ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#11, 2010-07-24 | #12, 2010-08-28 | #13, 2010-09-11


ԾԱՂԿԱՁՈՐԸՙ ՕՐԲԵԼԻ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ՏՊԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Պատմական ակնարկ

Ծաղկաձորի մասին (ավելի վաղՙ Ծաղկոցաձոր)ՙ որպես հնագույն բնակավայրի, հիշատակություններ պահպանում են պատմական վավերագրերը: Ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմութեան», Արտաշես I թագավորը ( մ. թ. ա. 189-160) Իլդարունի (այժմ `Հրազդան) գետի հովիտը նվիրում է իր կառավարիչ Վարաժին, որից էլ` հետագայում Վարաժնունի գավառի անվանումը: Ավելի ուշ այն դառնում է Արշակունի արքաների ամառանոցը, միջնադարում եղել է Պահլավունի տոհմի ունեցվածքը. այդ շրջանում վերածվել է կրոնամշակութային կենտրոնի: Պահլավունիներն այստեղ կառուցել են ամրոց, հիմնադրել Կեչառիսի վանական համալիրը: Վանքի գլխավորՙ Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունին (Եկեղեցու հարավային մուտքի արձանագրության մեջ կառուցման տարեթիվ նշված է 1033 թվականը: Ըստ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարանի, հավանական է համարվում 1013-ը): Զաքարյանների օրոք այս տարածքը պատկանել է Պռոշյան տոհմին:

Նոր ժամանակներումՙ ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ ներկայիս Ծաղկաձորը համարվում է առողջարանային-հանգստյան գոտի եւ կառուցապատումն էլ համապատասխանաբար է: Ժամանակին Խորհրդային երկրի գլխավոր օլիմպիական բազան այստեղ էր գտնվում: Հիմա տարածքը հագեցած է ամառանոց-հանգստյան տներովՙ արդիական ու հարմարավետ:

***

Մշակութային միակ օջախըՙ Ծաղկաձորի Օրբելի եղբայրների տուն-թանգարանն է (Հիշատակելու արժանի են նաեւ 1975-ին Մարիետա Ասատրյանի հիմնադրած մանկապարտեզը`գեղագիտորեն առանձնացող պայմաններով եվ գրադարանը, վարիչ`Ջուլիետա Սողոմոնյան, որոնց անդրադառնալու առիթ կլինի հետագայում):

«Խաչեր» եւ «Այգիներ» կոչվող հնավայրերի վերջին պեղումներից հայտնաբերվածՙ մարդկության հնագույն շրջանին պատկնող տարբեր իրերի ցուցադրության առիթով այցելեցինք թանգարան, զրուցեցինք տնօրեն Մարինե Բունիաթյանի եւ ավագ գիտաշխատող Գերասիմ Մկրտչյանի հետ: Հնագիտական արշավախմբի նոր գտածոների եւ ցուցադրության մասին տեղեկացանք գրողների ստեղծագործական տան տնօրեն Մովսես Մանուկյանից:

Զվարճատեղիների ու հանգստավայրերի առատությունը Ծաղկաձորի, այդուհանդերձ, չի խանգարում Օրբելի եղբայրների թանգարան այցելուների ակտիվությանը: Իհարկե, հովեկների մեջ կլինեն (գուցե եւ շատ, ի թիվս նրանց նաեւ մտավորականներ) այնպիսիք, որ ամեն օր անցնել-դառնալով քաղաքի գլխավոր փողոցով, Օրբելի եղբայրների կիսանդրիների ու թանգարանի կողքով, մտքներով չի էլ անցնի հետաքրքրվել, թե ինչ կառույց է սա: Դիմացըՙ «Կեչառիս» հյուրանոցն է, ներքեւումՙ «Ջազվե» սրճարանը: (Կարծում ենքՙ գրողների ստեղծագործական տանը հաճախակի կազմակերպվող սեմինարների ու համաժողովների օրակարգի մեջ պարտադիր պետք է ընդգրկված լինի այցելություն թանգարան):

Իսկ Օրբելի եղբայրների տուն-թանգարանի այցելությունը ծաղկաձորյան այս տպավորություններիս մեջ լավագույնն էր: Բարեկարգ թանգարանային միջավայրով, ցուցանմուշների հագեցվածությամբ եւ դրանց պատշաճ ներկայացմամբ մշակութային այս օջախը, իրապես, քաղաքի լավագույն այցեվայրն է, որտեղ ուշադիր, խնամքոտ ու հոգածու ձեռքի ներկայությունը ավելի քան ակնհայտ է:

30 տարի առաջ էր, որ Երեւանի պետհամալսարանի պատմության ֆակուլտետի շրջանավարտներ Գերասիմ Մկրտչյանը եւ Մարինե Բունիաթյանը ուղեգիր ստացան գալ Ծաղկաձոր եւ հիմնել Օրբելի եղբայրների թանգարանը եւ երեք տասնամյակ արդեն նրանք նույն սիրով ու նվիրումով շարունակում են սկսած գործը:

Սկիզբ եւ շարունակություն

Ինչպես վստահեցնում է զրուցակիցսՙ թանգարանի գիտաշխատող Գերասիմ Մկրտչյանը, տուն-թանգարանը աշխարհում եզակի է, որը նվիրված է երեք եղբայրների: Հիմնադրվել է թանգարանը 1982 թվականին. այդ տարի Լեւոն Օրբելու 100-ամյակն էր նշվում: Հավաքչական աշխատանքները սկսել են 1980-ից եւ շարունակվում են մինչեւ այսօր: Թանգարանային նյութերը, ցուցանմուշները ձեռք են բերվել Լենինգրադիցՙ որպես նվիրատվություն, հիմնականում ժառանգներից, հարազատներից, աշակերտներից, նաեւ Էրմիտաժից, Սեչենովի անվ. ֆիզիոլոգիայի ինստիտուտից. դրանք անձնական իրեր են, մեծ թվով լուսանկարներ, գրքեր, գիտական տպագիր աշխատություններ: Թանգարանը ավելի տպավորիչ եւ լիարժեք ներկայանում է Օրբելի եղբայրների աշխատասենյակների ցուցադրությամբ: Ռուբեն Օրբելու կահույքը թանգարանին տրամադրել է գիտնականի դուստրըՙ Ռուսուդան Օրբելին, Լեւոն Օրբելու աշխատասենյակի կահույքը ստացվել է Սեչենովի անվ. ֆիզիոլոգիայի ինստիտուտից եւ Հովսեփ Օրբելունըՙ հարազատներից :

Օրբելի եղբայրների գիտական ժառանգությունը եւ կյանքային ժամանակագրությունը ներկայացված է թանգարանի վեց սրահներում, առաջինում ցուցադրված են գրքեր, լուսանկարներ, նամակներ, կենցաղային, անձնական իրեր: Գիտնականների աշխատասենյակների պատշաճ, առանձին ցուցադրությունը ապահովում է ժամանակի եւ նրանց գործունեությանը բնորոշ մթնոլորտ: Տպավորիչ է միջանցքի վերջնամասում տեղադրված Օրբելի եղբայրների մորՙ Վարվառա Օրբելու ռոյալը:

Թանգարանային ներքին հարդարանքի, ցուցանմուշների գրագետ մատուցման էսթետիկայի, վերանորոգված կահույքի, ցուցասրահների ու նոր ցուցափեղկերի շնորհիվ , թանգարանը արդիական չափանիշներով մշակութային օջախի է վերածվել: Վերանորոգչական աշխատանքները սկսվել են 2008-ին եւ ավարտվել 2010-ի ապրիլին, մշակույթի նախարարության անմիջական աջակցությամբ, ինչպես Գերասիմ Մկրտչյանն է ասում, Հասմիկ Պողոսյանի հաստատակամության շնորհիվ:

Վերջին տարիներին թանգարանը նաեւ հրատարակչական գործունեություն է ծավալում: Ռուբեն Օրբելու մասին գիրք-բրոշյուրը գիտնականի մասին հայատառ առաջին հրատարակությունն էր: Այժմ տպագրության է պատրաստվում թանգարանի նոր ցուցադրությանը վերաբերող «Ծաղկաձորի գանձերը» եւ «Անին Հովսեփ Օրբելու աչքերով» ալբոմը, վերջինըՙ հիմնականում գիտնականի արխիվային նյութերի լայն ընդգրկումով: Շուտով թանգարանում կբացվի «Թիֆլիսը եւ հայերը» նոր ցուցադրություն:

Օրբելի եղբայրների վաստակը

Հանրագիտարանային եւ գիտական գրականությունը հանգամանալից ներկայացնում է, իհարկե, համաշխարհային հռչակ ունեցող Օրբելի եղբայրների մտավորական գործունեությունը: Հակիրճ վերհիշենք այդ կենսագրությունը:

Տոհմիկ ազնվական ծագումով Օրբելիները սերում են վաղ միջնադարի Զաքարյան եւ Մամիկոնյան ընտանիքներից: Ստեփանոս Օրբելյան հայտնի պատմիչը տոհմի հռչակավոր դեմքերից է: Եղբայրների պապըՙ Հովսեփ Հովակիմի Օրբելին հայ եկեղեցու սպասավոր էր: Ավարտելով Մոսկվայի Լազարյան ճեմարանը եւ կայսերական համալսարանը եւ հետո ձեռնադրվելով հոգեւորական, ծառայել է Պետերբուրգի, Մոսկվայի, Աստրախանի, Քութաիսի, Թիֆլիսի հայկական եկեղեցիներում, նաեւ ուսուցիչ է եղել, հեղինակել հայոց լեզվի եւ հայ եկեղեցու պատմության վերաբերյալ գրքեր: Աբգար Օրբելինՙ նրա ավագ որդին, մասնագիտությամբ իրավաբան էրՙ Պետերբուրգի համալսարանական կրթությամբ: Ամուսնացել էր Վարվառա Արղության Երկայնաբազուկի հետՙ ծագումով իշխանական տոհմից, մտավորական, կիրթ կին, նա տիրապետում էր մի շարք լեզուների, այդ թվում ֆրանսերենի, օժտված էր նաեւ երաժշտական ունակություններով: Ամուսինները առանձնահատուկ վերաբերմունք ունեին գիտության եւ առհասարակ կրթության նկատմամբ: «Ես շատ ուրախ եմ, որ որդիներս գնում են նյութապես անապահով ճանապարհով հանուն գիտության եւ այն ազգի, որի զավակներն են եւ որը բոլորից շատ կարիք ունի հարգանք պարտադրելու ուրիշներինՙ մարդկությանը տալով գիտության նշանավոր գործիչներ», ասել է Աբգար Օրբելին: Այսպես էր մտածում նաեւ մայրը: Դիմելով որդիներինՙ նա ասել է. «Ես ուզում եմ, որ դուք շարունակեք գիտությունը եւ ավելի քան համոզված եմ դրանում, որով դուք կպահեք ոչ միայն ձեր ծնողների պատիվը, այլեւ ամբողջ ազգի: Եվ իհարկե, ես կհրճվեմ, երբ լսեմՙ ինչպես են իմ հետեւից ասումՙ երջանիկ մայր»: Ահա այսպիսի ազնվական մտածողությամբ ընտանեկան միջավայրում են ձեւավորվել Օրբելի եղբայրների հոգեկերտվածքը, մարդկային նկարագիրը:

Ռուբեն Օրբելին (ծնվ. Նախիջեւանում) իրավաբանական կրթությունը ստացել է Պետերբուրգում: Սակայն շուտով թողեց դա եւ նվիրվեց ստորջրյա հնագիտությանը: Նա համարվում է խորհրդային ստորջրյա հնագիտության հիմնադիրներից եւ ստորջրյա տեխնիկայի պատմության խոշորագույն մասնագետներից: Գիտնականի պրպտող հայացքը դեպի ստորջրյա տարածքներ նպատակ ուներ հայտնաբերելու կյանքի հնագույն նշաններ ջրային ընդերքում: Ռուբեն Օրբելու ղեկավարությամբ ԽՍՀՄ հատուկ նշանակության ստորջրյա արշավախմբի 1934-ի հետազոտությունները պսակվեցին հաջողությամբ. Բուգ գետից հանվեց 3000 տարվա պատմությամբ մակույկ, որն այսօր պահպանվում է Պետերբուրգի ռազմածովային թանգարանում: Ռ. Օրբելին գիտության տեսությամբ է նաեւ զբաղվել, նրա գրչին են պատկանում բազմաթիվ ուսումնասիրություններՙ «Լեոնարդո դա Վինչին եւ նրա աշխատանքները ստորջրյա լողի եւ ընկղմումների միջոցների ստեղծման վերաբերյալ», «Հունաստանի եւ Հռոմի ջրասուզակները», «Մոսկովյան Ռուսիայի ջրասուզակները» եւ այլն:

Լեւոն Օրբելին (ծնվել է Ծաղկաձորում) ավարտել է Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիան, եղել է XX դարի խոշորագույն ֆիզիոլոգներից մեկիՙ Իվան Պավլովի աշակերտը եւ նրա գործի շարունակողը: Ընտրվել է Պետերբուրգի առաջին բժշկական ինստիտուտի պրոֆեսոր, երկար տարիներ ակադեմիայի ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչն էր: Մեծ է նրա գիտական ներդրումը Պավլովի ուսմունքիՙ բարձրագույն նյարդային համակարգի գործունեության, դրա հետագա զարգացման եւ ֆիզիոլոգիայում նոր ուղղությանՙ էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ստեղծման հարցում: Լ. Օրբելու ղեկավարությամբ է հիմնադրվել Հայաստանի ԳԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտը:

Հովսեփ Օրբելին (ծնվ. Քութաիսիում) մյուս եղբայրների պես ուսանել է Պետերբուրգում, տեղի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետում: Նա Նիկողայոս Մառի մերձավոր օգնականն ու հետեւորդն էր: 1906-ից մասնակցել է Անիի հնագիտական պեղումներին, այստեղ հիմնադրված թանգարանի տնօրենն էր: Ժամանակի ամենահայտնի հնագետ-արեւելագետներից էր, բազմաբնույթ նյութերի հավաքչությամբ է զբաղվել, ցուցակագրել է հայկական վիմագիր արձանագրությունները, ուսումնասիրել հայկական ու քրդական կենդանի բարբառները, հավաքել ասքեր, գիտության տաղանդավոր կազմակերպիչ էր, արեւելագետների, ճարտարապետների, արվեստաբանների հայկական նոր դպրոցի հիմնադիրը: Նա ղեկավարել է Լենինգրադի համալսարանի արեւելագիտության ֆակուլտետը, ԽՍՀՄ ԳԱ արեւելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքը: Երկրի պատերազմական տարիներին եւ հետագա մի քանի տարի եւս տնօրենն էր Լենինգրադի պետական Էրմիտաժի: Որպես վկա ելույթ է ունեցել Նյուրենբերգյան դատավարության ժամանակ: Եվ, իհարկե, Հովսեբ Օրբելին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադիրը եւ նրա առաջին նախագահն է:

Օրբելի եղբայրների թողած գիտական պատկառելի ժառանգությունը ազգային ու համամարդկային հարստություններից էՙ հիրավի բացառիկ ընտանիքի բացառիկ զավակներՙ մեծատաղանդՙ թե՛ որպես գիտնական, թե՛ իրենց մարդկային նկարագրով: Հայտնի է Լեւոն Օրբելու նամակը Ստալինինՙ ավստրիացի գիտնական Կոնրադ Լորենցին գերությունից ազատելու խնդրանքով: Վերադառնալով Ավստրիաՙ Կոնրադ Լորենցը շարունակում է զբաղվել գիտությամբ, իսկ 1973-ին արժանանում Նոբելյան մրցանակի: Հետեքրքրական եւս մեկ պատմություն պատմեց Գերասիմ Մկրտչյանը: Գիտնականին օգնության խնդրանքով դիմում է հասարակ մի ռուս քաղաքացի`Խարին ազգանունով: Երբ ստանում է իր ուզած 500 ռուբլին, որպես պատասխանՙ ծախսերի հաշվետվության մի նամակ է գրում եւ վերջում ավելացնում, որ ինքը ստացել է եւս 400 ռուբլի գիտնականի եղբորիցՙ Հովսեփ Օրբելուց եւ հարցնում էՙ ո՞վ է նա:

***

Ծաղկաձորի Օրբելի եղբայրների տուն-թանգարանի ներկա տպավորիչ եւ գոհացնող վիճակը նվիրված աշխատանքի արդյունք է եւ, իհարկե, հարգանքի ու խոնարհման տուրքՙ գիտնականների վաստակին: Քչերը, թերեւս, գիտեն, որ թանգարանի մուտքի ձախակողմյան մասում գետնինՙ ծածկած վիճակում դրված է Հովսեփ Օրբելու կիսանդրին (քանդակագործ`Արտաշես Հովսեփյան):

Կարծում ենք` վաղուց արդեն ժամանակն է գիտնականի արձանը փոխադրել Երեւան եւ տեղադրել իրեն պատշաճող ճիշտ վայրումՙ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի շենքի առաջՙ որպես հաստատության հիմնադիր եւ առաջին նախագահ:

Նոր գտածոներ Ծաղկաձորի շրջակա հնավայրերից

2008 թվականից Ծաղկաձորի շրջակա «Խաչեր» եւ «Այգիներ» հնավայրերում կատարվում էին պեղումներ` նախաձեռնությամբ Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանի եւ քաղաքապետարանի ֆինանսավորմամբ: Արշավախմբի աշխատանքները ղեկավարում էր ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի միջնադարի բաժնի վարիչ Հուսիկ Մելքոնյանը: «Խաչերը» թվագրվում է 9-14-րդ դարերով, քաղաքի հարավային մասում գտնվող «Այգիները»ՙ ավելի վաղ, Ք. Ա. 8-7-րդ դարերով: Պեղումնաբանական աշխատանքներն ի հայտ են բերել հնագիտական տարբեր իրեր, ինչի մասին մանրամասնեց Գերասիմ Մկրտչյանը: Ցուցափեղկերից մեկում բյուզանդական պղնձե դրամներ ենՙ հատված 10-րդ դարի վերջին քառորդից մինչեւ XI դարի առաջին կեսը, Վասիլ 2-րդ, Կոնստանդին 8-րդ եւ Ռոմանոս 3-րդ կայսրերի օրոք: Այս դրամները, փաստորեն, շրջանառվել են նաեւ Հայաստանում: Կիրառական-կենցաղային իրերըՙ երկաթե դանակներ, նիզակի ծայրակալ, պղնձե նետասլաքի ծայրեր, ձիու եւ եզան պայտեր, մեխ, տարբեր գործածության կավե ամաններՙ ջրաման, սափոր, թաս, ագաթե զարդեր, պղնձե ապարանջան, ականջօղեր եւ խաչՙ թվագրված Ք. Ա. 8-7-րդ դդ: Ուշագրավ է այն, որ կիրառական այս իրերը զուտ գործածական լինելուց զատ կրում են այդ շրջանի մարդու գեղագիտական պատկերացումների որոշակի վերաբերմունքՙ հղկված ձեւերի առումով, զարդամոտիվների առկայությամբ: Հետաքրքրական է նաեւ այդ շրջանում խաչի գոյության փաստը. «Խաչը, որպես խորհրդանիշ շատ ավելի վաղ շրջանից է հայտնի, ինչը վկայում է բնակիչների ձեւավորված պաշտամունքների մասին: Այս իրերըՙ խոհանոցային ափսեներ, թասեր եւ այլն, դամբարաններից են գտնված եւ վկայում են հանդերձյալ կյանքի մասին նրանց պատկերացումների մասին, չէ՞ որ համաձայն վաղնջական մարդու, հանդերձյալ կյանքում դրանք պետք է օգտագործվեին: Կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ այս վայրի բնակիչները տնտեսապես բավականին զարգացած են եղել: Հայտնաբերված կավե ամանները վկայում են, որ նրանք նստակյաց երկրագործներ էին, ոչ թե քոչվորներ. վարել են, ցանել եւ ոչ թե զուտ հավաքչական տնտեսություն վարել, զբաղվել են հողագործությամբ եւ անասնապահությամբ, ինչը որոշակի տնտեսական մակարդակ է համարվում» :

Նոր ցուցադրության նշանակությունը, նպատակը

«Ցուցահանդեսի նպատակն է լայն հասարակությանը հնագիտական պեղումների ընթացքում, նաեւ շինարարական աշխատանքների ժամանակ պատահաբար հայտնաբերված մշակութային արժեքների միջոցով Ծաղկաձորի տարածքը ներկայացնել որպես վաղնջական ժամանակների բնակավայր, որտեղ ապրած հանրությունը տնտեսապես զարգացած է եղել:

Ցուցահանդեսը միտված է նաեւ մոտ ապագայում քաղաքի պատմության թանգարանի ստեղծմանը: Ժամանակն է, որ առկա հարուստ նյութը մեկտեղվի եւ ներկայացվի թանգարանային ցուցադրությամբ, որը նախեւառաջ եղած նյութերը կփրկի ոչնչացումից եւ ամենակարեւորըՙ կստեղծվի մշակութային մի նոր օջախՙ որպես խթան տեղի մշակութային կյանքի զարգացման:

Սա նաեւ փորձ էՙ զարգացնել քաղաքը առավել հավասարաչափ, նոր կառուցապատմանՙ հանգստավայրերի, սպասարկման ենթակառույցների, ճանապարհների շինարարությանը զուգահեռ ստեղծել մշակութային օջախներՙ Ծաղկաձորը զբոսաշրջության համար առավել հետաքրքրական եւ բովանդակալից դարձնելու համար»:


Նկար 3. Օրբելիների ընտանիքը

Նկար 4, 5. Հնագիտական նոր գտածոներից

Նկար 6. Հովսեփ Օրբելու աշխատասենյակը


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4