ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#10, 2010-07-10 | #11, 2010-07-24 | #12, 2010-08-28


ՀՈՆՈԼՈՒԼՈՒՈՒՄ ԱՆՀԵՏԱՑԵԼ ԵՆ ԱՐՄԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ՆԿԱՐՆԵՐԸ

«Ազգ»--ն իր 2009 թվականի հոկտեմբերի 24-ի համարի «Մշակույթ» հավելվածում երկու էջի ծավալով մանրամասն ներկայացրել էր 79 տարի առաջ Մ. Նահանգների Հավայի նահանգում ինքնասպան եղած, տեղի բնիկ ժողովրդի կողմից սիրված ու հարգված հայազգի նկարիչ Արման Մանուկյանին, որին կոչում էին «Հավայան կղզիների Գոգենը»:

Այժմ ինտերնետային «huffingtonpost.com» կայքից քաղելովՙ «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթերթի այս տարվա հուլիսի 24-ի համարը ընթերցողներին է ներկայացրել վերոնշյալ վերնագրով Հարավային Կալիֆոռնիայի Սան Ջեյսինտո քոլեջի արվեստի պատմության պրոֆեսոր Ջոն Սիդի հոդվածը, որտեղ խոսվում է Հոնոլուլուի (Հավայի նահանգ) Հանա-Մաուի պատմական հյուրանոցից այս տարվա սկզբներին անհետացած Արման-Թադեւոս Մանուկյանի (1904-1931) հազվագյուտ նկարների մասին: Ստորեւՙ թարգմանաբար այդ հոդվածըՙ մասնակի կրճատումներով: Նշենք, որ Ջոն Սիդը 2002-ին արժանացել է «Պրոֆեսիոնալ լրագրողների ընկերության» մրցանակին եւ սովորաբար թղթակցում է «Հարվարդ Մագազին» պարբերականին:

Կտավները, որոնք ներկայացնում էին հավայացիների նախնիներին եւ անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկի (1728-1779) ժամանումը, առաջին անգամ արվեստագետից գնել էր «Հանա Ռենչ» ագարակատիրոջ Պոլ Ֆեյգան ավագի կինըՙ Հելեն Ֆեյգանը: Դրանցից մի քանիսը սկզբնական շրջանում ցուցադրվել էր Հոնոլուլուի Բեթել փողոցի վրա գտնվող Գրին Միլ Գրիլ ճաշարան-խորովածանոցում, որտեղ Հելենը տեսել էր դրանք 1928 թվականի օրերից մի օր, երբ դուրս գալով դիմացում գտնվող Հավայի թատրոնից, մտել էր ճաշարանը: Կալակաուա պողոտայի վրա (Ուայկիկիում) գտնվող «Գամբ» պատկերասրահի տնօրեն Ալիս Բոուեն Սպոլդինգը, ով Հելեն Ֆեյգանի զարմուհին էր, 1929-ին կազմակերպել էր հայազգի երիտասարդ արվեստագետի առաջին եւ միակ անհատական ցուցահանդեսը:

Համարվելով հանդգնորեն արդիականՙ դրանք հետագայում ցուցադրվել են պոլինեզիական ոճով կահավորված Ֆեյգանների բնակարանում «Պու-ու-օ-Հոկու Ռենչում»ՙ Մոլոկաիյում, իսկ 1947-իցՙ Հանա-Մաուի հյուրանոցում, որը նրանք գնել էին զբոսաշրջիկներին «գրավելու» նպատակով: Երկար տարիներ կտավներից երեք խոշորագույնները կախված են եղել հյուրանոցի ճաշասենյակում, որտեղ շատ հաճախ իրենց մեղրամիսն անցկացնող զույգեր են ճաշել: Երբ 1968 թվին Ֆեյգանները վաճառել են հյուրանոցը եւ շրջապատող տարածքը, կտավները ներառված են եղել վաճառման գործարքում:

Առաջին անգամը չէ, որ արվեստի արժեքավոր հավաքածուներ անհետանում են այս հյուրանոցի պատմության ընթացքում: 1984 թվին, երբ «Ոոուզվուդ Հոթելզ Գրուպ» ընկերությունը գնում է հյուրանոցը, ցուցադրությունից հանվում են «Պանիոլո» բարում ներկայացված 225 կտորից բաղկացած Պոլ Ա. Ֆեյգան ավագի պատմական հրացանների հավաքածուն: Ասում են, որ այդ հավաքածուն այժմ ցուցադրվում է միլիարդատեր Նելսոն Բանկեր Հանտի դալլասյան գրասենյակներում:

Չգնահատելով կտավների իսկական արժեքըՙ նոր սեփականատերերը անուշադրության են մատնել դրանք: 1980-ականներին կտավներից մեկը դեռեւս կախված էր հյուրանոցի ծառայողների ճաշասենյակումՙ չորացած բրնձի հատիկներով եւ թանձրացած սոուսով ծածկված կաթսաների սեղանի վերեւում: Երբ 2001-ին հյուրանոցը դառնում է Սան Ֆրանցիսկոյում գործող «Պասպորտ Ռիզորտս» ընկերության սեփականությունը, Մանուկյանի կտավներըՙ մաքրված, վերականգնված վիճակում, օգտագործում է ճարտարապետ-դիզայներ Հանտոն Կոնրադը, որպես ներշնչանքի աղբյուրՙ ամբողջովին վերափոխելու հյուրանոցի ներքին հարդարանքը:

Տնտեսական ճգնաժամի վերջին տարիներին հյուրանոցը եւս երկու անգամ ձեռքից ձեռք է անցնում: 2008-ին «Պասպորտ Ռիզորտս» ՍՊ ընկերությունը այն վաճառում է «Օհանա Հոթել կոմպանի» ընկերությանը, որը Վերմոնտում տեղակայված «Արդեն Գրոուվ Հոսպիտալիտի» ընկերության մասնաճյուղն է: Իսկ այս տարվա ապրիլին «Օհանան» վերավաճառում է հյուրանոցը Դենվերում գործող «Ամստար Գրուպ» ՍՊԸ-ին: Որոշ աղբյուրներ հավաստիացնում են, որ նախքան այս վերջին վաճառքը, Մանուկյանի կտավները հանվել են իրենց տեղերից «Օհանայի» գործընկեր Ռոյ Գոբլի հրամանով:

Երբ արվեստի գործերի պահպանությամբ մտահոգ մի անձնավորություն տեղեկացրել է այդ մասին Հոնոլուլուի Արվեստի ակադեմիային, հոգաբարձուների ոչ պաշտոնական մի խումբ փորձել է գնել բոլոր յոթ կտավներըՙ նպատակ ունենալով դրանք պահել Հավայան կղզիներում, բայց նրանց ջանքերը չեն հաջողվել:

Նկարների դուրսբերմանը ականատես մի անձնավորություն պնդում է, որ կտավներից երեքը տեղն ու տեղը վաճառվել են, բայց հայտնի չէ թե ո՞ւմ եւ ո՞ր երեք կտավների մասին է խոսքը:

Ֆեզանտոնում (Կալիֆոռնիա) տեղակայված «Գոբլ պրոպըրտիզ» ընկերության նախագահ Գոբլը կտավների դուրսբերման եւ վաճառքի վերաբերյալ մեր հեռախոսային հարցերին չցանկացավ պատասխանել: Սակայն մեզ հայտնի է դարձել, որ անցյալ տարվա հունվարին «Ուելս ֆարգոյում» աշխատող մի բանկիր կտավներից առնվազն երկուսը ցույց է տվել «դիլերներին»ՙ փորձելով մոտավոր հաշվարկներով իմանալ դրանց շուկայական արժեքը Եվրոպայում, որտեղ նման արվեստի գործերի իրացումը բավականին տարածված երեւույթ է: Գոբլը հույս ունի, ըստ երեւույթին, այնտեղ գրպանել մի կլորիկ գումար:

Ծննդով հայ այս կրակոտ արվեստագետիՙ Մանուկյանի 7 կտավների անհետացումը նշանակալի մշակութային կորուստ է Հավայի համար, որտեղ ժողովուրդը պաշտում էր նրա կտավներըՙ սրբապատկերներին համահավասար: Նա հայերի դեմ իրագործված ցեղասպանությունից մազապուրծ, Հավայան կղզիներ էր ժամանել որպես Ծովային կորպուսի հետեւակ: Իր տեղացի ընկերներից մեկի հաղորդմամբ, եկել էր ստեղծելու «գույների սիմֆոնիա»: Դժբախտաբար, նա ինքնասպանություն գործեց 1931-ին:

Ըստ մեր տվյալների, 2005-ին Հոնոլուլուի Մանուկյան հավաքածուից մի մեծ կտավ հինգ հարյուր հազար դոլարով վաճառվել է մի անհատ ձեռներեցի, նոր հետաքրքրություն առաջացնելով արվեստի գործերի վաճառքով զբաղվողների շրջանում: Ենթադրվում է, որ նույնիսկ մեր օրերի տնտեսական ճգնաժամի պայմաններում Մանուկյանի կտավները կպահպանեն իրենց վեցանիշ գինը:

Հանա հյուրանոցի 7 կտավները մշտական հանրային ցուցադրության դրված վերջիններն էին: Հոնոլուլուի Արվեստի ակադեմիայում Մանուկյանից մեկ կտավ պահպանվում է, բայց ներկայիս չի ցուցադրվում: Տեղացի մի հավաքորդ խոստացել է մոտ ապագայում առնվազն երկու կտավ ցուցադրության համար փոխ տալ: Ուայպահու թատրոնի համար արվեստագետի կատարած որմնանկարները 1960-ականներին թատրոնի վերանորոգման օրերին դժբախտաբար քայքայվել են:

Հիշեցնենք, որ 2009-ի ապրիլին Հավայի նահանգը պաշտոնապես ապրիլի 24-ը հայտարարեց «Հիշատակի օր ի ճանաչումն 1915 թվի հայերի ցեղասպանության, որի վերապրողներից մեկն էր տաղանդավոր նկարիչ Արման-Թադեւոս Մանուկյանը»: «Ազգի» կողմից ավելացնենք, այդ ճանաչման գործում հետմահու մեծ դեր է կատարել հայազգի նկարիչը, ավելի շուտՙ նրա նկատմամբ տեղացի ժողովրդի տածած սերը: Ավելացնենք նաեւ, որ Հավայի նահանգում հայկական ձեւավորված համայնք չկա:

Պատրաստեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ


Նկար 1. Արման Մանուկյան. «Աղջիկն ու տղան»

Նկար 2. Արման Մանուկյան. «Անվերնագիր»


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4