ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ
Ինչ մեղքս թաքցնեմ, ես ալ սիրում եմ «քաղաքականությամբ զբաղվել», ինչպես շատ մը հայրենակիցներս: Թեեւ քաղաքականությունից բան չեմ հասկանում: Արդեն քանի՞ հոգի է հասկանում որ: Չե՞ն ասումՙ այս դեպքի մասին ճշմարտությունը պիտի ասվի 50 տարի անց, այդ փաստաթղթերը պիտի հրապարակվեն երկու սերունդ հետո: Հաճախ լսում ենք «պետական գաղտնիք» բառակապակցությունը: Բայց եւ այնպես, մարդիկ կարդում են թերթերը, լսում ռադիոն, դիտում հեռուստացույցը եւ կարծիքներ փոխանակում: Ես ալ, սենյակիս մեջ նստած (սիրում եմ արվեստանոցս), մտածում եմ մեր երկրի եւ ժողովուրդի մասին: Ես ինքս ինձ հետ զրուցում, քննարկում եմ հարցեր, տեսություններ եմ մշակում, խոսակցության եմ նախապատրաստվումՙ խոմ միշտ ինքզինքիս հետ չեմ խոսելու: Ուզում եմ ընկերներուս հետ, նաեւ հայրենակիցներուս հետ բաժանել ապրումներս, բայց ամենաշատՙ կնոջս վրա եմ «սաղացնում» քաղաքական գիտելիքներս... Ճարս ի՞նչ...
Քիչ առաջ խոստովանեցա, որ քաղաքականությունից բան չեմ հասկանում... Ես նկարիչ եմ, հազիվ մի քիչ նկարչությունից եմ գլուխ հանում: Բայց գիտեմ, որ քաղաքական գործիչը մանավանդ գործ ունի սպանելու եւ սպանվելու հետ: Իշխանավորը կարծեմ նախընտրում է, որ իրենից վախենան, քան թե զինք սիրեն: Նաեւ ի բնե, կարծես, մարդ արարածին մեջ կա ուրիշներից գերազանց երեւալու ձգտում, մոռանալով, որ մի օր բոլորը հողին տակ կողք կողքի պիտի պառկին... հող էր, հող դառնալու համար:
Բայց իրապես քաղաքականությամբ զբաղվելս եղել է իբրեւ քաղաքացի ընտրություններուն մասնակցությունս, որը հիմա «թարկել եմ», ընտրության չեմ գնում այն օրից, երբ ընտրությունները սկսեցին խարդախել: Այդ օրվանից արդեն մեկ էՙ ով ուզում է ընտրվի: Է՜հ, մխիթարվեմ, որ մեր նախագահը գոնե հայ է: 27 տարի Սովետի ժամանակ «մասնակցել եմ» «ընտրություններուն»: Ժողովրդին 99999 տոկոսը հայտարարվում էր մասնակցած ընտրություններուն: Բայց ո՞ւմ էին ընտրում, չէ՞ որ ընտրություն կատարելու համար մի հոգուց ավելի թեկնածու էր պետք: Տասնամյակներ ժողովուրդը գնում էր ընտրություններին, եւ ոչ ոք չէր ասումՙ այս մեկ թեկնածուն հասկացանք, հապա մյուսները ո՞ւր են... Եվ այդ «ընտրողներուն» մեջ կային մարշալներ, արվեստագետներ, ակադեմիկներ, պրոֆեսորներ, կուսակցական ղեկավարներ, միլիոնավոր համալսարանականներ, համաշխարհային պրոլետարիատի առաջամարտիկ Սովետական Միության բանվոր դասակարգըՙ պրոլետարիատը իր դաշնակից անկուսակցականների բլոկով: Հե՜յ գիտի օրեր, յա՜խկ...
Փառք Աստուծո, Սովետական Միությունը ջհաննամվեց, բայց բաներ մնացին. մանկուրտները եւ իրենց սերունդները շարունակում են մնալ... Լավ... Ավելի լավ է հիշել, որ այսօր ունենք անկախ, ազատ հայկական պետությունՙ 19 տարեկան... Կրնանք ըսել, որ կյանքը ավելի հետաքրքրական է դառնում, անշուշտ պատահում է, որ կյանքը երբեմն էլ ավելի հետաքրքրական է դառնում: Եվ ահավասիկ ռադիոյի հաղորդումից իմացա, որ այսօր մեր նորանկախ հանրապետությունում գործում են 73 քաղաքական կուսակցություններ եւ 3000-ից ավելի հասարակական կազմակերպություններ... Մեր որոշ ղեկավարներ գոնե կարող են հպարտանալ, որ եթե Ադրբեջանը նավթ ունի, մենք ալ կուսակցություններ ունենք: Մի ժամանակ ասում էինՙ մենք ալ սփյուռք ունենք: Սփյուռք ըսածդ ալ հայրենիքեն փախած 2 միլիոն հայերն են: Թե՞ մարդիկ կան, որ կարծում են, որ տակավին սփյուռքում «ախպարներ» մնացել են (այսինքն արեւմտահայեր): Ոչ, սիրելիս, թեեւ գիտեմ, շատ հոգդ չէ, բայց արեւմտահայությունը հանգում է, լեզուն էլ մոռացվում: Թալեաթը հասավ իր նպատակին... Դու, սիրելի արեւելահայ եղբայր, դու ողջ մնաս, հիմա իբրեւ հայ դու ես մնում:
Հա, ասում էի, որ մինակս ես ինձ հետ խոսում եմՙ մտածելով իմ հայրենակիցներուս վիճակի մասին, հայ ժողովրդի մասին. ի՞նչ պիտի ըլլա այս ժողովուրդին վիճակը: Մտածելու բան կա: Հայ ժողովուրդը ի բնե առողջ է, ապացույցՙ դարերու ընթացքին իր կրած տանջանքները եւ գոյատեւելը: Չեմ կարծում, որ շատ ժողովուրդներ են ենթարկված այսքան բռնություններու: Իրավամբ հայերը հպարտանում են, որ շատ փառաբանված պետություններ ջնջվեցին, կորան, իսկ հայերը կան եւ իրենց բնօրրանին մեջ: Մտածում եմ, որ հայերն ալ բնական մահով կարող են վերջանալ: Բայց տեսնում եք, հազարավոր տարիներե ի վեր հալա որ կան... Հայերը կրնան վերանալ բնաջնջումով, ինչպես թուրքերու արածը 1915 թվականինՙ երկու միլիոն հայերու արմատախիլ ըլլալը օսմանյան պետության սահմաններու մեջ իրենց բնօրրանեն: Բայց հիմա մտահոգությունս այն է, որ հայերը հիվանդացած են, եւ եթե անհապաղ չբուժվին, կրնան մահանալ այդ ոչ հայկական հիվանդությունից...
Այս մասին էի մտածում վերջերս, երբ «քաղաքականությամբ էի զբաղվում...»: Ես անշուշտ փրկության միջոց չունեմ եւ չեմ հավատում, որ դա փրկիչի մը գործը ըլլա... Բայց հավատում եմ մեր ազգի ուժին: Թե ոչՙ այս բաները չպիտի գրեի: Ո՞վ է բժիշկը: Նախ, ժողովուրդը ինքը իրեն պիտի բուժի, բայց այսօր քանի որ ունենք անկախ պետություն, այդ պետության առաջին գործը եթե իր հիվանդ ժողովուրդին առողջությամբ զբաղվելը չէ, հապա ի՞նչն է... Հիվանդությունը, որ շատ է ծանրանում եւ չի բուժվում, ժամանակին հետ բերում է բնականաբար ուրիշ հիվանդություններ: Պետական այրերն անգամ խոսում են երկրում տիրող անառողջ վիճակի մասին... Նույնիսկ պետական այրերը չեն ծածկում իրենց մտահոգությունը, հայտարարում են. «Օրենքները չեն աշխատում», որ կոռուպցիան մեր կյանքից անբաժան է, կաշառակերությունը, որոշ հայրենակիցներու սանձարձակ կամայականությունները, բռնությունները նույնիսկ «պետական մարմինների» կողմից, եւ այս բաներըՙ երբ մենք ոչ թե օտարի լուծին տակ ենք, այլ ունենք անկախ պետություն, որմե զրկված էին մեր նախնիները:
Ինչպես որ ըսի, ես մտածում եմ, որ հասարակությունը կամ ժողովուրդը հիվանդ է... Բայց ինչպե՞ս պատահեցավ, որ ժողովուրդը հիվանդացավ այսքան այլազան ախտերով: Այս հիվանդությունը անուն մը պետք է որ ունենա: Հիվանդությունը եթե չբուժվի, կրնա ամբողջ առողջ մարմինը վարակել: Մտածում եմՙ լավ, ի՞նչ հիվանդություն է դա... Այդ հիվանդությունը անուն մը չունի՞...
