ԱՆՆԱ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր
Այս տարի նշվեց 20-րդ դարի երկրորդ կեսի խոշորագույն կոմպոզիտոր-սիմֆոնիստ Ավետ Տերտերյանի ծննդյան 80-ամյակը եւ մահվան 15-ամյա տարելիցը: Այդ տարեթվերը նշանավորվեցին մի շարք ուշագրավ համերգներով եւ ձեռնարկներով: Օրերս տերտերյանական տարին ամփոփվեց Ա.Խաչատրյանի տուն-թանգարանի դահլիճում կայացած համերգով, ինչը համերգասրահ էր բերել կոմպոզիտորի երաժշտության բազմաթիվ երկրպագուներին:
Ավետ Տերտերյանը ասպարեզ իջավ անցած դարի 50-ականների երկրորդ կեսին, երբ հայ երաժշտությունն ապրում էր նոր խմորումների եւ որոնումների մի շրջան: Շատ շուտով պարզ դարձավ, որ հայ երաժշտարվեստի երկնակամարում երեւան է եկել մի արվեստագետ, որն իր ուրույն ասելիքն ունի ոչ միայն հայ երաժշտական մշակույթին, այլ նաեւ` համայն մարդկությանը:
Ա.Տերտերյանի ստեղծագործությունը, որտեղ առաջատար նշանակություն ունեն հոյակերտ ութ սիմֆոնիաները, նոր էջ բացեց հայ սիմֆոնիկ երաժշտության մեջ: Այնուհետեւ, դա նրա երաժշտաբեմական երկերն են` «Կրակե օղակ» (1967) եւ «Երկրաշարժ» (1984) օպերաները, որոնք հաջողությամբ բեմադրվել են Գերմանիայում, ինչպես նաեւ «Ռիչարդ Երրորդ» (1979) բալետը, որը, ցավոք, առ այսօր սպասում է իր բեմադրությանը եւ այլ երկեր:
Վերոհիշյալ համերգը ներկայացնում էր Տերտերյանի կամերային ժանրի ստեղծագործությունները, որոնք պակաս նշանակալից չեն: Ծրագիրը, որի մշակմանն իր գործուն մասնակցությունն ուներ կոմպոզիտորի կյանքի հավատարիմ ուղեկիցը` Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, արվեստագիտության թեկնածու, երաժշտագետ Իրինա Տիգրանովա-Տերտերյանը, կառուցված էր ժամանակագրական կարգով, ինչը թույլ տվեց ունկնդրին հետեւելու, թե ինչպիսի հսկայական զարգացում է ապրել կոմպոզիտորն իր ստեղծագործական կյանքի ընթացքումՙ սկսելով միանգամայն ավանդական մտածողությունից եւ հասնելով ինքնատիպ, սեփական ստեղծագործական հայեցակարգի բյուրեղացմանը: Խորը փիլիսոփայական ընդգրկումներով եւ ընդհանրացումներով բնորոշվող, հավերժական թեմաներին մշտական անդրադարձով, ուր առկա են կյանքի եւ մահվան, բարու եւ չարի, անհատի եւ հասարակության, հանճարի եւ ամբոխի, ազգայինի եւ համամարդկայինի, երկրայինի եւ տիեզերականի համապարփակ գաղափարների արծարծումը, ծնունդ տվեց զուտ տերտերյանական այնպիսի երաժշտագեղարվեստական դրսեւորումների, ինչպիսիք են միայնակ հնչյունի հիրավի մոնիստական կոնցեպտը: Նորովի մեկնաբանում ստացան սիմֆոնիայի ավանդական ձեւն ու բովանդակությունը: Աննախադեպ հնչողություն եւ դերակատարում ձեռք բերեցին սիմֆոնիկ նվագախումբ Տերտերյանի ներմուծած հայկական ժողովրդական նվագարանները, զուռնան եւ դուդուկը` Երրորդ, քյամանչան` Հինգերորդ, դափը` Յոթերորդ սիմֆոնիաներում: Կարեւոր նշանակություն ստացան հարվածային գործիքները` ազգային բնորոշ ռիթմերով, մարդկային ձայնն ու երգչախումբը: Երկրորդ սիմֆոնիայի երկրորդ մասն ամբողջությամբ հանձնարարված է անմշակ մարդկային ձայնին, որի միաձայն երգեցողության մեջ լսվում են մերթ հորովելի, մերթ` սաղմոսերգության ելեւէջները: Առհասարակ մարդկային ձայնի եւ երգչախմբի կիրառությունը Տերտերյանի սիմֆոնիաներում ունի բազմանշանակ դրսեւորում: Եթե Երկրորդ սիմֆոնիայում երգչախումբը մարմնավորում է ամբոխի ձայներն ու աղմուկ-աղաղակը, ապա Վեցերորդ սիմֆոնիայում երգչախումբը տիեզերական աղոթքի պես արտաբերում է հայկական այբուբենի տառերը` «Այբ, բեն, գիմ, դա...», իսկ վերջին, Ութերորդ սիմֆոնիայում հնչող կանացի երկու ձայները, կարծես, դիմում են մեզ տիեզերքիցՙ խոսելով շատ կարեւոր եւ հավերժական բաներից... Հայ երաժշտական մելոսին հատուկ մոնոդիականությունը Տերտերյանի սիմֆոնիաներում դարձավ մտածողության հիրավի հիմնարար սկզբունքՙ ձեռք բերելով խորքային, արխետիպային իմաստ:
Գրախոսվող համերգի ծրագիրը բացվեց Տերտերյանի ուսանողական շրջանի` Ավ.Իսահակյանի խոսքերով գրված երկու ռոմանսի (1954) կատարումով (մենակատար`ՀՀ վաստակավոր արտիստուհի Ա.Մայիլյան, դաշնամուր` միջազգային մրցույթների դափնեկիր Ա.Գրիգորյան): Այնուհետեւ հնչեց կոնսերվատորիայի երրորդ կուրսում գրված թավջութակի եւ դաշնամուրի համար Սոնատը (1955): Այս ստեղծագործություններում ակնհայտորեն երեւում էր, որ երիտասարդ կոմպոզիտորը տիրապետել էր մասնագիտական բոլոր հմտություններին եւ հնարքներին, օժտված էր մեղեդիական ձիրքով եւ հախուռն արտիստական տեմպերամենտով: Ակնհայտ էին նաեւ նրա գեղարվեստական նախասիրությունները եւ ուսուցիչների` Էդ.Միրզոյանի եւ Ղ.Սարյանի բարերար ազդեցությունը, ինչը միանգամայն բնական էր եւ օրգանական: Սակայն արդեն 1-ին լարային կվարտետում (1963), որը նվիրված է կոմպոզիտորի տիկնոջը` Իրինա Տիգրանովային, հստակ էր անհատական հասուն ոճի դրսեւորումը. ավանդական կվարտետային ցիկլի նորովի մեկնաբանումը, լինեար` գծային պոլիֆոնիկ մտածելակերպը, մոնոթեմատիկ զարգացման միտումը, խորհրդանիշ լեյթ-թեմայի երեւան գալը: Թեմա, որին նա դիմելու էր, նաեւ Չորրորդ, Ութերորդ սիմֆոնիաներում եւ վերջին, 2-րդ լարային կվարտետում (1991): Այդ կվարտետը, որը, կարծես, եզրագծում է կոմպոզիտորի ստեղծագործական ուղին, նրա վերջին ուղերձն է մեզՙ ապրողներիս: Խորը ողբերգական շեշտադրումներով եւ կանխատեսումներով լի, ճգնավորի ինքնագիտակցմանը հատուկ արտահայտչամիջոցների խիստ սահմանափակմամբ, ընդհուպ մինչեւ ժլատ, գրեթե մինիմալիստական, մի քանի հնչյուններից բաղկացած ելեւէջով հատկանշվող շատ անձնական մի գործ է լարային երկրորդ կվարտետը: Այն, ըստ էության, ներկայացնում է, մեր համոզմամբ, կոմպոզիտորի Իններորդ սիմֆոնիան` կոդավորված տեսքով: Հայտնի է, որ այդ շրջանում Տերտերյանը մտադիր էր սկսելու աշխատել Իններորդ սիմֆոնիայի վրա: Սակայն ֆրանսիական «Alphonse Leduc» հրատարակչության եւ հռչակավոր «Kronos» լարային քառյակի կվարտետ գրելու պատվերը ստիպեց նրան մարմնավորել իր մտահղացումը տվյալ գործիքային կազմի շրջանակներում: Չնայած դրան, 2-րդ լարային կվարտետը լիիրավ կարելի է բնորոշել որպես սիմֆոնիկ կտավ եւ միանգամայն տրամաբանական էր, որ մի քանի տարի առաջ դիրիժոր Մերուժան Սիմոնյանը ներկայացրեց այն «Ալան Հովհաննես» լարային կամերային նվագախմբի մեկնաբանմամբՙ տալով կվարտետին շատ համոզեցուցիչ եւ բնականոն մարմնավորում: 2-րդ կվարտետը խորասուզեց լսարանը խորհրդավոր եւ հայեցողական մթնոլորտի մեջ, որից հետո Աննա Մայիլյանը անզուգական կատարումով մատուցեց Հայրիկ Մուրադյանի երգերի հավաքածուից քաղված սքանչելի մի օրոր, ինչը շատ հաջող անցում ապահովեց դեպի ծրագրի հաջորդ գործերը:
Միջազգային մրցույթների դափնեկիր, փայլուն դաշնակահար եւ կոմպոզիտոր Հայկ Մելիքյանը ներկայացրեց իր պարաֆրազը դաշնամուրի համար «Կրակե օղակ» օպերայի թեմաներով (2007), որի կատարման ընթացքում դրսեւորվեց թե՛ Հ.Մելիքյանի անհատական վերաբերմունքը Տերտերյանի երաժշտության հանդեպ, թե՛ նրաՙ որպես դաշնակահարի, գործիքին տիրապետելու կատարյալ արվեստը:
Համերգը շարունակեց Գեւորգ Էմինի խոսքերով գրված ու Եվգ.Եվտուշենկոյի ռուսերեն թարգմանությամբ ներկայացված «Կանաչաչյա կնոջը» եռամաս վոկալ շարքը (1968), որը հնչեց Ա.Մայիլյանի եւ Ա.Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոյի արտահայտիչ մեկնաբանմամբ: Շարքը, որը գրված էր ձայնի եւ դաշնամուրի համար, առաջին անգամ հնչեց գործիքային տրիոյի համար փոխադրված, ինչը մեծ ճաշակով եւ նրբազգաց կերպով իրագործել էր նույն Հ.Մելիքյանը: Եվ, վերջապես, ծրագիրը եզրափակվեց Տերտերյանի «Հայրենիք» կանտատի (1957) վերջին, չորրորդ մասի կատարումով, որը մեծ ոգեւորությամբ հնչեցրին Ա.Մայիլյանը եւ Հ.Մելիքյանը:
Հարկ է նշել, որ ծրագիրն իրականցրին հայ կատարողական արվեստի նոր սերնդի հիանալի ներկայացուցիչները` Ա.Խաչատրյանի անվան տրիոն` Կարեն Շաղգալդյանը (ջութակ), Կարեն Քոչարյանը (թավջութակ) եւ Արմինե Գրիգորյանը (դաշնամուր), արդեն հիշատակված Ա.Մայիլյանը եւ Հ.Մելիքյանը, լարային քառյակը հետեւյալ կազմով` Կ.Շաղգալդյան (1-ին ջութակ), Արամ Ասատրյան (2-րդ ջութակ), Յանա Դարյան (ալտ) եւ Կ.Քոչարյան (թավջութակ): Համախոհ երաժիշտներ, ովքեր արդեն կայացած եւ միջազգային ասպարեզում իրենց հաստատած հմուտ կատարողներ են: Այդ երեկո նրանք դրսեւորեցին Տերտերյանի երկերի հիրավի համարժեք մեկնաբանման բարձր գեղարվեստական մակարդակ: Առհասարակ պետք է նշել, որ Տերտերյանի ստեղծագործությունները կատարողների կողմից միշտ արժանացել են ջերմ վերաբերմունքի եւ նախանձախնդիր ուշադրության: Հատկապես դա վերաբերում է դիրիժորներին, որոնց թվում են անմոռանալի Դավիթ Խանջյանը, Ջանսուղ Կախիձեն, Գենադի Ռոժդեստվենսկին, Ալեքսանդր Լազարեւը, Ռոբերտ Սատանովսկին (Լեհաստան), Զավեն Վարդանյանը, Մուրադ Աննամամեդովը: Վերջին տարիներին Տերտերյանի ստեղծագործություններին անդրադարձել են դիրիժորներ Ռուբեն Ասատրյանը, Մերուժան Սիմոնյանը, Զավեն Վարդանյանը, Էկկեհարտ Կլեմմը (Գերմանիա) եւ ուրիշներ:
ՀԽՍՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական եւ Վոլֆ Էքերմանի անվան մրցանակների դափնեկիր, պրոֆեսոր Ավետ Տերտերյանի երաժշտությունը վաղուց ի վեր դուրս է եկել միջազգային ասպարեզՙ արժանանալով համաշխարհային ճանաչման: Նրա երկերի շնորհիվ աշխարհի տարբեր երկրներում շատերը հնարավորություն ունեցան բացահայտելու Հայաստանը` իր հինավուրց եւ հարուստ մշակույթով, հաղորդակցվեցին հայ արդի երաժշտության նվաճումներին, ծանոթացան հիրավի նորարարական, ինքնատիպ եւ ապագային ուղղված տերտերյանական այնքան ազգային հնչյունային աշխարհին: Նրա երաժշտության յուրաքանչյուր կատարում մշտապես դառնում է որեւէ ժողովրդի եւ երկրի հոգեւոր ու մշակութային կյանքի ուշագրավ եւ անմոռանալի իրադարձություն: Կարծում ենք, որ Տերտերյանի երաժշտության նշանակությունը, նրա մեջ առկա հումանիստական մեծ պաթոսը, ստանալու են ավելի զորեղ հնչեղությունՙ գրավելով նորանոր երկրպագուներ եւ համակիրներ: