Ռազմաճակատային թղթակից Հրաչյա Քոչարը
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
2008-2009 թվականների հենց այս էջերում շատ հրապարակումներ ենք արել Հրաչյա Քոչարի մասին, ավելի ճիշտՙ նրա դեմ: Առնչված նրա դերակատարությանը Եղիշե Չարենցի, Ակսել Բակունցի, Գուրգեն Մահարու եւ մյուս գնդակահարված-բռնադատված գրողների ճակատագրում: Հրապարակել ենք նաեւ Հրաչյա Քոչարի դստերՙ Նվարդ Քոչարի ընդարձակ պաշտպանողականը, եւ հարցը փակված չենք համարում: Այսուհանդերձ, Հրաչյա Քոչարը կարեւոր դեմք է մնում 40-60-ական թվականների մեր գրական ու հասարակական կյանքում եւ կմնա այդպիսին: Կմնա որպես մարտիկ-գրող, պատերազմական գործողությունների վկայագրող: Եվ Հայրենական մեծ պատերազմի 65-ամյակի, Մեծ եղեռնի 95-ամյակի, իր մահվան 45-ամյակի եւ ծննդյան 100-ամյակի առիթներով չէինք կարող ավելի պատշաճ բան անել, քան թերթել նրա նամակները, որոնք մեզ տրամադրել է Եղիշե Համազասպյանը, եւ խոսել դստերՙ հնագետ-մարդաբան Նվարդ Քոչարի հետ:
«Նահապետը» Մեծ եղեռնի ընթացքում եւ դրանից հետո հայ ժողովրդի ու սեփական մանկության կրած սարսափների արձագանքն է, «Կարոտը»` Էրգրից տեղահան եղած մարդու բնական կարոտն առ հայրենիք. Հրաչյա Քոչարի այս երկու վիպակները, որ իրենց ժամանակին էկրանավորվեցին, թրթռացնում էին ամեն հայի սիրտը եւ արցունք էին պոկում ամեն հայի աչքից: Նրանց հեղինակն անցավ կյանքի բոլոր դժվարին ճամփեքով, որով իր ժողովուրդը քայլեց 1915-ին եւ դրանից հետո. 5 տարեկան էր, որ անցավ գաղթի գողգոթայով, կորցրեց մորը, ավելի ուշ` 8 տարեկանում կորցրեց հորը` Անդրանիկի մտերիմ խմբապետ Քոչոյին, կրեց որբության բոլոր «հմայքները», բայց եւ ուժ ունեցավ` կրթվելու, հոգում ծվարած ցավը, ափսոսանքը, կարոտն ու սերը դարձնելու գրականություն: Առաջին օրվանից մինչեւ վերջին օրը մասնակցեց Հայրենական պատերազմին եւ ռազմիկ-գրողի կերպարով եւ ճակատային իրապատում թղթակցություններով վարակեց ու առինքնեց ընթերցողին, գրչակից ընկերներին, բոլորին: Մայիսի 2-ին լրացավ Հրաչյա Քոչարի մահվան 45-ամյակը: Հետաքրքրական մի զուգադիպությամբ` մայիսի 9-ին ֆաշիստների դեմ Հաղթանակի 65 տարին է լրանում, Մեծ եղեռնի 95 տարին լրացավ այս ապրիլի 24-ին, իսկ ընդհանրապես` այս տարի Հրաչյա Քոչարի ծննդյան 100-ամյակի տարին է: Երեւի խորհրդանշական ու միստիկ մի բան կա այս թվային զուգադիպությունների մեջ, որովհետեւ թվերի զուգորդումները, ըստ տարբեր մասնագետների, երբեք պատահական չեն լինում:
«Սպիտակ գիրքը» ամփոփում է Հրաչյա Քոչարի կյանքի վերջին տարների գործերը, որի մեջ էին «Նահապետը», «Կարոտը», «Եփրատի կամուրջին» վիպակները: Տողերիս հեղինակը հիշում է «Կարոտի» ցնցող ռադիոբեմադրությունը, որից բառ բաց թողնել չէր լինում: Նա ապրեց հիսունհինգ տարի ընդամենը` շատ բան չհասցնելով տեսնել իր երազածներից` Եղեռնի զոհերի հուշարձանից սկսած մինչեւ «Նահապետի» եւ «Կարոտի» էկրանավորումները (կյանքի օրոք նկարահանվել է միայն նրա «Հյուսիսային ծիածան» կինովիպակը), «Նահապետի» համար` հետմահու ստացած պետական մրցանակը: Բայց նրա ստեղծածը մեր գրականությունից, ժամանակի պատմությունից անբաժան է, հայ մարդու էությունից անբաժան, որովհետեւ նրա վերը նշված ստեղծագործությունները եւ «Մեծ տան զավակները» ընթերցել էին եւ գիտեին ոչ միայն Հայաստանում եւ Սփյուռքում, այլեւ ողջ Սովետական Միությունում: Նրա ռազմաճակատային թղթակցությունները ոչ միայն Հայաստանում էին տպագրվում, այլեւ Սովետական Միության մյուս հանրապետություններում, ընդ որում` թարգմանվելով տվյալ հանրապետությունների լեզուներով: Նա մահացել է 1965 թվականի մայիսի 2-ին` եղեռնի հիսնամյակին իր մանկությունը ու ողջ մի ժողովրդի ողբերգական անցյալի իրադարձությունները ապրիլի 24-ն կրկին մինչեւ սրտի խորքը վերապրելուց հետո: Ավետիք Իսահակյանն է ասել` Հրաչյա Քոչարի նման մարդիկ հարստություն են ազգի համար: Հայրենական պատերազմի ընթացքում եւ հատկապես նրանից հետո նա թնդացող փառքով էր պարուրված, որովհետեւ վերադարձել էր որպես հաղթող, ու նրան պատերազմի ողջ ընթացքում ոչ մի գնդակ չդիպավ` երեւի Աստված պահպանեց նրան, քանի որ դեռ «Կարոտ» ու «Նահապետ» էր ստեղծելու, «Գեներալի քույրն» ու հայկական կոդն իր մեջ կրող այլ բազմաթիվ գործեր:
Սիլվա Կապուտիկյանը Հրաչյա Քոչարի մասին գրել է. «Քոչարն այն գրողներից է, որում ներդաշնակ միասնության մեջ համաձուլված են արվեստագետի տաղանդը, անձնվեր հասարակական գործունեությունը եւ արտասովոր մարդկային գեղեցկությունը: Նա դարձավ իր ժողովրդի մտքի եւ երազանքնեի արտահայտիչը: Այն թվացյալ հայրենասերներից չէր, որ ժողովրդի պաշտպանների պատմուճան հագածՙ ճամարտակում են, այլ իմաստուն, լրջախոհ մարդ էր, որ միշտ կարողանում էր ճիշտ ճանապարհներ գտնել բարդ հարցերի լուծման համար»:
Հայրենական պատերազմի բոթը Հրաչյա Քոչարը լսեց գրականության թանգարանում, Խաչատուր Աբովյանի արխիվային նյութերն ուսումնասիրելիս. «Աչքիս երեւացին համիդյաններնՙ իրենց կեռ սրերով, գաղթի ճանապարհները, սպանված եւ զոհված հարազատներիս կերպարանքները»: Քոչարը թանգարանից գնաց ուղիղ զինկոմիսարիատ, իսկ հունիսի 23-ի առավոտյան կամավոր մեկնեց ռազմաճակատ, հուսալով, որ մեր զորքերն առաջինը կմտնեն Թուրքիա: Ռազմաճակատից սկսեցին գալ նրա թղթակցությունները: Թե ինչ նշանակություն են ունեցել այդ ակնարկները թիկունքի համար` հայտնի արվեստաբան Ռուբեն Զարյանի գրածից կարելի է իմանալ. «Բացում էինք օրաթերթերը, եւ մեր աչքը փնտրում էր ռազմաճակատից ստացված թղթակցությունները եւ առաջին հերթին` Հրաչյա Քոչարի ակնարկները»: Քոչարը կռվել է Պոլտավայի մոտ, Կոչուբեեւյան անտառներում, տեսել է Խարկովի անկումը, հետո մասնակցել Վոլչանսկ եւ Բելգորոդ քաղաքների եւ այլ բնակավայրերի, հատկապես` Ստալինգրադի համար մղված կռիվներին: Ստալինգրադի մարտերում ցուցաբերած խիզախության համար պարգեւատրվել է «Կարմիր աստղի», «Ստալինգրադի պաշտպանության համար» շքանշաններով եւ բազմաթիվ մեդալներով:
Քոչարի դուստրը` հնագետ մարդաբան Նվարդ Քոչարը ձեռնամուխ է եղել Քոչարի 1000-ից ավելի նամակների պատրաստմանը տպագրության համար, դրանց մի զգալի մասը ռազմաճակատից եկած նամակներն ենՙ ուղղված մտերիմներին եւ հարազատներին, գրչակից ընկերներին: Պատերազմ մեկնելիս նա թողնում է կնոջըՙ Հասմիկին ու դստերը` Մերիին: Նա կոմունիստական գաղափարներով դաստիարակված որբ երեխա է եղել: Իհարկե` որքան մեծացավ, այնքան հասկացավ, որ կոմունիստական ղեկավարները չարաշահում են, որոնց դեմ հետո անընդհատ պայքարում էր.«Դեսիդենտ չի եղել, բայց շատ է հալածվել է, հատկապես Սուրեն Թովմասյանի, Առուշանյանի կողմից, օրինակ այն պատճառով, որ պայքարում էր Սեւանի ջրերով հիդրոկայան կառուցելու դեմ, ասում էր` Սեւանի ջրով չպետք է ոռոգեն Արարատյան դաշտը, որովհետեւ Սեւանը կարող է սպառվել: Ռազմաճակատից նամակները նախ մորս էր ուղարկում, հետո գրականագետ Ասատուր Ասատրյանին, որը նրա քենեկալն էր, նրա միջոցով շատ տեղեկություններ էր ստանում Երեւանից, թե ի՞նչ են անում Իսահակյանը, Զորյանը, Դեմիրճյանը Երեւանում, ի՞նչ են գրում. նա համարյա ամեն օր նամակ էր գրում եւ պատասխաններ ստանում, այսինքն` այդ ժամանակից հսկայական նամականի է հավաքվել, որը եթե տպագրվի, ընթերցողն այդ ժամանակի մասին շատ բան կիմանա»: Հասել է մինչեւ Պոլտավա, կռվել Մերձբալթյան ռազմաճակատում. «...եղա Քյոնիքսբերգում, ուր միջնաբերդի առաջ Վիլհելմի բրոնզե արձանի աջ այտին, որպես շառաչուն ապտակ, կպել էր մեր հրետանու արկի բեկորը...», գրել Հ. Քոչարը: Հաղթանակից հետո տասը օրով Երեւան եկավ Ստալինգրադի պաշտպաններից կազմված մի պատվիրակություն` պատմելու հերոսամարտի մասին, ղեկավարն էր Քոչարը: Հանդիպումը Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճում էր.«Բախտավոր էր դահլիճում տեղ գտնողը», գրում է Ռուբեն Զարյանը` հիշելով, որ ողջ պատվիրակությանն առանձին, Քոչարին առանձին երկար ծափահարել են, իսկ Քոչարի խոսքը մեծ տպավորություն է թողել ներկաների վրա. «Նա մեր աչքում դարձել էր գրող-ռազմիկի խոհրդանիշ: Ուրիշ հայ գրողներ էլ են գնացել, մի քանիսը չեն վերադարձել, մի քանիսը շքանշաններով են տուն եկել, այնուամենայնիվ` պատերազմի երեւելի դեմքը ամենքիս համար մնաց Հրաչյա Քոչարը», գրում է Ռուբեն Զարյանը:
«Սիրելի Հրաչյա Քոչար: Ստացա նամակդ, սրտիս դատարկ գավաթը լցվեց գինով», գրում էր Հովհաննես Շիրազը ռազմաճակատ, Քոչարին` նրան նվիրելով «Վերադարձի օր» բանաստեղծությունը: Ստալինգրադի մարտերի մասին Երեւան` պատմելու եկած պատվիրակության այցի ժամանակ Սարյանը նկարեց Քոչարին. «Պորտրետը կիսատ էր մնացել, եւ հայրս հիսունհինգ տարեկանում որ մահացավ, Սարյանը այդ նկարը մեզ նվեր ուղարկեց էդպես կիսատ. մորս էլ էր նկարել` էդ նկարը կորավ», հիշում է Նվարդ Քոչարը:
Ռազմաճակատից ուղարկված թղթակցությունների մի մասով հետո մի փոքրիկ ժողովածու է լույս տեսնում` «Հերոսների ծնունդը» վերնագրով, երբ Քոչարը դեռ ռազմաճակատում էր:
Նվարդ Քոչարը գնահատված է համարում Քոչարի ռազմաճակատային տարիները, որովհետեւ այդ ժամանակ, պատերազմի տարիներին Սիլվա Կապուտիկյանը, Ռուբեն Զարյանը, Մկրտիչ Սարգսյանը, Հրաչյա Հովհաննիսյանն են գրում, թե սպասում էին այդ նամակներին այնպես , ինչպես ֆրոնտում կռվող հարազատից են նամակի սպասում. որ մի երկու օր ուշանում էին Քոչարի թղթակցությունները, նրանք անհանգստանում էին, իրար տուն գնում` իրարից իմանալու, թե ի՞նչ է եղել, որ Քոչարից թղթակցություն չկա, այնքան որ Քոչարն անընդհատ, մատը պուլսին դրած, ժողովրդին տեղեկացրել է ռազմաճակատի ընթացքի մասին. «Ոչ մի անգամ չի վիրավորվել` կողքով անցել են գնդակները, եղել է , որ շլեմը ծակվել է, իրեն չի կպել` իր հարազատ եղբայրն եւ իմ քեռիները զոհվել են. վրացի արձակագիր Վլադիմիր Տորդուան է գրել.«Թվում էր` նա իր ժպիտով կարող է հարձակման պատրաստված վագրին անգամ կանգնեցնել: Ես նրա հետ հայտնվել եմ ամենակատաղի մարտերում, եւ ինձ միշտ զայրացրել է նրա մեծահոգի հանդարտությունը... իր անբաժան ժպիտի հետ միասին: Զգուշանալով ականների պայթյունից, մահաբեր բեկորներից` մենք մի ակնթարթում պառկում էինք երեսնիվայր, իսկ նրա պետքն էլ չէր. հանգիստ շրջելով քայլում էր առաջ, կարծես ինքն էր այդ ահավոր մարտական տեսարանների բեմադրիչը... Ժպտալով` նա կարծես արհամարհում էր մեզ ամեն րոպե դարանակալող մահը»:
Քոչարը, որ տարիներ ռազմաճակատում խաղում էր կյանքի ու մահվան հետ, մահացել է ինֆարկտից. «Էստեղ կերան, էլի, գրող կոչեցյալները, նախանձողները», սա Նվարդ Քոչարն է ասում` հիշելով մոր պատմածները, թե պատերազմից հետո նա առանձնապես ծանր էր տանում անարդարությունները մարդկանց, մտավորականության հանդեպ, 1949 թվականի աքսորների երկրորդ ալիքի ժամանակ գիշերներ էր լուսացնում` նամակներ եւ երաշխավորագրեր գրելով այս կամ այն մտավորականին արդարացնելու եւ ազատելու համար: 1954-ին «Ոզնին» հիմնադրելով` կուսակցական ղեկավարության առաջ պայման էր դրել, որ իր հետ աշխատի երեսնականներից քսան տարի աքսորավայրերում անցկացրած երգիծաբան Լեռ Կամսարը: Բռնադատվածների շատ ընտանիքներ պատմել են, որ բացի Քոչարից` ոչ ոք իրենց դուռը չի բացել:
Քոչարի հանրահայտ` «Գեներալի քույրը» ծնվել է Հովհաննես Բաղրամյանի հետ հանդիպումից հետո, իրապատում պատմություն է հիմքում, սփյուռքից գեներալին նամակներ գրող մի կնոջ մասին, որը տպագրվեց «Պրավդա» թերթում եւ թարգմանվեց քսանչորս լեզուներով: 1964 թվականի սփյուռքին ուղղված ամանորյա ելույթում Քոչարը խոստանում է. «Կնշենք եղեռնի հիսնամյակը, հուշարձան կկառուցենք մեր մայրաքաղաքում եւ մեր հոգիների մեջ` նահատակների հիշատակին, ամբողջ աշխարհով մեկ կդատապարտենք դահիճներին եւ կխոսենք աշխարհով մեկ ցրված, իրենց հայրենիքը կորցրած հայ զանգվածների արդար իրավունքների մասին»: Հրաչյա Քոչարն առաջին հայ մտավորականն է եղել, որ 1961 թվականին այցելել է Միջին արեւելքի երկրներ եւ հանդիպել սփյուռքի հայկական կուսակցությունների հետ: «Զարթօնք» թերթը գրել է. «Ուր որ գնաց Քոչարը, գրավեց սրտերը, վառեց սեր ու նվիրում` հայրենիքի շքեղ իրականության հանդեպ: Քոչարը նվաճեց մեզի»:
Քոչարը ռազմաճակատից բազմաթիվ նամակներ է ուղարկել Վարդգես Համազասպյանին, որի հետ մտերիմներ էին, նրանց հայրեը եւս մտերմություն են արել: Համազասպյանի որդին «Ազգին» է տրամադրել Քոչարի անտիպ նամակներից մի քանիսը, որտեղ հիանալի երեւում է մեծ գրողի` ոգորումներով, պայքարով եւ ստեղծագործությամբ ներծծված հոգին, երեւում են ժամանակի բարքերը, կյանքի հակասությունները, պատերազմի արհավիրքը: Չիմացողների համար ասենք, որ Վարդգես Համազասպյանը մասնագիտությամբ պատմաբան էր, 1964-1986 թթ. եղել է Սփյուռքի կոմիտեի նախագահ, մինչ այդ` երկար տարիներ մանկավարժական ինստիտուտի ռեկտոր:
Քոչարի նամակներից
Գործող բանակից
Սիրելի Վարդգես
Մերին, իմ բալիկը, գրել է ինձ, որ նոր տարուն այցելել ես նրան ու նվերներ տարել: Խորապես շնորհակալ եմ այդ ուշադրության համար: Որ ես ու դու ուշացած, բայց էլի հասկացանք, որ պարտավոր ենք շարունակել մեր հայրերի տրադիցիոն բարեկամությունն ու եղբայրությունը, դա գեղեցիկ փաստ է, բայց որ դու իմ նամակներին ծուլանում ես պատասխանել, դա բնավ գեղեցիկ չէ: Ես դեռ ողջ-առողջ եմ` ամեն անգամ փորձանքների միջով անցնելով անխոցելի: Ջերմ բարեւներ բոլոր ընկերներին ու բարեկամներին: Համբուրիր իմ կողմից մայրիկիդ ձեռքը:
Քոՙ Հր. Քոչար:
6 հոկտ. 1943
Դաշտային փոստ 42283
Սիրելի Վարդգես
Հիմա Երեւանում երեւի տաք օրեր են, բայց այստեղ արդեն սկսվում է ձմեռնամուտը: Աշնան այս մառախլապատ օրերի եւ Ռուսիայի երկար ձմռան միջով մենք արդեն տեսնում ենք շողշողուն գարունը: Մոտ է գարունը, շուտով կբացվի...
Հասմիկին զանգահարում ե՞ս, ինչպե՞ս է իմ դուստրը:
Եթե մինչեւ փետրվար-մարտ ամիսները ողջ մնամ` կաշխատեմ վերադառնալ գրասեղանիս մոտ: Թե չէ ժամանակն անցնում է, տարիներն իրենց հետքն են թողնում ու անցնում անվերադարձ, եւ մենք ճզմվելով նրանց երթի տակ` ոչ մի պտուղ չենք տալիս եւ մի օր էլ հանկարծ կչորանանք Հիսուսի թզենու նման:
Ի՞նչ գրական-գիտական ու քաղաքական նորությոուններ կան մեր մայրաքաղաքում: Բարեւիր բոլոր մեր հարազատներին եւ ընկերներին:
Քո` Հր.Քոչար
Մի ուրիշ նամակում, սակայն, Քոչարի հանդարտ ծաղրի մեջ երեւում է այն դառնությունը, որ նա ակամա ապրել է` բաղդատելով Երեւանի` ռազմաճակատից հեռու, հանդարտ, մի փոքր քաղքենիական կյանքն ու ամեն օր զոհվող մարդկանց տեսնող իր առօրյան:
7 հոկտեմբերի, 1943թ.
Գործող բանակ
Նոր ահա ստացա Հայաստանի թերթերը: Սովորաբար թերթերը կարդում եմ առաջին տողից մինչեւ վերջինը: Այսօր ստացածս համարներում ինձ շատ ուրախացրեց Ելենա Իսկանդարյանի մահվան լուրը...ինձ սխալ չհասկանաս,Վարդգես, ես չար մարդ չեմ, եւ ոչ ոքի մահն ինձ չի ուրախացնի:...Չլիներ այդ լուրը, չէի իմանա, որ ողջ-առողջ են մի քանի տասնյակ, հարյուրավոր ծանոթ մարդիկ Երեւանում, այդ թվում նաեւ «Սովետական Հայաստանի» ողջ կազմը` Հ. Մամիկոնյանի գլխավորությամբ, չէի իմանա, որ Երեւանի տասնյակ հիմնարկ-ձեռնարկություններ աշխատում են ու ցնցված են միայն Ելենա Իսկանդարյանի մահով (սա կուսակցական ղեկավարներից Սերգո Իսկանդարյանի մայրն էր, այստեղ նաեւ ակնարկվում է քծնանքը բարձրաստիճան կուսակցականի մորը ցավակցելու փաստի մեջ - Մ. Խ.), չէի իմանա, որ ԼԿԵՄ կոմիտեի ողջ կոլեկտիվը իր տեղում է` Գեղամի, Գեւորգի, Գրիգորի, Ամալյայի առաջնորդությամբ, եւ այդ կոլեկտիվի բոլոր անդամները նույնպես ողջ-առողջ են, չէ՞ որ նրանք իմ բարեկամներն են, եւ նրանց բոլորի առողջությունն էլ թանկ է ինձ համար»:
Թվելով այլ իր ծանոթների մասին, ովքեր շտապել են ցավակցելու կուսակցական ղեկավարի մոր մահը, Քոչարը դառնանում է.«Ի՞նչպես կարելի է չուրախանալ, մանավանդ ինձ նման մի մարդու համար, որ վաղուց բթացել է տխրել ու ցնցվել, վարժվելով հարյուրավոր հիանալի մարդկանց մահվանը, եւ որը գուցե վաղը եւ գուցե մյուս օրը հետեւի իր այդ ընկերներին»: Ավելացնելով, որ Հայաստանը գիտի հարգել հարգանքի արժանի մարդկանց, մանավանդ եթե նրանք ազդեցիկ պաշտոնյայի ազգական են, Քոչարը հիշում է, որ «բանաստեղծ Թաթուլ Հուրյանը զոհվեց Սեւաստոպոլում, որպես հերոս, եւ ոչ ոք ոչ մի տող չգրեց այդ մասին, ոչ ոք ցավակցություն չհայտնեց, ոչ մի ընտանիքի երրջանկությունը չվրդովվեց այդ տխուր փաստով. մահանում են շատ նշանավոր մարդիկ, մեր հանրապետության զավակները, կրկին կսկիծը հասարակական ցավ չի դառնում: Իսկ որ թերթերն ավելի շատ գրում են Ելենա Իսկանդարյանի մահվան մասին, քան Արուս Ոսկանյանի մահվան մասին գրեցին, դրա մեջ աններդաշնակ բան փնտրելու կարիք չկա:
Այս նամակը գրում եմ քեզ եւ պարզ է, որ միայն դու պիտի կարդաս այն, առանց կողմնակի մարդկանց ցույց տալու». ինչքան ցավ, անարդարության հանդեպ ըմբոստություն, քաղքենի ու քծնական իրականության նկարագրություն կա այս նամակում, այնուամենայնիվ` զգուշավորության մթնոլորտի առկայությամբ. մի կողմից ա՜յն թվերին` այսպես անթաքույց ձաղկել է իրականությունը, մյուս կողմից դա չէր ներվի անգամ ռազմիկին :
Իսկ ահա պատերազմից հետո, առողջարանից, ուր հերթական գրական ստեղծագործությունն էր թղթին հանձնում, Վարդգես Համազասպյանին գրում է .
«... երբ ինձ չարախոսում են, երբ փորձում են ցեխ շպրտել իմ անվան վրա, իմ բարոյական դեմքն աղճատված կերպով ներկայացնել մարդկանց, այդ ժամանակ հեռանում է ինձնից սովորական անհանդուրժողականությունը, եւ ես գործի մեջ եմ մտնում եւ բավական հաճախ պատժում եմ ոչ բարեկամներիս: Հիմա, օրինակ, շատ լավ եմ զգում ինձ, այնքան լավ, որ հասնում եմ խղճի կատարյալ հանգստության: Իսկ մարդու համար ամենամեծ բանը դա է: Եթե ինձ հարցնեն, թե ինչ է երջանկությունը եւ պահանջեն կարճ ֆորմուլը, կպատասխանեի` խղճի հանգստութունը»:
Մի ուրիշ նամակում, որը թվագրված չէ, նա պատմում է Համազասպյանի հանձնարարությամբ գրողների միության վերաբերյալ իր կողմից պատրաստվող զեկույցին ավելի քան լուրջ վերաբերվելու մասին, որն ըստ ամենայնի իր` գրողների միության քարտուղար եղած ժամանակին է վերաբերում, եւ արտացոլում է կրկին ժամանակին հատուկ մի շարք երեւույթներ: Անդրադառնալով այն պահերին, երբ ճշմարտությունը մատնացույց անելու համար գրչակից մարդիկ նեղացել են իրենից, Քոչարը գրում է, որ ինքը նման դեպքերում երկակի զգացմունք է ապրում` ամբողջովին հաշտ է իր խղճի հետ, բայց եւ ներքին վրդովմունք է ապրում` իր քննադատության առաջ բերած ռեակցիայի առումով. «Նույնիսկ այնպիսի մի մարդ, ինչպիսին Նաիրին է, որի հետ երկու տասնամյակի չափ երկար ժամանակ մտերմական կապերով էինք կապված, եւ որը միայն ու միայն բարի հիշողություններ պիտի ունենանր ինձնից, քիչ է ասել, թե տհաճությամբ է ընդունում իմ ամեն խոսքը, որի նպատակն, ինքդ գիտես , միայն նրան եւ ուրիշներին ավելի լավ եւ ավելի ուժեղ տեսնելու ցանկությունն է»: Ապա անցնելով իր հաշվետվությանը, որը նաեւ ֆինանսական խնդիրներ էր շոշափում, նա գրում է.«Ամենից անախորժն այն է, որ քո կազմած հանձնաժողովի քննության արդյունքները` հանգստի տներից, շատ արտառոց երեւույթ են հաստատել: 46 հազարի փոխարեն` ամբողջ աշխատանքը հասել է միայն 13 հազարի, այն էլ, ասում են, շատ զիջումներ է արել: Մնում է պարզել, թե ով ի՞նչ մեղսակցություն է ունեցել այդ ամոթալի արարքում:...Ես Վահան Գրիգորյանին կասեմ, որ լիտֆոնդի դիրեկտորից գրավոր բացատրություն պահանջի, թե 13-ի աշխատանքի համար ինչո՞ւ է 46-ի պայման եղել նրա եւ կատարողների միջեւ: Կարծում եմ` բացատրությունը ոչ մի արդարացման հիմք չի գտնի»: