ՍՈՒՍԱՆՆԱ ԱԴԱՄՅԱՆ
Ակնհայտ է, որ մեր ժողովրդի պատմական ծանր ու բացառիկ ճակատագիրը խորը հետք է թողել հայ գրականության եւ ընդհանրապես հայ մշակույթի վրաՙ դառնալով նրա առանձնահատկություններից մեկը: Հայոց մեծերի կենսագրության ու ստեղծած արժեքների վրա խորապես դրոշմված է հայրենի դժվարին պատմության կնիքը. Մաշտոց ու Խորենացի, միջնադարյան տաղերգուներ, Րաֆֆի, Սարոյան, Շահնուր եւ շատ ուրիշներ: Սակայն այս աստղաբույլի մեջ յուրահատուկ է Թումանյանի զբաղեցրած տեղըՙ իր անձնական կյանքի դրամայով եւ հսկայական ստեղծագործական ժառանգությամբ:
Թումանյանը հայ ազգի այն մեծագույն զավակներից էր, որը միայն իրեն հայտնի եղանակներովՙ մաշկով, նյարդերով, թե՞ հոգու աչքերով տեսավ իր ժողովրդի ճակատագրի օրհասական պահը, Մեծ եղեռնից դեռ բավական առաջ: 1913-ին էր, որ հոդվածներից մեկում գրեց. «... Թուրքերը հայկական հարցը վճռելու են բնաջնջումով եւ թուրքը նրան բաց պիտի թողնի միայն վերջին շնչի հետ... Թուրքիան դիմել է, դիմում է ու կդիմի ամենահրեշավոր միջոցներիՙ վերջ դնելու հայ ժողովրդին իր հարցի հետ միասին, հայի հայրենիքի ու ազգային իրավունքների խնդիրը մի անգամ ընդմիշտ փակելու համար»: Ցավոք կանխատեսումները իրականություն դարձան:
Տակավին պատանի նա ընտրեց իր ճանապարհըՙ ներաշխարհով, հոգով, սրտով, քաղաքացիական կերպարովՙ ընդմիշտ կապվելով հարազատ ժողովրդի ճակատագրին, նրանից այլեւս երբեք չբաժանվելու հավատամքով: Թումանյանը մշտապես հայտնվում էր ազգային քաղաքական իրադարձությունների կիզակետումՙ ամեն անգամ կամովին վտանգելով ոչ միայն իր, այլեւ զավակների կյանքը: 1905-07 թթ.: Ռուս իրականության մեջ տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների հետեւանքՙ հայ-թուրքական ընդհարումներ: Թումանյանը հրաշալի գիտեր, թե ովքեր են ազգամիջյան հարաբերությունների «հրդեհներից տաքանում», ատում էր դրանք հրահրողներին, բայց միաժամանակ իր պարտքն էր համարում անձամբ մասնակցել դեպքերին: Կյանքում առաջին, բայց ոչ վերջին անգամ բանաստեղծը զենքը ձեռքին, բայց եւ խաղաղության սպիտակ դրոշը պարզած, դուրս եկավ կանգնեց իրար դեմ ելած ժողովուրդների միջեւ: «...Ինչպես պիտի ծիծաղեիք, երբ ինձ տեսնեիք լեռներում պատրոնդաշները գցած, զինված ոտից-գլուխ, հարյուրավոր ձիավորներով, ճերմակ դրոշակով...
Եվ այսօր ես այնքան գոհ չեմ, որ գրականության մեջ որեւէ բան եմ արել, որքան գոհ եմ, որ կարողացա ակներեւ իրար դեմ կանգնած ժողովուրդների սրերը պատյան դնել տալ եւ շատ ու շատ անմեղների ազատել այս գազանական կոտորածից»: Այս «մեղքերի» պատճառով, Թումանյանն ավագ որդուՙ Մուշեղի հետ, որպես հակապետական գործիչ նետվում է Մետեխի բանտը: Վերջնականապես արդարացվում է Պետերբուրգում 1912թ. մարտին:
1914թ. պայթած առաջին համաշխարհային պատերազմը դժոխքի մի նոր դուռ բացեց հայ ժողովրդի համար: Բանաստեղծն այդ օրերին գտնվում էր Ձաղվերում: Լուրն առնելուն պես վերադառնում է Թիֆլիս: Նույն թվի հոկտեմբերին Հայոց ազգային բյուրոյի ենթակայությամբ ստեղծվում է «Պատերազմից վնասվածներին օգնող կոմիտե», որի հանձնաժողովի նախագահն էր: Նա հայ այն եզակի մտավորականներից էր, որ երկու անգամ եղավ ռազմաճակատումՙ 1914 եւ 1915 թթ.: Այնտեղ, նախ պիտի երեխայի պես հրճվանք ապրեր «էդ աննման երկիրը» տեսնելով եւ հետո արձանագրեր Վան-Իգդիր-Էջմիածին ճանապարհին արյան մեջ խեղդվող հարազատ ժողովրդի մեծագույն ողբերգությունը:
Թումանյանի օրագրային գրառումներից.
« ...Մուշի դաշտից նահանջելիս (Անդրանիկի) կամավոր տաճկահայերը անցնում են Արճեշ եւ գյուղերնՙ իրենց տները տեսնելու, գնում ենՙ տեսնում բոլոր իրենց ընտանիքները մորթոտած-թափած: Իրենք էլ հրացանները դնում են գոգներին ու իրենց կտուրներին նստում: Թե դուք գնացեք, մենք պետք է մնանք, էլ չենք գալու: Պետք է սպասենք, մինչեւ քուրդը ու թուրքը գան, մենք նրանց սպանենք, նրանք էլՙ մեզ, վերջանա: Ու մնում են կտերները նստած »: Ծոցատետրի թերթիկների վրա արված նշումներՙ մեկը մյուսից սահմռկեցուցիչ, զարհուրելի, որից սառչում է մարդու արյունը երակների մեջ, մարդու, բայցՙ ոչ թուրքի:
Արեւմտյան Հայաստանից վերադարձավ ծանր տպավորություններով, ամբողջովին ջախջախված: Եվ ինչպես այսքանից հետո չծնվեր «Հոգեհանգիստը», որը կարդալու իրավունք ուներ միայն թերեւս ինքըՙ Ամենայն հայոց բանաստեղծը:
Ու վեր կացա ես, որ մեր հայրենի օրենքովը հինՙ
Վերջին հանգիստը կարդամ իմ ազգի անբախտ զոհերին.....
1915թ. գարնանը Թումանյանին հասավ մեծ գաղթի բոթը: Թիֆլիսի ամառանոցներից մեկում էր, ինքն էլ հիվանդ, հյուծված: Չհապաղեց, անկողնուց վեր կացավ ու Նվարդ դստեր հետ մեկնեց Էջմիածին: Այստեղ նա ժամանակ չկորցնելով, բայց կորցնելով քունն ու դադարը, ձեռնամուխ է լինում գաղթականներին ապաստարանով, սնունդով, բժշկական օգնությամբ ապահովելու գործին:
Թանգարանի ցուցադրության մեջ եւ արխիվում առկա են Թումանյանիՙ այդ օրերի գործունեությունը արտացոլող անչափ հուզիչ փաստաթղթեր, լուսանկարներ: Դրանք ապրող-մեռնողների, մայրապետուհիների, որբերի տեղաբաշխմանը վերաբերող ցուցակներ են, գրառումներ, ընտանեկան նամակագրություն: Այդ օրերի մղձավանջի մասին Թումանյանից ճշմարիտ ոչ ոք չի կարող գրել. «...անթիվ-անհամար մանկական կմախքներ, որ դեռ շնչում էին...Այդ կմախքների վրա ազատարար ոգիների նման պտտվում էին ոտից գլուխ ճերմակ վերնաշապիկներ հագած, ցավից ու անտանելի ծանր օդից ու հոտից գունատված, դալկացած տիկիններն ու օրիորդները...»: Բնականաբար այդ հրեշտակների թվում էր նաեւ բանաստեղծի դուստրըՙ Նվարդը, որն արհամարհելով ամեն օր ահագնացող մահվան հունձքը, հոր հետ միասին օրհասական կռիվ էր մղումՙ փրկելու հայության վերջին բեկորները: Տառապալից ու հոգեկան մեծ ուժեր պահանջող մաքառում է եղել Թումանյանի գործունեությունն Էջմիածնում:
Բանաստեղծի գրառումներից.
«Երեխաներից ոմանք , էնպես են սովորել, որ ճաշելուց հետո էլ փեշերս բռնում են (թեեւ հագնված են, պատսպարված եւ կերակրված), հայրիկ, ես որբ եմ, նա հեր ունի, նաՙ մեր: Որ ասում էի նոր շորեր պիտի կարենք ձեզ համար,-ինչպես էստեղից-էնտեղից գլուխ էին բարձրացնում,- Հայրիկ, ինձ կարմիր հալավ կարեցեք»:
Լեոյի հուշերից. « ...Հովհաննես Թումանյանը դժոխքի մեջ է, գործում է, բարեբախտաբար չի գժվում »:
Ամենայն Հայոց որբերի հայրիկը իրավունք չուներ գժվելու, որովհետեւ մի օր անսահման երջանկությամբ պիտի գրեր. « Հիշում եմ եւ էն լավ օրը, երբ առաջին անգամ վերահսկողները գանգատվեցին, թե արդեն չարաճճի են դարձել, դժվարացել է կառավարելը, ոմանք զվարթ երգում են խմբով, կատակներ անում, ուրախ-ուրախ կրկչում: Ու ամենքիս աչքերն էլ լցվեցին ուրախության արտասուքով »:
Իրենց հայրենասիրությամբ հորը չէին զիջում որդիները: 1915թ. ռազմաճակատից տագնապով ահազանգում է Թումանյանի ավագ որդինՙՄուշեղը, որն ի դեպ կամավոր էր այնտեղ գտնվում. « ...Նոր եկավ մի հայ զինվոր եւ հայտնեց, որ 4 փոքրիկ երեխա են բերել, որ տեղավորենք: Մինչեւ սրա մասին մի բան որոշեցին, եկան հայտնեցին, որ այդ երեխաներին իրար մեջ են բաժանել: Մեկին վերցնում է մի ինչ որ պոդպոլկովնիկ, իսկ մնացածներինՙ կազակները, որոնք որդեգրում են եւ ռուսացնում... հայ ազգը ուրիշ տեսակ զոհաբերության առաջ է կանգնած, մի նոր տեսակի թալանի առաջ է կանգնած, երեխաների թալանի »...
Միայն ճշմարիտ հայրենասերը կարող էր այսպես մտածել ու գործել: Մուշեղիՙ ռազմաճակատից ուղարկված նամակներում տրոփում է իր կործանվող հայրենիքի ապագայով մտահոգված ազգասերի, ազնիվ մտավորականի սիրտը:
Չափազանց հուզիչ եւ արժեքավոր են նաեւ Թումանյանի բազմաշնորհ, տաղանդավոր, ապագայի մեծ հույսեր ներշնչող կրտսեր որդուՙ Արտավազդի գործունեությանը վերաբերող փաստաթղթերը, նամակները, լուսանկարները: Նա 1916-1918 թթ. պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո կամավոր աշխատանքի է անցնում «Քաղաքների համառուսաստանյան միության» զորամասերում, որի հիմնական խնդիրն էր պատերազմի հետեւանքով վիրավոր, անապաստան գաղթականությանը օգնություն ցույց տալ, հավաքել, պատսպարել ու կերակրել որբ երեխաներին (բնականաբար այդ վիճակում էր գտնվում հիմնականում հայ բնակչությունը): Թանգարանի արխիվում պահպանվում է Թիֆլիսի «Հայ երիտասարդների կոմիտեի» 1915-ի ապրիլի 23-ին կայացած առաջին խորհրդակցական ժողովի արձանագրությունը, որը որպես ժողովի քարտուղար կազմել է Արտավազդը: Այն նվիրված է եղել պատերազմի ժամանակ տաճկահայ եղբարներին օգնելու խնդիրներին: 1916-ին Արտավազդը նշանակվում է լիազոր ներկայացուցիչ Վանի շրջանում: Իգդիրից Վան մեկնում է ռուս նշանավոր բանաստեղծ Սերգեյ Գորոդեցկու հետ, որը նույնպես գտնվում էր ծառայության մեջ: Վերջինս հետագայում սրտի անհուն կսկիծով է հիշում սքանչելի երիտասարդի կորուստը: Առանց հուզմունքի եւ անհուն ցավի, հնարավոր չէ անդրադառնալ Արտիկի, ինչպես նրան քնքշորեն կոչում էին հարազատներն ու մտերիմները, նամակներինՙ գրված Արեւմտյան Հայաստանից:
Հայրիկին ուղղված նամակից.
