ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#8, 2010-06-12 | #9, 2010-06-26 | #10, 2010-07-10


ՄԻ ԱՆԳԱՄ ՖՐԵԶՆՈՅՈՒՄ

ՍՐԲՈՒՀԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Ճամփորդական գործակալի պատասխանը ուղղակի զարմացրեց ինձ. «21-22-ին միայն Ֆրեզնո ունենք, մեկ գիշեր, երկու ցերեկ...»

Տարիներ ի վեր փայփայած երազանքս պիտի իրականանար ճիշտ ժամանակին, ճիշտ վայրում...

Մի քանի օր հետո ավտոբուսը սլանում էր դեպի Ֆրեզնո` խաղողի փարթամ այգիների միջով: Պատուհանից երեւացող ու անհայտացող կանաչությունը ինձ հիշեցնում էր... ու ես Հայաստանի այդ փոքրիկ կտորը տանում էի ինձ հետ դեպի մեկ այլ փոքրիկ Հայաստան (իմ կարծիքով, իմ պատկերացրածով...): Ավտոբուսը կանգ է առնում:

19-րդ դարի սկզբին ստեղծված հայկական գերեզմանատանը խնկի բույրը անմիջապես տարածվում է: Հսկայական հուշաքարի վրա պատկերված արծիվը ճանկերով խեղդում է օձին, իսկ ներքեւում գրված է` Սողոմոն Թեհլերյան: Ակամա հիշում եմ կարդացածս բոլոր գրքերը եւ լսում ֆիլմի հերոսի ձայնը. «Թալեաթ, հիմա դու շան պես կսատկես, որովհետեւ քո պատճառով հազարավոր անմեղ հայեր նահատակվեցին...»: Իր բարձունքում հպարտորեն կանգնած արծվի արձանը իշխում է գերեզմանատան, շրջապատի, ամբողջ Ֆրեզնոյի վրա... իշխում է ու նաեւ պատասխանում, բացատրում հազարավոր մարդկանց, թե ինչո՞ւ եւ ինչպե՞ս կիսաասիացի եւ կիսաեվրոպացի հայերը հանկարծ հայտնվեցին հեռավոր, բարեպատեհ, բայց օտար այս երկրում` Ամերիկայում...

Ավտոբուսը պտտվում է քաղաքում ու ցույց տալիս այն` ինչը հայինն է ու հայկական: Ահա 1900-ականին հիմնադրված Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցին, ահա Ֆրեզնոյի քաղաքապետարանը, որի բակում հպարտորեն կանգնած է իրանահայ հայտնի նկարիչ-քանդակագործ Վարազի «Սասունցի Դավթի» արձանը: Արծվի հպարտությամբ իշխում է ոչ միայն քաղաքապետարանի վրա, աշխարհի վրա, ու դիտողին թվում է ձին հիմա ծառս կլինի ու... Դավիթը թրի տակ կքաշի ոսոխին ու կբղավի աշխարհին լսելի ձայնով. «Հայը չի մեռել ու չի մեռնի, հայը պիտի ապրի հավետ, թեկուզ` Լուսնի վրա...»: Մոտենում ենք համեստ մի կառույցի, որի ճակատին անգլերենով գրված է` Վիլյամ Սարոյանի անվան թատրոն...: Մուտքի մոտ մեծ գրողի կիսանդրին է.... Այս ամենը տեսնում ենք ավտոբուսից:

Հետագայում իրագործված բոլոր միջոցառումներն ինձ այլեւս, գրեթե այլեւս, չեն հետաքրքրում` խորոված` Ֆրեզնոյի կենտրոնական այգում (օֆիսի կողմից), հինգ աստղանի հյուրանոց, կազինո, շահում... լողավազան: Այլեւս չեմ կենտրոնանում ոչ մի բանի վրա, ինձ թվում էՙ կիսատ եմ թողել մի շատ կարեւոր խոսակցություն, ավարտին չեմ հասցրել մի կարեւոր գործ....

Հաջորդ օրը առավոտյան վերջապես հայտնվում ենք հայկական եկեղեցում, որի շքեղ, տիպիկ հայկական կամարների տակ լսում եմ ժամկոչի հետաքրքրական ու զվարճալի պատմությունները Սարոյանի մանկության մասին, նրա անմեղ, մանկական չարաճճիությունների մասին: Ժամկոչի զրույցը կիսատ եմ թողնում, որովհետեւ ավտոբուսը այլեւս չի կանգնելու ոչ մի տեղ, իսկ ես ուզում եմ տեսնել, հանդիպել Սարոյանին: Խաչմերուկների լույսերը հաղթահարելովՙ վազում ենք թատրոն: Ութամսյա դադարից հետո վիրահատված ծունկս վազում է ինձ հետ, վազում է սրտիս հետ դեպի մի լուսավոր կետ, դեպի մեկը, որը տարիներ շարունակ եղել է ինձ հետ, լուսավորել է, երբ ես եղել եմ մթան մեջ, ջերմացրել է, երբ մրսել եմ, հուսադրել է, երբ կորցրել եմ ելքի հնարավորությունը ... Շնչասպառ վազում եմ ու հանկարծ մի տարօրինակ ջերմություն մագնիսական ուժով ձգում է, ու ես հեռվից նկատում եմ թավ բեղերը եւ.... թախծոտ աչքերը` արձանի... Չգիտեմ ինչու, մոտենալով` գրկախառնվելու ցանկություն է առաջանում, բարձր խոսելու, զրուցելու, շրջապատին պատմելու, որ ես այս ... գրողի հայրենակիցն եմ...

Շատ արագ նկարվում ենք ու չուշանալու համար նույնիսկ ներս չենք մտնում: Թռուցիկ նայում ենք պատի ստորագրությանը, Սարոյանի ստորագրությանը... Սկսում ենք ետ վազել դեպի ավտոբուս, բայց ոտքերս չեն գնում, չեն ուզում բաժանվել այդ վայրից, այդ մարդարձանից: Վազում եմ ու անընդհատ շրջվում, ետ նայում: Հարազատ մի ձայն, քաղցր մի հուշ ինձ ետ է կանչում ու ես չեմ կարողանում վազել: Ես չեմ ուզում հեռանալ ու մնալ առանց Սարոյանի...

Հուզմունքից կոկորդս սեղմվում է ու արցունքները ակամա հոսում են... Այդպես ես միշտ բաժանվում եմ մեծ մորս եւ հորս շիրիմներից, իսկ հիմա նաեւ Սարոյանից: Նորից ավտոբուսի մեջ ենք եւ այն սլանում է դեպի մի հայտնի հայկական նպարատուն` Ֆրեզնոյի հայտնի, արեւահամ միրգ ու չրեղեն գնելու համար, բայց դարձյալ չեմ կենտրոնանում, չեմ հանգստանում: Մեր անցած փողոցներում փնտրում եմ Սարոյանի տունը (որը կարծեմ վաճառել են մի մեքսիկի), պատահած երեխաների մեջ փնտրում եմ Արամին, նրա զարմիկներին, կիթառ նվագող նրանց քեռուն, լուռ ծխող պապին.... փնտրում եմ Սարոյանի մորը, որը հարեւանուհու հետ հաց ու մաղադանոս էր ուտում ու երջանիկ երգում էր, որ կարողացել է այդ օրը 25 ցենտ աշխատել եւ իր երեխաների համար հաց գնել: Փնտրում եմ հեռագիր բաժանող այն տղային, որը սրտանց ուրախանում էր լավ հեռագրերի համար եւ տխրում` վատերի համար... Փնտրում էր Սարոյանի մեծ մորը, որը կարողանում էր հայտարարի բերել ու ապրեցնել Ղարաօղլանյանների մեծ ընտանիքը` իմ մեծ մոր պես, փնտրում եմ նաեւ իմ մեծ մորը ու հանկարծ զգում եմ, որ այդ ամենի մեջ ես փնտրում եմ նաեւ ինձ - ես փնտրում եմ ինձ իմ ծննդյան օրը, իմ ծնված օրը, ես փորձում եմ գտնել ինձ` իրականին եւ ոչ թե ... այն, որ հիմա կա, իրեն կորցրած հային... պանդուխտ հային...

Ժողովրդի հոսանքն ինձ տանում հասցնում է խանութ... Գիտատեխնիկական առաջընթացից հագեցած ու փսխելու առատության աստիճան պայթող այս երկրում հանկարծ հայտնվում ենք մի փոքրիկ, շատ փոքրիկ խանութում, որը ուղղակի տիպիկ արեւմտահայկական է... Ու ակամա լսում եմ Ջոնիի ձայնը, որը խոսում է նպարատան տիրոջ` միստր Կուլակի հետ.

- Իմ հայրը, միստր Կուլակ, որը աշխարհի ամենամեծ գրողն է, բարեւում էր ձեզ ու ողջույններ հղում ձեր ընտանիքին: Իսկ ինչպե՞ս է Ձեր կրտսեր դուստրը, միստր Կուլակ, իսկ... Երբ հայրս հարստանա, նա ոչ միայն կփակի ձեր պարտքերը, այլ նաեւ մի մեծ գումար կտա... որ իրեն այսքան օգնում եք, աջակցում եք... իսկ հիմա, եթե դեմ չեք, խնդրում եմ կես ֆունտ սպիտակ պանիր ու մի մեծ հաց... Չրով, չամիչով եւ մեղրով ծանրաբեռնված դուրս եմ գալիս Ջոնիի հետեւից, այսինքն` հայկական խանութից ու մտածում եմ, թե ինչպես այդ համեղ գնումներից ուղարկեմ Հայաստանում եւ Եվրոպայում ապրող երեխաներիս: Ուզում եմ, որ նրանք էլ համտեսեն այդ արեւահամ բարիքները, որ աճում են հեռավոր Ֆրեզնոյում: Մի վայր, որտեղ հայերը հիմնադրել են այգեգործությունը, իրենց ուժերով ոռոգման ջուր են անցկացրել անցյալ դարասկզբին ու շենացրել են այդ մեծ քաղաքը նաեւ նրանով, որ աշխարհին տվել են Սարոյանի նման մի տոհմիկ հայի, որը տիտղոսներից ավելի արժանի է հիշատակման իր բարությամբ, լավատեսությամբ, հոգու տոկունությամբ... Մի մարդ որ աշխարհին խոստովանել է. «Միջավայրը, որտեղ գրում եմ` ամերիկյան է, լեզուն, որով գրում եմ` անգլերեն է, բայց ոգին, որը մղում է ինձ գրելու` հայկական է...» : Նույն ավտոբուսը, նույն ճանապարհով մեզ հետ է բերում, բայց զգացողությունները տարբեր են: Ճիշտ է այն ամենը, ինչ ուզում էի տեսնել, չհաջողվեց, բայց ես իմ ձեւով հաղորդակցվեցի Սարոյանի հետ, զգացի նրա մարդկային, կենդանի ձգող ուժը, եւ 2009 թ. մայիսի 21-ը ինձ համար կմնա իմ անցկացրած ծննդյանս լավագույն օրերից մեկը: Եվ ոչ միայն նրա համար, որ ես այդ օրը ծնվել եմ...

Ֆրեզնո, 05.31.2009


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4