ՆՇԱՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ
1942 թվականի մայիս ամսին էր: Ծանր մի ժամանակ մեր երկրի, թերեւս ամբողջ քաղաքակիրթ մարդկության համար: Թվում է, թե դրված էր մեր գոյության հարցը: Եվ այդ օրերից մեկում, գրողների տան ոչ մեծ դահլիճում, ասես որպես վկայություն մեր ոգու արիության, քննարկվում էր Սունդուկյանի անվան թատրոնի վերջին բեմադրությունըՙ Շեքսպիրի «Համլետը»: Շենքի պատերից դուրսՙ երկրում եւ աշխարհումՙ ճակատագրական մի հարց. նույնպիսի մի հարց շենքի պատերից ներս. ի՞նչ է իմաստը թեւավոր դարձած այդ խոսքիՙ «Լինե՞լ, թե չլինել»: Հիմնական զեկուցումներն ու ելույթներն արդեն ավարտված են: Եվ ահա ձայն է տրվում երիտասարդ գրականագետ Ռուբեն Զարյանին: Եվ ելույթը կտրուկ առանձնացվում է մյուսներից թե՛ ծավալով եւ թե՛ խորությամբ: Պարզվեց, որ դա էր բերելու բեմադրության գնահատականը, կերպարի նոր մեկնաբանությունը բացահայտված էր, խաղն արժեքավորված:
Նշանավոր այդ ելույթով է ահա հիմք դրվում Ռուբեն Զարյանի թատերագիտական գործունեությանը:
Այդ տարիներն ուշագրավ էին հայ թատրոնի համար ընդհանուր առմամբ: Ավարտվում էր նրա հարուստ պատմության մի ամբողջ շրջանը: Հայ թատրոնը տվել էր արդեն շեքսպիրյան իր լավագույն դերասաններին Հովհաննես Աբելյանի եւ Վահրամ Փափազյանի գլխավորությամբ: Թատրոնամերձ հասարակության սերը շեքսպիրյան ներկայացումների ու կերպարների նկատմամբ տեղի պիտի տար մի այլ սիրո, այս անգամՙ հենց Շեքսպիրի նկատմամբ: Կենդանի տպավորություններին պիտի գար փոխարինելու իմաստավորումը կատարվածի: Ի դեպ, դա իր արտահայտությունն է գտնում նաեւ շեքսպիրյան համամիութենական գիտահետազոտական վեցերորդ հերթական կոնֆերանսի եւ թատերական փառատոնի մեջ, որ տեղի ունեցավ Երեւանում 1944-ի ապրիլին: Երկու տասնամյակ հետո, գրողի ծննդյան 400-ամյակի առթիվ արդեն Ռուբեն Զարյանի նախաձեռնությամբ գիտությունների ակադեմիայի արվեստի ինստիտուտին կից կազմակերպվում է շեքսպիրյան գրադարան եւ սկսում է գործել շեքսպիրագիտության հայկական կենտրոնը: Այս կենտրոնն էլ սկսում է հրատարակել շեքսպիրյան ժողովածու «Շեքսպիրական» զուտ հայկական անունով, որի վեցերորդ գիրքը շուտով կդրվի ընթերցողի սեղանին: Ի դեպ, մեր «Շեքսպիրականները» մեծ հետարքրություն են առաջացրել բոլոր այն երկրներում, որտեղ գործում են անգլիական դրամատուրգի գործն ուսումնասիրող հաստատություններ:
Ռուբեն Զարյանի թատերագիտական գործունեությունը, ինչպես տեսանք, սկսեց Համլետի ուսումնասիրությամբ, առանց ենթադրելու, որ Շեքսպիրն էլ մնալու է իր ուշադրության կենտրոնում ամբողջ կյանքի ընթացքում: Ադամյանի եւ Սիրանույշի մասին մենագրությունների լավագույն էջերը նվիրված են նրանց ստեղծած շեքսպիրյան բեմական կերպարներին: Հետագայում դրանց ավելացան Հովհաննես Աբելյանի, Վահրամ Փափազյանի, Խորեն Աբրահամյանի Օթելոներին նվիրված ուսումնասիրությունները, ինչպես եւ այլ հոդվածներ, որոնք պետք է խմբվեին «Շեքսպիրի հետ» գրքի մեջ:
Հայ թատերական արվեստը, ինչպես եւ հայ գրականությունը ընդհանրապես, ազգային որոշակի նկարագրով հանդերձ, ունի մի տիրապետող գիծ եւս. հումանիզմը: Մարդասիրությունը իր ամենալայն, համապարփակ իմաստով:
Այս պրոբլեմն իր առանձին զարգացումն է գտել «Ադամյանի Համլետը» աշխատության մեջ: Որպես ճշմարիտ արտիստ, Ադամյանը նախ եւ առաջ թափանցում է կերպարի էության մեջ, ելնում է Շեքսպիրիցՙ Շեքսպիրին վերադառնալու համար: Հենց այս գլխավորն էլ որսում է քննադատը: Նրա կարծիքով, դերասանը շեշտում է կերպարի մտավոր կողմը. ո՛չ թե արտաքինը, ո՛չ թե կենցաղայինը, ո՛չ թե այն, ինչ նրան բաժանում է վենետիկցիներից, այլ այն, ինչ մոտեցնում է սրանցից առավել զարգացած անհատներին: Նույնիսկ Սալվինիի Օթելլոյի համեմատությամբ Ադամյանի ստեղծած կերպարը ավելի բարդ նկարագիր ունի: Ադամյանը եւս սկսում է իր հերոսի ցեղային նկարագրից, բայց այդ նկարագիրը թողնում է կես ճանապարհին, որպեսզի շրջապատողների հետ լուծի մարդկայնության հարցը, մեծագույն հարցը այդ դարի համար, երբ ստեղծվում էր ողբերգությունը, ինչպես եւ մեր ժամանակների համար:
Հազվագյուտ թատերագիտական գործերի էր վիճակված այնպիսի ջերմ ընդունելություն, այնպիսի լայն ճանաչում գտնել, ինչպես Ռուբեն Զարյանի այս աշխատություններին: Դրանք գրականություն էին բառիս լավագույն իմաստով: Անցած-գնացած ներկայացումները նորից էին կենդանանում մեր աչքի առաջ, մենք լսում էինք լեգենդ դարձած մեր արտիստներին, համարյա տեսնում նրանց խաղը, ապրում նրանց հետ:
Սրա գաղտնիքը ոչ միայն նյութի խոր իմացությունն էր, դա ինքնին հասկանալի է, ո՛չ այնքան մեծաքանակ ջանքն ու տոկունությունը, դա էլ էր պատկերացվում վկայակոչված աղբյուրներից, այլեւ քննադատի նկարագիրը, մատուցելու նրա անուրանալի ձիրքը, նրա ինքնատիպ ոճն ու գրելաձեւը: Զարյանը ցույց տվեց, որ ժամանակակիցներիՙ նույնիսկ աննշան թվացող կցկտուր տեղեկություններից կարելի է քիչ թե շատ ամբողջական մի պատկերացում կազմել արտիստի խաղի մասին:
Մեր առաջնահերթ խնդիրներից մեկը գրականության եւ արվեստի բնագավառումՙ մնայուն արժեքների մատչելի դարձնելն է այլ ժողովուրդներին: Այս տեսակետից խոր գոհունակության է արժանի Ռուբեն Զարյանի վաստակը. մեր առաջավոր արվեստագետների հետ նա եւս ջանք ու եռանդ չէր խնայում հայ մշակույթը միջազգային ասպարեզ հանելու համար:
1965 թվականի պրոֆեսոր Գեւորգ Բրուտյանի հետ գտնվելով Լոնդոնումՙ Ռուբեն Զարյանը տեղական հայերից հրավեր է ստանումՙ Շեքսպիրի ծննդյան 400-ամյակի կապակցությամբ հանդես գալու մի դասախոսությամբ: Թեման լինում է «Շեքսպիրը եւ հայերը»: Դասախոսությունը տեղի է ունենում մայիսի 30-ին, աշխույժ հետաքրքրություն է առաջացնում եւ արձագանք է գտնում մամուլի էջերում: Այդ դասախոսությունը վերանայված եւ լրացվածՙ Երեւանում լույս է տեսնում 1967-ին, ապա եւ ֆրանսերեն թարգմանությամբ, 1973-ինՙ Ժնեւում: Սրա առաջաբանը պատկանում է Վահե Գոդելին: Անգլերեն այն լույս է տեսնում Երեւանում եւ Չիկագոյում:
1970 թվականի ապրիլին Շեքսպիրագիտության հայկական կենտրոնի ղեկավար Ռուբեն Զարյանը հրավիրվում է Վայմար, իր մասնակցությունը բերելու Շեքսպիրյան ընկերության ամենամյա հավաքին: Իր զեկուցումը նա նվիրում է Պետրոս Ադամյանին, որ անմիջապես էլ տպագրվում է «Շեքսպիրյան տարեգրքի» հերթական 100-րդ գրքում:
Երկրորդ անգամ հրավիրվելով Վայմարՙ Զարյանը 1972 թվականի ապրիլի 23-ին հանդես է գալիս մի զեկուցումով, որ նվիրված է լինում մեր դարի խոշորագույն ողբերգակ Վահրամ Փափազյանին: Այդ աշխատությունը եւս լույս է տեսնում նույն տարեգրքի հերթական համարում:
Նկատի ունենալով Ռուբեն Զարյանի ծանրակշիռ վաստակը շեքսպիրագիտության բնագավառումՙ Վայմարում նրան ընտրում են գերմանական շեքսպիրյան ընկերության պատվավոր անդամ, այն ընկերության, որ հիմնադրված լինելով 1864 թվականին, իր պատվավոր անդամների թվում է ունեցել եւ Իվան Սերգեեւիչ Տուրգենեւին: Ռուբեն Զարյանն առաջին հայ մտավորականն էր, որ արժանանում էր այդ պատվավոր կոչմանը: Չմոռանամ հիշել, որ երկրորդը եղավ Շեքսպիրի տաղանդավոր թարգմանիչ Խաչիկ Դաշտենցը:
Վերջապես մի հաճելի փաստ եւս. 1973 թվականին «Ադամյանի Համլետը», որ մինչ այդ հրատակակվել էր նաեւ ռուսերեն, Արմեն Զարյանի իտալերեն թարգմանությամբ լույս է տեսնում Վենետիկում: Սրա առաջաբանը պատկանում է Չարենցի թարգմանիչ Մարիո Վերդոնեին:
Պե՜տք է միայն պատկերացնել այս բոլորը: Հայ թատրոնի հրաշքըՙ Պետրոս Ադամյանն այդպես էլ չկարողացավ դուրս գալ իր հայրենիքի սահմաններից, թեեւ գիտակների կողմից համեմատվեց ժամանակի խոշորագույն ողբերգակների հետ, չկարողացավ իր ժողովրդի բեմական արվեստը հասցնել եվրոպական մայրաքաղաքներ: Կարո՞ղ էր նա երբեւիցե երազել, որ մեկ հարյուրամյակ հետո ինքն այնուամենայնիվ ներկայանալու է եվրոպական քննադատական մտքին, ներկայանալու որպես մեկը, որ իր դերն ունի կատարելու մերձեցման ու փոխհարստացման գործում:
Աշխարհահռչակ Ալեքսեյ Ջիվիլեգովից հետո Ռուբեն Զարյանն առաջին հայ արվեստաբանն էր, որ միջազգային ճանաչում է գտնում, որի տեսական հետազոտությունները եւ կազմակերպական գործունեությունն ակնառու ներդրում են դիտվում շեքսպիրագիտության բնագավառում:
Այսպես, օրինակ, Ամերիկյան շեքսպիրյան ընկերության հիմնադիր Ռուդոլֆ Հաբենիխտը գրում է. «Ամերիկյան շեքսպիրյան ընկերությունը խորապես պարտավորված է Ռուբեն Զարյանի ներդրումների համար, համաշխարհային շեքսպիրյան մատենագիտության մեջ: Համաշխարհային շեքսպիրագիտությունը բավականին հարստացել է Հայաստանում Շեքսպիրի վերաբերյալ Զարյանի անձնական ներդրումների շնորհիվ»: Ականավոր շեքսպիրագետ, Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Մարվին Ռուզենբերգը, որ զբաղված է Համլետի կերպարով, ընդունում է, որ Զարյանի «Ադամյանի Համլետը» աշխատությունը շատ օգտակար է եղել իր համար:
Ահա Լոձի համալսարանի անգլիական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Վիտոլդ Օստրովսկու կարծիքը. «Ռուբեն Զարյանի գրքերով եւ «Շեքսպիրականով» ինձ համար ոչ միայն բացահայտվել է Շեքսպիրի հայկական մեծությունը, այլեւ ամեն մի հնարավորություն օգտագործել է նա ինձ եւ իմ բարեկամների համար իրականություն դարձնելու Հայաստանի գեղեցկությունն ու պատմական մեծությունը...»:
Վերջապես բերեմ մի գնահատական եւս, որ պատկանում է հայագետ Էդմոնդ Շյուցի գրչին. «Ռուբեն Զարյանի մենագրությունները Հայաստանի դրամատիկ արվեստի հիմնական շրջանի հռչակավոր դերասանների եւ դերասանուհիների մասին կմնան որպես հայ դասական բեմարվեստի կայուն հուշարձաններ: Շեքսպիրագիտության ասպարեզում Ռուբեն Զարյանի գրական ակտիվության շնորհիվ հայկական դրամատիկական եւ գրականագիտական ուսումնասիրությունները դասվում են համաշխարհային շեքսպիրագիտության նվաճումների շարքում»:
1970-ական թվականներ, անտիպ