ՎԱՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ԱՍՏՂԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ
Հայկական դեկորատիվ կիրառական արվեստում, թերեւս ավելի ճիշտ կլինի ասել` դեկորատիվ արվեստի զարգացման բնագավառում, իր առանձնակի տեղն ու խիստ շոշափելի ներդրումն ունի միջազգային մրցույթի դափնեկիր Վան Սողոմոնյանը, մի ստեղծագործող, ով առաջինն էր, որ արվեստի այս տեսակին նոր շունչ ու նոր բովանդակություն հաղորդեցՙ խեցեգործությունը բարձրացնելով այնպիսի մի մակարդակի, որտեղ կիրառականն իր վրայից դեն նետեց կահ-կարասուն բնորոշ առանձնահատկությունը եւ մուտք գործեց քաղաքաշինության ոլորտՙ որպես հուշարձան, որպես մերօրյա ուրբանիզացիայիՙ ներքին ու արտաքին հարդարման գեղարվեստական մաս:
Ծնվել է 1937 թ. Թբիլիսիում, 1968-ին ավարտել Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, 1971-ից Նկարիչների միության անդամ է, բազում միջազգային ցուցահանդեսներում լավագույնս ներկայացրել է Հայաստանը, իսկ 1983 թ. Ֆլորենցիայում կազմակերպված խեցեգործության միջազգային փառատոնում արժանացել առաջին մրցանակի:
Նրա գործերը պահպանվում են Մոսկվայի Արեւելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Գերմանիայի Ռոմհիլդի խեցեգործության, Ֆլորենցիայի խեցեգործության միջազգային, Երեւանի ժամանակակից արվեստի, Հայաստանի ազգագրութան թանգարաններում եւ բազում մասնավոր հավաքածուներում:
Վանի խեցեգործական աշխատանքները լիովին շոշափում են խնդիրներ, որոնք հիմնականում վերաբերում են կերպարվեստի մյուս տեսակներինՙ առավելապես մոնումենտալ ու հաստոցային քանդակին, աղերսներ ունեն գեղանկարչության ու գրաֆիկայի հետ: Նրա ստեղծագործություններում հրակավե նյութն ու տեխնիկական հնարներն են միայն հիշեցնում, որ գործ ունենք խեցեգործ վարպետի հետ: Հորինվածքների ընդհանրացված ձեւերը, կառուցվածքների տեկտոնիկան, քանդակային ծավալականությունը, ինքնատիպ ու հաճախ անսպասելի կոմպոզիցիոն լուծումները, մակերեսների մշակման ձեւերը, ասելիքի հեռագնա խորքայնությունը, այլաբանական շեշտադրումները, գեղանկարչական արտահայտչականությունը առաջին հերթին եւ միանգամայն հստակորեն խոսում են արվեստագետի զուտ պլաստիկական մտածողության մասին, ընտրված թեմաներում համամարդկային խոհ ու ապրումի, իրերի ու առարկաների մեջ արարչագործության փիլիսոփայական ենթաշերտերի, աշխարհի միստիկական ընկալումների եւ դրանց տեսանելի, իսկ հաճախ նաեւ բեկվող ձեւերի փոխկապակցված դրսեւորումների մասին: Կերպարվեստի համարյա բոլոր տեսակների համադրական մոտեցումները, որոնք ժամանակի հետ ավելի ու ավելի զարգանալովՙ դարձան կուռ ու անքակտելի, հորինվածքային տեկտոնիկ կառույցը, երբեմն իրար լրացնող կտորների միջեւ մասնատվելով, պատկերակերտման ինքնատիպ ու անսպասելի մտահղացումը նրա գործերին հաղորդում են գեղարվեստական խիստ արտահայտված խոսունություն, հարաշարժ ու խաղարկուն ձեւապլաստիկական դինամիկա: Նրա գեղանկարչական մշակումներով լուծված ծավալաձեւերի մակերեսները, ընտրված թեմայի, մոտիվների, նյութի մեկնության այլաբանական ենթատեքստը քանդակային կառուցվածքի հետ միասինՙ որպես մեկ ամբողջություն, իրենց մեջ կրում են ե՛ւ ինտերյերային մտածողության հիմնատարրեր, ե՛ւ գեղանկարչական պաստառի հնչեղություն, ե՛ւ մոնումենտալ ու տարածական արվեստի խիստ որակական հատկանիշներ: Հիշենք նրա «Մարդը եւ հողը», «Լուսնային քաղաքը», «Ներբող առ տիեզերք», «Առլեքին», «Մարդ առլեքինները», «Կոմպոզիցիա», «Մարդ քաղաք», «Ժամանակ եւ տարածություն», «Երկուսը» եւ մի շարք այլ գործեր, որոնցում վերոհիշյալ հատկությունների հետ միասին ուշադրություն են գրավում վարպետի ասելիքի այլաբանական լեզուն եւ այն մարմնավորելու չկրկնվոր տարակերպերը: Սրանցում կիզակետային եզակին բեկվում է ընդհանրականի մեջ, ընդհանրականը տեղայնացվում, հարցականը պատասխան է ակնկալում, իսկ պատասխանը աղաղակում է ընդերքում եւ դիտողին ստիպում խորհել կյանքի հարափոփոխ պարբերականության, կյանքի բուն ու ճշմարիտ իմաստի մասին. երեկ հող էիր, այսօրՙ մարդ, վաղըՙ կրկին հող. հարափոփոխի հավերժական մտորում եւ անքակտելի մերձավորություն, անցյալի հուշ եւ գալիքի սպասում, ծնունդ ու մահՙ ցավի ու տառապանքի, խաղաղության ու հաշտության մեջ:
Վան Սողոմոնյանի գործերից մեկը, որ առաջին անգամ իմ ուշադրությունը սեւեռեց իր վրա, 1982 թվականի հանրապետական ցուցահանդեսում ներկայացված «Հիշողություններ» գործն էր: Կենցաղային հնամաշ ու հնաոճ, «կյանքն ապրած» աթոռը, որի մի անկյունում անխնամ ընկած էր նույնքան «չարչրկված» մի գիրք, միմյանց լրացնելով «զրուցում» էին դիտողի հետՙ իրենց անցած գնացած օրերի մասին, որոնցում շոշափելիորեն զգացվում էր երրորդիՙ մարդու բացակա ներկայությունըՙ մարմնավորի ու հոգեւորի խիստ զգացական ներգործությամբ: Սա հենց ստեղծագործական այն մոտեցումն է, ասելիքի այնպիսի մարմնավորումը, երբ սուղ միջոցներով կարողանում ես հասնել ցանկալի արտահայտչականության:
Այլաբանությունը, փոխաբերությունը, աբստրակցիան, զանգվածը, համաչափությունը, գրոտեսկը, երեւակայականն ու առարկայականը, գույնը, ծավալը, գիծը Վան Սողոմոնյան արվեստագետի պլաստիկայում գալիս ու միահյուսվում են միմյանց եւ բուն ասելիքի շեշտադրումը ուղղորդում ոչ թե արտաքին ընկալման դաշտ, այլ խորքը, դեպի միջուկըՙ դիտողին հնարավորություն տալով յուրաքանչյուր կոմպոզիցիայի մեջ որոնելու նաեւ իր սեփական մեկնաբանությունը, որոնելու իր եւ արվեստագետի ընկալումների միջեւ թրթռացող կենսական ներվը («Ծովահարսը», «Հելլադա», «Պահուհան» եւ վերջերս ավարտին հասցրած «Աթոռներ եւ մարդիկ» եւ այլ գործեր):
Վանն այն անհատականություններից է, ով մշտապես ապրում է ստեղծագործական քուրայում եւ մշտապես նախընտրում ասելիքի այն լեզուն, որն ազգայինից ակունքվելով հատում է դրա սահմաները եւ երկոսության մեջ մտնում համաքրիստոնեական աշխարհի հետ: Սա է թերեւս այն պատճառներից մեկը, որ նրա արվեստը թե՛ նախկինում, այսինքնՙ խորհրդային շրջանում, եւ թե՛ այսօր եղել ու մնում է սրտամոտ ու հարազատ նաեւ եվրոպական երկրներում: 1970-ական թվականներից սկսած նա մշտապես մասնակցել է միջազգային ցուցահանդեսներինՙ կազմակերպված Հունգարիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Ճապոնիայում, Գերմանիայում, Կանադայում, Շվեյցարիայում եւ շատ այլ երկրներում, ունեցել նաեւ անհատական ցուցահանդեսներ ոչ միայն Երեւանում ու Մոսկվայում, այլեւ եվրոպական քաղաքներում եւ ամենուր գնահատվել որպես սեփական ոճ, ձեռագիր ու ասելիք ունեցող արվեստագետ, իր խեցեգործական սքանչելի աշխատանքներով ամենուր կառուցել մշակութային կամուրջներ: Շատերը համարում են, որ Վան Սողոմոնյանն ի սկզբանե եվրոպական մշակույթի ավանդույթների որդեգրման ճանապարհով անցած ստեղծագործող է, էությամբՙ կոսմոպոլիտ: Ինչ խոսքՙ Սողոմոնյանի հարցադրումներն ու փիլիսոփայական մեկնաբանությունները չեն պարփակված ազգային ավանդույթների շրջանակում, թեմաները չեն շոշափում հայ ժողովրդի պատմական ու ժամանակակից կյանքի դրվագները, սակայն ուշադիր զննելիս, դարի եւ ժամանակի ռիթմերը խորապես յուրացրած նրա գործերում պարզորոշ տեսանելի են այն մոտեցումներն ու արտահայտչաձեւերը, որոնք մեծապես բնորոշ են հայկական միջնադարյան մանրանկարչության սկզբունքներին, գունային ընկալումներին, ճարտարապետական զուսպ ու վեհաշուք ձեւերին, որոնցում աննպատակ ոչ մի տարր, ոչ մի դրվագ չկա. ամեն մի բեկոր, ամեն մի զանգվածաշերտՙ իր գծային ու գունամտածողությամբ աղերսվում է հայկականի աշխարհընկալման հետ:
1992 թվականին Վան Սողոմոնյանը մեկնեց Գերմանիա: Նա գերմանիայից հրավեր ստացավ որպես ազատ ստեղծագործողՙ այնտեղ ապրելու եւ աշխատելու համար: Եվ ահա 18 տարի է նա եւ կինըՙ նկարչուհի-խեցեգործ Նոնա Գաբրիելյանը, որպես ՀՀ քաղաքացիներ, ապրում ու ստեղծագործում են Գերմանիայում:
Վերջերս Հայաստանի Նկարչի տանը կազմակերպված Վան Սողոմոնյանի անհատական ցուցահանդեսը, որն առավելապես բաղկացած էր նրա գեղանկարչական գործերից, եկավ փաստելու, որ խիստ ինքնատիպ ու համարձակ վարպետի համար, լինի հրակավե կերտվածք, թե գունանկար, ոչ թե նյութն ու տեխնիկան են որոշում ասելիքի լարվածությունը, այլ կյանքից ու կենսափորձից ստացած տպավորությունները, աշխարհայացքը, մարդու ու մոլորակի մասին արվեստագետի ընկալումներն ու խոհամտածումները:
Սողոմոնյանիՙ ինչ-որ տեղ քնարական վրձինը մեզ ներկայացրեց կոմպոզիցիոն գործերի մի հավաքածու, որն առաջին հերթին գրավեց իրերի ու առարկաների ընդհանրացված հիմնագծերով, գույնի ու գունաթույրերի անցումներով, ծավալի, մակերեսի գեղանկարչական մեղմաոճ մշակումներով, որոնց շնորհիվ էլ հեշտությամբ կարելի է որսալ նրա ձեռագիրը: Նրա պատկերներն ու կերպարները խոսում են իրենք իրենց հետՙ մե՛րթ անհանգիստ եւ մե՛րթ էլ ասես անհաղորդ («Ձայներ», «Կոնտրաբասը եւ կինը», «Վենետիկ», «Մենամարտ», «Տղամարդը եւ կինը», «Վեներայի ծնունդը», «Ժամանակ», «Բաբելոն», «Գիշերերգ», «Ծաղրածուի սերը» եւ այլն):
Ընդհանրապես Վան Սողոմոնյանի կոմպոզիցիաները դիտելիս թվում է, թե նա երկար, շատ երկար է ուսումնասիրել, քննել, վերլուծել այն ամենը, ինչը շրջապատում է իրեն, ջանացել «յուրացնել» դրանց ներքին ու արտաքին հայտերը, սակայն երբ փորձում ես համադրել նրա խեցեգործական ու գեղանկարչական գործերը, հասկանում ես, որ գաղտնիքը ոչ թե լավ դիտարկման, այլ նկարչի վերլուծական քանքարի մեջ է, իր ապրած ժամանակը տարածության մեջ տեսնելու եւ իմաստավորելու ունակութան մեջ: Ի վերջո, ճշմարիտ ստեղծագործողն այն անհատն է, ով սովորում է ճանաչել կյանքը, ճանաչել աշխարհն իր խորքայնության ու բազմաշերտության մեջ եւ սիրել այն, սիրելՙ իրեն վերապահված ակնթարթի, ժամանակի ու հարատեւության մեջՙ առանց խտրականության: Եվ Վան Սողոմոնյանը ստեղծագործ մարդու հենց ա՛յդ տեսակին է պատկանում, տեսակ, որն ապրում է մերձավորին ու հեռավորին, ամեն օր վտանգվող մարդուն ու նույնքան վտանգվող մոլորակն իր փխրուն սրտում, իր արարող ձեռքերում ամուր պահած: Ապրում է, որ ապրեցնի ժամանակը անժամանակի մեջՙ ակնթարթին կարեւորություն ու իմաստ հաղորդելով:
Իսկ արտահայտման նյութն այստեղ ամենեւին կարեւոր չէ:
Նկար 2. Անհատական ցուցահանդես, 1987 թ., Հայաստանի նկարիչների միություն, Երեւան
Նկար 3. «Կառապան», մասնավոր հավաքածու, Գերմանիա
Նկար 4. «Խամաճիկ»
Նկար 5. «Հիշողություն առ 1915» հուշահամալիր, մարմար եւ բրոնզ, Քարթում, Սուդան