ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#16, 2009-12-19 | #1, 2010-02-27 | #2, 2010-03-13


ԼԻՏՎԱՆ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ

Հանրապետության անկախության 20-ամյակի առթիվ

ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր

Ձմռան վերջերինՙ փետրվարի 12-ին Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի դեսպանության նախաձեռնությամբ Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի համերգասրահում տեղի ունեցավ երեկոՙ նվիրված բացառիկ կոմպոզիտոր եւ նկարիչ Միկոլոյուս Կոնստանտինաս Չյուռլյոնիսին (1875-1911): Երեկոյի ընթացքում հնչեցին դաշնամուրային ստեղծագործություններ (գլխավորապես պրելյուդներ, ինչպես նաեւ էսքպրոմպտ, նոկտյուրն, վարիացիաների երկու ցիկլ եւ «Ծովը» սյուիտը), որոնք ուղեկցվում էին Չյուռլյոնիսի հիանալի նկարների լուսապատկերների ցուցադրությամբ եւ նրա նամակների ու օրագրերի հատվածների ընթերցանությամբ: Հանդես էին գալիս վիլնյուսցի դաշնակահարներՙ Երաժշտության ակադեմիայի մանկավարժ Ռոկաս Զուբովասը եւ նրա տիկինըՙ Սոնատա Զուբովիենեն (վերջինսՙ հիմնականում ասմունքողի դերում):

Վիլնյուսում Մ. Չյուռլյոնիսի անվան մրցույթի 1986 թ. հաղթող Ռոկաս Զուբովասը իրեն դժվար խնդիր էր առաջադրելՙ non-stop նվագելով երեւանյան լսարանին ներկայացնել բեկումնային ժամանակի կոմպոզիտորի անծանոթ աշխարհը: Իրոք, 19-20-րդ դդ. սահմանագծի երաժշտության մեջ ռոմանտիկական պատկերացումների բեկումը եւ իմպրեսիոնիզմին, էքսպրեսիոնիզմին, նեոկլասիցիզմին գրեթե միաժամանակյա անցումը նպաստեցին սրացված աշխարհընկալմամբ արվեստագետների ձեւավորմանը: Նման արվեստագետներին հետաքրքրում էին ինչպես տիեզերքը, այնպես էլ մարդկային հոգին, ինչպես ինտուիցիայով կառուցվող երեւակայական աշխարհը, այնպես էլ օրգանական բնության աշխարհը:

Չյուռլյոնիսը պատկանում էր արվեստագետների այդ տիպին, եւ նրան կարելի է համեմատել տարեկից Ալեքսանդր Սկրյաբինի եւ ավագ ժամանակակից Կլոդ Դեբյուսիի հետ, որի նվագախմբային նշանավոր «Ֆավնից» (1834) հետո երաժշտական աշխարհը սկսեց առաջ շարժվել նոր ուղիով: Հետաքրքրական է այն փաստը, որ Չյուռլյոնիսը Դեբյուսիի հետ միաժամանակ է գրել «Ծովը» սիմֆոնիկ պոեմը (1903-ից)ՙ այն ավարտելով միայն 1907-ին (իսկ Դեբյուսինՙ 1905-ին): Բայց Չյուռլյոնիսը, ավա՜ղ, չիրականցրեց սիմֆոնիկ «Աշխարհի արարման» մտահղացումը, թեեւ այդ հայեցակարգը մարմնավորեց նույնանուն անկրկնելի գեղանկարչական աշխատանքներում...

Անժամանակ մահը լիտվացի անզուգական կոմպոզիտորին, որը, ի թիվս այլ բաների, հետաքրքրվում էր նաեւ ժողովրդական երգերի խմբերգային մշակումների ժանրով (նա ինքը բանահյուսության մի քանի նմուշ էր հավաքել), թույլ չտվեց ամբողջովին ինքնադրսեւորվել: Այս առումով, ինչպես ինձ վիճակվեց գրել «Հայ երաժշտությունը 20-րդ դարի համատեքստում» գրքում, Չյուռլյոնիսի ազգային նշանակությունը համեմատելի է անմահ Կոմիտասին. այդ կոմպոզիտորների գաղափարները բացեցին ազգային երաժշտական արվեստի առաջընթացի հեռանկար:

Լիտվացի ժամանակակից կոմlպոզիտորները, որոնց երկերը ժամանակ առ ժամանակ կատարվում են Երեւանում, մեծարում են Չյուռլյոնիսին, ինչպես մենքՙ Կոմիտասին: Հատկանշական է նվագախմբի եւ ձայներիզի համար Բրոնյուս Կուտավիչյուսի գրած «Ձուկիական վարիացիաները»ՙ Dzukiskos Variacijos (Ձուկիան վայր է Լիտվայում), որը 1980-ականների սկզբներին մեզ մոտ կատարում էր Երեւանի կամերային նվագախումբը Զավեն Վարդանյանի ղեկավարությամբ: Գյուտարարական սոնորիստական վարիացիների համար թեմա է ծառայում ժողովրդական երգը, որը սկզբում ձայնագրված հնչում է Չյուռլյոնիսի խմբերգային մշակմամբ, իսկ վերջումՙ իր մենաձայն տեսքով:

Առհասարակ 1980-ական թվականներին հայ-լիտվական երաժշտական շփումները բավականաչափ աշխույժ էին: Դրա վկայություններից է Վիլնյուսի այն ժամանակ երիտասարդ Լարային քառյակի այցելությունը, որը կրկնվեց միայն 2009-ի փետրվարին: Երեւանյան համերգներում թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանը նվագում էր Վիչյուսի «Perpetuum mobile» վիրտուոզ պիեսը, իսկ երգեհոնահար Արթուր Ադամյանը մասնակցում էր ֆլեյտայի, թավջութակի եւ երգեհոնի համար Նարբուտայտեի գրած «Ինտերլյուդիայի» կատարմանը: Իսկ բուն Վիլնյուսի օպերայի եւ բալետի թատրոնում այդ տարիներին իր լիտվուհի կնոջ հետ փայլում էր մեր տենոր Գեղամ Գրիգորյանը, որն արժանացավ Լիտվայի ժողովրդական արտիստի կոչման:

1987 թ. նոյեմբերին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմի վրա «Թատրոնը եւ ժամանակը» համամիութենական ստեղծագործական հանդիպման շրջանակներում մեծ հաջողությամբ հանդես եկավ Կաունասի Դրամատիկական թատրոնը (ի դեպ, այդ քաղաքում է գտնվում նկարիչ Չյուռլյոնիսի աշխարհահռչակ թանգարանը): Կաունասցիները Երեւան էին բերել Բրոնյուս Կուտավիչյուսի «Կեռնեխը կանաչ թռչուն է» երաժշտական ներկայացումը (այդ յուրօրինակ օպերան կոչվում է նաեւ «Ստրազդյալիս»): Դա լեզվով միթոպոետիկ ներկայացում է, որը մեծապես տոգորված է փարաջանովյան սիմվոլիկայով եւ հին ծիսական բովանդակությամբ (ներկայացման բեմադրիչ Յոնաս Վայտկուսը չէր ժխտում Ս. Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերների» եւ «Նռան գույնի» ազդեցությունը), եւ որտեղ պատմվում է 18-19 դարերի սահմանագծի ժողովրդական բանաստեղծ Ա. Ստրազդասի ողբերգական ճակատագրի մասին: Ներկայացման իմաստն այն է, որ մարդը հավերժաբար կատարում է կյանքի իմացության եւ նահատակության, ճշմարտության եւ ժամանակների կապի որոնման, ծննդյան եւ մահվան իր ծիսական շրջանը:

Զարգանում էին նաեւ երաժշտագիտական կապերը: Երեւանյան կոնֆերանսներին մասնակցում էր հայտնի գիտնական Վիտաուտաս Լանդսբերգիսըՙ Լենինգրադում 1971 թ. հրատարակված եւ Չյուռլյոնիսի մասին պատմող «Գարնան սոնատ» գրքի հեղինակը: Ազգային հստակ դիրքորոշումը եւ համաժողովրդական հեղինակությունը ապահովեցին Վ. Լանդսբերգիսի ընտրությունը 1990 թ. նոր Լիտվայի առաջին նախագահի պաշտոնում:

Երեւանի կոնսերվատորիայի որակավորման բարձրացման ֆակուլտետում որպես ունկնդիր ներկա էր լինում համակողմանիորեն օժտված երաժշտագետ Ադաս Տաուրագիսը, որը վերջերս, ցավոք, հեռացավ կյանքից: Ի դեպ, Տաուրագիսի շնորհիվ է տարածում գտել մի անգլիացի երաժշտագետի կողմից Իգոր Ստրավինսկու «Սրբազան գարուն» բալետի երաժշտական թեմաների գաղտնիքների ֆանտաստիկ բացահայտումը: Գտնելով Ստրավինսկու ձեռքի տակ եղած ազգագրական ժողովածունՙ նա հիմնավորել է Ստրավինսկու այդ հանճարեղ պարտիտուտի հիմնական երաժշտական նյութի կապը հինավուրց լիտվական ֆոլկլորի հետ:

Ես ինքս 1980-ականներին երեք անգամ եղել եմ Վիլնյուսում. նախՙ 1984 թ. Լիտվայի կոմպոզիտորների միության 9-րդ համագումարի առիթով, ապա 1986 թ. հոկտեմբերին կոնսերվատորիայում (այժմ Երաժշտության ակադեմիա) դասախոսությունների շարք եմ կարդացել ժամանակակից հայ երաժշտության տեսական հարցերի վերաբերյալՙ ժանր, ձեւ, ոճ: Միաժամանակ Լիտվայի կոմպոզիտորների միությունում կազմակերպել եմ հայ կոմպոզիտորների երաժշտության ունկնդրություն, որը հետագայում շարունակել է առաջատար կոմպոզիտոր Ֆելիքս Բայորոսը: 1987 թվականին հյուր էի լիտվական երաժշտության փառատոնում, որտեղ ելույթ ունեցա քննարկման ժամանակ: Ինձ համար անսպասելի էր ելույթիս հրապարակումը «Kulturos barai» («Մշակույթի ուղենիշներ», 1988, թիվ 2) հանդեսում:

Ցավոք, կոմպոզիտորական եւ գիտական շփումների երբեմնի ռիթմը կորսված է, բայց մեր մշակույթները պետք է բաց լինեն նոր սերունդների իմացության համար: Կատարող երաժիշտների շնորհիվ երկու երկրներում կարելի է ակտիվացնել այդ գործընթացը (իհարկե, նախապես բացելով Երեւան-Վիլնյուս չվերթ): Այսպես, անցյալ տարի Վիլնյուսի օրերի ժամանակ (Վիլնյուսը 2009-ի մշակութային մայրաքաղաքներից էր) կոմպոզիտոր Բրոնյուս Կուտավիչյուսի գլխավորած լիտվացի երաժիշտների պատվիրակության մեջ մտան ինչպես մեզ լավ հայտնի բարձր պրոֆեսիոնալ Վիլնյուսի քառյակը մշտակա Աուդրոնե Վայնյունայտեի հետ (1-ին ջութակ), այնպես էլ հայերիս համար նոր, հրաշալի երաժիշտներՙ դաշնակահար Պետրաս Գենյուշասը եւ ջութակահարուհի Ինգրիդա Ռուպայտեն:

Եվ, իհարկե, օրերի զարդը դարձավ ականավոր թավջութակահար եւ դիրիժոր Դավիդ Գերինգասի մասնակցությունը, որի ինքնօրինակությունն ու մասշտաբն ըստ արժանվույն շարունակում են նրա մեծ ուսուցիչ Մստիսլավ Ռոստրոպովիչի ավանդույթները: Երեւանում այն ժամանակ, Կուտավիչյուսից բացի, կատարվեցին Վիտաուտաս Լաուրուշասի, Օսվալդաս Բալակաուսկասի, Օնուտե Նարբուտայտեի, Անատոլի Շենդերովասի ստեղծագործությունները: Վերջին հեղինակի թավջութակի կոնցերտը (մենակատարՙ Գերինգաս) հինգ տարի առաջ մեզ մոտ հնչեց Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգի ժամանակՙ տաղանդավոր դիրիժոր Ի. Մուսինի սան Ռոբերտաս Շերվենիկասի ղեկավարությամբ (ներկայումս ազգային օպերայի երաժշտական տնօրենն է):

Կուզենայինք, որ Լիտվայի պետականության հոբելյանի առթիվ անպաճույճ շարադրված այս փաստերը մեր երաժիշտներին տրամադրեն հետագա ստեղծագործական համագործակցության, սկսած կրթական նախագծերից մինչեւ փառատոնայինները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4