Մահարի-Թեքեյան գրական կապերից
ԳՐԻԳՈՐ ԱՃԵՄՅԱՆ
«Ինձ գրավում էր Թեքեյանի Հանըմը...»:
Այս խոստովանությունն է անում Գուրգեն Մահարին, վերհիշելով բանաստեղծական իր վաղ շրջանը. «...Կերթայ Հանըմը այսպէս հորիզոնէ հորիզոն, / Մթնեցնելով Ոսկեղջիւրն ու դիւթելով երեկոն... / Պոլսոյ ոգի՛ն խուսափուկ, անքննելի՜, սխրալի՜...» :
Իսկ ի՞նչ է գրական նախասիրությունը, եթե ոչ` ջերմացնող, գորովալից մի զգացում, որն ամեն անգամ համակում է սիրված հեղինակի գիրքը մտովի կամ իրականում թերթելիս: Չլիներ այդ զգացումը, դժվար թե հիսունն անց Գուրգեն Մահարին մտաբերեր պատանեկան տարիքում արձակած իր բացականչությունը. «Ա՜խ, այս «սխրալի» բառը: Ի՜նչ հիանալի, տեղին է գործածված...» :
Վահան Թեքեյանը չէր կարող հարազատ չլինել սկսնակին, որը գրականություն մտավ արեւմտահայ քնարերգության դպրոցից:
Յուրաքանչյուր տարիք ունի ժամանակի ի՛ր, հարաբերական զգացումը: Պատանի Մահարուն թվում էր, թե Դուրյանն ու Մեծարենցն ապրել ու ստեղծագործել են պատմական հեռու ժամանակներում: Անգամ ողբերգականորեն, բոլորովին նոր նահատակված Վարուժանն ու Սիամանթոն նրա աչքում դասվել էին սրբացած ու հերոսացած հեղինակությունների շարքը:
Եվ հանկարծՙ կենդանի Թեքեյանը...
1919: Կարճատեւ այցով Վ. Թեքեյանը ժամանել էր Երեւան: Արդեն տպագրվող, բայց Մահարի կեղծանվանը դեռ անվարժ 16 տարեկան սկսնակը «Հայաստանի ձայն» ռամկավար թերթում հրապարակեց իր առաջին ձոն-բանաստեղծությունը, որը հետագայում դուրս մնաց նրա կազմած բոլոր ժողովածուներից:
Բանաստեղծությունում զգալի էր արեւմտահայ պոեզիային բնորոշ մտածողությունն ու սիմվոլիզմը, որոնք սակայն չէին քողարկում արտահայտվող հույզերն ու իրական պատկերները: Այն ուներ «Այգեկութ» խորագիրը եւ «Բանաստեղծ բարեկամիս` Վահան Թեքէեանին» ձոնը: Տասնվեց տարեկանի համար դա բավական համարձակ ձոն էր տարիքով ավելի քան երկու եւ կես անգամ գերազանցող բանաստեղծի նկատմամբ, եւ բնական էին տագնապները. «Ոմանք գտնում էին, որ սա իմ կողմից աններելի հանդգնություն է... բայց եղածը եղած է» :
Նոր մահարիացած սկսնակը չչափավորեց իր ձոնը: Պատճառը մեծագույն հավատն էր գրական նորմերի նկատմամբ, ըստ որոնց` գլխավորը ձոնվող գործն է եւ ոչ թե տարիքը: Մի քանի օր անց նա մասնակցեց Նորքի ձորում ի պատիվ Վ. Թեքեյանի կազմակերպված ճաշկերույթին: Այստեղ իրոք պարզվեց, որ նա ավելորդ ոչինչ չի թույլ տվել իրեն. «Անհերքելի փաստով հերքվեց այն մեղադրանքը, որ ես անտակտ եմ եղել մակագրելով բանաստեղծությունս` «Բարեկամիս` Վահան Թեէեյանին»: Երբ «բարեկամս» ինձ տեսավ, ժպտաց ու ասաց .
- Բարեւ բանաստեղծ բարեկամիս:
Եվ բոլորը ծիծաղեցին: Ինչո՞ւ ծիծաղեցին, չհասկացա»:
Հետագայում մեկ անգամ չէ, որ Գ. Մահարին ընդունում էր «շվեյկյան» կեցվածք, եւ մեկ անգամ չէ, որ նրա արձակը շահել է նման «միամտությունից»: Բայց այս դեպքը դրանցից չէր: Այսօր չկան ծիծաղողները, չկա Վ. Թեքեյանը, ինքը` Գ. Մահարին, բայց մնացել է բանաստեղծությունը` միանգամայն բնականՙ «բանաստեղծ բարեկամիս» ձոնով: Ճիշտ նույն համարձակությամբ մեկ տարի անց նա պետք է գրեր մեկ այլ բանաստեղծություն եւ ընդամենը երկու տառով ձոներ այն թեպետ եւ ոչ թեքեյանական տարիքում գտնվող, բայց իր ռադիոպոեմներով արդեն ոչ պակաս համբավավոր մեկ այլ բանաստեղծի` «Ե. Չ.»-ին, դառնալով առաջինն այն բազում բանաստեղծներից, որոնք պիտի իրենց ձոներով օծեին հետմահու արդարացված Չարենցին:
Եթե չհաշվենք Էջմիածնում, գաղթականների ամբոխի միջից հեռվից դիտված Հովհ. Թումանյանին, Վ. Թեքեյանը առաջին հայ գրողն էր, որին հանդիպեց եւ ծանոթացավ պատանի Մահարին: Դա թվում էր անհավատալի: Նա մոտիկից հետեւում էր ճանաչված բանաստեղծինՙ ճգնելով համատեղել երեւակայած կերպարը իրական մարդու հետ. «Սխրալի՜, հիշում եմ ես եւ նայում եմ Թեքեյանին: Եվ մտածե՜լ, որ այս մարդը, որը ահա վերցրեց հաց ու պանիր եւ սկսեց ուտել, ահա այս մարդը նստել ու գրել է «Հանըմ»-ը կամ «Քե՛զ, Հայ Լեզո՛ւ, կսիրեմ մրգաստանի մը նման» չքնաղ բանաստեղծությունները...»
Շնորհակալությո՛ւն Գ. Մահարուն հանդիպման լուսաբանման համար, այլապես մենք կունենայինք միայն թերթային չոր տեղեկատվությունը. «Եղան բանաստեղծութիւններ աշակերտական միութեան կողմէ» [2]:
Այդ բոլորը լավ, բայց ուշադիր ընթերցողը ծանոթագրություններից կնկատի, որ ճաշկերույթ-դաշտահանդեսը տեղի է ունեցել հոկտեմբերի 26-ին, իսկ բանաստեղծությունը լույս է տեսել... նոյեմբերի 2-ին:
Անենք ուրեմն հնարավոր ենթադրությունը, որ դասականն ու սկսնակը հանդիպել են եւս մեկ անգամ, որտեղ եւ տեղի է ունեցել վերջինիս «արդարացումը»: Գաղտնիք չէ, որ Գ. Մահարին խուսափում էր ելույթներից, ինչպես կրակից: Նրա ողջ կենսամատենագիտության մեջ հայտնի է միայն երկու ելույթ: Բայց հարյուրների են հասնում այն դեպքերը, երբ նա իր մասնակցած իրադարձությունների թարմ հետքերով հանդես է եկել բանաստեղծություններով, «չարտասանված ճառերով», «բաց նամակներով»...
Վ. Թեքեյանին նվիրված ճաշկերույթի մասին կա եւս մի կողմնակի հիշատակում: Դա Գ. Մահարու հայրենակից Հարություն Թուրշյանի անտիպ էջերն են. «Դաշնակցության օրով արեւմտահայ հայտնի բանաստեղծ Վահան Թեքեյանն այցելում է Երեւան: Վանեցի ռամկավարները դաշտահանդես են կազմակերպում ի պատիվ Վահան Թեքեյանի եւ նկարվում են Հրազդանի ձորի այգիներից մեկում: Գուրգեն Մահարին եւ Նաիրի Զարյանը որպես Ռամկավար աշակերտական միության անդամներ մասնակցել են այդ դաշտահանդեսին եւ նկարվել բոլորի հետ» [3]:
Եթե Հ. Թուրշյանը ճիշտ է իր մանրամասներում, ապա Գ. Մահարու եւ Վ. Թեքեյանի երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել մեկ այլ դաշտահանդեսում, որը, ի տարբերություն Նորքի այգիների, տեղի է ունեցել Հրազդանի ձորում: Գ. Մահարին պարզապես հապավել է այն` պատումի ուղղաձգությանը չվնասելու համար...
Վ. Թեքեյանի բարյացակամությունը դեպի սկսնակը չէր բացատրվում միայն ընդհանուր պատկանելությամբ բանաստեղծական «դասին» եւ դրանով պայմանավորված բարեկամությամբ: Եթե Գուրգեն Մահարին նրա համար նոր եւ անակնկալ անուն էր, ապա Աճեմյան ազգանունը զարթնեցնում էր նրա մեջ ավելի քան տասնամյա հուշեր սկսնակի հոր` նվիրյալ «փորթուգալյանական», Արմենական կուսակցության հիմնադիր Գրիգոր Աճեմյանի մասին: Ժամանակին Վ. Թեքեյանը մեկից ավելի անգամ զայրույթի իր ձայնն էր բարձրացրել դաշնակցության դեմ` Գրիգոր Աճեմյանի քաղաքական սպանության առիթով#... 4
Հետեւեցին ծանր տասնամյակներ, որոնց վրա տեղին չէ այստեղ ծանրանալը: Չկար այլեւս Թեքեյանը: Սկսնակ Մահարին դարձավ բազմաժանր գրող, նախասիրություններն ավելացան` այսօր Եսենին, վաղը` Համսուն, բայց վաղ նախասիրությունները նա պահպանեց առաջին սիրո զգացումի ու հուշերի նման: Եվ արտահայտեց տարբեր առիթներով: Հատկապես սփյուռքահայ բանաստեղծների ժողովածուները գրախոսելիսՙ նա մշտապես առանձնացնում ու ընդգծում էր «թեքեյանական հովի» ներկայությունը դրանցում եւ ի վերջո եկավ եզրահանգման. «Կարելի է հաստատապես պնդել, որ սփյուռքահայ բանաստեղծների ութսուն տոկոսը սնվել են Մեծարենց-Թեքեյան ավիշով» ... [5]
Այդ «ութսուն տոկոսի» մեջ էին Արամ Արմանը («Տաղանդավոր բանաստեղծի դպրոցը Միսաք Մեծարենցի լիրիկական եւ Վահան Թեքեյանի լիրակական-խոհական դպրոցն է...»)#,6 Դավիթ Շահլամյանը («Շահլամյանի մոտ զգացվում է Վահան Թեքեյանի հովը...»):7 Գրախոսականներում հանդիպում են նաեւ թեքեյանական ազդեցության չմարսված օրինակներ («Կան սոնետներ, որոնք գրված են արեւմտահայ մեծատաղանդ բանաստեղծ Վ. Թեքեյանի հետեւողությամբ, առանց սակայն Թեքեյանի խորության եւ արվեստի... Մեծարենցից, Վարուժանից, Թեքեյանից հետո մի՞թե կարելի է այսպես գրել»)#: 8
Ինչի էլ ձեռք տա ճշմարիտ արվեստագետը, արդյունքը կկրի ինքնատիպության կնիքը: Այդպիսին էր Գ. Մահարու գնահատմամբ Թեքեյան-թարգմանիչը. «Բավական է նայել Վահան Թեքեյանի նման ուժեղ պոետի` բնագրից կատարած թարգմանությունները` Վերլենից, Բոդլերից, եւ պարզ կլինի թարգմանություններից կատարված թարգմանությունների արժեքը: Պետք է ենթադրել, որ սա այն է, ինչ մեր ժողովուրդը կոչել է «նապաստակի ջրի ջուր» [9]:
Գ. Մահարու եւ Վ. Թեքեյանի ստեղծագործական ճանապարհները կարող էին հատվել մեկ կետում եւս: «Սովետական արվեստ» խմբագրության հարցումին` 1958 թվականի իր ծրագրերի մասին Գ. Մահարին պատասխանեց. «Պետհրատին հանձնեցի իմ չափածո երկերի ոչ լրիվ ժողովածուն: Զգալի տեղ են բռնում անտիպները: Ժողովածուն լույս է տեսնելու «Հրաշալի հարություն» խորագրի տակ, որն օրը ցերեկով վերցրել եմ արեւմտահայ մեծ բանաստեղծ Վահան Թեքեյանից: Հանգուցյալին նվիրված մի սոնետում պատճառաբանել եմ իմ բանագողությունը» [10]:
Գ. Մահարու նամակները լրացնում եւ հաստատում են նրա խանդաղատագին վերաբերմունքը դեպի Վ. Թեքեյանը: Հատկապես շատ են թեքեյանական հիշատակումները եւ խորհրդածությունները Շահան Շահնուրին գրված նամակներում. «Վահան Թեքեյան. Թեոդիկի մո՞տ եմ կարդացեր. Թեքեյան, բանաստեղծության մեջ` թեք է ան... եւ ոչ միայն բանաստեղծության մեջ... պատահական չէ, որ Սփյուռքի բանաստեղծները դեռ մինչեւ այսօր կքալեն ետեւներուն, իսկ ոմանց ճակատին` Թեքեյանի հուժկու կնիքը: Չէի կասկածեր, որ «իսկական բարեկամդ» է: «Ձկնորսը ձկնորսին հեռվից է տեսնում». ասում են ռուսները» [11] , «Հիշեցի, որ «Թերթիս կիրակնօրյա թիվը» մեծ գիրքդ Թեքեյանի հիշատակին ես նվիրեր. նախանձեցի...» [12] , «Նամակդ կարդալուց հետո, մտքով, Թեքեյանի եւ քեզ հետ Մոնփառնասի սրճարաններե մեկուն մեջ նստեցի եւ դեռ պիտի նստե՜մ... ինչ երջանիկ ես, Շահնուր, որ Թեքեյանի հետ Փարիզ ես վայելեր... [13] եւ ինչո՞ւ պիտի մեռնեն Թեքեյանի նման մարդիկ, թողնելով որբ ու անսփոփ մեզի նման անապաստաններուն...» [14] , «Կուզե՜մ, որ Միջերկրականի ափերուն համառող աշնան վարդերուն, միմոզաներուն եւ արմավենիներուն հաջորդեին գարնանայինները եւ հեռու փախներ մեզնից «հավիտենական քունը»... իսկ եթե պիտի գա այդ անխուսափելին, ապա շատ կուզեի գոնե այնտեղ զիրար տեսնեինք, կուշտ խոսեինք եւ փարթի մը նարդի խաղայինք ու դեռ սուրճ խմեինք Վահան Թեքեյանի հետ...» [15]:
Հիշատակումները վերաբերում են ոչ միայն Թեքեյանի անձին, այլեւ գործերին: Դրանք վկայություններ են ոչ միայն Վ. Թեքեյանի գործերին նամակագրի քաջածանոթության, այլեւ այն նուրբ թելերի, որոնցով Գ. Մահարաին կապված էր նրա հետ. «Լալե ավելի կնախընտրեմ խնդալ եւ այդ է պահեր զիս ջուրի վրա, խորասուզվելե փրկեր, ուստի խնդա՛նք... Թեքեյանի ըսածը մեզի չի գար, ան տղու մը ըսած է. «Ա՛հ, լաց, որ մեծնաս», մեզի ավելի կսազե «խնդա, որ...»: Որ ի՞նչ: Ո՞ր մնաց: Բայց ինչ որ մնաց` մերն է: Անո՛վ խնդանք...» [16] , «Ուրախ եմ St. Raphael-ի աշխուժացման համար [17] . թող այդ օթոները քեզի ուրախություն բերեն, ոսկեծամ աղջիկներ, «նե»-ե՜ր (Դուրյան), «հանըմ»-նե՜ր (Թեքեյան), «գիշերային թագուհի»-նե՜ր (Տերյան)...» [18] , «Հրավիրված էի հանդիսավոր ճաշկերույթի, չգացի. ընդհանրապես ճաշկերույթներե (մեզ մոտ կըսեն բանկետ) հրաժարած եմ. «հաճոյքներէն երէկի բերանս ալ համ չ՛ առներ» կասեր Թեքեյանը...» [19] , «Անձրեւ՛ է: Կանձրեւե՛, Շահնուր, գարունը թաց է...» [20]:
Ինչո՞ւ վերհիշեցի Մահարի-Թեքեյան կապերը: Խոստովանեմ առիթը: «Ազգ» թերթի վերջին «Մշակույթ» -ներից մեկում [21] կարդացի Վ. Թեքեյանի ծավալուն, երեք էջանոց հոդվածը Մեծ Եղեռնի եւ հարակից խնդիրների մասին: Եթե անգամ հոդվածը զբաղեցներ տասներեք էջ, էլի կկարդացվեր մեկ շնչով, այնքան այժմեական էր այն: Ես չգիտեմ, թե որքանով էր Գ. Մահարին ծանոթ Վ. Թեքեյանի ուշ հրապարագրական հոդվածներին, բայց որ նրանք կանգնած էին ազգային-գաղափարական-հայրենասիրական նույն դիրքերում, կասկածից դուրս է: Տարբերությունը նրանում էր, որ Գ. Մահարին ապրում էր երկաթե վարագույրի ներսում, որտեղ ազգային հայրենասիրությունը ոչ միայն չէր գնահատվում, այլ դատապարտվում էր խստագույնս...
Զարմանալ միայն կարելի է, որ ցեղասպանությունից ընդամենը մեկուկես տասնամյակ անց Վ. Թեքեյանը կարողացել է պատասխանել «Ինչպե՞ս ապրել հետագայում» հարցին, որն այնքան հրատապ է այսօրվա անկախ Հայաստանի համար:
Իր ժամանակին, երբ «Այրվող այգեստանների» դեմ բարձրացավ «ամբոխային տրամաբանության» հայրենական եւ Սփյուռքի մասնագետների կողմից հաշվարկված եւ ուղղորդված ալիքը, Գ. Մահարին գրեց մի նամակ Վ. Դավթյանին, որը համահունչ է Վ. Թեքեյանի վերոհիշյալ հոդվածին եւ տարբերակում է ճշմարիտ հայրենասիրությունը թվացյալից կամ կեղծից.
«Թանկագին Վա՛հ!
Վերջապես: Դեղատոմսն օգնեց:22 Շնորհակալ եմ նամակիդ: Նաեւ խորհուրդներիդ [23]: Լավ ես դատում: Հանգիստ ու դինջ հանգչում ես դափնիների վրաՙ օծված խաղողով, գինով, շրջապատված կանաչ մարգարեներով... Իսկ ես, ախ, ես, միշտ խենթ էսպես...
Հիմա, երբ շարքային խմբագիր չես, այլ ե՛ս պատասխանատու ղեկավար, այսինքնՙ տեղակալ, խնդրում եմ սփյուռքահայ մամուլում լույս տեսած եւ տեսնելիք ինձ վերաբերող հոդվածներ պարունակող թերթերն ու ամսագիրները խնամքով պահես, որ գամ, կարդամ: Ի՜նչ հուսախաբություն «առաքելական» Վարակի [24] ու նրա վերադաս համհարզների համար: Ի՜նչ էին սպասում Սփյուռքից եւ ի՜նչ դուրս եկավ... Դաշնակցականներն անգամ փչացել են... Դե, եկ, ու այս պայմաններում «հայրենասիրություն» խաղա:
Գիտենք մենք նրանց. եթե իշխանությունը տաս նրանց ձեռքը, նրանք կստեղծեն արյան ու արցունքի մի այնպիսի «գրականություն», որից միայն սիրտ կարող է խառնել: Նրանք ոչ միայն գրքերի շապիկները, այլեւ գրքերի թերթերը սեւով կներկեն քրքրելու համար ընթերցողի սիրտը: Նրանք պատրաստ են տարին 365 անգամՙ «եղեռն տոնել» ոչ թե նրա համար, որ իսկապես հարգում են անվանի եւ անանուն նահատակների սուրբ հիշատակը, ոչ, նրանք նոր զոհեր եւ նոր կորուստներ տալու մարմաջով են մոլեգնած եւ ուզում են աչքի ընկնել «ազգասիրությամբ» եւ «հայրենասիրությամբ»: Եթե Ստալինը բռնել էր տալիս անմեղ մարդուն, նա գոնե ձեւականորեն «եռյակ»ներ էր ստեղծում, կեղծ ցուցմունքներ էր կորզում մեղադրյալից, ապա միայն գնդակահարում էր կամ Սիբիր քշում. սրա՞նք... սրանք փողոցի մի անկյունում ինքնադատաստանի կարող են ենթարկել իրենց չուզած մարդուն, հետո մի ծխախոտ վառել եւ սուլելով առաջ շարժվել... Գիտե՛նք մենք նրանց, մետասաներորդ ժամու «ազգասերներին»: Սրանք են, որ իշխանության են ձգտում, բայց, ավաղ, ձեռները կարճ են...
Խեղճ ժողովուրդ, խեղճ ժողովուրդ, դու ե՞րբ պետք է դասեր վերցնես անցյալից եւ ճանաչես քո թշնամուն ու բարեկամին: Դու ե՞րբ պիտի հասկանաս, որ չի կարելի օրորոցներ ջարդելու եւ վառելու գնով «վառ պահել» նահատակների շիրիմների վրա վառվող հավերժական կրակը: Օրորոցի բնակիչներն անօթեւան կմնան եւ չեն լսի օրորոցի երգեր: Ու վա՜յ այն մանկան, որը մեծանում է առանց օրորոցի երգի, այս հասկացողության ոչ ուղղակի իմաստով... ի հարկե... (բուռն ծափահարություններ):
Զահլեդ տարա՞: Շատ լավ արի: Քո նամակից երեւում է, որ դու ոչ միայն ձանձրանում ես նամակներ գրելուց, այլեւ կարդալուց: Ես էլ ահա հնարեցի այս նամակը, որ քեզ պատժեմ, որ կարդալուց հետո ասես, այս մարդը գժվել է, Պալանգայից պետք է փոխադրել Իջեւան, խենթանոց: А что ж? Ես Իջեւան սիրով կգնամ...
Քո` Գ. Մահարի» [25]
Շատ չէին սովետահայ բանաստեղծները, որոնք գրական առաջին քայլերից պատկանել են արեւմտահայ պոեզիայի եւ մասնավորապես նրա վերջին ներկայացուցիչ Վահան Թեքեյանի դպրոցին: Այդ քչերից մեկն էր Գուրգեն Մահարին...
Սովետահայ գրողներից Գուրգեն Մահարին ուներ նրա հետ գաղափարական ընդհանրություն:
Իրենց հայացքներում «թեք» էին նրանք:
Նայած... նայած թե կոորդինատների համակարգում ինչպիսին են առանցքները: Եվ գուցե հեռու չէ ժամանակը, երբ տասնամյակներով «թեք» համարված գիծը կոորդինատների նոր համակարգում դիտվի ուղղաձիգ:
Ծանոթագրություններ
1. «Հայաստանի ձայն», Եր., 1919, 2 նոյեմբերի, թ. 10, էջ 3: Այն ընդգրկված է նաեւ վերջերս լույս տեսած «Արտամետյան գիշերներ» ժողովածուում (2006):
2. «Հայաստանի ձայն», Եր., 1919, 30 հոկտեմբերի, թ. 9:
3. Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարան (ԳԱԹ), Գուրգեն Մահարու ֆոնդ (ԳՄՖ), թ. 338, էջ 23:
4. «Լուսաբեր», Կահիրե, 1908, 30 ապրիլի, «Լուսաբեր», Կահիրե, 1908, 16 մայիսի:
5. «Սովետական Հայաստան», Եր., 1961, մարտ, թ. 3, էջՙ 36:
6. Սեփական ձայնով (Արամ Արմանի «Հայրենիքի եւ սիրո երգեր», գրքի մասին): «Սովետական Հայաստան», հունիս, 1956, թ. 6, էջ 41-42:
7. Գրական նամականի (Հայրենադարձ բանաստեղծների մասին): «Գրական թերթ», Եր., 1959, 28 դեկտ., թ. 52:
8. Անվերնագիր եւ անհեղինակ բանաստեղծությունների մի ժողովածուի մասին: Անտիպ: Պետհրատի պատվերով: ԳԱԹ, ԳՄՖ, թ. 73:
9. Թարգմանեցինք... «Գ. Թ.», Եր.,, 1958, 17 դեկտ., թ. 46:
10. «Սովետական արվեստ», 1958 թ., դեկտեմբեր, թիվ 12, էջ 54: Հետագայում Գ. Մահարին փոխեց ժողովածուի անվանումը եւ վերադարձավ 30-ական թթ. իր ծրագրին, ըստ որի «Մրգահասին» պետք է հետեւեին «Հնձանները», «Այգեկութը»...
11. 28 հունիսի 1962 թ.: Շ. Շահնուրին ուղղված բոլոր նամակները պահվում են Հայաստանի ազգային արխիվում:
12. Նույն տեղում:
13. Անդրադարձն է Շ. Շահնուրի տողերի. «Այն բոլոր մտաւորականներուն մէջէն զորս ճանչցայ Պոլիս թէ Փարիզ, միայն Թէքէեանն էր որ իմ իսկական բարեկամս կրնամ կոչել: Երկար տարիներ միասին անցուցինք Մօնփառնասի սրճարաններուն մէջ: Եթէ քիչ թէ շատ տեղեակ եմ մեր նորագոյն պատմութեան ծալքերուն, ան կը պարտիմ Թէքէեանի, որ անխունջ կերպով կը վերակոչէր անցեալը, միշտ ցաւով, յուզումով եւ դառնութեամբ»:
14. 27-28 հուլիսի 1962 թ.:
15. 31 դեկտեմբերի 1963 թ.:
16. 13 հունիսի 1965 թ.:
17. Անդրադարձն է Շ. Շահնուրի տողերի. «Սկսած է մեր փոքրիկ St. Raphaelի կերպարանափոխութեան շրջանը: Տեղւոյս 13 հազարանոց բնակչութիւնը, մէկ-երկու շաբաթէն պիտի բարձռանայ 100-120 հազարի, իբրեւ հետեւանք արձակուրդի եկողներուն եւ զբօսաշրջիկներուն»:
18. 28 հունիսի 1962 թ.:
19. 6 դեկտեմբերի 1965 թ.:
20. 27 մայիսի 1966 թ.:
21. «Ազգ», 2009 թ., 7 նոյեմբեր:
22. Դեղատոմսն օգնեց- Նկատի ունի նախորդ «նամակ» կշտամբանքը, որն ընդամենը չլրացված, մաքուր բացիկ էր:
23. Անդրադարձն է Վ. Դավթյանի տողերի. «Այ մարդ, քեզ համար հանգիստ ապրիր... Մի՞թե այդ Պալանգա կոչված քամբախում ավելի հետաքրքիր բաներ չկան, քան մեր գրած նամակները, որ մեզանից անվերջ նամակ ես պահանջում...
Դե արի ու այս շոգին նստիր ու առանց հոնորարի նամակներ գրիր... որ Գուրգեն խանն էլ իր ավելի հաճելի զբաղմունքները թողնի եւ զբաղվի պատասխան գրելով: Մեղք ես, այս մարդ, գնա քեզ համար ման արի այդ ծովափում, եթե հեչ բան էլ չլինի, գոնե այդ դուրս եկած աչքերդ կհանգստանան ու կընկնեն իրենց նախկին տեղը...
Ինչ որ է, ներիր այս անպատեհ ու անպատշաճ նախաբանիս համար...» (22 հուլիսի 1967 թ.): Հետեւում է Սփյուռքի մամուլի տեսությունը «Այրվող այգեստանների» մասին:
24. «Նկատի ունի լեզվաբան, բանասեր Վարագ Առաքելյանին:
25. Վ. Դավթյանին, 24 հուլիսի, 1967: