ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2010-05-22 | #8, 2010-06-12 | #9, 2010-06-26


ԲԱԼԵՏԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ԻՍԿԱԿԱՆ ՏՂԱՄԱՐԴԻԿ

ՏԻԳՐԱՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Վերջերս դիտելով Արտակ Մուրադյանի «Անկախության ծնունդ» վավերագրական կինոնկարը, որը պատմում է իրՙ կինոբեմադրիչի եղբոր, մերօրյա հայ բալետի առաջատար պարող Ռուբեն Մուրադյանի մասին, կրկին խորհրդածեցի, թե մեզանում որքան սխալ են ընկալումները բալետում աշխատող տղամարդկանց վերաբերյալ (անգամ մտավորականների եւ արվեստագետների շրջաններում): Կրկին հիշեցի Բավարիայի օպերայի եւ բալետի թատրոնի մենակատար, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, հիանալի պարող Տիգրան Միքայելյանի փոքրիկ գրությունըՙ «Բալետին անհրաժեշտ են իսկական տղամարդիկ» վերնագրով, որտեղ նա շեշտում է բալետը որպես մարմնի լեզվով զգացմունքների հաղորդման բացառիկ մի միջոց:

Թարգմանաբար ներկայացնում ենք այդ գրությունըՙ հուսալով դրանով եւս փոքր-ինչ ցրել մարդկանց նախապաշարմունքները «տրիկո հագնող տղամարդկանց» նկատմամբ: Տիգրան Միքայելյանի սույն գրությունը հրատարակվել է Թոմաս Քիրխգրաբերի եւ Ութե Ֆիշբախ-Քիրխգրաբերի «Գեղագիտական ռազմիկները. Տիգրան Միքայելյանը եւ հայ պարողների ուժը» գերմաներեն-անգլերեն գրքում («Քիրխբախ» հրատարակչություն, 2008):

Ա. Բ.

Ամենակարեւոր բաներից առաջին հերթին հիշենք, որ բալետը մեծ չափով առնչվում է զգացմունքներին, անձնական զգացումներին եւ փորձառությանը, որոնք դու ստանում ես ընտանիքում, հասարակության մեջ, շրջապատում, դպրոցում. կարճ ասածՙ այս ամենին, ինչին առնչվում ենք կյանքում: Բալետը հնարավորություներից մեկն էՙ դրանք բեմում արտահայտելու համար: Կարող ես պատկերել ամենատարբեր կերպարներ եւ ամեն անգամ դու խաղում ես տարբեր սրտով, որով պիտի հագեցնես դերը: Դա հուզիչ պարտավորություն է:

Շատ մարդիկ անկարող են ցույց տալ իրենց զգացմունքները, հատկապես հասարակության առաջ: Որպես բալետի պարող, պետք է կարողանաս անել հենց դա: Նույնիսկ երեխաները հաճախ կուլ են տալիս ամեն ինչՙ առանց ռեակցիա տալու կամ արտահայտվելու հնարավորության: Այս կերպ կարող է հանցագործ կարիերա սկսվել, քանի որ բոլոր մարդիկ նաեւ իրենց մութ կողմերն ունեն: Բալետում, այնուամենայնիվ, ես կարող եմ ներկայացնել իմ անհատականության ամեն կողմը: Անգամ ոչ այնքան հաճելի կողմերը, ինչը կարիք չունեմ ցույց տալու իրական կյանքում:

Երբ բեմի վրա եմ, օգտագործում եմ ողջ ֆիզիկական ուժս, խուճապային արձագանքներ առաջացնող զգացմունքային կուտակումներ չեն կարող ի հայտ գալ, քանի որ բալետը գործ ունի ոչ միայն դրամատիկ հերոսի կերպավորման, այլեւ պարի մեջ ֆիզիկական ուժի օգտագործման հետ: Իսկ դա ուղղորդում է քո էներգիան: Այդ ուժերը պետք է փոխակերպվեն մարմնի լեզվիՙ շատ կատարյալ եւ բացառիկ տեխնիկայի միջոցով: Այն չափազանց շատ էներգիա է պահանջում, եւ քեզ պետք են ավելի շատ զգացմունքներ եւ ուժ, քան դերասանինՙ բալետում բեմական կերպար ստեղծելու համար: Ավելին, երաժշտության կատարյալ ըմբռնումից եւ զգացողությունից բացի դու կարիք ունես պարընկերոջը զգալուն: Չպետք է մտածես միայն քո եւ քո մարմնի, այլեւ պարընկերոջդ մասին: Եվ ավելին, դու պետք է մշտապես վարժվես ինքնահսկման, երբ ցույց ես տալիս զգացմունքներդ:

Բալետի հանդիսասրահը, մշակույթի վրա կենտրոնացած նրբագեղ հանդիսասրահը ավելի շատ միջին սերնդի է, հետեւաբար ունի զգացմունքային լայն փորձառություն: Այդպիսով, նրանք հաճախ ավելի լավ են ըմբռնում, թե զգացմունքայնորեն ինչ է կատարվում երիտասարդների ներաշխարհում: Այսօր շատ երեխաներ հասակ են առնում փողոցներում եւ ծանոթ են (ինձ նման) փողոցային կյանքին եւ երբեմն նույնիսկ ծեծկռտոցներին: Բայց դա պատճառ չէ, որ երիտասարդը շեղվի ճիշտ ուղուց: Երբ դու հասկանում ես այս զգացմունքները եւ բավականաչափ էներգիա ունես, դու կարող ես գտնել դրա իրականացումը բալետում:

Շատ երիտասարդներ անտեսում են այս հիանալի հնարավորությունըՙ արտահայտելու իրենց զգացմունքները բեմում: Բոլոր այս զգացմունքները, որ մենք արտահայտում ենք բալետում, նաեւ իրական կյանքի մասն են: Տղաների համար երբեմն դժվար է պատկերացնել, որ նրանք դեր են խաղում բեմում: Շատերը հավատացած են, որ իրենք երբեք ի վիճակի չեն լինի Ռոմեո խաղալ բեմում, սակայն իրենց անձնական կյանքում, երբ մենակ են իրենց սիրելիի հետ, նրանք ուղի են գտնումՙ սերը ցույց տալու համար: Սակայն հենց որ հասարակության մեջ են, նրանք ուժեղ տղամարդ են խաղումՙ իրենց պահելով մաչոյի պես: Նրանք համարձակվում են չբացահայտել իրենց զգացմունքները: Դա կոպիտ չէ, այլ միայն վախկոտավարի եւ զսպված: Բալետին անհրաժեշտ են իսկական տղամարդիկ: Տղամարդիկ, ովքեր չեն վախենա ցուցադրել իրենց զգացմունքները:

Մեզ ավելի շատ երիտասարդներ են անհրաժեշտ, որոնք կհետաքրքրվեն բալետով, հատկապեսՙ դասական բալետով: Պարը միշտ կա ու կա: Կարող ես ամենատարբեր ոճի պարելՙ սալսա, հիփ-հոփ, թեքնո կամ փոփ եւ հաճույք ստանալ դրանից: Բայց սա ընդամենը կարճ երջանկություն է: Ինձ համար դասական բալետը պարի ճշմարիտ կորիզն է. այն ստեղծել է կոնկրետ պայմանական լեզուՙ արտահայտելու համար մեծ զգացումներ, որ ուղեկցում են քեզ կյանքի ընթացքում: Անպատմելի հրաշալի զգացողություն է բեմի վրա հանդիսասրահի առջեւ, հազարավոր մարդկանց համար պարելն առանց մի բառ ասելու: Ամեն ինչ արտահայտում ես պարի, մնջախաղի միջոցով, երաժշտայնորեն: Երաժշտությամբ խաղալը ֆանտաստիկ է: Ճիշտ է, դասական բալետը դժվար է, բայց այդպիսին է կյանքը: Կյանքն ունի իր մութ կողմերը, այն գեղեցիկ է եւ այն մարտահրավեր է, սակայն մենք կարող ենք ընտրել, որոշելՙ ինչպես վարվել նրա հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4