ՏԻԳՐԱՆ ԵԿԱՎՅԱՆ
Այնճար
Ապրիլի 24-ից մի քանի օր առաջ Բեյրութը փոթորկահույզ եւ աղտոտված քաղաք է: Բայց այսօր քաղաքը հեռու էՙ քողարկված կաթնագույն եւ պղտոր մշուշի մեջ: Մենք լիբանանյան լեռներով սլանում ենք դեպի Սիրիայի սահմանը: Ժորժըՙ տաքսու սիրիացի վարորդը, ինձ լավ է ճանաչում: Նա սերում է Անտիլիբանանի լեռներում գտնվող մի քրիստոնյա գյուղից, որտեղ խոսում են Քրիստոսի լեզվովՙ արամերեն:
Եթե ամեն ինչ հարթ ընթանա, եթե սիրիա-լիբանանյան սահմանը չափազանց ծանրաբեռնված չլինի իրանցի զբոսաշրջիկներով եւ երկիր վերադարձող սիրիացի բանվորներով, ապա մենք Դամասկոս կհասնենք երկու ժամից: Սահմանը շատ մոտիկ է: Մեր ձախ կողմում սեւ գույնի գովազդային մեծ վահանակըՙ արաբերեն եւ անգլերեն, ավելի քան հիշատակում է «մեկուկես միլիոն նահատակների» կորուստը սգացող հայ ազգի կսկիծը: Մենք Այնճարիՙ Մերձավոր Արեւելքում 100 տոկոսով հայաբնակ միակ գյուղի մատույցներում ենք: Ժորժը հպանցիկ նայում է մեզ:
- Կուզե՞նք մտնենք գյուղ:
- Վստա՞հ ես, որ դա քեզ չի խանգարի:
- Լիովին: Կարող ենք տեսնել եկեղեցին: Չե՞ք կարծում, որ Այնճարի հայերի տները գեղեցիկ են: Լավ երեւում է, որ նրանք միջոցներ ունեն:
Այնճարում Կորյունին (Փարիզից եկած բարեկամիս) եւ ինձ գրկաբաց ընդունում է գյուղի քահանա Տեր Աշոտը: Պայծառ աչքերով, սպիտակող մորուքով այդ մարդու տարիքը դժվար է որոշել: Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ հրացանն ուսին գյուղը եւ իր հոտը արտաքին հարձակումներից պաշտպանած մարդը բնավ չի կորցրել իր եռանդը:
- Նայեցեք մեր եկեղեցուն. որքա՜ն գեղեցիկ է: Զավակներս, գնանք աղոթելու:
Դեռ չէինք հասցրել պատասխանել եւ արդեն հայտնվեցինք Այնճարի առաքելական եկեղեցում, որը մի քանի կիլոմետր շառավիղով տեսանելի է Դամասկոսի ճանապարհի վրա: Կարմիր, կապույտ եւ նարնջագույն ապակենկարները թերեւս արժե փոքր-ինչ թարմացնել:
- Դուք տեսա՞ք մեր ապակենկարները: Մենքՙ այնճարցիներս, միշտ պաշտպանել ենք ազգային գույները, երբ այս դրոշն արգելված էր Հայաստանում:
Ազնվական արյունը չէր կարողանա ստել: Այնճարցիները առանց բացառության սերում են Մուսա լեռան հայերից, առասպելական լեռ, որտեղ նրանք չնչին միջոցներով հերոսաբար դիմադրեցին թուրքերի գրոհներին: Ավելի ուշՙ 1939-ին Ֆրանսիան սիրիական այդ շրջանը խայտառակ կերպով զիջեց Թուրքիայինՙ ապագա հակամարտության մեջ նրա չեզոքության դիմաց: Շրջանի հայերն այդ ժամանակ ահավոր պայմաններում ենթարկվեցին հերթական տեղահանությանը:
Քահանան «Հայր մեր» է ասում հանդիսավոր տոնով, առանց վանկերը «կուլ տալու», ինչպես հաճախ պատահում է: Մենք նրան համառոտակի պատմում ենք մեր ճանապարհորդության նպատակների մասին: Նա յուրաքանչյուրիս տալիս է երկու օրհնված մասունք, որոնց մեջ խաչելության պատկերն է:
- Վերցրեք: Այս երկու մասունքները կտանեք Դեր Զոր: Թող մեր անմահ նահատակները հանգչեն խաղաղությամբ:
Դամասկոսն այլեւս շատ հեռու չէ: Մեր բարեկամներն այնտեղ սպասում են մեզ: Երեւանից եկած Անին, Փարիզի Հայ ուսանողների տան իմ նախկին ընկեր Ռուբենը, Կորյունը եւ ես կմեկնենք Դեր Զոր: Բայց Անիից բացի, մենք չենք եղել Եփրատի ափերին, որն անցյալում տասնյակ հազարավոր անմեղ հայերի դիակներ է տարել:
Երկու օր անց...
Ապրիլի 23-ին մենք տեղեր զբաղեցրինք մի գերարդիական ու շքեղ ամենագնաց ավտոմեքենայի մեջ եւ մեկնեցինք սիրիական տափաստան: Այդ երեկո մեր դամասկոսցի բարեկամները հսկում կազմակերպեցին քաղաքի հայկական երկու (առաքելական եւ կաթոլիկ) եկեղեցիներում: Ճանապարհ ընկնելու նախօրեին իմ բարեկամ Ջամիլը, որը շատ հայտնի գրախանութ ունի, ինձ դառնությամբ պատմեց Դեր Զորի մասին: Կկարողանա՞ արդյոք ծննդավայր քաղաքը ճանաչել այսքան տարի անց: Ճանապարհի շուրջն աստիճանաբար հայտնվում են անապատային տարածքներ: Շրջակայքում չոր եւ լերկ բլուրներ են: Կյանքի հետք գրեթե չի երեւում, եթե չհաշվենք կիզիչ արեւից այրված խոտի փոքրիկ փնջերն ուտող այծերին: Ես նստած եմ առջեւում եւ նկատում եմ մեր վարորդի կողքին դրված չեխոսլովակյան արտադրության ռեւոլվերը: Ես վերցնում եմ զենքըՙ հետաքրքրվելով լիցքավորված թմբուկով:
- Սա իսկապե՞ս անհրաժեշտ է, - հարցնում եմ արաբերեն:
- Անշուշտ: Այս ճանապարհն այնքան էլ ապահով չէ. ամեն ինչ կարող է պատահել:
Զարմանալի է, բայց այդ բառերն ինձ չեն սարսռեցնում: Երկաթյա ձեռքով կառավարվող Սիրիան Իրանի հետ մեկտեղ համարվում է տարածաշրջանի ամենաապահով երկրներից մեկը: Ցուցավահանակի վրա նշված է, որ Իրաքի սահմանը 140 կիլոմետրի վրա է: Ժամում 160 կմ արագությամբ մենք սլանում ենք նեղ ու գալարուն ճանապարհով: Ես վախենում եմ վթարից, բայց հույս ունեմ, որ մեր վարորդի հմտության շնորհիվ տեղ կհասնենք:
Դեր Զոր
Արդիականության մղձավանջից զերծ մնացած Դեր Զորը խաղաղ ննջում է Եփրատի ափերին: Մենք այս հեռավոր գավառում դժվարանում ենք մտածել, որ անցյալում այստեղ անասելի բաներ են կատարվել:
Թաղամասում աչքի ընկնող հայկական Նահատակաց եկեղեցին ամփոփում է Ցեղասպանության զոհերին նվիրված մի իսկական փոքրիկ թանգարան: Այստեղ են կազմակերպվում Դեր Զորի 22 հայ ընտանիքների համայնքային կյանքի գլխավոր միջոցառումները: Այս թիվը չնչին է վերջին տասնամյակների համեմատությամբ, երբ հազարավոր հայեր էին ապրում քաղաքում եւ շրջակայքում:
Մենք ժամանակին տեղ ենք հասնումՙ հսկում կատարելու: Նահատակաց եկեղեցու պատվո սրահում եւ ներքնահարկում պատերը զարդարված են ֆրանսահայ նկարիչ Ժանսեմի ստեղծագործություններով: Քահանան կոտրատված անգլերենով ինչ-ինչ բացատրություններ է տալիս մի խումբ գերմանացի զբոսաշրջիկների, որոնք ուշադիր դիտում են կոտորածների լուսանկարները: Նրանք շփոթված են:
- Գիտե՞ք, Գերմանիան ճանաչել է հրեաների ցեղասպանությունը,- ասում է խմբի անդամներից մեկը:
- Այո, դուք հանցավոր եք,- անզգուշորեն պատասխանում է քահանան:
Ցուցափեղկի անհամար ոսկորներից բացի, զբոսաշրջիկները կարող են դիտել հայ մորը նվիրված հուշարձանը, մայր, որը անապատի ավազների մեջ մայրենի լեզուն փոխանցեց իր փոքրիկ զավակներին, որպեսզի նրանք չձուլվեն օտարներին: Մենք կանգ ենք առնում Արեւմտահայաստանի տարբեր քաղաքների հողերով լցված թափանցիկ անոթների առջեւ:
Այստեղ հսկում է կատարվում նաեւ Դեր Զորի հայ ընտանիքների համար: Մայրերի գորովալից հայացքների առջեւ երեխաները զգալի ջանքերի գնով արտասանում են հայերեն մի քանի բանաստեղծություն: Մի աղջնակ բարեխղճորեն ընթերցում է 1915-ի ցեղասպանությանը նվիրված իր տեքստը:
- Փոքրիկներ, մի՛ խաղացեք խոսափողերի հետ:
Խեղճ քահանան այս ու այն կողմ է վազում եկեղեցու բակումՙ մի քանի երեխաների անհոգ զվարճանքին խանգարելու ապարդյուն փորձեր անելով:
- Դուք որտեղի՞ց եք եկել:
- Շատ տարբեր տեղերից:
Շանթըՙ Դեր Զորի նորաբաց բժշկական ֆակուլտետի ուսանողը, ինձ հայտնում է, որ անկյունում հավաքված բոլոր հայերը դաշնակցականների համակիրներ են: Շանթը մեր պահապան հրեշտակն էր Դեր Զորում մեր ամջողջ ճամփորդության ընթացքում: Ես նրան հարցնում եմ.
- Դուք միայն մի բուռ քրիստոնյաներ եք ասորիների հետ: Ինչպիսի՞ հարաբերություններ ունեք արաբների հետ:
- Շատ լավ: Շրջանի արաբների մեծ մասը մեզ ջերմորեն անվանում է «ամմո», քանի որ նրանցից շատերի տատը կամ տատի մայրը եղել է հայուհի:
Երեխաները լավ կամ վատ արտասանում են իրենց անգիր արած բանաստեղծությունները: Մենք ծանոթանում ենք Լոս Անջելեսից եկած մի խումբ ուխտավորների: Խմբի ուղեկցորդ Ավո Չափարյանը լիբանանահայ «Դիտակ» հանդեսի գլխավոր խմբագիրն է, ծանոթ է Արեւմտահայաստանին, թրքախոս է: Տարիներ շարունակ նա Բեյրութից զբոսաշրջիկների խմբեր է տանում Անատոլիայի քաղաքներ ու գյուղեր, ինչպես նաեւ Դեր Զոր: Ավոն մեզ առաջարկում է հաջորդ առավոտյան միանալ իր փոքրիկ խմբին, որպեսզի մեզ տանի Մարկադիՙ տեղահանությունների վերջնական վայր:
Ապրիլի 24-ի առավոտ, Մակադեՙ տեղահանության վերջնակետ
Մեկժամյա ճանապարհորդություն Եփրատի կանաչազարդ ափերով, արմավենիների, եղեգների, տնկարկների հարեւանությամբ... Նստակյաց դարձած բեդվինները նայում են մեր հետեւից, թանձր քողով դեմքները ծածկած մի քանի գեղջկուհիներ անցնում են ավանակին լծված սայլով: Դեռ առավոտյան ժամը 7-ն է, բայց արեւը կարծես զենիթում լինի: Ամենուրեք անապատն է, Եփրատի ափերը երիզող արգավանդ հողաշերտը չքացել է տապի մեջ, եւ մենք հայտնվել ենք սեւ քարերով, ավազով եւ չորային բլրակներով ծածկված թախծալի բնապակտերի մեջ: Ժամը 8-ին հասնում ենք հայկական փոքրիկ մատուռին, որը կառուցված է շրջանի ամենամեծ ընդհանուր գերեզմաններից մեկի տեղում: Մեզ ընդունում է պահակըՙ արեւահայ դեմքով մի ծեր բեդվին: Մենք օրվա առաջին ուխտավորներն ենք, որոնց նա վաճառում է ավազի մեջ գտած եւ քաթանե պարկի մեջ լցրած ոսկորներ: Դրանք կյանքի անչափ դողդոջուն մնացորդներ են:
Կոկորդս սեղմվում է, երբ ինձ պատկերացնում եմ դրանից մեկ տարի առաջ: Մեկ տարի ես նախնիներիս հետքերով Արաբկիրում էի, Եփրատի ակունքներից ոչ հեռուՙ փնտրելով մի քիչ իմաստ եւ ճշմարտություն: Ժամանակի մեջ հետ գնալով եւ սուրբ գետի հոսանքն ի վեր շարժվելովՙ գուցե տեսնեի Վարդան պապիս բարյացակամ ստվերը: Արաբկիրից բռնագաղթվելով պապս հասել էր Հալեպ, այնտեղ ծանր հիվանդ վիճակում կարողացել էր փրկվելՙ գերեզմանոցում թաքնվելով պարսիկի հագուստով:
Լոս Անջելեսից եկած ուխտավորները չեն խոսում: Կահիրեում ծնված Սոսին, ինչպես եւ մենք, երբեք չի եղել Դեր Զորում: Նա չի ուզում, որ հայերը մոռանան իրենց արմատները: Այն վայրը, որտեղ մենք քայլում ենք, ընդհանուր գերեզման է, որը Սիրիայի իշխանությունները հայերի տրամադրության տակ են դրել մեկ տասնամյակ առաջ: Դեպի փոքրիկ մատուռ տանող դարպասի կողքին ջարդերից փրկվածների ժառանգների անունից հայերեն եւ արաբերեն երախտիքի խոսքեր ենՙ ուղղված Սիրիայի արաբ ժողովրդին:
Հուշահամալիրի առջեւ կանգ են առնում ուխտավորների առաջին ավտոբուսները: Որտեղի՞ց են նրան: Հալեպի՞ց: Ոչ, Բեյրութից են, մեծ մասը դպրոցականներ: Աղջիկներից մի քանիսը շպարված են, անկաշկանդ կեցվածքով: Ռուբենը զայրանում է:
- Ոչ մի հարգանք: Տեսա՞ր, թե ինչպես են լուսանկարվում:.
Ես մեջքով շրջվում եմ դեպի մատուռըՙ բարձրանալով ցնցող բնապատկերի վրա իշխող բարձունքը: Ձեռքումս պահել եմ Այնճարի քահանայի տված մասունքը: Բնազդաբար ծնկի եմ գալիս, ավազի մեջ փոքրիկ փոս փորում, այնտեղ դնելով մասունքը: Այստեղ մահացած հազարավոր նահատակներ այդպես էլ մնացին անշիրիմ: Այստեղ չկան խաչապատ դաշտեր, ինչպես Վերդենում կամ այլուր: Մասունքը դրված է հողի մեջ. դա բզկտված հողն օրհնելու մի ձեւ է: Մեր շուրջը ամենուրեք ցրված սեւ քարերը մեր ժողովրդի մի մասի բնաջնջման լուռ վկաներն են: Դժվար է պատկերացնել, որ Սփյուռքը ծնունդ է առել այդ մռայլ եւ միաժամանակ հուզիչ բնապատկերից:
Անին իր լուսանկարչական ապարատն ուղղում է մատուռի առջեւ մտահոգ կանգնած բեդվինուհու խաժ աչքերի վրա: Մենք պետք է վերադառնանք Դեր Զոր, որտեղ կրոնական ծիսակատարություններն արդեն սկսվել են: Մոռանանք հոգնածությունը. օրը երկար է լինելու:
Սարգսյանի այցի կուլիսներում
Դեր Զորում տիրում է խիստ մթնոլորտ, եթե չհաշվենք Լիբանանից Հալեպով եկած մի խումբ երիտասարդ մոտոցիկլիստներին, որոնց հանդերձանքը ոմանց հետաքրքրությունն է շարժում:
Պատարագի ավարտից հետո քահանան Հայաստանից եկած երեխաներին առաջարկում է երգել: Նրանք տասնմեկն են: Տասնմեկ փոքրիկ հայեր, որոնք Հայաստանում լավ հայտնի «Հայ ասպետ» կազմակերպությունից են: «Հայ ասպետ» հաստատությունը չեզոք երիտասարդության կրթական եւ բարեգործական կազմակերպություն է ՀՀ պաշտպանության նախարարության բարձր հովանավորության ներքո, ներշնչվում է Գարեգին Նժդեհի գաղափարներից, որին Հանրապետական կուսակցությունը համարում է իր գաղափարախոսը: Հայկականության այդ փոքրիկ ասպետները ընտրվել են ըստ անչափ խիստ չափանիշների, նրանք փայլուն գիտելիքներ ունեն հայ մշակույթի եւ քաղաքակրթության ասպարեզում, լինի պար, երգ թե բանահյուսություն: Հայերը նրանց ճանաչում են մասնավորապես Հանրային ալիքով «Հայ ասպետ» հայտնի հեռուստածրագրի շնորհիվ, որը խաղային յուրօրինակ մրցույթ-հաղորդում է, որի ընթացքում փոքրիկ խաղացողները պատասխանում են պրոֆեսիոնալների, ժյուրիի հարցերին:
«Այդ երեխաները վաղվա Հայաստանի ընտրյալներն են եւ կլինեն Գարեգին Նժդեհի արժանավոր ժառանգորդները», ասում է ՀՅԴ անդամ Մկրտիչ Մկրտչյանը, որը Արցախում կռված նախկին կամավորներից է: Այսօր նա երեխաների երգեցողության դասատուն է:
Հովանավորներն են ՀՀ նախագահի եղբայր Լեւոն Սարգսյանը (Դեր Զորի ճամփորդության մասնակից) եւ սիրիահայ մեծահարուստ գործարար եւ բարերար Գաբրիել Չեմբերջյանը, որը ֆինանսավորել էր երեխաների ուղեւորությունը: Նրա բնական բարեհոգության հետեւում թաքնված է մի ազդեցիկ անձնավորություն, որը մարդասիրական գործունեության շնորհիվ համբավ է ձեռք բերել Մերձավոր Արեւելքում եւ այլուր: Լեւոն Սարգսյանի (Սիրիայում ՀՀ նախկին դեսպանի) հետ նա հիմնել է «Փյունիկ» հաստատությունը, որը Հայաստանում շատ ակտիվ է կրթության եւ մշակույթի ոլորտներում: Սփյուռքում քչերը գիտեն, որ եթե նախագահ Սարգսյանը մարտ ամսին Սիրիա կատարած այցելության ժամանակ մեկնեց Դեր Զոր, դա տեղի ունեցավ Գաբրիել Չեմբերջյանի նախաձեռնությամբ, որը Սիրիայի իշխանություններին համոզել էր Դեր Զորը մտցնել ՀՀ նախագահի եւ իր այցելության ծրագրի մեջ:
Մեզ իր հովանավորության տակ առած Գաբրիելը գորովալից հայացքով դիտում է երգի ու պոեզիայի համերգ տվող «Հայ ասպետի» դեռահասներին:
Մինչ երեխաները երգում են, Հայաստանի նոր պատվավոր հյուպատոս Սուրեն Վարդանյանը, որը Դեր Զորից է, մեզ բարի գալուստ է մաղթում: Մի ամերիկահայ կին լալիս էՙ նայելով իրենց մանկասայլակներում ձանձրացող մանկիկներին: Նրանք ասես պատսպարված լինեն բազմաթիվ խաչքարերի ստվերում, որոնք եկեղեցու բակում կանգնեցվել են հիշատակման տարբեր առիթներով:
- Նայի՛ր այս երեխաներին,- ինձ ասում է այդ կինը,- մենք կհարատեւենք: Նայի՛ր Դեր Զորին, այստեղ է վերածնվում հայ ժողովուրդը:
Եթե Դեր Զորի երեխաները մի քիչ ձանձրանում են մեծահասակների արարողություններից, փոքրիկ «հայ ասպետները» շատ խելոք են, Հայաստանի երիտասարդության ազգային զարթոնքի առաջապահ խումբը կազմող փոքրիկ զինվորների պես: Նրանք 8-12 տարեկան են եւ եկել են Հայաստանի բոլոր կողմերից: Ղարաբաղցի մի աղջնակ գրավում է ներկաների ուշադրությունը: Ես Գաբրիելին ցույց եմ տալիս Մարկադեում գտածս նահատակի ոսկորի փոքրիկ կտորը: Նա այն համբուրում է խաչակնքելով:
Եփրատ
Մենք վերագտնում ենք Եփրատըՙ զբոսնելով ժամանակին ֆրանսիացիների կառուցած կախովի կամրջի վրա: Թեւ դիակները տեղը զիջել են աղբին եւ ափերի եղեգներին, Եփրատը մնում է արժանապատիվ եւ լուսառատ: Իրադարձությունը ինչպես հարկն է «նշելու» համար Գաբրիելը Հայաստանից եւ Սփյուռքից եկած ուխտավորների խմբերին հրավիրում է իր սեղանի մոտ: Գետի ափին գտնվող ռեստորանը լի է հայերով, որոնք խմում են, ուտում եւ երգում: Փոքր-ինչ անհարմար զգալովՙ մենք անաղմուկ խմում ենք ի հիշատակ մեր նահատակների եւ նախագահներ Ասադի ու Սարգսյանի կենացը, մինչ Հայաստանից եկած մի երեւելի հյուր բազմապատկում է ձեռքբերումները կենացների ասպարեզում: Հայաստանից բերված օղու եւ կոնյակի շշերը գրեթե դատարկվել են: Լսվող հայրիշխանական եւ «այրական» դիտողությունները խլացվում են «Հայ ասպետի» փոքրիկ երգիչների ձայներով: Անին, Կորյունը եւ ես հեռանում ենք բազմությունից, որպեսզի նայենք Եփրատին: Անցյալում հայերին ջրահեղձ արած ու նաեւ փրկած գետը այժմ բավական հանդարտ է: Անմխիթար վերապրողներից ինչ-որ ձեւով ամենքիս լսած պատմությունները չեն համընկնում բնապատկերի վեհատեսիլ գեղեցկությանը: Ճիշտ է, անցյալում նահատակների արյունից սեւացած Եփրատը մնում է շոշափելի իրողություն, բայց գոյություն ունի մեկ ուրիշ, անսպառ Եփրատ, որը չնայած թուրքական պետության կառուցած բոլոր ամբարտակներին, կշարունակի կյանք եւ հույս տարածել աշխարհի այդ մասում, որն անվանում են Արգավանդ եղջյուրիկ: