ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2010-05-08 | #7, 2010-05-22 | #8, 2010-06-12


«ՆԱ ՈՒԶՈՒՄ ԷՐ ՏԵՍՆԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԸ»

ԼՈՒՍԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ, Արվեստագիտության թեկնածու, ԵՊԿ-ի դոցենտ

Պատմական բազմաթիվ վայրիվերումները Հայոց աշխարհը բաժանեցին երկու հատվածի` արեւելահայ եւ արեւմտահայ: Երկու հունով ընթացավ հայ մշակույթի զարգացումը: Հայ երաժշտական արվեստի կայացման գործընթացում արեւելահայ ստեղծագործողների կողքին զգալի էր արեւմտահայ երաժիշտների գործուն մասնակցությունը: Հայ երաժշտության արեւմտահայ հատվածի ականավոր կոմպոզիտորներից էր Բարսեղ Կանաչյանը, որի ծննդյան 125-ամյակը լրանում է այս տարի:

Իբրեւ կոմպոզիտոր, նաեւ խմբավար ու երաժշտական-հասարակական գործիչ, Բարսեղ Կանաչյանը վերջնականապես ձեւավորվեց Մեծն Կոմիտասի մոտ: Նա Կոմիտաս Վարդապետի «հինգ սաներից» (Վարդան Սարգսյան, Միհրան Թումաճան, Վաղարշակ Սրվանձտյան եւ Հայկ Սեմերճյան) ավագն էր ու ամենաօժտվածը: Երկար ստեղծագործական դեգերումներից հետո Կանաչյանը պիտի հանդիպեր Վարդապետին ու անցներ իր կյանքի լավագույն դպրոցը:

1885 թ. Ռոդոստոյում, համեստ արհեստավորի ընտանիքում ծնվեց Բարսեղը, որի համար տարիներ անց ամենաթանկ ու անբաժանելի մասունքը դարձավ կոշկակար հոր նվիրած ջութակը: 1888-ին ընտանիքը տեղափոխվում է Պոլիս, այնուհետեւ Բուլղարիա, որտեղ Բեռլինի Արքայական կոնսերվատորիան ավարտած Նաթան-Բեկ Ամիրխանյանի մոտ Բարսեղը երաժշտության տեսության, սոլֆեջոյի եւ դիրիժորության դասեր է առնում: Ընտանիքը մեկնում է Ռումինիա, այնուհետեւ` 1905 թվականին նորից Բուլղարիա:

1908 թ. Օսմանյան սահմանադրությունից հետո բազմաթիվ հայ մտավորականներ ապագայի ակնկալություններով վերադառնում են Պոլիս: Նրանց մեջ էր Բարսեղ Կանաչյանը: Մինչ Կոմիտասին հանդիպելըՙ Պոլսում Կանաչյանը ղեկավարում է «Քնար» հայկական փողային նվագախումբը, նույն նվագախմբի համար հորինում «Մասիս-վալսը»:

1910 թ. հունիսի 13-ին Կոմիտաս Վարդապետը Պոլսի Ս. Ղալաթիո եկեղեցում համերգ է տալիս: Համերգից խորապես ցնցված Կանաչյանը մոտենալով Վարդապետինՙ ասում է. «Այս եղանակները ո՞վ գրած է, Վարդապետ :

- Վա՜յ, քերթենքելե, ո՛վ պիտի գրեր :

- Վարդապետ, կուզեմ դասեր առնել, խոնարհ, ամեն զոհողության պատրաստ» ,-ավելացնում է Կանաչյանը:

Այդ պահից ի վեր Կանաչյանը գտնում է իր Ուսուցչին եւ ի դեմս նրա արվեստի` հայ ժողովրդական մաքրամաքուր երգը:

Կոմիտասից հարմոնիայի դասեր է առնում, երգում Վարդապետիՙ «Գուսան» երկսեռ, 300 երգիչներից կազմված երգչախմբում, հետեւում Կոմիտասի խմբավարական արվեստին, տիրապետում երգչախմբի հնարավորություններին: Երգչախմբի ձայնաբաժինների առանձնահատկությունների գերազանց իմացությունը հետագայում դրսեւորվում է կոմպոզիտորի խմբերգային երկերում: Երեք տարի Կանաչյանը յուրացնում է Կոմիտաս Վարդապետի արվեստի նրբությունները: Բայց ճակատագիրը Բարսեղ Կանաչյանին նորից ենթարկեց փորձությունների:

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Կանաչյանը զորակոչվում է թուրքական բանակՙ իր հետ վերցնելով անբաժան ջութակը, որը դժվարին կացությունների մեջ նրան օգնում էր: Աշխատում է զինվորական հիվանդանոցում որպես բուժակ, հետո ուղարկվում ճակատ, որպես հայ հալածանքի ենթարկվում եւ աքսորվում Տիգրանակերտ, այնուհետեւ` Հալեպ: Չմոռանալով երաժշտի իր առաքելությունը` հայ բռնագաղթվածներից խմբեր է կազմում ու համերգներ տալիս (ինչպես իր Մեծ Ուսուցիչը): Հալեպից համերգներով գնում է Ադանա, դեպի Պոլիս, որ կրկին հանդիպի...

Բայց Կոմիտասն արդեն չկար...

1919 թ. Բերայում Կանաչյանը Կոմիտասի մյուս սաների հետ 400 հոգանոց միացյալ երգչախմբով Կոմիտասին նվիրված համերգ է տալիս, հրատարակում հայրենասիրական երգերի «Հայ գուսան» տետրը:

Ուսման մեջ կատարելագործվելու նպատակով 1920-ին Կանաչյանը մեկնում է Փարիզ, ուսանում Ռենե Լ՛Նորմանի դասընթացներում: 1921-ին Եգիպտոսում էր, այնուհետեւ յոթ տարի Կիպրոսի Մելգոնյան վարժարանում երաժշտության դասեր է տալիս: 1933 թվականից Կանաչյանը վերջնականապես հաստատվում է Բեյրութում, ուր շատ հայություն էր կուտակված: 1936թ. Բեյրութում կազմում է «Գուսան» երգչախումբը (կրկին Կոմիտասի օրինակով): Այդտեղ ծավալում է բազմաբնույթ երաժշտահասարակական գործունեություն, ելույթներ է ունենում որպես երգահան, դաշնակահար եւ ջութակահար, երգեցիկ խմբեր է կազմում ու համերգներով հանդես գալիս հայ գաղթօջախներում: Կոմպոզիտորի լուսավորչական գործունեությունն ազգապահպան ու ազգանվեր մի առաքելություն էր, որը իսկական մասնագետի եւ հայրենասերի պատվախնդրությամբ իրագործում էր Կանաչյանը` հայրենիքից հեռու:

Իր հետագա ստեղծագործական, երաժշտահասարակական աշխատանքների բոլոր փուլերում Կանաչյանը չի խզում ժառանգական կապը կոմիտասյան ավանդույթների հետ, որոնք առավել ցայտուն են դրսեւորվում ժողովրդական տեքստերով գրված կոմպոզիտորի խմբերգերում: Այդ ձեւի լավագույն օրինակն է «Նանոր» խմբերգը, որում պատկերված է ժողովրդի ուխտագնացությունը դեպի Ս. Կարապետ վանք:

Կանաչյանի երգարվեստում զգալի է նաեւ քաղաքային ֆոլկլորի դերն ու ազդեցությունը, որը նոր գեղարվեստական ու արտահայտչական որակ էր ստանում կոմպոզիտորի անհատականության միջոցով: Կանաչյանի երգերի ներգործման կարեւորագույն գործոնը երգայնությունն է: Ակնառու է կոմպոզիտորի հարուստ մեղեդիներ հորինելու վարպետությունը: Նրա հայտնի «Օրորը» մեզ հիշեցնում է հայ միջնադարյան տաղերգությանը բնորոշ խորը քնարականությունն ու հուզականությունը:

Կոմպոզիտորը գրի էր առնում եւ ուսումնասիրում ոչ միայն հայկական, այլեւ արաբական ժողովրդական երաժշտությունը, բազմաձայնում եւ հնչեցնում իր համերգների ընթացքում: Այդ գործունեությամբ Կանաչյանը նպաստեց բազմաձայնության տարածմանը արաբական երաժշտական կենցաղում: Այլ ազգային մշակույթներին բերած իր խոշոր նպաստի համար նա պարգեւատրվեց լիբանանյան «Մայրիներ» եւ ֆրանսիական «Le palme dacade՛mie» շքանշաններով:

Կանաչյանի ստեղծագործություններն ընդգրկում են 23 խմբերգ, 7 մեներգ, 19 մանկական երգեր դաշնամուրի նվագակցությամբ եւ «Աբեղա» երգային օպերան, ըստ Լեւոն Շանթի «Հին աստվածներ» դրամայի: Իր մեղեդային երգերի համար Կանաչյանն անդրադարձել է Ռ. Պատկանյանի, Հովհ. Թումանյանի, Ավ. Իսահակյանի, Վ. Միրաքյանի խոսքերին` շեշտելով բանաստեղծական տեքստի բովանդակությունն ու կերպարային հարստությունը:

Կանաչյանի երաժշտական գործունեության 40-ամյակի հոբելյանը Բեյրութում տոնվեց մեծ խանդավառությամբՙ վերածվելով ժողովրդական տոնակատարության: 1946-48թթ. Բեյրութում հրատարակվեցին նրա ստեղծագործությունները: 1968թ. Կանաչյանի որոշ երգեր եւ խմբերգեր լույս տեսան Երեւանումՙ կոմիտասագետ Ռոբերտ Աթայանի խմբագրությամբ:

Իր նամակներից մեկում կոմպոզիտորը գրում էր. «Թումաճանը շատ լավ տպավորություն կրած էր հայրենիքեն, հազա՜ր երանի տվի իրեն...»: Հայրենասեր երաժշտին բախտ չվիճակվեց տեսնելու Մայր Հայաստանը «գաղափարախոսական պատվարների», իսկ ավելի ուշՙ կուրության պատճառով: Կոմպոզիտորը հեռու էր հայրենիքից, բայց նրա երգերը մշտապես հնչում էին:

Կանաչյանի գործունեությունն ու ստեղծագործությունն առ այսօր պատշաճ կերպով ներկայացված չեն: Հարկավոր է առավել մանրամասն լուսաբանել կոմպոզիտորի ու գործչի բազմաբեղուն գործունեությունը, պրոպագանդել նրա խմբերգերն ու երգերը, որոնք օժտված են գեղարվեստական եւ գործնական մեծ արժանիքներով, հոգեհարազատ են յուրաքանչյուր հայի:

Հուսով ենք արդի երաժշտագիտությունը կլրացնի այդ բացը, եւ Բարսեղ Կանաչյանի ստեղծագործությունը կվերադառնա նորովի հնչելու ակնկալիքով, ու նրան «կտեսնի» մայր հայրենիքը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4