ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#9, 2010-06-26 | #10, 2010-07-10 | #11, 2010-07-24


ՈՒՐՎԱԳԾԵՐ ԵԳԻՊՏԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿՅԱՆՔԻ

Զրույց Պերճ Թերզյանի հետ

Պերճ Թերզյանըՙ Եգիպտոսից ժամանած, գրողների Համահայկական 5-րդ համաժողովի արտերկրյա հրավիրյալներից էր, որ մասնակցեց նաեւ Սփյուռքի նախարարության կազմակերպած «Արեւմտահայերենի ուսուցման արդի վիճակը Սփյուռքում» թեմայով համաժողովին` «Հայեցի դաստիարակության վիճակը Եգիպտոսի մեջ այսօր» զեկույցով:

Մամուլին նա աշխատակցում է դեռեւս 1977-ից, տպագրվելով Կահիրեում լույս տեսնող «Արեւ» օրաթերթում, իսկ ավելի ուշՙ «Արեւի» արաբերեն ամսօրյա հավելվածի առաջնորդողների հիմնական հեղինակն է, որոնցից 40-ը կազմեցին 2008-ին լույս տեսած նրա «Եգիպտահայ հայեացքներ պատմութեան, քաղաքականութեան եւ մշակութային ժառանգութեան մասին» արաբերեն հատորի նյութը: Պերճ Թերզյանը այս տարվա ապրիլից Բարեգործականի արաբերենով լույս տեսնող «Արեգ» ամսօրյայի հայկական բաժնի խմբագրական խորհրդատուն է:

Գրողների համաժողովից նրա ընդհանուր տպավորությունը բավարար է, այդ օրերին արծարծված բազմաբնույթ նյութերից առանձնացնում է հայ գրականության միջազգայնացման խնդիրը: Միաժամանակ, նկատի առնելով գեղարվեստական գրականության հայաստանյան փոքրաթիվ տպաքանակը, իրավամբ կարծում է, որ նման պայմաններում «լավագույն թարգմանությունն անգամ իր նպատակին պիտի չծառայե, եթե նպատակը միջազգայնացումն է»: Իհարկե, ակնկալելով ժամանակակից գրական այնպիսի գործեր, որոնք «կարենան հետաքրքրություն առաջացնել միջազգային գրական մարզին մեջ»:

Պերճ Թերզյանը եգիպտահայ ավագ սերնդի ամենաակտիվ հանրային գործիչներից մեկն է. ազգային հասարակական գործունեության սկիզբը 1964-ին էր, երբ անդամակցեց Հայկական բարեգործական ընդհանուր միությանը: Քառասունվեց տարվա ընթացքում Միության Եգիպտոսի շրջանակային հանձնաժողովի փոխգանձապահը եւ փոխատենապետն է եղել, 1988-իցՙ ատենապետը: Տարբեր շրջաններում անդամակցել է ՀԲԸՄ-ի Կահիրեի մասնաճյուղի վարչությանը, որի ատենապետն էր 1992-2002 թթ.: Այդ ընթացքում ազգային կարեւորությամբ մի շարք ձեռնարկներ կյանքի կոչվեցին («Սաթենիկ Չագըր» հիմնադրամի իրագործում եւ գործունեություն, ՀՀ Կահիրեի դեսպանատան նստավայրի հարցը եւ այլ): Միաժամանակ նա մասնակցել է Կահիրեի թեմական ու քաղաքական ժողովների եւ հանձնախմբերի աշխատանքներին: 1967-ից պարբերաբար ակտիվ մասնակցություն է ունեցել եգիպտահայ կրթական ասպարեզումՙ մաս կազմելով ուսումնական խորհրդին եւ Նուպարյան ազգային վարժարանի հոգաբարձության: 2003-2006 թթ. Կահիրեի քաղաքական ժողովի ատենապետն էր:

Պերճ Թերզյանի հետ մեր զրույցը փորձում է ընդհանուր գծերով ներկայացնել եգիպտահայության ներկա վիճակը, նաեւ փորձում հասկանալ սփյուռքահայ համայնքային կյանքի ներկա տագնապների, ազգային ինքնության աստիճանական նահանջի պատճառները:


- Ժամանակակից աշխարհում փոքր ազգերի, էթնիկ խմբերի համար առավել դժվարացել է ազգային մշակույթի, լեզվական մթնոլորտի, ավանդական սովորույթների պահպանումը: Ինչպի՞սի վիճակ է տիրում եգիպտահայ համայնքի կյանքում: Ի՞նչ կենսունակ օրգանիզմներ, կառույցներ կան:

- Եթե նոր սերունդը նկատի առնենք, ապա երիտասարդները մարզական կյանքով ավելի հետաքրքրված են: Կան հայկական հինգ մարզարաններ, որ բասկետբոլի մրցախաղեր կկազմակերպեն: Ադիկա ամենաժողովրդական ձեռնարկն է, որ երիտասարդություն եւ առհասարակ հանդիսական կհավաքե: Ադոր համեմատ, օրինակ, մշակութային ձեռնարկ մը եթե ըլլա, նույն հետաքրքրությունը չկա:

- Ինչո՞ւ:

- Մշակութային պատրաստություն չունինՙ ո՛չ երեցները, ո՛չ ալ երիտասարդները:

- Եգիպտոսի նման հին մշակույթ ունեցող մի երկրո՞ւմ:

- Այդպես է, ցավալիորեն: Ամեն բան վերանորոգումի կարոտ է: Վերանորոգումի գործընթաց չէ եղած, ժամանակի ընթացքին մարդիկը կորսնցուցած են մշակույթի հանդեպ սերը եւ գուրգուրանքը, շատ քչերը մշակույթով կհետաքրքրվեն:

- Մշակույթի հանդեպ հետաքրքրություն կարող են առաջացնել նաեւ լրատվամիջոցները:

- Այո՛, սակայն, թերթերը հիմնականում արտասահմանեն ինչ որ կստանան, ադիկա կարտատպեն, շատ քիչ տեղական լուրեր կան, պաշտոնական հաղորդագրություններ, տարբեր ձեռնարկներու հայտարարություններ եւ երբեմն ալ ասոնց մասին անդրադարձներ կըլլանՙ նկարագրական, գովասանական-քաջալերական բնույթի, այսինքնՙ քննական մոտեցումներ շատ քիչ են, ինքնագիր հոդվածներ գրեթե չկան:

Ինքնության հետքեր...

Սփյուռքահայ որեւէ համայնքի հետ ծանոթությունը, անշուշտ, սկսում է ազգային կյանքի հիմնական ասպարեզներիցՙ կրթություն, մշակույթ, լեզու, մամուլ-տպագրություն, եկեղեցի: Եվ, բնականաբար, մեր զրույցն այս թեմաների շուրջն ընթացավ:

Տագնապ արեւմտահայերեն լեզվի

- Ազգային իմաստով որակական անկումի պայմաններուն մեջ որ կապրինք, սերունդներու հերթափոխության բնական ընթացքին առընթեր, լեզուն հետզհետե կնահանջե եւ այդ բերումով կարագանա նորահաս սերունդներու ազգային ինքնության խամրումը: Իրերու այս ընթացքով արտահայաստանի մեր ժողովուրդը առաջիկա մի քանի տասնամյակներուն դատապարտված էՙ վերածվելու աղճատված ազգային ինքնությամբ, օտարախոս «հայկական ծագում» ունեցող զանգվածի մը:

Ավելորդ է ըսել, թե արեւմտահայերենը տագնապի մեջ է: Պարզ վիճակագրություն մըՙ թե արեւմտահայերենի ժառանգորդ 40 տարեկանեն վար սփյուռքահայերու քանի՞ տոկոսը կրնա ճիշտ հայերեն գրել կամ քանիի՞ն համար հայերենը օրական ընթերցանության նյութ է, լավագույն ցուցանիշը պիտի հանդիսանա մեր ահազանգային վիճակին. դժբախտաբար արեւմտահայերենը հաստատորեն կընթանա դեպի անէացում:

