ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2010-04-24 | #6, 2010-05-08 | #7, 2010-05-22


ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ.

Իսկ վա՞ղը...

ՍՎԵՏԼԱՆԱ ԳՈՒԼՅԱՆ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, կինոգետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

Սվետլանա Գուլյանը Հայկական պետական հեռուստատեսության ակունքներում է հիմնադրման եւ կազմավորման տարիներից դեռ. 1965-ից նա աշխատել է ռուսական հաղորդումների խմբագրությունումՙ որպես ավագ խմբագիր: Ավարտել է Երեւանի պետական համալսարանի ռուսական բանասիրության ֆակուլտետը, ապա տեղափոխվել Մոսկվա, սովորել Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի կինոգիտության ֆակուլտետում, ավարտել նույն բուհի հեռուստատեսության ամբիոնի ասպիրանտուրան:

Շուրջ 13 տարվա հեռուստատեսության աշխատանքային փորձը շարունակում է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտիՙ կինոյի, ապա տեղափոխվում սփյուռքի բաժին, որպես ավագ գիտաշխատող:

Հայաստանյան, մոսկովյան եւ արտասահմանյան մամուլում Սվետլանա Գուլյանը բազմաթիվ հրապարակումներով է հանդես եկելՙ հիմնականում կինոարվեստի եւ հեռուստատեսության ակտուալ խնդիրների մտահոգություններով, ինչպես նաեւ հանրահայտ կինոգործիչների, ռեժիսորների (Անրի Վերնոյ, Շառլ Ազնավուր, Ատոմ Էգոյան, Ռոման Բալայան) մասին հոդվածներով: Երկար տարիներ իր հետաքրքրության կենտրոնում է ամերիկահայ նշանավոր բեմադրիչ Ռուբեն Մամուլյանը: Հրատարակության է պատրաստել եւ շուտով տպագրության կհանձնի Ռուբեն Մամուլյանի կյանքի եւ ստեղծագործության մասին ուսումնասիրությունը:


Հայկական հեռուստատեսությունում այսօր ռեալ իրավիճակն այնպիսին է, որ դրա ծրագրերի ամեն մի մասնագիտական վերլուծություն հնարավոր է միայն կտրուկ տոներով: Ըստ որում ես կուզենայի, որ Հայկական հեռուստատեսության (նկատի ունեմ բոլոր 16 ալիքները) աշխատակիցները ոչ թե վիրավորվեին քննադատությունից, այլ ջանային անսալ դրան, վստահ լինելով, որ այս քննադատությունը ծնունդ է առնում անկեղծ ցանկությունիցՙ օգնել իրենց տեսնելու թերությունները, շտկելու ուղղելի բաները: Ուզում ենք կարծել, կգա ժամանակ, երբ ինտելեկտուալ եւ ուսյալ հայ հեռուստադիտողը կդիտի հարազատ Հայկական հեռուստատեսության ծրագրերը, եւ ոչ թե իրեն հետաքրքրող հաղորդումներ կփնտրի ԽցսՖՑցՐՈ-ի, ԿՀՁ-ի, ՀՁՀ-ի կամ մալուխային հեռուստատեսության ծրագրերում:

Վերջերս Հայկական հեռուստատեսությունը արդարացի քննադատության է ենթարկվել հանրապետական մամուլի էջերում: Խոսքը հիմնականում դրա ընդհանուր խնդիրների մասին էր: Իսկ ես ուզեցի պարզել ըստ էության այդ «ընդհանուրը» ձեւավորող մասնավորությունները եւ փորձել տեսնել ոչ միայն թերությունները: Դրա համար հարկ եղավ շատ ու շատ օրեր անխտիր դիտել բոլոր ալիքների ծրագրերը: Բնականաբար, ինչ-ինչ ծրագրեր մնացին իմ ուշադրությունից դուրս: Բայց կարծում եմ, դրանց դիտումը տպավորությունս չէր փոխի դեպի լավը կամ վատը:

Այսօրվա հեռուստաէկրանն աներեւակայելի է առանց մարդու: Ինչ դերում էլ հանդես գա մարդը, առանց նրա հեռուստածրագիրը փաստորեն անհնար է: Հեռուստաէկրանի վրա հենց մարդու գոյությունն է պայմանավորում հեռուստատեսության ամենաբնորոշ գիծըՙ դրա ուղղվածությունը: Ուղղվածությունը մեզՙ հեռուստադիտողներիս: Այն իրագործվում է մարդկանց երկու կատեգորիաների միջոցով: Առաջինը նրանք են, ում հեռուստատեսությունն ընտրել է որպես իր հերոսներ (հեռուստաստուդիաների հյուրերը), երկրորդըՙ նրանք, ում կյանքը բերել է հեռուստատեսություն, հաղորդակից անելով տեսանելի հեռուստատեսային գործընթացին, դարձնելով հեռուստատեսության պրոֆեսիոնալներՙ խոսնակներ, հաղորդավարներ, մեկնաբաններ: Նրանք բոլորը յուրօրինակ դերասաններ են, որոնք ստեղծում են սեփական կերպարներ: Նրանք օրըստօրե խաղում են իրենց դերըՙ աշխատանքի պրոցեսում կերտելով սեփական անհատականությունը: Եվ եթերում աշխատող այդ մարդկանց նկատմամբ շատ կարեւոր պահանջ է դառնում այն, որ տվյալ «ինքնության» ետեւում թաքնվի հետաքրքրական անձնավորություն: Ցավոք, Հայկական հեռուստատեսությունում նման «հետաքրքրական անձնավորություններն» այնքան էլ շատ չեն: Բայց նրանք կան: Կան «Հայլուր», «Լրաբեր», «Ժամը», «Հորիզոն», «Ազդարար» լրատվական ծրագրերում: Հարկ է նշել, որ Հայկական հեռուստատեսությունում առհասարակ այդ հաղորդումների մասնագիտական մակարդակն առավել բարձր է: Մասնագիտական լավ մակարդակով են աշխատում խոսնակներ եւ հաղորդավարներ Նվեր Մնացականյանը («Շանթ»), Աբրահամ Գասպարյանը (Հ-1). Արտակ Ալեքսանյանը (Հ-1), Շավարշ Գեւորգյանը (Հ-2), Արմեն Չիբուխչյանը (Հ-2), Արտեմ Կարապետյանը (Հ-2), Գագիկ Մինասյանը (Հ-2): Մեր աչքերի առջեւ մասնագիտորեն «հասունացել» են լրատվական ծրագրերի հաղորդավարուհիներ Սոնա Թորոսյանը (Հ-1), Քրիստինե Մելքոնյանը (Հ-1), Դիանա Հարությունյանը («Շանթ»), Արմինե Ամիրյանը («Արմենիա»), Գայանե Փայտյանը (Հ-2), Գայանե Սարգսյանը («Ար»), Զարուհի Բակունցը («Երկիր մեդիա»): Շատ լավ ռեպորտաժներ են պատրաստում Զարուհի Արզումանյանը (Հ-1), Արթուր Գրիգորյանը (Հ-1), Քրիստինե Անագուլյանը («Շանթ»), Քրիստինե Գասպարյանը («Ար»), Նառա Եփրեմյանը («Ար»), Արտակ Հերիքյանը (Փարիզի հատուկ թղթ.), Հայկարամ Նահապետյանը (Վաշինգտոնի հատուկ թղթ.), Լիլիթ Սեդրակյանը (Լոս Անջելեսի հատուկ թղթ.): Արտյոմ Երկանյանի մեկնաբանությունները գրեթե միշտ անթերի են, ճշգրիտ եւ հակիրճ: Դրանք իրենց մեջ կրում են թարմ, երբեմն անհայտ շատ տեղեկություններ: Շատ լավ է, որ արդեն մեր խոսնակները եւ հեռուստամեկնաբանները չեն կարդում իրենց տեքստերը, այլ արտաբերում են «մեր աչքերին նայելով»: Բայց ոչ ոքի համար այլեւս գաղտնիք չէ, որ նրանք նայում են ոչ թե «մեր աչքերին», այլ «հեռուստահուշարարի» էկրանին (այդ տեխնիկական սարքի վրա տպվում է ընթերցվող տեքստը): «Հեռուստահուշարարներից» օգտվում են ամբողջ աշխարհում: Բայց օգտվում են հմտորեն: Այդ տեքստերը «ընթերցվում» են այնպես, ասես ծնունդ են առնում հենց այժմ, մեր աչքերի առջեւ: Խոսքն արտահայտիչ դարձնելու համար պրոֆեսիոնալ խոսնակները եւ մեկնաբանները գործի են դնում (ամեն մեկը տարբեր ձեւով, յուրովի) մարդկային դեմքի հնարավորությունների ամբողջ զինանոցը. հեգնանք, ժպիտ, հոնքի շարժում, աչքերի կկոցում: Եվ գլխավորը, իհարկե, ձայնն է, խոսքը: Գրագետ խոսք առանց շեշտադրության, պարզ ու հստակ առոգանություն, ականջահաճո երանգավորումներ, արտահայտիչ դադարներ: Իսկ մեզ մոտ խոսնակներից եւ հաղորդավարներից շատերը կարդում են տեքստերը հեռուստահուշարարի վրա, բնավ չմտածելով, թե այդ ժամանակ մենք ինչ ենք տեսնում էկրանի վրաՙ լարված, հաճախ անմիտ դեմքը այն մարդու, որի միակ մտահոգությունը կարդալիս չսխալվելն է եւ բառ բաց չթողնելը (ընդսմին, այնուամենայնիվ, սխալվում են): Լեւոն Սարդարյանի («Ար») մեկնաբանությունները միշտ օրախնդիր են, հետաքրքրական: Նա խոսում է գրագետ եւ լավ հայերենով, սակայն մնում է քարացած դեմքով, որի վրա ոչ մի մկան չի շարժվում: Լավ կլիներ, եթե նա փոքր-ինչ աշխուժանարՙ քմծիծաղ տար, ժպտար: Եվ այդ ժամանակ նրա մեկնաբանությունները կլինեին անգին, նույնիսկ ավելի լավ, քան հենց Լեոնտեւինը: Բայց հեռուստահուշարարներից կարելի է օգտվել ոչ միշտ: Դրանք տեղադրված են միայն ստուդիաներում (եւ կարծում եմՙ ոչ բոլոր): Իսկ եթե հաղորդումն անցկացվում է ստուդիայից դո՞ւրս: Այդ ժամանակ հաղորդավարները, հարցազրույց վերցնողները դիմում են թղթի թերթիկների օգնությանըՙ նախօրոք տրված տեքստերով եւ հարցերով: Իրենց հարգող հմուտ պրոֆեսիոնալները հրաժարվում են այդ թերթիկներից: Ռուսաստանյան հաղորդումներում այդպես են աշխատում Մաքսիմովը («Գիշերային թռիչք»), Ժանդարեւը եւ Բերմանը («Ուշ գիշերով»), այդպես է աշխատում Վլադիմիր Պոզները: Թեեւ, իհարկե, ապահովության նկատառումով նրանց բոլորի առջեւ դրված են հաղորդումների տեքստերը: Շատ վատ է, երբ հարցազրույց վերցնողը զրուցում է իր առջեւում տեքստը դրած: Իհարկե, դա թույլատրելի է, եթե հարցերը բարդ են եւ պարունակում են դժվար մտապահվող շատ տեղեկություններ: Ամերիկացի Ջեյմս Լիպտոնը մեզ ծանոթ է ամերիկյան նշանավոր կինոաստղերի եւ բեմադրիչների հետ անցկացրած հիանալի զրույցներով: Նա ձեռքին պահում է քարտերի տրցակ, որոնց վրա գրված են առբերող հարցեր: Դա մեզ չի խանգարում եւ նրա վարկը չի գցում: Նա չի էլ փորձում թաքցնել այդ քարտերը: Ավելին, հերթական հարցն ավարտելովՙ նա մի կողմ է դնում արդեն ավելորդ դարձածները: Հայկական հեռուստատեսությունում ամենուրեք ականատես ենք լինում, թե ինչպես հարցազրույց վարողները կամ բացահայտորեն կարդում են թերթիկի հարցերը, կամ էլ խնամքով թաքցնում են այն: Վերջինը նույնիսկ ավելի վատ է. չէ որ հեռուստախցիկի «աչքից» ոչինչ չի վրիպում:

«Հորիզոն» լրատվական ծրագրի հաղորդավար Նվեր Մնացականյանը չի օգտվում թղթից. նա միշտ հանգիստ է, հավասարակշիռ: Ունի գրագետ խոսք, լավ առոգանություն: Զուրկ չէ հումորից: Նա մշտապես հաճույքով արձագանքում է բավական ծիծաղկոտ ամերիկահայ գործընկերոջՙ Դերենիկ Յափունջյանի կատակներին: Նվեր Մնացականյանն օժտված է հեռուստահաղորդավարին անհրաժեշտ շատ կարեւոր հատկությամբ. նա կարողանում է լսել իր զրուցակցին: Նրան միշտ հաջողվում է դիպուկ եւ կոնկրետ հարցերով բացահայտել քննարկվող խնդիրը: Չգիտեմ, թե ինչ մեթոդներով է պատրաստվում իր հյուրերի հետ կայանալիք զրույցներին, բայց տպավորությունն այնպիսին է, որ յուրաքանչյուր հարց ծնվում է անմիջապես հենց ստուդիայում: Մի քանի անգամ հանկարծ ըմբռնել եմ, որ նրա տված հարցը հենց նոր ծագել է իմ մտքում: Ես ծանոթ չեմ Արթուր Մեսչյանին: Մնացականյանի հետ նրա զրույցի ընթացքում իմ առջեւ բացահայտվում էր խելացի, խորաթափանց, նրբազգաց մարդու կերպարը: Արմեն Գեւորգյանի հետ Մնացականյանի զրույցից հետո ես ուրախացա, որ Հայաստանն ունի նման խելամիտ սոցապահովության փոխնախարար:

Նվեր Մնացականյանը չի քարացել հաղորդավարի մեկ անգամ ստեղծված կերպարի մեջ եւ չի խուսափում փոփոխվելու հնարավորությունից: Երգչուհի Եվա Ռիվասի հետ զրուցելիս նա մեղմ էր, ժպտադեմ: Հյուրի հետ թուրքական արձանագրությունների առաջիկա ստորագրումը քննարկելիսՙ նա դարձավ չար, ջղային: Շատ տարիներ առաջ ռեպորտաժին նվիրված մոսկովյան ամենամյա սեմինարի (որին ես մասնակցում էի) նիստերից մեկում քննարկվում էր այն հարցը, թե հարցազրույց վարողը, մեկնաբանը, հաղորդավարը իրավունք ունի՞ արդյոք իր վերաբերմունքը դրսեւորելու հյուրի, խնդրի, իր զրույցի թեմայի հանդեպ: Հանգեցինք այն հետեւության, որ ունի: Եվ դա նույնիսկ հետաքրքրական է:

Այդպես է աշխատում Պետրոս Ղազարյանը («Կենտրոն»): Բծախնդիր, ուղղախոս, փոքր-ինչ սկանդալային Պետրոս Ղազարյանը նման չէ մեկ ուրիշի: Նա կարող է վեճի բռնվել զրուցակցի հետ, կարող է բարձրացնել ձայնը: Ինչ-որ բանում կարելի է նրա հետ չհամաձայնել, բայց նրա զրույցները, անկասկած, միշտ հետաքրքրական են: Հատկապես տպավորվել է նրա զրույցը տխրահռչակ Հրանտ Բագրատյանի հետ: Նրա բորբոքուն, գրգռված տոնը միանգամայն հասկանալի էր: Հայաստանի նախկին վարչապետի ամբոխավարությունը եւ բացահայտ կեղծիքը հունից հանում էին նաեւ մեզՙ հեռուստադիտողներիս:

Ավելի դժվար է բնութագրել եթերում Նազենի Հովհաննիսյանի աշխատանքը: Նա շատ գեղեցիկ է, թվում էՙ նաեւ խելացի եւ կրթված (կուզենայի մտածել, որ չեմ սխալվում), իր հյուրերի հետ զրուցում է աշխուժորեն: Բայց, ցավոք, չեմ կարող ասելՙ նաեւ անբռնազբոս կերպով: Նա ավելի շուտ խաղում է անբռնազբոսություն: Ինձ շատ դուր է գալիս Նազենին, եւ չէի ուզենա, որ նա վիրավորվի: Ես հիշում եմ նրան «Ֆորտ Բոյար» ծրագրում: Հյուսված մազերով, կեղտոտված ձեռքերով ու դեմքով Նազենին, մոռանալով իր արտաքինը, մտածում էր միայն անչափ դժվար առաջադրանքը կատարելու մասին: Եվ նա հիասքանչ էր. աշխույժ, անմիջական եւ անկեղծ: Ինչը, ցավոք սրտի, չի զգացվում նրա հաղորդման մեջ: Անկեղծ ասած, ես միշտ հիանում եմ նրանով: Վատն այն է, որ նա ինքն էլ է հիանում իրենով: «Երջանկության մեխանիկան» ունի շատ որոշակի խնդիրՙ հեռուստադիտողներիս առջեւ բացահայտել ստուդիա հրավիրված ընտանեկան զույգերի երջանկության մեխանիկան: Հաղորդման գաղափարը հետաքրքրական է: Բայց ահա «երջանկության մեխանիկայի» այդ բացահայտումը մենք հաճախ չենք տեսնում: Ինձ թվում էՙ Նազենին փոքր-ինչ ձեւականորեն է վերաբերվում իր հյուրերին հասցեագրվելիք հարցերի կազմմանը: Հավանաբար, յուրաքանչյուր ընտանիք պահանջում է որոշակի մոտեցում: Չի կարելի ամենքին նույն արշինով չափել: Նկարիչ Արամայիսին (ազգանունը չհասցրի գրի առնել) տրված հարցերը բնավ չէին նպաստում նրա ընտանիքի «երջանկության մեխանիկայի» բացահայտմանը: «Որտեղի՞ց է սերը Կոմիտասի հանդեպ»: Արդյոք սա՞ է յուրաքանչյուր հայի տրվելիք հարցը: «Ի՞նչ պատճառներով գնացիր գրաֆիկայի բաժին»: Մի՞թե դա այդքան հետաքրքրական է: «Ո՞ր գույնն է բնութագրում ձեր ընտանիքը»: Ըստ ինձ, անհեթեթ հարց է, ձեւական հարց:

Իսկ Կարեն Կավալերյանի ընտանիքի հետ հանդիպումը միանգամայն ուրիշ էր: Լավ հարցերը Կավալերյանին հնարավորություն տվեցին ինչ-որ չափով բացահայտել թե՛ իրեն, թե՛ կնոջ հետ փոխհարաբերության առանձնահատկությունը եւ թե՛, հավանաբար, որդու բարդ բնավորությունը: Չնայած նման «միջանձնական» հաղորդումների հանպատրաստից բնույթին, դրանց հարցերը պետք է նախօրոք շատ ստույգ կերպով մտածված լինեն: Չի կարելի հեռուստատեսային թանկարժեք ժամանակը վատնել այնպիսի հարցերի վրա, ինչպես օրինակՙ. «Ինչպե՞ս է կենցաղը խանգարում կյանքին» (հանդիպում քանդակագործ Ռուբեն Նալբանդյանի ընտանիքի հետ): Մի՞թե մենք բոլորս չգիտենք այդ հարցի պատասխանը: Կամ, նույն հաղորդման մեջՙ «Դուք ե՞րբ հասկացաք, որ կատարյալ երջանիկ եք»: Հնարավո՞ր է արդյոք նշել նման որոշակի պահ: «Ի՞նչ է ընտանիքը, եւ ինչպե՞ս կարող է արվեստագետը պահպանել այն»: Ինչ է, արվեստի մարդիկ երջանիկ են ուրի՞շ ձեւով: Իսկ դերասաններ Նարինե Ալեքսանյանի եւ Վարուժան Մանուկյանի երջանկության պատճառը մենք հասկացանք. ամեն ինչ բացատրվում է նրանց ընտանիքում հումորի առկայությամբ: Հաղորդման բեմադրիչը ճիշտ կվարվեր, եթե ուշադրություն դարձներ ստուդիայի ձեւավորմանը: Ինձ թվում էՙ ստուդիայում հյուրերի դիրքը նրանց չի մղում անկեղծ խոսակցության: Կարծում եմՙ հենց Նազենիի համար էլ շատ հարմար չէ նստել այդ բազմոցին. դիրքը մի տեսակ լարված է: Մինչդեռ հաղորդման բնույթը թելադրում է առավել մտերմիկ մթնոլորտ. հենց այդ նպատակով սեղանին դրված են մրգեր, կոնֆետներ: Եվ հետո, ինչո՞ւ Նազենին զրույցի ժամանակ ձեռքերում պահում է գրիչ եւ նոթատետր, եթե ոչ մի անգամ գրառում չի կատարում: Նրա հագուստին շատ անհարմար է ամրացված խոսափողը, որը խանգարում է ազատ շարժվելուն: Եվս մեկ բան. ես Նազենիին խորհուրդ կտայի փոքր-ինչ նվազեցնել կոսմետիկայի ցայտունությունը:

«Մենքՙ հայերս» շարքի տասներկու հաղորդումները իսկական բավականություն պատճառեցին: Դրա խելացի, նրբանկատ, ուշադիր հաղորդավար Արթուր Բախտամյանը եւ նրա հյուրերը վերադարձրեցին վստահությունը, որ հայերն իրոք անցյալում հրաշալի ներկայացուցիչներ ունեցած ժողովուրդ են, որի խելամիտ, ինտելիգենտ ներկայացուցիչներն այսօր էլ գոյություն ունեն: Բախտամյանին հաջողվել է մեկ ստուդիայում հավաքել տասներկու մասնագետներիՙ իրենց ասպարեզի հիանալի պրոֆեսիոնալների եւ մեզՙ հանդիսականներիս հնարավորություն տալ գրեթե մեկ ժամ հետեւելու նրանց դատողություններին, իսկ երբեմն էլՙ վեճերին: Նույնիսկ հավերժ ընդդիմադիր Աշոտ Բլեյանը սաստիկ չէր զայրացնում: Հաղորդման ավարտը ընկալեցի ափսոսանքով: Բնավ չէի ուզում բաժանվել ինչպես հաղորդումների հերոսներից (Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Վազգեն կաթողիկոս, Վիկտոր Համբարձումյան, Պապ թագավոր, Վարդան Մամիկոնյան... մեր տասներկու մեծերը), այնպես էլ դրանց մասնակիցներիցՙ գիտնականներից, երաժիշտներից, պատմաբաններից, հոգեւորականից: Այդ հաղորդումները մտավոր եւ ճանաչողական տեղեկատվության հզոր լիցք են կրում, որի պակասը շատ է զգացվում հայկական հեռուստատեսությունում: Առավել եւս տհաճ էր դրանից հետո վերադառնալ այն հաղորդումներին, որոնց հաղորդավարները եւ մասնակիցները կոչվում են Էդո, Մխո, Ռուբո, Դավո, Հասո, Տիկո:

