ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2010-05-08 | #7, 2010-05-22 | #8, 2010-06-12


ԲՈՐՈԴԻՆԻ ԱՆՎԱՆ ՔԱՌՅԱԿԻ ՄԵՏԱՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՈՒՐԱՆ

ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր

Բորոդինի անվան լարային քառյակի Երեւան գալը միշտ էլ իրադարձություն է: Փառաբանված կոլեկտիվը 21-րդ դարում երեք անգամ հանդես է եկել այստեղ, Ա. Խաչատրյանի անվան լեփ-լեցուն համերգասրահում:

Առաջին երկու այցելությունների ժամանակ մոսկովյան քառյակի կազմում էր նշանավոր թավջութակահար Վալենտին Բեռլինսկինՙ 1945 թ. համույթի հիմնադիրներից մեկը: Այսպես, 2000 թ. ապրիլին բորոդինցիները միանգամայն ցնցող նվագեցին Բեթհովենի թիվ 14 Կվարտետը, իսկ հետո, որպես ուշ շրջանի Բեթհովենի մտքերի շարունակող, թիվ 13 Կվարտետը եւ Շոստակովիչի թիվ 14 Կվարտետը: Հնչյունային կոլորիտի կիսախավար մթնոլորտը մագնիսական ուժով միավորեց ունկնդիրների հոգեւոր վիճակը: 2003-ի դեկտեմբերի 9-ին կայացած հաջորդ համերգի ծրագրի մեջ մտան Ն. Մյասկովսկու (թիվ 13), Դ. Շոստակովիչի (թիվ 8) եւ Կ. Դեբյուսիի լարային կվարտետները: Բորոդինցիներն այդ օրը գրավեցին նուրբ սոնորիստական համերանգությամբ, որի շնորհիվ ոճական եւ հեղինակային մտադրություններով տրամագծորեն հակադիր երկերը անսպասելիորեն ի հայտ էին բերում ընդհանուր գծեր:

Այս տարվա մայիսյան այցելության ժամանակ Ռուսաստանի 65-ամյա կոլեկտիվը հանդես եկավ հետեւյալ կազմով. Ռուբեն Ահարոնյան (1-ին ջութակ), Անդրեյ Աբրամենկով (2-րդ ջութակ), Իգոր Նայդին (ալտ), Վլադիմիր Բալշին (թավջութակ, երաժիշտը համույթի կազմում ընդգրկվել է 2008-ինՙ Վ. Բեռլինսկու վախճանից հետո): Ծրագրի ընտրությունն ըստ երեւույթին պայմանավորված էր մայիսի հոբելյանական տարեթվերովՙ Պ. Չայկովսկու ծննդյան 170-ամյակով եւ Մեծ հաղթանակի 65-ամյակով: Կատարվեցին Չայկովսկու թիվ 2 ֆա մաժոր Կվարտետը, Շոստակովիչի թիվ 8 դո մինոր Կվարտետը, որի ենթավերնագիրն է «Ֆաշիզմի եւ պատերազմի զոհերի հիշատակին»: Համերգը երիզում էին այն բացած Ա. Բորոդինի թիվ 2 Կվարտետի Նոկտյուրնը (Andante) եւ «բիսով» կատարված Չայկովսկու թիվ 1 Կվարտետի երկրորդ մասը (Andante cantabile):

Ըստ էության, բոլոր ստեղծագործությունները բորոդինցիների այցեքարտն են, որոնք վերստին հաստատեցին, որ ավանդույթին հավատարիմ լինելը նշանակում է ոչ թե սեփական մեկնաբանությունների կրկնություն, այլ կատարողական ոճի էսթետիկայի պահպանում: Այդ ոճի գլխավոր նշանը հոգեւոր խառնվածքի վեհությունն է: Նման ոճը բացառում է հուզական բացահայտ «ծփանքների», ընդգծված տպավորիչ գունագեղության ամեն մի դրսեւորում, լինի դա գործիքային, տեմբրային, ֆակտուրային կամ պատկերային եւ մյուս հակադրությունների չափազանցություն: Արտահայտչականության բոլոր հնարքները հնչողության նույն հարթություն բերելը, որի բնույթն ասես մանրադիտակի ներքո դրվագազարդված բյուրեղ լինիՙ ահա այդ ոճը: Ձայնի մանրակրկիտ հնչյունային հղկվածությունը եւ նրբին խլացվածությունը, դրանց օժանդակող գործիքային համույթի հաշվեկշռվածությունը մոգականորեն ներգործում են ունկնդրի վրա:

Այսպես, գրեթե իմպրեսիոնիստական ստացված Բորոդինի Նոկտյուրնը թավջութակի եւ առաջին ջութակի միջեւ նուրբ երկխոսությամբ գրավում էր խաղաղության մթնոլորտով: Մեկը մյուսի վրա դրվող նրբակերտ ձայնային «վրձնահարվածները» հենց աչքի առջեւ ծնվող իմպրեսիոնիստական երաժշտական կտավի տպավորություն էին գործում:

Հատկանշական է, որ զգացմունքների ընդհանուր զսպվածությունը հետք է թողնում Չայկովսկու պես հուզական կոմպոզիտորի երաժշտության մեկնաբանության բնույթի վրա: Նրա չորս մասանոց թիվ 2 Լարային կվարտետը (1874) բորոդինցիների կատարմամբ բացահայտեց քնարական վիճակների մի ամբողջ գամմա, այսինքն ցույց տվեց, թե որքան տարբերակված կարող է լինել ռոմանտիկ կոմպոզիտորի քնարերգությունը դրա արդի մեկնաբանությամբ: Ավելին, քնարերգության առանձնահատուկ ռացիոնալ բնույթը, ինչպես միշտ, մեծ չափով բխում էր Ռուբեն Ահարոնյանի անհատական հատկություններից, որը վարպետորեն կատարում է 20-րդ դարի երաժշտությունը:

Եթե բնութագրենք Չայկովսկու Կվարտետի կատարումը, ապա դրա առաջին մասը տրամաբանորեն գործող Moderato assai-ի հանգեցնող դանդաղ մուտքից (Adagio) հետո տպավորիչ էր քնարական արտահայտչության ներկապնակովՙ դրա երանգների, ինտենսիվության եւ գունավորման տարբերությամբ, փայլուն եւ խամրած հնչողությունների միջոցով: Երկրորդ մասում (Scherzo, Allegro assai) տպավորվեց զգացմունքների նրբությունը, որտեղ առաջին ջութակի մենանվագ մեղեդին հարստացնում են ալտի եւ երկրորդ ջութակի արտահայտիչ ֆրազները: Հետաքրքրական է, որ այդ մասում տեղ չեն գտել սկերցոյի արտաքին նկարագրականությունը եւ ավանդական աշխուժությունը: Երաժշտությունն այստեղ դարձել է ավելի շուտ ռեալ իրականության չհասնող ներքին թաքնված վիճակների ուրվանկար:

Այդ դերը կատարեց Allegro con moto ամփոփիչ վերջնամասը իր նոր թեմատիկ տարրերով, մասնավորապես ռիթմով, հմտորեն մշակված ֆակտուրայով, որը թույլ է տալիս ի հայտ բերել յուրաքանչյուր երաժշտի անհատական արժանիքները: Վերջապես, զուտ կվարտետային քնարերգության նմուշ է Andante ma non tanto երկրորդ մասը: Կատարողական տեխնիկայի կուլտուրան, անսամբլային անթերիությունը զուգորդվում էին գործիքների տեմբրերի գեղեցկության հետ:

Դ. Շոստակովիչի թիվ 8 Կվարտետը կատարվել էր նախորդ այցելության ժամանակ: Իհարկե, այս անգամ կարելի էր կատարել որեւէ այլ բան: Բորոդինի անվան քառյակի այցն ապահոված «XXI-ի հեռանկարներ» փառատոնը, որն արդի կոմպոզիտորներից մի քանի «Երաժշտության օրեր» է կազմակերպել, ըստ երեւույթին պետք է ճշգրտեր համերգի ծրագրերը: Ճիշտ է, այժմ Երեւանում հաճախ կատարվող Շոստակովիչի այդ ստեղծագործությունը կարող է կատարողական բարձր ճաշակի ցուցադրական տիպար ծառայել:

Շոստակովիչի վեց մասանոց Կվարտետը, որի մասերից երեքը ամենադանդաղՙ Largo տեմպով են, բորոդինցիներին հնարավորություն է տալիս արտահայտել խոհական մտքի արվեստը: Եվ եթե առաջին մասում դա արտահայտված էր կիսախավար մթնոլորտի շնորհիվ, որը սրացնում էր վշտի տրամադրությունը, ապա վերջին մասում նպաստում էր անսամբլի միաձուլությանը: Չորրորդ մասում բորոդինցիների նվագը զուգորդվում էր ժայռի վրա հարթաքանդակի կերտման հետ, ինչին նպաստում էին ձգվող հնչյունները եւ առաջին ջութակի, ալտի եւ թավջութակի կտրուկ հարվածները, իսկ հինգերորդ մասում վիշտ արտահայտող քարացած ստատիկայի մեջ կատարողական ճարտար մանրամասնությունների շնորհիվ ներմուծվեց մարող զգացմունքների բնականություն:

Ութեորդ կվարտետի դանդաղ մասերին հակադրվող երկրորդ (Allegro molto) եւ երրորդ (Allegretto) մասերը կատարվեցին բավական զուսպ տեմպով: Դա թույլ տվեց առավել մասշտաբայնորեն փոխանցել իրական եւ այլաբանական կերպարների համապատկերը, որոնք Դմիտրի Շոստակովիչը դիպուկ ուրվագծել է իր տաղանդի ամբողջ ուժով: Իսկ Շոստակովիչի այդ գլուխգործոցը կես դար նվագացանկում ունեցող Բորոդինի անվան լարային քառյակը այս անգամ եւս ստեղծագործաբար արտահայտեց սեփական վերաբերմունքը պատերազմի, չարի եւ բռնության հանդեպՙ մարդկային աշխարհից այլեւս անբաժանելի, ավա՜ղ...


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4