ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր
Կոմիտաս Վարդապետի 140-ամյակով նշանավորված ընթացիկ տարին պետք է դառնար հայ երաժշտության դասականի, նոր ազգային ոճի հիմնադրի փառավորման օրհներգ: Սպասվում էր, որ 2009 թվականը կդառնա Կոմիտասի առջեւ խոնարհման տարի, որն ականավոր գիտնական էր եւ բանահավաք, ուղիներ բացեց երաժշտական բանահյուսության հավաքման, ընտրության եւ դասակարգման մեջ, գիտական աշխատանքի իր մեթոդներով էթնոերաժշտագիտության հիմքերը դրեց: Ընթացիկ տարին պետք է համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրեր հին եւ միջնադարյան Հայաստանի հոգեւոր երաժշտության ինքնօրինակության վրա, որի ուսումնասիրությանը Կոմիտասը նվիրաբերեց իր ամբողջ գիտակցական կյանքը: Վերջապես, Կոմիտասի (Սողոմոն Սողոմոնյան) 140-ամյակի այս տարում մենք կկարողանայինք գնահատել իր ժամանակակիցների, սերունդների եւ հետեւորդների կոմպոզիտորական արվեստի զարգացման վրա նրա ներգործության մասշտաբները, նրա գաղափարների հետքերը տեսնել ոչ միայն հայ, այլեւ ուրիշ կոմպոզիտորների, օրինակ, 20-րդ դարի իտալացի գլխավոր կոմպոզիտոր Լուչանո Բերիոյի (1925-2003) երաժշտության մեջ, որը ընդսմին ավանգարդիստ կոմպոզիտոր էր եւ իր «Folk Songs» («Ժողովրդական երգեր») փոկալ-գործիքային շարքը գրելիսՙ ակնհայտորեն եղել է Կոմիտասի բարերար շվաքի ներքո:
Ավա՜ղ, տարին չդարձավ կոմիտասյան: Չանցկացվեցին ո՛չ սիմպոզիում, ո՛չ էլ երաժշտական փառատոն, քանի որ ճգնաժա՞մ է: Բայց չէ՞ որ անցկացվեցին Քշիշտոֆ Պենդերեցկու երկրորդ փառատոնըՙ արտասահմանցի թանկարժեք երաժիշտների մասնակցությամբ, Մոսկովյան սիմֆոնիկ նվագախմբի հյուրախաղերը (գլխավոր դիրիժոր Պավել Կոգան), որը զարմացրեց կատարման պրոֆեսիոնալ անփութությամբ: Այդ նվագախմբի ելույթները, համընդհանուր հիասթափությունից բացի, ոչինչ չբերեցին, եւ այստեղ չարժե քողարկվել հայ-ռուսական մշակութային քաղաքականությամբ: Նման բան չեն ներում ո՛չ մեր հասարակությունը, ո՛չ էլ մեր մշակութային ժառանգությունը, որը կարոտ է հոգատար պահպանության: Դրա կարիքն ունի նաեւ Կոմիտասը, բայց ոչ թե գավառական սնոբիզմի մակարդակով, այլ ամբողջ քաղաքակիրթ աշխարհում համատարած լուսավորության ձեւով:
Կոմիտասի լուսնային արահետը, ինչպես եւ 100 տարի առաջ, ի հայտ է բերում այդ անձնավորության մարգարեական գաղափարները, որին ճակատագրով վիճակված էր Հայաստանի անցյալն ու ապագան ամուր խաչակապել ազգային մշակույթի եւ դրան ժամանակակից եվրոպական գիտության նոր պատմական-տեսական ընդհանրացման լույսով: Կոմիտասի կտակած ազգային առաջընթացի ընկալման այդ դիրքորոշումը կարոտ է մշտական իմաստավորման: Այդ դիրքորոշումն իրագործվում է գիտաճանաչողական եւ երաժշտակատարողական ինտենսիվ պրակտիկայովՙ դրանց բազմաթիվ թեմատիկ ճյուղավորումներով, որոնք թույլ են տալիս գնահատել Կոմիտասի ժառանգությունը ազգային համատեքստով եւ որպես միջազգային նշանակության փաստ: (Վերջերս թղթերս քրքրելիս ես գտա 1992-ին իմ մշակած նախագիծը կոմպոզիտորի 125-ամյակի առթիվ 1994-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հանձնաժողովի ներգրավմամբ «Կոմիտասը եւ 20-րդ դարը» միջազգային փառատոն-սիմպոզիում անցկացնելու վերաբերյալ: Հայաստանի ԱԳՆ-ում ուշացումով ստացվել էր դրական պատասխան: Նախագիծը չէր իրականացվել... Բայց չէ՞ որ հիմա ուրիշ ժամանակներ են. ուրեմն ինչո՞ւ ենք այդպես անտարբեր): Իհարկե, ճիշտ չի լինի անտեսել «Կոմիտասի պատվին» կազմակերպված մի շարք համերգներ, այդ թվումՙ Երեւանի կոնսերվատորիայի ուսանողների ուժերով: Բայց այդ ամենը մի կաթիլ է ծովում: Կոմիտասի անունը կրող Երեւանի կոնսերվատորիայում չի եղել հանդիսավոր երեկո: Նույնիսկ կոմպոզիտորի ծննդյան օրը նրա հուշարձանի մոտ նախատեսված հավաքը ձախողվեց զբոսայգու նորոգման պատճառով, ինչը կարելի էր նախօրոք իմանալ: Ռեպորտաժ նկարահանելու եկած «Ար» ալիքի հեռուստալրագրողներն այդպես էլ հեռացան ձեռնունայն:
Այս տարի իր գեղարվեստական մտադրությունների իրականացման գործում հետեւողական էր միայն Երեւանի կամերային երգչախումբըՙ Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ, որը տարեսկզբից ունի պետական համույթի կարգավիճակ:
Կոմիտաս Վարդապետի երաժշտությունը կազմում է այդ երգչախմբի երգացանկի, ինչպես նաեւ հենց Թոփիկյանի 30-ամյա ստեղծագործական գործունեության գլխավոր մասը: 1998-2000 թթ. համույթը սբ Էջմիածնի կաթողիկոսարանի հետ կնքած պայմանագրով ձայնագրել է Կոմիտասի խմբերգային երաժշտության հինգ լազերային սկավառակ. 147 խմբերգ ժողովրդական եղանակներով եւ 20 խմբերգ միջնադարյան շարականների եւ տաղերի մեղեդիներով, ըստ որում օգտագործվել են խմբերգերի զանազան հեղինակային տարբերակներ, որոնցից շատերը Երեւանի կամերային երգչախումբը կատարեց առաջին անգամ: 2000 թվականին Կալիֆոռնիայում այդ ծավալուն աշխատանքը ըստ արժանվույն ստացավ Armenian World Music Awards մրցանակ: Բնական է, որ հետագայում եւս երգչախմբի բոլոր համերգային ծրագրերում (Հայաստանում եւ արտերկրում, այդ թվում Մոսվկայի Զատկական փառատոնում 2004, 2007 եւ 2009 թթ.) Կոմիտասի երաժշտությունը կատարում էր գեղագիտական կամերտոնի դեր: Դա մի կողմից նշանակում է, որ ծրագրում Կոմիտասին հարեւանող բոլոր ստեղծագործությունները ձգտում են գտնել ինչ-ինչ ընդհանուր եզրերՙ երաժշտական, բովանդակային, բանաստեղծական, ոճային եւ այլն: Մյուս կողմից, Կոմիտաս կատարելիսՙ երգեցողական արտահայտչականության յուրահատկությունը ձեւավորում է ուրիշ հեղինակների ստեղծագործությունների մեկնաբանությունների բնույթը:
Կոմիտասյան երգեցողության յուրահատկությունը զգացմունքի, ժեստի, շարժման եւ հնչողության, պոեզիայի եւ երաժշտության, շնչառական եւ երաժշտական ռիթմի, ակուստիկայի, տարածության եւ տեմբրի ներդաշնակությունն է: Թվարկումը կարելի է շարունակել, բայց գլխավորը բնական լինելն է փոքր եւ մեծ հուզմունքների դրսեւորումներում, հրճվալի եւ վշտալի տրամադրություններում, պարայնության, երգայնության կամ ասերգության մեջ, բնականՙ Կոմիտասի նոտագրության խստիվ պահպանման եւ միաժամանակ կատարողական որոշ իմպրովիզացիայի թույլատրելիության մեջ:
Սա է Երեւանի կամերային երգչախմբի դիրքորոշումը, որն ապահովում է խմբի հաջողությունը: Հարություն Թոփիկյանի գեղարվեստական ղեկավարումը (խորհրդատու եւ կոնցերտմայստեր Կարինե Հարությունյան) ուղղված է ժառանգորդության ապահովմանը, նույնիսկՙ երգչախմբի կազմի փոփոխման դեպքում, չնայած դրա «պրոֆիլի» պահպանմանն օգնում են նաեւ երագչախմբի հավատարիմ վետերանները: Անհատական երանգավորում ունեցող նոր ձայն-տեմբրերը օգնում ենՙ թարմացնելու այդ հիանալի խմբի տեմբրային ներկապնակը, խումբ, որի զարդն են մեներգիչներ Սեյրան Ավագյանը, Մաքրուհի Խաչատուրյանը, Թամարա Մոֆինյանը, Աշոտ Չթչյանը:
Կոմիտաս Վարդապետի 140-ամյակի տարում Երեւանի կամերային երգչախումբը տվեց երեք համերգից բաղկացած շարք. Կամերային երաժշտության տանըՙ հունիսի 13-ին, ֆիլհարմոնիայի Փոքր դահլիճումՙ սեպտեմբերի 30-ին եւ նոյեմբերի 28-ին: Առաջին համերգի ժամանակ հնչեցին Կոմիտասի հոգեւոր խմբերգերըՙ սրբազան տեքստերով Է. Գրիգի, Ի. Ստրավինսկու, Ա. Շնիտկեի, Ա. Կորոլյովի, Ֆ. Վ. Շյոների գրած երկերի հարեւանությամբ: Երկրորդ համերգում Կոմիտասի տարբեր ժանրերի 34 գեղջկական խմբերգերի կողքին հնչեցին Է. Հովհաննիսյանի եւ Բ. Կանաչյանի ժողովրդական երգերի մշակումները: Երրորդ համերգը ժամանակակից հայ կոմպոզիտորների (Տ. Մանսուրյան, Դ. Հալաջյան, Լ. Չաուշյան, Վ. Սարգսյան, Մ. Կոկժայան, Ե. Երկանյան) երաժշտությունը միավորեց Կոմիտասի 13 երգերի հետ, որոնց թվում էին կաթողիկոս Խրիմյան Հայրիկին նվիրված երկու խմբերգ, գեղեցիկ եւ սրտահույզ «Գարուն ա», «Սարերի վրով», «Երի, երի, երի ջան», իրար հետեւից կատարված քնարական-ողբերգական «Ա՜յ, հեւա, հեւա սիրտս», «Վա՜յ, լե՜, լե՜», «Ծիրանի ծառ» երգերը, ինչպես նաեւ նշանավոր «Լոռու գութաներգը»:
Ստեղծագործական մեծ թափով եւ հետաքրքրական երանգավորմամբ կատարվելովՙ Կոմիտասի այդ խմբերգային գլուխգործոցը ըստ արժանվույն եզրափակեց Երեւանի կամերային երգչախմբի կոմիտասյան նվիրաբերումների շարքը: Համույթին բնորոշ գեղարվեստական եւ վոկալ-արտաբերական հնարավորությունների դիապազոնը, ինչպես նաեւ արդի կոմպոզիտորների հետ համագործակցելու ցանկությունը առիթ ծառայեց Երվանդ Երկանյանի «Սեզամ, բացվի՛ր» (խոսքՙ Հ. Սահյանի) քառամաս խմբերգային սյուիտի ստեղծման համար, որի պրեմիերան դարձավ մեր առաջատար կոմպոզիտորներից մեկի հիանալի ստեղծագործության ծննդյան ուրախալի վկայությունը:
Կոմիտասի լուսնային արահետը լուսավորում է անցնողների ճանապարհըՙ մոգականորեն դեպի իր կողմը ձգելով ճշմարիտ մտքի եւ հոգեւոր զգացմունքի ճառագայթմամբ: