ԱՆՆԱ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր
Հանրապետության երաժշտական կյանքում իրենց յուրահատուկ տեղն ունեն բազմաթիվ միջազգային մրցույթների եւ փառատոների դափնեկիր (Իտալիա, 2004, Շվեյցարիա, 2007, Գերմանիա, 2007, 2009) «Սպեղանի» երիտասարդական եւ մանկական երգչախմբերը` խմբավար եւ երաժշտագետ Սարինա Ավթանդիլյանի ղեկավարությամբ:
Երգչախմբին հավասարապես հասու են Վերածննդի եւ Բարոկկո շրջանի վարպետների, արեւմտաեվրոպական, ռուսական, հայ դասականների, համաշխարհային ժամանակակից խմբերգային երաժշտության հեղինակների` Ե.Ռաուտավաարայի, Մ.Դյուռուֆլեի, Լ.Ադամսի, Ֆ.Պուլենկի, Էդ.Միրզոյանի, Տ.Մանսուրյանի, Ե.Երկանյանի, Վ.Շարաֆյանի, Ս.Լուսիկյանի եւ այլոց երկերը:
«Սպեղանի» երգչախումբը ձեւավորվել է Ս.Ավթանդիլյանի տարիների համառ եւ անձնուրաց աշխատանքի շնորհիվ: «Իմ փորձն օգնեց ինձ մշակել սեփական մեթոդիկա. դա շնչառական հատուկ վարժություններն են, որոնք ուղղված են երեխայի երգչախմբային հմտությունների զարգացմանը եւ օգտակար են առողջության համար: Բացի դրանից, ես ձգտում եմ արթնացնել երեխայի հուզական աշխարհը, սովորեցնել նրան ընկալել հնչյունը իր ողջ խորությամբ, կենդանի էությամբ, զգալ այդ հնչյունը ծնող ակուստիկ միջավայրը, ինչը եւ դառնում է ամբողջական ստեղծագործության մի մասը: Այդ ամենն օգնում է յուրաքանչյուր երկը մեկնաբանել յուրովի», - պատմում է իր աշխատանքի մասին Ս.Ավթանդիլյանը:
Վերջերս «Սպեղանի» երգչախմբի կատարմամբ լույս տեսավ Կոմիտասի Պատարագի ձայնագրությունը` Հայ եկեղեցու հոգեւոր հայրերի մասնակցությամբ, որին նախորդել է տարիների լարված աշխատանքը: Այն իրագործվել է «Նարեկացի» արվեստի կենտրոնի հիմանդիր Նարեկ Հարությունյանի, ՀՀ Մշակույթի նախարարության եւ VivaCell-MTS ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի աջակցությամբ:
Ճաշակով ձեւավորված երկու խտասալիկներից բաղկացած ալբոմը (ձեւավորումը` Վ.Կարապետյանի եւ Ս.Անտոնյանի), որն ընդգրկում է նաեւ Կոմիտասին եւ Պատարագին նվիրված անհրաժեշտ տեղեկություններն ամփոփող բովանդակալից եռալեզու գրքույկը, արժանի նվեր է ոչ միայն հայ երաժշտության մեծագույն երախտավոր Կոմիտասի 140-ամյակին, այլ նաեւ բոլոր երաժշտասերներին, ովքեր գնահատում են Կոմիտասյան հանճարի այդ գլուխգործոցը:
Հայտնի է, որ Կոմիտասը մշակել է Պատարագը արական խմբի համար, ինչը համահունչ է Հայ առաքելական եկեղեցու դարավոր ավանդույթին: Սակայն հայտնի է նաեւ, որ ձգտելով կատարելության, Կոմիտասն անդրադարձել է Պատարագին իր ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում: Նա ունի Պատարագի 18 տարբերակ զանազան կազմերի, այդ թվում եւ խառը երգչախմբի համար: «Սպեղանի» երգչախմբի ձայնագրության արժեքը ոչ միայն նրա բարձրարվեստ մեկնաբանման մեջ է, այլ նաեւ նրանում, որ առաջին անգամ քահանայի եւ սարկավագի երգամասերը, որոնք այդ երաժշտա-ծիսական արարողության կարեւոր եւ անքակտելի մասն են կազմում, կատարում են քահանաներ տեր Նշան Սարգսյանը, տեր Մյուռոն Ադամյանը, սարկավագներ Առնակ Տերտերյանը եւ Արթուր Տիգրանյանը, ինչի արդյունքում իրագործվել է առավելագույնս համարժեք մեկնաբանում: Արժե նշել երգչախմբի կատարման ելեւէջային բացառիկ մաքրությունը, ֆրազավորման եւ ձայնատարության հստակ եւ արտահայտիչ կերպը` միջին ձայների համահավասար գործուն դերակատարումով, ներդաշնակ եւ հավասարակշռված հնչողությունը, ինչը վկայում է խմբավարի տքնաջան ու նախանձախնդիր աշխատանքի եւ մասնագիտական բարձր մակարդակի մասին: Ս.Ավթանդիլյանը նույնությամբ փոխադրել է Կոմիտասի Պատարագը աղջիկների խմբի համար, առավելագույնս պահպանելով ստեղծագործությանը հատուկ հոգեւոր եւ գեղարվեստական մթնոլորտը: Աղջիկների երգչախումբն իր հնչողության որակով նմանվում է այստեղ դիսկանտների, այսինքն` «մանկանց եկեղեցւոյ» երգեցողության հնչողությանը: Դա իրապես հրեշտակաձայն երգեցողություն է, գեղագիտական-գեղարվեստական մի ուսմունքի արտահայտություն, որը դարեր շարունակ ուղղորդել է համաքրիստոնեական երաժշտական մշակույթը, փառաբանելով աստվածային լույսը, շնորհը եւ գեղեցկությունը, եւ որը ծնել է ազգային ուրույն դրսեւորումներ: Ահա այդ դրսեւորումերից են հայոց Պատարագի գեղեցկագույն սրբասացություններն ու երգերը, Պատարագի, որն ինչպես Աստվածաշնչի հայերեն թարգմանությունն է ճանաչվել «թագուհի թարգմանութեանց», այնպես էլ համաքրիստոնեական պատարագների շարքում փայլում է իբրեւ մի գոհար` իր բացառիկ մեղեդիական հարստությամբ եւ ինքնատիպ գեղեցկությամբ:
Սույն ձայնագրությունը լույս է տեսել Գարեգին Բ վեհափառ հայրապետի օրհնությամբ եւ նվիրված է Ղարաբաղյան պատերազմի զոհերի հիշատակին: Խորհրդանշական մի նվիրում, քանի որ «Սպեղանի» երգչախումբը նախապես կազմավորվել էր Արցախյան գոյամարտի նահատակ ազատամարտիկների զավակներից, որոնց համար երգը հիրավի դարձել էր սպեղանի: Իր տարիների անձնվեր աշխատանքի կարեւոր հանգրվան հանդիսացող ձայնագրության համար Սարինա Ավթանդիլյանը իբրեւ բնաբան ընտրել է Գրիգոր Նարեկացու Մատյանի հետեւյալ խոսքերը. «Սպեղանիք զօրաւորք վիրաց անբժշկականաց, դեղք ազդողականք ցաւոց անտեսականաց»...
Երգչախմբի գործունեության տարիների ընթացքում Ս.Ավթանդիլյանն անցել է դժվարին մի ուղի, որը նշանավորվել է ակնառու ստեղծագործական հաղթանակներով եւ միջազգային ճանաչմամբ: Նա մի շարք միջազգային հեղինակավոր խմբերգային կազմակերպությունների անդամ է: Ուժեղ եւ կամային անհատականության տեր, Ս.Ավթանդիլյանը կարողացավ հաղթահարել բոլոր դժվարությունները հաջողության հասնելու ճանապարհինՙ անմնացորդ նվիրվելով խմբերգային արվեստին:
«Սպեղանին» այսօր էլ բազմաթիվ հրավերներ ունի տարբեր միջազգային փառատոներից: Բարեբախտաբար, նրա տաղանդի երկրպագուները եւ համախոհները մշտապես ձգտել են հնարավորինս աջակցել երգչախմբինՙ թույլ չտալով քայքայվել մի քանի անգամ կազմալուծման եզրին հասած այդ հրաշալի համույթին: Դրանց թվում են կոմպոզիտոր Էդ. Միրզոյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Ռ.Ամիրխանյանը, ճարտարապետների միության նախագահ Մ.Մինասյանը, ինչպես նաեւ` Հայկական երաժշտական համաժողովը (նախագահ` կոմպոզիտոր Լ.Չաուշյան), «Գոլոս Արմենիի» թերթը, մի շարք երաժշտագետներ եւ շատ ուրիշներ: «Սպեղանի» երգչախմբի կայացման գործում կարեւոր դերակատարում են ունեցել դետրոյտաբնակ բարերար Հերման Խնդիրյանը, Նյու Ջերսիից Նարեկ Հարությունյանը եւ «Գ. Մոմջյան» հիմնադրամի տնօրեն Ռոմեն Կոզմոյանը:
Ցավոք, ներկայումս երգչախմբի աշխատանքը դադարեցված է փորձատեղի եւ ֆինանսավորման բացակայության պատճառով: Հարցեր, որոնք տարիների ընթացքում այդպես էլ չստացան իրենց տեւական լուծումը:
Ինչու Մշակույթի ու Գիտության եւ կրթության նախարարությունները չմիավորեն իրենց ջանքերը Ս.Ավթանդիլյանի վաղեմի երազանքի` Հայաստանում երեխաների երգչախմբային ակադեմիայի ստեղծման համար: Չէ՞ որ արվեստի նվիրյալ լինելը, այն էլ աճող սերնդի դասական երաժշտության վսեմ աշխարհին հաղորդակցման ազնիվ գործում, համազոր է հայրենասիրական սխրանքին: Սարինա Ավթանդիլյանը հավասարապես արժանի է վաստակավոր մանկավարժի եւ արվեստի վաստակավոր գործչի կոչումներին: Նրա բեղմնավոր գործունեությունը, որն ուղղված է նոր, հոգեւոր զարգացած սերնդի դաստիարակությանը, վերջին համերգային ծրագրերն ու հատկապես Կոմիտասի Պատարագի ձայնագրությունը դրա վառ ապացույցն են: n