Ներգործուն կտավներՙ փայլուն, բայց կարճ կյանքից
Շարունակվում են ամերիկյան մամուլում արձագանքները Ֆիլադելֆիայի Արվեստի թանգարանում վերջերս բացված Արշիլ Գորկու կտավների հետահայաց ցուցահանդեսի (որը տեւելու է մինչեւ հունվարի 10-ը) վերաբերյալ: Ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք «Ֆիլադելֆիա ինքուայրըր» թերթում լույս տեսած Էդուարդ Սոզանսկու հոդվածը, որն արտատպել է «Արմինյն միրոր սփեքթեյթր» թերթն իր հոկտեմբերի 31-ի համարում:
Ամենավճռական ջանքերը գործադրեքՙ տեսնելու համար Արշիլ Գորկու այս փառահեղ ցուցահանդեսը Ֆիլադելֆիայի Արվեստի թանգարանում, որտեղ ոչ միայն տպավորիչ ու լիրիկական աբստրակտ կտավներ են առատորեն ներկայացված, այլեւ տանջալից եւ վերջին հաշվով ողբերգական մի կյանքի պատմությունը չքավոր, բայց հպարտ մի ներգաղթողի, որի ջանասիրությունն ու հարատեւ նվիրվածությունը նրան դարձրեցին անցյալ դարի ամենաազդեցիկ նկարիչներից մեկը:
Ամերիկյան մոդեռնիստական արվեստի ձեւափոխման գործում Գորկու ունեցած դերը ժամանակին մթագնվել էր աբստրակտ-էքսպրեսիոնիստների եւ ապա պոպ սերնդի ներկայացուցիչների հայտնությամբ: Ներկա հետահայաց ցուցահանդեսը վերականգնում է պատմական իրողությունը մի շարք ապշեցնող եւ զգացմունքայնորեն հագեցած ստեղծագործություններով:
Յուրաքանչյուրիս համար էլ հաճելի է լսել Վինսենտ վան Գոգի, Անրի դը Թուլուզ-Լոտրեկի եւ Ջեկսոն Պոլլաքի նման տանջված արվեստագետների վերաբերյալ գունեղ պատմությունները: Բայց երբ հարցը հոլիվուդյան մակարդակի ցնցող կենսագրությանն է վերաբերում, ապա Գորկուն գերազանցող արվեստագետ չկա:
Ոստանիկ Ադոյան անունով է նա ծնվել մոտավորապես 1902-ին Վանա լճի հարեւանությամբ գտնվող գյուղում: 1906-ին հայրը Ամերիկա է եկել եւ դրանից հետո քիչ է հաղորդակցվել իր կնոջ եւ երեխաների հետ: 1915-ին հայերի ցեղասպանությունը Ոստանիկին եւ իր մորը դարձրել է գաղթական: Չորս տարի անց մայրը սովամահ է եղել:
Ոստանիկն ու իր կրտսեր քույրը Միացյալ Նահանգներ են ներգաղթել 1920-ին: Կարճ ժամանակ անց նա իր անունը փոխել է Արշիլ Գորկու:
1924-ին Նյու Յորք տեղափոխվելուց հետո, Գորկին ինքնազարգացմամբ է զբաղվել եւ խորացել արվեստի պատմության մեջ գրքեր կարդալով եւ թանգարաններ այցելելով: Ուրիշ նկարիչներիՙ հատկապես Պոլ Սեզանի եւ Պաբլո Պիկասոյի ոճերը յուրացնելով եւ ընդօրինակելով, նա կրթել է իրեն այնպես, որ դառնա մոդեռնիստական նկարիչ: 1930-ականներին նա արդեն հմտացել էր այդ ոլորտումՙ շնորհիվ նաեւ Անրի Մատիսի, Խոան Միրոյի, Պիտ Մոնդրիանի եւ իր ամերիկացի ընկեոջՙ Ստյուարդ Դեյվիսի ազդեցությունների: Նա օրիգինալ, իսկական արվեստագետ չդարձավ մինչեւ 1940-ականների սկզբները, երբ երկու հանգամանքներ լուրջ ձեւափոխման ենթարկեցին իր ոճը:
Առաջինը իր ամուսնությունն էր 1941 թվին երիտասարդ Ագնես Մագրուդերի հետ, որին նա Մուկուչ էր անվանում: Ագնեսի ծնողները Վիրջինիայում ագարակ ունեին, որտեղ Գորկին, ով մինչ այդ քաղաքաբնակ էր եղել եւ Մանհաթենից դուրս չէր եկել, հայտնաբերեց բնությունը, կամ ավելի ճիշտՙ վերագտավ Թրքահայաստանում իր հոր ագարակում ապրած փորձառությունը:
Երկրորդ խթանը, որը եկավ ամրապնդելու առաջինը, եվրոպացի առաջնակարգ սյուրռեալիստների հետ իր հանդիպումներն էին եւ իր ընդգրկվածությունը երկու կարեւոր սյուրռեալիստական ցուցահանդեսների:
Այս երկու հանգամանքների արդյունքում վեց-յոթ տարիների ընթացքում ծնվեցին կտավներ, որոնք իր մնայուն ժառանգությունն են կազմում: Ցավոք, դժբախտությունների մի ամբողջ շարք եկավ խափանելու իր կարիերան հենց այն ժամանակ, երբ հասել էր ստեղծագործական գագաթնակետին:
1946-ի սկզբներին հրո ճարակ դարձավ Կոնեկտիկուտի իր ստուդիանՙ փչացնելով մեծ թվով նկարներ, երկու ամիս անց վիրահատության ենթարկվեց աղիքային քաղցկեղ հայտնաբերվելուց հետո: Այնուհետեւ, 1948-ի ամռանը, կինը իր ընկերոջՙ նկարիչ Ռոբերտո Մատտայի հետ սիրային կապեր հաստատելով, հեռացավ իրենիցՙ երկու երեխաներին տանելով իր հետ: Դրան հաջորդեց ավտովթարը, որ վիզը ջարդեց: Հուլիսի կեսերին նա կախեց իրեն: Ընդամենը 46 տարեկան էր:
Նման կենսագրությունը շուտով փոխակերպվում է լեգենդի: Բայց հետաքրքրական է իմանալ, թե արդյո՞ք իր արվեստը գերազանցում է իր կենսագրության «օճարապղպջակային» այս պաթոսը: Պատասխանը, ինչպես Արվեստի թանգարանի կուրատոր Մայքլ Թեյլորն է հրաշալիորեն ներկայացնում այս ցուցահանդեսում, այն է, որ Գորկին իրոք ավելի մեծ է, քան իր կյանքի ողբերգական պատմությունը: Ոչ միայն իր վերջին շրջանի կտավները, որոնք մոնումենտալ կառուցվածք ունեն եւ հյութեղ գույներ, այլեւ իր գծանկարները, որոնք նույնքան բարդ են, բայց ճշգրտորեն հաշվարկված միաժամանակ, բացահայտում են նրաՙ որպես արվեստագետի ներըմբռնողական, գերհղկված եւ հարատեւող մտային կարողությունները:
Յուղանկարների եւ գծանկարների մոտ 180 նմուշներով այս խիտ, լայնածավալ եւ երբեմն նաեւ զգացմունքային տենդով հարուստ հավաքածուն մեկ անգամվա տեսնելու բան չէ: Անհրաժեշտ է ծրագրել առնվազն երկու այցելություն: Այնտեղ Գորկին է Ա-ից (բոստոնյան մի եկեղեցու 1924-ին արված իմպրեսիոնիստական ոճի էսքիզից) մինչեւ Ֆ-ը (1948-ի իրավացիորեն վերնագրված «Վերջին կտավը», որն անավարտ է):
1920-ականների ժամանակահատվածում նկարված գործերից հետո, երբ Գորկին դեռեւս «կլանում» էր ուրիշ արվեստագետներին եւ փորձեր կատարում, ցուցահանդեսը երկու գլխավոր բաժինների է մասնատվում: Առաջինում 1930-ական թվականներն են ներկայացված, երբ Գորկին նկարում էր «կառուցվածքային» ոճով եւ դեռեւս Մոնդրիանի եւ կուբիզմի ազդեցության տակ էր գտնվում:
Այստեղ կտավները հակված ենՙ գծային եւ երկրաչափական լինելու: Զգացվում է, որ դժվարությամբ են կատարված: Պիկասոյի ներկայությունն ակնհայտ է: Երկու կտավ, այնուամենայնիվ, տարբերվում են մյուսներից: Դրանք կերպարներ են պարունակում եւ գուցե նրա ամենահայտնի նկարներն են: 1912 թվականի լուսանկարի հիման վրա կատարված այդ կտավներում պատանի Ոստանիկն է կանգնած իր մոր կողքին, որը նստած է: Գորկին դրանցում սովորական փաստաթղթային լուսանկարի սոսկական «պատճենահանումից» այն կողմ է անցնումՙ ներկայացնելով խորտակված ընտանիքի եւ կորսված մշակույթի տխուր պատկերը:
«Ներքին», զգացմունքային Գորկին երեւան է գալիս 1940-43 թվերին կատարված կտավների մի շարքում, որը կրում է «Պարտեզ Սոչիում» (քաղաքՙ Ղրիմում) խորագիրը: Չնայած այս խորագիրը մաս է կազմում Գորկու որդեգրած ռուսական «արտաքին քողի» ընդհանուր պատկերի, այդ կտավները իրականում առնչվում են Հայաստանում իր հոր պարտեզի հետ: Պիկասոյական աղճատված ֆիգուրներին փոխարինելու են գալիս միրոյական կենսակերպերը, որոշակի իրավիճակներում:
«Պարտեզ Սոչիում» կտավը բացահայտում է այն սյուրռեալիստական ռոմանտիզմը, որ խթանում, աշխուժացնում է Գորկու երեւակայությունը: Այս շրջանի կտավները նաեւ հուշում են, որ հետագա նկարները լինելու են Հայաստանի մասին, ընդգրկելու են Հայաստան աշխարհը: Ցավոք, ոչ բոլորն են զգում դա, ոչ բոլոր դիտորդներն են հասկանում դա:
1940-ականների սկզբներին Վիրջինիայի գյուղական բնաշխարհի հետ շփումը առաջ բերեց այն ցանկալի ծաղկումը, որ մենք տեսնում ենք ցուցահանդեսի ամենամեծ դահլիճում, նվիրված 1940-ականների կեսերին արված կտավներին: Այստեղ ներկայացված են յոթ շշմեցուցիչ բնապատկերային գծանկարներ:
Գորկին միշտ էլ կարողացել է գծանկարներ անել, բայց այս աշխատանքները ցույց են տալիս, թե ինչքան խորաթափանցություն եւ ինտենսիվություն է նա հաղորդել իր ջանքերին: Դրանք երբեմն, ինչպես Հին Վարպետների գործերին է հատուկ, ծառայել են որպես էսքիզներՙ հետագա կտավների համար:
Իր ընդհատված կյանքի վերջին տարիներին նրա նկարներն առավել թախծալից են դարձել: «Ածխացած սիրելիներ» կտավները առնչվում են իր հրդեհված արհեստանոցի հետ, մինչդեռ եղերերգական «Մեղմ գիշերը», որը մուգ կանաչ գույն ունի եւ «Սահմանը» արտացոլում են այն խորացող ընկճվածությունը, որը նրան դեպի մահ առաջնորդեց: Մի քանի տարի առաջվա իր նկարների համեմատությամբ, դրանք ավելի խաղաղ ու հանդարտ են եւ նվազ գունագեղ, բայց միաժամանակ նաեւ վսեմ արտահայտություններ ենՙ գոյության ողբերգական դիտարկումների:
Թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
Խմբ. կողմից- Զարմանալի տգիտություն հանդես բերեցին մեր մամուլի մի շարք օրգաններ ու նույնիսկ Հ-1-ը, երբ սույն ցուցահանդեսի մասին արտահայտվելիս պնդեցին, որ Արշիլ Գորկին հռչակավոր դարձավ, ոչ ավել եւ ոչ պակաս, Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմով: Երեւի նրանք մեծ նկարչի անունն առաջին անգամ լսել են այդ ֆիլմում: Չհաշված աշխարհի ճանաչված արվեստաբանների կողմից հարյուրավոր մենագրություններըՙ նշենք, որ հինգ տարի առաջ «Ազգը» թարգմանաբար ներկայացրել է Գորկու մասին ծավալուն հոդվածաշար եւ շարունակում է տպագրել նկարչի մասին ամերիկյան մամուլի տարբեր անդրադարձներ:
Նկար 1. «Պարտեզ Սոչիում», 1941 թ. եւ «Պարտեզ Սոչիում», 1943 թ.
Նկար 2. «Մեղմ գիշեր»