Ինտերնետային զանազան ֆորումներում շատ է քննարկվում Լեռ Կամսար գրական անվան ստուգաբանությունը: Ոմանք գտնում են, որ դա լեռան եւ սարի համեմատության բառախաղ է, որոշները ասում են, որ կեղծանունը վերցված է «ողջ լերուքից», եւ Լեռը պետք է գրվեր ր-ով, եւ նման բաներ: Հետագա ուսումնասիրողների աշխատանքը դյուրին դարձնելու համար նորից կանդրադառնամ անվան ծագումնաբանությանը:
Գրողն իր սկզբնական հոդվածները չէր ստորագրում, փորձարկում էրՙ արդյո՞ք կընդունվեն ընթերցողների կողմից եւ ինչպե՞ս կընդունվեն: Հաջող մեկնարկը տեսնելովՙ փորձում է գրական անուն հորինել: Ոչ մի կապ չունենալով Կամսարական տոհմի հետՙ միշտ երազել էր, որ իր անունը Կամսար լիներ: Պատեհ պահը եկել էրՙ գրվածքները ստորագրում է այդ անունով: Վանի երեւելիներից մեկը գնահատելով նրա խիզախ եւ անկոտրում բնույթը, որ կարող է նույնիսկ Վանի թուրք իշխանավորին ծաղրել, Կամսար անվանն ավելացնում է Լեռՙ որպես բնութագիր նրա անսասան էությանը: Ահա այսպես է առաջացել Լեռ Կամսար կեղծանունը:
Եթե գրական անվան վերաբերյալ ամեն ինչ պարզ էՙ ապա ավազանի ազգանվան վերաբերյալ հստակ կարծիք չունեմ: Պետք է խոստովանեմ, որ ինքս էլ չգիտեմ մեր գերդաստանի ազգանվան սկզբնաղբյուրը:
Տեր Թովմասի գերդաստանը Թովմաղյան կամ Թումաղյան էր: Նայած թե «վյուն» մասնիկը որտեղ ինչ կերպ է գրվել եւ կարդացվել: Ըստ անձնանունների բառարանի, Թովմաղյան ազգանուն գոյություն չունիՙ դա թուման+աղա համադրությունն է: Թուման թուրքերեն նշանակում է տասը հազար: Կա նաեւ tumagi տարբերակըՙ որը նշանակում է հարբուխ: Մարդ չի իմանում, որին հակիՙ հազարներին, թե՞ հարբուխին: Ինձ թվում է երգիծաբանն էլ դույզն ինչ չգիտեր իր իսկական ազգանունը: Ամեն դեպքում տատանվում էր Թումաղյանի եւ Թովմաղյանի միջեւՙ ոչ Թովմասյանի:
1920 թվին, երբ Լեռ Կամսարն արդեն գաղթել էր Հայաստան, բոլշեւիկները տիրելով երկրին, ստիպում են ազգաբնակչությանը հանձնել հին փաստաթղթերը եւ ստանալ նորՙ սովետական անձնագրեր: Այդ գործընթացի ժամանակ միլիցիայի վրիպակի պատճառով գրողը դառնում է Թովմասյան, որը նրան այնքան էլ չի մտահոգում, քանի որ հոր անունը Թովմաս էր: Նա ժառանգներին պատվիրում է.
- Վրիպակ ազգանունով էլ մարդ կարող է շիտակ ապրել: Սովետները ժամանակավոր են: Ազատության պարագային դեն կշպրտեք ազգանվան Թով-ը եւ կապրեք Մասյան հնչեղ ազգանունով: Հիմնական անունը մարդու վրա պետք է դրվի նրա մահվանից հետոՙ ըստ նրա արժանիքների եւ արածի...
Ի դեպ, ասեմ, որ Լեռ Կամսարն աքսորից հետո հանդես էր գալիս նաեւ Արա Մասյան կեղծանունով, որ չճանաչվիՙ նրան արգելել էին գրել:
Չգիտեմ արժե՞ արդյոք գրողի վերը նշված պատգամը կատարել, մանավանդ երբ դեմ կառնես փաստաթղթային եւ չինովնիկական քաշքշուկին: Մյուս կողմից էլ արդեն այնքան էլ հարմար չէ ապրել որպես վրիպակ անձ: Փառք Աստծո, որ հրատարակիչները եւ թերթի խմբագիրները պարկեշտ մարդիկ գտնվեցին եւ հիմնվեցին միայն իմ բանավոր հավաստիացումներին, որ ես Լեռ Կամսարի թոռնուհին եմ: Եթե գործը փաստաթղթերին հասներՙ դե եկ ու ապացուցիր, որ Վանուհի Թովմասյանը Արամ Թումաղյանի կամ Թովմաղյանի ժառանգորդն է:
Եթե ավելի անկեղծ լինեմ կուզենայի ստորագրվել Կամսար անունով, բայց ուզենալը շատ քիչ էՙ պետք է այն վաստակել: Պետք է լինել ազնիվ, հանդուգն, շիտակ, համարձակ, համառ, ճշմարտապաշտ, ըմբոստ, անձնազոհ, վեհանձն, եւ նման ոչ երկրային բաներ: Արժե՞ մարդ իրեն ենթարկի Քրիստոսի տանջանքներին մի աննյութեղեն անվան համար: Գուցե եւ արժե, բայց դե ամեն մարդու չի տրված...
Ազգանվան հետ կապված այս պատմությունը ահա այսպիսի զավեշտանքով է պատկերել Լեռ Կամսարն ինքը:
ՎԱՆՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
«Վանում մեր իսկական ազգանունը Թումաղյան էր. այդպես էլ կոչվել եմ ծխական դպրոցում ու գրվել: 1902-ին երբ Էջմիածնի ճեմարանը մտա, տեսա այնտեղ նախապես սովորող եղբայրս, չգիտեմ որտեղից ճարելով, Թովմաՙ մեջտեղից գիծՙ Աղայան էր կոչվում: Ես էլ որպես նրա փոքրը ստիպված Թովմա-Աղայան կոչվեցի: Այս ազգանունով սովորելով, երբ չորրորդ դասարանն էի հասելՙ մեկ էլ մեծ եղբայրս հանկարծ Թովմաղյան կոչվեց: Ես, որպես նրա փոքրը, հետեւեցի նրան եւ Թովմաղյան գրվեցի: Դասատուներիս ավելորդ զարմանք չպատճառելու համար շտապեցի շուտ ավարտել եւ ինձ հաջողվեց Թովմաղյան ազգանունով կյանք մտնել:
Ամուսնանալիս ավելորդ չհամարեցի մեծ եղբորս դիմել սա հարցով:
- Ես ամուսնանում եմ ու ազգանունս պիտի տամ նաեւ կնոջս ու հետագային էլ երեխաներիս. եթե նորից փոխելու միտք ունեսՙ հայտնիր, որովհետեւ հետագային կբարդանա փոփոխությունը:
Եղբայրս պատասխանեց, որ փոփոխություն չի լինելու, եւ կարող եմ ամուսնանալ: Ամուսնացա: Հետո տեղի ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմը եւ մենք Կովկաս գաղթեցինք: Մեծ եղբայրս Գանձակ գնաց բնակություն հաստատելու, եսՙ Երեւան:
Այսպես բավական տարիներ:
Օրին մեկն էլ եղբայրս Գանձակից իր հասցեն է ուղարկում եւ խնդրում է իրեն նամակ գրեմ, իսկ հասցեում գրվում է Թումաղայան:
- Ո՛չ, - ասացի, - ոտներս գետին տալով, այլեւս քեզ չեմ հետեւի: Ես Թովմաղյան եմ ու այդ ազգանունով էլ պիտի մեռնեմ: Բավական է:
Այսպես վճռեցի, բայց լավ էր, որ տապանաքարս պատրաստել չտվի, որովհետեւ հետագային երեւաց, որ անողոք ճակատագիրս հետեւելով ինձ, նորից պիտի փոփոխեր ազգանունս:
1920 թվին, երբ բոլշեւիկները Հայաստան մտան, հրամայեցին բոլոր տասնյոթից վեր ազգաբնակչությանը ներկայացնել համապատասխան փաստաթղթեր ու խորհրդային անձնագիր ստանալ միլիցիայից: Ես ու կինս էլ ներկայացրինք մեր փաստաթղթերըՙ միատեսակ Թովմաղյան լինելու համար. անձնագրերը բաժանելիս, սակայն, հանկարծ կինս Թովմաղյան մնացՙ ես դարձա Թովմասյան...
Սկզբում կասկածելով, որ միլիցիան մարդ ու կնոջ ազգանունները բաժանելով ուզում է խլել ինձանից կնոջս, սկսեցի հետեւել կողակցիս վարք ու բարքին: Բայց անմեղ էր խեղճ կինս որպես աղավնի: Հետագային պարզվեց, որ դա միայն միլիցիայի անգրագիտության հետեւանքն է:
... Այս հանգամանքներում, իհարկե, ես շա՜տ գոհ եմ Թովմասյանով պրծնելու համար: Կարող էր Թովմաղյանը «Թոխմախյան»* դառնալ:
Ի՞նչ կարող էի անել»:
* Նկատի ունի Թոխմախի գերեզմանատունը: