ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2010-04-10 | #5, 2010-04-24 | #6, 2010-05-08


ԿՈՄԻՏԱՍԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

ԴԱՆԻԵԼ ԵՐԱԺԻՇՏ

Կոմիտասը հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է: Նա ապրել եւ ստեղծագործել է հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական ժամանակաշրջանում, երբ Օսմանյան Թուրքիայի սանձազերծած-ծրագրած ցեղասպանությունը սպառնում էր բնաջնջել ամբողջ հայ ժողովրդին:

Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» վեպում պատմվում է, թե ինչպես կոտորածներից փրկված, ծնողազուրկ հայ երեխաները պատսպարվում էին անտառներում, եւ քրդերը այդ մանչուկներին բռնում, բերում էին ու վաճառում հայերին: Եվ Անդրանիկի զինվոր Իսրոն ահա այսպես է արտահայտել իրենց բուն նպատակը. «որբեր հավաքենք, փաշա, շիթիլ անենք Հայաստանի համար» ...

Մեծն Նժդեհը ասում էր. «Երկիրը հայրենիքի աշխարհագրական զրահն է: Հայրենիքը-այդ երկիրը մշակող ժողովրդի ոգին է, նրա մշակույթը» (Ռ. Համբարձումյան, Գարեգին Նժդեհ, Եր., 2003, էջ 140):

Եվ եթե մեր զինվորները, ազատամարտիկները փրկում էին մեր հողերը, մեր երկիրը, ապա Կոմիտասը փրկում էր մշակույթը, ժողովրդի ոգու պատկերն արտացոլող երաժշտությունը: Ըստ Կոմիտասի, «Երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին» : Եվ այդ ջարդուփշուր եղած հայելին էր, որ հավաքեց ու ամբողջացրեց Կոմիտասը: Վարդապետը գրի էր առնում երգերը, ուսումնասիրում, մաքրում խորթ ազդեցություններից, բյուրեղացնում, բազմաձայնում եւ, վերջապես, ինքն էլ երգում, կատարում իր ստեղծած երգչախմբով:

Կոմիտաս վարդապետը տեսականորեն եւ գործնականում ապացուցեց, որ հայն ունի ինքնուրույն երաժշտություն, որը բխել է հայոց լեզվից եւ անկրկնելի է, ինչպես հայոց այբուբենը: Երաժշտության մեջ Կոմիտասն արեց այն, ինչ սուրբ Մեսրոպ Մաշտոցն ու իր աշակերտներըՙ հայոց լեզվի ու գրականության ասպարեզում: Եվ եթե յուրաքանչյուր հայ որբուկի դիմաց պահանջում էին մեկ ոսկի, ապա Կոմիտասն իր երգերը ձեռք բերեց ավելի թանկ գնովՙ իր կյանքով:

Կոմիտասի բանահավաքության մասին խոսելիս հաճախ են գործածում «փրկել» բառը: Բանասեր Տիգրան Չիթունին գրում է. «Միայն երկու գիշերվան մեջ կորստե փրկված էին հիսնյակ մը նոր ժողովրդական եղանակներ» (Ռ. Թերլեմեզյան, Կոմիտաս, Եր., 1992, էջ 50): Եվ այդ փրկած երգ-շիթիլները վերընձյուղվեցին, դարձան սաղարթախիտ ծառեր, որոնց հիման վրա վեր խոյացավ հայ ազգային կոմպոզիտորական դպրոցը: Պատահական չէ, որ Արամ Խաչատրյանն ասել է, թե իր ամենամեծ ուսուցիչը Կոմիտասն է, «Կոմիտասը մեր երաժշտության հոգեւոր հայրն է» : Տեղին է Մարտիրոս Սարյանի խոսքը. «Ես հինգ հազար տարեկան եմ, նույն տարիքն ունի նաեւ Արամ Խաչատրյանը: Արվեստագետները իրենց մեջ ընդգրկում են սեփական ժողովրդի կենսագրությունն ու պատմությունը» (В. Юзефович, Арам Хачатурян, М., 1990, стр. 269): Այս խոսքերը կարելի է վերագրել նաեւ Կոմիտասին, քանզի վարդապետը նույնպես իր մեջ կրում էր ամբողջ մի քաղաքակրթություն:

Կոմիտասյան երգերը իրենց շառավիղով, բարբառների հրավառությամբ ընդգրկում են Արեւելյան եւ Արեւմտյան Հայաստանըՙ ծովից ծով: Հայոց բնաշխարհը պատկերող երգերը Կոմիտասը բնորոշել է որպես «ձայնանկար»: Օրինակ, «Էս գիշեր, լուսնակ գիշեր, ձուն եկեր, գետին նախշեր», «Ալագյազ սարն ամպել ա», «Գարնան գութան հանեցի, արտը բամբակ ցանեցի»... Այդպիսին են նաեւ հայ գեղջուկի աշխատանքը արտացոլող հորովելները: Իսկ պանդխտության երգերում բաբախում է հայրենազուրկ հայի կարոտակեզ սիրտը: Սուրբ հոգով շաղախված ոսկեդարի շարականների, տաղ ու գանձերի կոմիտասյան մշակումները հավիտենական կյանքի հույս ու հավատ են ներշնչում:

Ըստ Թոմաս Մանի, արվեստըՙ կարոտն է վերաձուլված կերպարների: Ապա որքա՜ն կարոտ կա կոմիտասյան «Կռունկ», «Ախ, մարալ ջան», «Ալագյազ», «Խնկի ծառ», «Ծիրանի ծառ», «Հայաստան, երկիր դրախտավայր» երգերում: Իմաստունն ասել է. «Իսկական դրախտըՙ կորսված դրախտն է»: Հիրավի, Կոմիտասի երգերում հայ ժողովրդի կորսված դրախտն է պահպանվել ու հավերժացել: Դա զգում են նույնիսկ օտարները: Այս մասին կարող են վկայել նաեւ հայ երաժիշտների ելույթներն աշխարհի տարբեր երկրներում, եւ այլազգի երաժշտասերների ու մասնագետների գնահատականները կարելի է ամփոփել սլովենացի մի ունկնդրի խոսքով. «Հրեշտակաձայն երգեր»: Հենց այսպիսին է Կոմիտասի վերջին երգըՙ «Հայր մեր» մանկական աղոթքը, գրված Մեծ եղեռնի օրերին, 1915 թ. հուլիսի 12-ին:

Հա՛յր մեր,

Տո՛ւր մեզ, տո՛ւր քո շնորհ,

Լիուլի, ամեն օր.

Հա՛յր մեր.

Կյանք տուր մեր մայրիկին,

Կյա՛նք տուր մեր հայրիկին,

Հա՛յր մեր,

Մեզ օրհնե՛ Սուրբ Խաչով,

Հա՛յր մեր,

Դու պահապան մեր...

Շնորհիվ Կոմիտասի, այսօր հայոց երգը թեւածում է աշխարհով մեկ, հիշեցնում մարդկությանը մարդկայնության մասին, Հայաստանի մասին, հիշեցնում Աստծո գոյության մասին:

Կոմիտասի առաքելությունը պատկերացնելու համար հարկ է նաեւ մտաբերել Նժդեհի հետեւյալ կոչը. «Հայկական լավագոյնի-բարձր մարդկութիւն արտայայտող Գողթան երգերի բովանդակած վեհ գաղափարների-վերարծարծումն, նրանց պրոպագանդը, հայ մտաւորականութեան ոչ միայն հայկական, հայրենասիրական, այլեւ համամարդկային պարտականութիւնն է» (Գարեգին Նժդեհ, Ասոյթներ, Եր., 2002, էջ 74):

Այսօր որպես պատվիրան է հնչում Կոմիտասի այն միտքը, թե «որքան ապրի հայկական երաժշտությունը, այնքան կապրի Հայաստանը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4