ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2010-02-27 | #2, 2010-03-13 | #3, 2010-03-27


ՄՏԱՀՈԳ ԵՄՙ ԱՌԱՆՑ ՉԱԿԵՐՏՆԵՐԻ

ԱՐԱՔՍԻ ՍԱՐՅԱՆ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր

Թեքեյան կենտրոնում «Ազգ» թերթի նախաձեռնությամբ կազմակերպված «Կլոր սեղան»-ի մասնակիցներից եմ նաեւ ես: Ընդհանրապես ձգտում եմ ներկա լինել բոլոր այն հրավերներին, ուր պետք է քննարկվեն ազգային մշակույթի այս ու այն հարցը, անցուդարձը: Գնում եմ իրական մի մտահոգությամբ. մասնագետի իմ համեստ կարողություններով եւ իմացությամբ օգտակար լինել ու քննարկվող խնդիրներին: Չմանրամասնեմ, մտահոգությունները քիչ չեն այսօր: Իսկ եթե օգտակար լինելու մտահոգությունը պետք է վերցվի չակերտների մեջ, ապա դրան կարող է փոխարինել հուսահատությունը, որ կործանարար է թե՛ մարդու, թե՛ երեւույթի համար:

Ինչ վերաբերում է «Կլոր սեղանի» շուրջը ծավալված օպերային թատրոնի արդի վիճակին նվիրված ասուլիսին, ինչպես ճշմարտացիորեն նշում է «Ազգ» թերթի լրագրող Մելանյա Բադալյանը, «...սա մասնագիտական վերաբերմունք էր երաժշտական մեր ներկա վիճակինՙ նույն մասնագիտական պարտքի պատասխանատվության դիրքերից» (տե՛ս 2010 թ, մարտի 10-ի «Ազգ»-ի «Մեր մտահոգությունները... երբեմն անանձնական» հոդվածի մեկնաբանող առաջաբանը):

Ճշմարտությունը պահանջում է ասել, որ ներկաներից ոչ մեկը տարված չէր «Արջի մորթին բաժանելու» անուրջներով («Ազգ» թերթին ոչ բնորոշ զարմանալի վերնագիր էր կրում 2010 թվականի մարտի 11-ի 6-րդ էջի հոդվածը)*:

Հայտնի իրողություն է, որ քննադատությունը եւ, հատկապես, առողջ բարյացակամ քննադատությունը կոչված է լինել հասարակության խնդիրների ըմբռնմամբ եւ դրանց ուղիների որոնումներով: Այն կոչված է նաեւ թերությունների եւ սխալների ազնիվ բացահայտման ճանապարհով նպաստել դրանց հաղթահարմանը, դրանք ինչ-որ ձեւով ու մեթոդով շտկելու հնարավորությանը:

Ինչ վերաբերում է օպերային թատրոնին, այն, անշուշտ, մեր ազգային մշակույթի, սինթետիկ կատարողական արվեստի կարեւոր օջախներից է, որ 1933 թվականից անցել է ստեղծագործական փառավոր ուղի, ստեղծել փայլուն եւ իր ակադեմիական կոչմանն արժանի պատմություն: Չհիշել այդ պատմությունը եւ հղումներ չանել այդ պատմությանըՙ անկարելի է:

Չհասկանալ նաեւ օպերային թատրոնն այսօրՙ սոցիալ-հասարակական նոր պայմաններում ղեկավարելու դժվարությունները, ճիշտ չէ, անտեսել պետության եւ մշակույթի նախարարությանՙ օպերային թատրոնին դժվար կացությունից հանելու ակտիվ միջամտությունը, նույնպես անկարելի է: Չտեսնել գլխավոր դիրիժորի, արտիստական խմբի նվիրյալների աշխատանքըՙ ազնիվ չէ: Նրանցից շատերը, իսկ Կարեն Դուրգարյանը, մասնավորապես, մեր աչքի առջեւ ձեւավորված եւ արվեստի դժվարահաճ ճանապարհը բռնած անհատներ են, որոնց յուրաքանչյուր հաջողությունը մեզՙ «երաժշտական թատրոնի հետ կապ չունեցող» երաժշտագետներիս համար թատրոնի ապագայի հուսալիությամբ ապրելու ուրախություն է: Բայց չմտածել, թե ինչ պայմաններով են աշխատում կոլեկտիվի, այսօրվա մոդայիկ լեզվով ասվածՙ ոչ էլիտար անդամները (նվագախմբի, երգչախմբի անդամներ, բեմի բանվորներ...) դժվար է:

Ուրեմն ընձեռված յուրաքանչյուր հնարավորություն պետք է օգտագործվի ճիշտ ու խելամիտ: Չի կարելի մտածել, թե «մեր օպերային թատրոնն անկասելի վերելքի ճանապարհին է», երբ իրար ետեւից բեմ են հանվում ստեղծագործության իրական գեղարվեստականությունը եւ բովանդակությունը (թող որ ժամանակակից մտքով ու ձեւով) չբացահայտող անհաջող ներկայացումներ:

Այս շարադրանքս չի նշանակում, թե չեմ գնահատում թատրոնի վերջին տարիների որոշ ձեռքբերումներըՙ Ավետ Տերտերյանի բարդագույն պարտիտուտի կամ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի բեմադրությունները, կամ ազգային երկացանկի ընդլայնումը: Բայց վերջինների անհաջող, երբեմն նույնիսկ անընդունելի մարմնավորումները «անկասելի վերելքի ճանապարհ» չեն: Չերկարացնելու համար համառոտակի միայն անդրադառնամ ժամանակին ազգային պրոֆեսիոնալ դասական օպերայի տեսակը ազդարարող «Ալմաստ»-ի 2009 թվականի բեմադրությանը:

Օպերան իր «Ալմաստ» անվանմամբ («Թմկաբերդի առումը» թումանյանական պոեմին «Ալմաստ» վերնագիրը տվեց լիբրետիստ Սոֆյա Պարնոկը) փառահեղ պատմություն ունի: Այդ պատմությունը կերտեցին դիրիժոր Գ. Բուդաղյանը, ռեժիսորներ Ա. Բուրջալովը, նկարիչ Մ. Սարյանը, դերակատարներ Տ. Սազանդարյանը, Պ. Լիսիցյանը, Գ. Գաբրիելյանը, Լ. Իսեցկին: Պատմությանը հղումներ անելիս, երբեմն նեղսրտությունների ես հանդիպում: Այդպիսի դեպքերում հիշում եմ Ուինստոն Չերչիլի միտքը. «Ճակատամարտը անցյալի հետ, վտանգված է ապագայի կորստյամբ»:

«Թմկաբերդի առումը» պոեմն օպերայի իր «Ալմաստ» վերնագրով, անշուշտ, լուրջ խնդիրներ ունի: «Ալմաստը» ոչ միայն պատմական, այլեւ բարդ հոգեբանական օպերա է: Ինձ պատմել են, թե Թիֆլիսի «Վերնատուն» կոչվող հայ գրողների խումբը մեղադրել է Թումանյանին հայ կնոջ այդպիսի կերպար ստեղծելու համար: Իսկ Թումանյանը պատասխանել է, թե պոեմի հերոսուհու ազգությունը չնշելով, ցանկացել է ստեղծել կանացի փառասիրությամբ եւ ավելին ունենալու մոլուցքով տառապող կերպար (այդպիսի կանայք, հավանաբար, կան կյանքում): Դրա լավագույն ապացույցը պոեմը սկզբնավորող քառյակներն են: Իհարկե, օպերայի «Ալմաստ» խորագիրը ընտրվեց հերոսուհու անունով: Հետեւաբար, նրա կերպարի ճշմարիտ մեկնության խնդիրն առավել է բարդացել: Դե՛, հիմա արի ու մի հիշիր պատմությունը: Երեւանի օպերային թատրոնը հանձին Տաթեւիկ Սազանդարյանի, ունեցել է այդ կերպարի անզուգական մարմնավորողին, որն առանձին վարպետությամբ, վոկալ եւ արտիստական ամբողջականությամբ հանդիսատեսին հասցնում էր Ալմաստի ներքին հակասություններով խճողված ողբերգության հոգեկան բարդ կացությունը:

