ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2009-11-07 | #14, 2009-11-21 | #15, 2009-12-05


ԳԱՌՆԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Վաստակաշատ բանասերը, արվեստաբանը, գրողը

ՊԵՐՃ ՍՏԵՓԱՆՅԱՆ, ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՍՏԵՓԱՆՅԱՆ

Անբասիր վարքի տեր, բացառիկ ազնիվ, աշխատասեր, բարի ու համեստ մարդ էր Գառնիկ Ստեփանյանը:

Հոբելյանները նշում էին իր գործընկերները: Մի կերպ համոզում էին, որ չհրաժարվի կոչումներիրց` արվեստագիտության դոկտոր, արվեստի վաստակավոր գործիչ, պետական մրցանակի դափնեկիր եւ այլն: Մեծանուն հայագետ Հրաչյա Աճառյանի նվիրյալ աշակերտն էր, իսկ հետագայումՙ մտերիմ բարեկամը:

Աճառյան- գիտնականի աշխատաոճը, անմնացորդ նվիրումը գիտությանը, փաստերի կատարյալ ճշգրտությունն ու հավաստիությունն իր համար պարտադիր պայման էր: Աճառյանը ջերմ սիրով էր կապված Գառնիկ Ստեփանյան- ուսանողի հետ ու բազմիցս ասում էր, թե ինչքան է ափսոսում, որ վերջինս չնվիրվեց լեզվաբանությանը:

Ստեփանյանը հաճախ էր լինում Աճառյանի տանը: Նրա կյանքի հետ կապված բազմաթիվ հարցեր տալիս, պատասխանները գրի առնում:

Մի անգամ շատ դրվագներ պատմելուց հետո, կնոջը` տիկին Սոֆիկին ասել է.

- Գիտե՞ս ինչու եմ այսքան մանրամասն պատմում, որովհետեւ գիտեմ, որ Գառնիկն ուզում է իմ մասին գիրք գրել: Ես էլ եմ ուզում, որ իմ մասին ինքը գրի:

Գեղարվեստական արժեք ներկայացնող հուզիչ հուշեր գրեց Ստեփանյանը եւ հրատարակեց «Աճառյանի հետ» վերնագրով: Գրեց նաեւ ընդարձակ մի գիրք` Աճառյան-մարդուն եւ գիտնականին նվիրված: Այն անտիպ է եւ, հավանաբար, մոտ ապագայում լույս կտեսնի: Հայացք նետելով Գառնիկ Ստեփանյանի գիտական եւ աշխատանքային գործունեությանըՙ հիացմունք ու զարմանք ես ապրում... Ի՜նչ մեծ ու լայնածավալ ընդգրկում:

  Գրականության եւ բանասիրության ասպարեզում նրա մենագրությունները` նվիրված Հակոբ Պարոնյանին, Արփիար Արփիարյանին, Մովսես Արազուն, տարբեր ծավալների ուսումնասիրությունները` նվիրված Խաչատուր Աբովյանին, Միքայել Նալբանդյանին, հայատառ թուրքերեն գրականությանը եւ շատ ուրիշներ մինչեւ օրս գրականության հարցերով զբաղվողների համար համարվում են ամենահավաստին ու ճշգրիտը: Խմբագրել է շատ գրքեր, որոնցից պետք է առանձնացնել Հակոբ Պարոնյանի «Երկերի» ակադեմիական տասնմեկ հատորները:

  Արվեստագիտության ասպարեզում ` հինգ հատոր նվիրեց հայ թատրոնի պատմությանը (երեք ստվարածավալ հատոր Արեւմտահայ թատրոնին, մենագրություններ` ֆրանսահայ եւ ամերիկահայ թատրոնների մասին): Առաջին անգամ գիրք գրեց հանճարեղ դերասան Պետրոս Ադամյանի մասին: Շատերը չգիտեին նրան, կարդում էին գիրքը եւ հպարտությամբ լցվում, որ հայ ժողովուրդն այդպիսի խոշոր դերասան է տվել, որի տաղանդով հիացել են ոչ միայն հայերը, նաեւ թուրքերը, ռուսները եւ այլ ազգեր: Այն հայերեն երկու հրատարակություն ունեցավ, լույս տեսավ նաեւ ռուսերենով: Հետո ընդարձակեց եւ այսօր ավելի քան երեսուն մամուլանոց աշխատությունը Ստեփանյանի անտիպ գործերի մեջ է:

Գրքեր հրատարակեց առաջին հայ պրոֆեսիոնալ դերասանուհի Արուսյակ Փափազյանի, մեծանուն Սիրանույշի, դրամատուրգ Մկրտիչ Ջանանի, Վահրամ Փափազյանի մասին: Ուսումնասիրեց երգահան Տիգրան Չուխաջյանի ստեղծագործությունները, հայտնաբերեց նրա անծանոթ օպերան: Շատ հետաքրքրական փաստեր գտավ Կոմիտասի Կոստանդնուպոլսում ապրած տարիների մասին եւ հրատարակեց «Պատմա-բանասիրական» հանդեսում:

  Գրող Գառնիկ Ստեփանյանը ստեղծեց Մեծ եղեռնի թեմայով առաջին գեղարվեստական գործը` «Մղձավանջային օրեր» իրապատում-վեպը, հորՙ դերձակ Խաչատուր Տեր- Ստեփանյանի կյանքի սարսափելի օրերի պատմությունը` Մեծ եղեռնի տարիներին: Որքան էլ տարօրինակ է, գիրքն ի զարմանս բոլորի, լույս տեսավ 1945 թվականին` ստալինյան բռնապետության տարիներին, երբ եղեռնի թեման արգելված էր: Գրքի հրատարակությունը հուզական մեծ ցնցում առաջ բերեց ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում: Թարգմանվեց ռուսերեն եւ տպվեց Մոսկվայում, նաեւ Բեյրութում: Գրքին ջերմորեն արձագանքեցին ու հիացական նամակներ գրեցին բոլոր նշանավոր մտավորականները:

Մանկական տարիների հիշողությունները Մեծ եղեռնի մասին քիչ էր պատմում, խնայում էր մեզ, հարազատներին: Բայց շատ էր պատմում որբանոցի կյանքից, մինչեւ որ գրեց «Որբաշխարհ» հրաշալի հուշապատումը: Այն լույս տեսավ «Մղձավանջային օրերի» հետ:

  Թարգմանիչ Ստեփանյանը թուրքերենից հայերենի թարգմանեց «Ագապի» վեպը, որը ողջ Հայաստանը կարդում եւ լաց էր լինում հայ Ռոմեո եւ Ջուլետի ողբերգական ճակատագրի համար: Գիրքը Պոլսում լույս էր տեսել առանց հեղինակի անվան: Ճշտեց, որ հեղինակը հայտնի մտավորական, պատմագետ Հովսեփ Վարդանյանն էր: Երկրորդ հրատարակությունում նշված էր հեղինակի անունը:

Լրագրող Ստեփանյանը նոր էր ավարտել համալսարանը, որ աշխատանքի անցավ «Խորհրդային Հայաստան» օրաթերթում որպես սրբագրիչ, ոճաբան: Հասավ մինչեւ պատասխանատու քարտուղարի պաշտոնի: Ամեն շաբաթ թերթի էջերում անդրադառնում էր Հանրապետությունում կատարվող իրադարձություններին: Հայրենական մեծ պատերազմի տարիներին օրաթերթում առանձին հայրենասիրական էջեր էր նվիրում` զինվորների ոգին բարձրացնելու համար: Այդ տարիներին երկու գիրք տպագրեց հայ հերոսների` Սերգեյ Օհանյանի եւ Արամ Միրզոյանի մասին:

  Էնցիկլոպեդիկ Ստեփանյանը քառասուն տարի նվիրեց հայ մշակույթի գործիչների կենսագրական բառարանը ստեղծելու գործին: Հոգեմաշ եւ ծանր աշխատանք էր թերթել ողջ հայ մամուլը, անհրաժեշտ գրականությունը, դիմել մշակույթի ժամանակակից գործիչներին...

Երեք հատոր լույս տեսավ, չորրորդը մնաց անտիպ: Ինքը դժգոհ էր լույս տեսած հատորներից: Հայպետհրատում շատ էին միջամտել տեքստին եւ կրճատումներ կատարել քաղաքական եւ այլ նկատառումներով: «Այդ խմբագիր կոչվածներին հասկացրեք, որ այս գրքի արժանիքն այդ այսպես կոչված ոչ հայտնի մարդկանց կենսագրություններն են, իսկ Աբովյանի եւ Թումանյանի կենսագրություններն ամեն տեղ կարող են գտնել» :

Ինչպես չորրորդ հատորի լույս ընծայումը, այնպես էլ լրացումներով նախորդ հատորների վերահրատարակությունը շատ հրատապ է, սակայն այն երկարատեւ աշխատանք է պահանջում:

  Պատմագետ Գառնիկ Ստեփանյանը ստեղծեց իր համար թերեւս ամենաթանկ գիրքը: Այն հոգու պարտքն էր... Պատմական Հայաստանի ոչ մի այլ քաղաքում այնքան երկրաշարժ չի եղել, որքան Երզնկայում: Եղեռնի տարիներին էլ թերեւս ոչ մի քաղաք այդքան զոհ չտվեց, որքան Երզնկան:

Ստեփանյանը ծնվեց Երզնկայի մոտ գտնվող Մամախաթուն գյուղաքաղաքում, Երզնկայից եկած դերձակ Խաչատուրի եւ բարության ու ազնվության խորհրդանիշ Ոսկիի ընտանիքում: Եվ պապը` Մարտիրոսը եւ նրա հայրը` Տեր- Ստեփանը, բոլորը բնիկ երզնկացիներ են: Մահվանից մի քանի օր առաջ ավարտեց «Երզնկան» եւ վերջին տողերը սրանք էին. «Նվիրվածությամբ եւ եռանդով եմ ձեռնարկել այս գրքի ստեղծմանը եւ հասցրել վախճանին... Երեւակայությամբ շրջել եմ մեր հայրենիքի կախարդական լեռներում եւ ձորերում, պաղ աղբյուրների մոտ հանգստացել, ըմբոշխնել Եփրատի ափերում ընկած այգիների բույրը, վերապրել մեր մանկության օրերի անջնջելի տպավորությունները, ահասարսուռ դեպքերը :

  Բազմահազար երզնկացիներ զոհ դառնալով Մեծ եղեռնինՙ այնպես էլ չունեցան իրենց գերեզմանը, շիրմաքարը: Մեր այս համեստ աշխատությունը թող լինի շիրմաքար-մատյան, որի յուրաքանչյուր թերթը պիտի պատմի ապագա սերունդներին հայկական հնօրյա քաղաքի անցյալի փառքի, կոտորածների, նաեւ հերոսական ոգորումների ու սխրանքների մասին» :

Այս «համեստ» աշխատությունը` իրականում Երզնկայի երեքհազարամյա լիակատար, գիտական պատմությունն է, գրված պատմագրի գրչով, նաեւ սիրով ու սրտով:

Աշխատանքային գործունեությունը սկսել է գրաշար: Հպարտ էր, որ գրաշար է եղել, պոլիգրաֆիստներին համարում էր գործընկեր: Նրանք իր տան մշտական հյուրերն էին ու մերձավոր բարեկամները:

Մինչեւ կյանքի վերջը նոր լույս տեսած գիրքը վերցնում էր ձեռքը եւ երկար շոյում էր: «Սա էլ է ծնունդ: Գրքի կյանքն անհամեմատ երկար է» :

Որբանոցում իր հայերենի ուսուցիչ, բանաստեղծ Լեւոն Էսաճանյանից այնքան լավ հայերեն էր սովորել, որ երբ տեղափոխվեց Կահիրե, անմիջապես որպես գրաշար աշխատանքի անցավ Սփյուռքում մեծ հեղինակություն վայելող «Արեւ» թերթի խմբագրությունում: Իրեն բախտավոր էր համարում, որ շարում էր Երվանդ Օտյանի եւ Վահան Թեքեյանի գործերը եւ աշխատանքի բերումով ամեն օր շփվում նրանց հետ: Ծնողներին գտնելուց եւ 1930 թ.Երեւան տեղափոխվելուց հետո սովորում էր Երեւանի պետական համալսարանում: Դասերից հետո վազում էր Առաջին տպարան: Այստեղ էլ շարում էր Եղիշե Չարենցի, Աճառյանի, Մանանդյանի, Մանուկ Աբեղյանի գրքերը: Բոլորի կողմից արժանանում շնորհակալական խոսքերի իր գրագիտության ու բարեխղճության համար:

Հրաչյա Աճառյանի «Արմատական բառարանը» հնարավոր չէր շարել: Լինոտիպ եղանակով ձուլել տասնյակ լեզուների տառատեսակներ` անհնար էր: Վեց հատորները լույս տեսան ձեռագիր` ապակետիպ եղանակով: Յոթերորդ հատորը շարեց Ստեփանյանը եւ հատորի վերջում արժանացավ Աճառյանի գովեստի խոսքերին: Աճառյանը մի օր հարցնում է. «Կուզես ունենալ «Արմատական բառարանը» :

Պատասխանը պարզ էր: Աճառյանը Ստեփանյանին տանում է տպարան, ցույց տալիս գետնից մինչեւ առաստաղ հաստափոր էջեր: Դրանք պիտի ջոկջկեր, կազմեր մի օրինակ ու համեմատելով լույս տեսած գրքերի հետ` արտագրեր շարված էջերը:

Թեեւ համալսարանում եւ աշխատանքում ահավոր զվբաղված էր, կարողանում է ժամանակ գտնել ու կատարել այդ ծանր աշխատանքը: Իր մարգարտաշար ձեռագրով արտագրում է 680 պակաս էջերը: Եվ ունենում այդքան ցանկալի «Արմատական բառարանը»: Հետո աշխատեց «Խորհրդային Հայաստան» օրաթերթում, եղավ Ակադեմիայի «Տեղեկագիր» հանդեսի գլխավոր խմբագիրը, ԱՕԿՍ-ի «Սովետական Հայաստան» ամսագրի խմբագրի տեղակալ: Խմբագիրը նշանավոր մտավորական Զավեն Բաշինջաղյանն էր: Ապա աշխատեց Ակադեմիայի Գրականության ինստիտուտում, Արվեստի ինստիտուտում եւ այլն: Բայց այն աշխատանքը, որ կատարեց Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանումՙ ուրիշ էր եւ անգնահատելի: 1954 թ. միավորվեցին գրականության եւ թատերական թանգարանները: Ստեփանյանը եղավ առաջին տնօրենը: Սփյուռքից կարողացավ Երեւան բերել Արշակ Չոպանյանի , Թորոս Ազատյանի եւ շատ ուրիշների ոչ միայն անձնական արխիվները, այլեւ անձնական իրերն ու գրադարանները: Կազմակերպեց մշտական ցուցահանդեսներ: Մոսկվայում կայացած ցուցահանդեսը համարվեց մշակութային խոշոր իրադարձություն ` համամիութենական չափանիշներով: Շատ մտերիմ լինելով Վահրամ Փափազյանի հետՙ կարողացավ համոզել եւ Երեւան տեղապոխել նրա մեծարժեք արխիվը: 1959 թ. Վահրամ Փափազյանը հրատարակեց «Սրտիս պարտքը» գիրքը, որտեղ նաեւ Եղեռնի զոհերն էին: Առաջաբանը գրեց Գառնիկ Ստեփանյանը:

Եղեռնի թեման սրտամոտ էր ու մշտապես մորմոքում էր թե՛ Գառնիկ Ստեփանյանի եւ թե՛ Վահրամ Փափազյանի հոգիները: Ահա Փափազյանի ձոնը.

Սիրելի Գառնիկիս

Ափսոսանքի աղաղակ մըն է այս գիրքը,

Որի փողհարը դուն եղար,

Անմոռաց ցավի ուխտագնացություն մը,

Որի լուսարարը դուն եղար,

Անթաղ շիրիմների համար պատարագ մը,

Որի ժամկոչը դուն եղար,

Դառն արցունքների անձրեւ մը,

Որի ավազանը դուն եղար,

Քեզի ուրեմն այս գիրքը, սիրելի Գառնիկ,

Որովհետեւ ես զգացի... դուն տեսար:

Մեզ թվաց, թե Գառնիկ Ստեփանյանի որդիներին, ովքեր ականատես են եղել նրա կյանքին ու գործին, կհաջողվի հնարավորինս ամբողջական ներկայացնել այն...

Սակայն համոզվեցինք, որ դա անհնար է: Սա պարզապես շատ ընդհանուր գծերով արված մի փորձ էՙ նրա ծննդյան 100-ամյակի առթիվ:

ՀԱՏՎԱԾՆԵՐ ԳԱՌՆԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ՀՈՒՇԵՐԻՑ

Մեզնից առաջ Հունաստանից եւ այլ վայրերից Եգիպտոս տեղափոխված հայ որբերն ու որբուհիները տեղավորվել էին. տղաներըՙ տարբեր աշխատանքների, աղջիկներըՙ հայ ընտանիքներում:

Մեր խմբի տղաներից ոմանք ընտրել էին արհեստներ, ուրիշներըՙ դարձել խանութի աշխատողներ, գրասենյակային պաշտոնյաներ, լուսանկարիչների աշակերտներ:

Մնացել էինք մի քանի հոգի: Տատանվում էի...

Այսպիսի անորոշ վիճակում էի, երբ մի օր մեզ աշխատանքի տեղավորման գրասենյակ կանչեցին: Տնօրենի կողքին նստած էր կոկիկ հագնված մի երիտասարդ: Հարցրեց, թե մեզնից ով է ցանկանում գրաշար դառնալ: Իսկույն բարձրացրի ձեռքս: Ի՞նչ արհեստ էր գրաշարությունը, ի՞նչ էի անելու, ոչինչ չգիտեի: Հետագայում, հենց Կահիրեում համոզվեցի, որ ավելի ոչ հեռանկարային արհեստ չկար, քան գրաշարությունը: Մինչ ընկերներս արագորեն հարմարվեցին կյանքին, բնակարանների տեր դարձան, ես տպարանում տառեր էի շարում ու շարում...

Բայց գրաշարությունը դարձավ իմ լավագույն դպրոցը: Դժվար թե որեւէ համալսարան տար ինձ այնքան գիտելիք, որքան տվեց այս աշխատանքը, որքան տվեցին տասնյակ այն ականավոր մարդիկ, որոնց գործերը ես շարեցի հինգ տարի Կահիրեում, յոթ տարիՙ Երեւանում:

Երվանդ Օտյան

Կահիրեում վաղ առավոտյան գնացի աշխատանքիՙ «Արեւ» թերթի խմբագրություն: Դա իմ ինքնուրույն կյանքի առաջին օրն էր:

Հայտնեցին, որ շարելու եմ Երվանդ Օտյանը գրածները:

Բայց նա ուշանում էր: Մոտեցա գրաշարապետին եւ հարցրեցի, թե հեռո՞ւ տեղ է ապրում:

- Բագոսին քով է, հիմա կուգա,-պատասխանեց գրաշարապետը հանգիստ:

Չհասկացա: Գրաշարներից մեկը, որին կոչում էին Մասիս, ականջիս փսփսաց.

- Գացեր է խմելու, հիմա կուգա:

Զարմացա: Ուրեմն Երվանդ Օտյանի նման նշանավոր գրողը խմո՞ւմ էր:

- Գինով ի՞նչպես կգրե:

- Անիկա մինչեւ չխմե, տող մը չի կրնար գրել: Կխմե, բայց չի գինովնար,- ասաց Մասիսը ծիծաղելով:

Օրեր անց իմացա, որ սկսել էր խմել 1915-ից հետո...

Լուսամուտից երեւաց Օտյանը: Դանդաղ մոտենում էր: Երբ ներս մտավ, գրաշարապետն ասաց.

- Դայի Օտյան, ձեռագիր հասցուր, չոջուխը պարապ է:

- Քիչ մը սպասե, տղաս, հիմա կգրեմ,- դառնալով ինձ ասաց Օտյանը...

Անցան օրեր:

Օտյանը հաճախ գրում էր սրճարանում: Այստեղ նրան ավելի քիչ էին խանգարում:

Չէր սիրում պոռոտախոսներին, շատախոսներին, ժողովրդի անունից ճամարտակող թեթեւամիտներին:

Այդ օրերին Կահիրե էր եկել ճանաչված ազգային գործիչներից մեկը, որը հայտնի էր հռետորական ճառերով: Խոսում էր ժամերով, առանց որեւէ թղթի նայելու: Մի քանի անգամ էլ ես եմ լսել նրան: Հաճույքով լսում էիր, բայց սրահից դուրս գալուց հետո ոչ մի միտք չէիր հիշում...

Գրաշարապետն ինձ ուղարկեց սրճարանՙ ձեռագիր բերելու: Երբ սրճարան մտա, տեսա, որ Օտյանը զրուցում է այդ ազգային գործչի հետ: Այդ մարդը խոսում էր ոգեւորությամբ, իսկ Օտյանը ձանձրույթի արտահայտությունը դեմքին լսում էր: Ինձ տեսնելովՙ Օտյանը բարձրաձայն, որ հյուրը լսի, ասաց.

- Հիմա կգրեմ, տղաս, նստե:

Նստեցի: Օտյանը ձեռքը տարավ գրչին, որ նշանակում էր, թե աշխատելու է: Շատախոս այդ մարդը վերջապես լռեց, ապա ինձ ցույց տալով հարցրեց.

- Երիտասարդը ի՞նչ պիտի խմե:

- Կաթ կխմե,- ասաց Օտյանըՙ մի ումպ վիսկի տանելով բերանը:

Հյուրը կանչեց մատուցողին, պատվերներ տվեց:

Օտյանը քնքշությամբ նայեց ինձ ու ասաց.

- Դուն կաթդ խմե, տղաս, ես թերթոնը թարգմանեմ, աս պարոնն ալ թող խոսի...

Բայց քիչ վայելեցի Օտյանի մտերմությունը: Տարիների լարված աշխատանքը, հայ ժողովրդի մեծ վիշտը քայքայել էին նրա առողջությունը, ժամանակից շուտ ծերացրել: Իսկ նա ընդամենը 57 տարեկան էր:

Մահացավ 1926 թ. հոկտեմբերի 3-ին: Թաղեցին իր մտերիմ ընկերոջՙ Արփիար Արփիարյանի կողքին...

Վահան Թեքեյան

1927 թ. փոփոխություններ կատարվեցին թերթի խմբագրությունում:

Թերթի խմբագիր դարձավ Վահան Թեքեյանը: Նա փոխեց թերթի բովանդակությունը, տալով հիմնականում գրական դիմագիծ:

Երվանդ Օտյանի «Հայ տիասբորան»-ից հետո ուրիշ վեպ չէր տպագրվել թերթում: Համոզում էին Թեքեյանին, որ ինքը գրի:

- Դուն պատմվածքներ, վիպակներ գրած ես, անգամ մը փորձե,- համոզում էր Միքայել Նաթանյանը, որի թարգմանած թերթոններն էինք մենք տպում:

- Տեսնանք, տեսնանք, բան մը պիտի ընենք, եթե տերը կամենա,- պատասխանեց Թեքեյանը:

Մի օր Թեքեյանը առաջարկեց հաջորդ օրվա համարի առաջին էջում տեղ պահել նոր թերթոնի հայտարարության համար:

Մի քանի ժամից գրաշարապետն ինձ ուղարկեց հայտարարությունը ստանալու: Թեքեյանը վերցրեց գրիչն ու գրեց. «Այսօրուընէ կը վերջանայ «Արեւի» հին թերթօնը: Վաղուայ թիւով կը սկսինք հրատարակել «Եթէ Տէրը կամենայ». Վէպ հայկական կեանքէ»:

Վերցրեցի թուղթը, կարդացի, չկարողացա ծիծաղս զսպել.

- Նոր վեպը ասա՞նկ պիտի կոչվի,- հարցրեցի անհամարձակ:

- Այո, «Եթէ Տէրը կամենայ»...

Այսպես սկսեց Վահան Թեքեյանը գրել իր միակ վեպը:

Թեքեյանը գրում էր նաեւ համարձակ խմբագրականներ: Ուստի եւ ուներ հակառակորդներ: Վերջիններս չկարողանալով գրչով եւ տրամաբանությամբ հաղթել նրան, դիմում էին զրպարտությունների:

Պայքարի այս թեժ օրերին, մի առավոտ, զնգաց հեռախոսը: Աշխատակիցներից մեկն ասաց.

- Պարոն Թեքեյան, ձեզի կուզեն:

Թեքեյանը վերցրեց լսափողը: Ինչ լսեց, չիմացանք: Հանկարծ գունատվեց: Ջղագրգիռ վիճակում էր: Գոնե ես երբեք նրան այդպես չէի տեսել: Նստեց աթոռին: Ակնդետ նայում էր հեռախոսին:

- Ո՞վ էր, պարոն Թեքեյան, ով ձեզ այդպես հուզեց:

- Մյուս աչքս ալ հանել կուզեն... Ե՛ս պիտի հանեմ, ըսավ ատ մարդը:

Թեքեյանի դեմքը...

Մի քանի րոպե լռություն տիրեց: Ապա ինչ-որ մեկն ասաց.

- Սրիկայի մը խոսքին ինչո՞ւ այդչափ հավատ կընծայեք, պարոն Թեքեյան: Այդպիսի նպատակ ունեցողը հեռախոսով չէր հայտնի:

- Չէ, անոնք այդ գործին վարպետն են, մեկ աչքս չի հանեցի՞ն, Արփիարին չի զարկի՞ն:

Հետո նկատեց ինձ.

- Գնա՛ տղաս, այսօր պիտի չի կրնամ աշխատիլ:

Եկա գրաշարանոց: Թեքեյանը մոտ տասը օր չեկավ: Հետո գրեցՙ

Իմ մէկ հատի՛կս ... օ՛հ, ինչպէ՜ս սիրտըս վըրադ

կը դողայՙ

Երբ կը տեսնեմ քեզմով քեզ.

Քու արցունքո՛վըդ քեզի կը պաղատիմ ես հիմաՙ

Որ դուն ալ զիս չըլըքես...:

Դրանից հետո վեպն էլ կարծես այնպես չէր ստացվում: Ու մի օր, իբրեւ վերջին նախադասություն գրեցՙ «Տէրը այսպես կամեցավ» ու վերջ:

Եղիշե Չարենց

1930 թ. եկա Երեւան: Ե՛վ սովորում էի համալսարանում, ե՛վ աշխատում որպես գրաշար: Արդեն բավական ժամանակ աշխատում էի, երբ ինձ ասացին, որ այդ օրը տպարան է գալու Չարենցը:

Չարենցը եկավ, ծանոթացավ, հետաքրքրվեց, թե որտեղ եմ սովորել: Ասացի, թե կանոնավոր կրթություն չեմ ստացել, երկու տարի սովորել եմ որբանոցում: Ասացի նաեւ, որ Կահիրեում եղել եմ Օտյանի եւ Թեքեյանի գրաշարը: Գովեց Թեքեյանին:

Հետո մի քանի ամիս չտեսա Չարենցին:

Մի օր էլ բերեցին Չարենցի ձեռագիրը: Թափվեցինք վրան, կարդացինք առաջին էջըՙ «Գիրք ճանապարհի»:

Սկզբնական շրջանում շատ հաճախ էր գալիս տպարան: Մի օր էլ իր հետ բերեց Սիամանթոյի բանաստեղծությունների ժողովածուն եւ ասաց, որ իր գիրքն էլ ուզում է, որ այդպես տպվի: Սիամանթոն նրան ոգեւորել էր նաեւ հայ ժողովրդի մեծ վիշտը երգելու գեղարվեստական ուժով: Ապացույցՙ «Մահվան տեսիլի» համար որպես բնաբան Սիամանթոյի «Կոտորած, կոտորած, կոտորած» տողը:

Հետո բավական ժամանակ չեկավ: Մի անգամ էլ եկավ Հ. Կոջոյանի հետ: Բերել էին նկարազարդումները: Մենք հիացմունքով նայում էինք Կոջոյանի գրաֆիկ արվեստի այդ գլուխգործոցներին: Չարենցը բացատրում էր նկարների որ էջերում դրվելը, բայց շատ անտրամադիր: Զգում էինք, որ ինչ-որ բան է կատարվում Չարենցի հետ, զգում էինք, բայց չգիտեինք այդ իրադարձությունների մասին:

Մի օր կրկին եկավ ու ինձ կանչեց:

Գրքի երկրորդ էջում, այնտեղ, որտեղ այժմ տպագրված է, որ նկարազարդումները կատարել է Հակոբ Կոջոյանը, կարմիր գույնով մի տող կարՙ «Ճանապարհը ընթացք է», տակն էլ հեղինակի անունը: Առաջարկեց շարվածքը քանդել, այդ տողը հանել: Արեցի: Կարճ ժամանակ անց կրկին կանչեց, ասաց.

- Այդ տողը վերականգնի:

Վերականգնեցի: Քանի-քանի անգամ այդ տողը հանել տվեց, հետոՙ մտցրեց, հետո կրկին հանեց: Հոգնել էի բարձրանալով ու իջնելով, շարունակ մեքենայի մեջ տողեր հանել-դնելով: Չգիտեմ իմ այդ դժգոհության հետեւանքն էր, թե պարզապես ուզում էի իմանալ այս բոլորի առիթը, որ հարցրեցի.

- Իսկ ո՞վ է այս մարդը եւ ի՞նչ մեծ գաղափար է հայտնել. անշուշտ, ամեն ճանապարհ էլ ընթացք է հուշում:

Ասացի, բայց ես էլ զարմացա իմ համարձակության ու անխոհեմության վրա:

- Ինչ ես ասում, այ տղա, դա շատ իմաստուն խոսք է, ասողն էլՙ հնդիկ փիլիսոփա: Դա իմ գրքի բանալին է...

Չարենցին վերջին անգամ հանդիպեցի Աբովյան փողոցում: Դստերՙ Արփենիկի հետ էր: Կանչեց, ասաց, որ Հունաստանում հանկարծամահ է եղել իմ որբանոցային ուսուցիչ, բանաստեղծ Լեւոն Էսաճանյանը:

- Անաղմուկ մահ,- ասաց ու գնաց:

Մի քանի օր հետո նրան բռնեցին:

Հրաչյա Աճառյան

Համալսարանում դասի էի նստած, երբ բարձր կուրսի ուսանողուհիներից մեկը մոտեցավ ինձ ու ասաց, որ Աճառյանը կանչում է: 1936 թվականի դեկտեմբերն էր: Գնացի այն լսարանը, ուր նա էր դասի: Ինձ տեսնելով ասաց.

- Նստիր, քեզ հետ գործ ունեմ: Պիտի խնդրեմ, որ շարես պարսկերեն մի գիրք:

- Պարսկերե՞ն,- ասացի ես զարմացած:

- Այո, իմ կազմած «Պարսկական հատընտիրը», որով պարսկերեն են սովորում համալսարանում:

Ես այլեւս գրաշար չէի աշխատում, բայց ասացիՙ

- Համաձայն եմ:

Ուրախ էի, որ դարձյալ օգտակար պիտի լինեի սիրելի ուսուցչիս:

Շարվածքը վերջացրել էի, երբ տվեց նաեւ մի քառատող, որ դնեմ գրքի վերջում:

- Բայց նախորդ էջում տեղ կա, ինչո՞ւ այդ փոքրիկ քառատողը նոր էջում դնեմ:

- Այդպես է պետք, Գառնիկ: Դու առանձին էջում դիր:

- Իսկ ի՞նչ է նշանակում:

- Իմաստը սա էՙ վկա է աստված վերեւում, որ այս տողերի գրողի համար չկա վաղվա հույս:

Իսկապես էլ որոշ ժամանակ անց նրան ձերբակալեցին... Բայց լավ է, որ երկու տարուց ազատվեց եւ մինչեւ իր կյանքի վերջը շարունակվեց մեր մտերմությունը:

Մի օր Գրականության ինստիտուտում նստած աշխատում էի, երբ հեռախոսը զնգաց: Վերցրի խոսափողը: Տիկին Սոֆիկն էր: Ասաց, թե Աճառյանը ցանկանում է, որ շտապ գնամ իրենց տուն: Գնացի: Հազվադեպ էի նրան այդքան ուրախ տեսել: Աճառյանը նստեց իմ դիմաց, Սոֆիկըՙ նրա կողքին: Չէի կարողանում հասկանալ, ինչ էր նշանակում այդ ներկայացումը:

- Ատյանը բաց անենք,- ասաց Աճառյանը հանդիսավորությամբ:

- Քեզ չէինք ասում, բայց մեկ ամիս է, որ ես ու Սոֆիկը ծրագրում էինք մի հարց, որը կապված է նաեւ քեզ հետ: Միասին տուն ենք կառուցում:

- Տո՞ւն,- ասացի ես այնքան զարմացած, որ Աճառյանի դեմքի արտահայտությունը մի պահ փոխվեց:

- Հողամասը արդեն տվել են: Շատ լավ ու հարմար տեղ է: Բաղրամյան պողոտայի վրա, շրջապատը ծառ ու ծաղիկ, մաքուր օդ: Տարիքս առել եմ, ուզեցի, որ դրկիցս լինի ինձ հարազատ մարդ: Այնքան էլ տրամադիր չէի տուն կառուցել, բայց Սոֆիկը համոզեց: Ես էլ պայման դրեցի, որ քեզ հետ միասին կառուցենք: Սոֆիկն էլ համաձայնվեց: Ամեն ինչ վերջացել է:

- Բայց...

- Այդ բայցի մասին մտածել ենք: Մեր ունեցածը բավական է սկսելու համար: Հետո աստիճանաբար կմտածենք:

- Բայց...

- Երկրորդ բայցիդ պատասխանն էլ պատրաստել ենք: Փողը տալու ենք փոխարինաբար: Հոնորար եմ ստացել: Երբ ունենաս, կվերադարձնես:

- Իսկ եթե չունենա՞մ:

- Կվերադարձնեն քո ժառանգները...

Հետո տարավ, ցույց տվեց հողամասը: Այնքան էր ոգեւորված, որ այդ օրը ոչինչ չասացի: Հաջորդ օրն այն ժամին որ նա դասի պիտի լիներ, զանգահարեցի տիկին Սոֆիկին եւ հրաժարվեցի: Տիկին Սոֆիկն ասաց.

- Շատ պիտի տխրի Հրաչյան:

Բայց ես ուրիշ ելք չունեի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4