Լեզվավիճակը` ընդհանուր մտահոգության առարկա
Վերջին շրջանում հայոց լեզվի այսօրվա ու վաղվա մտահոգությամբ, Լեզվի տեսչության անբարենպաստ կարգավիճակի առնչությամբ տարբեր լրագրային հրապարակումներ եղան: Լեզվի տեսչությունը շնորհակալություն է հայտնում բոլոր այն մտավորականներին, քաղաքացիներին, որոնք մտահոգ են մեր երկրի պետական լեզվի, ասել է թե` մեր երկրի ապագայով:
«Ազգ» օրաթերթի ապրիլի 10-ի մշակութային հավելվածում Լեւոն Սարգսյանը նույնպես իր հեղինակած «Հորդորակներ» հոդվածում անդրադարձավ մեր երկրի լեզվական խնդիրներին: Մենք հարկ ենք համարում արձագանքել հոդվածում զետեղած նրա չորս «հորդորակին»:
ԱՐՁԱԳԱՆՔ Ա հորդորակին
«Ընդունված է համարել, որ «Լեզվի մասին» ՀՀ օրենքը հայ օրենսդրության ձեռքբերումներից է: Կասկածելի պնդում է»: Այսպես է սկսում իր հոդվածը Լեւոն Սարգսյանը` շարունակությամբ քննադատելով նշյալ օրենքը: «Լեզվի մասին» ՀՀ օրենքը ոչ թե պարզապես «ընդունված է համարել», այլ այն իսկապե՛ս մեր երկրի լեզվական օրենսդրության ձեռքբերումներից է, բայց ո՛չ ամենեւին այն պատճառով, որ որպես օրենսդրական փաստաթուղթ կատարյալ է: Այն մեր օրենսդրության ձեռքբերումն է, քանի որ մեր երկիրն իր պատմության մեջ առաջին անգամ է նման օրենք ընդունել: Որքան էլ հռչակագրային, իրավաբանական տեսանկյունից որքան էլ անկատար, «Լեզվի մասին» օրենքն այդ ժամանակաշրջանում մեր երկրի լեզվական անկախության պաշտպանը դարձավ: Այսօր էլ այդ անկախությունը պաշտպանելու խնդիրն օրակարգից հանված չէ: Իսկ որ մենք ինքներս ներսից ոտնահարում ենք մեր պետական լեզվի շահերը, մեր պետական օրենքը, այն պատճառով չէ (կամ գոնե` առաջին հերթին այն պատճառով չէ), որ «Լեզվի մասին» ՀՀ օրենքը այնքան էլ օրենսդրական ձեռքբերում չէ: Մեր քաղաքացիների, պաշտոնյաների, գործարարների մեծ մասը դեռ չի հասել գիտակցության այն աստիճանին, որ հասկանա մի պարզ իրողություն` երկրի օրենքը հենց իր շահերից է բխում. անձամբ իր շահերից: Օրինակ, մինչեւ հիմա չենք գիտակցում, որ ճանապարհային երթեւեկության կանոնները հենց մեր կյանքի անվտանգությունն են ապահովում, ու ամեն կերպ փորձում ենք շրջանցել դրանք: Նաեւ` գրական հայերենի իրավունքները մեզանում ոտնահարվում են ոչ այն պատճառով, որ «օրենքը սողանցքներ է թողել, որ հնարավորինս ոտնահարվեն» դրանք: «Լեզվի մասին» օրենքը նման տրամաբանություն չունի: Իսկ այն հանգամանքը, որ «Լեզվի մասին» օրենքը չի հստակեցնում, թե որն է «պաշտոնական լեզուն», խնդրո առարկա օրենքը բարեփոխելու հիմքերից մեկն է հանդիսանում:
ԱՐՁԱԳԱՆՔ Բ հորդորակին
Ինչ վերաբերում է հրապարակային խոսքում է օժանդակ բայի փոխարեն բարբառային ա-ի գործածությանը, Լեզվի տեսչությունն այն համարում է լեզվական ամենամեծ չարիքներից: Մենք այդ մասին մամուլում հրապարակումներ ենք ունեցել: Գրավոր պատասխանել ենք նաեւ Ձեր նամակ-մտահոգությանը:
Լեզվի տեսչությունն ամեն օր հետեւում է զանգվածային լրատվամիջոցների լեզվին: Պատրաստվում են լեզվական սխալների ամփոփագրեր ու ներկայացվում հասցեատերերին: Մամուլում բազմաթիվ հոդվածներ են տպագրվել ԶԼՄ-ների լեզվական սխալների մասին: Տեսչությունն ունի սակավ եւ հաճախ հանդիպող, խիստ տարածված սխալների շտեմարան: Լեզվական վտանգավոր մեղանչումների շարքը գլխավորում է նշված ա-խոսությունը:
Զանգվածային լրատվամիջոցների, մասնավորապես` հեռուստատեսության լեզվավիճակն, իսկապես, բարվոք չէ: Ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղղությամբ Լեզվի տեսչությունը հնարավոր քայլեր է ձեռնարկում: Նախ սկսել ենք ԶԼՄ-ների լեզվի ծավալուն դիտարկումներ, որոնց արդյունքները վերլուծելով կփորձենք օգնության ձեռք մեկնել նրանց: Մենք արդեն մեր կատարած վերլուծությունները` լեզվական կոպիտ սխալների մատնանշումով ուղարկում ենք ԶԼՄ-ներին, առաջարկում քննարկել, հետեւություններ անել: Առաջիկայում կձգտենք շատ ավելին անել, մշտադիտարկումների ամբողջական ծրագիր ունենալ: Հրատարակման է պատրաստվում «Լեզվաշխարհ» պարբերականը, որտեղ հրապարակումներն անընդհատ եւ հասցեական կլինեն: «Լեզվաշխարհ»-ն, իհարկե, կկրի նաեւ իմացաբանական բնույթ: Նման հրատարակությունը, կարծում ենք, շատ սպասված է եւ մեծ դեր կունենա լեզվավիճակի, մասնավորապես` մեր լրատվամիջոցների լեզվի բարելավման հարցում:
Այո, մեր երկրի լեզվական խնդիրները լուծելիս մտավորականները եւս պետք է կանգնեն Լեզվի տեսչության կողքին: Վերջին երկու ամսում մամուլում տեղ են գտել ճանաչված լեզվաբանների` Հ. Բարսեղյանի, Պ. Բեդիրյանի, Լ. Խաչատրյանի, Ռ. Սաքապետոյանի, Դ. Գյուրջինյանի, Ե. Գեւորգյանի եւ այլոց, ինչպես նաեւ ոչ լեզվաբանների` գրականագետների, գրողների, դերասանների` Դ. Գասպարյանի, Ս. Մուրադյանի, Ա. Գասպարյանի, Ա. Հեքեքյանի, Լ. Սարգսյանի եւ այլոց ուշագրավ հրապարակումները` լուրջ մտահոգություններով ու առաջարկություններով: Մենք սիրով ենք ծանոթացել եւ արձագանքել դրանց, քանի որ այդ հրապարակումներում ոչ միայն իրավիճակի մտահոգությունն է, այլեւ միասին այն փոխելու ձգտումը եւ վճռականությունը: Միայն վերջին շրջանում նման հրապարակումների թիվն անցնում է քառասունից: Մեր մայրենիի խնդիրներով մտահոգված շատ այլ մտավորականներ եթերով նույնպես ասել են իրենց խոսքը: Մասնավորապես խոսվել ու գրվել է ա-խոսության` որպես լեզվական ամենավտանգավոր չարիքի մասին:
ԱՐՁԱԳԱՆՔ Գ հորդորակին
Հոդվածի հեղինակը իրավացի չէ, երբ պնդում է, թե տեսչությունը մամուլում հանդես չի գալիս հրապարակումներով: Հրապարակումներ պարբերաբար լինում են: Ինչ վերաբերում է տեսչության պետի պաշտոնակատար Սերգո Երիցյանին, ապա նա քանիցս հանդես է եկել ելույթներով, հարցազրույցներ տվել լրատվամիջոցներին, որոնցում իր հատուկ դիրքորոշումն է արտահայտել ինչպես առկա լեզվավիճակի, այնպես էլ լեզվաքաղաքականության, լեզվաշինության, լեզվականոնարկման խնդիրների վերաբերյալ:
Ինչ վերաբերում է տեսչության կատարած ստուգումներին, որ դրանք գուցե չեն խփում ամենակարեւոր նշանակետերին, բայց դրա պատճառը տեսչության աշխատակիցների թերացումը չէ, այլ լեզվական օրենսդրության (մասնավորապես` «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի) անկատարությունը, «Լեզվի մասին» ՀՀ օրենքի եւ այլ օրենքների` լեզվին վերաբերող հոդվածների միջեւ անհամապատասխանությունը, ինչը շտկելու ուղղությամբ եւս քայլեր են ձեռնարկվում:
Ինչ խոսք, մեր երկրի լեզվական օրենսդրությունը կատարելագործման կարիք ունի, ինչը եւս պետք է իրականացնել քայլ առ քայլ` նաեւ հանրային քննարկումների միջոցով:
Համաձայնենք, որ լեզվական մտահոգություններ կրող մտավորականը պիտի կանգնի այդ օրենքի նման բարեփոխման կարոտ, բայց եւ այդ օրենքի նման կարեւոր պետական մարմնի` Լեզվի տեսչության կողքին, սատարի գործով ու առաջարկներով: Ներկայացված հոդվածում առաջարկներ, իհարկե, կան: Բայց Լեզվի տեսչությունն առանց այդ էլ շատ լավ գիտի, որ իրեն մամուլի օրգան է պետք, որ իրեն հեռուստատեսային հաղորդաշար է պետք: Լեզվի տեսչությանը նաեւ առանձնացված ստորաբաժանումից բարձր կարգավիճակ է պետք, հաստիքներ են պետք, ժամանակակից տեխնիկա է պետք: Լեզվի տեսչության գլխին միշտ մեր պետության հոգատար ձեռքն է պետք: Մի խոսքովՙ ներկայացված առաջարկները Լեզվի տեսչության ամենօրյա անելիքն են ու ամենօրյա մտահոգությունը: Դրանք Լեզվի տեսչության թերացումները չեն, այլ խնդիրները, որոնք հստակեցման եւ լուծման կարիք ունեն:
Մենք ավելի քան վստահ ենք, որ հոդվածագրի մտահոգություններն անկեղծ են, իսկ նպատակը մեր լեզուն մաքուր ու անաղարտ տեսնելն է: Բայց կուզենայինք, որ նա ավելի մոտիկից ծանոթ լիներ այսօրվա վիճակին եւ հնարավոր հեռանկարներին, Լեզվի պետական տեսչության գործառույթներին եւ նրա առջեւ ծառացած խնդիրներին: Այդ դեպքում պատկերացումները շատ ավելի հստակ կլինեին:
Մենք, ընդհանրապես, կողմնակից ենք, որ մեր մտահոգ մտավորականները եւ քաղաքացիները մեր կողքին լինեն, մեզ օգնեն եւ աջակցեն: Թե չէ պատահում է նաեւ այնպես, որ Լեզվի տեսչության խնդիրների մասին խոսում, թմբկահարում են մարդիկ, ովքեր հենց իրենք են ձախողել տեսչության այն գործընթացները, որոնք հենց իրենց են վերապահված եղել: Հեռու չգնանք: Վերջերս լրատվամիջոցներից մեկում մի բորբոքուն հոդված տպագրեց մի մարդ, ով նախկինում աշխատել է Լեզվի տեսչությունում: Այն պատասխանատու աշխատանքը, որ վստահված էր այդ մարդուն, տեսչությունում երբեք այդ աստիճանի բարձիթողի վիճակում չի եղել, նրա ղեկավարած բաժինը երբեք այդքան ակտիվորեն զբաղված չէր եղել ոչինչ չանելով, ինչպես նրա պաշտոնավարության շրջանում: Նա իրավամբ չի համապատասխանել իր զբաղեցրած պաշտոնին (ատեստավորման արդյունքում հանձնաժողովը տվել է «Չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին» եզրակացությունը) եւ ազատվել է աշխատանքից, բայց հիմա էլ հանգիստ չի նստում. բաց նամակներ է գրում, ինչ-ինչ գնահատականներ տալիս, փրկության ծրագրեր առաջարկում:
ԱՐՁԱԳԱՆՔ Դ հորդորակին
Ամենից հեշտ գործը քննադատելն է: Պետք չէ գործի հեշտությամբ գայթակղվել: Պետք է ունենալ իրավիճակի հստակ գնահատականը, իրականանալիից մի քիչ ավելի մտադրությունների, անելիքների ծրագիր` մեծ ու ծանր աշխատանք կատարելու վճռականություն:
Եվ վերջապես, հանրահայտ է պատմական ճշմարտությունը. հայրենիքը եւ լեզուն պաշտպանում են զենքով եւ գրչով, ոչ այլ գործելակերպով: Լեզուն բոլորինս է, լեզվական առկա խնդիրներով մտահոգ ենք բոլորս, եւ այդ հարցերը պետք է քննարկվեն, լուծվեն փոխադարձ հարգանքի, միասնականության մթնոլորտում եւ ոչ թե կսմիթներով:
ՀՀ ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