Հոգեւոր վտանգին ընդառաջ

Առաջարկներ

- Տվյալ պայմաններու մեջ, թերեւս, ամենեն նպատակահարմարը պիտի ըլլար «Հայաստան» համահայկական հիմնադրամի նմանողությամբ ստեղծել այս հարցին հետ առնչություն ունեցող հայրենիքի եւ սփյուռքի կառույցներեն կազմված հովանավոր մարմին մը : Հայաստանի պարագային նկատի ունինք Ս. Էջմիածինը, սփյուռքի, գիտության եւ կրթության նախարարությունները, լեզվի ինստիտուտը եւ նման այլ կառույցներ: Սփյուռքի մեջՙ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, Հայկազեան համալսարանը, Բարեգործականը, Համազգայինը, Գյուլբենկյան հիմնարկը եւ այլն:

Այս մարմնին դերը պիտի ըլլա ստեղծել համապատասխան ենթահանձնախումբեր եւ հիմնել արեւմտահայերեն դասավանդող մասնագետ ուսուցիչ պատրաստելու բարձրագույն հիմնարկ մը, ար եւմտահայերենով մշակել հայերեն լեզվի, հայոց պատմության, կրոնի եւ հայկական ազգային ժառանգությանն առնչված այլ նյութերու դասագիրքեր, նաեւՙ մանկական գրականության ընդհանուր ծրագիրներ, պատրաստել հայկական նյութերու վերաբերյալ խտասալիկներ: Հանրային հեռուստատեսությամբ արեւմտահայերենի դասավանդման հաղորդաշար մը կազմել եւ, հեռարձակված նյութերը խտասալիկի վրա արձանագրելով, կազմել արեւմտահայերենի ուսուցման ամբողջական շարք մը:

Այս առաջարկները, իհարկե, նորություն չեն, սակայն հարցը անհատական կամ հատվածական ճիգերե անդին հասնող համապարփակ համազգային ծրագրի մը կազմությունն է:

Դասագրքեր

- Գալով դասագիրքերուն, Եգիպտոսի մեջ հայերեն լեզվի պարագային կգործածվին Լիբանանի եւ Սուրիո մեջ Համազգայինի եւ ՀԲԸՄ-ի հրատարակած դասագիրքերը: Սուր պահանջ կա կրոնիՙ հաճելի եւ մատչելի գունավոր տպագրությամբ գիրքերու: Իհարկե, Ս. Էջմիածնի հրատարակած հայոց եկեղեցու պատմության շարքը շատ գնահատելի իրագործում է: Սակայն այդ հրատարակությունը միայն արեւելահայերենով է, միաժամանակ շաբաթական մեկ դասապահի համար ծավալային առումով դասավանդելու հարմար չէ: Ուստի անհրաժեշտություն կառաջանա արեւմտահայերեն ավելի փոքրածավալ հրատարակություն մը պատրաստելու: Անշուշտ, գոյություն ունի նաեւ ուսուցչի տագնապ: Հանգստյան տարիքը թեւակոխած հայերեն լեզվի բազմաթիվ ուսուցիչներե տակավին կխնդրվի շարունակել իրենց առաքելությունըՙ նորերու բացակայության պատճառով:

Այսուհանդերձ, ամենակարեւոր հանգամանքը հայ աշակերտի մեջ հայերեն լեզվի հանդեպ նախանձախնդրության եւ հետաքրքրության պակասն է: Լավագույն ուսուցիչը եւ լավագույն դասագիրքը օգուտ մը չեն կրնար ունենալ, եթե հայերեն լեզվի հանդեպ անտարբերությունը արմատախիլ չըլլա: Ուստի փափագելի պիտի ըլլա, որ այս երեւույթը սփյուռքի նախարարության հանձնարարությամբ, զանգվածային լրատվամիջոցներով հրապարակային լայն քննարկումի ենթարկվի, որուն մասնակցին թե հայրենիքի, թե սփյուռքի մտավորականները: Այս հարցերով տեւապես եւ հետեւողականորեն զբաղվող մարմնի մը ստեղծումը, անշուշտ, շահեկան պիտի ըլլա:

