ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#9, 2010-06-26 | #10, 2010-07-10 | #11, 2010-07-24


ՆՈՐ ՀԱՅԱՑՔ ԿԱՐՍԻ ՄԵՐ ԸՆԿԱԼՄԱՆԸ

ՎԱՐԴԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում հուլիսի 2-ին տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի անդամ, իրավագիտության դոկտոր Ալեքսանդր Տոնկոնոժենկոյի «Կարս» ռուսերեն գրքի շնորհանդեսը:

Բարձր գնահատվեցին այս գրքի գեղարվեստական արժանիքները եւ հայ-ռուսական բարեկամության բերած նպաստը, իսկ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը խոստացավ իրականացնել գրքի անգլերեն թարգմանությունը:


Կարսը մեր գիտակցության մեջ անխզելիորեն կապված է Առաքելոց եկեղեցու եւ «Երկիր Նաիրիի» ու լավագույն դեպքումՙ չարենցյան «Ի՞նչ է Նաիրին» հարցադրման հետ:

Բագրատունյաց տեղային մայրաքաղաքից մինչեւ «ուղեղի մորմոք» եղող այս ճանապարհի հարցադրումների մի յուրօրինակ պատասխան է Ալեքսանդր Տոնկոնոժենկոյի «Կարս» պատմական վեպը, որում այն ներկայացված է որպես գլխավոր հենակետը ռուսական կայսրության հարավ-արեւելյան ուղղությամբ առաջխաղացման: Շնորհիվ այս վեպի, այս «նոր» Կարսը մեզ հնարավորություն է տալիս մի նոր հայացքով նայելու մեր ավանդական Կարսին:

Այս գիրքը տպագրվել է Մոսկվայում, 2010թ. «Ռուսական գրող» («Российский писатель») հրատարակչության կողմից:

Կարսը հեղինակի համար թանկ եւ հարազատ է նաեւ այն պատճառով, որ այստեղ է ծնվել իր մայրըՙ Վասիլիսա Տիմոֆեեւնան, ում հիշատակին է նվիրված վեպը:

Այս գիրքը յուրահատուկ է նաեւ իր ձեւավորմամբ, որի գծանկարները դարձել են շարադրանքի մի մասը հենց հեղինակի մտահղացմամբ: Առաջին իսկ էջում պատկերված են հին ռուսական տառերով գրված մի պաստառ պահող երկու հրեշտակներ, եւ տառերը թափվում են այդ պաստառից:

Գծանկարին հաջորդող շարադրանքից պարզ է դառնում, որ վեպի հիմքում, որպես գլխավոր հոգեւոր բարոյական մի հասկացություն, ընկած է հիշողությունը եւ ըստ այդմ, վեպի խորհրդանշական գլխավոր գործող անձինք են հիշողության հրեշտակներըՙ բացելու այս կամ այն փակվածՙ մոռացված հասկացության ու պատմական դրվագի հիշողության էջերըՙ ճանապարհը, եւ ընթերցողին առաջնորդեն այդ էջերով: Այսպիսով, այդ հրեշտակները դառնում են վեպի բնագրի արտաբնագրային մասը եւ ընթերցողին առաջնորդում դեպ այս կամ այն դրվագը եւ իրադարձությունը:

Գրքում հեղինակը կարողացել է խորհրդանշական տարբեր պատկերները զուգակցել գրեթե փաստագրության հասնող պատմականության եւ վավերագրության հետ:

Վեպը սկվում է նման մի պատկերովՙ գլխավոր հերոսի տեսած երազով: Այն կանխում է եւ գործողությունների զարգացման հետագա ողջ ընթացքը: Այդ երազում հիշողության երկու հրեշտակները հանդիսավոր ընթերցմամբ երկնքից երկիր են իջեցնում Գյուլիստանի հաշտության 1813 թվականի պայմանագիրը, որը խորհրդանշում է ռուսական առաջխաղացումը դեպ Անդրկովկաս: Հրեշտակները սակայն, մեկեն անհայտանում են, իսկ պաստառը այրվելով դանդաղորեն իջնում է Կարսի վրա եւ նրա ոսկյա տառերը թափվելով ներքեւ, վերածվում են սովորական քարերի:

Վեպի գլխավոր հերոսըՙ Կարսի 1877թ. գրավմանը մասնակցած ռուսական բանակի հրետանավոր Անդրեյ Սավելեւը արթնանալով հասկանում է, որ տեղի է ունենում նշանակալից մի իրադարձությունՙ իր, իր ընտանիքի եւ ողջ ռուսական կայսրության համար: Այդ իրադարձությունը Կովկասյան ճակատի միանգամից սկսված կազմալուծումն էր, որը պայմանավորված էր ռուսական հեղափոխությամբ: Ռազմաճակատի կազմալուծումը ներկայացված է Սավելեւի տագնապահար մտածումների միջոցով: Նա չի կարողանում պատկերացնել, թե նման կարճ ժամանակամիջոցում հաղթական բանակը ինչպես կարող էր վերածվել հուսալքված եւ խուճապահար նահանջող մի բանակի: Գեղարվեստավավերագրական շարադրանքով է ներկայացված Էրզրումից մինչեւ Կարս ձգվող ճանապարհով ընթացող նահանջը եւ դրա հետ չհամակերպվող այն սպաների ապրումները, որոնց վերջին հույսը Կարսն էր, որպես կայսրության հարավային պատվար, թե այստեղ կկասեցվի իրենց բանակի ամոթալի նահանջը: Զորքը սակայն, Կարս շտապում էր ոչ թե ուժերը վերախմբավորելու եւ ճակատի նոր գիծ ստեղծելու, այլ Կարսի նշանավոր կայարանով Ալեքսանդրապոլից Թիֆլիս, ապա եւ Ռուսաստան հասնելու համար:

Զինվորներիՙ մեկեն անճանաչելիորեն այդպես փոխվելը վեպի հեղինակը գլխավոր հերոսի միջոցով բացատրում է այն հանգամանքով, որ բոլշեւիկյան հեղափոխությամբ բանակը դադարեց հավատի եւ պարտքի զգացումը կրելուց, որոնք ռուսական բանակին կապված էին պահում հայրենիքի պատվի ու պաշտպանության գաղափարին:

Կարսը այս վեպում դիտարկված է ռուսական բանակի սպայի տեսանկյունից, ում համար այն միայն բնակության վայր չէ, այլեւ կայսրության հենակետ, եւ նա այստեղ ապրում է այդ գիտակցությամբ: Ուստի, Սավելեւը որոշում է ընտանիքով քաղաքը թողնել այն ժամանակ, երբ հասկանում է, որ այն դադարում է Ռուսաստանի մաս լինելուց:

Այդ պահից սկսած, վեպում պատմությունը ոչ թե շարունակվում է ժամանակային ընթացքով, ներկայացնելով քաղաքի հանձնումը, այլ միանգամից ետ է գնում քառասուն տարովՙ մինչեւ 1877 թվականՙ Կարսի գրավման տարին, եւ ապա հաջորդող դրվագներում ժամանակը նորից գալիս է դեպ 1917 թվականը:

Այս քառասուն տարիներին է նվիրված վեպի զգալի մասը, որ ռազմական մի ժամանակագրություն է Ալեքսանդրապոլից մինչեւ Կարս, Սարիղամիշ ու Բայազետ ձգված ռուսական բանակի առաջխաղացմամբ, եւ ընթերցողի առջեւ կենդանի գույներով պատկերվում է 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմի Կովկասյան ճակատը, որով վեպի յուրաքանչյուր գլուխը մարտական մի գործողության օպերատիվ ամփոփագիր է ասես դառնում:

Գրքում մեծ տեղ է հատկացված հայ-ռուսական զինակցությանը: Վեպում խորհրդանշական ձեւով սերունդների կապը եւ հաջորդայնությունը ներկայացվում է ռուս-թուրքական իրար հաջորդած չորս պատերազմներում երկու ժողովուրդների տարբեր սերունդների համատեղ մասնակցությամբ: Վեպում ըստ արժանվույն է գնահատված գեներալներ Տեր-Ղուկասովի, Լազարեւի ու հատկապեսՙ Լորիս-Մելիքովի մասնակցությունը ռազմական գործողություններին:

Բավականին հուզիչ է ներկայացված, թե ինչ անկեղծությամբ են հայկական բնակավայրերում դիմավորել առաջ շարժվող ռուսական բանակին, իրենց ուրախությունն արտահայտելով հայկական բարեմաղթանքներով եւ օրհնություններով, որոնք մեջբերված են բառացիորեն եւ ռուսերեն տառադարձությամբ, իսկ տողատակերում տրված է նրանց ռուսերեն թարգմանությունը:

Նույն այս համատեքստում հեղինակը առանձնակի հոգեւոր խորհուրդ է հաղորդել Կարսի գրավումից մեկ տարի անց հայ եւ ռուս հոգեւորականության ու ազգաբնակչության մասնակցությամբ Կարսում կատարված Ջրօրհնյաց արարողությանը:

Վեպի հայկական շերտի տեսանկյունից հիշատակելի է հատկապես Հովհաննես Այվազովսկու Կարս գալու պատմությունը, Կարսի գրավմանը նվիրված մի կտավ ստեղծելու նպատակով, որը սակայն, չիրականացավ:

Այս վեպում, ուր առանցքային կարեւորություն է տրվում հիշողությանը, ներկայացված են Կարսի գրավման հիշողությունը կենդանի պահող 14 փորագրանկարներ, գծանկարներ եւ կտավներՙ կատարված 19-րդ դարի նկարիչների կողմից:

Այս գրքի յուրահատկություններից է եւ այն, որ վեպը հաճախ ընդմիջարկվում է պատմական տեղեկանքներով այս կամ այն իրադարձության եւ զինվորականների մասին, որով պատմությունը դառնում է փաստագրություն, ապա ռազմական վավերագրությունից դարձյալ վերածվում է գործողությունների վիպական ընթացքի:

Առանձնակի մեծ տեղ է հատկացված հրետանուն եւ վերջինիս խաղացած մեծ դերին ռուսական բանակի հաղթանակների գործում: Այս հանգամանքը գեղարվեստորեն արտահայտվել է նրանով, որ հրետանավոր է թե՛ վեպի գլխավոր հերոսը եւ թե՛ նրա որդին, ինչպես եւ վեպի հայ-ռուսական զինակցությունը խորհրդանշող հայ հերոսըՙ Անդրանիկը, որով վեպի հերոսները աշխարհին նայում են հրետանավորի հայացքով: Հայերիՙ ռուսական բանակին ուղղված առաջին բարեմաղթանքները եւս ներկայացված են հրետանու հետ կապված հուզիչ մի դրվագով, թե ինչպես Անդրանիկի հայրը 1877թ. Կարսի գրավումից առաջ գալիս եւ համբուրում է ռուսական բանակի հրանոթի փողը:

Այնուհետեւ ներկայացվում է Կարսի հաջորդող տասնամյակների պատմությունը, եւ ժամանակը առաջ գալով հասնում է 1914թ., երբ սկսված պատերազմից հետո Կարս է գալիս Նիկոլայ Երկրորդը: Թե՛ այս դրվագում եւ թե՛ ողջ վեպում կենդանիորեն պատկերված են ռուսական արքունիքի ու բանակի արարողակարգային հանդիսությունները, եւ այս հատվածները շարադրված են համապատասխան լեզվական ոճավորմամբ:

Ամեն ինչ սակայն, գլխիվայր է շուռ գալիս ռուսական հեղափոխությամբ, որով վիպական գործողությունները վերադառնում են ժամանակային այն կետին, որից սկսվել էին:

Ա. Տոնկոնոժենկոն գեղարվեստական մեծ վարպետությամբ է լուծում գլխավոր հերոսի համար անլուծելի դարձող հակադրությունըՙ չմնալ հակառակորդին հանձնվող Կարսում եւ միաժամանակ չթողնել իր եւ իր զինակիցների կողմից գրավված Կարսը: Այս հակասության մեջ նա նախ այցելում է Կարսի գրավման ժամանակ զոհված զինվորների հուշարձանը, մի վերջին անգամ խոնարհվելու իր մարտական ընկերների առջեւ եւ նրանցից ներողություն խնդրելու իր գործելիք ակամա հանցանքի համար:

Վեպում բավականին հանգամանալից է նկարագրված եւ մեկնաբանված մոնումենտալ այս համալիրը իր բազմաշերտությամբ: Ի դեպ, այդ համալիրը, որը թուրքերը ոչնչացրել են Կարսը գրավելուց հետո, այժմ նույնությամբ կառուցվում է Գյումրիում:

Այս հուշարձանի առիթով այն միտքն է հայտնվում, որ երկիրը այլեւս երբեք չեն թողնում այնտեղ թաղվածները: Այս միտքն էլ դառնում է գլխավոր հերոսի անլուծելի հակադրությանՙ Կարսը թողնելու թե չթողնելու հանգուցալուծումը: Իրեն պատած հոգեկան ծանր ապրումներից նա հանկարծամահ է լինում եւ Կարսի նահանջից մեկ օր առաջ թաղվում այնտեղ, որով այլեւս չի թողնում իր գրաված բերդաքաղաքը:

Գրքում նկարագրված իրադարձությունները եւ արծարծված հարցերը նաեւ զարմանալի ընդհանրություններ ունեն մեր այսօրվա հիմնախնդիրների եւ քաղաքականության հետ: Դժվար է ասելՙ դա գալիս է 20-րդ եւ 21-րդ դարասկզբերի միջեւ առկա ընդհանրությունների՞ց, թե՞ նաեւ հեղինակն է հատուկ անդրադարձել անցյալ դարասկզբի հենց այն հարցերին, որոնք արդիական են եւ այսօր: Այսպես, գրքում հստակ քննության է ենթարկված Թիֆլիս-Ալեքսանդրապոլ (Գյումրի)-Կարս երկաթգծի կարեւորությունը տարածաշրջանի համար, թե՛ Անդրկովկասի եւ թե՛ Թուրքիայի շահերի տեսանկյունից:

Այս վեպից երեւում է հեղինակի քաջատեղյակությունը ոչ միայն ռուսական տիրապետության շրջանի, այլեւ Հայաստանի Առաջին Հանրապետության տարիների Կարսի պատմությանը: Ռուս գրողի ընկալմամբ բավականին հետաքրքրական են ներկայացված մայիսյան ապստամբությունը, նույն բոլշեւիզմի քայքայիչ ազդեցությունը, երբ խանդավառ հայ բոլշեւիկները զինվորական ժողովներում ասում էին, թե պետք չէ կրակել առաջ շարժվող թուրքական զինվորների վրա, որովհետեւ այսօրվա Թուրքիան ուրիշ Թուրքիա է: Այնուհետեւ գեղարվեստական վարպետությամբ ներկայացվում է 1920թ. մայիսին հաջորդող հոկտեմբերը, երբ վերջին անգամ գրավելով Կարսը, թուրքերը առավել գազանաբար են սպանում այնտեղ վերադարձած հայ գաղթականներին: Այս ամենը գրված է պատմական վավերագրության վրա հիմնված գեղարվեստական շարադրանքով, որն առավել արժանահավատ եւ տպավորիչ ու ազդող է դարձնում ասելիքը:

Որքան ուսանելի է Կարսի վերջին այս ամիսների դիտարկումը օտար հեղինակի հայացքով, թե ինչպե՞ս էր հնարավոր դեմ հանդիման կանգնած անողոք թշնամու առջեւ սեփական ուժերը սպառել միջկուսակցական պայքարում եւ ինքնապաշտպանության գործը կազմակերպելու փոխարեն մտածել հնարավորինս ավելի հարստանալու եւ հայրենակիցներին առավել կեղեքելու մասին եւ վերջում ամեն ինչ թողած թշնամուն, անփառունակ փախչելու:

Նույն ձեւով են նկարագրված եւ 1918թ. դեպքերը Կարսի հանձնումից մինչեւ թուրքերի կողմից Ալեքսանդրապոլի գրավումը, եւ այդ վայրերում հայակական բնակչության կոտորածները: Գրքում հստակորեն շեշտվում է, որ Սարդարապատը ծնվեց թուրքական գազանություններից:

Անտեսված չէ եւ այն հանգամանքը, որ թուրքական առաջխաղացումը կանգնեցվեց Սուրբ Էջմիածնի եւ հեղինակի բնորոշմամբՙ հայ ժողովրդի պատմական բնօրրան Արարատյան դաշտում:

Այս վեպը, ինչպես ասացինք, կառուցված է խորհրդանշանակորեն ընդհանրացված մի քանի հասկացությունների հիման վրա: Դրանցից մեկն է Անդրանիկի եւ Անդրեյի ողբերգական ճակատագիրը, որի միջոցով նույն խորհրդանշական ձեւով ցույց է տրվում երկու ժողովուրդներիՙ բոլշեւիզմի զոհը դառնալը, Կարսից հետո մեկիՙ Կուբանից որպես հակահեղափոխական կազակ, եւ մյուսիՙ որպես Հայաստանի Առաջին Հանրապետության սպա Երեւանից աքսորվելը: Նրանց սերունդներին էր այնուհետեւ վիճակված կերտելու նոր Ռուսաստանի եւ Հայաստանի ապագան:

Գիրքն ինչպես որ սկսվել էր հիշողության հրեշտակներով, այնպես էլ ավարտվում է նրանց ուղղված հեղինակի թախանձագին խոսքով:

Վերջում կցանկանայինք ասել, որ լավ կլիներ այս գիրքը թարգմանվեր հայերեն, ոչ միայն զարմանալիորեն հայանպաստ լինելու պատճառով, այլեւ որովհետեւ մեր ավանդական ընկալումներին կավելացնի մասշտաբային մի նոր մտածողություն, մի նոր որակ կհաղորդի մարտական գործողությունների եւ հատկապեսՙ բերդաքաղաքների գրավման մեզնում իշխող շարադրանքներին եւ կօգնի երեւույթները դիտարկել ավելի լայն համատեքստում, որն այսօր այնքան անհրաժեշտ է հայկական մեր իրականությունում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4