ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#8, 2010-06-12 | #9, 2010-06-26 | #10, 2010-07-10


ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ ԷԴՈՒԱՐԴ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ԴԱՆԻԵԼ ԵՐԱԺԻՇՏ

ՆՎԻՐՎՈՒՄ Է ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՔԱՌՅԱԿԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 86-ԱՄՅԱԿԻՆ ԵՎ ՔԱՌՅԱԿՈՒՄ`ԷԴՈՒԱՐԴ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ 40-ԱՄՅԱԿԻՆ

Ի դեմս միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր Էդուարդ Թադեւոսյանի, «Ժողովրդական» պատվավոր կոչումը ընկալվում է նաեւ որպես ժողովրդայնություն, նվիրում, հոգեհարազատություն ակունքներին: Հիրավի, ջութակահարի նվագը աչքի է ընկնում ժողովրդական արվեստին հատուկ տարերային հզորությամբ, անմիջականությամբ, իմպրովիզացիոն ազատությամբ: Նաեւ հռոմեացի պոետ Տիբուլլոսի գովերգած եւ Սարյանի պատկերած «Բուրումնավետ Հայաստանի» բույրով ու գունագեղությամբ: Ով գեթ մեկ անգամ լսել է ջութակահարին, նույնիսկ ձայնագրությամբ, կարող է նման պայծառացում ապրել: Լինի դա Արամ Խաչատրյանի մեծակերտ Կոնցերտը կամ Կոմիտասի երգերի հիման վրա` Սարգիս Ասլամազյանի ստեղծած կվարտետային մանրանվագները: Պատահական չէ, որ Կոմիտասի անվան քառյակի հիմնադիր Ավետ Գաբրիելյանը հենց Թադեւոսյանին է ավանդել իր երախայրիքի ղեկավարությունը...

Այժմ հետադարձ հայացք ձգենք անցյալին:

Հիրավի, պատմությունը կրկնվում է: 1896 թվականին, Վիեննայում 14-ամյա հրաշամանուկ-ջութակահար Բրոնիսլավ Գուբերմանը պատրաստվում էր հանդես գալ Յոհաննես Բրամսի Կոնցերտի կատարմամբ: Հեղինակն էլ մտադրվել էր իր վրդովմունքը հայտնել հանդուգն պատանուն, քանզի իր կոնցերտի կատարումը պահանջում է հասուն վարպետություն, ֆիզիկական ուժ եւ այլն: Սակայն համերգից հետո հիացած կոմպոզիտորը նվիրել էր տղային իր լուսանակարը` հետեւյալ ընծայագրով. «Ի բարի հիշատակ` երախտապարտ ունկնդրից»: Գրեթե նույնը տեղի է ունեցել Էդուարդ Թադեւոսյանի հետ: 1963-ին Արամ Խաչատրյանն իր ծննդյան 60-ամյակի կապակցությամբ ժամանել էր Երեւան: Այդ օրերին էր, որ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դասատու Տատյանա Հայրապետյանն իր աշակերտներին ներկայացրեց հեղինակին եւ խնդրեց ունկնդրելու իր Կոնցերտը` Էդիկի կատարմամաբ: Եվ լսելուց հետո փարատվեց կոմպոզիտորի թերահավատությունը, ու պատանի ջութակահարը հանդես եկավ հոբելյանական երեկոյին: Համերգից հետո Արամ Խաչատրյանը բուկլետի վրա մակագրել էր. «Տաղանդավոր Էդիկին` հաջողությունների մաղթանքով»...

Մեծ վարպետի մաղթանքն իրականացավ:

Եվ ջութակահարը բռնեց վերելքի դժվարին ուղին ու հասավ երանավետ բարձունքների: Այս հաղթարշավում, անշուշտ, մեծ դեր է խաղացել նաեւ աշխարհահռչակ Լեոնիդ Կոգանը, որի ղեկավարությամբ Թադեւոսյանն ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան: Ինչ խոսք, առանց աստվածատուր շռայլ տաղանդի նման նվաճումներ չէին գրանցվի: Էդուարդը, կարծես, ծնվել էր ջութակահար դառնալու համար: Սա նշել է նաեւ անվանի մանկարվարժ Կարպ Դոմբաեւը: Պրոֆեսորն ասում էր, թե մինչ ուսուցիչները երկար ժամանակ մշակում էին իրենց սաների աղեղի աշխատանքը, Էդիկն իր աջ ձեռքով հեշտությամբ հաղթահարում էր ամենաբարդ «շտրիխները»:

Ճիշտ է, որ ջութակահարները երկու գործիքի են տիրապետումՙ բուն ջութակին եւ աղեղին: Եվ շատ չեն այն ջութակահարները, որոնք Թադեւոսյանի աղեղն ունեն: Սայաթ-Նովան քամանչան գովերգելիս, ասում է. «Ձարըտ ռաշի կուդեն պիտի, որ դուն խոսիս քաղցըր հանգով»... Այսինքն, աղեղի մազը հրեղեն ձիու պոչից պիտի փնջած լինի: Այդպիսին է նաեւ մեր ջութակահարի աղեղը: Նույնը կարելի է ասել ռիթմի զգացողության մասին: Ջութակահարը սովորական սեղանի վրա ռիթմերի այնպիսի տեղատարափ է թափում, որ նույնիսկ դհոլ նվագողները կզմայլվեն: Սա եւս բխում է ժողովրդականի հանդեպ նրա տածած սիրուց: Ջութակահարի հոգեկերտվածքի ազգային նկարագիրը առավել արտահայտվում է հենց հիշյալ կվարտետային մանրանվագներում:

Կա երգի մի տեսակ, որը Կոմիտասը բնորոշել է որպես «ձայնանկար»: Դրանք հովվերգական, քնարական երգեր են, որոնք արտացոլում են Հայաստանի բնաշխարհը, երկրագործի աշխատանքը, իղձերը...

Քաջ գիտակցելով երաժշտության անթարգմանելիությունը, կատարման եւ ընկալման սուբյեկտիվ կողմը, այնուամենայնիվ, ստիպված ենք համեմատություններ անելու, դիմելու կերպարավոր խոսքերի օգնությանը:

Ա.Խաչատրյանն ասում էր, թե Կոմիտասի անունը լսելիս, ամեն անգամ նրա առջեւ «պատկերանում են մեր անզուգական լեռներն ու մաքուր աղբյուրները, նրանց պաղպաջուն ջրերը...»: Եթե միայն անունը այդքան բան է հիշեցնում, ապա առավել եւս խոսուն են Կոմիտասի երգերը, նրանց մշակումները: Եթե Ա.Խաչատրյանի Կոնցերտի հերոսական դրվագներում ջութակահարի աղեղը կարող է խորհրդանշել Թուր Կեծակին, ապա կվարտետային մանրանվագներում աղեղն, ասես, նկարչի վրձին է դառնում, իսկ Դմիտրի Շոստակովիչի, Առնո Բաբաջանյանի կվարտետների «Ժայռակոփ» դրվագներում, թվում է, թե աղեղը վերածվում է քանդակագործի մուրճի եւ հատիչի: Սրանց հակապատկերն են, օրինակ, «Ալ այլուղս», «Երկինքն ամպել է», «Կաքավիկ» պիեսները, որոնք նմանվում են հպանցիկ, հրաշալի տեսիլների: Այդպիսի տպավորություն ենք ստանում նաեւ շնորհիվ Թադեւոսյանի նրբագեղ «պիցցիկատոների», եւ սրնգահունչ ֆլաժոլետների, որոնք կարելի է համեմատել մեղմ զեփյուռից թափվող ծաղկանց թերթիկների, հօդս ցնդող խատուտիկների: Այս երկերում ջութակի հնչողությունը մերթ նմանվում է դուդուկի, մերթ բլուլի կամ շվիի:

Դուդուկի հնչերանգն իր դամով հանդերձ առավել ակնհայտ է Առնո Բաբաջանյանի 3-րդ կվարտետում, որը նվիրված է Դմիտրի Շոստակովիչի հիշատակին: Ի թիվս դասական այլ գործերի, Բաբաջանյանի այս նորարարական կվարտետը Թադեւոսյանի ղեկավարած քառյակի բարձրագույն նվաճումներից է, ուստի անհրաժեշտ ենք համարում փոքր-ինչ մանրամասնել:

Այս գործը կարելի է նմանացնել մի հյուսվածքի, որի վրա գծագրվում են հետեւյալ տառերը` cis դո դիեզ), d ռե), h սի), ais լյա դիեզ): «Ոսկեթելով» ժանեկագործված այս տառերին համապատասխանող նոտաների հնչողությունը խորհրդանշում է Շոստակովիչի անվան եւ ազգանվան սկզբնատառերը` DEsCH մոնոգրամման: Բայց կվարտետում սա հնչում է կես տոն ցած: Կվարտետի 2-րդ ծածկագիրն է "a"(լյա) եւ "b" (սի բեմոլ) տառերը, որոնք հեղինակի անվան սկզբնատառերն են:

Շոստակովիչի մոնոգրամման առաջին անգամ տեսիլվում է 52-րդ տակտում` 1-ին ջութակի նվագաբաժնում, իսկ Բաբաջանյանի մոտիվը հնչում է 143-144-րդ տակտերում` 2-րդ ջութակի մեղմ «գլիսսանդոյով» վեր է սահում, միահյուսվում Շոստակովիչի միկրոթեմային: Սակայն ամբողջ ուժով Առնոյի մոտիվը թնդում է կվարտետի գագաթնակետում (Maestoso), որտեղ բոլոր գործիքները երեք ֆորտե ուժգնությամբ ազդարարում են ռեպրիզայի սկիզբը ու հաստատում հեղինակի անունը: Շոստակովիչի եւ Բաբաջանյանի մոնոգրամմաները պարունակում են եւ միավորվում կիսատոն ինտերվալով (փոքր սեկունդա), որը հաճախ է հանդիպում նաեւ հայկական ժողովրդական ողբերգերում: Ուստի կարելի է ասել, որ Բաբաջանյանի այս կվարտետը ոչ միայն ձոն է արվեստագետների եղբայրության, այլեւ Արեւելքի եւ Արեւմուտքի աշխարհայացքների, ազգայինի եւ համամարդկայինի ներդաշնակության:

Բաբաջանյանի 3-րդ կվարտետի հաջողությանը մեծապես նպասել է Թադեւոսյանի կողմից` կոմպոզիտորի նոր լեզվամտածողության, նոր արտահայտչամիջոցների յուրացման ու վերարտադրման ճկունությունը:

Ավելացնենք նաեւ ջութակահարի կերպարանափոխվելու բարձր վարպետությունը: Հատկապես իրական եւ հանդերձյալ աշխարհների հակադրման տեսարաններում, «մահվան պարի» սահմռկեցուցիչ դրվագում եւ այլուր:

Թադեւոսյանը այս ունակությունը ցայտուն կերպով դրսեւորվում է նաեւ Էդվարդ Միրզոյանի կվարտետի «Մահվան պար» հիշեցնող վարիացիայում, որտեղ աղեղի բախումները լարերին կարող են խորհրդանշել շաչող սրեր (ինչպես Բեթհովենի 4-րդ կվարտետում), կամ այսպես կոչված, մահվան գերանդին:

Մինչդեռ թրթռացող աղեղի շարժումով, որ տեղի է ունենում Միրզոյանի կվարտետում, ջութակահարը` «Կաքավիկ» պիեսում վերարատադրում է թռչնակի թեւերի ծափերը: Իսկ «Քելեր, ցոլեր» երկում կարող են խորհրդանշել սիրատոչոր հնձվորի գերանդին (ինչպես երգվում է Կոմիտասի երգում):

Կերպարաստեղծության ինչպիսի ահռելի դիապազոն... Եվ պատերազմի ու խաղաղության այս խորհրդանիշերի զուգահեռները չեն կարող չհիշեցնել բիբլիական հայտնի կոչը «սրերից ձուլել խոփ, գեղարդներից` մանգաղ»,(Միքիա, 4, 3):

Դասական եւ ժողովրդական արվեստի, սրանց տարրերի միաձույլը փոխադարձ հարստացնող երեւույթ է: Այն յուրովի արտացոլվում է խաչքարերում, որտեղ ժայռաբեկորը վերածվում է ասեղնագործ կոթողի, երկնասլաց աղոթքի, Արարչի եւ բնության, սիրո եւ բարու գովերգության: Այդպիսին են նաեւ ժողովրդական երգերի կոմիտասյան մշակումները, դրանց կվարտետային մանրանվագները, Արամ Խաչատրյանի եւ այլ մեծերի երաժշտությունը: Այդպիսին է եւ թադեւոսյանական քնարը... Ժողովրդականի եւ դասականի նման փոխներթափանցման պարագայում տեղի է ունենում, այսպես կոչված, սիներգիա (համագործակցություն, ընկերակցություն), այսինքնՙ երրորդ մի ուժ, զորություն, որը գերազանցում է նրանց պարզ, թվաբանական գումարը:

Առաջինը` դասականը, ձեռք է բերում տարերային ուժ, անմիջականություն, հանկարծաբանություն (իմպրովիզացիա), էպիկական շունչ, իսկ ժողովրդականը` կառուցիկ ձեւ, ոճի նրբագեղություն, ներդաշնակություն, եւ ի վերջոՙ համամարդկային հնչեղություն եւ նշանակություն:

Տեղին է մեջբերել Գարեգին Նժդեհի հետեւյալ ասույթը. «Հայկական լավագոյնի- բարձր մարդկություն արտահայտող Գողթան երգերի բովանդակած վեհ գաղափարների-վերարծարծումն, նրանց պրոպագանդը հայ մտավորականութեան կողմից ո՛չ միայն հայկական, հայրենասիրական, այլեւ համամարդկային պարտականութիւն է» (Գարեգին Նժդեհ, Ասոյթներ, Ե., 2002, էջ 74): Սա է նաեւ Կոմիտասի անվան քառյակի եւ նրա ղեկավար Էդուարդ Թադեւոսյանի հավատամքն ու առաքելությունը...

Արդեն 86 տարի է, ինչ ի լուր աշխարհի «երգում-մորմոքում» է կոմիտասյան քառյակը, եւ ավելի քան 40 տարի է, ինչ Թադեւոսյանն իր արվեստով բերկրանք է պատճառում մեզ եւ օտարներին: Ինչպես հրաբուխի հրահեղուկը սառչելով ձեւավորում է ու բարեփոխում բնաշխարհը, այնպես էլ ջութակահարն իր հրեղեն հնչյունների ժայթքումներով ու հրավառությամբ զարդարում է մեր հոգու բնապատկերը: Այսօր էլ այդ «հրաբուխը» շարունակում է աննվազ գործել, հրաբուխ, որի անունն է Էդուարդ Թադեւոսյան:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4