ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#10, 2010-07-10 | #11, 2010-07-24 | #12, 2010-08-28


ՌՈՒԲԵՆ ՆԱՔՅԱՆ: «ՔԱՆԴԱԿՆ ԻՐ ՄԵՋ ՊԵՏՔ Է ՊՈԵԶԻԱ ՊԱՐՈՒՆԱԿԻ»

Այս տարվա հուլիսյան տոթակեզ օրերին Հայր Գարեգին Գալստյանի ուխտավորների խմբով Ամերիկայից Հայաստան էր ժամանել նաեւ ամերիկահայ մեծանուն քանդակագործ Ռուբեն Նաքյանի (1897-1986) որդինՙ Պոլը, որի հետ զրուցեցինք Երեւանի «Կոնգրես» հյուրանոցում իր հոր անցած կյանքի եւ ստեղծագործությունների ճակատագրի մասին: Հիշեցնենք, որ Ռուբեն Նաքյանին առաջին անգամ «Ազգը» ներկայացրել է իր ընթերցողներին 2006 թվականի հունիսի 24-ի համարի «Մշակույթ» հավելվածում:


Պոլ Նաքյան

Պոլը Ռուբենի երկու որդիներից ավագն է: Մասնագիտությամբՙ իրավաբան: Սիրում է դաշնամուր նվագել եւ լողալ: Ամուսնացած է իտալուհի Մարիա Կոզոլինոյի հետ եւ ունի երկու դուստրՙ Սառա եւ Էլիզաբեթ անուններով: Նաեւ մեկ որդեգրած վիետնամցի որդիՙ Քրիստոֆեր անունով: Պոլը Նաքյան կալվածքի գործադիր տնօրենն է եւ, անշուշտ, մտահոգված է իր հոր թողած հսկայական ժառանգության հետագա ճակատագրով: Առաջին անգամ լինելով Հայաստանումՙ չափազանց ոգեւորված է: Երեւանը համարում է Իտալիայի, Փարիզի եւ Հարավային Կալիֆոռնիայի «յուրահատուկ խառնուրդը»: ԱՄՆ վերադառնալուց 16 ժամ անց եւ ընդամենը 6 ժամ քնելուց հետո նա էլեկտրոնային նամակում գրել էր. «Հիանալի եմ զգում ինձ: Դա պետք է, որ հայկական համով ճաշերի եւ սիրալիր մթնոլորտի արդյունքը լինի»:

Ռուբեն Նաքյանՙ «Հնդկացին, կովբոյը եւ յուպիտերը»

Ամերիկյան բարքերը մեծ ազդեցություն են ունեցել Պոլի քանդակագործ հորՙ Ռուբենի վրա: 1979-ի հունվարի 11-ին Դետրոյթում (ԱՄՆ) «ՀԱՐՔ» հայկական մշակութային ժառանգության ձայնագրման ստուդիայում կայացած հարցազրույցի ժամանակ նա ասել է. «Ես կովբոյ եմ, հնդկացի եմ եւ յուպիտեր: Միաժամանակ վաղ շումերներից եմ սերում, որոնցից հայերն են առաջացել: Նրանք եգիպտացիներից էլ առաջ են ապրել եւ պրիմիտիվ քանդակագործության մեծագույն ներկայացուցիչներն են եղել»: Ռուբենը պաշտել է հունական դասական արվեստը եւ մեծապես ազդվել Միքելանջելոյի եւ Ռոդենի ստեղծագործություններից: Արվեստի ամերիկացի քննադատներից մեկը նրան համարել է «քանդակագործության մեջ դասականներից վերջինը»:

Մեկ ուրիշ արվեստաբանՙ Գրեյս Գլուեքը «Նյու Յորք թայմսի» 1986 թվի դեկտեմբերի 5-ի համարում նրա մահվան առթիվ գրել է. «20-րդ դարի ամերիկացի ամենահայտնի քանդակագործներից մեկը 89 տարեկանում սրտի տագնապից մահացավ երեկ, դեկտեմբերի 4-ին, Ստամֆորտ հիվանդանոցում (Կոնեկտիկուտ): Նա իրեն համարում էր հին միջերկրականյան ավանդույթի հետեւորդը: Նրա թեմատիկան հերոսականն էր, մեծ մասամբ հիմնված հին հունական եւ հռոմեական դիցաբանության, բայց մասնավորապես նաեւ աստվածների էրոտիկական սխրագործությունների վրա» : Իսկ Բըրտ Ֆոլկարտը «Լոս Անջելես թայմսում» նույն առիթով նրան կոչել է «Ամերիկյան քանդակագործության մեծ ծերուկը», որի աբստրակտ արտահայտչաձեւերը առնչվում էին դիցաբանական թեմաներին: Թուրքիայից Ամերիկա գաղթած Ջորջ եւ Մարի (ծնյալ Մալաքյան) Նաքյանների հինգերորդ զավակը, ով երիտասարդ տարիներին շատ նման է եղել ամերիկացի հնդկացու, Վիլեմ դը Քունինգի եւ Արշիլ Գորկու հետ համարվում է ամերիկյան աբստրակտ-էքսպրեսիոնիզմի շարժման գլխավոր դեմքերից մեկը:

Ծնվել էր 1897-ի օգոստոսի 10-ին Քոլեջ Փոյնթում (Լոնգ Այլնդ) եւ մեծացել Նյու Յորքում եւ մոտակա Նյու Ջերսիում: Տասներեք տարեկանից, ծնողների քաջալերությամբ, նկարչության եւ կավով քանդակելու դասերի է հետեւել, ապա կարճ ժամանակով (1912-15 թթ.) սովորել է նախ «Արվեստի ուսանողների լիգայում» (մեծապես օգտվել Սոլոն Բորգլումից) եւ ապա Նյու Յորքի այլ կրթօջախներում, ինչպիսին, օրինակ, դիզայնի «Բոզար» ինստիտուտը, որտեղ դասավանդում էր Ջո Դեյվիդսոնը: Բայց հիմնականում ինքնուս նկարիչ է համարվել [1]: Աշակերտել է նաեւ քանդակագործ Պոլ Մենշիփին եւ նրա օգնական Գաստոն Լաշեզին: Իր խոստովանությամբՙ մեծապես ազդվել է Պոլ Սեզանից, Կոնստանտին Բրանկուշից եւ Արշիլ Գորկուց:

Ծնողները շատ վաղ են ներգաղթել ԱՄՆ, մոտավորապես 1880-ին: Մորը Ամերիկա է բերել Նեբրասկա համալսարանի ապագա պրոֆեսորներից մեկը, ով Զմյուռնիայում մասնավոր դպրոց է ունեցել, որտեղ սովորել է նաեւ Ռուբենի մայրը: Լինկոլնի համալսարանից (Նեբրասկա) դասախոսելու հրավեր ստանալովՙ այդ ամերիկացին տեղափոխվել է ԱՄՆ, որպես տնային դաստիարակչուհի, իր հետ տանելով նաեւ Ռուբենի ապագա մորը, վերջինիս ծնողներից թույլտվություն ստանալուց հետո: Նեբրասկան այդ ժամանակ գլխավորապես հնդկացիներով բնակեցված քաղաք է եղել:

Հետաքրքրական է, որ Զմյուռնիայից ԱՄՆ մեկնող նավի վրա է եղել նաեւ Ռուբենի ապագա հայրըՙ բնիկ զեյթունցի, ով նախ Բոստոնում է հաստատվել եւ մի քանի տարի անց այնտեղ հանդիպելով ապագա կնոջը, ամուսնացել: Այնուհետեւ նրանք տեղափոխվել են այլ վայրերՙ Նյու Յորք, Փրովիդենս եւ Քոլեջ Փոյնթ, որտեղ ծնվել է Ռուբենը:

Անիմալիստականից մինչեւ մոնումենտալ քանդակներ

Ռուբենը շատ վաղ հասակից է հետաքրքրություն ցուցաբերել արվեստի նկատմամբ: «Արվեստի Մետրոպոլիտեն թանգարան» կատարած իր այցելությունների մասին նա ասել է. «Երբ 10-12 տարեկան էի, այնտեղ տեսա Ֆիդիասին, Միքելանջելոյին եւ Ռուբենսին եւ ինձ թվաց, թե նրանց վաղուց եմ ճանաչում»:

Մորՙ Պերգամոնյան մշակութային ժառանգությամբ եւ զեյթունցի հոր բնավորության գծերով օժտված տաղանդավոր երիտասարդը Նյու Յորքում որոշ ժամանակ աշխատել է Ֆիլիպ Մորիսի գովազդային գործակալությունում, ապա «Սենչըրի» ամսաթերթի գրասենյակում, որպես խմբագրի հանձնարարությունները կատարող բանվոր: Այստեղ նա ծանոթացել է գերմանական ավանգարդիստական արվեստի, ինչպես նաեւ Վատտոյի եւ Ֆրագոնարի ստեղծագործությունների հետ:

Նկարիչ դառնալու ցանկությունը մեծ է եղել եւ փորձել է աշխատանք գտնել որպես նկարչի օգնական, բայց ապարդյուն: «Նկարիչները շատ աղքատ են, որպեսզի օգնականներ ունենան: Փորձիր քանդակագործներին»ՙ խորհուրդ են տվել նրան եւ ուղարկել Պոլ Մենշիփի մոտ: Սկսել է աշխատել: Նրանից սովորել է լուրջ վերաբերվել դասական ձեւին ու ոճին, բայց առավել սերտ հարաբերություններ նա հաստատել է Մենշիփի մեկ ուրիշ օգնականիՙ ֆրանսիական կրթություն ստացած Գաստոն Լաշեզի հետ: Հետագայում Ռուբենը Մենշիփի մասին գրել է. «Ես հակված էի դեպի նորը: 20-րդ դարի ոգին, Պիկասոյի, Սեզանի եւ վան Գոգի ոգին սավառնում էր մեր գլխավերեւում, իսկ նա կառչած էր հին, դասական դպրոցին» :

Այս շրջանում է (1916-ին), որ նա կորցրել է հորն ու եղբորըՙ Ջորջին:

1917-21 թվերին Ռուբենը սկսել է նկարել եւ քանդակել կենդանիներՙ հիմնականում կովեր եւ ցուլեր: Լաշեզի հետ արվեստանոց է բացել Նյու Յորքի 6-րդ պողոտայում (սիքսթ ավենյու) [2]: Այցելելով վերոնշյալ արվեստանոցը «Ուիթնի ստուդիո-քլաբի» (հետագայում ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարան) կազմակերպիչներըՙ Գերտրուդ Ուիթնին եւ Ջուլիանա Ֆորսը, ինչպես նաեւ արվեստի գործերի քննադատ Ֆորբս Ուաթսոնը Նաքյանին են շնորհել որոշակի մի գումարՙ բացելու իր անձնական ստուդիան: Նաքյանը օգտագործել է հնարավորությունը եւ իր տնից մի քանի թաղամաս այն կողմ գտել հարմար մի տարածք: Ծանոթացել է քանդակագործ Ուիլյամ Զորախի հետ: Ավարտել է իր «Ցուլը եւ կովը» քանդակը 1924-ին, իսկ «Պատանեկությունը»ՙ 1925-ին եւ որպես սրահների դասավորման օգնական աշխատանքի անցել Ջոզեֆ Բրումեր պատկերասրահում: Հետագա տարիներին (1929-31) նա ընկերացել է հայազգի մեկ ուրիշ քանդակագործիՙ Ռաուլ Հեյգի հետ: Ավարտել է «Հորթերի» եւ «Փոկերի» շարքը, վերոնշյալ դրամական օգնության (որը դադարեցված էր) փոխարեն ստացել է Գուգենհայմի ընկերակցության օժանդակությունը, որը ծախսել է ճանապարհորդելով եվրոպական երկրներումՙ Ֆրանսիայում եւ Իտալիայում: Բայց ութ ամիս անց վերադարձել է. «Ես շատ էի ուզում վերադառնալ: Ձանձրացել էի հույներից եւ հռոմեացիներից: Ցանկանում էի ստեղծել ամերիկյան արվեստ», խոստովանել է նա հետագայում :

Վաղ երեսունականներին սկսել է դիմանկարներ գծագրել եւ դիմաքանդակներ պատրաստել: «Ամերիկան ինձ համար մեծ նշանակություն ուներ: Ստեղծեցի հռչակավոր բեյսբոլիստ Բեյբ Ռութի երկուսուկես մետրանոց քանդակը եւ ավելի ուշՙ Ռուզվելտի վարչակազմի անդամների դիմաքանդակները, որոնք ցուցադրվեցին Կորկորան պատկերասրահում» : [3]

1934-ին Նյու Յորքի «Արեւմտյան 56-րդ փողոցի» (West 56 th Street) նոր արվեստանոցը փոխադրվելովՙ աշխատել է ավարտին հասցնել «Նյու Դիլ» (նոր համաձայնություն) անվամբ հայտնի 30-ականների տնտեսական ճգնաժամը հաղթահարելուն միտված ծրագրի պատասխանատու քաղաքական գործիչների քանդակները: Այդ ժամանակ էլ հանդիպել է Ռոզ Սենթ Ջոնին, որի հետ ամուսնացել է 1934-ի դեկտեմբերին եւ տեղափոխվել Վաշինգտոն, պահպանելով իր արվեստանոցը Նյու Յորքում:

Այնուհետեւ բացի խմբակային մի քանի ցուցահանդեսների մասնակցելուց, նա հրաժարվել է ցուցադրվել մինչեւ 1949 թիվը: Պետք է վերագնահատեր իր անցած ուղին եւ ծրագրեր իր հետագա նպատակները: 1937-ին ծնվել է նորակազմ ընտանիքի առաջնեկըՙ Պոլը, իսկ 1940-ինՙ երկրորդ որդինՙ Ջորջը:

Այդ շրջանում է (1938-ից), որ անցում է կատարել դիցաբանական թեմաներին եւ կերպարներին: 1946-ին սկսել է դասավանդել «Գեղարվեստի եւ արդյունաբերական արվեստների Նյու Արքի ակադեմիայում» եւ ուսանողների հետ հինգ տարիների համագործակցությունը նոր լիցք ու կենդանություն է հաղորդել իր քանդակներին: Փորձել է թրծակավով աշխատել եւ մեծ չափսերի քանդակներ հորինել, որոնք հիշեցնում էին բրիտանական «Սթոունհենջ» կառույցները: Որդեգրած նոր մեթոդը բարոկկո ավանդական ոճի նոր մեկնաբանությունն էր: Այս շարքին են պատկանում «Կայսրի ննջասենյակը» (1954) եւ «Հեկաբեն Տրոյայի հրդեհված պարիսպների մոտ» քանդակները, որոնցից վերջինը մեկ տարի անց ոչնչացրել է [4]:

1952-54 թվերին դասավանդել է Բրուկլինի Պրատ ինստիտուտում: Ծանոթացել քանդակագործ Դեյվիդ Սմիթի հետ: Նրա քանդակները գնալով ավելի աբստրակտ արտահայտություններ են ստացել: Որոշ ժամանակ ոգեշնչվել է ճապոնական փորագրությամբ: «Երեք-չորս տարիների պայքարից հետո հանկարծ ստացվեց», հիշում է նա: 1955-58 թվերին նա ստեղծել է, Լարրի Մքկաբեյի օժանդակությամբ, երեք մեծ գործերՙ «Լուկրեցիայի բռնաբարումը» (1955-58)), «Ալբայի դքսուհին» (1955-60) եւ «Մարսը եւ Վեներան» (1959-60): 1961-ին Նյու Յորքի համալսարանի շենքի վրա տեղադրվել է նրա «Թեւածող թռչուններ» քանդակը: 1960-62-ին ավարտել է «Հեկաբեն», «Տրոյացի կանայք» եւ «Օլիմպիա» քանդակները: Այնուհետեւ «Պարիսի դատը» թրծակավե շարքի համարՙ «Միներվա», «Հունոնա» եւ «Վեներա» մոնումենտալ կոմպոզիցիաները, որոնց էլ հետեւել են «Մախա», «Վեներայի ծնունդը», «Հիրոսիմա» եւ «Լուսնի աստվածուհին» քանդակները: «Մախան» չի պահպանվել: Այս շրջանում ավարտել է նաեւ «Ոսկե ազդրերով աստվածուհին» քանդակի մոնումենտալ տարբերակը:

Չնայած որոշ առիթներով անդրադարձել էր բիբլիական թեմաներին (ինչպես օրինակ «Սալոմեն Հովհաննես Մկրտչի գլխով» ստեղծագործությունում)ՙ Նաքյանը 1970-ից սկսած առավել հետեւողական կերպով է ձեռնամուխ եղել աստվածաշնչյան ողբերգական դրվագների պատկերմանը: Նպատակ հետապնդելով բողոքի իր ձայնը բարձրացնել հասարակության մեջ տարածված կոռուպցիայի դեմՙ նրա առաջին մտահղացումը եղել է երեք հիմնական գործեր ստեղծելըՙ «Խաչից իջեցնելը», «Թաղումը» եւ «Հարություն առնելը», սակայն ոգեշնչված Պիտեր Պոլ Ռուբենսի «Խաչից իջեցնելը» կտավով («Անտվերպենի Մայր տաճարում), նա երեք թեմաները միահյուսելովՙ ստեղծել է մոնումենտալՙ մոտ 4,5 մետր բարձրությամբ «Խաչից իջեցնել» բրոնզափառ գիպսե քանդակը , որը 1972-ից տեղադրված է Նյու Յորքի Սբ Վարդան եկեղեցու բակում:

Հաջորդող ութ տարիներին նա խորանալով աստվածաշնչյան թեմաների մեջՙ ստեղծել է «Սբ Պետրոսի ուրացումը» եւ «Սալոմեի պարը» քանդակները 1977-ին:

Մինչ այդ 1972-74 թվերին նա սկսել էր դասավանդել Նյու Յորքի Ստուդիա-վարժարանում, որտեղ հանդիպել էր լուսանկարիչ Դոն Ռոսին եւ քանդակագործ Բազիլ Ռաշոտեսին, ով հետագա 10 տարիներին դարձել է նրա օգնականը:

1972-ին ընտրվել է «Արվեստի եւ գրականության Ազգային ակադեմիայի» անդամ, իսկ 1973-ին Բրիջպորտի համալսարանը (Կոնեկտիկուտ) նրան է շնորհել պատվավոր դոկտորի կոչումը:

1976-ին սրտի տագնապ է ունեցել եւ որոշ ժամանակ դադարել է ստեղծագործելուց: Բայց վերականգնելով ուժերը, նա դարձյալ վերադարձել է նախկին դիցաբանական թեմաներին եւ 1977-79 թվերին ավարտին հասցրել «Լեդան եւ կարապը» քանդակների շարքը: Որոնումների մեջ լինելով անընդհատ, վաղ 80-ականներից նա ձեւի եւ կոմպոզիցիայի նոր համադրում է հայտնաբերել եւ դրանով ստեղծել «Վազող հավերժահարսը» (1980), «Հավերժահարսն ու այծը» (1981), «Աստվածների պարտեզը -I» եւ «Աստվածների պարտեզը-II», ինչպես նաեւ «Սատիրիկոն I եւ II» քանդակները:

«Զգում եմ, որ սա նոր հայտնագործություն է ինձ համար: Նոր համադրման միջոցով առավել պարզեցվում է դասական արվեստը: Ես դրանում բովանդակություն եմ դնում, բովանդակությունը հասցնելով աբստրակցիոնիզմի, բայց միաժամանակ պահպանելով կերտելու դասական ձեւը», նշել է նա այդ առթիվ:

Ութսունվեց տարեկանում նա դեռ անխոնջ ստեղծագործում էր. «Ես պետք է ամեն օր աշխատեմ: Եթե մի օր բաց թողնեմ աշխատանքս, խղճի խայթ կունենամ», ասել է նա: Այդ տարիներին ավարտել է «Ծովային ռապսոդիա» (1984), «Ոդիսեւս» (1984), «Կրետեի դելֆինները» (1984) եւ «Լուսնի լույս» (1985) քանդակները [5]: Վախճանվել է 1986-ի դեկտեմբերի 4-ին, պատգամելով, որ «քանդակագործությունը ուժեղ բովանդակություն, ասելիք պետք է ունենա, պետք է իր մեջ պոեզիա պարունակի»:

Մինչեւ իր կյանքի վերջին օրերը քանդակագործը շարունակել է իր արտասովոր բեղուն կարիերան, ստեղծելով գործեր, որոնց տեսողական բնույթը մոդեռնիստական (աբստրակտ-էքսպրեսիոնիստական) լինելով, այդուհանդերձ պահպանել են կլասիցիզմի բոլոր հիմնական հատկությունները: «Դրանք այնքան հագեցած են կյանքի եւ արվեստի հանդեպ նրա տածած սիրով եւ նվիրվածությամբ, որ իրենց ազդեցության տակ են պահում մեզ շփման առաջին իսկ վայրկյանից մինչեւ շատ երկար ժամանակ անց», նկատում է արվեստի քննադատ Հիլտոն Քրեյմըրը:

Նաքյանը, Գորկին, Հեյգը եւ Քելեկյանը

1930-ական թվականների սկզբներին Նաքյանը հանդիպել եւ սերտորեն բարեկամացել է նախ հայազգի մեկ ուրիշ քանդակագործիՙ Ռաուլ Հեյգի, ապա նկարիչ Արշիլ Գորկու եւ վերջապես արվեստի հին գործերի առք ու վաճառքով զբաղվող հայազգի Տիգրան Քելեկյանի հետ: Նրանց հետ թանգարաններ եւ հայկական ռեստորաններ հաճախելը ստեղծագործական լիցք եւ անձնական պաշտպանվածութուն են հաղորդել Ռուբենին: Նրանք միասին քննարկել են Սեզանի, Պիկասոյի, Էնգրի ստեղծագործությունները, ընդհանրապես խոսել սյուրռեալիզմի մասին: Այդ հանդիպումները նրանում սուր պայքար են առաջացրել նորամուծություններին հետեւելու եւ հնին, արմատներին կառչած մնալու միջեւ: Նա վճռել է ոսկե միջինը գտնել եւ որպես թեմատիկ նյութ ընտրել դասական դիցաբանությունը, որը նորովի է ներկայացրել: «Արվեստագետը պետք է ապրի այն վայրում, որտեղ ստեղծագործում է: Արվեստը «անապատում» է ստեղծվում: Եթե Եվրոպայում ապրեի, չէի կարող ստեղծագործել, որովհետեւ շրջապատի գլուխգործոցները ճնշելու էին ինձ վրա: Ամերիկան ազատ երկիր է եւ իդեալական վայր դասականը վերապրեցնելու», գրել է նա այդ ժամանակ:

Արշիլ Գորկու հետ ծանոթությունը նոր հեռանկարներ է բացել իր առաջ, զարգացման նոր փուլ ընձեռել: Դիմաքանդակների, դիմանկարների հարթությանը եկել է փոխարինելու կոպիտ եւ ավելի անձնական արտահայտությունը, որտեղ բնորդի հետ միաժամանակ առկա են նաեւ քանդակագործի զգացմունքները:

Այս շրջանի նրա լավագույն գործը Մարսել Դյուշանի դիմաքանդակն է (բրոնզ, 1943 թ.), որտեղ հստակ ընդգծված է մարդկային զգացմունքների գործոնը: «Սոսկ վերացական կերպարանքը ձանձրալի է դարձնում գործը: Դա լավագույն դեպքում կարող է որպես դեկոր ծառայել: Ստեղծագործությունը պետք է զգացմունք արտահայտի», ասել է Նաքյանը մի առիթով:

Խոսելով Գորկու մասին, Նաքյանը նշել է. «Նա շատ ավելի լավ էր իմանում, թե ինչ է կատարվում Եվրոպայում: Զափազանց խելացի էր եւ գիտեր արվեստի մասին պատշաճորեն խոսել: Նա ամենաառաջադեմ նկարիչն էր, որ երբեւէ ունեցել ենք Ամերիկայում: Նաեւ ամենազգայունը: Նա փայլուն հոգեբան էր: Հաճախ էինք ավտոմատից օգտվում Դոնաթս ուտելու եւ մի բաժակ շոկոլադ խմելու: Աղքատ էինք եւ սովորաբար գնում էինք 27-րդ փողոցի ծայրին գտնվող համեստ մի ռեստորան, որտեղ ապուրից մինչեւ դեսերտն արժեր ընդամենը 40 ցենտ»:

Գորկու միջոցով Նաքյանը ծանոթացել է նաեւ նկարիչներ Վիլեմ դը Քունինգի, Ֆրեդերիկ Հոքի, Ստյուարտ Դեյվիսի եւ Լյուդվիգ Սանդերի հետ: Նրանց ազդեցությամբ նա որոշ ժամանակ նկարչությամբ է զբաղվել. փորձելով միահյուսել դրանցում նոր էքսպրեսիոնիստական մոտեցումները անցյալ ժամանակների հերոսական թեմաներին եւ հանգել է «էմոցիոնալ», զգացմունքային էքսպրեսիոնիզմին, որն ազատորեն օգտագործել է իր քանդակներում:

Ցուցահանդեսներ եւ մրցանակներ

Սկսած վաղ 1920-ականներից Նաքյանի ստեղծագործությունները բազմաթիվ անգամներ են ներկայացվել ցուցահանդեսներում: Առաջին անհատականը տեղի է ունեցել 1926-ին Նյու Յորքի «Ուիթնի Ստուդիո-Քլաբում», որին հետեւել են ուրիշներ «Դաունթաուն» եւ «Գրանդ Սենտրալ» պատկերասրահներում: Ցուցադրվել է նաեւ Չիկագոյի «Արվեստի ինստիտուտում» եւ Նյու Յորքի «Արդի արվեստի» եւ «Ուիթնի» թանգարաններում: Քանդակագործության ասպարեզում Միացյալ Նահանգներն է ներկայացրել 1961 թվին Սան Պաուլոյի (Բրազիլիա) 6-րդ բիենալեում , իսկ 1968-ինՙ Վենետիկի 34-րդ բիենալեում:

Հաճախակի ցուցադրվել է Նյու Յորքի «Էգան» եւ «Կուրոս» պատկերասրահներում: Ցուցահանդեսներ կազմակերպվել են նաեւ Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա), Վաշինգտոնում, Ստամֆորդում եւ Գրինիչում (Կոնեկտիկուտ), ինչպես նաեւ Ֆիլադելֆիայում (Փենսիլվանիա), Չիկագոյում (Իլինոյս), Հյուստոնում (Տեխաս), Միլուոքիում (Ուիսկոնսին), իսկ Մ. Նահանգներից դուրսՙ Փարիզում, Լիսաբոնում, Դրեզդենում եւ Շաումբերգում: Նրա այն ստեղծագործությունները, որոնք բծախնդրությունից դրդված ինքը չի ոչնչացրել, մշտական «բնակություն» են հաստատել Նյու Յորքի «Արվեստի Մետրոպոլիտեն», «Գուգենհայմ» «Արդի արվեստի» եւ «Ուիթնի» թանգարաններում, Վաշինգտոնի «Կորկորան», «Սիեթլ», «Հիրշհորն» եւ «Ազգային» (Սմիթսոնյան հաստատության) արվեստի թանգարաններում, ինչպես նաեւ Օհայոյի, Իլինոյսի, Միչիգանի, Ջորջիայի, Ուիսկոնսինի, Հյուսիսային Կարոլինայի, Մինեսոտայի, Նեբրասկայի, Ֆլորիդայի այլեւայլ մշակութային կենտրոններում եւ համալսարանների բակերում: Ամերիկյան արվեստի զարգացման բնագավառում ունեցած իր անգնահատելի վաստակի համար արժանացել է «Թիֆանի» հիմնադրամի, «Ուիթնի Ստուդիո-Քլաբի», «Գուգենհայմի», «Ֆորդ հաստատության» եւ մի շարք այլ կառույցների խորհրդի անդամ լինելու պատվին, Ռուզվելտի վարչակազմի կողմիցՙ «պաշտոնական դիմանկարիչ» պատվոգրին, Ֆիլադելֆիայի «Արվեստի քոլեջի» կողմիցՙ ոսկե մեդալի, Նեբրասկայի եւ Բրիջպորտի համալսարանների կողմիցՙ պատվավոր դոկտորի, ինչպես նաեւ «Գերազանցության» «արժանավոր վաստակի» եւ «Ստեղծագործական արվեստների» հուշամեդալների:

Գնահատանք եւ մտահոգություններ

«Ռուբեն Նաքյան: Հարյուրամյա հետահայաց» խորագրի ներքո 1998-ի հոկտեմբերի 10-ից 1999-ի հունվարի 10-ը ժամանակահատվածում Փենսիլվանիայի Ռեդինգ հանրային գրադարանում, իսկ այնուհետեւ նաեւ 1999-ի փետրվարի 6-ից մինչեւ 1999-ի ապրիլի 4-ը Վաշինգտոնի «Արվեստի Կորկորան պատկերասրահում» բացված ցուցահանդեսների կապակցությամբ տպագրված ալբոմ-մենագրության մեջ արվեստաբան դոկտ. Ռոբերտ Մեցգերը գրում է. «Ռուբեն Նաքյանի թողած մեծարժեք ժառանգությունը նրան նախանձելի բարձր տեղ է ապահովել ամերիկյան արվեստի պատմության մեջ: 20-րդ դարի ուրիշ ոչ մի քանդակագործ չի հասել արեւմտյան արվեստի խոշոր թեմաներին համարձակորեն անդրադառնալու նրա հերոսական ջանքերին, որոնք նպատակ են հետապնդել դեպի մարդկային գիտակցության առաջին պլանը մղելու դասական դիցաբանությունը: Նրա բնազդային, բայց նաեւ ստեղծագործ նորարարական մտքի արդյունքը հանդիսացող քանդակները ազնվացնող հատկություն ունեն իրենց ծայր աստիճան զգացական հագեցվածությամբ: Իր գործերին բնորոշ դինամիկ էսթետիկական եւ վավաշոտ նրբությունը Հին Հունաստանից մինչեւ մեր օրերը ձգվող քանդակագործության երկար պատմության մեջ բարձրագույն աստիճանին է հասնում: Նրա դիցաբանական կերպարները այնպիսի ժեստեր եւ դիմային շարժունություն են արտահայտում, որ դասվում են վերջին հարյուրամյակի քանդակագործական ուղենշային նվաճումների շարքին» :

***

Այդուհանդերձ, այս տարվա հուլիսյան տոթակեզ օրերին ուխտավորների խմբով Ամերիկայից Երեւան ժամանած մեծանուն քանդակագործի որդինՙ Պոլը, մտահոգված էր հոր թողած ժառանգության ճակատագրով: Բացի նրանից, որ իր ստեղծած գործերի գրեթե կեսը հայրը ինքն էր կենադանության օրոք քանդել, ոչնչացրելՙ առավել բարձր, գերազանց մակարդակի հասնելու մղումով, մնացյալների մի զգալի մասն էլ իրենք իրենց են քայքայվումՙ մնալով բաց օդում: Վերակաղապարելու, բրոնզապատելու ծախսերը չափազանց մեծ են: Հովանավորների կարիքը խիստ զգացվում է: Եվ անհապաղ: Կա նաեւ առավել ամբողջական գիրք-ալբոմ հրատարակելու խնդիրը: Համոզված ենք, սույն հրապարակումը որոշ առումով աղերսագիր կծառայի սփյուռքահայ մշակութային կազմակերպություններին եւ անհատ մեծահարուստներին, որպեսզի նրանք նեցուկ կանգնեն եւ հաջորդ սերունդներին հանձնեն հեռավոր Ամերիկայում օտարների իսկ խոստովանությամբ գնահատելի բարձունքի հասած արժանավոր հայիՙ Ռուբեն Նաքյանի ժառանգությունը:

Պատրաստեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ


Ծանոթագրություններ

1. Այս շրջանում է, որ աշխատել է որպես ամսաթերթերի շապիկները նկարազարդող ամերիկացի հայտնի նկարիչ Ուիլ Բրեդլիի մոտ:

2. Ճիշտ է, շատ բան է սովորել Լաշեզից: Բայց Լաշեզն ու Նաքյանը տարբեր ուղղություններով են գնացել: Լաշեզը հավատացած էր, որ քանդակագործը պետք է ընտրություն կատարի կա՛մ մարդկային, կա՛մ էլ կենդանական (անիմալիստական) կերպարներ քանդակելու միջեւ: Մինչդեռ Նաքյանը չէր վարանում փորձել երկուսն էլ: Միայն Լաշեզի մահվանից հետո (1935-ին) է, որ Նաքյանն իրեն ավելի ազատ է զգացել ստեղծագործելու: Բացի կենդանիներից նա քանդակել է նաեւ կանացի մերկ ֆիգուրաներ, եւ եթե Լաշեզի կանայք «անհասանելի պատվանդանների» վրա էին, ապա Նաքյանի կանայք «անառարկելիորեն երկրային էին եւ հասանելի», ինչպես Ռոբերտ Մեցգերն է բնութագրում վերջինիս ստեղծագործություններին նվիրված ալբոմում:

3. 1933-ի գարնանն է, որ բախտը ժպտացել է Նաքյանին: Նրան Վաշինգտոն են հրավիրել քանդակելու Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի «Նյու Դիլ» կաբինետի անդամների կիսանդրիները: Առաջինը նա կերտել է բանակի վետերան, գեներալ Հյու Ջոնսոնի կիսանդրին: Այնուհետեւ կաբինետի իրավական հարցերի գլխավոր օգնական Դոնալդ Ռիչբերգի, Ռուզվելտի անձնական խորհրդական եւ ճգնաժամից դուրս գալու շտապ միջոցառումների ֆեդերալ վարչության պետ Հարրի Հոպկինսի, պետքարտուղար Կորդել Հալի, գյուղատնտեսության նախարար Հենրի Ուալասի, ներքին գործերի նախարար Հարոլդ Իքսի դիմաքանդակները:

Նախագահ Ռուզվելտը, շատ զբաղված լինելու պատճառաբանությամբ, հրաժարվել է բնորդի դեր կատարել: Ըստ արվեստաբան Ռոբերտ Մեցգերի, Նաքյանը Ռուզվելտի դիմաքանդակը պատրաստել է նրա լուսանկարից եւ հետաքրքրականն այն է, որ դրանից յոթ տարի անց Նաքյանի «ծերունի դասատուինՙ Ջո Դեյվիդսոնին հաջողվել է նախագահին որպես անմիջական բնորդի քանդակել, սակայն եթե Նաքյանի Ռուզվելտը ուժեղ, ինքնավստահ եւ պատկառազդու անձնավորություն է, Դեյվիդսոնի Ռուզվելտը մտածկոտ է, աչքերը ներքեւ հառած, գրեթե կիսաքնած եւ ամենակարեւորըՙ նրանում պակասում է ներքին բնավորության արտացոլումը: Նաքյանի նախագահը տեսլական ունեցող առաջնորդ է, ով քաղաքական կամք դրսեւորելով կարող է երկիրը դուրս բերել ճգնաժամից»: Նույն հաջողությամբ Նաքյանը կերտել է նաեւ Դյուշանի դիմաքանդակը, որը դարձյալ գերազանցում է արվեստի վարպետի անթիվ-անհամար լուսանկարները, որոնցում պակասում է բնավորության արտացոլումը: Նա հստակորեն մեզ ցույց է տալիս ժամանակի ազդեցությունն իր վրա կրած, հյուծված ու կնճռոտված մի դեմքՙ զուրկ հարթություններից:

4. «Կայսրի ննջասենյակը» կարելի է համարել նրա ամենասյուրռեալիստական քանդակը: Անատոմիական անդամահատված մասերի զուգակցումը այլաբանորեն խորհրդանշում է Նապոլեոնին եւ Ժոզեֆինին: Միաժամանակ դրա մի որոշակի հատվածը հիշեցնում է ֆրանսիացի Ժակ Լուի Դավիդի հռչակավոր «Բոնապարտը Սեն Բեռնար լեռն անցնելիս» կտավը, որ Նաքյանը շատ է հավանել:

5. Նրա վերջին շրջանի գործերը կարող ենք անվանել «կենսուրախ կյանքի պատկերումներ»: Դրանք արտացոլում են նրա բնավորության առավել թեթեւ, կատակային եւ մտերմիկ գծերը: Այստեղ են միաժամանակ ե՛ւ մահկանացուները, ե՛ւ անմահ աստվածները, այծերն ու դելֆիններըՙ հոգսերից ազատ էրոտիզմով համակված:


Նկար 2. Տրոյացի կինը (1962)

Նկար 3. «Խաչից իջեցնելը» (բրոնզ, 1972), Նյու Յորքի Սբ Վարդան հայկական եկեղեցու բակում

Նկար 4. Ֆրանկլին Ռուզվելտ, 1934 թ.

Նկար 5. «Բեյբ Ռութ» (1934)

Նկար 6. «Ոսկյա ազդրերով աստվածուհին» (բրոնզ, 1964-65), Դետրոյթի արվեստի ինստիտուտի հավաքածուում

Նկար 7. «Սբ Պետրոսի ուրացումը», (բրոնզ, 1977-78), Տրոյայի (Մասաչուսեթս) Բելյան արվեստի կենտրոնում

Նկար 8. «Հեկաբե» (բրոնզ, 1960-62), Ցինցինատիի (Օհայո) ժամանակակից արվեստի կենտրոնում

Նկար 9. «Վեներա» (բրոնզ, 1984)

Նկար 10. «Աստվածների պարտեզը III» (բրոնզ, 1982)

Նկար 11. «Կայսրի ննջասենյակը» (բրոնզ, 1954)


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4