ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2009-12-05 | #16, 2009-12-19 | #1, 2010-02-27


ԴՈԿՏ. ԿԱՐԱՊԵՏ ԲԵԼՅԱՆԸՙ ԳԵՂԵՑԻԿԸ ԳՆԱՀԱՏՈՂԻ, ԱՐՎԵՍՏԸ ՊԱՇՏՈՂԻ ՎԱԽՃԱՆԸ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Ստորեւ թարգմանաբար ներկայացվող դամբանականը գրականագետ Երվանդ Ազատյանը կարդացել է արվեստի գործերի հավաքորդ եւ արվեստաբան Կարապետ Բելյանի թաղման արարողության ժամանակ: Վերջինս, ինչպես «Ազգը» հաղորդել էր հունվարի 21-ին, վախճանվել էր Միչիգանում:


«Դոկտ. Կարապետ Բելյանը ծնվել էր երկրային Երուսաղեմում եւ բարձրացավ երկնային Երուսաղեմՙ գտնելու իր հավիտենական հանգիստը: Երուսաղեմն այնպիսի անջնջելի հետք էր թողել իր անձնավորության, ոգու եւ մտքի վրա, որ դրա ազդեցության տակ էր մնացել մինչեւ իր կյանքի վերջը: Նրան կարելի չէ բնութագրել որպես կրոնասեր մարդ, բայց Սուրբ երկրի, պատրիարքարանի, վանքի, հայկական եկեղեցու, նրա ավանդույթների ու ժառանգությունների մթնոլորտն այնպիսի խորհրդավորությամբ էին պատել նրա ամբողջ էությունը, որ նա իրեն չէր կարող պատկերացնել այն հոգեւոր, մշակութային եւ վանական ժառանգությունից դուրս, որ մեր նախնիներն էին ստեղծելՙ դարձնելով Երուսաղեմը մեր ազգային հարստությունների երկրորդ օջախը:

Նա ծնվել էր Եղեռնից մազապուրծ մի ընտանիքում, որը երկրորդ անգամ 1948-ի պաղեստինյան պատերազմի օրերին, ստիպված էր «անտուն փախստականի» կարգավիճակին արժանանալ:

Բելյանն իր կյանքում շատ հաջողություններ ու ձախորդություններ էր ունեցել, բայց ոչ առաջիններն էին կարողացել արբեցնել նրան, ոչ էլ երկրորդներըՙ ահաբեկել: Անկախությունը նրա համար հավատամք էր: Անձնական հպարտությունը թույլ չէր տալիս նրան որոնել կամ ընդունել ուրիշների օգնությունը, նույնիսկ այն իրադարձություններում, երբ նա խիստ կարիքն ուներ այդ օգնության: Երիտասարդ տարիքում, երբ ստիպված էր ընտանիքի հոգսն իր ուսերին կրել, միշտ հույսը դրել էր իր ճարպկության եւ հնարամտության վրա: Նա կրթական արտակարգ գործընթացի միջով էր անցել եւ որպես ատամնավիրաբույժ երկու անգամ ձեռք բերել դոկտորի գիտական աստիճան, մեկըՙ Լիբանանում, մյուսըՙ ԱՄՆ-ում:

Անցած չորս տասնամյակների ընթացքում նախ ընտանեկան, ապա եւ հասարակական կյանքում մեր ճակատագրերը սերտորեն էին կապված միմյանց հետ: Դոկտ. Կարապետ Բելյանը գունագեղ, չափազանց հետաքրքրական անձնավորություն էր: Նա աշխարհիկ էր եւ հոգեւորՙ միաժամանակ: Հազվադեպ մի տեսակ, ով երբեք չկորցրեց իր ապրելու կենսուրախությունը: Անտարբեր չէր գեղեցիկի նկատմամբ: Հմայված տարվում էր նրանով, ինքն էլ իր հերթին հմայելով ուրիշներին: Կանանց, արվեստի, ուտելիքի եւ ընկերության մեջ գեղեցիկը հայտնաբերելու մի վեցերորդ զգայարան ուներ իր մեջ: Բոցկլտուն աչքերով նա երբեք չէր ամաչում պատմել եւ խորհրդածել իր պատանեկան արկածախնդրությունների մասին, որոնք իրեն օժտել էին մարդկանց ճանաչելու եւ գնահատելու յուրօրինակ հատկությամբ: Շատ մեծ նշանակություն էր տալիս ընտանեկան, հատկապես հայկական ընտանեկան արժեքներին: Առավոտյան վաղ վերկացողը չէր: Ոչինչ չէր կարող ստիպել նրան վեր կենալ տաք անկողնուց: Բայց երբեք չեմ կարող մոռանալ ձմեռվա ցուրտ եղանակին եւ առավոտյան սառնամանիքին իր երեխաներին մեքենայով դպրոց հասցնելու նրա եռանդն ու կորովը:

Սահուն խոսում էր մի քանի օտար լեզուներՙ անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, թուրքերեն եւ իսպաներեն: Բայց ընտանիքում միշտ հայերենն էր գերիշխում: Հայերենը ոչ միայն սովորական լեզու էր նրա համար, այլեւ վերածնված կապՙ մեր նախնիների եւ պատմության հետ: Դրան որպես հետեւանք նրա բոլոր զավակները սահուն տիրապետում են իրենց մայրենի լեզվին:

Հնարամիտ բառով նրան բնորոշելը բավական չէ: Նա բազմակողմանի զարգացած անձնավորություն էր, որի հետ մի բաժակ գինու ընկերակցությամբ ծավալված խոսակցությունը քեզ կարող էր առաջնորդել արվեստի, գրականության, երաժշտության եւ փիլիսոփայության բարձրագույն տիրույթները:

Նրա անձնավորությունը կարելի է տարբեր կողմերից բնութագրել, բայց արվեստի նրա գործերի հավաքածուն երեւի թե լավագույնս կարող է բնութագրել իրեն: Նա միաժամանակ ե՛ւ ավանդապաշտ էր, ե՛ւ մոդեռնիստ: Անտիկ գեղարվեստի գործերն իր ճաշակով էին, բայց նույնքան հրապուրիչ էին նաեւ ավանգարդիստական արվեստի գործերը: Այդ պատճառով էլ նրա հավաքածուն ընդգրկում է ինչպես հին եգիպտական, այնպես էլ աբստրակտ եւ ֆուտուրիստական արվեստի նմուշներ: Նրա կարծիքով արվեստի զգացական եւ տեսողական ընկալումները միշտ էլ ուղեկցել են մարդուն, բայց նրանց արտահայտչամիջոցներն ու ձեւերը փոխվել են եւ զարգացում ապրել ժամանակի ընթացքում:

Արվեստի տարբեր բացահայտման ու հայտնաբերման նրա հետազոտությունները շատ խորն էին ու հիմնավոր: Նրա սուր աչքը անմիջապես կարող էր ճանաչել գեղեցիկը եւ այդ րոպեին նրա ոգեւորությունը սահմաններ չէր ճանաչում: Տարվում էր գեղեցկությամբ եւ թույլ տալիս, որ այն տիրապետող ազդեցություն թողնի իր վրա, որ հոգեւոր հափշտակությունն ու կրքոտ կլանվածությունը համակեն նրան ամեն անգամ, երբ խորհրդածությունների գիրկն ընկած, դիտում էր արվեստի գործերի իր հարուստ հավաքածուն:

Դոկտ. Բելյանը գիտեր դրամի արժեքը: Եվ գիտեր դրամը ծախսել ճիշտ ձեւով, խելամտորեն: Բայց երբ համակվում էր գեղեցկությամբ, նրա կախարդանքով տարվածՙ մոռանում էր սահմանները եւ ծախսում շռայլորեն: Այդ ձեւով է նա հիմնել, կազմել արվեստի գործերի իր հավաքական, հոյակապ հավաքածուն, որն անբասիր սիրո ու ճաշակի մի յուրահատուկ տապանակ է:

Նրա այդ անմիջական հափշտակվածությունը նկատելի էր նաեւ այլ բնագավառներում, ներառյալ իր կյանքի ընկերուհու, կողակցի ընտրության «բնագավառը»: Նա Զաբելին ամուսնության առաջարկ էր արել նրա հետ հանդիպումից ընդամենը հինգ րոպե անց: Եվ չէր սխալվել:

Հմուտ ու խորագիտակ լինելը հստակ երեւում էր նաեւ դասախոսությունների ժամանակ. նա ամենաբարձր մակարդակով էր կարողանում մատուցել արվեստի վերաբերյալ իր ընտրած այս կամ այն թեման:

Բելյանների տուն այցելությունը միշտ էլ համընդհանուր բավարարվածություն պատճառող մի զգացողություն է: Տիկին Զաբելի խոհարարական եւ խեցեգործական հմտությունները, դոկտ. Բելյանի եւ երեխաների երաժշտական կատարումները եւ արվեստի գործերի ուսուցողական շրջագայությունը կարող են ստեղծել հաճելի եւ միաժամանակ բավականություն պատճառող մթնոլորտ:

Բայց գեղագիտական այս մթնոլորտը նկատելի է ոչ միայն տան պատերի ներսում, այլեւ Բելյան արվեստի կենտրոնում հաճախակի կազմակերպված ցուցահանդեսների եւ համերգների դահլիճներում, ինչպես նաեւ Դատրոյթի Սբ Հովհաննես եկեղեցուՙ դոկտ. Բելյանի ղեկավարած գեղարվեստի հանձնախմբի աշխատանքներում, որոնք անցած երեք տասնամյակների ընթացքում մեծապես նպաստել են համայնքի ներսում տարածելու եւ զարգացնելու գեղագիտական հայացքներ:

Մոտ երեք տարի առաջ դոկտ. Բելյանը ծանր ավտովթարի ենթարկվեց եւ հարկադրված էր հինգ ամիս հիվանդանոցում անցկացնել: Ապաքինումից հետո նա ճոխ խնջույք կազմակերպեց իր հոյակապ տանըՙ նշելու իր վերակենդանացումը: Այդ առիթով արտասանած իմ խոսքերը ավարտեցիՙ «Սիրելի Կարապետ, եթե քո վերակենդանացման հիսուն տոկոսը կարելի է բժշկական հրաշքի վերագրել, ապա մյուս հիսուն տոկոսը անկասկած արդյունքն են տիկին Զաբելի եւ քո երեխաների համակ նվիրվածության: Նրանք քեզ ոգեշնչեցին եւ նոր կյանք պարգեւեցին: Նրանք քեզ հետ զգացին ամեն մի սրսկված դեղորայքի համն ու ցավը եւ մեզ առիթն ընձեռեցինՙ այս օրը վերապրելու քեզ հետ»:

Անցյալ շաբաթ նրա հիվանդանոց պառկելը շատ ավելի նվազ «տրավմայի» հետեւանք էր, բայց ունեցավ շատ ավելի ողբերգական ավարտ: Անմիջականությունը իր կյանքի ուղեկիցն էր եղել միշտ: Այս անգամ էլ նրան չդավաճանեց:

Այսօր, դժբախտաբար, մենք չենք կարող հուսալ, որ կնշենք նրա ապաքինումը: Բայց մենք կարող ենք փառաբանել նրա ապրած ամբողջ կյանքը, որն այնքան լուսավոր էր, ոգեշնչող, ուսուցանող եւ բավականություն պատճառող:

Նա առաջամարտիկ էր եւ այդպիսին կմնա մեր սրտերում ու հոգիներում»:

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԻ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4