ֆիլմի վրա: Քանի որ գործ ունենք ընդամենը ոչ թե ընթերցանության, այլ բանավոր վերապատմման հետ, ապա ճիշտ է ընդունել, որ Փարաջանովի սցենարի բովանդակությանն իրազեկ դառնալովՙ Ֆելինին ստեղծագործական նոր խթան է ստացելՙ սեփական ֆիլմ-հիշողության ստեղծման համար: Հետաքրքրական է նաեւ, որ Փարաջանովի կատարած «Խոստովանանքի» էսքիզներն իրենց միջավայրով եւ կերպարներով բավական հիշեցնում են Ֆելինիի աշխարհը:
Վասիլի Քաթանյանը վկայել է, թե ինչպես Փարաջանովն ասել է. «Ամարկորդը» եւ «Հայելին» (Տարկովսկու ֆիլմը - Ա. Բ.) նրանց թողեցին նկարահանել, քանի որ նրանց չբանտարկեցին: Ես էլ ժամանակին կնկարահանեի «Խոստովանանքը».... Եթե Ֆելինին եւ Տարկովսկին ճամբարում նստեինՙ նրանք իրենց ֆիլմերն ավելի ողբերգական կնկարահանեին» [4]:
Իսկ Փարաջանովը բանտարկվեց 1973-ինՙ խորհրդային աշխարհին ոչ բնորոշ իր ստեղծագործական ազատության համար: Ֆելինին Գոդարի, Տրյուֆոյի, Բունյուելի,Անտոնիոնիի, Տարկովսկու եւ այլոց հետ բողոքեց այդ անարդարության դեմ, ինչը, սակայն, մնաց անօգուտ:
Թե՛ կյանքում եւ թե՛ էկրանին անընդհատ երեւակայող էքսցենտրիկ Փարաջանովի կյանքը լեցուն է տարբեր առեղծվածներով եւ առասպելներով, եւ այսօր դժվար է ասել, թե հիշատակումները որ չափով են ճշմարտացի: Այսպես, կա վկայություն, որ Ֆելինին նամակ է ուղարկել բանտարկված Փարաջանովին: Երբ բանտապետը նրան հարցրել է, թե ով է իրեն նամակ ուղարկած այդ Ֆեդերիկո Ֆելինինՙ Փարաջանովը տեղնուտեղը պատմություն է հորինել, որ նա իր հարազատ եղբայր Ֆեդյան է, որն իբր մնացել է իրենց իտալացի կոմունիստ տատիկի մոտ: Հայտնի է նաեւ, որ բանտում կեֆիրի շշի կափարիչների վրա Փարաջանովը փորագրել է դիմապատկերներՙ դարձնելով յուրատեսակ թալերներ: Դրանցից մեկըՙ Պուշկինի դիմանկարով, ընկել է Ֆելինիի ձեռքը, եւ Փարաջանովի մահից հետո Ֆելինին դրանց մոդելով կերտել է արծաթե մեդալ, որով պարգեւատրում են Ռիմինիի կինոփառատոնի լավագույն կինոնկարները [5]:
Կա նաեւ ինֆորմացիա, որ բանտում Փարաջանովը մի թիկնոց է կարել հատուկ Ֆելինիի համար եւ թիկնոցն առաջինը կրելու պատիվը տվել է 1987-ին Ֆրունզե Դովլաթյանին, երբ Թբիլիսիում իր տանը մեծ հավաքույթ է կազմակերպել վերջինիս ծննդյան 60-ամյակի առթիվ [6]:
Թեեւ 1980-ականների կեսից, երբ ԽՍՀՄ-ում մի շարք արժեքներ սկսեցին վերահաստատվել եւ Փարաջանովին թույլատրեցին դարձյալ աշխատել եւ շրջել աշխարհով մեկ, սակայն նա Ֆելինիին հանդիպելու հնարավորություն չունեցավ: 1990-ին Ֆելինին Գուեռայի, Մազինայի, Ալբերտո Մորավիայի, Մարչելո Մաստրոյանիի, Բեռնարդո Բերտոլուչիի հետ մեկտեղ ստորագրեց Փարաջանովի մահվան առթիվ Երեւան ուղարկված հեռագիրը, որտեղ մասնավորապես ասված է. «Կինոյի աշխարհը մի հրաշագործի կորցրեց: Փարաջանովի երեւակայությունը հավերժ կդյութի եւ ուրախություն կպատճառի աշխարհի ժողովուրդներին»:
Ճիշտ այդպես էլ աշխարհը շարունակում է այսօր դյութվել եւ ուրախանալ կյանքում երբեւէ միմյանց չհանդիպած, սակայն հոգով, երեւակայությամբ եւ մեծ տաղանդով միմյանց եղբայրակից երկու կինոռեժիսորներիՙ Ֆեդերիկո Ֆելինիի եւ Սերգեյ Փարաջանովի գլուխգործոցներով [7]:
Ծանոթագրություններ
1. Երեւանի Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը մեզ պատմել է, թե ինչպես մի անգամ Գուեռան Փարաջանովին է բերել Ֆելինիի մի քանի գծանկարՙ A4 չափսի թղթերի վրա։ Փարաջանովը մի անգամ կատակով ասել է Գուեռային. «Լսիր, Տոնինո, Ֆելինին երեւի շատ զբաղված է. ես նրանից ավելի լավ եմ նկարում. թող նա մի քանի մաքուր թղթի վրա ստորագրի, ուղարկի ինձ, ես կնկարեմ եւ որպես Ֆելինիի նկար կվաճառեմ»:։
2. Василий Катанян, Прикосновение к идолам, Москва, 1997, стр. 221.
3. Սերգեյ Փարաջանով, «Հայֆիլմն իմ ապագան է», «Գարուն» ամսագիր, 1987, թ. 5, էջ 67:։ Նույնը կրկնել է նաեւ մեկ այլ հարցազրույցում. «Մի նամակ ունեմ նույնպես վաղուց ստացված, որը պահում եմ իբրեւ պերճանք. «Տոնինո Գուեռան պատմեց մեզ Ձեր «Խոստովանանք» սցենարը: Ես լսեցի այն եւ երախտապարտ եմ Ձեզ: Այդ պատմության շնորհիվ ես դարձա «Ամարկորդի» հեղինակը։ Ձերՙ Ֆեդերիկո Ֆելինի» (տես Ռուզան Զաքարյան, «Իմ ճակատագիրը, իմ տան, իմ մասնագիտության ճակատագիրը», «Audio-Video Courier», 1999, թ. 1, էջ 11):
4. Василий Катанян, Прикосновение к идолам, стр. 257.
5. Նույն տեղում, էջ 236: Ի դեպ, Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակներից մեկը փարաջանովյան թալերներից մեկի արծաթյա պատճենն է:
6. Ռոբերտ Մաթոսյան, Հարդագողի կինոճանապարհով, Երեւան, 2007, էջ 31:
7. Տեղին է նշել, որ 2000 թվականին Հայաստան այցելած երկու անգլիացիներ, որոնք պատրաստվում էին հայկական ֆիլմերի շաբաթ կազմակերպել Լոնդոնում եւ մեզ հետ միասին շրջագայում էին երկրում, չափազանց զարմացանՙ լեռնային մի գյուղական տանը տեսնելով, որ տանտիրուհին ընթերցում է Ֆեդերիկո Ֆելինիի «Կինոարարում» գրքի հայերեն թարգմանությունը:։