ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Հարություն Մարությանի նոր ուսումնասիրությունը
20-րդ դարի հայ ազգային կյանքի ամենամեծ զարթոնք-1988-ի Ղարաբաղյան շարժումը շրջափուլային իրադարձություն էր մեր երկրի կյանքումՙ քաղաքական, հասարակական, տնտեսական ու մշակութային: Այդ շարժման անմիջական հետեւանքը Արցախյան ազատամարտի հաղթանակը, նորանկախ պետականության կազմավորումն ու դրա հետագա ընթացքն էՙ արդեն երկու տասնամյակ:
1988-ի սկզբներից Անկախության հրապարակում ծավալվող նախապես տարերային հանրահավաքները կարճ ժամանակամիջոցում վերածվեցին կազմակերպված, համահայկական ծրագրային շարժմանՙ հասարակության ամենատարբեր շերտերի ներգրավմամբ: Բացի ազգային-քաղաքական բնույթից, մարդկային այս մեծ համախմբումները զարմանալի միակամ-միաձույլ դրսեւորումներ ունեինՙ մտածողության, վերաբերմունքի, երեւույթների ընկալման, իսկ երեւույթներ-իրադարձություններն աննախադեպ բուռն էին: Թերեւս բնույթով առավելապես ազգայինՙ սա աստեղային ժամն էր հայոց, նրա հազարամյա կուտակումների, իղձերի, զգացմունքների պոռթկումը, որ ճիշտ ու ճիշտ «հանգրվանեց» մայրաքաղաքի սրտումՙ Օպերայի հրապարակում: Եվ այն, ինչ կատարվեց այդ տարիներին, այդ հրապարակում ազգային մեծ էպոպեա էրՙ վերընթաց մի վիճակ, որն ասես ազգային-մարդկային մաքրագործման (հումանիստական) յուրօրինակ ծես լիներՙ բացօթյա տաճարի: Մի ժամանակահատված, որն, անկասկած տարաբնույթ ուսումնասիրությունների հարուստ նյութ է պարունակումՙ պատմական-քաղաքական, հոգեբանական, ազգագրական, որովհետեւ հասարակության տարբեր շերտերին ինքնադրսեւորման ազատ-անկաշկանդ հնարավորություն էր տրվել:
Եղան մարդիկ, որ շարժման առաջին օրերից իրադարձություններին հետեւել սկսեցին մասնագիտական հայացքով: Նրանց շարքում առանձնանում է պատմական գիտությունների դոկտոր, ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Հարություն Մարությանը : Նրա հետազոտական աշխատանքներն ընդգրկում են ազգային ինքնության, կոլեկտիվ հիշողության, ազգային շարժումների, պատկերագրության, ավանդական հայ մշակույթի եւ այլ բնագավառներ: Հ. Մարությանի գիտական հրապարակումներին (մենագրություններ, բազմաթիվ հոդվածներ) լրացնելու է գալիս մեծածավալ (431 էջ), մեծադիրՙ «Հայ ինքնության պատկերագրությունը-Ցեղասպանության հիշողություն եւ Ղարաբաղյան շարժումը» ուսումնասիրությունը: Ուշադրության կենտրոնում ունենալով տեղի ունեցող իրադարձություններըՙ հասարակական-քաղաքական երեւույթներըՙ ծրագրեր, ելույթներ, երթեր, նստացույցեր, հացադուլներ, մամուլի արձագանքներ, տրանսպարանտներ, պլակատներ, նա հետեւել է նաեւ մասնակիցների հոգեբանական վիճակներին, պարզ, մարդկային դրսեւորումներին, նրանց վարքագծին, զրույցներին: Այս ամենը հետագայում հիմք դարձան տասնամյակներ տեւած նրա հետազոտական աշխատանքների:
Ուսումնասիրության գիտական աշխատանքի առաջին հատորը նվիրված է Ղարաբաղ կոմիտեի անդամ Համբարձում Գալստյանի հիշատակին: Հատորի տպագրությունն իրականացվել է «Տոլորէս Զօհրապ Լիպման հիմնադրամի» օժանդակությամբ: Գիրքը տպագրվել է ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտխորհրդի որոշմամբ (Ակադեմիայի «Գիտություն» հրատ.), պատասխանատու խմբագիրն է ԳԱԱ թղթակից անդամ Լեւոն Աբրահամյանը, որին հեղինակը հատուկ երախտագիտության խոսք է հղումՙ որպես Ղարաբաղյան շարժման ազգագրական ուսումնասիրության անդրանիկ հետազոտողի: Շնորհակալականի մեջ հիշատակված են բոլոր այն անհատներն ու կազմակերպությունները, ովքեր աջակցել են սույն աշխատանքի իրագործմանը: Բովանդակային առատ նյութին զուգահեռ գիրքը հետաքրքրական են դարձնում ժամանակի իրադարձությունների տարբեր շերտեր ներկայացնող բազմաքանակ լուսանկարներ, երթերի, նստացույցերի, հանրահավաքային ցուցապաստառներ, որոնք վերհիշեցնում են պատմական այդ շրջանի դրվագներ, վերարթնացնում թանկ հիշողություններ: Այս առումով, ինչպես նկատում է գրքի խմբագիրը, ուսումնասիրության առարկան յուրօրինակ է, եւ «հեղինակին վիճակվել է եզակի հնարավորություն, հետեւել, թե ինչպես են ցուցապաստառները ծնվում, հասնում իրենց գագաթնակետին եւ մարում»: Լինելով ընթացող իրադարձությունների միաժամանակ ե՛ւ մասնակից, ե՛ւ ուսումնասիրողՙ Լ. Աբրահամյանը երեւույթը դիտարկում էր «որպես արխայիկ տոնի տիպաբանական համարժեք, Մարությանըՙ նախեւառաջ որպես հեղափոխություն»: Սակայն երկուսն էլ վավերագրել են ցուցապաստառները, լուսանկարել դրանք, գրանցել, արտանկարել եւ հետագայում էլ արդեն ծնվել է նման գրքի մտահղացումը:
«Կարծում եմՙ Հ. Մարությանը ճիշտ է վարվելՙ որոշելով բացահայտել ցուցապաստառների միայն մեկ թեմա (եւ դրան հարակից թեմաներ եւ ենթաթեմաներ)ՙ հիշողություն ցեղասպանության մասին: Դա թույլ տվեց նրան կենտրոնանալ հենց հիշողության հարցի վրա» , գրում է խմբագիրը:
Նմանապես հեղինակը մենագրության նպատակը համարում է հայոց ինքնության բացահայտումըՙ ցեղասպանության, կոտորածների ու բռնագաղթերի հիշողության ուսումնասիրությամբ ցույց տալ դրանց տեղն ու դերը ազգային ընդհանուր նկարագրի ու գործելակերպի վրա, ներկայացնել դրանց դրսեւորման ձեւերն ու փոխակերպումները. այս ամենըՙ պատմական ու ազգագրական նյութի համակողմանկի խոր ուսումնասիրությամբ: Անցյալը հետազոտել ներկայի մասին պատկերացումների համատեքստում, վեր հանել տարեդարձային հիշատակումների դերը կոլեկտիվ հիշողության պահպանման եւ փոխադրման մեխանիզմում, նաեւ ուսումնասիրել «նիրհող հիշողության» ակտիվացման ուղիները: Հատկապես վերջինի պարագայում, հետազոտման գլխավոր նյութ դառնում է 1915-ի ցեղասպանությունը եւ նրա տեղը հայոց կոլեկտիվ եւ պատմական հիշողության մեջ: Եվ պատահական չէր, որ ըստ մենագրության հեղինակի, ղարաբաղյան շարժման տարիներին Հայոց ցեղասպանությանը վերաբերող ցուցապաստառները քանակով ամենաշատն են եղել, ինչն էլ հեղինակի ուսումնասիրության գլխավոր առանցքն է կազմում, որից ածանցվում կամ բխում են բազմաթիվ հարակից թեմաներՙ (հիշողության հասարակական սահմանափակումներ, անցյալի եւ ներկայի վերագնահատման գործընթաց եւ դրա նշանակությունը ինքնության փոփոխության մեջ, կոլեկտիվ եւ պատմական հիշողության դրսեւորումներ ողբի եւ հուզականության մեջ, սումգայիթյան ջարդերի եւ Մեծ եղեռնի ժողովրդական համադրություններ, «ցեղասպանության» հասկացության սահմանումների ընդլայնում, դրա կանխման միջոցներ եւ այլն): Բացի բուն իրադարձությունների անմիջական ուսումնասիրություններից ու արձանագրումներից եւ ազգագրական հետազոտությունների ընթացքում հավաքած նյութից, օգտագործված են նաեւ այս հարցերին վերաբերող տեղի եւ արտասահմանյան գիտական գրականություն եւ իհարկե, ժամանակի մամուլի հրապարակումներ, արխիվային նյութեր:
Գիրքը բաղկացած է յոթ գլուխներից: Գրքի հարյուրից ավելի էջեր տրամադրված են ներածական խոսքին, վերջաբանին, Ղարաբաղյան շարժման համառոտ ժամանակագրությանը, լուսանկարների, օգտագործված գրականության, հատուկ անունների եւ արտահայտությունների ցանկերին, ծանոթագրություններին: Այսպիսի բազմաբնույթ ու ծավալուն ուսումնասիրության հիմնական առարկան դարձել է պատկերագրությունը: Հատուկ ուղղորդված եւ որոշակի նպատակ հետապնդող պատկերագրությունը որեւէ ժամանակահատված բնութագրելու անմիջական արտահայտիչներից է: Դրանց մի մասը սովորաբար չմիջնորդված եւ ավելի իմպուլսիվ արձագանք էՙ տվյալ իրադարձության եւ հասարակական այս կամ այն խավի տրամադրությունների անկեղծ արտահայտություն:
***
Գրքի մի ամբողջ գլուխ հատկացված է ազգային ինքնության ձեւավորման եւ զարգացումների մեջ կոլեկտիվ եւ պատմական հիշողության դերին: «Անցյալը մարդկային գիտակցության մշտական չափումներից է, մարդկային հասարակության հաստատությունների, արժեքների եւ այլ մոդելների անխուսափելի բաղադրամասերից :
... Հիշողությունը, մասնավորապես պատմական հիշողությունը «էթնիկ ընդհանրություն», «ազգ», «ազգային ինքնություն» եզրերը բնորոշող կարեւորագույն տարրերից է:
Ամեն սերունդ իր հետ բերում է ազգային ինքնության իր սեփական մեկնաբանությունները, այդ պատճառով դրանք երբեք ֆիքսված կամ ստատիկ չեն, այլ միշտ էլ վերակառուցվում են ի պատասխան նոր պահանջների, հետաքրքրությունների եւ պատկերացումների, չնայած միշտ էլ գտնվում են որոշակի շրջանակների մեջ» , գրում է հեղինակը:
Վկայակոչելով հարցի արեւմտյան լավագույն մասնագետներից Էնթոնի Սմիթինՙ հեղինակը ներբերում է նրա այն կարծիքը, որ մարդկային յուրաքանչյուր ինքնության հիմնական տարրը հիշողությունն էՙ անցյալի հետ անձնական կապի առկայությունը:
Ուսումնասիրության համար որպես գլխավոր սկզբնաղբյուր հանդիսացած պատկերագրության ընտրությունը պատճառաբանված հանգամանքներ ունի. նախ եւ առաջ երեւույթիՙ պատմական անցյալի հարուստ փորձի առկայությունը: Իր «Ներածականում» հեղինակը վկայաբերում է հույն պոետ Սիմոնիդես Քիոսցուն (մ. թ. ա. 556-468), ըստ ավանդության, հիշողության արվեստը հայտնաբերողին, որի կարծիքով «դժվար հիշվող գաղափարները կարող են սիստեմատիկորեն հանձնարարվել հիշողությանըՙ զուգորդելով դրանք անմոռաց պատկերների հետ»: Ըստ հիշողության հարցերի հայտնի մասնագետ Ռաֆայել Սեմյուելի, «Հին աշխարհում գործածվող հիշողության արվեստը պատկերային էր եւ կենտրոնանում էր ոչ թե բառերի, այլ պատկերների վրա, այն տեսողականն էր համարում առաջնայինը» :
Ավելի ուշ շրջանում կրոնական ծիսակատարությունների ժամանակ, օրինակ, օգտագործված պատկերային ատրիբուտները եւս (սրբապատկերներ, որմնանկարներ եւ այլն) ազդել են մարդկային գիտակցության վրա:
Պլակատներն ու ցուցապաստառները ավելի նոր ժամանակների ծնունդ ենՙ առաջինները հայտնվեցին Ֆրանսիայում, 19-րդ դարի 70-ականներին, ավելի գովազդային նշանակությամբ: Հետագայում դրանք հասարակական զարգացումների, շարժումներ ակտիվացումներին զուգահեռ ձեռք բերեցին լայն կիրառություն եւ ուղղվածությունՙ բարոյական, սոցիալական, քաղաքական, մարդկային ու ազգային ինքնության եւ իրավունքների, բնապահպանական եւ այլն: Դրանց համակարգված ուսումնասիրությունը, ըստ էության, բավականին պատկերացում կարող է տալ տվյալ շրջանի իրադարձությունների, հասարակական երեւույթների, մարդկային հոգեբանության մասին: Այս առումով 1988-1990 թթ. երեւանյան կյանքը (ազգային շարժումը) բավականին հարուստ էր. ցուցապաստառներ-պլակատները հեղեղել էին հրապարակներն ու փողոցները: Լինելով ամենատարբեր մասնագիտությունների, կրթական ցենզ ունեցողների եւ տարբեր տարիքի մարդկանց մտահղացումներ, դրանք հավակնում էին մի ողջ հասարակության մտայնության արտահայտության: Ինչպես հեղինակն է նկատում, մենագրության նպատակըՙ «ցուցապաստառների բովանդակության քննությունն է, ա՛յդ կերպ ժողովրդի ինքնության դրսեւորումներին անդրադառնալը»:
Ցուցապաստառների հարուստ բովանդակությունը հեղինակին հնարավորություն է տվել թեմատիկ բաժանումներ կատարել. հայերի ցեղասպանությունը, սումգայիթյան ոճրագործությունը եւ դրանց հետ կապված զարգացումները, հայ ժողովուրդՙ այդ թվումՙ հայոց լեզու, հայկական դպրոցներ, վերաբերմունք ԽՍՀՄ ղեկավարության եւ խորհրդային կարգերի հանդեպ, վերաբերմունքը վերակառուցման, հրապարակայնության եւ դեմոկրատացման քաղաքականության նկատմամբ, բյուրոկրատիայի քննադատություն, Ղարաբաղըՙ Հայաստանի մաս, Հայաստանի անկախություն, պանիսլամիզմ եւ պանթուրքիզմ, Ադրբեջան եւ ադրբեջանցիներ, բնապահպանական խնդիրներ, վերաբերմունք Խ. Հայաստանի ղեկավարների նկատմամբ եւ այլն:
Հ. Մարությանի արձանագրմամբ, Հայոց ցեղասպանությանը վերաբերող ցուցապաստառները քանակով նկատելիորեն գերակշռել են Շարժման հիմնականՙ Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու գաղափարը արտահայտողներից: Այն, ինչպես եւ վերը նշվեց, դարձել է մենագրության հիմնական առանցքըՙ ենթարկվելով համակողմանի եւ մանրակրկիտ ուսումնասիրության եւ եզրահանգման: «Ղարաբաղյան շարժման մեջ ցեղասպանության թեման, դուրս գալով սկզբնական շրջանին բնորոշ ցավի ու մորմոքի սահմաններից, մարդկանց մղում է ակտիվ գործողությունների: Ցեղասպանության հիշողությունն է դառնում այն միջոցը, որը թույլ է տալիս իրականացնել ժողովրդական վերափոխումները»: Այն դառնում է լայտմոտիվ «փոխելու հին պատկերացումներն ու կարծրատիպերը, ձեւափոխելու հին արժեքների վրա հենված ինքնությունը եւ աստիճանաբար ձեւավորելու նոր ինքնություն» :
Հետադիմական միջոց համարվող այդ գործոնը, սակայն, ինչպես հեղինակն է նկատում, «պարունակում է արարող եւ կենսատու հզոր պոտենցիալ: Պարզապես պետք է կարողանալ գտնել ու հավուր պատշաճի օգտագործել դրանք, այլ ոչ թե ձեռնամուխ լինել ինքնության նոր բաղադրիչների որոնման»:
Փորձել թեկուզ հնարավորինս համառոտ նման ծավալուն աշխատությանն անդրադառնալ, իսկապես, դժվար է: Գիրքը բովանդակող խնդիրները բամապլանային, տարաշերտ ու ճյուղավորված են: Եզրափակենք այնՙ մենագրության մասին մի քանի կարծիքների մեջբերումով.
«Մարությանի միջճյուղային բնույթ ունեցող արժեքավոր աշխատության մեջ Ղարաբաղյան շարժումն ու արդի հայ հասարակության գործընթացները վերլուծվում ենՙ սոցիոլոգիան ու մարդաբանությունը համակցելով պատմության եւ քաղաքագիտության հետ» ( Ռիչարդ Հովհաննիսյան , Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր):
«Մարությանը կարողացել է որսալ հայկական ինքնության կրած խորը փոփոխությունները այնպես, ինչպես դրանք զգացել եւ պատկերացրել է ժողովուրդը Հայաստանի անկախությունից անմիջապես առաջ եւ հետո: Նոր տեսանկյուն, հազվադեպ նվաճում» ( Գեւորգ Բարդաքչյան , Միչիգան համալսարանի պրոֆեսոր):