Հայ մեծ քաղաքացի գեղանկարչի ծննդյան 95-ամյակի առթիվ
ՎԻԳԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր
Ժողովրդական նկարիչ Էդվարդ Իսաբեկյանը ծնվել է 1914թ. նոյեմբերի 8-ին, Իգդիր քաղաքում, որն անմահացել եւ հառնել է փյունիկի նման նկարչի «Իգդիր» ինքնակենսագրական վեպում:
Նա միայն ժողովրդական նկարիչ չէր, այլեւ հայրենասեր քաղաքացի: Նա քսան տարի ղեկավարել է Հայաստանի ազգային պատկերասրահը, ստեղծել նրա մասնաճյուղերը հանրապետության տարբեր քաղաքներում, նրա ժամանակ ընդլայնվել է պատկերասրահի ցուցադրելի մակերեսը, նա էր Ռուբեն Դրամբյանի նման փայփայում հայ միջնադարյան արվեստի ցուցադրումն այնտեղ: Էդվարդ Իսաբեկյանի ծառայությունները գնահատվեցին նաեւ հետխորհրդային շրջանում: Նա Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր էր եւ «Իգդիր» հայրենակցական միության պատվավոր նախագահը:
«Իգդիր» վեպը եւ անավարտ «Հոգեհանգիստ Իգդիրում» կտավը, որոնցով նա կյանքի վերջում պսակեց իր երկարամյա հարուստ ստեղծագործությունը, նվիրված են իր հայրենի քաղաքի հողին, ջրին, պտուղներին, քաղաքից սերած հայ մարդկանց, իսկ կտավըՙ Իգդիրի ծնած նշանավոր քաղաքացիներին, իր ծնողներին, իրենից մինչեւ Առնո Բաբաջանյան եւ Խորեն Աբրահամյան:
«Իգդիրի» պես նա պապակվում էր հայոց փառքի պատմությամբ, այն կերտած հերոսներով, այն պահպանած բերդերով, կիրճերով ու լեռներով, կածաններով, արահետներով, ծառ ու թփով, նրա համար ապրող տղամարդկանցով եւ առանձնապես կանանցով, որոնց նկարում էր իրենց բնական անկաշկանդ հովվերգական վիճակում: Իր պատմական նկարներով նա Վարդգես Սուրենյանցի կողքին է, բնության մեջ անկաշկանդ, նազանի կանացի իր կերպարներովՙ նա Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի կողքին է, հայրենի բնությամբ եւ հերոսներով նա Դերենիկ Դեմիրճյանի, Համո Սահյանի, Վահագն Դավթյանի կողքին է: Իսկ ավելի քան 60 տարի շարունակ իր կրթած եւ դաստիարակած նկարիչների սերունդներով նա գուցե իրեն հավասարը չունի հայ իրականության մեջ, որոնց մեջ փայլում են Գրիգոր Խանջյանի, Մկրտիչ Սեդրակյանի, Լեւոն Կոջոյանի, Սարգիս Մուրադյանի, Ալեքսանդր Գրիգորյանի, Վահան Խորենյանի, Նիկոլայ Քոթանջյանի, Ռուբեն Ադալյանի եւ շատ շատերի անունները:
Վարպետի մասին մեր մի գրվածքի բնաբան ընտրել էինք Սուրբ Մեսրոպ Մաշտոցի խոսքըՙ «Կյանքի ծովը մշտապես ալեկոծում է ինձ»: Իսկ ծովը միայն փոթորիկ չէ, այն լինում է նաեւ հանդարտ: Նկարչի կյանքը «ծով» է: Նրա «Իգդիր» վեպը եւ «Հոգեհանգիստ Իգդիրում» կտավը արարող եւ հունից դուրս եկող ծովն է հիշեցնում: Իր երկար կյանքի ընթացքում Էդվարդ Իսաբեկյանը ստեղծել է եւ հանրահայտ նկարներ, որոնք կապված են հայ ժողովրդի եւ ոչ միայն հայ պատմության հերոսական դրվագների հետ, եւ հարյուրավոր միջին եւ փոքր կտավներ ու գրաֆիկական էջեր: Պոեզիայում շատ հավադեպ է, երբ վիպական-էպիկական բանաստեղծը ստեղծում է նաեւ սուբյեկտիվ, քնարական, ինտիմ պատկերներ: Թե ինչ չափով են հայ գրողները ազդել մեր նկարչի վրաՙ իր ավագ եւ հասակակից ընկերներըՙ Դ. Դեմիրճյան, Ս. Խանզադյան, Հ. Սահյան, Վ. Դավթյան, Հր. Հովհաննիսյան, դժվար է ասել: Բայց մեզ համար գրեթե ակնհայտ է, որ Դ. Դեմիրճյանը եւ Ս. Խանզադյանը էպիկական գրողներ ենՙ այսինքն պատմող, ասք ասող, Վ. Դավթյանը եւ Հր. Հովհաննիսյանը ներբողական դրամատիկական տիպի, իսկ Հ. Սահյանը բացառապես քնարական, ներհուն բանաստեղծ է: Ինչում է գաղտնիքը:
Այստեղ մենք գործ ունենք անուրանալի անհատականութամբ օժտված ստեղծագործողների հետ: Իսաբեկյանի դեպքում գաղտնիքը ոչ միայն իր ներքին ալեկոծ բնավորությունն է, այլեւ ներքին անժխտելի կարգապահությունը: Այս դեպքում էլ գործ ունենք մեծ անհատականության հետ: Նախ, որ նա տիրապետում է դասական կոմպոզիցիայի գաղտնիքներին, երկրորդըՙ նրա բացառիկ բնատուր կոլորիստ լինելն է, ինչպես Ռուբենսը, ինչպես Դելակրուան, ինչպես Վահրամ Գայֆեճյանը, ինչպես Եղիշե Թադեւոսյանը: Երրորդըՙ թերեւս փոթորկալի վրձինը, որ ծեփում է ռելիեֆի նման: Նման բան գրեթե չի լինում նույնիսկ մեծ վարպետների դեպքում: Բայց Իսաբեկյանի դեպքում պատահել է:
Ժամանակին, սկսած 17-րդ դարից արվեստաբաններ Ռոժե դը Պիլը, Ջիովաննի Բելլորին, Շարլ Բոդլերը եւ ուրիշներ զարմացել են Ռուբենսի եւ Դելակրուայի պատմական եւ գրական իմացություններով:
Սուրենյանցից եւ Կոջոյանից հետո նման իմացություններով մինչեւ ուղնուծուծը օժտված էր Էդվարդ Իսաբեկյանը: Իսաբեկյանի ընկեր, վրաց նշանավոր բանաստեղծ Մորիս Փոցխշվիլին հիացմունքով էր արտահայտվում նկարչի «ընդվզող եւ անհանգիստ թափի, պոետական աչքի ու ասպետական հոգու» մասին, մատնանշելով , որ վարպետի «կտավները հայելիների պես արտացոլում են Հայոց աշխարհի թե երեկվա, թե վաղվա օրը, արցունքն ու ժպիտը, ցավն ու խինդը»: Պատահական չէ, որ «Իգդիր» վեպի առաջին իսկ էջերում զգացվում է «Հայրենասերի ողբը», ինչպես Աբովյանի «Վերքի» առաջին էջերում, եւ ապա սկսվում կերպարների շարքըՙ իրենց ճակատագրերով:
Նկարչի «ինքնուրույն ճանապարհը» արդեն մատնանշում էր խորհրդային արվեստագիտության հիմնադիր Ռուբեն Դրամբյանը 1947թ. լույս տեսած նկարչի կատալոգի առաջաբանում: «Տանյա» կտավում եւ «Վարդանանքի» նկարազարդումներում հեղինակը ձգտել է ոչ թե «արտաքին էֆեկտներին, այլ խորը ներքին զգացմունքներին»: Արվեստաբան Մ. Այվազյանը տարբերակում է նկարչի մոնումենտալ պատմական նկարները եւ կամերային, ինտիմ կտավները, որոնց բնորոշ են «ձեւի մեծ ավարտունությունն ու գեղանկարչության բարձր որակը»:
Այսպիսով, Էդվարդ Իսաբեկյանը, ինչպես նշել են արվեստաբանները, նկարիչները եւ գրողներըՙ հայ արվեստում արդեն իսկ առանձնահատուկ տեղ էր գրավում իր պատմական բազմաֆիգուր կամ միաֆիգուր դինամիկ հորինվածքներով, բազմաժանրությամբ, դիմանկարների եւ ինքնանկարների կերպարայնությամբ: Նրա արվեստը, ինչպես անվանի բանաստեղծ Վ. Դավթյանն է նշում, «առնական է, քնքուշ, ռոմանտիկ եւ ռեալիստական», այսինքնՙ վիպական եւ քնարական միաժամանակ:
Միանշանակ է, որ նկարիչը, տիրապետելով տեխնիկական մեծ զինանոցի եւ կայծակնային վրձնահարվածների, «ամենաանհանգիստն» է թերեւս նորագույն շրջանի հայ գեղանկարչության մեջ: Թվում էՙ ի սկզբանե մեր առաջ կանգնած է միանգամայն ձեւավորված այնպիսի նկարիչ, որ կարծես իր խոսքն ասել էր մինչեւ 1960-ականների վերջըՙ իր մեծադիր պատմահայրենասիրական կտավներով, դրանցում հորինվածքի եւ կոլորիտի, բնության վեհության ու մարդկային ֆիգուրների ներդաշնակման, հերոսականության եւ ողբերգականության արտահայտություններով, դիմանկարներով եւ գրքի նկարազարդումներով, եւ ահա դրանից հետո նա իր բարձր պատասխանատու աշխատանքն է կատարում ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնում: Գալիս են նոր վարպետներ, որոնցից շատերը իր աշակերտներն ենՙ իրենց գյուտերով, իրենց վերանայումներով, իրենց կրած նոր ազդեցություններով ու որոնումներով: Վարպետը ինչ-որ մասով դրսեւորվում է նաեւ իր աշակերտների մեջ:
Բայց նշվեց, որ նա օժտված էր անդադրում բնավորությամբ եւ չէր կարող իր տիտղոսներով բավարարված նկարել միայն պատվերներով: Այստեղ է, որ տեղի էր ունենում մի նոր կերպափոխություն, այն, ինչ կատարվել էր Դելակրուայի, Կորոյի եւ Ռեմբրանդտի նման վարպետների հետ: Չնայած մինչեւ կյանքի վերջը գեղարվեստի ակադեմիայում իր ավանդած գեղանկարչության եւ կոմպոզիցիայի դասերինՙ նա արվեստանոցում կարծես թե ավելի շատ նկարում է իր համար: Այլապես արվեստանոցը լեփ լեցուն չէր լինի մեծ ու փոքր հարյուրավոր կտավներովՙ արված 1970-ականներից մինչեւ կյանքի վերջը: Կյանքի վերջին տասնամյակներում վարպետը մաքրում էր իր գեղանկարչությունը գրական-պատմական շերտերից եւ պատմողականությունից:
Փոխարենը ուժեղացնում էր գեղանկարչական հենքը: Դա նշանակում է ոչ թե պատմականի ու պատմողականի բացարձակ մերժում, այսինքնՙ այն հիմքի, որի վրա հենված է նկարչի արվեստը եւ ինչը նրան հռչակ է բերել, այլ դրանց վերածում ակնարկներիՙ հանուն մաքուր գեղանկարչականի, ոչ թե այն իմաստով, ինչը բնորոշ է դեկորատիվ հարթության ձգտող նկարչությանը, այլ հենց այն իմաստով, ինչով բնորոշում էր վենետիկյան մեծ կոլորիստների, Ռուբենսի ու Վելասկեզի առավելությունները վենետիկցի քննադատ բանաստեղծ Մարիո Բոսկինին 17-րդ դարում:
Այսինքնՙ պայմանականորեն նկարչության հիմքը համարելով գծանկարը, Բոսկինին պնդում է, որ նկարին կյանք ու շնչառություն է տալիս գույնը: Գույնն է, որ այլափոխում է ձեւը եւ այն կենդանացնում: Այսինքն այն, ինչը Ֆրանսիայում վերակենդանացնում էին Վատտոն, Ֆրագոնարը, Կորոն, Մանեն, Ռենուարը ինչպես նաեւ երկրորդ-երրորդ սերնդի մի քանի աբստրակցիոնիստները եւ Ռուոյի նման վարպետները: Այդպիսի դեպքերում գույնը խառնվում է, ծեփվում է, անցնում առարկաների հստակ սահմանները, գույնը հյուսում է կտավը, եւ այստեղ վրձնից բացի գործում են նաեւ մատները, շպատելները եւ մաստեխինները: Մեզանում այդ տիպի գեղանկարչության մեծագույն վարպետներ էին Եղիշե Թադեւոսյանը եւ Վահրամ ԳայֆեՃյանը: Նկարելու այս եղանակը քչերին է մատչելի, քանի որ նկարի փոխարեն կարող է ցեխ ստացվել: Իսաբեկյանի դեպքում ստացվում են ակնեղենից կազմված երազներՙ իր մանկության հուշերի, անձնական ապրումների, անձնական կարոտախտի, վերակոչման, ձիերի ու կանանց անառիթ նազանքի գունագեղ վերարտադրմամբ: Նման նկարները համաձուլվածք են դասական գեղանկարչության (Ռուբենս, Դելակրուա) եւ իմպրեսիոնիստներին մոտ գունային հարվածների, սիլուետների, դինամիկայի: Եվ այդ ամենը իսաբեկյանական աչքերով, աննախադեպ համարձակությամբ եւ գեղեցիկի նկատմամբ հատուկ պաշտամունքի հասնող զգացումով, հենց այն գեղեցիկի, որով ապրում ու հիանում է սովորոկան մարդը եւ ոչ թե վերացական հայեցողական գեղեցիկի: Մեր մեղավոր կարծիքով նման գեղանկարչությունը կարող է ճեղքել ժամանակի պատնեշը եւ լինելով ազգային եւ համամարդկայինՙ վարակել նաեւ ուրիշ վարպետների, ինչն արդեն տեսնում ենք վերջին տասնամյակներում:
Պարզվում է, որ մենք իզուր չենք հիշել Իսաբեկյանի արձակագիր եւ բանաստեղծ ընկերներին: Նկարիչը իր նշանավոր «Իգդիր» ինքնակենսագրական վիպակից առաջ գրել է մեծ թվով բանաստեղծություններ: Դրանք կարելի է անվանել «մտորումներ եւ ապրումներ» եւ դրանց համար առանձին տեղ հատկացնել «Իգդիրի» եւ նրա հոդվածների միջեւ: Ադ բանաստեղծությունները նման են ճեպանկարների: Դրանք, իրոք բանաստեղծ Իսաբեկյանի սիրտը ծվատող մտորումներ եւ ապրումներ են, որոնք երբեմն հում վիճակում են` չհասած «էսթետիկական հույզերի» այն մակարդակին, ինչ հատուկ է նկարներին: Բայց ապրումների ահագնությունը նույնն է, ինչ վիպակում, դրանք «Իգդիրի» նախանվագն են եւ իրենց նախնական վիճակում նույն կրքով են տոգորված: Այսինքն, դրանցում կգտնես ե՛ւ էպիկա, ե՛ւ քնարականություն, ե՛ւ իրոնիա ու երգիծանք: Դրանցից մի քանիսը նվիրված են Եղիշե Չարենցին, Սերո Խանզադյանին, Համո Սահյանին եւ Հրաչյա Հովհաննիսյանին: Բայց գրված են իսաբեկյանական ոգով եւ շնչով, որտեղ կգտնես գրական բարձր լեզու եւ ժողովրդական լեզվի համուհոտ: Բանաստեղծական հերոսներն են սերը, Զանգուն, Արաքսը, Իգդիրը, Նավզիկեն, Շամիրամը, սուփրա-սեղանը, հին տաճարի պես փլված ու կանգուն սիրտը եւ այլն:
Սիրտս ամբողջ բեկորներից
Հին տաճարի,
Չեմ էլ հիշում` երբ է եղել
Քարը քարին, դուռը վրան......
Նկարչի նվիրական սեփականությունը նրա բազմամյա ստեղծագործություններն են, որոնք սպասում են, որ դառնան նաեւ հայության սեփականությունը: Մենք անհամբեր սպասում ենք, որ Իսաբեկյանի թանգարանի դռները շուտ բացվեն արվեստասեր հասարակայնության առջեւ:
***
Բարի երեկո՜, բարի երեկո՜,
եւ թող օրհնվի ինձ հանդիպողը,
այդ կամեցողը, մութը օրհնողը:
Օ՜, մո՜ւթն է եկողը,
անսկզբանից սկիզբ առնողը,
լույսը խժռողը,
որ մոտենում է փափուկ թեւերովՙ
գրկելու հոգիդ անհայտի ձեւով,
մութ կասկածների տարտամի (գույժով)
սեւով,
մինչեւ առավոտ…
Թող բարի լինի, թող բարի լինի
մինչեւ առավոտ:
***
Ա՜խ, սարեր, սարեր հայոց աշխարհի
ձգվել եք հպարտ, հասել ամպերին
ու նայում եք լուռ, վերից անտարբեր,
հեռու, անտեղյակ հոգսից հայրենի:
Ձեր լքած տեղերը ցավի մեջ կորել,
ցավից մոլորվել, դարձել են ձորեր,
ու զարմանք կտրած վիճակից անելՙ
լուռ խորհում են ձեր վարմունքն
անվայել:…
Եվ ամպերն անգամ ձեզ ծանր են թվում,
երբ մի պահ հոգնած դադար են առնում
ուսերի վրա ձեր ջլոտ ու պինդ:
տառապողի պես երկունքի ցավով
ծղրտում եք ձիգ, ձորերը լցնում լաց
ու կականով:
Ա՜խ, սարեր, սարեր,
ինչքան եք նման ցավերից հեռու
մարդկանց անտարբեր:…
1964թ.
Սերոյին
Երկինքդ եմ սիրում երկունքի պահին
եւ կայծակը թեժ,
երբ ամպն ես ձեւում մկրատով դեղինՙ
բացելով ջրվեժ,
հառաչանքը հեղեղատներիՙ
ձորերում մթին,
ու արեւն ուսած լեռներիդ պարն
արեւամուտին:
Զանգեզուր, 1961թ.
Թախիծ
Երբ գիշեր է, խաղաղվում են հարեւան ու
դրկից,
մոտենում է լուռ ու անձայն նայում է
դռնից,
Ժպտում է իր ժպիտով հինՙ
դեղի՜ն, դեղի՜ն,
ու հնազանդ սպասում է իմ հրավերին:
Ստվերի պես թեթեւ-թեթեւ սահում է ներս,
ու լցվում է շշուկներով տունս կարծես,
ծխախոտիս ծուխը վշտի ամպ է դառնում,
աշնան բույրով անձրեւի պես մաղո՜ւմ,
մաղո՜ւմ,…
Ա՜խ, սիրտս արդենՙ ծվեն-ծվեն անվերջ
ցավերից,
Քեզ է վաղուց ապավինել, դարձրել
կարեկից,
ու սփոփանքի խոսքերը հին էլ չեն
ամոքում,
կապարի պես ծանրանում են, մնում
կոկորդում:
Էլ մի նայիր, էլ մի նայիր դու այդպես
տխուր,
եկ, միասին կլուսացնենք այս գիշերն էլ
անքուն,
դու էլ թախծիր, դու էլ փորձիր ծխի մեջ
խեղդել,
իմ անկատար երազներիս անկաշառ
ընկեր:
1967թ.
***
Բարի լու՜յս, այոՙ,
գիշերից հետո, խավարից հետո
բարի լու՜յս, այոՙ,
արեւից եկող առատ, որ հորդա,
որ չդիմանամ, փակեմ աչքերս
խոստումից նրա:
Շիթ առ շիթ լցվի
երակներիս մեջ,
հոգիս բոցկլտա, ճառագի նորից անվերջ
գիշերից հետո,
խավարից հետո,
բարի լու՜յս, այոՙ:
10. 1969թ.
***
Ա՜խ , կկախվեմ մի օր ես մի դալար
ճյուղից,
որ օրորվի հովից, ճոճվի մեղմիկ-մեղմիկ,
թող որ մի վերջին անգամ բարձր լինեմ
հողիցՙ
քնած մանկան քնով օրորոցում փոքրիկ:
Եվ աղոթքի մրմունջը, լույսի մի
պատառիկ
մորս երգի հետ քամին բերի հեռվից,
եւ երբ իջեցնեք, զգու՜յշ դրեք հողին,
չարթնացնեք քնից, չցավեցնեք նորից:…
10. 11. 1969թ.
«Ձոն» նոյեմբերյան
Եվ կապրեմ այսպես ուրախ խաղ ու պարի
նորից մի հիսուն տարի,
ազատ, անկախ շառից, հին հոգս ու
ցավիցՙ
տուն ու տեղի, հողի, քարի:
Կհետեւեմ տիրոջ որդու օրինակին,
որ մի տերեւ ուներ ամոթին,
թե պատահի տեսնեք ինձ պես նման մի
խելառ մեկին,
մեծ եղբայրս է, կամ հարազատ քեռիս,
եւ կապրենք ազատ ու տկլոր
նորից մի հիսուն տարի,
իսկ թե ուզենք մի օր
ճոճվել ծառի ճյուղին,
հարեւանը պարան կբերի:
«Մորս» շարքից
Այդ օրը կգա, ձմեռ կլինի, թե կանաչ
գարուն,
արեւ էլ լինի, սեւ է թվալու:
Շուրջս կլինի քարի լռություն, խավար
ահավոր,
իսկ ես մոռացված, մի անտեր որբուկՙ
մթին անսովոր:
Ո՜վ, անհասկանալի, անժպիտ խորհուրդ
կյանքի ու մահի,
ի՜նչ է իմաստը քո դաժան խաղի...
10.02. 1970թ.
ՄԻՙ վշտացիր իմ շինովի կոպտությունից,
սիրտս լիքն է,
թե չպահեմ, հորդալու է արցունքների
շատությունից…
Միՙ վշտացիր, աղաչու՜մ եմ, ամաչում եմ
դեռ քեզանից,
իմ ալեհեր մանկությունից:…
11.1. 1971թ.
«Զրույց սրտիս հետ» շարքից
Ա՜խ, ի՜նչ եք արել,
ի՜նչ եք ավիրել
եւ ի՜նչ եք դրել կրծքիս մեջ ավեր,
սրտի տեղ հայե՜ր…
Ատե՜լ, ա՜խ, ատել, ատել չգիտեմ,
կարող եմ սիրել,…
Ինչո՞ւ եք դրել սրտիս շանթարգել,…
1968թ.
Ա՜խ, սիրտս, սիրտս երբ թեժ է եղել
թոնրի նման,
ճերմակ, փրփրան լավաշ են թխել, կերել
ընկեր, հարեւան,
երբ հանդարտվել է, նստել են շուրջը,
ննջել են անու՜շՙ ոտքերը կախած,
եւ հեռացել են ու մոռացել են
ակը բաց թողած...
1970թ.
Օ՜, սիրտ իմ, սիրտ իմ, թե որ իմանամ
քո տարողությամբ նրանց եմ նման,
կխնդրեմ քեզնից մի քիչ էլ նեղվել
եւ տեղավորել մի կտոր արճիճ,
հանգիստ, առանց ճիչ:
1970թ.
Ոչ ոքի համար դու բեռ չես եղել,
չես լինի երբեք,
երբ հանդիպել ես բեռից հոգնաբեկ,
թիկունք ես, քերիմ ես դառել, կլինես նորից:
Թե ցախ են ուզել, խարույկ ես վառել,
կվառես նորից,…
Կտանես նորից, կվառես նորից,
թե ծնվես նորից.
եւ փխրուն-փխրուն սիրտ ես ունեցել,
կարծել են քարից:
Եվ մի օր հոգնած,
կմեռնես կանգնած.…
Չէ, լաց չեն լինի, կտանեն սակայն:
1970թ.
Ինչի՞ց ես, ասա.
Թե փայտ չես ու թաց,
Ինչո՞ւ ես մխում,
թե միս-արյուն ես, ինչո՞ւ ես այրվում:
Ինչքա՜ն ապարդյուն պատերիդ զարկվես
եւ որ դժգոհ ես, ի՞նչ պիտի փոխես:
Ուզում ես քանդել վանդակդ, կուրծքս,
ի՞նչ պիտի շահես:
Կպայթես մի օր այդպես կամակոր,
կլափես ինձ էլ, քեզ էլ քո տապով,…
Հին խոսք է, լսիր.
վազող նժույգին ինչու՞ մտրակել,
ես վազում եմ էլի՜…
Անվարժ հեծյալ ես, ձին էլ կամակոր,
մի օր կզարկվենք երկուսս էլ թափով:…
1970թ.
Կբացեն դուռդ սպիտակ հագած,
կտեսնեն կրակ, բայց արդեն հանգած...…
1970թ.
Հիշողության պատառիկներ
Միակ հանդիպում-զրույցս Էդվարդ Իսաբեկյանի հետ կյանքի վերջին տարիներին Աշտարակի իր առանձնատանը եղավ, աշնան անձրեւոտ մի օր. այնպիսին որ հիշողության մեջ դաջվում, մնում է: Օրը, ամբողջության մեջ, պատկերային էր, գեղարվեստական. մանր կաթկթող անձրեւ, մայր մտնող աշնան հեւք, մառախլապատ օդ, իրար ետեւից դանդաղ ցած նետվող տերեւների ցավ, նկարչիՙ արդեն կույր վիճակ ու մի զրույցՙ գեղեցիկ, գունային, որին «մասնակցում» էին իր անցյալըՙ շերտ առ շերտ, մանկությունը, Իգդիրը, Հին Երեւանը, հեռավոր ու մոտ նկարիչները, կողքի իրերը, պատերի կտավները, այգու խնձորները, տան հավատարիմ շունը...
Դրանից առաջ էլ մի անգամ ցուցահանդեսի առիթով մեջս տպավորված մնաց Վարպետի կերպարըՙ Նկարչի տան մուտքի աստիճաններին գլխահակ նստած: Մի փոքր հեռավորությունից, երբ ցուցասրահն արդեն ազատվում էր բեռնված հայացքներից, ասելիքներն ասվել-սպառվել էին, ու նկարները մնացել էին իրենց առանձնազրույցի մեջ, նկարչին նայելիս այնպես էր թվում, կարծես կապ չունի այդ ամենի հետ, կարծես անէացած, վերացած էր շրջապատից, մտասույզ ինքն իր մեջ, ինքն իր հետ, զարմանալի գեղեցկորեն ճերմակած. ի՞նչ իմանասՙ մտքերն ի՞նչ ընթացք ու գույն ունեին, իր պես ալեհե՞ր չէին այդ պահին...
Էդ. Իսաբեկյանը գույնի նկարիչ է, գույների համարձակ խաղի նկարիչ, նրա գույները կտավի մակերեսին պայքարի մեջ են իրար հետ, ներսում ընդվզող, անհանգիստ: Նրա նկարչական մտածողությունը կոմպոզիցիոն ժանրի մեջ է ամբողջական, էպիկական, հերոսականՙ բնույթով: Թեեւ պատմական թեմատիկան Իսաբեկյանի տարերքն էր, սակայն որպես արվեստագետ նա, իհարկե, կյանքը, միջավայրը գեղագիտորեն տեսնելու եւ զգայնորեն վերապրելու մեծ ձիրք ուներ, եւ նրա նկարչությունը հավասարապես արտահայտվել է նաեւ այդ ասպեկտներովՙ կյանքոտ բնորդուհիներ, վրնջացող ձիեր, տիպական դիմանկար-ինքնադիմանկարներ, մաքուր բնանկարներ:
Որպես մարդՙ հարուստ կերպար էր, նաեւ հակասական, իրեն ճանաչողները դա լավ գիտեն: Բայց ամենակարեւորըՙ ժողովրդային էր իր հոգին, որ կարող էր արձագանքել մարդու հոգսին. կյանքի բուն ցավը խորքով ապրող, առհասարակ բնականից եկող կյանքիմացությամբ առինքնող, տպավորիչ անձնավորություն էր... Էդ. Իսաբեկյանը նկարիչ-գրող էր, նրա «Իգդիր» վեպը վաղուց ծանոթ ու սիրելի է գրասեր հանրությանը: Ուշագրավ էջեր են ի հայտ բերելու նաեւ նրա օրագրություններըՙ ներաշխարհային, ինտիմ ձայնի, կարծում եմ, յուրաքանչյուրիս համար թանկ գրական այդ ժանրը: Անսպասելին, սակայն, Վարպետի չափածո գրություններն են, բանաստեղծությունները: Դրանք (ոչ թե գեղարվեստական չափանիշների, այլ զուտ ապրումի ինքնարտահայտման տեսանկյունից) նկարչական իր էպիկական մտածողության ճիշտ հակառակն են: Դրանք ներքին մենախոսություններ են, զգայուն սրտի փխրուն արձագանք, անպաշտպան, վիրավոր հոգու ձայն, քնարական մեղեդի: Կից ներկայացվող Վարպետի չափածո այս պատառիկները, կարծում ենք, ասածի վկայությունն են:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Հ. Գ. Մաշտոցի պողոտայի 7 ա հասցեում տեղակայված ՀայԱրտի օղակաձեւ կառույցներից առաջինի ճակատին երկար ժամանակ փակցված է «Էդվարդ Իսաբեկյանի աշխատանքների մշտական ցուցադրություն» պաստառը: Վարպետի 90-ամյակի առիթով 5 տարի առաջ ի գնահատումն հայ ժամանակակից կերպարվեստում նրա բեղուն վաստակի, քաղաքային իշխանությունները մշակութային կենտրոնի այս հատվածում Էդ. Իսաբեկյանի թանգարան բացելու բարի կամք դրսեւորեցին: Այս ընթացքում կառույցը երկու, վերջին անգամՙ հիմնավորապես վերանորոգվել եւ այժմ ընդհանուր վիճակով եւ հնարավորություններով համապատասխանում է թանգարանային ցուցադրության պահանջներին, արխիվային նյութերի, անձնական իրերի, գրքերի, նկարների պահպանման, որոնցից 30 աշխատանք նկարչի ընտանիքի նվիրատվությունն է լինելու, տասըՙ ազգային պատկերասրահից է ներկայացվելու: Առայժմ թանգարանը չի գործումՙ համապատասխան պետական կարգավիճակի բացակայության պատճառով: Էդվարդ Իսաբեկյանի 95-ամյակի այս տարում ակնկալվում էր մայրաքաղաքը հարստացած տեսնել մշակութային մի նոր օջախովՙ արժանավոր հայ մարդու, նշանավոր նկարչի թանգարանով: Տարին ավարտին է մոտենում, բայց... ձեռնունայն: Ինչպես Վիգեն Ղազարյանն է գրում իր հոդվածում, Էդվարդ Իսաբեկյանի արվեստը գնահատողներն իրապես անհամբեր ենՙ թանգարանի դռները հնարավորինս շուտ բացվելուն:
Էլ ո՞ւմ, եթե ոչ մեր պարտքն է գնահատել մեր ժողովրդի արժանավոր զավակներին ու հանրայնացնել նրանց ստեղծած արժեքներըՙ պատշաճորեն, պատվախնդրորեն:
Նկար 2. «Պատասխան Հազկերտին»
Նկար 3. «Աշնան ծառեր»
Նկար 4. Էսքիզ
Նկար 5. Կոմպոզիցիա