ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2009-10-24 | #13, 2009-11-07 | #14, 2009-11-21


ԱԼ. ԹՈՓՉՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՀԱՅ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՊՈԵԶԻԱՅԻ ԿՆՔԱՀԱՅՐ

Մի՞թե դարձավ 70 տարեկան

ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԵՍ

Այո, կնքահայր, Godfather, ՍՐպրՑվօռ ՏՑպՓ, քավոր վերջապես: Ճիշտ այնպես, ինչպես Ալ Կապոնեն կամ Ալ Պաչինոն: Ու եթե անցյալ դարի 60-ականների երկրորդ կեսին հրապարակ իջած բանաստեղծների փաղանգը (վեց անուն ընդամենը. տողերիս հեղինակից բացիՙ վաղամեռիկ Սլ.Չիլոյան, Հ.Էդոյան, Ա.Հարությունյան, Հովհ.Գրիգորյան եւ, մասամբՙ Ա.Մարտիրոսյան) հայտարարվում եւ հռչակվում էր օտարերկրյա դեսանտ, մաֆիա, ապա մաֆիայի պարագլուխը (սերնդի քննադատն ու գաղափարախոսը, ով, ի պատիվ իրենՙ կյանքում ո՛չ մի չափածո տող չբստրեց), բնականաբար, պիտի որ կնքահայր սեպվեր: Այդպես էլ կար, եւ հասարակական գիտակցության մեջ այդպես էլ ընկալվում էր: Ուրիշ բան, որ այսօր այդ դեսանտը, այդ մաֆիան հայոց նորագույն բանաստեղծության հարվածային ուժն է, հիմնաջոկատը (թող ներվի ինձ այդպես ասելը, բայց խոսքը միայն իմ մասին չէ), որի անդամներից երեքը ՀՀ Պետական մրցանակի դափնեկիրներ են, իսկ ինքըՙ Ալ.Թոփչյանը, ՀՀ Նախագահի մրցանակի դափնեկիր է եւ ներկայացված է 2009 թվականի ՀՀ Պետական մրցանակի ( «Բանկ Օտոման» վեպի համար): Ավելացնենք, որ վերը նշված բոլորն էլ տարբեր տարիների արժանացել են նաեւ այլ կարգի մրցանակների, իսկ Չիլոյանի անունով 2005թ. Հայաստանի գրողների միությունը նույնիսկ առանձին երիտասարդական ամենամյա մրցանակ սահմանեց: Երեւիՙ սա ինչ-որ բան ասում է սերնդի ու սերնդի քննադատի (կնքահոր, Godfather-ի, ՍՐպրՑվօռ ՏՑպՓ-ի կամ քավորի) մասին, ում 70-ամյակը հանկարծ լրացավ վերջերս: Ինքը չհիշեց ու չնշեց, բայց ես, իր հնագույն ընկերն ու «հանցակիցը» (որովհետեւ արվեստն ու գրականությունը մշտապես շավղադուրս, անհանգստացնող տագնապ են, հարց ու հանցանքՙ նորմալ, առողջ ու քաղաքակիրթ մարդկության տեսանկյունից), ահավասիկ հիշում ու նշում եմ այդ անակնկալ հոբելյանըՙ ստորեւ իմ տողերում:

Ասում եմՙ «անակնկալ», որովհետեւ կարծես երեկ էր, երբ պոեզիա մուտք գործած մի խումբ ջահելներ «չարաճճիություններ», իսկ երբեմն էլՙ ուղղակի խուլիգանություններ էին անում գրական անդաստանում: Այդ հիմա է, որ նրանք ծանրացել են, ծառծառոտել, սոլիդացել, լրջացել, մրցանակավորվել, դարձել խոհեմ ու շրջահայաց: Իսկ երե՞կ, իսկ ավելի վա՞ղ: Ահա նրանց պատկերը երիտասարդ տարիքումՙ թեեւ գիտուն, լեզվագետ ու կարդացած, բայցՙ խմող, հարբեցող, հանդգնախոս (չասելու համարՙ հայհոյախոս), հասարակությանն ու հասարակական կարծիքին հակառակվող, հեղինակություններ չընդունող եւ չճանաչող (թեեւՙ ոչ միշտ եւ ոչ բոլորը), անսովոր ու արտառոց, պայթուցիկ մետաֆորը միշտ լեզվի ծայրին, մի խոսքովՙ իրենց սեփական յուղում տապակվող մերժյալների («անիծյալ պոետների») մի ողբերգական կամ ողբերգանման խումբ, որը առաջնորդում էր խմբապետը, Ալ.Թոփչյանըՙ անխոնջ ու նախանձելի հավատով ու համառությամբ: Եվ այդպեսՙ 40 տարի, մինչեւ մեր օրերը: Պիտի հիշեի Մովսեսի առաջնորդությամբ հրեա ժողովրդի 40-ամյա թափառումները, բայց համեմատությունը այստեղ կաղում է ավելի, քան սովորաբար. նախՙ ինքը մասշտաբներով Մովսեսի չի ձգում եւ պոզեր էլ չունի ճակտին որպես գերբնական ուժի նշան (Միքելանջելոյի դիվային գյուտը), եւ ապաՙ բանաստեղծական խառնիխուռն, հակասական եւ իրարամերժ այդ փաղանգը, որին սույն կնքահայրը կնքեց ու հայրեց, ամենեւին էլ անապատում թափառող հրեա ժողովուրդը չէ... Ավելի լավը կամ ավելի վատըՙ այլ հարց է, բայց որ չէՙ հաստա՛տ: Չկա մարգարե սեփական հայրենիքում, մանավանդ որՙ «հին» կնքահայրերին այսօր վերացնում են գրական (իմաՙ գրա-գողական) նորելուկները, որոնք ո՛չ օրենք են հարգում, ո՛չ պատկառանք ունեն մեծի նկատմամբ: Եվ ապրող մեռելների ու մեռյալ ապրողների վերոհիշյալ բանաստեղծական ընտրանին այսօր Ալ.Թոփչյանին ընդունում է հիմնականում որպես հանցակցի, ոչ ավելի: Ուստի նյութիս վերնագրում համեմատությունը բերված է որոշ վերապահությամբ, ինչին կարելի է ավելացնել գուցե միայն «դոն» տիտղոսը, որը ժամանակավորապես եմ տալիս իրեն, որովհետեւ պահել եմ ինձ համար:

...Ալ.Թոփչյանին մերձուստ ճանաչում եմ համարյա 50 տարի, շուրջ կես դար: «Կես դար». բերանով ասելը հեշտ է, դժվարըՙ այդ կես դարը օրեօր, ամսեամիս, տարեցտարի խորությամբ ապրելն է: Ապրել այնպես, ինչպես մենք ենք ապրելՙ հաշտությամբ ու կռվով, բարությամբ ու բարկությամբ, հավատով ու հուսախաբությամբ: Բայց դոմինանտը եղել է փոխադարձ անկեղծ ձգտումըՙ ինչ-որ մի լավ, մի հիշարժան, մի շնորհքով բան անելՙ գրականության մեջ թե կյանքում: Երկու դեպքում էլ Ալ.Թոփչյանը եղավ (ինչո՞ւ եղավՙ կա՛) բազմազան ու բազմաժանր, երբեմն նույնիսկՙ ինքզինքը բռնադատող: Շատ տարիներ առաջ մի կարճ ժամանակ աշխատեց գրականության թանգարանում, եւ մեր հաստիքային սրամիտներից մեկը նրան հորջորջեց. «Նորարարըՙ արխիվում»: Բայց նա միշտ էլ նորարար է եղել, անգամՙ արխիվում բռնադատված: Ալ.Թոփչյանը երբեմն ինքնաբռնադատվում է նաեւ մեր օրերում, բայց դա ի՛ր ընտրությունն է: Իսկ ընդհանրապես նա անակնկալ է, անսպասելի, անկանխագուշակելի, եւ չգիտես թե հանկարծ ո՛ր ժանրում յուր խելոք գլուխը ջրից դուրս կհանիՙ բառը բերանին: Այս 70-ամյակն էլ իր նախապատրաստած սյուրպրիզներից է: Այսինքնՙ ուզածդ ժանրում նույն տաղանդավոր մարդն է: Տաղանդավոր եւ մարդՙ ինչպիսի՛ հազվադեպ համադրություն, որը մեր օրերում ինքն է:

Ի վերջո, այսպիսի համադրությունն ամենեւին էլ ինչ-որ պարտադիր, չգրված օրենք չէ: Եվ ինձ թույլ եմ տալիս չհամաձայնել, օրինակ, Պուշկինի այն հապճեպ ու ռոմանտիկ պնդումին, թեՙ «հանճարն ու ոճիրը անհամատեղելի են»: Շատ լա՛վ էլ համատեղելի են. համենայն դեպս, մարդկության պատմությունը հենց դա է ցույց տալիս: Բայց եթե «Մոցարտ եւ Սալիերիում» խոսքը հանճարեղ չարագործին է վերաբերում, ապա ի՛նչ կարելի է ասել ընդամենը սալիերիացող ոմն ծիծաղելի ու անհեթեթ «տաղանդի» մասին, ում ճակատին խարանված-փորված է, որ կյանքում հաջողակ լինելու համար պատրաստ է չարի ձեռքին ուզածդ գործիքը դառնալու: Սա, իհարկե, նույնպես մի պարտադիր, չգրված օրենք չէ, բայց մեզանում գրողական այդ տիպը, այդ թաքուցյալ փոխակերպուկը հաճախ է պատահում: Եվ ոչ քիչ անգամներ նույնիսկ հաջողություն է վայելում «ընթերցողական նեղ շրջանակներում»: Ես ճանաչում եմ նման «տաղանդավոր» տմարդների. այդպիսի մեկի մասին տհաճ առիթն եմ ունեցել գրելու հենց վերջերս: Այնինչՙ Ալ.Թոփչյանը երբեք չծախեց իր հոգին սատանային (որքան էլՙ գայթակղիչ), երբեք չդավեց «յուր քնարին» (որքան էլՙ դժվարավ), երբեք չմոռացավ, որ կոչված է ապրելու Բանիվ Տեառն (որքան էլՙ հացիվ կեցցե մարդ): Գոնե ես, մեր ընկերության տարիների ու տասնամյակների ընթացքում, երբեք չեմ կասկածել իր մղումների անկեղծությանն ու խթանումների անշահախնդրությանը: Անգամ գեղարվեստական ինքնադրսեւորումներումՙ արտահայտված արձակում, դրամատուրգիայում եւ թարգմանությանց մեջ, որտեղ հորինվածքը (չասելու համարՙ սուտը, հնարովին, սարքովին, շինծուն, մոգոնվածքը) որոշակի ճնշիչ դերակատարություն ունի:

Եվ, այնուամենայնիվ, գրաքննադատի գործունեությունը Ալ.Թոփչյանի անցաթուղթն էր, carte blanche-ը, որով մտավ գրականություն: Այսօր, երբ կարդում ես 40-ամյա վաղեմության նրա քննադատական հոդվածները (մեծ մասամբՙ գրախոսականներ), ապա հիանում ես դիտարկումների խորությամբ եւ դիպուկությամբ, կանխատեսումների ճշգրտությամբ եւ խորաթափանցությամբ: Ուզում եմ ինձ թույլ տալ վաստակած հաճույքը եւ մեջբերում անել ձեր խոնարհ ծառայի մասին դեռեւս 1975 թվականին գրված գրախոսությունից. «Դ.Հովհաննեսի հերոսը իրեն շարունակ եւ միաժամանակ տեսնում է ժամանակի երեք չափումների մեջՙ անցյալ, ներկա եւ ապառնի, միաժամանակ ըմբոստանում է եւ պարտվում, բայց, իհարկե, գերիշխող տրամադրությունը ապառնի կորստի անդադար զգացումն է» ( «Ավարտի պահերի բանաստեղծը» , «Գրական թերթ», 16 մայիսի 1975թ.): Ահա թոփչյանական մեկ այլ դիտարկումՙ նույնքան դիպուկ եւ խորաթափանց. «Նա (այսինքնՙ ես, Դ.Հ.) արդեն վաղուց հաշվի չի նստում նման գրգռությունների հետ, իսկ երբեմն էլՙ պարզապես ի՛նքն է հարուցում այդպիսի գրգռություններ. իր էթիկայի եւ էսթետիկայի բաղկացուցիչ մասերից մեկը» ( «Բանաստեղծություն եւ քաոս» , «Ազգ», 5 օգոստոսի 1998թ.): Նշեմ միայն, որ խոսքը այստեղ «Քրոնիկոն» ժողովածուի (1996թ.) հարուցած որոշ կեղծգրողական «ետնաբանությունների» մասին է, որոնք ժամանակին լողում էին օրերի օդում: Ինչպես տեսնում ենքՙ տարիների, տասնամյակների ընթացքում գրաքննադատ Ալ.Թոփչյանի հայացքը չի կորցրել իր սրությունը: Այնինչՙ առաջին գրախոսությունը գրվել է 34 տարի, իսկ երկրորդըՙ 11 տարի առաջ, եւ այդ երկուսի միջեւ ընկած է շուրջ 25 տարվա մի անջրպետ: Բայց քննադատի նետը նույնն է մնումՙ տասնոցին խփող, յուր անվրեպ սայրով ու «նշանի ահագնությամբ» : Ավելինՙ երիտասարդական մաքսիմալիզմին գումարվել են խոսքի եւ մտքի փորձառությունն ու հասունությունը: Դե, իսկ էրուդիցիայով նա միշտ է աչքի ընկել:

Եվս մեկ նկատառում. Ալ.Թոփչյանը համարյա երբեք չի զբաղվել հանգիստ բանասիրությամբ , որը խոստանում է նույնքան հանգիստ ու փափուկ կյանք: Ո՛չ, նա մշտապես գործել է առօրյա (բայց ոչՙ առտնին) քննադատության ականապատ դաշտումՙ անընդհատ իր վրա կրակ հրավիրելով: Ինքն էլ պատասխան կրակից երբեք չի խուսափել, մանավանդՙ երիտասարդ տարիքում: Եվ գուցե սա է հիմնական պատճառը, որ Ալ.Թոփչյանը մեր քննադատության արդի համայնապատկերում շարունակում է մնալ որպես մի օդիոզ , ինքնակա գոյությունՙ հպարտ ու անձնապաստան մենության մեջ:

Բայց այդ «զգեստը» Ալ.Թոփչյանին նեղ եկավ, եւ մոտ 15 տարի առաջ նա մուտք գործեց արձակի ասպարեզՙ ցայժմ անգերազանց (ոչ միայն իր համար) «Կիրկե կղզին» վիպակով: Ես մեզանում չգիտեմ մեկ այլ արձակ գործ (պոեզիայում դա իմ «Նոր Քրոնիկոնն» է), որ այդքան համապարփակ կերպով ներկայացներ ցրտի ու խավարի սահմռկեցուցիչ, անագորույն, եղկելի, եպերելի, պժգալի, նպերտ, պանդույր, տմույն, ապերասան (սա Հայկազյան բառարանից պեղված ոսկեղենիկիՙ մեր երկուսի ոչ լրիվ բառացանկն է) իրականության դաժան պատկերը, որքան այս գրքում: Հայ գրականությանը, մանավանդՙ դասական արձակին ոչ այնքան բնորոշ գրոտեսկն ու հիպերբոլան միայն ուժգնացնում են վիպակի թողած ցնցող տպավորությունը: Բայց «Կիրկե կղզին» ամբողջովին տեղավորվում է նույն հայ դասական արձակի լայնախոհ ու դեմոկրատ «ավանդական» ծիրում. հիշենք Մեծն ուսուցիչ Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանին» : Եվրոպական գրականությունից այդպիսի ուսուցչի դեր են կատարել Ռաբլեն, Էրազմը, 20-րդ դարասկզբի գերմանական էքսպրեսիոնիստները, բայց Աբովյանի ազդեցությունը մնում է առաջնային ու գերիշխող: Ահա՛ թե որտեղից են բխում գերժամանակակից այդ վիպակի ակունքները (մեր դեպքում, սակայն, ոչ թե մաքրամաքուր ջրի, այլՙ կեղտաջրի): Ի՞նչ արած, այդպիսին էր իրականությունը, որի ճշմարտացի, էնցիկլոպեդիկ պատկերումը արձակում («կյանքը ինչպես որ է» զոհրապյան սկզբունքով) ունի միայն մեկ բանաստեղծական զուգահեռ, որը, կրկնում եմՙ իմ «Նոր Քրոնիկոն» ժողովածուն է:

Մինչ այդ, տարիներ շարունակ նա խիստ ընտրողաբար բնագրից թարգմանում էր ֆրանսիացի հեղինակներիՙ բանաստեղծների, դրամատուրգների, արձակագիրների, փիլիսոփաների: Ասում եմՙ խիստ ընտրողաբար, որովհետեւ իր տարաժանր թարգմանություններով Ալ.Թոփչյանը որոշակի քաղաքակրթական եւ գեղագիտական գիծ ներմուծեց հայ գրականություն: Ահա նրա թարգմանական հետաքրքրությունների ամպլիտուդըՙ Ֆրանսուա Ռաբլեից մինչեւ Ժակ Պրեվեր, Դենի դը Ռուժմոնից մինչեւ Վահե Քաչա... Արանքումՙ բազմաթիվ այլ հեղինակներ, ովքեր ամենեւին էլ էպիզոդիկ չեն, հակառակ դեպքում թվարկումը շատ կերկարեր: Սա այլ կերպ, քան մտածված, հետեւողական, գրական քաղաքականություն, ավելինՙ թարգմանչական սխրանք չես անվանի:

...Նորից դառնանք Ալ.Թոփչյանի արձակին. «Կիրկե կղզուն» հաջորդեցին «Եվ անգամ մահից հետո» եւ արդեն հիշատակված «Բանկ Օտոման» վեպերը: Չեմ ուզում խոսել այդ վեպերի առավելությունների կամ թերությունների մասին, որովհետեւ այդ հարցում ես օբյեկտիվ լինել չեմ կարող. ի վերջոՙ հեղինակը ոչ միայն իմ 50 տարվա ընկերն է, այլեւ, ի տարբերություն իրենՙ ես քննադատ չեմ, իսկ ինքը, ինչպես արդեն ասացի, բացի լավ քննադատ լինելուց, նաեւ լավ թարգմանիչ ու արձակագիր է: Բայց, ըստ երեւույթին, այդքանն էլ Ալ.Թոփչյանին քիչ թվաց, եւ տարիներ առաջ նա «դեմքով շրջվեց դեպի տուն». սկսեց գրել պիեսներ եւ մոնոպիեսներ: Միաժամանակ հասկանալի դարձավ, թե ինչո՛վ է առաջնորդվել Ալ.Թոփչյանըՙ թարգմանության համար ֆրանսիացի այս կամ այն դրամատուրգին ընտրելիս (ասենքՙ Մարսել Պանյոլ կամ Ժան Կոկտո): Եվ եթե կարող ենք մտածել ազդեցության մասին, ապա դա լավ ազդեցություն է:

Բոլոր դեպքերում, ես կուզենայի, որ Ալ.Թոփչյանը գնահատվեր հատկապես գրականագիտական մարզում ունեցած իր վաստակով: Եվՙ առաջին հերթին, որովհետեւ դեռ շատ բան ունի ասելու, իսկ մեր արդի գեղարվեստական գրականությունը, ի՛նչ խոսք, գրականագիտական բազում դաստիարակիչ (իմաՙ կնքահայրական) էքզերսիսների առիթ տալիս է: Եվ դա անել կարող է միայն ինքը: Քավ լիցի, ես չեմ մերժում թարգմանիչ, արձակագիր, դրամատուրգ Ալ.Թոփչյանին. ավելինՙ պնդում եմ, որ բոլոր այդ ասպարեզներում նա հաստատել է իրեն, բայց գրականագիտությունն է իր ալֆան եւ օմեգան (հուսանք, որ օմեգայի հարցում ես լավ կանխատեսող եմ), առանց որի շատ կասկածելի կլիներ մեր այսօրվա նորագույն պոեզիայի այսկերպ գոյությունը: Համենայն դեպս, եթե անգամ լիներ էլՙ այն չէր լինի, ինչ որ կա: Ցայսօր նորագույն պոեզիայի բոլոր կարկառուն դեմքերի մասին գրած թոփչյանական հոդվածները մնում են անգերազանցելիՙ թե՛ բարձրաճաշակ քննության, թե՛ հեռահար կանխատեսումների, թե՛ գրականագիտական մակարդակի առումով: Քանի որ տեղն եկավՙ ուզում եմ նշել. մեր հոբելյարը նույնիսկ բանասիրության թեկնածու էլ չէ: Եվ դա այն դեպքում, երբ իր տպագրած գրքերի քաշն ավելի ծանր է, քան շատ թեկնածու-դոկտորների սեփական պարարտ մարմնի քաշը: Բայց դա գուցե առավելությո՞ւն է, եւ դույնիվ նո՞ւյնպես Ալ.Թոփչյանը եզակի է, որովհետեւ այսօր շունը պոչը շարժիՙ թեկնածուի կամ դոկտորի կխփի: Եվ գիտական խոսքի ու մտքի արժեզրկման այս ժամանակներում Ալ.Թոփչյանի ու նմանների (ավաղ, քանակով շատ քիչ) գոյությունն ու գործունեությունը ոչ միայն ողջունելի է, այլեւՙ խիստ անհրաժեշտ: Դա իսկական գրական մշակի, ես կասեիՙ լուսավորչական մունետիկի (նորից Աբովյան) գործունեություն է, որի տեսակը մեզանում գնալով վերանում էՙ տեղում թողնելով լոկ մակերեսային, չմարսված, չյուրացված ինֆորմացիայի խոզան մի դաշտ եւ շուտիկ, արագագիր, ճարպկալեզու ինֆորմատորների ճապաղ մի բազմություն: Այսքանը, թեպետ կարելի էր ավելի շատ ասել:

Լուսանկարների մասին:

Ճիշտն ասածՙ երբ թերթիս խմբագիրը պահանջեց լուսանկարներ, եւ հնարավորին չափՙ շատ, ես մի պահ վարանեցի: Բնականաբար, որպես կեսդարյա մեր ընկերության վկայությունՙ տասնյակներով լուսանկարներ ունեմ: Եվ հասկանում եմ նաեւ խմբագրի ցանկությունըՙ նյութն ավելի հարուստ, պատկերազարդ տեսնելու... Բայց, խոստովանում եմՙ ես չեմ սիրում նայել հին լուսանկարներ: Իմը թե ուրիշինը: Անցած-անվերադարձ տարիների կարոտը, նոստալգիան սեղմում են կոկորդդ, ճմլում սիրտդ: Քաղցր տանջանքՙ ահա՛ թե ինչպես է դա կոչվում, որում տանջանքն ավելի շատ է, քանՙ քաղցրությունը: Մանավանդ, երբ լուսանկարը հիշեցնում է վայելքի ու փառավորության, ինչո՞ւ չէՙ նաեւ արգասավոր տխրության ու պայծառ թախծի անցյալ պահեր, որոնք մատի մեկ շարժումով հավերժացել են ժամանակի մեջ, եւ այսօր հառնել որպես համր, անխոս հարց եւ հիշողություն: «Կա՛նգ առ, ակնթարթ, դու գեղեցիկ ես»: Երեւի Գյոթեն նկատի է ունեցել ոչ այնքան արտաքին, որքանՙ ներքին գեղեցկությունը, վերոհիշյալ քաղցր տանջանքը, որը ազնվացնում, մաքրում, սրբացնում է ամեն եղելություն, ամեն պատմություն, ամեն անցյալ: Իսկ եթե այդ ամենը քեզ համար «անցյալ կորուսյալ» չէ, ապաՙ ավելի լավ: Եվ սա է միայն արդարացնում այս նյութը հին լուսանկարներով ընդելուզելուՙ խմբագրի ցանկությանն իմ ընդառաջելը:

Առաջինում պատկերված ենք երեքովՙ այժմ մոռացված դրամատուրգ Լեւոն Կարագյոզյանը, Ալ.Թոփչյանն ու ես: Ալիկը 22 տարեկան է, եսՙ 16: Այդպես էլ է եղել: Լուսանկարն արված է 1961 թվականին: Սեւանում ենք սեւանում, բայց Ալիկի խիղճը մաքրամաքուր է որպես ճերմակ աղավնու փետուր կամ գառնուկի գանգուր, քանզի դեռեւս կնքահայր չէ: Հաջորդ լուսանկարում (արված 1971 թվականին, առաջինից անցել է 10 տարի) Ալ.Թոփչյանն ու ես «Գարունի» խմբագրության դագաղանման, նեղլիկ այն սենյակում ենք, որը, չգիտես ինչուՙ մեծամտաբար պոեզիայի բաժին էր հորջորջվում: Պոեզիայի բաժնի խմբագիրը Ալ.Թոփչյանն էր: Կարելի է միայն պատկերացնել, թեՙ «բանաստեղծական» քանի՛ դիակ է դուրս բերվել այդ պենալ-սենյակիցՙ ոտքերն առաջ. այն տարիներին Ալիկը շատ խստապահանջ էր, նույնիսկՙ անողոք: Բայց լավերը մնում էին: Նստած ենք այն նույն քրքրված, ճենճոտ դիվանին, որը երկու տարի առաջ, 1969 թվականին յուր առողջ, քորվող ատամներով պատառոտեց հարբած-կատաղած Չիլոնՙ ի հետեւանս ստանալով իր առաջին սռոկը: Երրորդ լուսանկարն արված է չորս տարի առաջ, 2005 թվականի աշնանը. «Էլեն» ռեստորանում ենք, իմ ստեղծագործական երեկոյից հետո բանկետ եմ տալիս: Վերջին երկու լուսանկարում Ալ.Թոփչյանը, թեեւ հովանավորչակերպ, բայց հեզիկ լսողի կերպարանք ունի, ինչը ինձ խաբուսիկ չի թվում:

Եվ այսպեսՙ ամենօրյա ընկերության համարյա 50 տարի, ջերմությամբ, փոխըմբռնմամբ ու երբեմն նաեւՙ «սառը պատերազմով» լեցուն: Շա՞տ է սա, թե՞ քիչ: Չգիտեմ, ինձ համար որՙ քիչ է, որովհետեւ ես անհագորեն ուզում եմ (եւՙ որոշել եմ, մնում էՙ Աստված կարգադրի) շատ ապրել: Շատնուքիչը, կրկնում եմՙ չգիտեմ, բայց այդ տարիները ձանձրալի չեն եղել: Իսկ դա ամենակարեւորն է մարդկանց (հատկապեսՙ մեր նման մարդկանց) փոխհարաբերություններում, առօրյա թե գրական: Մեր հումորը միշտ էլ տեղն է եղել ու անսպառ: Եվ հիշարժան շատ դեպքեր կան, որոնց մասին արժեր խոսել, բայց եթե մեկը հիշեսՙ մյուսները կնեղանան, ուստի լռում եմ:

Բայց երկու զգուշացում պիտի անպայման անեմ. նախՙ թող ոչ ոք չխաբվի նյութիս արտաքուստ խաղացկուն ոճին: Ես շատ լուրջ եւ պատասխանատու բաներ եմ ասումՙ առանց «լրջակերության»: Համոզված եմ, որ այդպիսի լրջակերությունը հոբելյարին էլ դուր չէր գա, որովհետեւ, կրկնում եմՙ ողջ գրական հանրությունն իրեն գիտի որպես հումորի զգացում ունեցողի, իսկ երբեմն նույնիսկՙ որպես սարկաստիկ մարդու: Եվ ապաՙ ուշադիր ընթերցողը կնկատի, որ ես մի քանի անգամ ակնարկեցի երիտասարդ Ալիկի եւ տարեց Ալ.Թոփչյանի տարբերությունըՙ վերապահություն անելով վերջինիս նկատմամբ եւ հիանալով առաջինով: Ի՛նչ կա որ, դա շատ նման է ինձՙ մաքսիմալիստ Դավիթ Հովհաննեսին, ով երբեք չիմացավ տարիք: Բայց գուցե ճիշտը երիտասարդ տարիքում պոռթկալն է, իսկ տարեց հասակումՙ խոհեմանալը: Ճիշտ ու բնական: Եվ ոստոստացող ծերուկը նույնքան ժամանակավրեպ է, որքանՙ իմաստակող ջահելը: Փառք Աստծո, մեր հոբելյարի դեպքը նման դեպքերից չէ:

...Ահա եւ նորից դեմ առանք Ալ. Թոփչյանի 70-ամյակին, ինչի առիթով էլ գրվում է այս հոդվածը: Ամենեւին չեմ ուզում սեթեւեթել, այդ պատկառելի տարիքի շուրջ ցրողական դատողություններ անել եւ այլ մխիթարիչ բաներ: Ո՛չ, տարիքից պետք չէ վախենալ, ամեն տարիք Աստծո տվածն է, եւ 70-ամյակըՙ 70-ամյակ է, բայց եթե կաՙ ուրեմն թող այդպիսին լինի. գեղեցիկ, արծաթահեր, վաստակած ու ազնիվ: Ասացիՙ ազնիվ, ու մտածեցի. ի՞նչ կենդանու կարելի է նմանեցնել Ալիկին (ես այդպիսի մի տարօրինակ սովորություն ունեմՙ մարդկանց մտովի նմանեցնում եմ կենդանիների. հավատացեք, հաճախ զարմանալի, ուղղակիՙ ապշեցուցիչ զուգահեռներ են ստացվում): Անկեղծ ասածՙ այս պարագայում չգիտեմ. գուցեՙ բեռնաձիու (Տոլստոյի Խոլստոմերը, Հրանտի Ալխոն): Զուգահեռներն ինձ արդարացված են թվում, որովհետեւ այսօրվա եհուների հասարակությունից (սվիֆտյան մղձավանջ) համեմատության համար առավել հարմար օրինակներ, քան այս պատվարժան հուիհընհընմներն ենՙ իրոք դժվարանում եմ գտնել: Բայց որ այդ կենդանին ազնիվ պիտի լինիՙ հաստատ է: Ինչպես հաստատ է ինքըՙ Ալ.Թոփչյանը, իր արածի ծանրակշիռ բեռով ու է՛լ առավելՙ բեռնաբարձ ակնկալիքով, որն իր գալիք տարիների ու տասնամյակների անելիքն է: Հուսանք, որ այդպես էլ կլինի, եւ մենք ականատեսը եւ ուղեկիցը կմնանք այդ փառավոր ու արժանավայել ընթացքի: Ի վերջո, չէ՞ որ մեզ երկուսիս միացնում են ոչ միայն գեղարվեստի ըմբռնումներն ու կյանքի էպիկուրյան-բաքոսական ընկալումները (այս վերջինըՙ հիմա առավելապես տեսականորեն), այլեւ մեր երիտասարդությունըՙ սրբազան գարունը, միջնատարիքըՙ հասուն ամառը եւ, իհարկե, այսօրվա արգասաբեր աշնանամուտը: Ուրեմն մարդավարի ապրենք մեր երկրային մնացյալ օրերըՙ մինչեւ անխուսափելի ձմեռ, որպեսզի Աստծո դատաստանի առջեւ մեր բանաստեղծ ընկեր Չիլոյի խոսքով կարողանանք ասել. «Մենք մարդ ենք եղել»:

Նոյեմբեր, 2009թ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4