ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2010-05-08 | #7, 2010-05-22 | #8, 2010-06-12


ԱՐՇԻԼ ԳՈՐԿՈՒ ԵՐԿՐՈՐԴ ԳԱԼՈՒՍՏԸ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Կոմիտասը ճանաչված է որպես էթնիկական երաժշտության բանահավաք-մասնագետ եւ արդի հայ երաժշտության հիմնադիր: Ինչպես պատմության մեջ մ. թ. եւ մ. թ. ա. սկզբնատառերի ժամանակային սահմանազատումը, հայկական երաժշտության ասպարեզում էլ նման սահմանազատող գիծ գոյություն ունի, որն իրարից բաժանում է Կոմիտասից առաջ եւ հետո ստեղծված ամբողջ երաժշտական մեր ժառանգությունը: Բացի այդ Կոմիտասը նաեւ Հայոց ցեղասպանության խորհրդանշանն է դարձել: Նրա արձանները, Երեւանից սկսած մինչեւ Փարիզ, Մոնրեալիցՙ Դետրոյթ, խորհրդանշում են հայերին պատուհասած անասելի ողբերգությունը:

Վերջին տարիներին նկարիչ Արշիլ Գորկին էլ (Ոստանիկ Մանուկ Ադոյան) դարձել է Հայոց ցեղասպանության խորհրդանիշը, ոչ թե պատմական որոշակի առումով, այլ արվեստագետի կյանքի ողբերգական փորձառությունների հանդեպ ստեղծված անզգույշ հակասությունների հետեւանքով: Ի դեպ, այդ ողբերգական փորձառությունները ձեւավորել են նրա աշխարհայացքը եւ առաջ մղել դեպի համաշխարհային արենա:

Այս օրերին Լոնդոնի «Թեյթ Մոդեռն» պատկերասրահում բացված «Ամերիկյան աբստրակտ էքսպրեսիոնիզմին» (գլխավորապես Գորկուն) նվիրված ցուցահանդեսը մեծ աղմուկ է բարձրացրել մամուլում, որովհետեւ թանգարանի տնօրենն ու գլխավոր կուրատորը, իրենց մասնագիտական պարտականությունները կատարելուց բացի, որոշել են վերանայել պատմությունը եւ իրենք իրենց դասել ցեղասպանությունը ժխտողների շարքում:

Բայց նախքան դրան անդրադառնալը հիանանք Արշիլ Գորկու տպավորիչ հաղթարշավովՙ ընդհանրապես որպես արվեստագետի եւ մասնավորապես որպես ամերիկյան աբստրակտ էքսպրեսիոնիզմի շարժման առաջնորդի: Երկար տարիներ, երբ այդ շարժման կամ ուղղության մասին որեւէ գործում կամ արվեստագիտական պարբերականում անդրադարձ էր կատարվում, Գորկու անունը կամ վերջին տեղում էր նշվում կամ էլ ընդհանրապես չէր նշվում: Զարմանալիորեն Մարկ Ռոտկոյի անունը, ով Գորկու աշակերտն էր եղել, զբաղեցնում էր կենտրոնական տեղը բոլոր գրություններում: Բայց վերջին տարիներին վերանայվել են այդ շարժման լուսավորիչների գնահատման չափանիշները, եւ Գորկին ի վերջո գտել է իր արժանի տեղըՙ որպես այդ խմբի ամենաազդեցիկ արվեստագետը:

Մ. Նահանգների փոստային ծառայությունները օրերս հրապարակ են հանել նամականիշերի մի շարքՙ նվիրված Ամերիկայում աբստրակտ էքսպրեսիոնիստական դպրոցի առաջամարտիկ արվեստագետներին, եւ Գորկին ընդգրկված է այնտեղ Ջեկսոն Պոլոքի, Վիլեմ դը Քունինգի, Ֆրանց Քլայնի եւ Մարկ Ռոտկոյի կողքին:

Գորկու կյանքում շատ են եղել ողբերգական իրադարձությունները, որոնք սկիզբ են առել Մեծ եղեռնի ժամանակ Վասպուրականի հայերին իրենց նախնիների հայրենիքից արմատախիլ անելու թուրքերի գործադրած ջանքերով: Գորկին բնիկ վանեցի էր, Վասպուրականից, որի բնությունը, եկեղեցական ճարտարապետությունը, գունագեղ մանրանկարչությունն ու համեղ մրգերը ներծծված էին ինչպես իր հոգեկանում եւ հիշողություններում, այնպես էլ իր կյանքում եւ արվեստում: Նա Հայաստանում կորցրեց իր մորը, ով քաղցից մահացավ իր ձեռքերում, իսկ Մ. Նահանգներում փախստական իր հորը փնտրելիս, երբ Հայաստանի կառավարությանն էր դիմել օգնություն խնդրելով, նրան ծեծի ենթարկեց մեր ազգային հերոս զորավար Դրոն:

«Երբեք չեմ մոռանալու եղբորս արյունլվա ականջը այն բանից հետո, երբ նրան կառավարական տան աստիճաններից ցած գլորեցին», պատմել է ինձ քույրըՙ Վարդուշը, նախքան Չիկագոյում վախճանվելը:

Ամերիկա հասնելուց հետո Գորկին աշխատանքի էր անցել «Հուդ Ռաբըր» գործարանումՙ Ուոթերթաունում (Մասաչուսեթս), որտեղ ընկերացել էր Ենովք Տեր-Հակոբյանի եւ Խաչատուր Փիլիպոսյանի հետ: Կեսօրվա ընդմիջումներին Ենովքը սովորություն է ունեցել երգել Վանին նվիրված երգեր, որոնք էլ Գորկու աչքերին արցունքներ են բերել: Նրան աշխատանքից ազատել են, որովհետեւ փայտը փոխանակ որպես կոշիկի կաղապար օգտագործելու, նա դրանից հայկական արորներ է պատրաստել, որոնք այժմ ներկայացված են շրջիկ ցուցահանդեսի ցուցանմուշների շարքերում:

Նա ինքնաստեղծ արվեստագետ էր, արվեստի ոչ մի կաճառ չէր ավարտել: Բայց այդ կաճառներից մեկի կողմից հրավիրված էր դասավանդելու: Դը Քունինգը, ով ակադեմիական ամենաշատ կրթություն ստացածներից մեկն էր, ասել է, որ այն ամենը, ինչ ինքը սովորել էր «Արվեստի ակադեմիայում», Գորկին արդեն գիտեր եւ գիտեր շատ ավելին: Քանդակագործ Ռուբեն Նաքյանը ընդմիշտ հիացած էր Գորկիով, որպես մեր արվեստագետների խմբի «եվրոպացի վարպետի»:

Երկար ժամանակ Գորկին փորձ էր ուզում ձեռք բերել կուբիստներից, Սեզանից, Պիկասոյից, դը Կիրիկոյից եւ Միրոյից: Նա խիստ լարված եւ վճռական ինքնուսուցման շրջան է բոլորելՙ գիտակցաբար մրցակցելով այդ արվեստագետների հետ: Նրա ընկեր Ժյուլիեն Լեւին, արվեստի գործերի վաճառականը, նրան միշտ խորհուրդ էր տալիս ինքնարտահայտման ուղիներ որոնել: Նա նույնիսկ խոստացել էր ցուցահանդես կազմակերպել, հենց որ Գորկին Գորկի դառնար, այսինքնՙ ձեռք բերեր իր առեղծվածային եսը: Բայց երբ Գորկին, ի վերջո, գտել էր իր սեփական ճանապարհը, անձնական ողբերգությունն էր վրա հասել: Այդուհանդերձ, Լեւին իր խոստումը կատարել էրՙ հետմահու հրատարակելով Գորկու առաջին լուրջ կատալոգներից մեկը:

Իր կյանքի կարճ ժամանակահատվածում Գորկին շատ դառնություններ էր ճաշակել: Տառապում էր հաստ աղիքի քաղցկեղով եւ վիրահատության էր ենթարկվել, ավտովթարի հետեւանքով ջարդել էր ուսոսկրը եւ արվեստանոցում ծագած հրդեհը ոչնչացրել էր մոտ 20 կտավ: Կարծես այս բոլորը բավական չլիներ, կինըՙ Ագնեսը, որին «Մուկուչ» էր նա անվանում սիրալիրաբար, հեռացել էր նրանիցՙ իր հետ տանելով երկու դուստրերին, որոնց Գորկին պաշտում էր: Ավելին, նա (կինը) սիրային կապ էր հաստատել իր (Գորկու) արվեստագետ ընկերներից մեկիՙ Մատտա Էչաուրենի հետ, մի արարք, որը խիստ վիրավորական էր վանեցի տղամարդու համար:

Արվեստագետներին հաճախ անվանում են «սուրբ հրեշներ»: Իրականում չգիտենք ընտանիքում ինչ էր տեղի ունեցել: Պիկասոն պակաս «հրեշ» չէր իր կանանց հանդեպ, բայց նրանցից առնվազն մեկը դիմացավ նրան եւ ապրեց նրա հետ մինչեւ կյանքի վերջը: Գորկին չարժանացավ այդ բախտին: Կինը Գորկու ամենադժվար ժամանակաշրջանում, երկու երեխաներին վերցնելով, հեռացավ նրանից: Դա արդեն լցված համբերության բաժակի վերջին կաթիլն էր կարծես եւ, Գորկին այլեւս չդիմանալով, 48 տարեկանում ինքնասպանություն գործեց, իրեն կախելով:

Նրա ընկերներից ոմանք, ովքեր 25 դոլարով նրանից կտավ էին գնել որպես բարեգործություն, հետագայում վաճառեցին դրանք միլիոնավոր դոլարներով: Գորկին այսօր անհասանելի բարձունք է համարվում արվեստի շուկայում: Նրա այրին վայելում է իր թողած կալվածը, հույս ունենք, որ մաքուր խղճով:

Հայ վիպասան Սարգիս Վահագնը հոյակապ մի գիրք է գրել Գորկու կյանքի մասին, որը գերազանց նյութ կարող է լինել ֆիլմի սցենարի համար:

Գորկին, ի վերջո, հաստատեց իրենՙ որպես 20-րդ դարի ոգուն բնորոշ արվեստագետի: Միայն վերջերս չորս գրքեր հրատարակվեցին, որոնք բացահայտում են նրա արվեստի, անհատականության ամենատարբեր կողմերը եւ դրանց ազդեցությունը 20-րդ դարի ամերիկյան նկարչական ուղղությունների վրա: Լոնդոնյան «Թայմս» պարբերականի գրական հավելվածը (Times Literary Supplement) իր այս տարվա ապրիլի 23-ի համարում դրանցից երեքի վերաբերյալ գրախոսական է տպագրել: Այդ գրքերը հետեւյալներն են. «Abstract Expressionism and the American Experience, by Irving Sandler» (Իրվինգ Սենդլըրի «Աբստրակտ էքսպրեսիոնիզմը եւ ամերիկյան փորձառություն»), «Arshile Gorki- A Retrospective, Tate Modern», «Թեյթ Մոդեռն» պատկերասրահի «Արշիլ Գորկի: Հետահայաց ակնարկը»), «Rethinking Arshile Gorky, by Kim S. Theriault», (Կիմ Ս. Թերիոյի «Վերաիմաստավորելով Արշիլ Գորկուն» աշխատությունը) եւ «Arshile Gorky» Matthem Spender, editor» (Գորկու փեսայիՙ Մեթյու Սպենդերի խմբագրությամբ լույս տեսած «Արշիլ Գորկի» հատորը):

Ուշագրավ է, որ այս ցուցակից դուրս է մնացել Ֆիլադելֆիայում վերջերս բացված հետահայաց ցուցահանդեսի առիթով հրատարակված Մայքլ Թեյլորի արտակարգ կատալոգը, որը գուցե հայազգի արվեստագետի մասին գրված ամենահամապարփակ հրատարակությունն է, որ նաեւ պատշաճն է հատուցում նրա կյանքի պատմությանը, արմատներինՙ սկսած Վանի հայկական քաղաքակրթության ակունքներից: Մայքլ Թեյլորի նախաբանը, դրան ընկերացող էսսեները, մատենագիտական ցուցակը եւ գրությունների լրջմիտ մոտեցումները թեմայինՙ ճշմարիտ պատկերն են տալիս Գորկու արվեստի: Բայց մենք դրա մասին ոչ մի գրախոսական չենք կարդում «Թայմս» թերթի գրական հավելվածում: Այդուհանդերձ, գրախոսող Քելլի Գրոուվերը բառերը չի խնայում, ինչպես «Թեյթ» պատկերասրահի աշխատակիցներն են անում: Մեկ պարբերությունն էլ բավական է ցույց տալու համար պատմական ճշմարտության եւ արվեստագետի ժառանգության հանդեպ գրողի տածած հարգանքը: Գրոուվերը գրում է. «Ինչպե՞ս կարողացավ Ամերիկան դուրս պրծնել իր բնազդային գավառականությունից եւ ստեղծել, հնչեցնել արվեստում իր նոր խոսքը: Գործի լծված արվեստագետների երեւակայությունների մեջ հատկանշական էին պատկերացումները այն հայ գաղթականի, որ Էլիս Այլենդ էր ժամանել 1920-ինՙ որոնելու իր հորը: Ոստանիկ Մանուկ Ադոյան անունով այդ տաղանդավոր երիտասարդ գծագրիչը տեղահանված էր դարի առաջին ցեղասպանության ժամանակ, որը խլել էր նաեւ նրա մոր կյանքը»:

Ֆիլադելֆիայում կայացած հետահայաց ցուցահանդեսը արվեստի աշխարհում ողջունվեց որպես դարակազմիկ իրադարձություն: Այդ ցուցահանդեսը տեղափոխվեց լոնդոնյան «Թեյթ» պատկերասրահը, որպեսզի ենթարկվի բրիտանական գաղութարարական ամբարտավանությանն ու փոքր ազգերի նկատմամբ նրա արհամարհանքին: Տեղի տալով թուրքական ժխտողականության ճնշումների առաջՙ «Թեյթը» իր հրատարակած կատալոգում եւ համապատասխան կայքում տեղադրել է հայտարարության

տեսքով ամոթալի մի ուրացում, որտեղ մասնավորապես ասված է. «Ցուցահանդեսին ուղեկցող տեքստերը զգուշավոր են Արշիլ Գորկու կյանքի վաղ շրջանի հուզիչ փորձառությունները «ցեղասպանություն» զգացական բառով որակելու մեջ: Տեղյակ ենք, որ բրիտանական կառավարությունը կանխամտածվածություն չի հայտնաբերել եւ ուրեմն 1915-ի պատերազմական այդ իրադարձությունները չեն համապատասխանում «ցեղասպանություն» իրավական սահմանումին: Տեղյակ ենք նաեւ, որ այլ կառույցներ, ներառյալ եվրոխորհրդարանը տարբեր եզրակացության են հանգել: Գիտակցում ենք, որ իրադարձությունները նկարագրելու եւ պատմությունը գրելու ձեւերը վիճելի են եւ այդ պատճառով էլ հաշվի առնելով տարբեր մոտեցումներըՙ մենք դրանք ներկայացրել ենք որպես «շատերի կողմից ցեղասպանություն ընդունված իրադարձություններ»:

Անշուշտ, հայերից շատերը, նրանց թվում Ատոմ Էգոյանի նման հեղինակավոր անձնավորություններ, վրդովմունքով արձագանքեցին այս հնացած մոտեցմանը պատմության ամենաշատ վկայված ողբերգություններից մեկի հանդեպ: Ազդեցիկ մի նամակ «Թեյթ» պատկերասրահի տնօրեն սըր Նիկոլաս Սերոտային եւ կուրատոր Մեթյու Գեյլին ուղարկեց ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախկին նախագահ պրոֆ. Գրեգորի Սթենտոնըՙ դատապարտելով արվեստի եւ պատմության նման սկանդալային քաղաքականացումը: Նամակում ասված էր. «Հակառակ ձեր ուրացում-հայտարարության պնդումներին, նշենք, որ բրիտանական կառավարությունը երբեք էլ չի հայտարարել, որ «կանխամտածվածություն չի հայտնաբերել եւ ուրեմն 1915-ի պատերազմական իրադարձությունները չեն համապատասխանում ցեղասպանություն իրավական սահմանումին»: Իրականում, Լորդերի պալատը 1915-ին, օգտվելով լորդ Բրայսի եւ մեծ պատմաբան Առնոլդ Թոյնբիի գրած զեկույցի վկայություններից, մեղադրեց Օսմանյան կայսրությանը «Կոտորածը կառավարության քաղաքական համակարգի մաս դարձնելու» եւ «մի ամբողջ ցեղ իր բնակավայրում համակարգված ոչնչացման ենթարկելու մեջ»: Բրիտանիայի արտգործնախարարներ Արթուր Բալֆուրն ու լորդ Կուրզոնը, ինչպես նաեւ վարչապետ Դեյվիդ լոյդ Ջորջը մեծ դեր են կատարել կազմավորելու այն դատական ատյանները, որոնք մեղավոր ճանաչեցին երիտթուրքերի եռյակինՙ Թալեաթին, Էնվերին եւ Ջեմալին «իրենց հարյուր հազարավոր հպատակներին կոտորելու մեջ», որը պատճառ դարձավ, որ «ավելի քան մեկ միլիոնով նվազի հայ բնակչությունը»: Ինչպես բրիտանական կառավարությունը անվանեց ,այդ ժամանակ «մարդկության դեմ գործված այս ոճրագործությունների» դատավորությունները ապացուցեցին, որ կատարվածը «կանխամտածված զանգվածային սպանություն էր»:... Այնպես որ, ձեր ուրացում-հայտարարության մեջ նշված «Բրիտանական կառավարությունը կանխամտածվածություն չի հայտնաբերել եւ ուրեմն 1915-ի պատերազմական այդ իրադարձությունները չեն համապատասխանում «ցեղասպանություն» իրավական սահմանումին» նախադասությունը սխալ է եւ անմիջապես պետք է հանվի ցուցադրումից»:

Ինչպես տեսնում ենք, Արշիլ Գորկու երկրորդ գալստյան հետՙ այս անգամ որպես համաշխարհային մեծության արվեստագետի, տարակարծությունները դարձյալ գլուխ են բարձրացրել իր ապրած անհանգիստ կյանքի հետեւանքով: Փոքրիկ մի ազգ ծնունդ էր տվել իսկական մի հանճարի:

Գորկին ցեղասպանության «արդյունքն» էր, եւ այդ աղետալի դժբախտությունը անջնջելի ազդեցություն էր գործել իր ստեղծագործությունների վրա: Սա փաստ էՙ անկախ այն հանգամանքից բրիտանացի մեծամեծները կընդունեն դա, թե ոչ:

Ի տես այս կատաղի հրածածան փոթորկին, որով ցեղասպանությունը ուրացողներն անամոթաբար փորձում են կեղծել նրա ժառանգությունը, ի՞նչ կմտածեր արդյոք անել Գորկին: Գուցե դարձյա՞լ ինքնասպան լինել...

Դետրոյթ, ԱՄՆ
«Արմինյն Միրոր Սփեքթեյթր» շաբաթաթերթից թարգմանեց Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ


Նկար 1. «Բետրոթալ-II» 1947 թ.

Նկար 2. «Գիշեր, մղձավանջ, նոստալգիա», 1931-32 թթ.

Նկար 3. «Օրացույցներ», 1946-47 թթ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4