Հեռուստատեսությունում ամենից տհաճն այն է, երբ խոսնակը կամ հաղորդավարը սկսում է աշխատել ըստ սովորույթիՙ մեխանիկորեն արտաբերելով տեքստը: Շավարշ Գեւորգյանը (Հ-2) ամեն անգամ իր «4-րդ ստուդիա» ծրագիրն սկսում է բավական երկար տեքստով, որտեղ ասես արտածում է իր հաղորդման հավատամքը: Հաղորդման այդ յուրօրինակ ներածության տեքստը շատ երկար է եւ գրված է ընթերցելու, այլ ոչ թե եթերում արտաբերելու համար: Հաղորդավարն ամեն օր արագ բլբլացնում է այն եւ անցնում բուն զրույցին: Նման մակարդակի պրոֆեսիոնալի համար դա անթույլատրելի է: Ինձ թվում է, այդ տեքստը կարգին ձանձրացրել է Գեւորգյանին, երեւի նաեւ հանդիսականներին: Հեռուստատեսությունում գրավոր խոսքը բանավորի տեղ անցկացնելու բոլոր փորձերը ապարդյուն են: Նախօրոք գրված եւ կարդացված կամ անգիր ասված տեքստը այն տեքստը, այն խոսքերը չեն, որոնք ծնվում են անմիջական կենդանի խոսքում, մտքի հետ միաժամանակ: Հեռուստաէկրանի վրա չկա ավելի հետաքրքրական բան, քան մտքի ծննդյանը հետեւելու հնարավորությունը: Եվ որոշ հաղորդավարներ որքան էլ ջանան թաքցնել իրենց հուշաթերթիկները, աննկատ կարդալ դրանք, հեռուստադիտողը նկատում է դրանք, եւ դա նույնիսկ ավելի վատ է, քան բացահայտ ընթերցումը: Թվում է, մանրուք է, բայց հուշաթերթիկը, անկասկած, վարկաբեկում է հաղորդավարին: Ցավոք, հայկական հեռուստատեսությունում խիստ հազվագյուտ են այն հաղորդումները, որոնցում հեղինակները ոչ թե ձեւականորեն են կատարում հաղորդավարների իրենց դերը, այլ ըստ էության վարում են հաղորդումը, մեկնաբանում էկրանի վրա տեղի ունեցողը: Ակսել Բակունցին նվիրված ոչ վատ հաղորդման մեջ («Ար») բանասեր պրոֆեսորի եւ Գորիսում Բակունցի թանգարանի տնօրենի կենդանի խոսքի հետ միաժամանակ օգտագործված էր անդրկադրային տեքստը, որը կտրուկ աններդաշնակություն էր այդ կենդանի խոսքի համեմատությամբ: Այն հնչում էր որպես ատենախոսության տեքստ: Անդրկադրային տեքստերը հաճախ նման են լրագրային ակնարկների: Դրանք գրվում ենՙ բնավ հաշվի չառնելով ունկնդիր-ակնդրին: Հենց ունկնդրին, այլ ոչ թե ընթերցողին: Արժե, որ բեմադրիչներն իրենց սյուժեների տեսաշարքը մասնատեն բաղադրիչների եւ խորհեն, թե յուրաքանչյուր դեպքում կոնկրետ ինչն է կրում անհրաժեշտ տեղեկատվությունը եւ հուզական բեռնվածությունը: Խմբագիրները պետք է կարողանան գրել այնպես, ինչպես ասվում է կենդանի խոսքում:

Հեռուստախցիկից անհնար է որեւէ բան թաքցնել: Ժամանակին շատ է խոսվել հեռուստատեսության այնպիսի հատկության մասին, ինչպիսին է «բնավորության ռենտգենումը». հեռուստաէկրանի վրա ասես ռենտգենյան ճառագայթներով բացահայտվում է մարդու ամբողջ բնավորությունը, էությունը: Հեռուստախցիկից ոչինչ չես թաքցնիՙ ոչ հիմարությունը, ոչ վարքագծի կեղծիքը, ոչ զայրույթը, ոչ հոգնածությունը, ոչ էլ ինքնասիրահարվածությունը: Էկրանի վրա մարդու վարքագիծը վայրկենապես բացահայտվում է, ակնհայտ են դառնում դրա քողարկված թվացող առանձնահատկությունները: Ներկայումս հեռուստատեսության աշխատողները կարծես մոռացած լինեն էկրանի այդ հատկության մասին: Եվ հայկական հեռուստաէկրանների վրա առկայծում են զանազան գլխարկներով ու սեւ ակնոցներով ինքնասիրահարված, կիսակրթված, թլվատ պատանիներ եւ աղջիկներ, որոնց մտահոգությունը միայն իրենց ներկայությունն է էկրանի վրա: Եվ չեն հասկանում, որ հեռուստախցիկը հանուրին տեսանելի է դարձնում իրենց ավելորդությունը հեռուստատեսությունում:

Ինձ թվում է, հեռուստատեսային թանկ ժամանակը հաճախ անտեղի վատնվում է: Տարբեր ալիքների վրա կան «հեռուստատեսությունը հյուրն է...» տիպի տարատեսակ հաղորդումներ: «Հ-2» ալիքի ծրագրում կա «Մեզ սոված չէին սպասում» հաղորդում: Հերթական հաղորդման ժամանակ հյուր էին գնացել երգչուհի Ժաննային (ազգանունը լավ չլսեցի): Չեմ հասկանում, որքանո՞վ է հարմար հյուր գնալ, տանտիրուհուն պարտադրել գինի խմել, նրան խանութ ուղարկել գինի բերելու, բացել սառնարանը, ուշադիր (կինոխցիկի հետ) ուսումնասիրել դրա պարունակությունը, ապա տանտիրուհուն առաջարկել ինչ-որ բան եփել եւ ուտել: Ո՞րն է հաղորդման իմաստը: Ցուցադրել տանտիրուհու հմտությունը կամ անվարժությո՞ւնը, թե՞ նրա լավ (կամ վատ) կյանքը: Մի՞թե դա հետաքրքրում է որեւէ մեկին: Եթե նույնիսկ դա դուր է գալիս որոշ հեռուստադիտողների, կարծում եմ, հեռուստատեսությունը չպետք է իր թանկ ժամանակը վատնի նման ճաշակի տեր մարդկանց վրա: Նույնը վերաբերում է «Չէին սպասում» հաղորդմանը (Հ-2):

Մոսկվայում կինոբեմադրիչ Ներսես Հովհաննիսյանի հետ նրա աշխատանքի կենսական խնդիրների եւ առհասարակ կինոյի հարցերի (ամենից քիչ խոսվեց հենց դրանց մասին) շուրջ զրուցելու համար բնավ պարտադիր չէր դիտել նրա ննջարանը, խոհանոցը եւ նույնիսկ լոգարանը (չեմ հիշում, դիտեցի՞ն զուգարանը): Կինոխցիկից դուրս չմնաց տանտիրոջ վրդովմունքը, որին դա դուր չէր գալիս: Իսկ հանդիսատեսին նրա դստեր եւ թոռների հետ լավ կլիներ ծանոթացնել ոչ թե հընթացս, միջանցքում, այլ ուրիշ ձեւով: Ինձ թվում է, անտեղի ժամանակ վատնվեց նաեւ «Մեր շոուն» (Հ-2) միանգամայն անիմաստ հաղորդման վրա: Վատ գրիմավորված եւ կեղծամավոր, ռուսերեն եւ հայերեն բառերի խառնուրդ ինչ-որ լեզվով խոսող հաղորդավարը խղճուկ էր եւ անհեթեթ: Անհեթեթ էր այն խոսակցությունը, թե որն է լավՙ երբ առաջնեկը ծնվում է տղա՞, թե՞ աղջիկ: Անհեթեթ էր նրա հայ-ռուս-հրեական պարը: Եվ ի լրումն ամեն ինչի հնչեց «Ես մի հատ արդեն գցել եմ» նախադասությունը: Եվ առհասարակ, որքանո՞վ է արդարացված եթերում խմելը: Մի՞թե ստուդիայի ղեկավարներից ոչ մեկի մտքով չի անցել, որ դա գոյության իրավունք չունի իրեն հարգող ալիքի եթերում: Նույն ալիքի ծրագրում կա «Անակնկալ» հաղորդումը: Այդ հաղորդման հեղինակները շատ յուրօրինակ, եթե չասենք վատ պատկերացում ունեն հումորի մասին: Ո՞ւմ համար է նախատեսված, կարծեմ, նրբերշիկի բութ գովազդի օգտագործումը: Ո՞ւմ պետք է ծիծաղեցնի «Էս ի՞նչ վիրաժենիայով ես կարդում» ռեպլիկը: Ո՞ր հանդիսականի համար է նախատեսված «Աստղային կանայք» հաղորդումը: Հաղորդավարըՙ սեթեւեթ եւ ծեքծեքուն Արմինեն, հյուր գալով երգչուհի Զառային (ոչ մեկի ազգանունը չի նշվել), նրան առաջարկում է ցույց տալ իր զգեստները, կոսմետիկան: Դիտում է լոգարանը: Եվ տանտիրուհին հաճույքով բացում է զգեստապահարանը, ցուցադրում իր հագուստները: Փաթեթից հանում է ինչ-ինչ իրեր, պայուսակիցՙ գլխարկներ, ծրարիցՙ օծանելիք: Միաժամանակ պատասխանում է հաղորդավարուհու հարցերին. «Շա՞տ ժամանակ ես անցկացնում լոգարանում», «Գո՞հ ես քո զգեստապահարանից», «Բեմ դուրս գալիս օգտվում ես սեփակա՞ն իրերից, թե՞ նաեւ ուրիշիններից», «Ի՞նչ պետք է անի երկրպագուն, որպեսզի դու համաձայնես դուրս գալ նրա հետ», «Դու խենթ անձնավորություն ես, ի՞նչ խենթություն ես արել վերջերս», «Ինչպե՞ս ես վերաբերվում բամբասանքներին», «Ո՞րն է քո լսած վերջին բամբասանքը», «Ո՞նց ես լիցքավորվում», «Արդյոք դո՞ւր է գալիս, երբ ինչ-որ մեկը հագնում է նույնը, ինչ դու»: Հրաժեշտի պահին հաղորդավարուհին ասաց. «Կզանգվենք»: Դա նողկալի, մակաբույծ բառ է: Հետաքրքրական է, ստուդիայի ղեկավարությունից որեւէ մեկը դիտե՞լ է այդ հաղորդումը եթեր թողարկելուց առաջ: Ո՞րն է այդ հաղորդման նպատակը, ո՞ր հանդիսատեսի համար է ստեղծվել:

Ես կողմ չեմ գրաքննությանը: Դրանից կշտացել ենք խորհրդային իշխանության տարիներին: 60-70-ական թթ. ես շատ տարիներ աշխատել եմ Հայկական հեռուստատեսությունում: Այն ժամանակ հեռարձակվում էր ընդամենը երկու ալիք: Ամեն մի հաղորդում կարող էր եթեր դուրս գալ սցենարի վրա 4-5 ստորագրություն դրվելուց հետո միայն: Հեռուստաստուդիայում աշխատում էր նաեւ «գլավլիտ», որը կարող էր առհասարակ արգելել հաղորդման եթեր դուրս գալը: Հիմա, բարեբախտաբար, նման որեւէ բան չկա: Բայց ի հայտ է եկել ինչ-որ անվերահսկելիություն: Այստեղից էլՙ եթերում անպատիժ գոյությունը թլվատ, անգրագետ հաղորդավարների, որոնց անիմաստ սրամտություններն առաջացնում են ոչ թե ծիծաղ, այլ արցունքներ: «Ար» ալիքով կա «Մի անգամ» հաղորդում: Մի անգամ դիտել եմ այն: Այնտեղ երիտասարդ տղամարդը պատմում է, իր կարծիքով, ծիծաղելի ինչ-որ պատմություններ: Բայց դրանք ոչ միայն ծիծաղելի չէին, այլեւ առհասարակ հակաէսթետիկական էին: Դրանք պատմվում էին ահավոր լեզվով: Նրա խոսքն ամբողջովին կազմված էր «մի խոսքով», «ասենք», «էսպես», «կոմմենտարիաներ» բառերից: Մի՞թե ստուդիայում ոչ մեկի մտքով չի անցել, որ չէր կարելի այդ մարդուն թողնել եթեր: Ինձ արդեն վիճակվել է գրել այդ մասին. հեռուստաէկրանն ունի ընդհանրացման հզոր ուժ: Երբ հեռուստաէկրանի վրա ցուցադրում են որեւէ մարդու, որքան էլ յուրօրինակ լինի նրա անհատականությունը, դրանում անխուսափելիորեն երեւան կգան ընդհանուրիՙ ազգի, դարաշրջանի բնորոշ գծերը: Էկրանի մարդու կերպարը կանխորոշում է պատասխանատվության չափը այն բանի համար, թե ինչպիսին է մեր ժողովուրդը էկրանի վրա:

Դիտում էի «Երե-1» հաղորդումը եւ սարսափում: Թող ինձ ներեն Նահապետի եւ Հաբեթի դերակատարները, բայց հաղորդման մեջ նրանց ստեղծած կերպարները այլանդակ խելապակասներ են: Նրանց չեն զիջում վանող թիկնապահներըՙ իրենց ծուռ բերաններով եւ ներքինու ձայներով: Մի՞թե նրանք դուր են գալիս ինչ-որ մեկին:

Առհասարակ հումորի հարցում հայկական հեռուստատեսությունում գործերն այնքան էլ հաջող չեն, եթե չասենք շատ անհաջող են: Այստեղ չգիտես ինչու ամբողջ հայկական հումորը հանգում է թերարժեք մարդկանցՙ հարբեցողների, բթամիտների կերպարների ստեղծմանը: Մինչդեռ անցյալում Հայկական ռադիոյի անեկդոտները ծիծաղեցնում էին ամբողջ Խորհրդային Միությանը:

Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ հաղորդումը գրավեց իմ ուշադրությունը: Ուզեցի «ծանոթանալ» նշանավոր պարուհու հետ: Բայց ծանոթությունն այդպես էլ չկայացավ: Նա պատմում էր, թե ինչպես է հանդիպել իր ամուսնունՙ Մարտիրոս Մարտիրոսյանին, պատմում էր նրա հետ իր երջանիկ կյանքի մասին: (Մակագրերում նա չգիտես ինչու կոչվում էր Մարտրոս): Ես սպասում էի նրա ստեղծագործությանը վերաբերող զրույցի, բայց այն չկար: Գուցե կային հեռուստադիտողներ, որոնց հետաքրքրում էր հենց նրա անձնական կյանքը: Չեմ բողոքում: Խնդիրն ուրիշ է: Սոֆի Դեւոյանը խոսում էր հայերեն, ընդսմին, օգտագործելով ռուսերեն բառեր. «պոկլոննիկներից մեկը», «մի օրգանիզմ ա»: Հետո անցավ ռուսերենի, կրկին խոսեց հայերեն: Ինձ թվաց, որ նա ավելի լավ տիրապետում է հենց ռուսերենին: Ուրեմն ինչո՞ւ նրան չթողեցին ընդհանրապես խոսել ռուսերեն: Իսկ եթե ցուցում կա, որ հեռուստատեսությունում հնչի միայն հայերեն, ապա կարելի էր թարգմանել նրա տեքստը, որպեսզի հանրահայտ անձնավորությունը չհայտնվեր տհաճ կացության մեջ:

Եվ առհասարակ անթույլատրելի է, երբ մայրաքաղաքային հեռուստատեսությունը եթեր է թողնում բառային աղբ. «Մի քիչ կապրիզնի բաներ ունի», «վիդեոմատերիալը կորավ», «ռասկադրովկայա» («Ար», «Մի երգի պատմություն», երգչուհի Աննա Խաչատրյանի հետ): Հեռուստատեսությամբ գրեթե բոլոր ելույթ ունեցողները սխալ են օգտագործում ներկա ժամանակի բայական ձեըՙ գնում ա, ասում ա, բռնում ա, տեսնում ա: Բայց չէ՞ որ դպրոցում սովորեցնում ենՙ գնում է, ասում է, բռնում է, տեսնում է: Սա փակ շրջան է: Հեռուստատեսությունը կոչված է սովորեցնելու: Ստացվում է, որ սովորեցնում է հակառակը: Ինձ հատկապես արժեքավոր են թվում այն հաղորդումները, որոնցում գրագետ խոսք է հնչում: Արվեստաբան Հենրիկ Հովհաննիսյանը, լեզվաբան Արտեմ Սարգսյանը, երաժշտագետ Արամ Աբրահամյանը գեղեցիկ հայոց լեզվի կենդանի կրողներ են: Ես կարող եմ չընդունել Արամ Աբրահամյանի քաղաքական հայացքները, բայց միշտ հաճույքով դիտում եմ նրա «Պարականոն» հաղորդաշարը («Արարատ»): Ռիխարդ Շտրաուսի, Կոմիտասի, Մոնտեվերդիի ստեղծագործությանը նվիրված հաղորդումները իրոք ստեղծագործական, հեղինակային վերաբերմունքի օրինակ են: Արամ Աբրահամյանը հանդիսականի հետ զրուցում է Պատկերասրահից, ինչն առանձնակի հմայք է հաղորդում նրա հաղորդումներին: «Այբ, բեն, գիմ...» հաղորդումը («Արարատ»), որտեղ Հենրիկ Հովհաննիսյանը եւ Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը խոսում էին լեզվի անաղարտության, հասարակության մեջ իշխող կոպտության եւ գռեհկության մասին, տիպարն է այն հեռուստատեսության, որի մասին երազում է իրոք կրթված եւ ինտելեկտուալ ամեն մի հայ: Հետաքրքրական էր Հենրիկ Հովհաննիսյանի զրույցը գիտության եւ դրանում մարդու դերի վերաբերյալ («Շողակաթ»): Հաղորդման մեջ հնչեցին կրթության, էթիկայի եւ բարոյականության հարցեր: Սքանչելի են լեզվին առնչվող զրույցները, որ հեռուստաէկրանից վարում են նույն Հենրիկ Հովհաննիսյանը եւ Արտեմ Սարգսյանը («Մեր լեզուն, մեր խոսքը»): «Օրրան» հաղորդումը («Ար») Ալվարդ Պետրոսյանի, Մերուժան Տեր-Գուլանյանի, Էլեոնորա Մանանդյանի մասնակցությամբ գրավիչ էր արծարծված խնդիրների լրջությամբ: Հետաքրքրական էր զրույցը արդի երիտասարդության, նրա արժեքների, հերոսների, հասարակության մեջ տարածվող չարացածության եւ ագրեսիվության, ժողովրդի օգտակար գործողության գործակցի վերաբերյալ: Կարելի էր մերժել եթերում հնչած որոշ գաղափարներ, բայց անվիճելի է, որ զրույցի մասնակիցները մտահոգ են մեր հասարակության, երիտասարդության զարգացման միտումներով:

Հայաստանի եթերում անհրաժեշտ են խելացի, զարգացած, կրթված, վարժ խոսող մարդիկ: Արդեն շատ տարիներ հեռուստատեսությունում ջազի վերաբերյալ զրույցներ է վարում Արմեն Թութունջյանը: Ջազը լավ ճանաչող եւ սիրող երաժշտին հեշտությամբ հաջողվում է իր զրույցի մեջ ներգրավել մեզՙ հեռուստադիտողներիս: Լինելով ջազի սիրահարՙ նա այդ սիրով վարակում է նաեւ մեզ, մանավանդՙ ջազով հրապուրվողներին: Ըստ ինձ, նրանՙ իսկական պրոֆեսիոնալ ջազմենին, հարկավոր չեն ոչ հուշարարներ, ոչ էլ սեղանատակի տեքստեր: Եվ երբ վերջին հաղորդումներից մեկի ժամանակ գովազդից առաջ նա մեզ ասաց. «Մնացեք Կոլտրեյնի հետ», մենք հասկացանք, որ դրանք ձեւական խոսքեր չեն: Մենք իրոք այդ ամբողջ ժամանակն անցկացրել էինք Կոլտրեյնի եւ նրա հիանալի նվագախմբի հետ: Եթերում միշտ էլ շատ լավ է ընկալվում պրոֆեսիոնալի խոսքը, լինի երաժշտագետի խոսք Բեթհովենին նվիրված հաղորդման մեջ («Արարատ»), թե արվեստագետի խոսք Սրբուհի Լիսիցյանին եւ Մարտիրոս Սարյանին նվիրված հաղորդումների մեջ («Արարատ»): Ինձ հաջողված է թվում «Մեկ երգի պատմություն» հաղորդաշարը («Ար»): Թե Լիլիթ Պիպոյանի («Աշնան գիշեր») եւ թե Աննա Մայիլյանի («Սուրբ իմ») պատմությունները առանձնահատուկ իմաստ ավելացրին նրանց կատարած երգերի ընկալման մեջ: Եթերում աշխատող պրոֆեսիոնալները պարտավոր են հասնել առավելագույն անկեղծության եւ պարզության, նյութի խոր ներթափանցման: Անտեսանելի հանդիսականների, այսինքն մեզ հետ նրանց շփումը չպետք է լինի ձանձրացուցիչ, եւ ընդսմին նրանք միշտ եւ բոլոր հանգամանքներում չպետք է իրենք իրենց դավաճանեն:

Կան մարդիկ, որոնք օժտված են «արտիստականություն» կոչված հատկությամբ: Վերջինս սովորաբար բնորոշ է թատրոնի եւ կինոյի լավ դերասաններին: Այդ հասկացությունը ներառում է տեսածը, վերապրածը հետաքրքրական, պատկերավոր ձեւով, հափշտակությամբ, հուզականորեն պատմելու ունակությունը: Բարձրարվեստ պետք է լինի եթերում աշխատող ամեն մի պրոֆեսիոնալ: Հմտորեն, առանց «հուշարարների» եւ հուշաթերթիկների Տինա Կանդելակիի հետ հարցազրույց անցկացրեց Մարկ Սաղաթելյանը (TV-5): Հետաքրքրական էր Մենուա Հարությունյանի («Արմնյուզ») զրույցը երգչուհի Նունե Եսայանի հետ: Հարցազրույց վարողին հաջողվեց հանդիսականների առջեւ բացահայտել անհայտՙ խելամիտ, խորհրդածող Նունե Եսայանին:

Արդյոք ամեն ոք կարո՞ղ է դառնալ լավ հաղորդավար կամ հարցազրույց վարող: Դրա համար ի՞նչ պետք է իմանալ: Կարելի՞ է այստեղ խոսել ինչ-որ կոչման, տաղանդի մասին: Զրուցելու, հարցազրույց վերցնելու ունակությունը բնածին շնո՞րհ է: Կարծում եմՙ այո: Լավ հաղորդավար դառնալու, եթերում մարդկանց հետ զրուցել կարողանալու համար հարկավոր է շփման ձիրք ունենալ:

Հաղորդումներում մենք քանիցս հանդիպել ենք հիանալի դերասան Սոս Սարգսյանի հետ: Եվ միայն Կենտրոնական հեռուստատեսության շատ վաղեմի հաղորդման մեջ է նա լիովին մեզ ներկայացել իր խելքով, իմաստնությամբ, արտասովորությամբ, ինքնօրինակությամբ: Կասկածից վեր է, որ Հրանտ Մաթեւոսյանը լավ զրուցակից է եղել: Եվ միայն Անենսկուն հաջողվեց մեզ համար բացահայտել Հրանտ Մաթեւոսյանի անձի եւ ստեղծագործության այնպիսի կողմեր, որոնց գոյության մասին շարքային ընթերցողն ու հանդիսատեսը չէին էլ կասկածում: Կարելի է կարծել, թե մեր իմացությունը որեւէ էական եւ անսպասելի բանով չի կարող հարստանալ գրողի, բեմադրիչի, դերասանի հետ անմիջական հանդիպումից: Մենք գիտենք նրանց գրքերը, ֆիլմերը, ներկայացումները, դերերը: Երբեմն ստեղծագործությունների հիման վրա նույնիսկ կարողանում ենք կարծիք կազմել հեղինակի անձի մասին: Հեռուստատեսությամբ գրողի, բեմադրիչի կամ դերասանի հետ մեկժամյա անձնական, անմիջական շփումը կարո՞ղ է արդյոք եթե ոչ փոխել, ապա գոնե հարստացնել նրան առնչվող մեր գիտելիքը: Կարող է: Միայն թե այդ ժամվա ընթացքում տվյալ գրողի, բեմադրիչի կամ դերասանի (եւ առհասարակ ամեն մի մասնագիտության տեր մարդու) կողքին պետք է լինի խելացի, մտածող զրուցակից:

Գեղեցիկ արտաքինը եւ արտահայտիչ աչքերը դեռ երաշխիք չեն, թե դրանց տերը կարող է վարել հաղորդում կամ հարցազրույց: Հայկական հեռուստատեսությունում հաճախ խոսնակ եւ հաղորդավար են դարձնում այնպիսի մարդկանց, որոնք չեն անցել գլխավոր փորձությունըՙ չունեն շփվելու, ճիշտ, գրագետ, պարզ եւ անկաշկանդ խոսելու ունակություն: Հենց արտաքինն է հաճախ անցագիր դառնում հեռուստատեսությունում աշխատելու համար: Այստեղից էլՙ հաղորդումներ վարող, հարցազրույցներ վերցնող սիրունատես աղջիկների եւ անպատկառ տղաների հսկայական քանակությունը: Նրանք հատկապես շատ են այսպես կոչված զվարճալի ծրագրերում: Չնայած հաղորդավարի, մեկնաբանի, հարցազրույց վերցնողի եւ խոսնակի մասնագիտությունների թվացյալ միանմանությանը, դրանք բավական ուրույն են, եւ յուրաքանչյուրն իր հերթին պահանջում է մեծ վարպետություն: Իսկ մեզ մոտ ամենուրեք միեւնույն մարդն է. վարում է երաժշտական հաղորդում, խոհարարական հաղորդում, անցկացնում հարցազրույց: Արդեն շատ տարիներ հայկական հեռուստատեսությունում գոյություն ունի խոսնակի, հաղորդավարի, մեկնաբանի միջինացված կերպար. նա կաշկանդված է, անհատականությունից զուրկ, ճիգ ու ջանքով ստեղծված սովորական ժպիտով:

Հեռուստաէկրանը դաստիարակության անչափ հզոր միջոց է: Ուստի դժվար է գերագնահատել դրա դերը մատաղ սերնդի, մեր երեխաների բարոյական, էթիկական եւ գեղագիտական ձեւավորման մեջ: Լավագույն, ամենախելացի, առավել կրթված մարդիկ պետք է մասնակցեն մանկական հաղորդումների ստեղծմանը: Ծամածռվող, սվսվացնող, բեղավոր, մորուքավոր, քսմսված, անհեթեթ համազգեստներ հագած այդ բոլոր մորաքույրներն ու քեռիները, որոնք հեքիաթներ են պատմում, նկարել սովորեցնում եւ առհասարակ մանկական հաղորդումներ վարում, ի վիճակի են դաստիարակելու միայն բարոյական հրեշների: Բայց ցանկության դեպքում կարելի է գտնել երեխաների հետ նորմալ խոսակցության եղանակներ: «Արմենիա» ալիքով ինձ հաջողվեց դիտել մանկական հաղորդում Ամերիգո Վեսպուչիի մասին: Նշանավոր ճանապարհորդին վերաբերող խոսակցությունն այնքան գրավիչ էր, որ հաղորդումը դիտեցի մինչեւ վերջ եւ, ի դեպ, հետաքրքրական շատ բաներ իմացա: Հաղորդման հեղինակները գտել էին ուշագրավ ձեւ. նշանավոր ճանապարհորդի մասին զրուցում էին մանչուկը, աղջնակը եւ... համակարգիչը: Միայն թե մանչուկը, շատ լավ տղան (ցավոք, չհասցրի ազգանունը գրի առնել) պետք է ջանա լինել այն, ինչ կա, եւ չփորձի չափահաս երեւալ: Բեմադրիչը պետք է որ աշխատեր փոքրիկ հաղորդավարի հետ:

Հեռուստատեսությունում մարդու անձնական հատկանիշները բացահայտվում են մտքի եւ զգացմունքների էկրանային զարգացման մեջ: Դիտողի մեջ հետաքրքրություն է առաջանում տվյալ մարդու ոչ միայն ասածի, այլեւ խոսելաձեւի, մտածելակերպի, զգալու ձեւի հանդեպ: Միանգամայն գիտակցված եւ որոշակի կերպով հեռուստախցիկին արձագանքելովՙ նա այսպես թե այնպես ներկայացնում է իրեն... Երբեմն դա վերածվում է կեցվածքի, երբեմն էլՙ հանդիսատեսին ուղղված լավ կշռադատված, բայց միանգամայն բնական, արտիստական դիմումի: Վիթխարի լսարանի առջեւ անկաշկանդ կամ կաշկանդված ներկայացումը բարոյախոսական եւ գեղագիտական խոր իմաստ է պարունակում: Ներկայացումը ի հայտ է բերում մարդու մտավոր, բարոյական, հոգեւոր էությունը: Հեռուստատեսությունը պետք է փնտրի հաղորդավարներիՙ մարդկանց, որոնք օժտված են կենսական արտիստականությամբ, ունեն վառ արտահայտված անհատականություն, ոչ միայն բանիմաց են գիտության, արվեստի, գործարարության, տնտեսության այս կամ այն ճյուղերում, այլեւ օժտված են տեսանելի եւ անտեսանելի զրուցակիցների հետ շփվելու ունակությամբ: Հեռուստահաղորդումների հեղինակները պետք է մշտապես իրենց հարց տան. հեռուստաէկրանից ովքե՞ր են մուտք գործում մեր տներ, իրենց հետ ինչպիսի՞ հոգեւոր կապիտալ են բերում, մենք ի՞նչ ենք ստանում նրանցիցՙ մեր ամենօրյա կեցության այդ մշտական ուղեկիցներից:

Հեռուստամեկնաբան, հեռուստահաղորդավար. սրանք դժվար մասնագիտություններ են, որոնց տիրապետելու համար պահանջում են տարիներ: Իսկ հայկական հեռուստատեսության աշխատողներին թվում է թե դա կարող է անել ամեն ոքՙ ազգականը, հարեւանը, ընկերը: Եվ մեր էկրաններին հայտնվում են միանման, քիչ հետաքրքրական հաղորդումներ եւ սյուժեներ: Եվ դրանցում հայտնվում են եթերի համար պատահական մարդիկՙ հաղորդավարներ եւ մեկնաբաններ, նրանց եւ հանդիսականի միջեւ առաջանում է ոչ թե հոգեկան կապ, այլ շփումՙ ինչպես պատահական ուղեկցի հետ. ե՛ւ ասելիք չկա, ե՛ւ հեռանալու տեղ չկա: Մարդը կարող է իմանալ անչափ հետաքրքրական տեղեկություններ, կարող է դրանք փայլուն կերպով շարադրել թղթի վրա, բայց միանգամայն անօգնական դառնալ հեռուստախցիկի առջեւ: Երբ խոսակիցները դեմ դիմաց են, երբ էկրանի վրա մարդիկ անմիջականորեն դիմում են իրար, անկարելի է ունենալ «դատարկ» աչքեր, անկարելի է ձեւանալ, վտանգավոր է ասել մեկ բան եւ մտածել ուրիշ բան. հեռուստացույցը քողազերծում է կեղծիքն ու անտարբերությունը, ցուցադրում, խոշորացնում է դրանք: Ճշմարտության, բացարձակ ազնվության պահանջը բարոյականության հեռուստատեսային վարքականոնի առաջին պայմանն է, առաջին պահանջը: Հեռուստաեթերում աշխատող մարդկանց համար գոյություն ունեն բացարձակ չափանիշներՙ խորագիտակության, բարեկրթության, սուր միտք, ինքնօրինակություն եւ հետաքրքիր զրույց վարելու ունակություն: Գուցե այս պահանջները թվան չափազանցված, բայց ինչ անես, եթե մարդը հեռուստատեսության գլխավոր օբյեկտն է: Ուստի հեռուստաէկրանին հաճախ հայտնվող մարդու անձնական հատկությունների հանդեպ մենք անտարբեր չենք: Ինչո՞ւ էկրանի վրա հազվադեպ է երեւում Դավիթ Մուրադյանը, որը խելացի է, ուսյալ, հիանալի տիրապետում է լեզվին, հետաքրքրական զրուցակից է: Չէ՞ որ նա կարող էր հաղորդումներ եւ զրույցներ վարել թե՛ գրականության, թե՛ կինոյի, եւ թե՛ թատրոնի վերաբերյալ: Ես համաձայն եմ, որ այսօր մեզ մոտ շատ, անչափ շատ մարդիկ ավելի մեծ հաճույքով դիտում են ցածրահարգ, բթացնող «32 ատամ» հաղորդումը, քան Հ. Հովհաննիսյանի կամ Ա. Սարգսյանի զրույցները: Բայց եթե հեռուստատեսությունը ըմբռնի հանդիսականի դաստիարակության եւ ձեւավորման մեջ իր դերի ողջ կարեւորությունը եւ լրջորեն զբաղվի մատաղ սերնդի դպրոցական, հաճախ նաեւ ընտանեկան դաստիարակության բացերը ոչ թե ավելացնող, այլ վերացնող ծրագրերի ստեղծմամբ, ապա մի տասը տարուց գուցեեւ բարձրանա մեր ժողովրդի կրթական եւ մտավոր մակարդակը:

Ես չեմ հասկանում այն արդարացումը, թե պահանջարկն է թելադրում սպառումը: Այո, սպառողների մակարդակն այսօր շատ ցածր է: Բայց այդ մակարդակը մեկ օրում չի ընկել: Երկու տասնամյակ հեռուստատեսությունը եւս մասնակցել է դրա ձեւավորմանը: Նույնիսկ ավելի մեծ չափով, քան կինոն եւ թատրոնը: Բաղձալի ազատությունն իր հետ բերեց այնպիսի գործընթացներ, որոնց մասին մենք չէինք էլ մտածում: Հայտնվելով սեփականատերերի ձեռքինՙ հեռուստատեսությունը սկսեց հանդիսականներին մատուցել այն, ինչ դուր էր գալիս տերերին: Իսկ վերջիններիս ճաշակը հաճախ այնքան էլ բարձր չէր: Հեռուստատեսություն սկսեցին ձեւավորել մարդիկ, որոնք գաղափար չունեին ոչ դրա առանձնահատկության, ոչ էլ դրա օրենքների մասին: Հեռուստատեսությունը ծրագիր է: Այդ ծրագիրը կազմում են պրոֆեսիոնալները, որոնք գիտեն ծրագրավորման օրենքները: Մեր հեռուստատեսությունում այդ օրենքների մասին գաղափար չունեն: Ամենօրյա ծրագրերի ընտրությունը կատարվում է ինչպես պատահի: Ուստի հնարավոր դարձավ Սումգայիթի սահմռկելի օրերին նվիրված «Սովորական ցեղասպանություն» ցնցող ֆիլմից անմիջապես հետո անցնել «Երգ երգոց» զվարճալի ծրագրին (Հ-1):

Երբ խոսքը հեռուստատեսության պրոֆեսիոնալ աշխատողների մասին է, առանձնահատուկ կարեւորություն ունի նրանց արտաքին տեսքը: Հեռուստաէկրանը չպետք է վերածել նորաձեւության ցուցասրահի կամ կանացի զարդարանքի ցուցափեղկի: Զվարճացնելով, տեղեկացնելովՙ հեռուստատեսությունը դաստիարակում է նախ եւ առաջ լավ ճաշակ: Ուստի լավ ճաշակ պետք է ունենա դրա յուրաքանչյուր աշխատակից եւ մանավանդ նրանք, ովքեր ամեն օր հայտնվում են մեր տներում: Վստահ եմ, որ հեռուստատեսային ծրագիրը, առհասարակ հեռուստատեսության աշխատանքը պետք է նախատեսված լինի ոչ թե «միջակ սպառողի», այլ բարձր ինտելեկտուալ, խելամիտ, կրթված հանդիսատեսի համար... ոչ թե հաճոյանալ ցածրահարգ ճաշակին, այլ զարգացնել, բարձրացնել այն: Դրա համար պետք է ինքդ բարձր, շատ բարձր կանգնած լինես...

Մեկ հոդվածում, նույնիսկ ամենամեծում անհնար է ընդգրկել հայկական հեռուստատեսության բոլոր արժանիքներն ու թերությունները: Ուստի ստիպված եմ անուշադրության մատնել այնպիսի ձեռքբերումներ, ինչպիսիք են «Հայսուպերսթար» եւ «Ժողովրդական երգիչ», «Երգ երգոց» եւ «Արեւներ» նախագծերը: Բոլոր ակնհայտ թերություններով հանդերձՙ դրանք լավ, պիտանի հաղորդումներ են: Ես չանդրադարձա նաեւ լավ եւ վատ երաժշտական տեսահոլովակներին, ահավոր գովազդներին, ծրագրերում վատ երգերի, վատ երգիչ-երգչուհիների առատությանը:

Արդեն տարիքս առել եմ, բայց կուզենայի, շատ կուզենայի հուսալ, որ դեռ կվիճակվի գրել բարձր պրոֆեսիոնալ Հայկական հեռուստատեսության մասին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4