ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2009-12-05 | #16, 2009-12-19 | #1, 2010-02-27


ԱՆՏԵՐՈՒՆՉ ԼԵԶՈՒ*

ԼԵՎՈՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Հայոց գրական լեզվի բախտը չի բերում: Հռչակում ենք պետական լեզու, հետո սկսում քամահրել պետականորեն` պետական իշխանության մարմիններում, պետական հեռուստատեսությամբ, պետական պաշտոնյաների շուրթերով: Եվ քանի որ հայոց լեզվի բախտը չի բերում պետականորեն, ապա կարծես օրինաչափ է, որ նրա բախտը չի բերում նաեւ լեզվի պետական տեսչություն կոչվող կառույցում եւ հատկապես տեսչապետի առումով: Նախկին տեսչապետ Լեւոն Գալստյանը, լեզվի մաքրության համար տեւական պայքարից հոգնած, իբրեւ գլխավոր խմբագիր հանգրվանեց Հ1 պետական հեռուստաընկերությունում, որ այնտեղից ոչ միայն կարողանա եթեր հեռարձակելու թույլտվություն տալ հայոց լեզվի անաղարտությանը «նպաստող» բարբառալեզու հեռուստանախագծերին («Շաբաթ երեկո», «Կյանքի կարուսել», «Երկու աստղ», «Որբերը» եւ այլն), այլ նաեւ որ գործնական մասնակցություն ունենա հայոց լեզվի «հարստացմանը»` ինքը եւս բարբառով, ժարգոնով ու փողոցալեզվով սցենարներ հեղինակելով: Լ. Գալստյանին փոխարինեց Լավրենտի Միրզոյանը, ով կարծես եկավ, որ պաշտոնակալությամբ իսկ հավաստի հայոց լեզվի վտանգված վիճակը: Որ Լ. Միրզոյանի լեզվական գրագիտության մակարդակը վտանգավոր էր հայոց լեզվի համար, փաստում է ոչ այլ ոք, քան տեսչապետն ինքը` իր ստորագրությամբ վերջերս լույս տեսած մի զարմանալի նյութով («Օգտակար բառարան` հասցեագրված բոլորին», «Կրթություն», 02. 12. 2009 թ.):

Ինչպես երեւում է վերնագրից, դա ընդամենը գրախոսություն պիտի լիներ բառարանի մասին (Տարիել Պալյան, «Առձեռն բառագիրք»), հետեւաբար որեւէ դժվարություն չպիտի հարուցեր` մի քանի խոսքով ներկայացնելու խնդրո առարկա գիրքը: Սակայն զարմանալին հենց այդ է` լինել լեզվի տեսչության պետ եւ չկարողանա~լ մեկ-երկու ինքնուրույն, գրագետ խոսք հեղինակել:

Իսկապե՛ս զարմանալի է, որ Լ. Միրզոյանը սովորական գրավոր տեքստ հորինելու համար կարիք է ունեցել գրեթե բառացի արտագրելու ուրիշի` լեզվաբան Հրանտ Պետրոսյանի մի աշխատության` իր գրախոսության նյութին վերաբերող հատվածները, ինչն այլ բան, քան գրագողություն, չես անվանի:

«Վաղ շրջանի պարզունակ բառացանկերին փոխարինեցին տարբեր նպատակադրման, գիտական հիմունքներով կազմված բառարանները», արտագրում է Միրզոյանը Հ. Պետրոսյանի «Հայերենագիտական բառարան»-ից (հմմտ. էջ 126. «Վաղ շրջանի հասարակ ու պարզունակ բառացանկերին, բառացույցներին աստիճանաբար փոխարինել են լիարժեք ու գիտական հիմունքներով կազմված բառարանները»):

«Բառերի հավաքումը, դրանց ընտրությունը, գիտական մշակումը երկար եւ աշխատատար պրոցես է», գրում է Հ. Պետրոսյանը (էջ 125), իսկ մեր տեսչապետը դարձյալ արտագրելու հետ է. «Առհասարակ բառերը հավաքելը, դրանց ընտրությունն ու գիտական մշակումը պահանջում են երկար ու համառ, տքնաջան աշխատանք»: (Տեսնու՞մ եք` ի՛նչ հեշտ է գրախոսություն գրելը. ընդամենը վերցնում ես ուրիշի գրածը, «տքնաջանի» պես մեկ-երկու հույժ գրագետ-տպավորիչ բառ ավելացնում եւ այլեւս իրավունք ստանում նյութը ստորագրելու` պրոֆեսոր): Սակայն շարունակենք:

«Բառարանը քաղաքակրթության նվաճումների հետ շփվելու ամենակարճ ուղին է», ասում է Հ. Պետրոսյանը (էջ 123), իսկ մեր պետը, այդ մասին «փաստորեն» նոր միայն իմանալով, «ծաղկեցնում» է` բառարանը «փաստորեն ազգերի կամ լեզուների քաղաքակրթության նվաճումների հետ շփվելու անմիջական ու կարճ ուղին է»:

Վերջին մեջբերումն, ի դեպ, Միրզոյանի գրախոսության առաջին պարբերությունից է, եւ արժի դրան փոքր-ինչ մանրամասն անդրադառնալ, քանի որ հենց սկզբից երեւան է բերում տեսչապետ պրոֆեսորի լեզվական բացառիկ կարողությունները: Արդարեւ, հենց այդպիսի՛ կարողություն է` նախորդ նախադասության հոգնակի թվով «բառարանները» ենթական հաջորդ նախադասության սկզբում դարձնել «այն». բացառիկ օժտվածության արդյունք է` հորինել «լեզուների քաղաքակրթություն» զարմանահրաշ արտահայտությունը, հետո նույն նախադասությունն ավարտել «որը» ենթակա ունեցող մի երկրորդական նախադասությամբ, որից բացարձակապես պարզ չէ, թե խոսքը ո՛ր «որի» մասին է: «Այսօր մեծ է բառարանների դերը հաղորդակցական հնարավորությունների, ունակությունների իրացման գործում: Այն փաստորեն ազգերի կամ լեզուների քաղաքակրթության նվաճումների հետ շփվելու անմիջական ու կարճ ուղին է, որը նաեւ լեզուների զարգացման եւ հանրայնացման մակարդակի չափանիշն է» : Ինչպես երեւում է, տեսչապետը ոչ միայն սեփականում է ուրիշի ասածը` աղավաղելով այն, այլեւ անլուծելի խնդրի առջեւ է կանգնում` փորձելով սեփական ուժերով հասարակ մի միտք ձեւակերպել: Դա նրա համար ակնհայտորեն դժվար է, եւ այդ դժվարությունը նորանոր դրսեւորումներ է ստանում գրախոսության հետագա շարադրանքում:

Զարմանալի է, սակայն գրախոսի ձեռքով իսկ ընթերցողին մատուցված փաստ. նա չի տարբերում բառարանագրությունն ու բառարանագիտությունը: «Հայ բառարանագիտության ակունքները գալիս են դեռեւս 5-րդ դարից» , գրում է հայոց լեզվի համար 1 պաշտպանը, եւ գլուխը քարը, որ նրա խոսքում ակունքներից գալու փոխարեն` ակունքներն են գալիս, բայց որ մեջբերված նախադասությունն ստանում է ա՛յս շարունակությունը` «Ժամանակի ընթացքում փոխվում են դրանց խնդիրներն ու տեսակները» , իսկապես զարմանալի է, որովհետեւ դրանք-ը նախորդ նախադասության եզակի թվով բառարանագիտությունն է, որը թե ինչ «տեսակներ» ունի, հայտնի է միայն պրոֆեսոր Միրզոյանին: Պրոֆեսորը գիտի նաեւ, թե բառարանի ո՛ր տեսակն է «դասական բնույթի», եւ ի՛նչ կապ ունի վերջինը բառարանի ծավալի հետ. այլ կերպ ասած` դասականությունը ենթադրում է հենց ընդգրկունությու՞ն: Ըստ Միրզոյանի` այո, որովհետեւ նա գրում է. «Այն դասական բնույթի բացատրական բառարան չէ, որում ընդգրկվում են ժամանակակից հայերենի համարյա բոլոր բառերը» :

  «Բառգրքում տեղ են գտել նաեւ տարբեր ժամանակների ու երկրների լեզուներով ծավալի, կշռի, տարածության եւ այլ չափի միավորների բացատրությունները», գրում է տեսչապետ հեղինակը, եւ ընթերցողը, մի կերպ ընկալած «ժամանակների լեզուները», խիստ դժվարանում է հասկանալ` ի՛նչ ասել է «երկրների լեզուներ» : (Բայց Դուք գիտեք, չէ՞, պարո՛ն Միրզոյան):

  «Բառգրքում ներկայացվել են նաեւ հայ ավանդություններին, առաքելական եկեղեցուն, ծիսակարգերին, առհասարակ կրոնական բնույթի բառերի բացատրությունները» , գրում է Լ. Միրզոյանը` ոչ միայն չկասկածելով ավանդությունների «հայ» լինելու հնարավորությանը, այլեւ չտեսնելով, որ սխալ է կառուցում նախադասությունը («...ներկայացվել են ... ավանդություններին ... բացատրությունները»):

Այո, Լ. Միրզոյանը չունի իր իսկ կազմած նախադասությունն ամբողջությամբ «տեսնելու» կարողություն, այդ պատճառով էլ նրա նախադասությունների սկիզբն ու շարունակությունը, առավել եւս` սկիզբն ու ավարտը կարող են լինել անկապ ու անտրամաբանական: Գրախոսությունից ներկայացնենք եւս մի հատված` խնդրելով, որ ընթերցողն ինքը տեսնի հատվածի զարմանալիքը. «19-րդ դարի կեսերին, առավել գործնական բառարան ստեղծելու նպատակով եւ անհրաժեշտությունից ելնելով, Մխիթարյան միաբանության ակնառու ներկայացուցիչներից մեկը` Մկրտիչ Ավգերյանը, 1846 թվականին հրատարակել է հայտնի «Առձեռն բառարան հայկազեան լեզուի» բազմանպատակ եւ ծավալուն աշխատանքը...» : Ընդգծվածներից բացի` ընթերցողն ինչպե՞ս չզարմանա «ակնառու ներկայացուցիչ» արտահայտության վրա` մտածելով, որ եթե կարող է լինել ակնառու ներկայացուցիչ, ուրեմն կարող է լինել նաեւ ակնառու բժիշկ, ակնառու ինժեներ, անշուշտ, նաեւ ակնառու տեսչապետ: Մինչդեռ մեր լեզվամտածողության մեջ «ակնառու» բառը որպես ածական վաղուց առնչվում է միայն իրանիշ եւ հիմնականում վերացական գոյականների` ակնառու հաջողություն, ակնառու նվաճում, ակնառու վաստակ եւն: Տեսչապետի «ակնառուն» ինքն է դառնում մի ակնառու վկայություն այն բանի, թե նա իսկապես որքա՛ն է հեռու լեզվական իրականությունից:

Տարօրինակ է տեսչապետի պատկերացումը նաեւ «ակներեւ» բառի նշանակության ու գործածության մասին, բայց քանի որ նա հատուկ թուլություն ունի այսպիսի խիստ գրական բառերի նկատմամբ, չի կարողանում զսպել գայթակղությունը եւ գրում է. «...միանգամայն ակներեւ է դառնում աշխատանքի կարեւոր առաքելությունը»` չերկմտելով-չկասկածելով, թե ինչպե՞ս կարող է ակներեւ դառնալ... առաքելությունը:

Ահա եւս մի վկայություն Լ. Միրզոյանի բացառիկ լեզվիմացության: Ցանկանալով դրվատել գրախոսվող բառարանն այն առումով, որ դրանից, «առանց հազարավոր էջեր թերթելու», կօգտվեն ընթերցողները, Միրզոյանը բառարանից դյուրին օգտվելու այս հնարավորությունը ընթերցողի փոխարեն ակամա վերագրում է... բառարանի հեղինակին. «Հեղինակը հասել է իր նպատակին` ընթերցող լայն շրջանին ներկայացնել ժամանակակից հայերենի սակավ գործածական բառերը` առանց թերթելու բազմահատոր ու հազարավոր էջեր...» :

Լ. Միրզոյանը ակնհայտորեն խոր ակնածանք ունի մեր ժամանակների այն թեստագիր լեզվաբանների նկատմամբ, ովքեր հաճախ սեփական քմահաճույքով բառարաններից լույս աշխարհ են հանում բառեր, որոնց ինչ լինելը դժվար է մտապահել նույնիսկ բանասերներին: Ահավասիկ մի փունջ այդպիսի բառերի, որ գրախոսվող բառարանից երանությամբ մեջբերում է Միրզոյանը. աղփուն, անտած, զահանդել, զկծանք, ժմերտ, խազմ, հակճիռ, հիռ, գարգաչել, գբճակ, նշկահել, վաղազրավ, վառակ, ջայլ, ջամբել... Տեսչապետը համոզմունք ունի, թե դրանք, ի թիվս այլոց, «ձգտում են փոխադրվել ակտիվ բառապաշարի ոլորտներ»: Լեզվական իրականությունից որքա՛ն անտեղյակ, այդ իրականությանը որքա՛ն անհաղորդ պիտի լինել` այդպիսի բան պնդելու համար: Տեսչապետն իսկապե՞ս համոզված է, որ, օրինակ, «ջամբել» բառը գործածության առումով թեկուզ եւ չնչին ակտիվություն է դրսեւորում: Լ. Միրզոյանը գուցե գիտի՞ նաեւ, թե այդ բառի ո՛ր նշանակությունն է «ակտիվացել», չէ՞ որ «ջամբել»-ն ունի, ոչ ավելի, ոչ պակաս, հինգ նշանակություն, եւ նրա բառարանային առաջին իմաստը կաթով, կրծքով կերակրելն է: Պատկերացնու՞մ եք` կինը կրծքով կերակրում է երեխային ասելու փոխարեն հայ ժողովուրդն սկսել է «ակտիվորեն» ասել` Կինը ջամբում է երեխային:

(Չհուշե՞նք տեսչապետին, որ բառարաններում հարյուրավոր եւ հազարավոր տարիներ նիրհող բառերին ընդհանրապես պետք է վերաբերվել զգուշությամբ` սեփական քմահաճույքով չարթնացնել նրանց եւ «քնաթաթախ» քարշ չտալ լեզվական իրականություն, ինչպես անում են հայ թեստագիրները: Հարկավոր է այդ բառերի արթնությունն ակնկալել համբերատար սպասումով, երբ նրանց «քունը» կխանգարի ժամանակի շունչը կամ մեկի հանճարեղ ձեռքը. այս դեպքում միայն դրանք հոժարակամ ու թարմացած կվերադառնան լեզվական նոր իրականություն, որ դարձյալ հարստացնեն այն: Ժամանակին Չարենցի ձեռքով չարթնացա՞ն, օրինակ, «վաղնջականն» ու «բարբառելը»` այսօր արդեն շատ գործածական բառեր):

  «Հեղինակը մի առանձին բծախնդրությամբ ներկայացրել է նախորդ եւ վերջին շրջանում (անցյալ ժամանակների ի~նչ անօրինակ բաժանում Լ. Ս.) հաճախակի գործածվող օտար բառերի` գերազանցապես ռուսերենի հայերեն համարժեքները» , գրում է Լ. Միրզոյանը, ապա առանձին պարբերությամբ (պարբերության սեփական ըմբռնմամբ) շարունակում.

  «Օրինակ` ազդագիր (աֆիշ), աղանդեր (դեսերտ), այլուրեքություն (ալիբի), ատաղձ (մատերիալ), բաժ (ակցիզ), դիմամարտիկ (գլադիատոր), վերտ (բրոնեժիլետ), սարած (կոմպլեկտ...» : Շարադրանքից կարելի է ենթադրել, որ Լ. Միրզոյանը ռուսերեն է համարում բառեր, որոնցից ոչ մեկը, սակայն, ռուսերենից չի ծագում: Տեսչապետի անհանդուրժողականությունն օտար բառերի հանդեպ վերաճում է մի ծայրահեղ մաքրամոլության, երբ մերժում է հարյուրամյա վաղեմության փոխառությունները, օրինակ` «գլադիատոր» , որն ընդունում են աշխարհի քաղաքակիրթ ազգերի լեզուները, իսկ ահա մեր տեսչապետը, գրախոսվող բառարանի հեղինակին հետեւելով, առաջարկում է «դիմամարտիկ» բառը, որը, բացի այն, որ բնավ էլ թրամարտիկը կամ սրամարտիկը չէ (լատ. gladius` թուր, սուր), նաեւ չի զուգորդվում գլադիատորի հետ թերեւս ոչ մի հայի լեզվամտածողության մեջ (դիմամարտիկ բառն ունի Նարեկացին. գործածում է դեւերի դեմ մարտնչող իմաստով): Մաքրամոլության ահա եւս մեկ օրինակ. բառարանի հեղինակի նման` տեսչապետն էլ է ուզում հայոց լեզուն մաքրել «ալիբի» բառից` տեղը դնելով «այլուրեքություն» -ը, որ այսուհետեւ նա ալիբի ունի ասելու փոխարեն հայերեն ասենք` նա այլուրեքություն ունի:

Լ. Միրզոյանը, ինչպես ակնարկվեց վերեւում, որոշակի պատկերացում չունի պարբերության մասին: Թերեւս հենց այդ պատճառով համարձակորեն «ջարդում է» վերջինիս բոլոր կաղապարները` ներկայացնելով խոսքի պարբերացման աննկարագրելի օրինակներ, իրարից կտրելով ու մեկուսացնելով բովանդակային ու շարահյուսական առումով անխզելի կապ ունեցող խոսքի միավորները (տե՛ս գրախոսությունը` ծայրից ծայր):

Մտածածն արտահայտելու համար պրոֆեսոր Միրզոյանն անտեղյակ լինելու չափ ազատ է նաեւ հարկավոր բառերը շարադասելու խնդրում: Նա, օրինակ, կարող է ու շաղկապով իրար միացնել երկու բառ այնպես, որ դրանցից մեկը քերականական մի պաշտոնով վերաբերի բայանդամին, մյուսը` մեկ այլ պաշտոնով` գոյական անդամին: «...Հրատարակչությունը կատարել է շնորհակալ գործ` խնամքով ու ակնահաճո տեսքով հրատարակել է Տ. Պալյանի աշխատանքը...» : Փորձենք հնարավոր համարել, որ աշխատության փոխարեն կարելի է հրատարակել աշխատանքը , բայց... Բայց հայ գրական լեզվում կա՞ մեկ այլ դեպք, երբ ու համադասական շաղկապով միացած լինեն ձեւի պարագան ու որոշիչը : Անկասկած, չկա, ուրեմն` ահա՛ միրզոյանական նախադեպը:

Ավարտենք: Ավարտենք, որովհետեւ արդեն այն տպավորությունն ունենք, թե այսքան առձեռն սխալների մասին խոսելը նույնպես մի սխալ է, որով ակամա աղարտում ենք մեր լեզուն:

Մեր աղարտյալ լեզուն, աղետյալ լեզուն:

Իր պաշտոնական պաշտպանի գրչի տակ նույնիսկ անպաշտպան լեզուն:

Անտերունչ լեզուն:

Հետգրության: Արդյո՞ք չի եկել ժամանակը` մարդու իրավունքների պաշտպանի նման ունենալու հայոց լեզվի պաշտպան` ոչ մի դեպքում նշանակովի, այլ ընտրովի պաշտոն, անստորադաս ու անենթակա որեւէ պետական կառույցի եւ պաշտոնյայի: Չէ՞ որ լեզուն էլ, ինչպես մարդը, առավելապես ենթակա է իրավունքների ոտնահարման հե՛նց պետական կառույցների կողմից: Կարծում եմ` ասվածում չափազանցություն չկա: Ահավասիկ օրինակը` ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության լեզվի պետական տեսչության պետի հրապարակային թոթովախոսությունը հայոց դպրոցներ առաքվող պաշտոնաթերթում:


Հոդվածը գրվել եւ «Ազգին» է տրամարդվել 2009-ի դեկտեմբերի վերջին, երբ լեզվի տեսչության պետը Լավրենտի Միրզոյանն էր: Հրապարակման ուշացման պատճառը «Ազգ. Մշակույթ-Հավելվածի» առժամանակյա դադարն էր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4