ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#16, 2009-12-19 | #1, 2010-02-27 | #2, 2010-03-13


ՀՈՐՁԱՆՈՒՏ

ԼԱՈՒՐԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Վիգեն Չալդրանյանի «Maestro» գեղարվեստական ֆիլմի երեւանյան պրեմիերայից հետո (2009 թ. հոկտ. 31, նոյեմբերի 1) ամերիկյան ցուցադրումները տեղի ունեցան այս տարվա փետրվարի 11-ին եւ 28-ին Ամերիկյան կինոբեմադրիչների Գիլդիայի (American Directors՛ Guild) կինոսրահում եւ Լոս Անջելեսի "Alex" կինոթատրոնումՙ "Artists for kids" կազմակերպության հրավերով:

Վ. Չալդրանյանի յուրաքանչյուր նոր ֆիլմի մուտք միշտ խանդավառությամբ է ընդունել ինչպես սփյուռքահայ, այնպես էլ օտար հանդիսատեսը: Այդպես եղավ նաեւ նրա վերջինՙ «Maestro» ֆիլմի պարագայում:

Փետրվարի 16-ին Լոս Անջելեսի ՀՀ գլխավոր հյուպատոսարանում Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ամերիկյան մասնաճյուղը Վիգեն Չալդրանյանին շնորհեց ակադեմիկոսի կոչում (արտասահմանյան անդամ) եւ կինոարվեստում ունեցած նշանակալից վաստակի համար պարգեւատրեց նույն ակադեմիայի «Թագ եւ Արծիվ» պատվո մեդալով: Ի դեպ, Ռուսաստանի Բնական գիտությունների ակադեմիայի ամերիկյան մասնաճյուղը տարեկան հինգ թեկնածու է ընտրում: Այս տարի առաջինը դարձավ Վիգեն Չալդրանյանը: Եվս երկու մեդալ շնորհվեց «Maestro»-ի գլխավոր դերակատար Միքայել Պողոսյանին եւ Բնության եւ հասարակության միջազգային ակադեմիայի հայկական մասնաճյուղի նախագահ, ակադեմիկոս Ռաֆայել Մելիք-Օհանջանյանին: Մեդալների պաշտոնական հանձնումը Երեւանում վստահված է Վիգեն Չալդրանյանին: Նախորդ տարիներին «Թագ եւ Արծիվ» պատվո մեդալով պարգեւատրվել են մշակույթի, գիտության, քաղաքականության ասպարեզի հանրահայտ դեմքեր եւ երկրների նախագահներ:

Լաուրա Մանուկյանի ներքոհրապարակյալ հոդվածը գրվել է Վ. Չալդրանյանի «Maestro» ֆիլմի երեւանյան պրեմիերայի անմիջական տպավորությամբ:


Հոկտեմբերի 31-ին Երեւանում անձրեւ էր մաղում:

Կինոթատրոնում արդիական եռուզեռ էր: Կապույտ դահլիճի առջեւ ժամը 19.00-ից շուտ հավաքվածները ծանոթներին տեսնում էին, ուրախանում: Պրեմիերա էր, հանդիսություն: Եվ կայացավ հանդիսությունը: Այն էլ ինչպե~ս:

Դահլիճումՙ էկրանի առջեւ աթոռների խիտ շարքեր էին, գործիքների ծնգծնգոց: «Մաեստրո» ֆիլմն էր ցուցադրվելու:

Էկրանին գրված էր «Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ»:

Հանդիսականները տեղավորվեցին, նվագախումբը գործիքալարումը վերջացրեց: Հայտնվեց դիրիժորըՙ Էդուարդ Թոփչյանը: Հնչեց երաժշտությունը:

Ֆանտաստիկ, ճաճանչափայլ գիշերվա լուսային թրթիռներից, տրոփներից ու վազքից վար գծագրվեցին տիտրերը, որ ազդարարեցին ռեժիսոր ու օպերատոր Չալդրանյանի վավերագրական ֆիլմի սկիզբը: Դա պատմողական, նկարագրական ֆիլմ էր մեր գլխավոր նվագախմբի ճապոնական հյուրախաղի մասին: Բացարձակ անպաճույճ: Հիմնականում պատմում էր նվագախմբի ղեկավար Էդուարդ Թոփչյանըՙ պարզ ու անբռնազբոս ոճով: Եվ դա էր ճիշտն ու նորմալը, որովհետեւ պաճուճելու ոչ մի բան չկար: Այնքան ինքնաբավ ու կարգին էին ներկայացվող մարդիկ, այնքան զմայլելի էին հյուրերի կատարումները եւ հյուրընկալողների հասկացողականը, այնքան զարմանալի, ողջունելի եւ ընդունելի էին երկու կողմերի ձեռքբերումները:

Երաժշտության ալիքները ձույլ էին ճապոնական մեգապոլիսի ռիթմերին, եվրոպա-հայկական դասական հնչյունային աշխարհը եւ ճապոն գերարդիականությունը մերված էին, հաշտ էին, ներդաշնակ: Ֆիլմն էլ իր հերթին, նույն կերպ, պարգեւում էր մեզ հոգեւոր ու իմացական հարստություն: Հյուրախաղի թեման միակը չէր ֆիլմում: Անընդհատ ակամա ներկայացվում էր Ճապոն երկրի, բնակչության նկարագիրըՙ խորությունները, բարձրությունները, խտությունները, բոլոր հորձանքները եւ ... հանգստությունը:

Այդպես երեւաց: Շեշտված էր ճապոնական հորձանուտըՙ 21-րդ դարյա ու կարգաբերված, դասականության ու պարզության սկզբունքով, առողջ շնչառությամբ լեցուն, մտածվածությամբ շշմեցնող, անկաշկանդությամբ պարտավորեցնող:

Վավերագրականը վերջացավ մարդկային հոսանքիՙ ՀՈՐՁԱՆՈՒՏԻՑ մի շեշտված դրվագով:

Նվագախումբը նորից տեղավորվեց: Բեմ եկավ «Հովեր» երգչախումբը: Նվագեց թավջութակըՙ իմ ամենասիրելի գործիքը: Պաշարեց ամենահարազատ նվագաձայնը` որպես խռովքի, տագնապների ու փարատումների ընկեր:

Ցուցադրման դրամատիկ նախերգանքն էրՙ կանացի ու առնացի ձայներով, անորոշ բառերով, երկու վերասլաց մենաձայներով, մեկըՙ պարզ-ուղղագիծ, մյուսըՙ գեղգեղուն: Բոլոր գործիքները առաքելության մեջ էին: Նվագում էին Ռ ե ք վ ի ե մ:

«Մաեստրո» ֆիլմն սկսվեց: Սկսվեց հարցով.

- Հիմա աշո՞ւն է, թե՞ գարուն:

...Եվ ոչ մի ակնթարթ հնարավոր չէր կտրվել էկրանից: Մոտ երկու ժամ անց, երբ դահլիճը լուսավորվեց, պարզ էր, որ հանդիսություն չէր, որին մասնակցեցինք: Հանդիսատոն էր: Շնորհավորելի իրադարձություն էր: Դրա գիտակցությամբ ու հպարտության զգացումով հարկ էր շնորհակալ լինել ինձ համար անթերի այդ աշխատանքի, այդ կառուցիկ պատմության համար, ստացածի համար: Եվ շնորհակալ ենք: Եվ շնորհավորում ենք:

Ես հպարտ էի, որ տեսա մի ֆիլմ, որ անխաբ պատմություն էրՙ առավելագույնս աշխատասիրված: Սցենարը, օպերատորական նկարահանումը, մոնտաժը, հնչյունավորումը, երաժշտությունը, վերջապեսՙ ռեժիսուրան - ո՛րն ասես: Այս ֆիլմով կարող են հպարտանալ բոլոր մասնակիցները, աշխատանքային ամբողջ խումբը:

Վիգեն Չալդրանյանի գործերում արտացոլվում են մեր Ազգային Ժամանակի հանգուցային պահերը: Նա ներկայացնում է նախաշեմը, որից սկիզբ են առնում փոփոխությունները, ներկայացնում է թնջուկը, որը հանգուցալուծում, շրջադարձ է պահանջում: Վիգեն Չալդրանյանի ֆիլմերը Խորհուրդ-նետեր ենՙ ուղղված հանդիսատեսի հենց ներաշխարհինՙ ինտելեկտին, խղճին: Այդ գործերը ակտիվորեն հիշեցնում են անցյալը, պարզում ներկան եւ միտվում են ապագային: Դրանք ծրագրային են: Եվ այս ֆիլմն էլ ազգային է ու հույժ քաղաքացիական:

«Մաեստրո»-ում էլ ոչ մի ավելորդություն չկար: Բոլոր մեծ ու փոքր դրվագները անփոխարինելի էին, ստեղծված էր դեպքերի շարանՙ կապակից, արտահայտիչ ու կլանող: Վարպետ ու բնական էին բոլոր դերակատարները: Ինքնատիպ էին կերպարներըՙ ներքինով էլ, արտաքինով էլ. կարծես Վերածննդի նկարչի բնորդուհի, վարսագեղ ու արծաթաշող Կատյուշան (Էկա ...), ազատ, կոլորիտային նկարիչը (Կարեն Ջանիբեկյան), անշեղ ու ամուրՙ աշխատանքային մարդ-գործիչ դիրիժորը (Էդուարդ Թոփչյան), ժամանակակից շրջահայաց երիտասարդության ներկայացուցիչ Տիգրանյան-որդին (Ավետ Բարսեղյան), երկպատկեր Անուշ-մարմնավաճառուհին (...): Իսկ Միքայել Պողոսյանի Մաեստրոն չէր էլ ընկալվում որպես դեր: Սա նույնականության պատրանքի դեպք էր: Եվ այլն, եւ այլն:

Բայց... Թանձր զգացողությունների մշուշ է մեջս ու շվարում: Լցված սրտիս որպես փոխկանչ են հնչում Չարենցյան մոտիվները, եւ «Իմ սրտում ... թավջութակներն են երգում...

- Հիմա աշո՞ւն է, թե՞ գարուն:

Դո՛ւրս:

Հիմա աշուն է: Թաց աշուն: Դուրս գալով, քայլում ես, հասկանում ես, որ մեջդ միայն ցավ չէ, թախիծը լուսավոր չէ, լուսավոր չէ ափսոսանքը, թեեւ թավջութակի կոնցերտը կարծես կա, կարծես միայնության ու ոգորումների հույզերն ու մղկտանքը, խավարն ու լույսը, ընդերքային խմորումները եւ երկնասլաց ազատատենչությունը արդեն ծնվել են, դարձել երկ, հանձնվել են Վիգեն Չալդրանյան - Գուրգեն Խանջյան սցենարիստներին, Չալդրանյան ռեժիսորին, Թոփչյան դիրիժորին, Կարեն թավջութակահարինՙ որպես Շարաֆյանի կոնցերտ ... Եվ ապա մատուցվել են մեզ ու մեր հոգին լցրել ցավով ու ափսոսանքով: Եվ ... այն, որ դա ընդամենը ֆիլմ է, չի մխիթարում: Ապրումը պարուրել է. պարադոքսի, թարս ճակատագրի, ուղու խոտորման ահազանգ կա, անվտանգության խնդիրներ են առաջադրվում եւ ոչ միայն դրվելու համար: Թյուրիմացությունն ու փորձանքը, ամայությունն ու սանձարձակությունը չպետք է դոմինանտ լինեն, չպետք է վճռորոշ լինեն: Սա մինիմալ խնդիրն է մեզ համար...

- Հիմա աշո՞ւն է, թե՞ գարուն...

Այն ժամանակ գարնանամուտ էրՙ 2008-ի փետրվարի վերջերից մինչեւ մարտի 1-2-ը, գարուն:

Կապերն ու կապակցումները կորցրած մի անիվ պտտվում է փողոցն ի վար: Դա իներցիոն սկզբով, վայրէջքային արագացմամբ մի անկառավար ընթացք էՙ հար եւ նման այն ամենին, ինչ կատարվելու է մի քանի օրվա մեջ:

Երկու ընթացքՙ զուգընթացներ ունի ֆիլմըՙ մաեստրոյի եւ միտինգային բազմության, խաղարկային եւ վավերագրական:

60-ամյա թավջութակահար, մաեստրո Արմեն Տիգրանյանին հանդիսավորապես պարգեւատրում են Մովսես Խորենացու շքանշանով: Իսկ նա պրոզաիկ հիվանդության անհարմարությունների մեջ է. շտապում է, ջանում է պահպանել նախկին, նորմալ վիճակը:

Սիրելի ու հարազատ, առաջին կնոջ մահից հետո, անդարձ կորստից տառապյալ,- երաժշտությամբ եւ նոր սիրովՙ լուսագեղ ու նրբաթրթիռ Կատերինայով, որդով եւ թոռով վերականգնված,- իր այս դաշն միկրոաշխարհում ապրող Մաեստրոյին հույժ անհանգստացնում է ինտիմը: Թավջութակին փարված, ներհուն այդ մարդը սկզբում միայն իր երաժշտության հետ էՙ իր առաքելությամբ աներեր, ապա հայեցողի դերում է: Իսկ հետո կոնկրետ շփումները բացահայտում են այլ իրողություններՙ ստվերներ: Մաեստրոյի զուտ մարմնական դիսկոմֆորտը վերածվում է փակուղու: Անախորժության զգացումը շարունակվում է որպես ապրումՙ նստվածքի, ապերջանկության, մենակության, ավելի ու ավելի մեծ ոլորտներ ճարակող արժեզրկման, ահագնացող ոգեսովի, մոլուցքի, կատաղախտի:

Հընթացս ծավալվում են միտինգները, հրապարակային ալեկոծումները: Մեջտեղվում են նորանոր իրավիճակներ: Հանգամանքների ու թյուրիմացությունների բերումով սկիզբ են առնում դեպքեր, անձնական ու հանրային ցնցումներ:

Զուգակից են երկու զարգացումները: Դրանք նույնը չեն: Ի՞նչ կարող է զգալ մարդկային ամենախոր ընկեր-գործիքը խոսեցնող մարդը: Հնարավո՞ր է արդյոք լինել թավջութակահար եւ անմասն լինել ապրումներին, տվայտանքներին ու ճակատագրականությանը: Մաեստրոյիՙ արժեքների աշխարհի հիմքը ճեղք է տվել: Թափանցամաշկ գեղուհու հանդեպ հիացքը փոխվում է սթափության, ապա դառնության: Կնոջ դավաճանության կասկածները զարկում են նրա դղյակի հիմքին, նրա վերածնված սրտի հազիվ վերստեղծված ապարանքին: Ասեկոսեները, աշխատանքային փսփսոցները, ուսանողների անհաղորդությունը սասանում են Մաեստրոյի աշխարհը, իսկ անհասկանալի մասսաների բզզոցները, հաբրգածների աննամուսությունն ու սանձարձակությունը, ծախուությունն ու անելանելիությունը, Անուշ-ների մարմնավաճառուհի կարգավիճակը եւ ակնդետ հայացքով շունը` իր անբառ հարցերով, լրացնում են նրա անդուռ միայնությունը: Տնից օտարված, հետո նաեւՙ աշխատավայրից քշվածՙ Մաեստրոն դեգերում է, փնտրում հենարան, գոնե հենակետեր: Եվ այս ամենը զուգահեռված է հրապարակի ու փողոցների պրոցեսներին: Միտինգավորների մեջ Մաեստրոն «Հայացքների թակարդում» է: Փողոցի մարդիկ էլ են օտար: Բայց այնուամենայնիվ նա վանվում է նախկին ուղղահուն կյանքից:

«...Ու կդառնա ողջը սուտ / Ու գինու պես քո հոգին / Հորդՙ կթափվի նրանց մութ / Ու մահահոտ հատակին»:

Անպատմելի է դիպաշարը, ցնցումների ուղի էՙ շղթայական ռեակցիայի օրինակ:

Այս ֆիլմը Ափսոսանքի մասին է, ցավի մասին: Խաղարկային բաժնումՙ Ափսոսանք է Մաեստրոյի համար, ափսոսանք` արծաթաձայն ու սիրատոչոր, անմռունչ սպասող ու տառապող Կատյայի համար, ափսոսանք` բնական ստեղծագործական հունից դուրս ընկած, արդեն խոտոր վիճակի հատուկ մի ոճի հարմարված Նկարչի համար: Ափսոսանք կա փողոցային պչրուհուՙ ամենանվաստացուցիչ վիճակում գտնվող այդ աղջկա համար, որ դարձել է տռփանքի անոթ եւ հանդուրժում է սանձարձակների վերաբերմունքը: Դեռատի մարմնավաճառուհուն մտերմության կարճառոտ պահեր, հոգեկան կոնտակտ է նվիրում Մաեստրոնՙ քնքշության ու ափսոսանքի ընդամենը մի համբույր, որ բացում է Անուշ անունով տարաբախտ աղջկա բեկյալ կերպարը: Մաեստրոյի համար նա սկզբում առնական ուժի անկատար էքսպերիմենտի օբյեկտ է ու վկա: Իսկ վերջում այդ մանկամարդ կինը, որ առաջին «հանդիպման» ժամանակ փորձում էր օգնել համակրելի ու սրտակից մարդունՙ վերացնելու առնականության թերարժեքությունը, դառնում է կատաղությամբ ախտահարվածի օրհասական տռփական ժայթքման կրող, մոլեգին տռփանքի պարտնյոր: Ֆիլմում հարցականանում է նաեւ պչրուհու հետագա վիճակըՙ կատաղախտի հնարավոր զոհ դառնալու առումով: Ափսոսանք կա խոտոր ու վհատական տնազուրկների համար: Ափսոսանք կա Շան համար: Թվում էՙ սա այն շունն է, որին չարենցյան տողն է բնորոշ. «Շուն, կարոտի~ իմ եղբայր, դառնաթախիծ իմ ընկեր ... »: Իսկապես էլ շնային հավատարմությամբ ընկեր կարող էր լինել նա, բայց իր անտերունչ վիճակից արժանացել է ընդամենը կատաղախտի եւ դարձել վարակի կրող ու փոխանցող, ինչպես եւ հետագայում տենդահար Մաեստրոն:

Իսկ վավերական բաժնում ահռելի է ափսոսանքը չկայացածի համար, ագրեսիայի ու ցուցադրականության կերպը որդեգրած ծայրահեղականների համար, Թումանյանի արձանի վերեւներում չրթող տղեկի կուլտուրայի համար, թամաշայի համար, թեժ խառնակության համար, չհասկացվածության եւ անհաղորդության համար: Եվ Մաեստրոյի խոսքը գուցե ճիշտ էր.

Իսկ գուցե այնտեղ լինե՞լն է ճիշտ:

Գուցե եւ այդպես էՙ անկախ նրանից, գաղափարակից ես, համախոհ ես, թե չէ: Կարող էՙ չլինեին այդպիսի սեւեռուն շիկացումներ, անհանդուրժողություն ու թշնամականություն: Երեւի թե խուսափուկ պահվածքը նույնպես պայմանավորեց այդ մթնոլորտը: Ստեղծվեց խառնարանը:

Անպատմելի այս կինոնկարը ռեքվիեմ է Մաեստրոյի եւ 2008-ի մարտի 1-ի համար:

- Հիմա աշո՞ւն է, թե՞ գարուն...

Հիմա աշուն է: Անձրեւ է մաղում կամ կաթում: Անձրեւը լա՞ց է, սփոփա՞նք, թե՞ մաքրագործում: Անձրեւը լաց է, սփոփանք, մաքրագործում:

«Որպես լքված թավջութակի ձգված մի լարՙ / Դողում է սիրտս կարոտով մի ահարկու. / Կարոտներիս գագաթն է այնՙ վերջին քնա~ր...

Անդառնալի կորուստի զգացումն է մեջս, կորուստի ծանրությունը, անփարատ մի տխրություն, ինչ-որ սխալի գիտակցություն, միաժամանակՙ հասկանալու, բժշկելու-բժշկվելու տագնապալի պահանջ: Հուզական այդ հորձանքը կարիք ունի մեկնաբանության: Ափսոսանքը սրտում. ցավը տեսած, ցավերով անցած մենք այս ֆիլմի կարիքն ունեինք, որովհետեւ պսիխոթերապիայի պետքը ունենք: Այս կինոնկարը պսիխոթերապիա է: Իրավամբ, ի՞նչ է պսիխոթերապիան, եթե ոչ վերլուծություն ցավ առ ցավ, քայյլ առ քայլ, շերտ առ շերտ: Անհասկացողություն, չարություն, մոլուցք, մոլեգնություն, կատաղախտ, հարձակում, արյուն, ամայություն: Սա հիվանդություն է, որի ակամա մեղավորն է ախտահարը եւ որը արյան վտանգ ունի: Իսկ հիվանդության մեղավորը մեղքն էՙ ՏԱՍԸ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԻ խախտումը: (Իսկ իշխանավորները պետք է ոչ միայն իրենք հետեւեն պատվիրաններին, այլեւ ապահովեն պատվիրաններով ապրելու հնարավորությունները):

Բուժման բանալին համընդհանուր էՙ ճշմարտությունը, որ ճշմարտություն է բոլորի համար: Սերը առ մերձավորը: Սա է մեր հավաքականության, կենտրոնաձգության երաշխավորը: Եթե ոչՙ փորձանքը դամոկլեսյան սրի պես է:

Ֆիլմը ոչ դեմ է բազմությանը, ոչ մարդկանց, ոչ մաեստրոյին, նրա կնոջը, որդուն, հարսին, թոռանը, կոլեգաներին, ոչ փողոցային պչրուհուն, ոչ ոստիկաններին, ոչ լրագրողին, ոչ իսկ շանը: Դեմ է թշնամությանը, դեմ է փորձանքին, պատուհասին: Եթե ամեն մեկը չներփակվեր, դատապարտվածի պես չտաներ ցավն ու դարդը, եթե իրոք Կարող ու Սիրող մարդը` հոգեբան կամ անաչառ խորհրդատու, հոգ տաներ մարդուն ու հանրությանը: Եթե լույսն առաջնորդեր: Եթե կռիվը, պայքարը լինեն նաեւ հանուն եւ ոչ թե միայն ընդդեմ ...

Իսկ այս ֆիլմը Սիրո ու Ապրումի ծնունդ է: Սիրո առաջին պահանջը հենց բնական հոգատարությունն է: Մշտական եւ ամենուրեքյան: Եվ փոխադարձ: Սա պայման է: Սա է դրսի եւ ներսի ներդաշնակությունը: Մարդը ոչ միայն բանական, հոգեւոր, ոգեղեն լայնություն-բարձրություն-խորություն ունի, այլեւ բնազդներով, բնական շրջանառությամբ, նյութափոխանակությամբ, կենդանական արարած է, թեեւ ասուն:

Կինոնկարը մարդու մասին է, մարդկանց մասին է, բազմության մասին է, մեր մասին է, շան մասին է, ովքեր կարող են վտանգված լինել, կարող են տուժել, կարող են զոհվել պատուհասի պատճառով: Թյուրիմացություն առ թյուրիմացություն է կազմավորվում պատուհասը, ահագնանում է փորձանքը եւ դառնում ողբերգություն, աղետ: Հիմքում չըմբռնելու, չլսելու կուլտուրայի պակասն է կամ բացակայությունը, ուշադրության ու պատշաճ վերաբերմունքի ահագնացող դեֆիցիտը, կանխակալությունը, շտամպներից ազդվելը, թշնամականությունը: Իսկ կանխելու համար աշխատանք է պետք: Սեր է պետք: Ոչ թե սանձահարել մարդու բնությունը, այլ մարդուն վերաբերվել այնպես, ինչպես կուզեիր, որ քեզ վերաբերվեին:

Այնինչ էկրանին արդեն ծայրակետն է: Անհանգիստ տենդով, անգամ շան խածոցից առաջ, Մաեստրոն, որ ճար ու հենարան էր փնտրում, հեռացած իր կենսակերպից, կատաղախտի բարձրակետում կամ Արժեքների «անկումներից սարսափած» ու հալածականՙ հայտնվում է փողոցում եւ գետնից ձեռքն է առնում քարը: Սա է վերջը, բանականի վերջը: Վհատական ու տառապյալՙ նրա մեջ արդեն այլ բնազդներ են խոսում, արդեն ախտահարվածության դիկտատն է: Իսկ փողոցներում, զուգահեռաբար, ԲԱԽՈՒՄՆԵՐՆ են: «Հուսահատական սեւ ժամերն» են:

Իսկ մնացածը ... անհնարին, համակ ցավ է: Մնացյալը վերջն էՙ գրգռված էմոցիաները, ոխակալությունը, մոլեգնության վերջակետը` արյունը եւ տարակուսանքըՙ ԻՆՉՈ՞Ւ:

«Ախր, էդ ո՞նց եղավ»,- տնքոցով հարցնում էր հայտնի ֆիլմի հերոսներից Գեւորգ Սարոյանը:

Իսկ էկրանի սահմռկեցուցիչ վավերագրական դրվագներից, քանդելու-ջարդելու-ծեծելու կենդանական բնազդների խրախճանքում, արնաշաղախ տապալված մարդկանց կողքերում խլրտացող անկարգ ոտուձեռների, քացիների, նետումների, հարվածների ու ոստիկանական մահակների արանքում մի կանխողի-զսպողի-ոստիկանի գոռոցն է մեխված ահազանգում.

- Արա, հոպ: Հոպ, արա, ստոպ:

Կանգ առ, մոլուցքը ահռելի ու ահավոր առաջնորդ է: Դիմացդ քո մեծ ընտանիքի անդամն է, դիմացդ քո եղբայրն է, քո հարազատը:

Ինչպե՞ս եւ ի՞նչ եղավ 1996-ին (չէ՞ որ նույնամասշտաբ իրադրությունում արյուն չթափվեց): Ինչպե՞ս տեղի ունեցավ 1998-ի հոկտեմբերի 27-ի սպանդը: Ինչի՞ց եղավ 2008-ի մարտի 1-ը, ո՞նց հեղվեց արյուն:

Տեսնո՞ւմ ենք թակարդները: Պետք է տեսնենք: Չէ՞ որ մենք մի ընտանիք ենք:

... - Ներսն ու դուրսը ներդաշնակ պետք է լինի: Հոկտեմբերի 31-ի այս դիտումը տալիս է Ճշտության, շտկման, ապրելու, ուժավորման ազգային առաջադրանք: Դա է ներկա հրամայականը: Հարկ է անսալ ու տեսանել: Դա է նրաՙ Արմեն Տիգրանյանի վերջին անբառ խոսքումՙ վերջին հայացքում. անտակ անդունդների, գահավիժման իսկությունն է այդ հալածական, վայրի աչքերում, «Մաեստրո»-ի վերջին դրվագում: Անպատմելի է նրա պատմությունը: Եվ երաժիշտ նվիրյալի սրտի թարգմանը կարող էր լինել միայն թավջութակըՙ ողբաձայնով ու մորմոքով, փաղաքուշ ամոքումով ու խաղաղեցմամբ: Եվ այդ ձայնը հնչում է որպես ապաշխարանք: Մաեստրոյի չարչարանքին, որպես մահերգ զոհերին, որպես ըղձանք Առաջընթացի:

- Ո՞նց անել, - ահա առաջինՙ վավերագրական ֆիլմի հորձանուտի եւ «Մաեստրո» ֆիլմի հորձանուտի հանդիպադրությունից ծագած հարցը:

Բաղդատումը կարեւոր է եւ ինքնին ստացվեց: Եզրակացությունը մեկն է. Հորձանուտն ու Գեղեցկությունը պետք է մերվեն, չհակադրվեն. իրար համար են:

Ուստիեւ այս ֆիլմը ձոն է թավջութակին, երաժշտությանը, գեղակերտմանը եւ ինքն էլ կերտվել է հանուն գեղեցիկի փրկության եւ գեղեցիկով փրկության:

Ինչպե՞ս է դիրիժորը ի մի բերում, ժողովում բոլոր ձայները: Հենց նոր ականջներ սղոցող ձայներ հնչեցնողները, դիրիժորին ի տես, ընդհանուր մի կետի վրա կենտրոնանալովՙ լռում են. կարգավորվում են ուժերն ու շնչառությունը եւ ունակ ու կարող մարդու ձեռքիՙ առանցքային փայտիկի շարժումներին ենթակա, մտածված ու ապրված, տեսական Գործը դառնում է իրական, լսելի, շոշափելի, վայելելի հարստություն, առաջընթաց, բարիք: Այդքան տարբեր նվագարաններ են համախմբվում, այդքան տարբեր ձայների տերեր են իրար կողք կանգնում, այդքան տարբեր նվագներ են նվագվում: Բայց համախումբը այդ կերպ է օրգանիզմ դառնում, այդ համազուգակցումով է կերտվում կատարելությունը, գեղեցկությունը: Գեղեցիկը կփրկի աշխարհը: Գեղեցիկը, որ ուժեղների, առողջների, արժանապատիվների, նվիրյալների ձեռքում կդառնա ղեկ, փարոս, ուղենիշ, ծրագիր հանրության ու ազգի համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4