ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#14, 2010-09-25 | #15, 2010-10-09 | #16, 2010-10-23


ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐՈՒ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ

ԳՐԻԳՈՐ ԱՃԵՄՅԱՆ

Պատրաստ է Գուրգեն Մահարու կենսամատենագիտությունը երկու հատորով: Սակայն քանի որ անհայտ է, թե մեր մշտա- եւ նեոճգնաժամային ժամանակներում ե՞րբ դա կհասնի ընթերցողին, պարտք եմ համարում ամփոփել այն հոդվածով:

Ինչպես բոլոր գրողների կյանքի եւ ստեղծագործության տարեգրությունները, Գուրգեն Մահարունը նույնպես հիմնականում հենված է ժամանակի մամուլի վրա: Սակայն նա չի պատկանել այն գրողների թվին, որոնք աշխատել են ընթերցողական ձայն-արձագանքին ունկնդիր: Հայաստանի առաջին հանրապետությունում գրական կյանքը շատ էր անկազմակերպ: Մոտ երեք տարի պարբերականներում տպագրելով բանաստեղծություններ, հոդվածներ ու ակնարկներ, նա այդպես էլ չունեցավ ոչ մի արձագանք, եթե չհաշվենք «Պետք է հոգ տանել» ռեպլիկը, որտեղ ուշադրություն էր հրավիրվում «Մահարի» անունով որբի վրա [1]:

Հետխորհրդային Հայաստանում գրական կյանքը «կանոնակարգվեց», բայց չափանիշը դարձավ ոչ թե գրարվեստը, այլ պրոլետարականությունը: Նոր պայմաններում Գ. Մահարին ստիպված էր դրսեւորել կրկնակի զգուշություն: Մի կողմից նա ձգտում էր մոռացության մատնել գրական իր անցյալը, քանի որ հանդես էր եկել ընդդեմ դաշնակցական ու համայնավար հեղափոխական կուսակցությունների, մյուսից` խուսափելով ռապպական քննադատությունից, չէր շտապում մամուլում տպագրել ժամանակին անհարիր իր գործերը: Դրանով է բացատրվում արձակ ու չափածո անտիպ գործերի առատությունը նրա 20-30-ական թթ. գրքերում:

Գրողի բնավորության մի գիծը նույնպես ազդեց նրա կենսամատենագիտության վրա: Դա նրա պասիվությունն էր: Հայ ռամկավար աշակերտական միության երբեմնի նախագահը եւ «Վերածնունդ» թերթի խմբագիրը, հետխորհրդային շրջանում ինքնամփոփվեց: Չսիրված բաները դարձան ժողովները, ելույթները [2]: Հակակրանքը դրանց նկատմամբ ստիպում էր խուսափել անգամ հոգեհարազատ միջոցառումներից. «Վաղը Չարենցի 70-ամյակն է... Է՜, վերջին 30 տարիների ընթացքում ինչե՜ր անցան, դարձան... եւ նրանք, որոնք այն սեւ տարիներին նրան հայհոյում էին, վաղը պիտի նստեն հանդիսավոր նիստին եւ ծափահարեն: Եվ... խնայելու համար ներվերս, որոշեցի հանդիսավոր երեկոյին չերթալ, տուն մնալ եւ մտածել աշխարհի չար ու բարու մասին: Իսկ աշխարհում դժբախտաբար չարը շատ է, իսկ բարին քիչ...» (Շ. Շահնուրին, 24 սեպտ. 1967թ.) [3]:

Գ. Մահարու կենսամատենագիտությունում մեկ ձեռքի մատների վրա են հաշվվում հանդիպումներն աշխատավորական կոլեկտիվների հետ, չնայած դրանցով էր չափվում գրողի հասարակական ակտիվությունը, եւ «Գրական թերթի» շատ համարներ լույս էին տեսնում նման հանդիպումների մասին սյունակներով:

Գ. Մահարու մասին չկան «վերջում իրենց բանաստեղծությունները կարդացին»-ով ամփոփումներ, նա «դամ» չի պահել, մտքերի փոխանակությանը չի մասնակցել, դասախոսություններով ու զեկուցումներով հանդես չի եկել, գրական սեմինարներին չի մասնակցել, ոչ մի գրքի մասին հանդես չի եկել, լռել է դիսպուտներում ու ժողովներում, խուսափել է հանդիսավոր նիստերից եւ մեծարման երեկոներից, հրաժարվել է իր ծննդյան 60-ամյակի միջոցառումներից, չի բազմել նախագահություններում, պատգամավոր չի ընտրվել, դամբանականներով հանդես չի եկել, չունի գոնե մեկ հեռուստակադր կամ կինոժապավենի մեկ մետր, թողել է ընդամենը երեք-չորս տասնյակ լուսանկար [4], չի հանդիպել պատանի կամ երիտասարդ ստեղծագործողներին, չի կրել հասուն տարիքում պիոներական փողկապ, հյուրերին «ողջույնի խոսքով» չի դիմավորել, չի ուղեկցել, չի մասնակցել նրանց հետ հանդիպումներին (բացառությունը Վ. Սարոյանն էր` 1935 եւ 1960 թթ.), չի դատապարտել Մ. Շահինյանի կամ Բ. Պաստերնակի «ամոթալի» վարքագիծը...

Քանդակներից մեկում ձեւակերպված է այդ հավատո հանգանակը.

«Կարեւորը գրողի դիրքն է:

Մի՛ նստիր լույսի տակ` աչքդ հառած ստվերներին:

Եղի՛ր ստվերում ու նայիր լուսավոր կյանքի լուսավոր եզերքներին: Եվ գրիր:

Այս դեպքում կշահի եւ՛ գրականությունը եւ... համեստությունը» [5]:

Նման պասիվությունը նվազեցնում էր մամուլում նրա անվան հիշատակումները եւ դժվարեցնում միջոցառումներին նրա մասնակցության ճշտումը: Դրան գումարվում էին «շրջափակումները», երբ գրողների միությունից վտարվելուց (1924, 1927) կամ քննադատական հերթական ալիքից հետո նրա անունն անհետանում էր մամուլից:

20-30-ական թվականների խորհրդահայ գրական կյանքի մասին անկաշառ խոսք կարող էր ասել արտասահմանի հայ մամուլը, սակայն վերջինս անտեսում էր խորհրդահայ գրականությունը, որտեղ անարյուն գործերի հետ ստեղծվում էին նաեւ մնայուն արժեքներ: Գրողների ասոցիացիայի եւ «Նոյեմբեր» խմբի պայքարը կարեւոր փուլ էր, որը վրիպեց Սփյուռքի ուշադրությունից: Տասնյակ պարբերականներ զբաղված էին միջկուսակցական քաշքշքուկով, իսկ հայաստանյան կյանքից նրանց հետաքրքրում էին բացասական երեւույթները, կամ... «գայլերի ակտիվացումը»: Անտեսելով խորհրդահայ գրական առաջին քայլերըՙ Սփյուռքը չհասկացավ, որ 30-ական թվականների պայքարը երկու թեւերի միջեւ շարունակությունն էր մեկ տասնամյակ առաջ սկսված պայքարի: Միայն 1936 թ. բռնադատումներից հետո Սփյուռքը սկսեց տարբերակել թե ով` ով է խորհրդահայ գրական աշխարհում:

Ինչ վերաբերում էր Սփյուռքի «առաջադիմական» մամուլին, ապա այն չէր տարբերվում երկրի մամուլից, քանի որ հենվում էր գաղափարական ջրերում անխորտակ լողացող գույումճյանների, սիտալների, ավելի ուշ` թոփչյանների, կուրտիկյանների վրա...

«Անկախ» մամուլը կարճատես էր, «կախյալը»` կույր: Երկու դեպքում էլ առկա էր տեսողության արատը:

Սփյուռքում վճռորոշը գրողի վերաբերմունքն էր դեպի դաշնակցությունը: Նման «սկզբունքը» ստեղծել է հիշարժան անպատեհություններ: 1961 թ., երբ Գ. Մահարին ընկած էր դաշնակցական մամուլի, այդ թվում` Թեհրանի «Ալիքի» աչքից, «Գրական թերթում» լույս տեսավ Հրաչյա Ներսիսյանի հիշատակին նվիրված նրա մահախոսականի առաջին մասը [6], որտեղ անփութորեն նշված չէր հեղինակը: «Ալիքը» տպագրեց շահեկան նյութը` նշելով աղբյուրը [7]: Բայց երբ ստացվեց «Գրական թերթի» հաջորդ համարը հեղինակի նշումով, «Ալիքը» չտպագրեց հուշ-մահախոսականի երկրորդ կեսը:

Գ. Մահարու պասիվությունն իրականում թվացյալ էր: Ժամանակակիցներից ոչ ոք չունի այդքան նամակներ խմբագրություններին, արձակ եւ չափածո չարտասանված ելույթներ, արձագանքներ ու ռեպլիկներ, հոդվածներ ու գրախոսականներ: Մասնակցելով 1930 թ. գրական դիսպուտին եւ խուսափելով ելույթիցՙ նա հանդես եկավ ծրագրային հոդվածով եւ «պարզաբանումով». «Ընկեր խմբագի՛ր, որովհետեւ չունեցա հնարավորություն` մեր պոեզիային նվիրված դիսկուսիային հանդես գալու, արդ, ուրեմն, խնդրում եմ տեղ տալ թերթիդ էջերում...» [8]:

«Չմիացնելով» իր ձայնըՙ նա հաճախ մարում էր «տուրքը» երկերով: Այդպես են գրվել շատ բանաստեղծություններ ու ակնարկներ: Եվ եթե 20-30-ական թվականներին նա ինչ-որ ձեւով դեռ նշում էր իր մասնակցությունը հասարական կյանքում, ապա 50-60-ականներին ընդհանրապես ձեռնպահ մնաց ամեն տեսակի «կամպանիաներից»:

Սխալված կլինենք, եթե Գ. Մահարու գրական ակտիվության մասին դատենք նրա հրապարակումներով: Դա այդպես էր նախախորհրդային բազմակուսակցական մամուլի պայմաններում: Հետ այդմ կողմնակի շատ գործոններ խախտեցին այդ օրինաչափությունը: Առաջնայինը դարձավ գրողի քաղաքական վստահելիությունը, սովորական էին դառնում «Պայքար գեղարվեստական որակային ցուցանիշների համար» տիպի խորագրերը, հրապարակումների վրա գրաքննչություն սահմանելու նպատակով ստեղծվում էին խմբագրական մինի-կոլեգիաներ, որոնք, ղեկավարվելով գործող չափանիշներով, կատարում էին Գ. Մահարու «դուրսմղման» աշխատանքները, այսօր «Ավանգարդից», վաղը` «Գրական դիրքերից» ու «Երիտասարդ բայլշեւիկից» մինչեւ... մինչեւ խմբագրի կամ գաղափարական «ֆրոնտի» ղեկավարի փոփոխությունը:

1936-ի օգոստոսին Մահարին ձերբակալվեց, եւ նրա անունն անհայտացավ խորհրդահայ մամուլում: Կարծես այդպիսի գրող չէր էլ եղել: Նրա մասին գիտեին մտերիմները, որոնք ժամանակ առ ժամանակ անհույս դիմումներ էին գրում ներքին գործոցին (Խ. Ռադիո, Վ. Աճեմյան) եւ... նույն այդ մարմինը, որի ոտքերի տակ հայտնվել էր նա: Երկրագնդի մեկ վեցերորդի վրա իջել էր երկաթե վարագույրը: Գրական շրջանակներին մոտ դրսի գործիչներն անգամ (Ս. Վրացյան, Վ. Ահարոնյան, Ա. Չոպանյան...) մինչեւ 1955 թվականը չգիտեին ո՞ղջ է արդյոք Մահարին կամ Բակունցը: Անգիտությանը նպաստում էր ապատեղեկատվությունը, որ ժամանակ առ ժամանակ արտահոսում էր երկրից: Մասսայական ներգաղթի նախօրեին պոլսահայ թերթը գրեց` «Համաձայն արտասահմանի հայ թերթերու հրատարակած լուրերու` 1936-ին մեկուսացված մտավորականներ Ալազան, Նորենց, Գուրգեն Մահարի, Ակսել Բակունց, Զապել Եսայան, Ե. Թոլոյան, Մ. Էմին (հավանորեն Մ. Արմենն է.- Գր. Ա.) եւ ուրիշ գրողներ ողջ են եւ Երեւան վերադարձած: Եղիշե Չարենց մեռած է իր բնական մահով» [9]: Բեյրութն արձագանքեց «Ներում Հայաստանի գրողներուն» [10], իսկ Փարիզը` «Հայաստանի մեկուսացված գրողները Երեւան եկած են» [11] ավետիսներով: Եվ դա այն դեպքում, երբ թվարկված գրողների մի մասն արդեն քանի տարի կենդանի չէր, իսկ մյուսը չէր ավարտել ճամբարային գողգոթան:

Ա. Ծառուկյանը սկզբում «կուլ տվեց» խայծը «Ո՞ղջ են թե մեռած» նշմարում. «Վերջերս հիանալի լուր մը սկսավ շրջան ընել հայ մամուլին մեջ: Թե` Հայաստանի գրողները ողջ են, թեեւ բանտը, թե միայն Չարենցն է մեռնողը, այն ալ բնական մահով, թե ողջ է նաեւ Գուրգեն Մահարին եւ ազատորեն կշրջի Հայաստանի մեջ: Հրաշալի՛ լուր մը արդարեւ ու այնքան հրաշալի` որ մարդ դժվարություն կկրե հավատալու լուրին ճշտության...» [12]: Պահանջվեց չորս տարի, որպեսզի տատանվի այդ հավատը. «Արտասահմանի հայ մամուլը պարբերաբար արձագանքը կըլլա ուրախառիթ լուրի մը, թե Երեւան վերադարձած են մոտ տասը տարիե ի վեր ասպարեզե քաշված գրագետները: Թեեւ խորհրդային աղբյուրե ցարդ որեւէ հաստատում չեղավ այդ մասին, այսուհանդերձ...» [13]: Եվ միայն հաջորդ անդրադարձում խմբագիրը բնորոշ անկեղծությամբ գրեց. «Ավելի քան մեկ տասնամյակե ի վեր Չարենցի անունը ջնջված է խորհրդային մամուլեն, ինչպես Մահարիինը, Բակունցինը, Նորենցինը եւ այլն...: Թե ինչ ճակատագիր վիճակվեցավ բանաստեղծին եւ ընկերներուն` կանգիտանանք դեռ եւ ա՛լ հուսահատեցանք առեղծվածին լուծումը փնտռելե: Ատենը մեկ, արտասահմանյան թերթ մը սուտ լուր մեջտեղ կհանէ (ողջ են, աքսոր են, եկա՜ն, պիտի գա՜ն, կուգա՜ն...), որ Հայաստան չհասած անարձագանք կմեռնի» [14]:

Սփյուռքը չնկատեց Գ. Մահարու վերադարձը 1947-ին եւ նրա երկրորդ ձերբակալությունը մեկ տարի անց, երբ նախկին մեղադրանքներով դատապարտվեց ցմահ աքսորի: Միայն Ստալինի մահից եւ Բերիայի գնդակահարությունից հետո նա վերջնականապես վերադարձավ հայրենիք:

Սփյուռքում նկատելի էր ոչ երկրորդական մի մոտեցում եւս հայաստանյան բռնադատություններին: Դաշնակցական «Հայրենիքի» (Բոստոն) համար «մաքրագործումները» թեմա էր, որը պետք էր շահարկել եւ շահարկվում էր լիուլի: Գրողի նկատմամբ թերթը կորցրեց հետաքրքրությունը, երբ նա վերադարձավ գրականություն: Ավելի սրտացավ ու սկզբունքային էր Փարիզի «Յառաջը»: Մինչ մի թերթը տպագրում էր Գ. Մահարուն առիթից առիթ, ասես չկամությամբ, մյուսի անդրադարձները կատարվում էին կանոնավոր:

Առաջին անգամ հայ կենսամատենագիտությունում օգտագործվել են ՊԱԿ-ի եւ դատախազության փաստաթղթերը: Առանց դրանց այն կլիներ թերի: «Նստած» գրողի փոխարեն «քայլում» էին «գաղտնի» եւ «հույժ գաղտնի» փաստաթղթեր: Դրանք բաժանվում են երկու խմբի: Մեկը` դատապարտյալի տեղաշարժերի եւ նրա «գործի» վերանայման կապակցությամբ հուսահատ քայլերի մասին է, որ կատարում էին նա եւ նրա մերձավորները: Մյուսը` Գ. Մահարու, Ե. Չարենցի, Ա. Բակունցի, Վ. Թոթովենցի, Զ. Եսայանի, Մ. Ջանանի, Վ. Ալազանի, Վ. Նորենցի, Ա. Ադոյանի, Ս. Թարյանի, Վ. Մարտյանի, Լ. Մարությանի, Ե. Խոջամիրյանի գործերում «քնած» ցուցմունքներն են, որոնք, որքան էլ անհեթեթ` ունեցել են դամոկլյան սրի ուժ եւ խորհուրդ: Ընթերցողը պետք է մշտապես հիշի, որ ՊԱԿ-ի զնդաններում «խոստովանությունն» այլընտրանք չուներ: Այլընտրանքը Հայկական դիվիզիայի պետ, գնդապետ Հակոբ Աթոյանի ճակատագիրն էր, որն առաջին իսկ «կոշտ հարցաքննությունից» հետո տեղափոխվեց բանտային հիվանդանոց եւ մի քանի ժամից մահացավ` հասցնելով «ստորագրել» հարցաքննության արձանագրության էջերը: Չնայած այդ նյութերի ակներեւ անհավաստիությանըՙ մենք գտանք անհրաժեշտ դրանց օգտագործումը որպես օրինազանց դաշտում գտնվող միակ «իրավական» փաստաթղթերի:

Հետաքրքրական է մեր գրողների «հետձնհալային» զգուշավորությունը, երբ առկա էր մի կողմից արդարության վերականգնման պահանջը, մյուսից` ստալինյան ու հետստալինյան «ճշմարտությունների» հաշտեցման ներքին ցանկությունը: 1954 թ. հունիսի 16-ին, երբ Գ. Մահարին գտնվում էր վերադարձի կես ճանապարհին` Մոսկվայում, զինվորական դատախազ, գնդապետ Վիտիեւսկին Երեւանում վկայական ցուցմունքներ է վերցրել Հր. Քոչարից. «Գ. Մահարուն ճանաչում եմ 1925 թվականից: Նա տաղանդավոր բանաստեղծ է, որն ուներ մեծ ճանաչում ընթերցող մասսաներում: Ունեցել է մոլորություններ եւ սխալներ, որոնք առիթ են տվել քննադատությանը նրան մեղադրելու ազգային սահմանափակության, հայ ժողովրդի անցյալի իդեալականացման համար, սակայն դրանք ունեցել են գրական բնույթ, հանդիսացել անցյալի առանձին գրողների` Սիամանթոյի, Վարուժանի, Մեծարենցի, Չարենցի գրական ազդեցություններ...» : Նշելով Ե. Չարենցի «աղոտ պատկերացումները գրականության ազգային բնույթի մասին», որոնք բաժանել է եւ Գ. Մահարին, նա կատարել է հետեւություն. «Չարենցին եւ Մահարուն կարելի էր ուղղել հասարակական քննադատության միջոցով, բայց ոչ ձերբակալության» [15]:

Գ. Մահարին եղավ «պասիվ» մեկ հարցում եւս: Նա ոչ մի անգամ չեղավ արտասահմանում. «Բեյրութից, Աղեքսանդրիա-Գահիրեից եւ Փարիզից անհատապես հրավիրված եմ, բայց չի երեւում, որ պիտի թույլ տան գնալու. դրա փոխարեն ուղարկում են մարդկանց, որոնք սփյուռքում ոչ մի կշիռ չունեն եւ չեն վայելում ոչ մի ժողովրդականություն... Մեր ախկլե-քյալողները օժտված են իրենց քթից հեռու ոչինչ չտեսնելու հատկությամբ...» (Խ. Ռադիոյին, 9 հունվարի, 1966թ.): Դա նույնպես ազդեց Սփյուռքի մամուլում գրողի ակտիվության վրա, որը պայմանավորված էր ոչ միայն զբոսաշրջիկային այցերով, այլեւ ՊԱԿ-ի հսկողության տակ ուղարկվող գրական նյութերով: Առանց փաստերի խոսելն անիմաստ է, բայց ուշադիր ընթերցողը Սփյուռքի մամուլի հետ թեկուզ ոչ հիմնավոր ծանոթությամբ հեշտությամբ կտարբերի գրական այրերին, ովքեր վայելել են ՊԱԿ-ի բարեհաճ վերաբերմունքը:

Տարեգրության կարեւոր աղբյուրներից է Գ. Մահարու նամակագրությունը: Նամակներ նա գրել է դեռ որբանոցից եւ 20-30-ական թվականներին արդեն ունեցել լայն կապեր: Վաղ նամակներն ըստ մեծ մասի չեն պահպանվել...

Կենսամատենագիտությունում օգտագործվել են մոտ 1000 նամակներ:

Գրողի կյանքի վերջին շրջանի լուսաբանմանը նպաստել է նաեւ Մ. Արմենի օրագիրը: Նա Մահարու համախոհն էր` ըստ «Նոյեմբեր» գրական խմբի, անմիջական հարեւանը` ըստ բնակության, իսկ վերջին տարիներին` երդվյալ հակառակորդը: Մենք ոչինչ չենք թաքցրել, բայց օրագրին պետք է մոտենալ վերապահումով, քանի որ այն ավելի ուշ խմբագրվել է, մեքենագրվել: Չնայած թափված աշխատանքին, օրագիրը գրական երկ չդարձավ, բայց շարունակում է մնալ որպես կարեւոր փաստաթուղթ:

Օգտագործվել են նաեւ Գրողների սկզբնական կուսակցական կազմակերպության ընդհանուր ժողովների եւ բյուրոյի նիստերի արձանագրությունները:

Որքան էլ տարօրինակ է, մեզ չհաջողվեց գտնել Գրողների միության 60-70-ական թվականների արխիվը: Զարմանալի բան: Հիտլերի, Ստալինի հանցավոր գրասենյակների արխիվները պահպանված են, իսկ Գրողների միության արխիվը` ոչ: Մտածելու նյութ է...

Անսովոր լայն է Գ. Մահարու հրապարագրական դաշտը` հարյուրավոր անուններ ու թվարկումներ: Լոկ խոսքեր չեն նրա պնդումը. «Իմ ամբողջ կյանքը եւ գրական գործունեությունը նվիրված է եղել եւ է՛ ուրիշների հաջողությամբ ուրախանալուն եւ լավը քաջալերելուն» (Մ. Արմենին, 21 հունիսի 1963թ.): Գրական կապերն այն ապրանքը չեն, որ դնես նժարի վրա եւ կշռես, սակայն տարեգրությունը վեր է հանում հետաքրքիր մի երեւույթ: Պ. Սեւակի, Ս. Կապուտիկյանի, Հովհ. Շիրազի, Գ. Էմինի մասին նա գրել է լիուլի` տարբեր ժանրերում... Հիշեցնենք թեկուզ Սեւակի «Տերյանը պահանջում է...» հոդվածի «...Ամբողջ ձայնով» արձագանքը: Սակայն վերոհիշյալները չունեն Գ. Մահարու անվան թեկուզ հիշատակում: Չխոսենք բարոյական պարտքից` մի՞թե գրականության շահերը չպահանջեցին, որ նրանք առիթով վերհիշեին իրենց ժամանակակցին, կարեւոր չէՙ դրական թե բացասական: Դա պետք է որ լիներ անխուսափելի, եթե նկատի ունենանք Գ. Մահարու ակտիվ հրապարագրությունը: Սակայն «մենատնտեսային» շահերով ղեկավարվող նրա ժամանակակիցների համար անխուսափելին դարձավ հնարավոր: Նրանք գերադասում էին անմահության ուղեգրեր բաժանել երկրորդական դեմքերին` Ա. Գրաշուն, Տ. Բակուրին (Ավ. Իսահակյան), ջերմանալ միայն իր խարույկով (Ս. Կապուտիկյան): Պ. Սեւակը, Գ. Էմինը, որոնց մասին Մահարին ունի բազմաթիվ հիշատակումներ, չունեն իրենց գրական «բագաժում» Գ. Մահարու գոնե մեկ հիշատակում: Չպետք է դա բացատրել բարդ հարաբերություններով: Եղել են տարիներ, երբ Սեւակն իր ավագ բարեկամին դիմել է չարենցյան «խան»-ով, օգտագործել «սիրելիի» եռապատիկ եւ զգայացունց ձեւը ( «Գուրգեն խա՜ն, սիրելի՜, սիրելի՜, սիրելի՜...». «Էլի գրկում եմ քեզ, սիրելի՜, սիրելի՜, սիրելի՜...» ) եւ այնուամենայնիվ... մոռացել նրան գրասեղանի առաջ: Գրականագետնե՞ր են արդյոք Ալբերտներ Արիստակեսյանը կամ Կոստանյանը, որոնց նույնպես հաջողվել է շրջանցել Գ. Մահարուն: Մի՞թե Սեւակի մասին մենագրություն գրելիս նրանցից առաջինը (խուսափենք անունը տալուց...) անհրաժեշտություն չի զգացել անդրադառնալու սեւակյան դիմանկարի ու գրախոսականների հեղինակին... Էլ ի՞նչ մենագրություն: Տարբեր են եղել պատճառները` մեծամոլություն (այո՛...), աղքատիկ բագաժ (այո՛, այո՛...), անառողջ խանդ ու նախանձ (եռապատիկ այո՛...), իսկ արդյունքը եղել է նույնը...

Ավ. Իսահակյանը, Դ. Դեմիրճյանը, Ստ. Զորյանը ավագ սերնդի գրողներ էին: Բայց դա իրավունք չի տվել նրանց անտեսել ժամանակակցին, որը նրանց մասին գրել է դեռ նախախորհրդային 1918 թվականին եւ ում կողքին, նույն լուսնի տակ, ապրել են չորս-հինգ տասնամյակ: Եթե Մահարին լիներ նրանց նման, ապա մենք չէինք ունենա գրական այն հարուստ «քարտեզը», որն առկա է նրա հրապարագրությունում:

Թող ընթերցողը ների մանրանալու համար, բայց... կենսամատենագիտությունը «հաշվապահություն» է: Դա է այստեղ գլխավորը եւ «երկրորդականը»...

Հեշտ բան չէ կազմել տարեգրություն մի երկրում, որտեղ թերթերը տասնամյակներ շարունակ ստեղծել են իրենց մտացածին, վիրտուալ աշխարհը: Թերթելով համալիրներըՙ չես խուսափում զգացումից, որ գործ ունես այլալեզու թերթի թարգմանության հետ: Այդ այսօր է 1960 թ. մշակութային կյանքի իրադարձություններից մեկը համարվում Վ. Սարոյանի այցը Հայաստան, իսկ ժամանակին մայրաքաղաքի երեկոյան օրաթերթը դրան հատկացրեց չոր տեղեկատվություն... գրողի մեկնման նախօրյակին: Իսկ «Գրական թե՞րթը»... «Սովետական Հայաստա՞նը», ռուսալեզու «Կոմունի՞ստը»... Երկրի դեմքը փրկեցին Գ. Մահարու, Կ. Սուրենյանի հուշերը...

Գ. Մահարին չի եղել հերթապահ թվարկումներում: Նա շրջանցվել է այնքան հաճախ, որ ստիպված է եղել անդրադառնալ «ժանրին» գոնե նամակներում. «Ինձ գովել են եւ դու մտածել ես, մի՞թե թերություններ չունեմ ես... Իսկ քեզ չի՞ մտահոգում, որ 1936 թվականից արձակ ու սանձարձակ ամեն ոճերով ու պոչերով, «գիտական» մենագրություններով եւ ամեն ձեւով փառաբանում են Զորյանին, Զարյանին, Սարյանին: Եվ մինչեւ հիմա գրողներին թվագրելիս սկսում են այս սուրբ երրորդությունից: Դու ա՛յս փաստով դառնացիր եւ ոչ թե նրանով, որ քո ընկերոջը գովում են եւ չեն տեսնում թերությունները... եւ եթե մեկը քեզ «անսանձ» գովի, անգամ չափազանցրած գույներով, ես միայն կուրախանամ... հենց թեկուզ հիշելով սուրբ երրորդությունը...» (Մ. Արմենին, 25 հուլիսի 1963 թ.), «Ես իմ լենինյան բանաստեղծություններով չեմ պարծենում, բայց եթե պետական-արքունական կրիտիկոս Մնացականյանը գրում է Լենինի մասին գրող բանաստեղծների մասին եւ անմնացորդ թվարկում լենիներգակներին Չարենցից մինչեւ Հենրիկ Թումանյան, ինչո՞ւ մոռանում է ընդամենը մեկ անուն եւ այդ մեկը անպայման ես պիտի լինեմ... Մի՞թե այնքան փոքր եմ, որ չեմ երեւում կամ այնքան մեծ` որ կարիք չեն զգում հիշել ինձ: Ոչ մեկը, ոչ մյուսը...» (Վ. Դավթյանին,14 մայիսի 1965 թ.), «Իսկ դու կարդա «Ս. Գրակ.» ամսագրի N 5-ում «Սով. արձակը 20-ական թվերին». ես էլ, դու էլ բաժին ունենք. ավելին կունենայինք, եթե... Ակսելի ու Չարենցի կողքին պառկած լինեինք!!! Լիրբ են քննադատները, իսկ Սուրիկը լրբիկ է. գոնե նա գնահատում է Չարենցին եւ Բակունցին. մնացածը գյոռ ու ջհանդամ!!!» (Մ. Արմենին, 22 հունիսի 1960 թ.), «Իմ բարեկամներից մեկը գրում է, որ մեր թերթերից մեկում լույս է տեսել քո հոդվածը, ուր թվարկել ես բոլոր աչքի ընկնող գրողներին, մոռացության տալով ինձ... ես այն կարծիքին չեմ, որ բոլոր հոդվածներում դու պարտավոր ես հիշատակել իմ անունը, ոչ, բայց երբ գրվում է պաշտոնական բնույթ կրող հաշվետու հոդված մեր գրողների մասին, ես չգիտեմ, թե իմ ո՞ր մեղքի համար ես դուրս պիտի ընկնեմ... իմ ընթերցողը «մեծ զարմանքով» ընկալել է այս հոդվածը եւ ինձ հարցնում է. ինչո՞վ բացատրել այս «մոռացկոտությունը» ... (Է. Թոփչյանին, 15 հունիսի 1963 թ.):

Թերթենք «Հրաժեշտ Գուրգեն Մահարուն» բաժինը: Նախկին իրավակարգում կանոնակարգված էր եւ գրողի մահը: Գ. Մահարու գրչով քանիցս հնչել է Չարենցի տագնապալի հարցը. «Ա՛յ տղա, մի գրող էլ չմեռավ, տեսնենք ինչպես են թաղում» : «Պարապ» հարցի պատասխանը դարձավ նրա անշիրիմ մահը: Բայց այն, ինչ անհայտ էր Չարենցին, Մահարուն գաղտնիք չէր. «Հայտնի չէ, թե այն աշխարհում միրուքավոր Աստվածն ու նրա համհարզներն ինչպե՞ս են որոշում դժոխքի եւ դրախտի գործուղումները, ի՞նչ կանխանշաններով, բայց գիտենք, որ այս աշխարհում` շատ հասարակ կերպով սարքվում են զանազան չափսի հոբելյաններն ու թաղումները...» :

...Մահանում էր գրողը, եւ խմբագիրները թեւերը քշտած ձեռնամուխ էին լինում «միջոցառմանը»` աչքի առաջ ունենալով, որ վերին մահախոսականով այս մեկը գնահատվել է «մեծ», այն մեկը «ականավոր», երրորդը` «նշանավոր»: Հետո մարդը մատնվում էր մոռացության (մանավանդ եթե նա հեղինակ է բազում «մեղքերի»...) մինչեւ նրա տարելիցը, որի մասին կստացվեր նոր մի ցուցում` «հիշատակը հավերժացնելու»` փողոց, դպրոց կոչելու, համեստորեն հիշեցնելու կամ լռության մատնելու համար... Ընդ որում, «հավերժացումը» կատարվում էր ոչ թե գրականությանն ու ժողովրդին, այլ համակարգին մատուցած ծառայությունների համար: Դրա շնորհիվ է, որ այսօր Երեւանը զարդարված է 1936-1937 թթ. կասկածելի «ծառայություններով» աչքի ընկած գրողների եւ նրանց համհարզների անուններով (Ն. Զարյան, Հր. Քոչար, Ս. Կապուտիկյան): Ոչ մեծ փոփոխություններով նույն գործելակերպը պահպանվեց եւ մեր օրերում (Լ. Միրիջանյան)... Մեծ է, շատ մեծ ավանդության ուժը, եթե երկիրն իսկապես կանգնած չէ դեմոկրատական փոփոխությունների ճանապարհին:

Այս հարցում տարբեր էր Սփյուռքի մամուլը: Միայն Երեւանից ստացված նյութերի ժամանակային տարբերությունը չէր, որ երկարաձգում էր հրաժեշտը: Եթե այդպես լիներ, ապա երկու շաբաթից այնտեղ էլ ամեն ինչ կմարեր, եւ չէր լինի ոչ մի առարկայական խոսակցություն: Հրաժեշտը Սփյուռքի մամուլում ընդգրկում է քառասունքը, տեւում ամիսներ եւ սահուն անցնում հանգուցյալի հետմահու նյութերի հրապարակմանը: Գ. Մահարու մահն առիթ դարձավ, որ Սփյուռքում լույս տեսնեին «Ծաղկած փշալարերը», վերագնահատվեին «Այրվող այգեստանները»:

Եթե մեզանում գործում էր «լավ կամ ոչինչ» սկզբունքը, ապա Սփյուռքում այդ «ոչինչն» էլ ուներ առարկայական բովանդակություն, որի ոչ փայլուն օրինակը տվեց «Բագինը»: Հայտնի էր ամսագրի խմբագիր Պ. Սնապյանի վերաբերմունքը իրար հետեւից կյանքից հեռացած Զարյանի եւ Մահարու հանդեպ: Մեկին չէր ընդունում քաղաքացի Սնապյանը` նրա արատավոր անցյալի, մյուսին` կուսակցականը` դաշնակցության սխալների պատկերման համար: Եվ «Բագինը» չարձագանքեց երկու գրողների մահվանը, սահմանափակվեց միայն... նշմարներով:

Անգամ վերջին խոսքում գրողներից ոմանք շփոթում էին հրաժեշտը «քելեխի» հետ, որտեղ ինչ ասես կուտվի: Հ. Սահյանի մահախոսականի վերջին բառերը` «Գնում ես խառնվելու Չարենցի, Բակունցի, Դեմիրճյանի, Իսահակյանի, Զորյանի, Զարյանի հողեղեն հավիտենությանը» , հարուցեցին Սփյուռքի բողոքը` «Ո՛չ, ո՛չ այս վերջինը. խառնակութիւն կըլլա, նախ արդարացուցեք Զարյանը...» [16]:

Միամտություն է ենթադրել, թե Սահյանը ղեկավարվել է «մահվան առաջ բոլորն էլ հավասար են» սկզբունքով: Հենց մահվանից է սկսվում կենդանի մնացածների աչքում հին ու նոր հանգուցյալների հավասարեցումը` «հաստ ու բարակ մի գին է» սկզբունքով: Միանգամայն անընդունելի «սկզբունք», երբ խոսքը մեծի մասին է:

***

Կենսամատենագիտության ամբողջականության մասին խոսք կարող է լինել միայն հարաբերական իմաստով: Նախախորհրդային եւ խորհրդային մամուլի շատ համարներ չեն պահպանվել, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Սփյուռքի շատ թերթեր չեն ստացվել: Այնուամենայնիվ, առաջին անգամ ներկայացվում է հայ գրողի կենսամատենագիտությունը երկու գրքով` 1700 էջով եւ 10.000 կետով` որպես «արդարացում» ունենալով անհամեմատ վաղաժամ կյանքից հեռացած Ս. Եսենինի կյանքի եւ ստեղծագործության տարեգրության... տասը գրքերի օրինակը [17]:

Ժամանակը հոսում է: Ժամանակը, որն ամեն ինչ դնում է իր տեղը: Եվ չնայած դեռ շատ բան պետք է արվի XXI դարի գրական չափանիշները մեզանում հաստատելու ուղղությամբ, այսօր արդեն հստակորեն ուրվագծվում է մեկ այլ «սուրբ երրորդություն», որի թվարկման համար «արձակ ու սանձարձակ ոճեր ու պոչեր, «գիտական» մենագրություններ» կամ պաշտոնական ջանք ու ճիգ չեն պահանջվում` Չարենց, Բակունց, Մահարի...

Ծանոթագրություններ

1. «Վան-Տոսպ», Թիֆլիս, 1918, 18 մարտի, թ. 8:

2. Վիրահայ գրող Մ. Քարամյանը թողել է հուշեր` «Սիրո, խանդի եւ Նիցցայի պարտիզպանների մասին» Թիֆլիսի Հայարտանը կայացած գրական դատի մասին.

«Ճեմասրահում աշխույժ ու անհանգիստ անցուդարձ էր անում, խոսում սրա-նրա հետ: Հետո դահլիճի ներսում` նույնպես: Հուզվածությունը նկատելի էր:

Ելույթ ունեցողներին առարկում էր կամ համաձայնում ռեպլիկներով: Թվում էր, ինքն էլ հանդես կգա, կխոսի, կհերքի կամ կպաշտպանվի:

Չէ, ելույթ չունեցավ: Հանդես չեկավ: Բավարարվեց ռեպլիկներով:

Մինչդեռ մեղադրվում էր, կամ, ավելի ճիշտ, ոմանք մեղադրում էին մանրբուրժուականության մեջ...» Հանդիպումներ ճանապարհին, Եր., 1989, էջ 48):

Բերենք նաեւ Հր. Հովհաննիսյանի վկայությունը. «Նա չէր խառնվում ձեռագրերի եւ գրքերի քննարկումներին, հասարակական շփումներին, հանդիպումներին, խորհրդակցություններին, ժողովներին, երբեք ելույթ չէր ունենում, նոր ծանոթություններ չէր փնտրում: Բայց նաեւ` չէր կորցնում իր ակտիվ հետաքրքրությունը վերը նշված միջոցառումների ընթացքի եւ բովանդակության նկատմամբ» (Հուշերի երեկո, Եր., 1996, էջ 223):

3. Հր. Քոչարը 1937-ին Ե. Չարենցին համարում էր ավելորդ քար` հայ գրականության ճանապարհին, իսկ բանաստեղծի ծննդյան 60-ամյակի օրերին հանդես եկավ «Հոկտեմբերի փոթորկաշունչ երգիչը» հոդվածով:

4. Գ. Մահարու հեգնական տողերը` «...մեր օրերի բանաստեղծն այնքան նկար կթողնի իր գզրոցներում, որ կբավականացնի բոլոր գալիք սերունդների գրասերների հավաքածոներին եթե միայն հավաքողներ լինեն» («Գրական թերթ», Եր., 1963, 25 հոկտ.):

5. «Գ. Թ.», Եր., 1963, 7 նոյեմբերի, թիվ 45:

6. «Գ. Թ.», Եր., 1961, 10 նոյեմբերի, թ. 46:

7. «Ալիք», Թեհրան, 1961, 9 դեկտեմբերի, թ. 271:

8. «Գրական դիրքերում», Եր., 1930, թիվ 6, էջ 53-55:

9. «Նոր լուր», Ղալաթիա, 1946, 22 Յունուարի, թիվ 100:

10. «Ազդարար», Պէյրութ, 1946, 9 Փետրուարի, թ. 171:

11. «Արեւմուտք», Փարիզ, 1946, 10 Փետրուարի, թիվ 48:

12. «Նայիրի», Հալեպ, 1942, Յունուար, էջ 76-77:

13. Նույն տեղում, 1946, Մարտ, էջ 327-328:

14. Նույն տեղում, 1947, Մարտ, թ. 2, էջ 104:

15. Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 1191, ցուցակ 1, գործ 57, թթ. 218, 219:

16. «Սփիւռք», Պէյրութ, 1969, 31 օգոստոսի, թ. 32, էջ 11:

17. Հովհ. Շիրազի «Կենսամատենագիտությունը» սխալ է վերնագրված: Լույս տեսած պրակները բաղկացած են զուգահեռ բաժիններից: Դա «Տարեգրութուն» է, որի վրա թափված է մեծ աշխատանք, բայց կենսա-ի համար այն պետք է բերվի ի մի եւ ընդլայնվի օգտագործվող փաստաթղթերի տեսականին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4