Վերջին ամիսներին ՀՀ-ում եւ արտասահմանում լույս են տեսել բազմահարյուր գրքեր եւ այլ հրատարակություններ: Դրանցից մի քանիսին «Ազգն» ու հայաստանյան ուրիշ լրատվամիջոցներ անդրադարձել են: Այդուհանդերձ, հարմար գտանք հայ գրականությանը, հայոց պատմությանը, հայկական արվեստի, մշակույթի եւ հայկական հասարակական-քաղաքական մտքի համար ուշագրավ այդ հրատարակություններից ստորեւ ներկայացնել ընդամենը մի փնջի համառոտ մատենագիտությունն ու նկարագրությունը: Տեղեկությունների մի մասը քաղել ենք սփյուռքահայ մամուլից, ուր հաճախ պակասում են հրատարակչական որոշ տվյալներ: Պահպանել ենք բնագրի ուղղագրությունը եւ լեզվական առանձնահատկությունները:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Երեւան
- Աելիտա Դոլուխանյան, «Դրվագներ հայ գրաքննադատական մտքի պատմությունից» , «Զանգակ-97» հրատարակչություն, 2009, 223 էջ: (Ուսումնական ձեռնարկ մանկավարժական բուհերի բանասիրական հոսքերի բակալավրիատի ուսանողների համար):
- «Հայոց պատմություն» , «Զանգակ-97» հրատարակչություն, 2009, 240 էջ (16.7 x 24 սմ.), գլխավոր խմբագիրներ` Աշոտ Մելքոնյան եւ Արամ Սիմոնյան, խմբագիր` Արամ Նազարյան: (Դասագիրք ընդհանուր եւ բնագիտամաթեմատիկական հոսքերի 10-րդ դասարանների համար` գրված խեղաթյուրումներից զերծ գիտական վերջին մոտեցումներով): ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության հաստատած այս ձեռնարկը լույս է տեսել 40 հազար տպաքանակով:
- Ասպրամ Ծառուկյան, «Բարեւ, ինչպե՞ս եք, լա՞վ եք... - Հուշեր Մոնթեի մասին» , «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 2009, 408 էջ (Ա-5): (Փաստավավերագրական նյութի հիման վրա գրված գեղարվեստական հուշապատում): Հրատարակվել է Արցախյան ազատամարտի մասնակից գեներալ-մայոր Գուրգեն (Գարիկ) Մելքոնյանի օժանդակությամբ:
- Արարատ Աղասյան, «Քաջազի մշտավառ կանթեղը» , «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 2009 երկլեզու` հայերեն եւ անգլերեն: Ամերիկահայ ճանաչված նկարիչ Քաջազունի Քեչեջյանի ստեղծագործությունների պատկերագիրքը` լույս տեսած նկարչի ծննդյան 85-ամյակի առթիվ: Շնորհանդեսը կայացել է սեպտեմբերի 25-ին` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հրատարակվել է այրու` Սաթենիկ Քեչեջյանի մեկենասությամբ:
- Արարատ Աղասյան, «Հայ կերպարվեստի զարգացման ուղիները XIX-XX դարերում» , խմբագիր` Աննա Ասատրյան, «Ոսկան Երեւանցի» տպագրատուն, 2009 (ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրենի դոկտորական ատենախոսությունը. առաջաբան, երկու բաժիններ` երեքական գլուխներով, վերջաբան, ծանոթագրություններ, օգտագործված աղբյուրների եւ գրականության ցանկ, անվանացանկ, պատկերներ, ռուսերեն ու անգլերեն ամփոփումներ): Հրատարակվել է պետական պատվերի շրջանակներում:
- Դանիել Երաժիշտ, «Հայաստանը երգերում» , Դ հատոր, 2009: Շնորհանդեսը կայացել է հոկտեմբերի 25-ին` Երեւանի կամերային երաժշտության տանը: Նվիրված է 1999թ. հոկտեմբերի 27-ի սպանդի զոհ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի հիշատակին: Հովանավորն է այրին` Անահիտը:
- Դավիթ Գասպարյան, «Հայ հին եւ միջնադարյան գրականության պատմություն» , «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 2009, 928 էջ: Շնորհանդեսը կայացել է նոյեմբերի 26-ին` Հայաստանի Ազգային գրադարանում:
- Էմմա Հարությունյան, «Հայ ճարտարապետության մնայուն ձեռագիրը» , «Մուղնի» հրատարակչություն, 2009, 200 էջ (Ա-4): Ներկայումս Երեւանի մաս կազմող` 1920-1930-ական թթ. հայրենադարձների համար կառուցված ավանների ու Նոր Խարբերդ ավանի ճարտարապետական բնութագրի ուսումնասիրությունը: Հրատարակվել է ՀԲԸՄ-ի եւ ԱՄՆ Արաբկիրի հայրենակցական միության միացյալ մեկենասությամբ:
Շարունակելի
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