Խնդրո առարկա է արեւմտահայերենի ժառանգորդ ավելի քան երկու միլիոն սփյուռքահայերու կորուստը: Կարելի չէ նման վտանգի մը առջեւ գոհանալ միայն ուսուցիչի եւ դասագրքի հարցեր լուծելով: Բարդ եւ ծանր մարտահրավեր մըն է, զոր հարկ է ամեն գնով դիմագրավել:

Կրթարաններ

Երբ կխոսինք սփյուռքի մեջ արեւմտահայերնի ուսուցման արդի վիճակի մասին, աներկբայորեն կրնանք հաստատել, թե ան սփյուռքի ամբողջ տարածքին գահավեժ ընթացքի մեջ կգտնվի: Շատ տեղեր արեւմտահայերենի հնոցներ համարվող ազգային հարանվանական եւ միութենական վարժարաններ կմիացվին կամ կփակվին: Հայկական վարժարաններու աշակերտության թիվը տարբեր պատճառներով հետզհետե կնվազի: Ասոր պատճառներեն է արեւմտահայերենի մասնագետ ուսուցիչներու նոսր թիվը եւ նորերու բացակայությունն է, նաեւ ծնողներու եւ աշակերտներու մեծամասնության մոտ հայերեն լեզվի հանդեպ նախանձախնդրության, հետաքրքրության պակասը:

Կահիրեի մեջ 1828 թ. Եղիազարեան դպրատան հիմնվելեն ետք, երեք հայկական ազգային վարժարաններ կգործենՙ երկուքըՙ Գալուստեան եւ Նուպարեան`Կահիրեի մեջ, երրորդըՙ Պողոսեան վարժարանը Ալեքսիանդրիո մէջՙ սկզբնական շրջաններուն անկախ եւ ինքնուրույն կրթական ծրագիրներով:Անցյալ դարու 60-ական թվականներեն անոնք համադրված են Եգիպտոսի կրթական նախարարության համակարգին հետ, որպես անգլիական թեքումով վարժարաններ, որոնք պետական ծրագրի կողքին կդասավանդեն շաբաթական 5-7 պահ հայկական նյութերՙ հայոց լեզու, կրոն եւ ազգային պատմություն:

Նեկայիս Եգիպտոսի երեք ազգային վարժարաններու աշակերտության թիվը կհասնի 188-ի, որը բաղդատած համայնքին թիվին (շուրջ 5000), շատ նոսր է: Այս երեւույթին պատճառներեն առաջինը այն է, որ եգիպտահայութեան մեջ մեծ է երեցներուն թիվը, որպես հետեւանք համայնքի երիտասարդներու արտագաղթին: Բազմաթիվ հայ ծնողներ իրենց զավակները սկսած են օտար վարժարան ղրկել. անոնց թիվը 45-60 է:

Ծնողքը կառարկեն, թե եգիպտական կրթական ծրագրերը ավելորդ նյութերով խճողված եւ ծանրաբեռնված ենՙ ավելի նպատակահարմար անգիր սորվելու, մինչդեռ օտար վարժարաններու ծրագիրները հարաբերաբար ավելի թեթեւ են: Անգիր սորվելե ավելի աշակերտին ըմբռնելու, մտածելու եւ վերլուծելու ունակությունները կզարգացնեն: Ասկե զատ, համալսարան մուտքի համար բարձր նիշեր ձեռք բերելու խոլ արշավին մեջ հայերենը կմղվի «աղքատ ազգականի» դիրքին: Նկատի առնենք նաեւ հայերեն նյութերու հատկացված դասապահերու ժամանակացուցային պարտադիր սահմանափակումը:

Այս պարագաներուն վերը ակնարկված մշակութային ձեռնարկներու հանդեպ հետաքրքրության որեւիցե ենթահող, բնականորեն, չկա: Տարին մեկ անգամ, երբ համագաղութային ձեռնարկ կկազմակերպենք, կտեսնենք, որ բոլոր մասնակիցները տարեցներ են: Մանկական երգչախումբեր ունինք, անոնց ելույթներուն ծնողներ կուգան, ընտանիքներ կուգան, եւ ղեկավարն ալ հայ արվեստի նախնական զգացողությունը իրենց կներշնչե եւ ազգային ոգիով կդաստիարակե: Սակայն երբ կհասնին 12-13 տարեկանին, մանկական երգչախումբերեն դուրս կելլեն եւ այլեւս չի շարունակվիր այդ ոգին:

Հայկական վարժարան 15 տարի շարունակ հաճախող աշակերտները վերջավորության չեն կրնար անսխալ հայերեն խոսիլ եւ գրել: Նոր սերունդին ճնշող մեծամասնութեան խոսակցական լեզուն եթե արաբերենը չէ, առնվազն արաբախառն հայերեն մըն է, ուր տիրող լեզվամտածողությունը արաբական է: Այս ամենուն հիմնական պատճառը, անշուշտ, ինչպես ըսինք, հայերենի հանդեպ հետաքրքրության պակասն է, քանի որ հայոց լեզուն տեղ հասնելու համար օգտակար գործոն մը չէ այլեւս: Եվ այս ոգին եթե կա, որեւէ ձեռնարկՙ մշակութային թե մտավորական, անգամ որեւէ երեւելի անձի մը հետ հանդիպում, դժվար թե արմատախիլ կրնա ընել այդ ոգին, եւ այսպիսով օր-օրի ետ կմղվի ազգային ինքնության զգացումը:

Մամուլ-տպագրություն

- Եգիպտոսի մեջ գործող երեք պարբերաթերթ կա, «Արեւը» Ռամկավար ազատական կուսակցության օրգանն է, «Յուսաբերը»ՙ Դաշնակցության եւ «Ջահակիրը»ՙ Հնչակյան կուսակցության շաբաթաթերթն է: Կգործեն նաեւ Բարեգործականի եռամսյա հայերեն «Տեղեկատուն», «Արեգ» ամսաթերթը արաբերենով, Եգիպտոսի մեջ Հայաստանի Հանրապետության դեսպանատան եռամսյա «Ախբար Արմենիա» արաբերեն բրոշյուրը, եւս 2 կայքէջՙ Բարեգործականինըՙ անգլերենով եւ հայերենովՙ «Արմավենին», ինչպես նաեւ 1954-են ի վեր պետական ռադիոկայանեն գործող օրական մեկժամյա հայերեն ռադիո հաղորդումը:

Վերջին շրջանին աշխուժացան հրատարակչական աշխատանքները: Բարեգործականի կողմե 1996-են սկսյալ շուրջ 70-75 անուն գիրք հրատարակվեցավ: Ասոնց մեջՙ «Հայ բանաստեղծութեան ծաղկաքաղ» վերնագրով արաբերեն ժողովածուն, որն իր մեջ կներառե հայ դասական բանաստեղծության գոհարներըՙ գողթան երգերեն մինչեւ Պարույր Սեւակ: Թարգմանությունը կատարած է եգիպտահայ բանաստեղծ Վարուժան Գազանճյանը, իսկ արաբ բանաստեղծ մը ավելի արաբականացած եւ վերջնական ձեւի մեջ դրած է: Պետք է ըսել, որ այս գիրքը բավականին հետաքրքրություն ստեղծեց եւ շատ մեծ արձագանք գտավ արաբ գրական շրջանակներու մոտ, որոնք մինչ այդ հայերը կճանչնային լոկ որպես լավ արհեստավորներ ու վաճառականներ: Առաջին անգամն էր, որ պատուհանը կբացվեր դեպի հայ մշակույթըՙ այսպես ամբողջական ներկայացնելու հայ գրականությունը:

Կարելիին սահմաններուն մեջ աշխատանքներ կտարվինՙ արաբ մտավորականությունը ծանոթացնելու համար հայ մշակույթին, հայ կյանքին, անշուշտ, քաղաքական գործոնը կա, ահռելի թրքական, ազերիական պրոպագանդ մը կա: Ասոր դիմաց մեր միակ զենքը արաբալեզու «Արեգ» ամսօրյա թերթն է, որ տեղեկություններ կու տա քաղաքական եւ տնտեսական այն բոլոր փոխհարաբերություններուն մասին, որոնք գոյություն ունին Հայաստանի եւ արաբական երկիրներու միջեւ:

Կահիրեի համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի դերը

- Այդ կեդրոնը տարեկան մեկ անգամ համաժողով կհրավիրեՙ մասնակցությամբ մասնագետներու Հայաստանեն եւ արաբական երկիրներեն: Գլխավոր թեմաներու շուրջ զեկուցումներ կներկայացվին, որոնք հետագային ժողովածուով լույս կտեսնեն: Հայկական նյութերու մասին գիրքեր կհրատարակվին, տարբեր դասախոսություններ կկազմակերպվին, համալսարանի ուսանողներու համար հայերենի դասավանդում կիրագործվի: Այս ամենով, իհարկե, կեդրոնը իր զգալի դերն ունի հայկական ձայնը լսելի դարձնելու: Դուրսեն մարդիկ կուգան, կմասնակցին բանախոսվող զանազան նյութերուն, ինչպեսՙ «Հայերուՙ արաբական աշխարհին մեջ ներկայությունը», «Հայ-արաբական պատմական փոխհարաբերություններ», «Հայ-արաբական փոխհարաբերությունները տնտեսական մարզին մեջ»: Առաջիկա համաժողովի թեման պիտի ըլլա «Հայկական կերպարը արաբական գրականության մեջ»:

Եկեղեցական կյանք

- Հայությունը ոչ թե փոքրամասնություն կհամարվի, այլ եգիպտական կրոնական համայնք: Մեր գաղութի պարագային, ի տարբերություն այլ հայագաղութներու, համագործակցություն կա երեք ավանդական կուսակցություններու միջեւ, եւ բոլորն ալ մաս կկազմեն թեմական ժողովներուն: 1975-են ի վեր, երբ զգացվեցավ, որ այլեւս գաղութը նոսրանալու վրա է, եւ ներքին պայքարները պերճանք են մեր պայմաններուն մեջ, բոլորը իրարու միացան եւ հատկապես եկեղեցվո հարցերու մեջ միասին կգործեն: Եկեղեցիեն զատ դպրոցները կան, երգչախումբ կա, այլ կազմակերպություններ կան, գերեզմանոցներ ունինք եկեղեցիին հովանու ներքո: Այնպես որ, միասնական աշխատանք կա եւ հավաքական կյանք մը կա եկեղեցիին շուրջը:

Եգիպտահայերի զբաղմունքը

- Հայերու մեծ մասը հիմնականում գործատերեր եւ արհեստավորներ ենՙ ոսկերիչներ, խառատներ: Ազատ ասպարեզի մարդիկ ալ կանՙ ատամնաբույժներ, քիչ թիվով այլ բժիշկներ, մնացյալը պաշտոնյաներ ենՙ նավթային ընկերություններուն, օտար դրամատուններու մեջ, համալսարանի դասախոսներ:

Երկու-երեք երիտասարդ ունինքՙ ներգրավված պետական կառույցներու եւ զանազան վարչական խորհուրդներու մեջ:

Միջգաղութային հարաբերություններ

- Առհասարակ միջագաղութային հարաբերություններու պահանջը Եգիպտոսի մեջ ավելի սուր է, քանի որ մեր գաղութը ներկայիս նոսրացած է: Առավել նպատակահարմարը իրարու մոտիկ գտնվող գաղութներու համագործակցությունն է, քանի որ յուրաքանչյուր տարածաշրջանի գաղթօջախները ավելի սերտ եւ ընդհանուր թելերով կապված են իրարու:

Մասնավորաբար մեր գաղութի Բարեգործականի շրջանակը փոխհարաբերություններ հաստատած է Լիբանանի եւ Սուրիո հետ: Բասկետբոլի խումբերը, նաեւ երգչախումբի անդամները կերթան, կտեսնեն հոն հայկական կյանքը ավելի աշխույժ է, կխանդավառվին: Սակայն այս փոխհարաբերությունները սահմանափակ են: Բնականաբար, փոքրաթիվ գաղութ մը շատ ավելի կարիքը ունի հայկական առավել կենսունակ կեդրոններու հետ առնչվելուՙ հայկականության մթնոլորտը, ոգին արթուն պահելու համար:

- Տեղի ազգային կառույցներ չկա՞ն, որոնք կարող են նպաստել հայկականության այդ ոգու պահպանմանն ու մյուս համայնքների հետ հաղորդակցությանը:

- Կան այդպիսի կեդրոններ, բայց փոխանցողը չկա, անոնց թիվը շատ նոսր է:

- Գաղութային կյանքի այս նահանջը երբվա՞նից սկսվեց: Մի՞թե միշտ էր այսպես:

- Ո՛չ: Իհարկե ո՛չ: Գաղութը շատ զորեղ անցյալ ունեցած է, մասնավորաբար անցած դարու 20-ականներեն մինչեւ 50-ականները: Եթե ավելի ետ երթանք, դեռ XIX դարուն երեք- չորս արտգործնախարարներՙ Եգիպտոսի հայեր էին. Նուբար փաշան` հայրը եգիպտահայության մեծագույն բարերարներեն Պողոս Նուբարի, Եգիպտոսի առաջին վարչապետն էրՙ հակառակ որ գաղութին թիվը հիմակվանեն ավելի պակաս էրՙ 2000-ի չէր հասներ:

1915-են վերջ, քանի որ կազմակերպված համայնք էր, վարժարաններ գոյություն ունեին, շատ մտավորականներ եկած եւ հաստատված էին հոն, ինչպեսՙ Վահան Թեքեյան, Երվանդ Օտյան, Լեւոն Շանթ եւ բազմաթիվ ուրիշներ: Եվ իրենց գալը նոր զարթոնք էր գաղութին:

Սակայն 1952-ի հեղափոխութենեն վերջ, 60-ականներու սկիզբները, երբ ընկերվարական օրենքներ գործադրվեցան, ազգայնացումի գործընթացը սկսավ, տնտեսական-դրամատիրական նոր փոխհարաբերություններ գործեցին, գաղութը սկսավ պարպվիլ: 50-ականներեն մինչեւ 60-ականները տակավին կդիմանար, բայց հետզհետե սկսավ նոսրանալ: Երիտասարդները անձնական միջոցներով կյանքը սկսելու շատ մեծ դժվարություններ ունին, ուստի կնախընտրեն երթալ այլ երկիրներ, ուր ավելի ձեռնտու պայմաններ կան, հիմնականումՙ Կանադա, Ամերիկա, Ավստրալիա: Մնացողները, եթե ծնողքը գործ ունին, կրնան շարունակել: Այդ նոր գաղութներու մեջ ազգային կառույցեր ստեղծողները մեծ մասամբ եգիպտահայ մտավորականներ են, որովհետեւ անոնք այդպիսի կյանքի եւ մթնոլորտի վարժված էին:

- Համայնքի ազգային կյանքը, նկարագիրը պահպանելու համար, իհարկե, Հայաստանի հետ հարաբերությունների սերտացումը էական նշանակություն պետք է որ ունենա: Հայրենիքը ինչպե՞ս կարող է նպաստել հատկապես այն գաղութներին, որտեղ ազգային կյանքը սկսում է մարել:

- Հայաստանի հետ կապը սերտացած է, երբ անկախութենեն հետո Եգիպտոսի մեջ հաստատվեցավ հայկական դեսպանությունը: Անշուշտ, նախորդ տարիներուն ալ կապը կար Սփյուռքի կոմիտեի միջոցով. արվեստագետներ կու գային, կխանդավառեին համայնքը: Սակայն հետագային բնույթը փոխվեցավ: 1988-ի երկրաշարժը որոշ պատկանելիության զգացում առաջացուց, ամենքը ոտքի ելան, օգտակար ըլլալ ուզեցին: Այժմ եգիպտահայ մարզիկները կանոնավորաբար կմասնակցին համահայկական խաղերուն:

Հիմնականը, որ կրնա ընել հայրենիքը, արվեստագետներու խումբեր ուղարկելն է: Սքանչելի ծրագրեր կանՙ երգ-երաժշտության, սքանչելի մտավորականներ ունինք Հայաստանի մէջ, իսկական հոգեկան վայելք պարգեւող մարդիկ կան: Սակայն պարագաները քիչ մը փոխված են: Կխորհինք, եթե հրավիրենք այդ անձերը, ինչպե՞ս կըլլա գաղութին հակազդեցությունը. կկարծենք, որ քիչերը կհետաքրքրվին: Մարդիկ ավելի կխանդավառվին պարի, երգ-երաժշտական հաղորդումներեն, մարզական լուրերեն: Հայկական հեռուստակայաններեն կդիտեն այդպիսի ծրագրեր, լեզվական, գրական հաղորդումներ չեն դիտեր, որովհետեւ արեւելահայերեն չեն հասկնար, մինչդեռ բավարար արեւմտահայերեն իմացողը արեւելահայերեն նույնպես պիտի հասկնա:

Բայց երբեմն երեւույթներ կըլլան, որ շատ դրական են: Ապրիլի 24-ի առիթով հրավիրած էինք Ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը. շատ խանդավառ էին մարդիկը: Հրանուշ Հակոբյանի հետ հանդիպումին նույնպես մեծ ոգեւորություն եղավ:

- Պրն Թերզյան, հաճախ եք գալիս Հայաստան, ինչպիսի՞ փոփոխություններ եք տեսնում, ինչպիսի՞ն է Ձեր հայացքով հայաստանյան ներկա կյանքը:

- Մեզի համար անհասկնալի երեւույթ է Հայաստանը, որովհետեւ ծայրահեղությունները շատ են: Կըսեն, որ օլիգարխներ կան, որոնք հսկա արժույթներ ունին եւ որոնք հարկային դաշտեն դուրս են: Անդին ժողովուրդ մը կա, որ կուզե աշխատիլ, սակայն պետք եղած կարելիությունները չի գտներ: Ուրիշներ կան, որ դուրսեն կու գան, գործ կգտնեն, կաշխատին: Այնպիսի հակասական երեւույթներ կան, որ ընդհանուր հայտարար մը գտնել շատ դժվար է: Բայց զգալի է, որ ամեն անգամ, երբ կուգանք, փոփոխություններ կտեսնենքՙ բարելավված են քաղաքին տեսքը, փողոցները, նոր շենքեր կկառուցեն: Բայց ընդհանուր դժգոհությունը կա, որովհետեւ կարելի էր շատ ավելի արագ առաջդիմել, փոքր պետության եւ թիվով քիչ ժողովուրդի մը համար կարելի էր ավելի զգալի ձեռքբերումներ ունենալ, սակայն անիկա չըլլար:

Զրուցեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԸ


Նկար 2. Կահիրեի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարը

Նկար 3. Կահիրեի Գալուստյան ազգային վարժարանի շենքը


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4