«...Վաղը առավոտ գնում եմ Քյոշք-Անգղ-Ոստան, սննդատու կայաններ բանալու: Սրբազանը ինձ նշանակեց Բերկրիի եւ Աբաղայի շրջանների ներկայացուցիչ»:
Ուշագրավ է, որ պատերազմի այդ թոհուբոհի մեջ անգամ, հայրենասեր երիտասարդը չի կարողացել չհիանալ իր հայրենիքի գեղեցկություններով, հրճվանքով ու քնքշությամբ կտավին է հանձնել պաշտելի հայրենիքի չքնաղ բնապատկերները:
Քրոջըՙ Նվարդին ուղղված նամակից.
« ...Ապա թե իմանաս, ի՜նչ գեղեցիկ, սրբազան վայրերով եմ անցել, բավական է տամ Ավարայրի դաշտի անունը... ի~նչ սքանչելի է, ապա Կարմիր գետը, Վարդանի եւ Ղեւոնդի նահատակված տեղերը... Հեր եւ Զարեվանդ գավառները... Էս դաշտերով, ճամփաներով ի՜նչ թագավորներ, իշխաններ, ի՜նչ դեմքեր են անցել: Մնացել եմ զարմացած Րաֆֆու վրա, թե ինչ վարպետորեն, ճիշտ եւ գեղեցիկ է նկարագրել ամեն մանրամասնություն, ի՜նչ թափանցող աչքեր է ունեցել էդ «անհանգիստ հոգին», ի՜նչ զգացումներով է փայփայել իր ամեն մի գրելիք տողը... »: Արտավազդը, որը ժամանակիցների վկայությամբ, թե արտաքին նկարագրով, թե հոգեւոր կերտվածքով ամենից նմանն է եղել հորը, եղերական վախճան ունեցավ: Այդ ծանր հարվածից Թումանյանն այդպես էլ մինչեւ իր կյանքի վերջը ուշքի չեկավ, սակայն մինչեւ վերջին շունչը սպասեց որդու վերադարձին...
Արտավազդը, լինելով երիտասարդ եւ ոչ քաղաքագետ, տարիքին անհամապատասխան լրջությամբ հասկանում էր ստեղծված կացությունը եւ ցավով արձանագրում. «...Արդեն մի օղակի մեջ ենք եւ էդ օղակը փոքրանալովՙ մի գեղեցիկ օր մեզ պաշարված կգտնենք.- Սա իմ համոզմունքն է: Հրաշքով, եթե Կովկասից ուժ եկավ, միգուցե ազատվենք...եւ միայն ազատվենքՙ տալով երկիրը իրենց: Ցավալի է, բայց իրողություն է...»:
Արտիկի այդ տարիների կենսագրության մեջ կա նաեւ մի շատ գողտրիկ ու անչափ հուզիչ դրվագ: Խոսքը վերաբերում է նրա եւ այդ ընթացքում գթության քրոջ առաքելությամբ Արեւմտյան Հայաստանում գտնվող, անգլուհի Էլիզաբեթ Արմսթրոնգի ջերմ ու սրտառուչ մտերմությանը: Անգլերեն նամակագրությունից պարզ է դառնում, որ Բեթին եղել է (աշխատանքից ազատ ժամերին) երիտասարդի վարժուհին, սովորեցրել անգլերեն: Դժվար է պատկերացնել, թե ինչպես են «խոսել, զրուցել» միմյանց լեզու չիմացող երիտասարդները, բայց դժվար չէ պատկերացնել, թե ինչպես է իր հարուստ ներաշխարհով, մարդկային բացառիկ նկարագրի տեր երիտասարդը գերել «Մառախլապատ Ալբիոնի» դստեր հոգին: Արտավազդի արխիվում կան նաեւ բանաստեղծություններՙ նվիրված Էլիզաբեթին
Հանգիստ նայում է լուսինը արծաթ
Իմ հայրենիքի շքեղ այգիներին,
Եվ Այգեստանի ծառուղին բռնած,
Գնում եմ մենակ, տրված խոհերին:
ՈՒ հանկարծ զգում եմ, որ մոտեցել եմ
Իմ սիրուն աղջիկ , քո ապարանքին,
Քո ապարանքին, քնած քեզ նման
Դու հեռու երկրի իմ աղջիկ անգին...
Խաղաղ գիշերը դյութական, ...գինի...
Դու օտար աղջիկ իմ հայրենիքում:
Երկուսս էլ լռում ենք, օտար լեզուներ,
Ժպիտով ենք խոսում, լռությամբ սիրում,
Ախ, ամեն մեկս որքան սեր ուներ
Իրար պատմելու, իրար ասելու:
Արտավազդը ջանքեր չի խնայել եւ իր յուրացրած անգլերենի փոքրիկ բառապաշարով եւ անչափ հուզիչ տառասխալներով աշխատել է նամակներում արտահայտել իր ջերմությունն ու հարգանքը օտարուհու նկատմամբ: Այդ արտաքուստ զուսպ, բայց տողատակերում այնքան սեր ու քնքշություն պարունակող նամակներում ազնիվ երիտասարդի երախտագիտությունն էլ կա օրիորդի հերոսական առաքելության հանդեպ, որն այդ օրհասական պահին հազարավոր կիլոմետրեր կտրել- եկել էր օգնության ձեռք մեկնելու սեփական արյան մեջ խեղդվող հայ ժողովրդին, սպեղանի դնելու հայ որբուկի արնածոր վերքին...
Վերադարձին անգլուհին շարունակել է նամակներ գրել, որտեղ հուզմունքով ու կարոտով է հիշել Վանում անցկացրած օրերը:
Բեթիի նամակներից.
«...Իմ սիրելի հայ տղա, իմ սիրելի աշակերտ, մի մոռացիր անգլերենը, որպեսզի ինձ երկար-երկար նամակներ գրես: Ինչ էլ գրես, ինչպես էլ գրես, ես քեզ կհասկանամ: Ու միշտ հիշիր, որ ես ամեն օր նայելու եմ փոստարկղը:
Անչափ սիրով եւ միշտ քո քույր Բեթի»:
Նամակագրությունը հավանաբար ընդհատվել է Արտավազդի մահով :
Տաղանդավոր երիտասարդը զոհվեց 1918-ին, 24 տարեկան հասակում, Վանի երկրորդ նահանջի ժամանակՙ վերջնապահ խմբի փոքրաթիվ կազմում: Թումանյանի որդու կորուստը ոչ միայն մեծ բանաստեղծի, այլեւ հայ մշակույթի մեծ կորուստներից էր: Նա բնության կողմից բացառիկ շնորհներով օժտված մի հմայիչ ու վառվռուն երիտասարդ էր: Գրում էր պիեսներ, բանաստեղծություններ, հրաշալի նկարում, հանդես գալիս արվեստաբանական լուրջ հոդվածներով: Արտավազդին համարձակորեն կարելի է դասել Մեծ եղեռնին զոհ գնացած մեր մտավորականների թվին: Շանթահարված մահվան լուրիցՙ Գորոդեցկին իր «անմոռանալի բարեկամ, հայացքով ու հոգով գեղեցիկ» Արտավազդի մասին գրում է. « Ինչքան շատ ստեղծագործական ուժեր խորտակվեցին նրա մեջ, ափսոս նրա սիրտը, որ լեցուն էր թումանյանական ջերմ արյամբ: Արտավազդին ծաղկում էր սպասում: Ողջ պատանեկության չհավասարակշռվածը, ինչ կար նրա մեջ, անպայման պիտի վերածվեր գեղեցիկ ստեղծագործության: Ինչ տարավ նա իր հետ. էպիկական կտավներ, որոնց մեջ պիտի պատմեր, եթե նկարիչ դառնար իր ժողովրդի տառապանքները, ողբերգություններ, որոնք նա կգրեր, եթե կանգ առներ թատրոնի վրա եւ որոնց մեջ կարտացոլվեր նրա ժողովրդի ճակատագրի պատմական շրջադարձը: Մահն ընտրեց լավագույններին, ամենից հավատարիմներին, ամենից պետքականներին, իբրեւ իր վերջին զոհը, եւ միայն նրանց լուսավոր ստվերները կսավառնեն Հայաստանի վրաՙ նրա վերածնության օրերին »:
Հովհ. Թումանյանի թանգարանի գիտաշխատող
Նկար 1. Հովհաննես Թումանյանի Արտավազդ եւ Համլիկ որդիները եւ եղբայրըՙ Արտաշեսը:
Նկար 2. Արտավազդ Թումանյան