ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆ, Մաշտոցյան Մատենադարանի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր
Այս հարցն այլ բովանդակությամբ եւ տարողությամբ է հնչում Մատենադարանում, ուր ժողովված են տասնյակ հազարավոր ձեռագիր մատյաններ, հարյուր հազարավոր վավերագրեր, որոնք ներկայացնում են հայոց լեզվի ոչ միայն պատմությունը, այլեւ նախապատմությունը:
Հայերենը մեր գոյության նախահիմքն է, մեր նախահայրենիքը, որ առասպելական ճանապարհ է անցել: Հայերենը հայ մարդու հոգեկերտվածքի ձեւավորողն է անդրջրհեղեղյան ժամանակներից առ այսօր: Հոգեւոր նախասկիզբ լինելուց բացի` նաեւ լինելության ընթացք է մեզ համար:
Հայերենը ոգեղեն ճանապարհ է անցել` առաջին տոհմիկ բառարմատներից մինչեւ ոսկեղենիկ գրաբարը, մինչեւ իր իմաստասիրական խորքերը, մինչեւ իր ցոլացումները եւ բյուրեղացումները մեր գանձերում ու տաղերում, մինչեւ XX դ. բանաստեղծական թռիչքները: Այն կենդանի է պահել մեր վաղնջական ասքերը, մեր թափառող երազները, որ մեր ուղեկիցն են եղել մեծ գաղթերի ճանապարհներին, քանի որ մենք կրել եւ տարածել ենք նրա ոգեղեն կրակը: Բայց հայերենը առաջին հերթին մեր մեծ ժողովումի, հավաքականության, լինելության զորեղ բնազդի արդյունք է, մեր հավիտենության գրավականը: Այդ են վկայում մեր հրեշտակակերպ տառերը, մեր բռնկվող ու ճյուղավորվող բառարմատները, որ պարածածկել են երկիրը` կապելով մեզ մեր նախահայրենիքի հետ...
Մատենադարան մտնող, ձեռագրերի հետ շփվող մարդը հայերենը զգում է իբրեւ կենդանի գոյություն, տոհմիկ կենսագրություն, ցեղից ցեղ, տոհմից տոհմ շարունակվող ոգեկանչ, քանի որ ձեռագրերն անմեռ վկայողներ են եւ բարբառում են նրանց հետ հպվելիս, բարբառում են տոհմիկ հայերենով:
Հայերենը` անսահման է եւ համասփյուռ` իր տարածական եւ խորքային իմաստներով:
Հայերենը հզոր, ներքուստ պայծառացող ու ապրեցնող մեր մշակույթն է, որ պահպանել է, առաջ է տարել մեզ մեր չարչարանաց ճանապարհներով: Այն փրկագործական, արարչական խորհուրդ ունի:
***
Հայերենը մեր պետականության, մեր անկախության հենասյունն է, առհավատչյան:
Եվ թե ինչքանով է կայացած մեր պետականությունը, որոշվում է մեր սրբություն սրբոցի` մայրենի լեզվի նկատմամբ մեր վերաբերմունքով: Անհոգի, անտարբեր վերաբերմունքը նրա նկատմամբ անդառնալի ավերածություններ է գործում հոգեւոր տիրույթում` հասարակությանը վերածելով հոգեզրկված զանգվածի:
Նման ախտանիշեր նկատելու դեպքում մենք պետք է ահազանգենք, որ այն չվերածվի հոգեւոր համաղետի, որ չծնվեն հոգեւոր շավղից դուրս սայթաքած սերունդներ:
Հայերենը ապրում է եւ ապրեցնում, այդ է վկայում մարդկային հիշողության բացառիկ շտեմարանըՙ Մատենադարանը:
«Այս գիրքը մի աշխարհ արժե»-հիշատակում է միջնադարյան գրիչը X դարի Ավետարանում, որ նույնությամբ պատճենահանված է Մաշտոցի նախագաղափար օրինակից, իսկ այդ նախագաղափար օրինակը պատկանում էր Անանիա Նարեկացուն` Նարեկյան դպրոցի հիմնադրին եւ Գրիգոր Նարեկացու ուսուցչին, որոնք իրենց հանճարեղ քերթվածքներով մեծապես առաջ մղեցին հայ մշակույթը:
Այո, մեր բարբառող մատյաններից յուրաքանչուրը մի տաճար է, մի փոքր աշխարհ: Այդ դեպքում ի՞նչ է հայերենը, հայոց լեզուն, ուր թափառում են այդպիսի բյուրավոր աշխարհներ ու համաստեղություններ:
Հայերենը աստվածություն է` մարդեղացած աստվածություն, մշտահոլով տիեզերք, կենդանի գոյություն, հրեղեն բարբառ: Դա շատ լավ են հասկացել մեր մեծերը, որ ժողովումի ու ինքնարարման պատգամներ են հղել մեզ:
Ժողովումի այդ բնազդը մեր մեջ բնավ չի մեռել: Այդ է վկայում Մատենադարանը` կառուցված 50 տարի առաջ: Այդ է վկայում նաեւ նոր Մատենադարանը` կառուցված 50 տարի անց, որ իր ներքին տարածքներով բազմապատիկ գերազանցում է ներկա շենքին: Սրանք դարակազմիկ հոգեւոր կառույցներ են, որոնք անսահմանորեն մեծացնում են մեր ձգողական դաշտը` հայրենիքում եւ սփյուռքում, որոնք իրենցից մի հոգեւոր մարմին են ներկայացնում եւ սնվում են նույն սնուցիչ երակներից:
Մատենադարանը մեր ինքնարարիչ լեզվի, մեր հավաքական հիշողության շտեմարանն է, որ հսկում է սերունդների երթը:
***
Վերջին տագնապահարույց իրադարձությունները լայն արձագանք գտան, ստիպեցին սթափվել, վերաիմաստավորել հայոց լեզվի դերն ու նշանակությունը մեր ազգային կյանքում:
Իմ տագնապները մեր լեզվի եւ նրա նկատմամբ պետական հոգածության, հասարակական վերաբերմունքի մասին ավելի խորն են: Կարելի է ասել, դրանք գալիս են տասնամյակների խորքից: Դրանք կապված են մեր մշակութային դաշտում տեղի ունեցող տեղատվությունների, հին արժեհամակարգի փլուզման եւ նորի չկայացածության հետ, որի հետեւանքով հաճախ հասարակական կենսոլորտը, բարոյահոգեբանական դաշտը հայտնվում է հոգեւոր ամայության մեջ: Եվ այդ ամենն իր անդրադարձն է ունենում լեզվի տիրույթում:
Իսկ հասարակության հայելին նրա մշակույթն էՙ լայն առումով, իսկ մշակույթի գերագույն խտացումըՙ լեզուն:
Հոգեւոր ճգնաժամեր եղել են, կան եւ կլինեն նաեւ այլ հասարակություններում, բայց փոքր ազգերի համար դա կարող է կործանարար լինել, քանի որ ծնում է հոգեւոր ամլություն եւ ազգային նիհիլիզմՙ բոլոր ժամանակների ամենավտանգավոր ախտը մեր ժողովրդի համար:
Անգամ ազգային զարթոնքի, հոգեւոր սխրանքի, համազգային հաղթանակների եւ հերոսացման տարիներին այն հետապնդել է մեզՙ իբրեւ հոգեւոր դեղնախտով տառապող հասարակական որոշ խավերի, անգամ մտավորականների մի շերտի մտայնություն:
Այդ ընթացքում առաջ նայելու, հոգեւոր հեռանկար տեսնելու եւ բացելու բնական մղումը փոխարինվում է ժխտման կրքով, որ միայն մաղձ է ծնում եւ ստվեր գցում մեր պատմական հեռանկարի վրա:
Ի՞նչ լեզվով ենք մենք խոսել բոլոր այս տարիներին: Փորձենք հայելի պահել հասարակության առջեւ: Այդ լեզուն ավելի նման է դատարկաբանության, զրախոսության, հայհոյախոսության, քան հայերենի: Այն իմաստազրկվել է, չի կատարում իր տարրական գործառույթները:
Ասես հայտնվել ենք մթագնած բանականության տիրույթում, ուր դարձյալ ծաղկում է այլալեզու քաղքենիությունը, որ միայն կապկելու սովորություն ունի. ասես հայտնվել ենք մի իսկական սնափառության տոնավաճառում:
Մենք խոսում ենք խոսքի ազատության մասին, մինչդեռ խոսքը հայտնվել է հասարակության պատանդի դերում: Իսկապես, ի՞նչ վիճակում է հիմա մեր լեզուն, մեր խոսքը: Իմ կարծիքով, այն ազատազրկված է, խլված, ոտնահարված են նրա բոլոր իրավունքները:
Սա հասարակական աղետ է: Մեր հասարակությունը խոսում է թերուս, թլվատ հայերենով: Եվ սարսափելին այն է, որ այդ աղճատված հայերենը սփռվում է եթերով, որը տառապում է հոգեւոր խլությամբ, տարրական գրագիտության պակասով: Իսկ խոսքի մշակույթի անհետացումը կամ նրա ակնհայտ պակասը խոսում է հիվանդ հասարակության մասին: Կա՞ այսօր մի ավելի խճողված, տրոհված, իրարամերժ, հակասական զանգված, քան մեր հասարակությունն է: Բայց նույն այդ հասարակությունը տարիներ առաջ ազգային զարթոնքի, միակամության, հոգեւոր սխրանքի բացառիկ ունակություններ դրսեւորեց, որի արդյունքում սկսվեց ազգային կոնսոլիդացման ընթացքըՙ ազգային-ազատագրական շարժումը, որը բացառիկ արդյունքներ տվեց:
Որեւէ համազգային խնդիր լուծելու համար, ահա, անհրաժեշտ է նման միակամություն, ներքին միասնություն, մինչդեռ մենք զարմանալի հատկություն ունենք մեր ձեռքբերումներն արագ կորցնելու, մոռանալու, իրարամերժության, տրոհման, ժխտման կրքի, որը ավերածություններ է գործում հոգեւոր ոլորտում:
Եվ սիզիփոսյան չարչարանք է պետք այդ ամենը ետ բերելու համար:
Իմ խորին համոզմամբ, հայոց լեզվի հարցին, իբրեւ ազգային կարեւորագույն խնդրի, հասարակությունը պետք է մոտենա իբրեւ միեղեն, միակամ հոգեւոր մարմինՙ իր բոլոր շերտերով, սա միայն մտավորականության խնդիրը չէ, սրանով միայն պետական մարմինները չպետք է զբաղվեն, այլ յուրաքանչյուր ոք, ով լեզվի կրողն է: Ամեն ինչ սկսվում է անհատից, որը խոսում է մաքուր հայերենով, ոչ թե աղտոտում է այն իր խոսվածքով կամ ժարգոնով: Իսկ այս առումով, իրոք, վիճակն աղետալի է:
Լեզուն աղավաղվում է ամենուր, անգամ գրական աշխարհում, ուր իշխում է հաճախ գետնաքարշ, ցածր ոճը, գռեհկաբանությունը, հայհոյախոսությունը:
Այսօրվա լրատվության լեզուն հայերեն չես համարի, քանի որ այն զուրկ է ներքին կառուցվածքից, ճկունությունից եւ ամենավտանգավորըՙ ներքին տրամաբանությունից: Նախադասությունների շարանի մեջ մտքերը հակասում են իրար, բառերն իրենց տեղում չեն, խոսքը վերածվում է շուտասելուկի, տեղապտույտի, դատարկախոսության: Իմաստազուրկ այդ լեզուն ոչ թե հայերեն, այլ հակահայերեն է:
Հաճախ թվում է, թե մենք կանգնած ենք լեզվի անհետացման վտանգի առջեւ եւ ճշմարիտ մտավորականի ու հասարակության միջեւ անդունդն այդ առումով գնալով խորանում է:
Հաճախ թվում էՙ եկել են հոգեւոր ամլության, անբարբառության ժամանակներ, եւ դու խոսում ես ամայության մեջ: Քանզի լեզվական այն դաշտը, որ շրջապատում է մեզ, որոմ է սերմանում եւ կապ չունի հոգեւոր մթնոլորտի հետ:
Ուշադիր նայեք, թե հայ քաղքենին ինչպես է բառն արտաբերում, ինչպիսի շեշտադրությամբ, անփույթ եւ քամահրանքով, իմիջիայլոց:
Մենք պարտավոր ենք հայոց լեզվի, նրա կիրառության, հոգեւոր տիրույթների մաքրության հարցում մղվել առաջ, բայց ոչ տարերայնորեն, այլ գիտակցված, համակշռված, հասարակության բոլոր շերտերով. այդպիսով մենք մարդկային քաոսային զանգվածից կվերածվենք բանական հասարակության: Իսկ դրա մայրուղին մայրենի լեզուն է:
Հաճախ թվում է, թե մենք ապրում ենք համընդհանուր հոգեզրկման ժամանակներում, երբ սասանվում են մնայուն արժեքները, «երբ մեր կյանքի հիմերն անդունդ են ընկնում»: Արժեհամակարգի այդ փլուզման, փոշիացման հիմքերում, ահա, մեր վերաբերմունքն է մեր լեզվի նկատմամբ, որ ծամածռվում է հասարակության ոչ միայն կապկող խավերի, այլեւ կեղծ մտավորականության խոսվածքի մեջ, դառնում խոսելաոճ եւ գրելաոճ, թափանցում գրականություն եւ մամուլ, արտավիժում եթերից:
Ասես հասարակությունն ինքն է դրսեւորում ինքնալքման, հոգեզրկման ախտանիշեր, որոնք ի հայտ են գալիս լեզվի տիրույթում, որն իրականության գերագույն խտացումն ու արտացոլումն է:
Վերաբերմունքը հայոց լեզվի նկատմամբ նույնական է մեր անկախության, պետականության նկատմամբ վերաբերմունքին, քանի որ անկախ պետականությունը հոգեւոր գերարժեք է, որի կարեւորագույն ատրիբուտներից, հենասյուներից մեկը հայոց լեզուն է:
Հնում մեր մեծերը լեզուն դիտում էին իբրեւ աստվածային էություն, միջնաշխարհ Աստծու եւ մարդու միջեւ, ինքնարարիչ, ոգեղեն տարերք:
Այս առումով Մատենադարանը մեր լեզվի շտեմարանն է, նրա պատմության հոգետունը: Այստեղ է ամբարված հայոց լեզվով գրված մատենագրությունըՙ սկսած V դարիցՙ հանճարեղ դրսեւորումներով ու հղացումներով, որոնք լայն հուներ, հեռանկարներ են բացել սերունդների համար:
Հայոց լեզվի հանճարն է, որ Մաշտոցին գրերի գյուտից հետո մղեց արարել ու սքանչելագործել:
Մենք ապրում ենք բանավոր լեզվիՙ իբրեւ բանական տիեզերքի տիրույթներում, մեր ողջ պատմությունը ներշնչված է դրանով:
Մենք չենք զգում, չենք պատկերացնում մեր խորքային կապը մայրենի լեզվի հետ, այն ճյուղավորված է, շնչավորված, մենք ապրում, շնչում, գոյում ենք նրա տիրույթում... Մենք արմատներ ենք արձակել նրա խորքերում, ուր մեր հոգու նախաշերտերն են, մեր նախահայրենիքը:
Իր հնչողությամբ, նախնականությամբ, առեղծվածայնությամբ, պաթոսով, ոգեղեն ներունակությամբ, բռնկվող ու պայթող բառաշխահներով մեր լեզուն ինքնահատուկ է եւ անկրկնելի...
Բառը, խոսքը, Բանը-իբրեւ կյանքի գերագույն իմաստ, գոյում են մեր լինելության խորին շերտերում, որն իբրեւ արարող, ստեղծագործ ոգի, երբեք ստատիկ, անշարժ վիճակ չի ենթադրում. այն շաղկապված է հոգեւոր հեռանկարի, հոգեւոր ճանապարհի հետ, որն անցնում է բազմաշերտ, ինքնարարիչ, հանճարեղ լեզվի տիրույթներով:
Մեր ներքին անկախության կերպըՙ տասնամյակներ, հարյուրամյակներ շարունակ, երբ զուրկ ենք եղել պետականությունից, եղել է մեր լեզուն, մեր տիրական ու երկյուղած վերաբերմունքը նրա նկատմամբ, որ հաճախ հասել է պաշտամունքի: Մեր ներքին անկախության, մեր հոգեւոր պատմության եւ հոգեկերտվածքի խտացումն է հայոց լեզուն, ոչ միայն իբրեւ պատմական առկա վիճակի, արժեհամակարգի եւ հոգեբանության կրող, այլ իբրեւ սերունդների համագոյակցության տիրույթՙ ժամանակների հոլովույթում, որն անվերջ վերամարմնավորվում, վերանձնավորվում է, ներառելով իր մեջ ժամանակներն ու կենսոլորտները, լինելության ընթացքի մեջ առնելով ու իրար կապելով բյուր սերունդներին:
Մեր լեզուն մեր ինքնությունն է, դրոշն է, զինանշանն է, նա, հիրավի, մի հիմն է, որ հնչում էՙ հավերժորեն: