Մոսկվայի Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանում սեպտեմբերի 13-ին բացվեց Հայաստանի Ազգային պատկերասրահից, նաեւ Մ. Սարյանի, Եր. Քոչարի եւ Ռուսական արվեստի (Ա. Աբրահամյանի հավաքածու) թանգարաններից ընտրված XIX-XX դարերի հայկական եւ ռուսական շուրջ 100 գեղանկարչական բարձրորակ գործերի ցուցահանդեսը, որը գործելու է մինչեւ նոյեմբերի 20-ը:
Վերջերս Մոսկվա էր հրավիրվել արվեստաբան Շահեն Խաչատրյանը եւ, իհարկե, հարուստ տպավորություններով վերադարձել: Ըստ նրա, ցուցահանդեսն իր էությամբ բացառիկ է: Փորձենք մտովի տեղափոխվել Պաշկինյան թանգարան եւ ծանոթանալ ներկայումս Ռուսաստանի մայրաքաղաքում ընթացող ցուցահանդեսին:
- Այվազովսկուն նվիրված Ձեր ծավալուն հատորը Մոսկվայում արժանացավ առաջին կարգի դիպլոմի: Ընդունեք նաեւ մեր շնորհավորանքները: Այդ առիթո՞վ էիք հրավիրվել Մոսկվա:
- Նման վկայագրի, ճիշտ է, արժանացել եմ, բայց անկեղծ ասեմ` Ձեզ նման, այդ մասին միայն լսել էի: Մոսկվա եմ գնացել բոլորովին այլ նպատակով, նախ ծանոթացել եմ իմ նոր ալբոմի ձեւավորմանը եւ գլխավորը` օգնել նախապատրաստելու Գայանե Խաչատուրյանի դեկտեմբերին կազմակերպվող ցուցահանդեսը: Իրականացավ նաեւ ցանկությունս Պուշկինի անվան թանգարանում տեսնելու մեր թանգարաններից տարված նշանավոր պատկերների ցուցադրանքը:
- Այդ ցուցահանդեսի առթիվ առաջին հոդվածը Մոսկվայի «Կոմերսանտ» թերթում լույս տեսավ: Ինչպիս՞ն է Ձեր վերաբերմունքը կասկածանք հարուցող այս գրությանը:
- Ինձ արդեն ծանոթ այդ հոդվածի մասին խոսելը համարում եմ ավելորդ, բուն պատճառը հեղինակի բնութագրած «արվեստ գավառական թանգարաններից» խոսքն է: Պարզ է, որ հոդվածագիր Վ.Դյակոնովը հետապնդել է հակասական նպատակ եւ ձգտել է հիշողությունից հեռացնել համաշխարհային ճանաչման արժանացած նկարիչների անունները: Մեր թանգարաններ հանգրվանած բարձր արվեստի գործերի մեծ մասը նվիրվել, եկել են եվրոպական օջախներից: Իսկ ռուսական գործերի զգալի մասը ընտրել եւ Հայաստան է բերել մեր պատկերասրահի նախկին ու երկարամյա տնօրեն, արվեստագետ Ռուբեն Դրամբյանը: Ուրեմն ինչո՞ւ գրել գավառական...
Այս ցուցահանդեսը մշակութային եզակի, սքանչելի ստեղծագործությունների հետ ծանոթանալու, հոգեպես հարստանալու արտակարգ հնարավորություն է: Ամենատպավորիչը ռուսական եւ հայկական արվեստների հարազատությունն ու միեւնույն ժամանակ ինքնուրույնությունն են: Մեր նկարիչների զգալի մասը կրթություն է ստացել Ռուսաստանում եւ ապա` միշտ կապված մնացել հայրենի երկրին, հոգեւոր արմատներին: Այդ նվիրվածությունն է ազգային նկարագիր հաղորդել մեր արվեստին:
Մեր զրույցի պահին թանգարանի գիտական գծով փոխտնօրենն ասաց. «Հայկական նկարները գրավիչ են իրենց բովանդակային խորությամբ եւ գեղեցկությամբ, մակարդակ, որ լուծում են գտել ոչ թե բարդ, այլ պարզ ու գլխավորը` ինքնահատուկ լեզվաոճով»:
- Ցուցասրահներում մեր ո՞ր նկարիչների գործերն են ավելի ցայտուն արտահայտված:
- Հայ վարպետների շարքում խիստ տպավորող էին Այվազովսկու երեք նկարները (մեկը` «Նոյը իջնում է Արարատից»), Յակուլովի 6 եւ մեծ սրահի կենտրոնում տեղադրված Սարյանի 16 աշխատանքները: Թանգարանի ներկայացուցիչների ընտրած սարյանական գործերը դիտարկվում են իբրեւ 20-րդ դարասկզբին մեր վարպետի ցայտուն ինքնատիպությունը շեշտելու անկեղծ ձգտում: Նշենք, որ այդ բոլոր գործերը ներկայացված էին նաեւ Ֆրանսիայումՙ Պիկասոյի թանգարանում: Նույն շրջանի եվրոպական հռչակավոր վարպետների հետ համեմատելիս, Սարյանն ընկալվում է իր գեղարվեստական մտածելակերպի ինքնությամբ: Նրա պատկերները կառուցված են երգեցիկ ներդաշնակությամբ` դրոշմված գունային հարթ ու հնչեղ մակերեսներով, որոնք միաժամանակ ընկալվում են իբրեւ արեւալույսի պայծառ, կենսահորդ աղբյուր: Վստահ եմ, որ Սարյանն ավելի ամբողջական կդիտվեր, եթե այդ շրջանի երկու նկարների փոխարեն ցուցադրվեին 1920-ականների հայաստանյան գունագեղ բնանկարներից երկուսը:
- Դուք երկար տարիներ Սարյան թանգարանի եւ Ազգային պատկերասրահի ղեկավարն եք եղել եւ եվրոպական քաղաքներում տասնյակ նկարահանդեսների կազմակերպման լուրջ փորձ ունեք: Մոսկվա տարված գործերն իհարկե հրաշալի գիտեք: Ի՞նչ դիտարկումներ ունեք, ինչպիսի՞ գնահատականներ, կայի՞ն արդյոք նկատելի վրիպումներ, բացթողումներ:
- Այս հարցի պատասխանը թող միայն մեզ վերաբերի: Նախ նշեմ, որ նման ցուցահանդեսները շարունակվելու են եւ ծառայելու են խորհրդային նախկին հանրապետությունների միջեւ հարաբերությունների պահպանմանը: Այս ծրագիրը ծնունդ է առել «թանգարանային թագուհի» անվանվող, ակադեմիայի անդամ, Պուշկինի անվան թանգարանի երկարամյա տնօրեն, արդեն 88-ը բոլորած Իրինա Անտոնովայի կողմից: Նրան ծանոթ եմ եղել «Փարիզ-Մոսկվա» 1979-ի ցուցահանդեսի օրերից:
Ի. Անտոնովայի մտահղացմամբ իրականացած ներկա միջոցառումը սքանչելի անակնկալ է, որը հնարավորություն է ընձեռում մայրաքաղաքի դիտորդներին հաղորդակցվելու արվեստի անծանոթ, բարձրորակ գործերի հետ: Հայտնեմ միայն իմ նկատած մի շարք թերություններ: Օրինակ, 1920-ականների մի քանի իրապաշտական, ոչ այդքան տպավորիչ ընկալվող հայկական նկարները կարելի էր փոխարինել ավելի տպավորողՙ Մախոխյանի, Ադամյանի գործերով: Զարմանալի էր, որ կատալոգում տպագրված Թերլեմեզյանի «Սիփան սարը Կտուց կղզուց» գերող բնանկարի փոխարեն կախված էր նրա «Թիֆլիսի տեսարանը»: Լավ կլիներ, եթե բոլորը տեսնեին Թադեւոսյանի «Կոմիտասը», կամ Քոչարի «Բանաստեղծը»: Ռուս նկարիչների գործերից Շիշկինի «Անտառն» էլ Մոսկվա էր տարվելու, մի հոյակապ գործ, որի էսքիզային տարբերակը անհրաժեշտ են գտել ցուցադրել Պետերբուրգի Ռուսական թանգարանում: Նշեմ նաեւ, որ որոշ նկարների շրջանակները շտապ փոխվել են, առանց ճշտորոշ մոտեցման: Օրինակ, Սարյանի «Գիշերային բնանկարի» կապտավուն գունադաշտին աններդաշնակ է սրճագույն ձողափայտը...
Հայտնած կարծիքներիս հավելեմ ամենակարեւորը: Դա Այվազովսկու «Մխիթարյան հայրերը սուրբ Ղազար կղզում»ՙ զուտ ազգային, երազաշունչ նկարի բացակայությունն է: Ինչու՞ առաջարկված չէ նմանՙ նույնիսկ Փարիզում գնահատված գործի ընդգրկումը ցուցահանդեսում:
- Հետաքրքրական է: Ցուցահանդեսի առիթով հրատարակվել է ծավալուն կատալոգ. Ի՞նչ կասեք այս մասին:
- Պիտի շեշտեմ, որ «Ծիածանի երկու գույներ - զույգ ազգերի ճակատագիր» բանաստեղծական խոսքով մատուցվող կատալոգը նույնպես հիանալի է: Այստեղ միմյանց ձուլված հայկական եւ ռուսական արվեստի գործերը Հայաստանի նկարչական հարստության հայելին են: Տեքստային բաժնի ծավալուն հոդվածները առավել ներշնչող կլինեին, եթե բովանդակությամբ ավելի առնչված լինեին ցուցահանդեսի բուն նպատակին:
Ինձ հատկապես հուզել եւ մշտապես մտապահելու եմ Իրինա Անտոնովայի առաջաբանում նշված հետեւյալ միտքը. «Այս ցուցահանդեսը թույլ չի տալու շրջանցել հրաշալի ծովանկարների հեղինակ Այվազովսկուն, որին հավասարապես պետք է համարել ե՛ւ իբրեւ ռուս, ե՛ւ իբրեւ հայ նկարիչ»: Ուշագրավ էր, որ պատկերների կողքին, նաեւ կատալոգում նկարչի անունը նշված էր այսպես` «Իվան Այվազովսկի (Հովհաննես Այվազյան)»:
2010-ին իրագործված մոսկովյան ցուցահանդեսը հիմնավորեց երկար տարիներ անընդունելի մնացած այս ճշմարտությունը:
- Պրն Խաչատրյան, այսպիսի գործունեությունթը թույլ է տալիս մտածելու, թե Դուք մշտապես որոնող այն հոգիներից եք, որ, կարելի է ասել, դադար չունի, նաեւ յուրատեսակ մի ճամփորդՙ արվեստի հետքերով, իհարկե: Մի քանի օրից Մարսել եք մեկնումՙ ի՞նչ առիթով:
- Ես ճամփորդող չեմ, բայց ճամփորդում եմ ըստ արվեստի պահանջի: Այդպես եղավ Արշիլ Գորկու երեք ցուցահանդեսների հետ իմ ծանոթությունը, որն առիթ տվեց նոր «կանչերի»: Մարսել եմ գնում Կենտրոնական հայկական եկեղեցու մշակութային դահլիճի վերանորոգումից հետո կազմակերպվող երեկոներին մասնակցելու: Հրավիրված եմ ներկայացնելու Մ. Սարյանի արվեստըՙ ծննդյան 130-ամյակի առիթով, նաեւ Արշիլ Գորկու արվեստըՙ առնչված իր ամենաընդգրկուն ցուցահանդեսներին ու հայկականության հաստատմանը:
Հարցազրույցը վարեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԸ
Մոսկվայում գործող ցուցահանդեսի օրերին լույս է տեսել արվեստաբան Մինաս Սարգսյանի 1990-ին Երեւանում տպագրված «Մեծ ծովանկարչի կյանքը» մենագրությունըՙ ռուսերենով, գրավիչ ձեւավորմամբ, Այվազովսկու հայկական թեմաներով նկարների վերատպությամբ եւ անծանոթ լուսանկարներով («Կոկտեբել» հրատ., 383 էջ): Հեղինակի գործունեությունը ներկայացրել է Շահեն Խաչատրյանըՙ «Նա գիտեր գտնել» խորագրով: Գիրքը բովանդակային առումով շատ հարիր է մոսկովյան ցուցահանդեսում Այվազովսկու նկարների մատուցման ձեւին: Շուտով Երեւանում տեղի է ունենալու այդ գրքի շնորհանդեսը, որին «Ազգը» կանդարդառնա ավելի ընդգրկուն: