ՖԵԴԵՐԻԿՈ ՖԵԼԻՆԻԻՆ
Հունվարի 20-ին լրացավ Իտալիայի անցյալ դարի ամենափայլուն զավակներից մեկիՙ համաշխարհային կինոյի հսկա Ֆեդերիկո Ֆելինիի ծննդյան 90-ամյակը:
Այս առիթով թարգմանաբար հրատարակում ենք դարի բալետի մեծություն, ֆրանսիացի հռչակավոր բալետմայստեր Մորիս Բեժարի գրած նամակը կինոյի մեծությանը, որի առիթը եղել է Ֆելինիի ինքնակենսագրական «Ամարկորդ» կինոնկարը: Նամակի լուսապատճենն առաջին անգամ հրատարակվել է անցյալ տարի Փարիզում լույս տեսած «Fellinicitta» հոդվածների ժողովածուում:
11-3-1974
Պարոն,
Ես վերադառնում եմ Միլանից, որտեղ դիտել եմ ձեր վերջինՙ «Ամարկորդ» ֆիլմը, եւ հուզմունքի անմիջական տպավորության տակ փորձում եմ գրել ձեզ: Ես բավական հազվադեպ եմ գրիչ վերցնում ձեռքս, քանի որ մի կողմից ես ավելի հեշտ արտահայտվում եմ պարողի մարմնով, քան բառերի ծուղակն ընկած, մյուս կողմից խորշում եմ ստեղծագործողի կյանքը ձանձրացնել գովասանական բարբաջանքով: Եվ կարծում եմ, սուտ ասած չեմ լինի, եթե խոստովանեմ, որ իմ գրչից այս նամակն, անշուշտ, իր ժանրի մեջ առաջինն է:Ես հետեւել եմ ձեր յուրաքանչյուր ֆիլմին, որոնք հետզհետե բացահայտել են մի լիովին իրական աշխարհի հիմքերըՙ հաստատուն եւ միաժամանակ անշոշափելի, որ գործում են ինձ վրա, մեր բոլորի վրա, ինչպես բացահայտող... ըստ այդմ դարձնելով բոլոր փոխակերպումները: Մի աշխարհ, որն առաջին հայացքից առեղծվածային է, բայց նաեւ ծանոթ, որը մեզ թույլ է տալիս մեր իսկ մեջ գտնել բոլոր հարցերի պատասխանը, լուծել լարվածությունները կամ ճգնաժամերը: Ուրախության մի աշխարհ: Այս ամենը ես տեսա «Ամարկորդ»-ում բացարձակ մի ուժով եւ հատկապես ապշած եմ հակադրությունների իրականացման վրա: Մի ստեղծագործող, որ կարողանում է հասնել տեխնիկական ճշգրտությանՙ բարձր պահելով բացարձակ ազատություն, կապել հրաշալի մի պարզություն գործի (թաքնված) բարդությանը: Վարպետությամբ ձեռք բերված բնույթ, որն անդադար իշխում է: Ձեւական կատարելությունՙ պարուրված հուզմունքով, հումորով, քնքշությամբ: Հարություն առած կյանք: Պարզություն: Սեր:
Ես սիրում եմ կինոն: Դա մի դպրոց է, որտեղ ես սովորել եմ (գրեթե) ամեն ինչ: Ամենալավը եւ ամենավատը: Մոռացե՛ք այս խոսքերը, որոնք ըստ էության բավարար չափով չեն արտահայտում իմ մտքերը, բայց հիշե՛ք, որ ես անսահմանորեն հիանում եմ ձեզնով:
Շնորհակալություն:
Մորիս Բեժար
Ֆրանսերենից թարգմանեց ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԸