ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2009-11-07 | #14, 2009-11-21 | #15, 2009-12-05


ԱՆԱՊԱՀՈՎ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Նամակ նույն հասցեով` Արտեմ Սարգսյանին

ԼԵՎՈՆ ՍԱՐԳՍՅԱՆ

«Մեր լեզուն, մեր խոսքը» հաղորդաշարի հոկտեմբերի 10-ի թողարկման ժամանակ, երբ անդրադարձ եղավ բարբառ-գրական լեզու առնչությունների մասին Հովհ. Թումանյանի հոդվածներին` գրված շուրջ մեկ դար առաջ, Ձեր խոսքում, պարոն Ա. Սարգսյան, նկատելի էր տագնապ հարուցող մի միտում, ինչի մասին ակնարկել էի Ձեզ հասցեագրված առաջին նամակում ( «Ազգ» , 7 նոյեմբերի 2009): Ավելի պարզաբանեմ միտքս. Թումանյանի այդ հոդվածներում արտահայտված ինչ-ինչ մտքեր հօգուտ բարբառային «բնական» լեզվի շահարկելու նախադեպը քանի որ արդեն կար (կանդրադառնամ ստորեւ), Ձեր արձագանքը շատ կարեւոր էր այդ շահարկումներին վերջ տալու կամ էլ դրանք ավելի խորացնելու առումով: Ցավոք, Դուք նույնպես ընտրեցիք երկրորդ ուղին` շահարկելով Թումանյանի մտքերը հօգուտ մի «բնական, ոչ շինծու, կենդանի» լեզվի (Ձեր բառերն են), որ ամենեւին էլ գրական լեզուն չէ: Ահա նաեւ այս պատճառով գրվեց Ձեզ հասցեագրված բաց նամակը, որին հաղորդաշարի թողարկումներում Դուք թե,ւ անդրադարձաք (16, 20-22 նոյեմբերի), սակայն ոչ մի հարցադրման չպատասխանեցիք: Ձեր անորոշ արձագանքն իմ կասկածները չփարատեց, իմ տագնապները չվերացրեց. դրանք ավելի խորացան ու որոշակիացան: Ահա ինչու հարկ կա նորից արծարծելու բարբառ-գրական լեզու խնդիրը, մասնավորապես, խնդրի վերաբերյալ Թումանյանի մի քանի մտքերի Ձեր մեկնաբանությունները: Մեկնաբանություններ, որոնք կամա թե ակամա ջուր են լցնում այն մի բուռ մարդկանց ջրաղացին, ովքեր «բնական, կենդանի լեզու» ստանալու իրենց «գեղագիտությամբ» փոխել են մեր լեզվի զարգացման բնական ընթացքը` հայոց լեզուն վերածելով բարբառի ու փողոցալեզվի:

Այո: Ձեր եթերային արձագանքն ինձ մտահոգել է: Մտահոգիչ չէ՞ լեզվաբանի բերանից լսել, որ «արդ», «քանզի» բառերն այլեւս ժամանակավրեպ են: «Արդ» բառով ունենք բաղադրյալ մի քանի կազմություններ (արդի, արդիական, արդիականություն), որոնք ակտիվ կիրառվում են լեզվում, իսկ դրանցից «արդի»-ն լեզվաբանը կարող է գտնել նույնիսկ լեզվաբանական աշխատությունների վերնագրերում: Արդ, չկասկածե՞նք, հարգելի պարոն, որ «արդ»-ն ու «քանզի»-ն քշվում են կենդանի գրական լեզվից, քանզի համահայկական հաղորդակցության լեզու դառնալուն հավակնող Արարատյան բարբառում (որով հեղեղված է «Մեր լեզուն, մեր խոսքը» հեռարձակող «Արմենիա»-ի եթերը) դրանք ունեն իրենց «կենդանի» տարբերակները` հիմի-հըմի, որտեվ:

Մտահոգիչ չէ՞, որ չնայած Ձեզ հասցեագրված նամակում հիշեցվում է «Մեր լեզուն, մեր խոսքը» հաղորդաշարի թողարկումները «շրջապատող» լեզվական աղբի մասին, հաղորդաշարի նոյեմբերի 20-ի թողարկման ժամանակ Դուք լեզվական հերթական աղբն եք արտոնում եթեր` հիմա արդեն ոչ թե թողարկումից առաջ կամ հետո, այլ հենց ուղղակի ընթացքում, երբ ճիշտ ու սխալի մասին Ձեր խոսքը գովազդի ձեւով ընդմիջում է հայկո-մկոների, բոյով-խուճուճների գռեհկաբանությունն ու գողական ժարգոնը («Ճիշտը մի հատ ա ըլնում, ապե»): Բա չհետաքրքրվե՞մ իմանալու, թե Ձեզ ի՞նչն էր մղում այդ անել, պ. Սարգսյան, գուցե Դուք ի զորու չէի՞ք այդ բանը թույլ չտալ:

Արդ, մի քանի խոսք բարբառների վերաբերյալ Թումանյանի հոդվածների մասին: Որ այդ հոդվածների ինչ-ինչ մտքեր շահարկվում են, արդեն հայտնի է: Ահավասիկ, վերջերս լույս է տեսել ոմն Մերուժան Հարությունյանի «Թարգմանելու արվեստը» գիրքը (Երեւան, 2008): Գրական լեզուն «կենդանի» լեզվով փոխող ահա եւս մի մտավորական, եւս մի բարբառապաշտ: Այս մեկն էլ է ժամանակակից գրական լեզուն համարում «անկենդան բառերի մի տերողորմյա», նա էլ է իբրեւ ելակետ ու սկզբունք ընդունում Թումանյանի կարծիքը գրական եւ խոսակցական լեզուների մասին: Թարգմանելու արվեստի նոր տեսության այս ջատագովը եւս հենվում է Թումանյանի հեղինակության վրա` այնքան, որ իր գրքի կազմին դնում է բարբառների եւ գրական լեզվի մասին Թումանյանի հայտնի խոսքն ու իր «մեկնությունը»: «Գիտականորեն» հիմնավորելով իր մտասեւեռումը, թե` «մեռած» գրական հայերենին պիտի փոխարինի Երեւանի կենդանի բարբառը, թարգմանիչը (ի դեպ, ոչ ապաշնորհ) ներկայացնում է մի երկար շարք իր թարգմանություններից` դրանք զուգադրելով բնագրերի եւ մինչ ինքը կատարված հայերեն այլ թարգմանությունների հետ: Ահա երկու նմուշ (էջ 130, 195).

Վաղն ինձ ձեն կտաս ադամամթին,

Մամ ջան, իմ խաղաղ ու բարի,

Հանդիպելու ա որտեվ քու որդին

Մի թանգ ու անվանի հյուրի:

(Ս. Եսենին)

Սիրտըս Բա՜րձր Սարերն ա, սիրտըս վաղուց ըստե չի,

Սիրտըս Բա՜րձր Սարերն ա, մերված ցող ու կանանչին,

Օլոր-մոլոր կածանին, հետն ա վիթ ու այծյամի,

Սիրտըս Բա՜րձր Սարերն ա, որ դուռն էլ որ բաց անի:

(Ռ. Բյոռնս)

Երեւանի բարբառը համահայկական գրական լեզու դարձնելու մարմաջով բռնված այս հեղինակը նույնիսկ փորձում է խմբագրել Թումանյանին: Մ. Հարությունյանի համոզմամբ` «Հյուսիսափայլի» եւ Ստ. Նազարյանի բերած լեզվական «մոդային» տուրք տալու եւ «հասարակական կարծիքից վախենալու» պատճառով է Թումանյանն իր ստեղծագործությունները ներկայացրել գրական լեզվով: Եթե չլինեին այդ «մոդան» ու «հասարակական կարծիքը», բանաստեղծն իր հայտնի «Նախերգանքը», օրինակ, ներկայացնելու էր այսպես.

Լեռնե՜ր, ներշընչված էլի ձեզանով,

Թընդու՜մ ա հոգիս աշխուժով լըցված... (տե՛ս նշված գիրքը, էջ 35):

Մ. Հարությունյանի դեպքում եթե խոսքը իր յուրօրինակ թարգմանությունները Թումանյանով «հիմնավորելու» մասին է, ապա Ձեր պարագայում, պ. Սարգսյան, Թումանյանի այս հոդվածները վերստին հիշելը կարծես նպատակ ունի արդարացնելու այն եթերալեզուն, որտեղ հեռարձակվում է նաեւ Ձեր հաղորդաշարը: Շատ զարմանալի է, որ վկայակոչելով Թումանյանին` Դուք մոռացության եք տալիս ժամանակի գործոնը: Թումանյանն իր հոդվածները գրել է 1910 թվականին: Եվ խիստ տարօրինակ է, որ այն ժամանակների հայոց գավառական մամուլի լեզվի մասին գրողի ասածները Դուք դյուրին կերպով բերում-կապում եք արդի գրական հայերենին, ա՛յն հայերենին, որ հետագա ամբողջ մեկ դարի ընթացքում հարստացել ու բյուրեղացել է Տերյանի, Բակունցի, Չարենցի, Մաթեւոսյանի շնչով ու գրչով: «Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս», 70 տարի առաջ վկայում ու սքանչանում էր Չարենցը, իսկ ահա Դուք ասում եք. «Հայոց լեզվի զարգացման հետագա փուլերում, դժբախտաբար, չիրականացավ Թումանյանի երազանքը եւ կարծես թե «բնական ու առողջ ճանապարհով գնալու» փոխարեն մեր լեզվի ջատագովները «փոխանակ ժողովրդի լավը մեզ տալու, մեր սխալներն ու դատարկ, ողորմելի ֆրազները տարածեցին նրա մեջ»:

Վերադառնանք Թումանյանի հոդվածներին: Դուք, պ. Սարգսյան, չե՞ք կարծում, որ այդ հոդվածների մի քանի գաղափարներ այսօր ուղղակի անընդունելի են, որ ինչ-ինչ հարցերում, այնուամենայնիվ, ճիշտ էր ոչ թե մեծ գրողը, այլ նույն Ա. Մեղրյանը, ում Թումանյանը քննադատում էր: Չե՞ք ընդունում, որ Թումանյանը նույնպես կարող էր սխալվել: Թումանյանն իր հոդվածում հիշում է Ա. Մեղրյանի նշած մի քանի օտար բառեր` գրական լեզու թափանցած հիմնականում բարբառներից` ղարիբ, յար, դարդ, յարաբ....: Ա. Մեղրյանը, ում գրական լեզուն մաքուր տեսնելու ջանադրությանը պիտի ավելի շնորհակալությամբ վերաբերվել, քան քամահրանքով, հատկապես վերը նշված բառերը մերժելու իր վճռականության մեջ գուցե այնքան էլ սխալ չէ՞ր: Կարծում եմ` բնա՛վ սխալ չէր, եւ բառերը, որ նրանից մեջբերում է Թումանյանը, վաղուց դուրս են մղվել մեր լեզվից, դրանք հետզհետե ավելի սակավ գործածություն ունեն նույնիսկ խոսակցական մակարդակում: Իսկապես, արդյո՞ք շատերն են այսօր գործածում «յարաբ», «դարդ», «յար»... կամ Թումանյանի հիշած «նամ», «զիլ» բառերը, դրանց հետ` «վռազ»-ը, որ գրողի մի հոդվածի վերնագրում էլ կա: Նույն հոդվածում Թումանյանը փորձում է հիմնավորել, որ մեր լեզվից այլեւս անհնար է դուրս մղել «մուրազ», «ղարիբ» բառերը: Արդյո՞ք այդպես է. չէ՞ որ այս բառերը վաղուց այլեւս չկան մեր լեզվի ոչ միայն գրական շերտում:

Այժմ կրկնեմ իմ առաջին նամակում հնչեցրած միտքը. ինչու՞ եք Դուք, հարգելի պ. Սարգսյան, Թումանյանին ու բարբառների մասին նրա հոդվածները հիշել հիմա՛, երբ ոչնչացման եզրին են ոչ այնքան բարբառները, որքան դրանցից Արարատյանի ճնշմամբ` գրական հայոց լեզուն:

Ոչնչացման սպառնալիքի առջեւ է հայոց վաղնջական նախաբառ «է»-ն, որի վերացման ճանապարհին առաջին եւ ամենալուրջ կորուստն արդեն արձանագրվել է: Բանավոր խոսքում վաղուց այլեւս չի գործածվում «է» օժանդակ բառի ժխտական «չէ» ձեւը, փոխարենը համատարած է դարձել «չի» ոչ կանոնական ձեւի գործածությունը: Նույնիսկ գրական հայերենով խոսողների գերակշիռ մասն ասում է` պետք չի, նրանը չի, ճիշտ չի, փոխանակ` պետք չէ, նրանը չէ, ճիշտ չէ: Եվ քանի որ մենք բռնել ենք այս կորստաբեր ուղին, նույն անվրդովությամբ էլ շարունակում ենք` հիմա արդեն «է»-ն փոխելով «ա»-ի: Ճիշտ չէ՞, պարոն Սարգսյան: Եթե` ոչ, ուրեմն ինչու՞ եք Դու՛ք ասում` (սիմպատիչնի) «չի», ինչու՞ է Հ1-ի եթերով հեռարձակվող «Այբ, բեն, գիմ» հաղորդաշարի հեղինակ Հենրիկ Հովհաննիսյանի շուրթերից հնչում` «Հո դա Սենեգալը չի՞»: «Չէ» ժխտական ձեւից «է»-ի այս աննկատ վտարման նախադեպը ապացույց է այն բանի, որ շուտով «է»-ն իր տեղը զիջելու է «ա»-ին: Անկասկած զիջելու է, եթե մենք շարունակենք չտագնապել ու չահազանգել «ա»-ի եթերային տիրապետության մասին, եթե շարունակենք թաքնվել այն կեղծ մտայնության ետեւում, թե «ա»ախոսությունը միայն խոսքի բնականության պատրանք ստեղծելու համար է, թե Արարատյան բարբառը թագավորում է եթերում, որովհետեւ մարդիկ կարիք ունեն բնական, անկեղծիք խոսքի: Սա մեծագույն մոլորություն է եւ իրենով իսկ` կեղծիք, որովհետեւ անհնար է պնդել, թե, օրինակ, Հրանտ Մաթեւոսյանի «Տերը» վիպակի հերոսի խոսքը անբնական է, շինծու, խորթ ժողովրդական մտածողությանը, իսկ ահա հայկո-մկոների, բոյով-խուճուճների բարբառն ու ժարգոնը, հայհոյախոսությունն ու գռեհկաբանությունը անկեղծ, բնական, ժողովրդական խոսքի արտահայտություններ են: Հրանտ Մաթեւոսյանի լեզուն անհերքելի վկայություն է այն բանի, որ կարելի է ստեղծել ժողովրդականությամբ ներծծված լեզու` նույնիսկ առանց արտաքին միջոցների` բարբառ, ժարգոն, որ ժողովրդական լեզուն նախ եւ առաջ լեզվամտածողություն է: Այսքանից հետո չպիտի՞ մտածենք, որ միայն բարբառով խոսքի «բնականություն» ապահովելու ջատագովները իրականում ոչ թե բարբառներով հարստացնում են մեր լեզուն, այլ, հակառակը, բարբառներից զուտ բնական ճանապարհով սնվող հայոց լեզուն միանգամից փոխում են բարբառի: Արարատյա՛ն բարբառի :

Ահա սա էր, հարգելի՛ լեզվաբան, Ձեզ ուղղված իմ նամակի հիմնական ասելիքն ու մտահոգությունը, որին Դուք ոչ միայն չանդրադարձաք լրջորեն, այլեւ սեւեռվեցիք մի քանի անկարեւոր բաների վրա: (Ի դեպ, այդ սեւեռումներում այնքան էլ արդարախոս չէիք, հակառակ դեպքում չէիք փորձի խեղաթյուրել «սիմպատիչնի» բառի մասին իմ ասածը` շարունակելով պնդել, թե դա իբր սխալ ձեւ է, իսկ «ճիշտ» ձեւը համակրելին է: Այդպես կարելի է մտածել, որ, օրինակ, ռուս-հայերեն բառարանները կառուցված են ճիշտ ու սխալի սկզբունքով: Պետք չէր հեգնել իմ զարմանքը «Taxi էլի լավ ա» ֆիլմի վերնագրում հայտնված «ա»-ի համար եւ ինչ-որ անկռահելի բառախաղեր անել այդ առիթով` փաստորեն արդարացնելով, որ կարող է լինել նաեւ այսպիսի վերնագիր. ի՛նչ կա որ):

Ավարտեմ: Իմ առաջին նամակին առիթ տված Ձեր թողարկման ժամանակ Դուք, պ. Սարգսյան, երազում էիք «կենդանի, ժողովրդական լեզվի» հաղթանակի մասին: Բայց արժե՞ր երազել, եթե երազանքը վաղուց իրականացած է, եթե հայոց այլազան եթերներում վաղուց իշխում է «կենդանի» հայոց լեզուն` Արարատյան ընտրյալ բարբառով:

... Թումանյանը բարբառները համեմատում է վտակների հետ, ու թե,ւ այս համեմատությունը չի զարգացնում, սակայն միանգամայն պարզ է, որ ընդհանրական գրական լեզուն այն մայր գետն է, որով իմաստավորվում են նաեւ վտակները: Բարբառները, անշուշտ, պիտի պահպանել, բարբառների անբավ հարստությունից, անշուշտ, պիտի օգտվել, բայց նաեւ չպիտի մոռանալ, որ բարբառներով յուրաքանչյուր էթնիկ հանրույթ ինքն իր ներսում տարբաժանվում է` երբեմն նույնիսկ միմյանց օտարանալու չափ: Իսկ գրական լեզվի հիմնական նշանակությունը նրա ոչ թե բաժանող, այլ միավորող դերի մեջ է: Ուրեմն այսօր որեւէ պատճառով հեռանալով գրական լեզվից` մենք հեռանում ենք միասնականությունից, միասնաբար մտածելու հնարավորությունից, մշակութային մի անփոխարինելի արժեքի միասնական տերը լինելու ընդհանրական գիտակցումից: Չպիտի մոռանալ նաեւ, որ բարբառը լեզվի կեցության տարերային վիճակ է` որեւէ կանոնավորման ու կանոնակարգման չենթարկվող, մինչդեռ յուրաքանչյուր գրական լեզու հատկանշվում է նախ կանոնավորվածությամբ ու կանոնակարգվածությամբ: Հետեւաբար, գրական հայերենը փոխելով Արարատյան բարբառով` մենք ձեռք ենք բերում միանգամայն անկանոն, հեղհեղուկ եւ ամեն մի կամայական միջամտության առաջ «պատրաստ» լեզու :

«Լեզուն այն տարածությունն է, ուր մեր կեցությունն իրեն զգում է ապահով», ասում է Մ. Հայդեգերը:

Տողերս գրողը, բազում ուրիշների նման, վաղուց իրեն ապահով չի զգում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4