Ասում ենՙ թատրոնն սկսվում է հանդերձարանից: Ներկայացումն էլ վարագույրի բացմամբ սկսվում է ձեւավորումից, որը պետք է ունենա տարածական ու ժամանակային հատկանիշներ, հանդիսատեսին ներկայացման աշխարհ ներգրավելու համար:

«Ալմաստ»-ի ներկա բեմադրության ձեւավորումը հանդիսատեսին մոլորեցրեց անհասկանալի մի միջավայրում, որը ոչ պատմական էր, ոչ էլ գեղագիտական: Եվ երեւի թե ռազմատենչ այդ ձեւավորմանը համապատասխան էր ներկայացման ֆինալային դրվագը, երբ հրազեններով զինված զինվորները դահլիճ են ներխուժում եւ կրակոցներ արձակում, անսպասելիորեն տագնապ առաջացնելով ցնցում հանդիսատեսին, մինչդեռ վարագույրի բացման եւ ֆինալի միջեւ պետք է տեղի ունենան ներկայացման գործողությունը. սյուժեի գաղափարական, դրա հակասությունների բացահայտումը, կերպարների հոգեբանական մարմնավորումներն իրենց ամբողջականության մեջ, միզանսցենների պատճառաբանված ընթացքն ու փոխկապակցությունները (անհասկանալի էր Նադիր Շահի աղոթքի դրվագը) եւ այլն, եւ այլն... Դրանց քննարկումների խնդիրը չունեմ այս շարադրանքում: Միայն չասել չեմ կարող ակադեմիական թատրոնին անհարիր գավառականության մասին, որը բնորոշ է դարձել վերջին մի շարք բեմադրությունների համար: Իսկ ամենացնցողն ինձ համար եղավ երիտասարդ մի հանդիսատեսի ասածը.

- Ես էլ Թումանյան չեմ կարդա:

Մի՞թե այդ նպատակն է հետապնդում ներկայիս արվեստը:

Իսկ ինչքա՜ն բան է տվել մեզ Թումանյանը...

Իմ ընդդիմախոսը կամ ընդդիմախոսները (իսկ նրանք շատ են լինելու) կհարցնեն. իսկ ո՞ւր էիք դուք: Մենք կայինք... Կայինք միայն ներկայացման հանձնման կամ պրեմիերային լինելու հրավերով: Մեր ասած-չասածն այլեւս իմաստ չուներ: Ճշմարիտ լինելու համար ասեմ, որ հրավիրված եղել ենք «Դավիթ Բեկ» օպերայի բեմադրական աշխատանքի ընթացքում: Մեր խորհուրդները երկարաձիգ օպերայի ճիշտ կրճատումների, գործող անձանց դերամասերի երաժշտության ոչ ճիշտ բաշխում-փոխադրումների մասին մնացին օդում: Արվեց այնպես, ինչպես մտածված էր:

Ի՞նչ ասել կուզե խոսքս... Խորհենք ու մտածենքՙ հասկանալ միմյանց: Եվ եթե կան մտահոգ մարդիկՙ դիրիժոր, երգիչ, թե երաժշտագետ, ապա դա ոչ թե «Արջի մորթի բաժանելու» կամ «գեներալի» կարիերա ձեռք բերելու, այլ մեր ցավոտ խնդիրներին օգտակար լինելու համար է: Եվ եթե ընտանիքից ու միջավայրից (ուր կային եւ կան հայրենական մշակույթին անանձնական նվիրյալ անհատներ) ժառանգած գործին եւ մարդուն օգտակար լինելու հատկությունները կասկածի տակ են առնվում, ապա ինչի՞ն հավատաս այլեւս...


* Ակնարկը վերաբերում է Աննա Ասատրյանի «Արջի մորթին բաժանելու անուրջներով տարված» վերնագրով հոդվածին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4