Վերջը, չերկարեմ, կարճ խելքովս հասա այն եզրակացության, համոզման, որ այդ հիվանդությունը, որով վարակված է մեր ժողովուրդին մեծամասնությունը, անշուշտ, անուն մը ունի, այդ հիվանդության անունը ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆ է... Այստեղ նախապես կուզեմ նշել, որ «գործազրկություն» եւ «գործադուլ» բառերը հայերը չեն ստեղծած, դրանք թարգմանություններ են: Գործազուրկ կարող է լինել բանվոր պրոլետարը, որ սովորել է գործադուլ անել իր իրավունքները պաշտպանելու համար, օրինակՙ աշխատանք ունենալու իրավունքը: Անշուշտ, դա պայքար է գործատիրոջ եւ պետության դեմ, որ պարտավոր է պաշտպանելու բանվորի աշխատելու իրավունքը... Անշուշտ, խոսքը թեկուզ բանվոր-պրոլետար մարդու մասին է:
Մինչեւ սովետական ռեժիմի հայտնվելը, մարդու մանկուրտ տեսակի մասին մարդկանց մեծ մասը չէր իմանում, դա կարող էր միայն սովետական իշխանության ժամանակ երեւան գալ եւ տարածվել Երկիր մոլորակի 1/6-ի վրա:
Իսկ հայերը մինչեւ սովետական ռեժիմի կրունկին տակ հայտնվելը բանվորներ (պրոլետարներ), կոլխոզնիկ չեն եղել... Իսկ ահավասիկ ի՞նչ են եղել հայերը: Դրա պատասխանը շատ պարզ գրված է պատմահայր Հերոդոտոսի Պատմության գրքում, որ նվիրված է իր ժամանակներուն, մեր թվարկությունից 6 դար առաջ, աշխարհի ժողովուրդներուն նկարագրությանը: Ու մի 4-5 տող ալ նվիրված է հայերուն, ուր սպառիչ կերպով ներկայացվում է հայ ժողովուրդը: Այդ մեծանուն պատմիչի շնորհիվ իմանում ենք, թե ինչպե՞ս են ապրել, ինչպիսի՞ն են եղել հայերը...
Հերոդոտոսի ժամանակներից մինչեւ 20-րդ դարու սկիզբը հայերը եղել են ազատ մարդիկ: Անհատի ազատությունը անպայման կապ չունի ազգային պետության մը գոյության հետ: Ուզենք կամ չուզենք, առանց պետության երկիր, ժողովուրդ գոյություն չունի... թեկուզ «օտար»...
Հայերը, ի մեջ այլոց, այդ ժամանակվա աշխարհի մայրաքաղաք Բաբելոն էին տանում իրենց պատրաստած ընտիր գինիներըՙ մայրաքաղաքի ժողովուրդին պահանջները բավարարելու համար: Գինին տեղափոխում էին կաշեպատ լաստանավերու վրա, փայտե «արմատուրայի» վրա հավաքված... Գինին վաճառելուց հետո, ասում է պատմահայրը, հայերը քանդում էին լաստանավերը, լաստանավերու փայտյա «արմատուրան» քանդում էին եւ ընտիր փայտն ալ վաճառելուց հետո կաշիները բեռնում էին, ներողություն, էշերու վրա եւ վերադառնում էին տուն: Այս մի քանի տողերուն մեջ սպառիչ կերպով գրված է հայ ժողովրդի պատմությունը... Ուրեմնՙ իմանում ենք, որ հայերը եղել են ի սկզբանե նստակյաց քաղաքակիրթ ժողովուրդ, որոնք իմացել են մշակել հողը, որթատունկ աճեցնել, հետո իմացել են ընտիր խաղողներից գինի պատրաստել: Այսպես ուրեմն, առաջին, հայը եղել է հողագործ, երկրորդՙ հայը եղել է արհեստավոր, իմացել է պատրաստել գործիքներ եւ երրորդՙ հայը եղել է հմուտ առեւտրական, լեզուներ է իմացել, եղել է համարձակ, վստահելի անձնավորություն: Մի խոսքով, հայերը եղել են պատվախնդիր, քաղաքակիրթ, նստակյաց: Ուրիշներու ունեցվածքին աչք չտնկող եւ գիշատիչ ու ավարառու չեն եղել եւ հակառակ օտարներու կողմից ամեն տեսակ բռնություններուՙ հայերը իրենց աշխատանքով, իրենց ունակություններով եւ շնորհքներով ապրել են եւ եղել են ազատ մարդիկ: Որովհետեւ ազատ չէ այն մարդը միայն, որ չի աշխատում (գործազուրկ է), չի շահում իր կյանքը. նա մնում է կիսամուրացկանի վիճակի մեջՙ ապրելով ուրիշներու օգնությամբ եւ ողորմությամբ, թեկուզ բարեկամների:
Եվ ահավասիկ հայերը 20-րդ դարու սկիզբը ինկան սովետական այլանդակ ռեժիմի տակ, որ հայերը դարձուց ստրուկ, անթիվ, անհամար հայեր սպանելով եւ մանավանդՙ հայերը դարձնելով պրոլետար եւ կոլխոզնիկ: Բանվորից ի՞նչ զարգացում: Արհեստավորը կրնա դառնալ արդյունաբերող, թեեւ արհեստավորի արհեստը իրեն հերիք էՙ ըլլալու ազատ, արժանապատիվ մարդ: Արհեստավորը չի կարող ըլլալ գործազուրկ: Ժողովուրդն ասում էՙ «Արհեստը ոսկե բիլազուկ է», «Արհեստավորի փորը դատարկ է լինում մինչեւ կեսօր...»: Եթե արհեստավորի տղան չի ուզում իր հոր արհեստը շարունակել, հայրը իր տղուն կրնա ուղարկել համալսարանՙ իր կյանքը շահելու իբրեւ ինժեներ, իրավաբան, բժիշկ, տնտեսագետ, գյուղատնտես եւ այլն: Ինչպես որ եղել է սերունդե սերունդ շատ դարեր, ինչպես պատահեց մեր օրերուն սփյուռքումՙ ծնողը իր զավակներուն ուղարկում էր բարձրագույն կրթության:
Եվ ահավասիկ, սովետական սուտ ռեժիմից հետո, ռեժիմի փլուզումից հետո (ինձ չեն հետաքրքրում Սովետական Միությունը, մյուս հանրապետությունները) առաջին անգամ հայերը հասկացան գործազուրկ բառին իսկական իմաստը: Կապիտալիստական զարգացած երկրներում կան գործազուրկներ, բայց կան գործատեղիներ, Հայաստանում կա գործազուրկ. բայց չկա գործատեղի: Եվ զարմանալի՞ է, որ մարդիկ գործատեղի ման գալովՙ հայտնվեցին հազարավոր կիլոմետրերով հայրենիքից հեռուՙ օտարության մեջ: Հայտնվեցին բանտերում... Սովետական ռեժիմը հայ մարդուն տեսակը այլասերեց, հիվանդացուց: Մեր պատմության ընթացքին, չեմ կարծում, որ Սովետի ժամանակից առաջ հայ տղամարդիկ եւ կանայք հազարներով իբրեւ հանցագործներ նստած ըլլան բանտերում: Իմ գիտցած Սփյուռքում, որ արեւմտահայերու սփյուռքն էր, որ հիմա համարյա գոյություն չունի, այդ տեսակ բան չեմ հիշում: Օտարության մեջ հայերը, շնորհիվ իրենց արհեստներուն, մինչեւ 20-րդ դարու կեսերը իրենց կյանքը շահել են իրենց հալալ քրտինքով, իրենց բանեցրած ԱՐՀԵՍՏՆԵՐՈՎ: Հայը շնորհքով, ընդունակ, աշխատասեր եւ պատվախնդիր է: Հայերը նույնիսկ օտար երկիրներու մեջ հասան պետական ամենապատվավոր դիրքերու: Նույնիսկ Միացյալ Նահանգներու մեջ ծագումով հայ մը դարձավ Միացյալ Նահանգներու ամենամեծ նահանգինՙ Կալիֆոռնիայի նահանգապետը, նահանգ, որ աշխարհի 13-րդ տնտեսական հզորությունն էր այդ ժամանակ:
Ինծի շատ ժամանակ չի մնում ապրելու, ես արդեն շատ ծեր եմ: Ես երազում եմ, որ հայերը նախ եւ առաջ փրկվեն այս մահացու հիվանդությունից, որ կոչվում է գործազրկություն: Հայ մարդը, որ շատ հարուստ է բնածին ունակություններով, իմացականությամբ, կկարողանա իր ընդունակություններու շնորհիվ սկսիլ իր կյանքը շահիլ, իր ընտանիքը եւ իր երեխային պահել: Հայերու մեծ մասին համար ինչ մի բան է տիրապետել ժամանակակից տեխնիկաներու, եւ դրա շնորհիվ ուրիշ երկիրներից պատվերներ ստանալ... Այսօրվա հաղորդակցություններու զարգացումն ինչի՞ համար է, ո՞ւմ համար է: Պետական այրերը չեն մտածում կրթական ժամանակակից ծրագիր ստեղծել, չեն տեսնում, որ այն երիտասարդը, որ տիրապետում է նոր տեխնիկաներու, գործազուրկ չի կարող մնալ...
Այդ ժամանակ Հայաստանն ալ, Հայաստանի Հանրապետությունն ալ կը դառնա հրաշալի երկիր հայերու եւ օտար հյուրերու համար:
Հ.Գ.- Ավարտելուց հետո մտածեցի մի քանի տող էլ ավելացնել գրվածքիս, ավելի ճիշտ կըլլարՙ եթե այս տողերով սկսվեր գրվածքս: Ինչ որ է...
Ամեն էակ, որ աշխարհ է գալիս, նախ եւ առաջ մի բան հաստատ գիտի, որ ինքը աշխարհ է եկել ողջ մնալու համար... Տեսեք, մարդուկը տակավին խանձարուրի մեջ, աչքերը փակ, արդեն իմանում է, որ «չլացող երախային կաթ չեն տար»...
Կկարծեմ, որ բոլոր աշխարհ եկած էակներից մարդ արարածը ամենաանպաշտպաններից է եւ ամենաերկար ժամանակ կախման մեջ է իր ծնողների հոգածությունից:
Մարդ արարածը երբեմն, ավելի ճիշտՙ հաճախ տասնամյակներ ապրելե վերջ կրնա սկսիլ իր գոյությունը պաշտպանել իր աշխատանքովը, իր վաստակովը: Այսօր հետզհետե ավելի նշանակություն են ստանում անհատին կրթությունը, գիտելիքները: Եվ մարմինով եւ հոգիով առողջ ամեն մարդ նախ եւ առաջ պիտի ուզե ազատ ըլլալ, եւ կախման մեջ չըլլալ, թեկուզ իր ծնողներից, իսկ աշխատանք չունեցող մարդը, գործ չունեցող մարդը, իր գրպանում իր վաստակած փողը չունեցող մարդը ինչպե՞ս կարող է ազատ ըլլալ, գործել, տունից դուրս գալ, մարդկանց մեջ մտնել...
Կկարծեմ, որ մարդու մը իր սեփական գոյությունը պաշտպանելու համար արած աշխատանքը, իր «փեշակը», իր կյանքը շահելու, իր գլխուն ճարը տեսնալու ձեւը ամենաշատ կարող է բան ասել տվյալ անձի մասին... Կայացած մարդը նա՛ է: Առանց ուրիշներու օգնության իր հարցերը լուծողը...
Եվ ոչ ազատ մարդը, այսինքնՙ իր կարողություններով եւ իր ճակատի քրտինքով իր կյանքը չշահող մարդը չի կարող ԱԶԱՏ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ստեղծել: Գործազուրկ մարդը այնքան ողորմելի է դառնում, արժանապատվությունը կորցրած, որ մի քանի արծաթով վաճառում է իր քվեն: Վերջերս լսում էի «Ազատության ձայնեն» «Ունկնդրի ձայն». այսպես մի հաղորդում կա ուրբաթ օրերը: Սովորաբար մարդիկ այդ հաղորդման ժամանակ իրենց գանգատներն են ասում, իրենց բողոքի ձայնն են բարձրացնում եւ մանավանդ քննադատում են պետական այրերու անտարբերությունը քաղաքացիների չափազանց ցած եկամուտների, թոշակների, իրենց ունեցած խնայողությունների անտեսումի հանդեպ: Պարզ երեւում է, որ իրենց խոսքը ինքնաբուխ է եւ անվախ: Մարդիկ ի՞նչ անենՙ երգեն «...հիմի՞ էլ լռենք, եղբայր, հիմի՞ էլ»: Բայց, դժբախտաբար, ժողովուրդին մեծ մասը, որ գոհ չէ իր ապրած կյանքեն, ելք չի տեսնում եւ նախընտրում է լռել...
Վերջերս «Ազատության ձայնի» ուրբաթ օրերու «Ունկնդրի ձայնի» հաղորդումին քաղաքացի մը իր խոսքը ասաց, որ բողոք անգամ չէր, պարզապես աֆորիզմ ալ չէր, ուրիշ բան էր: Երեւի միայն հայը կարող էր այդպիսի խոսք ասել: Գրեթե հումորով եւ կարծեք ներողամիտ շեշտով հայրենակիցս սապես սկսեց. «Երբ անօրինությունները շարունակվեն եւ դանակը...»: Մի ակնթարթ հապաղեց եւ շարունակեց. «Բայց պարզվում է, որ հայը ոսկոր չունի...»: