ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2010-10-09 | #16, 2010-10-23 | #17, 2010-11-06


ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ՀԵՏ

Լրացավ Սերգեյ Փարաջանովի մահվան 20 տարին: Այս առթիվ թարգմանաբար ընթերցողի ուշադրությանն ենք հանձնում ժամանակի ռուսական մամուլից «Նռան գույնը» ֆիլմի նկարահանման վերաբերյալ մի հոդված, ինչպես նաեւ ամերիկահայ բանաստեղծուհի եւ թարգմանչուհի Դայանա Տեր-Հովհաննիսյանի հուշ-պատառիկը Փարաջանովի տուն կատարած այցելության մասին, որը նա գրել է հատուկ մեր խնդրանքով:


ԱՇՈՒՂԸ

ԼԱՐԻՍԱ ՅԱԳՈՒՆԿՈՎԱ

Նա երկար ժամանակ մեզ ուղեկցում է հին Թբիլիսիում, որին, ինչպես ծանոթ եւ անծանոթ մարդու, գիտես միայն մտերիմների պատմածներով, իր ծանոթ մանրուքներովՙ փայտյա պատշգամբասրահների սյուներից կախված կարմիր պղպեղի կապուկներով, վերջին երգեհոնիկի ցածրաձայն բողոքով, հնավաճառի պատուհանի պղնձե կանաչ սափորով:

Վերջապես մենք հասանք հայկական եկեղեցի, Սայաթ-Նովայի գերեզմանին:

Կարճափեշ ու ջահել աղջնակներ հիշեցնող մի քանի անգլուհիներ կանգնած էին գերեզմանաքարի մոտ:

Ակամա հիշեցի Վ. Բրյուսովի խոսքերը. «Սայաթ-Նովան այն առաջնակարգ բանաստեղծներից է, որոնք իրենց տաղանդի ուժով դադարում են մի ազգի սեփականությունը լինելուց եւ դառնում են ամբողջ մարդկության սիրելին»:

Մենք մտանք եկեղեցի ու թեեւ հավատացյալ չենք, լռիկ երկու մոմ վառեցինք երիտասարդ ջուլհակ Հարություն Սայադյանի հիշատակին, որը դարձավ Քարթլիի առաջին աշուղը եւ ընդունեց Սայաթ-Նովա անունը:

Մեր ուղեվարըՙ Սերգեյ Փարաջանովը («Մոռացուած նախնիների ստվերները» ֆիլմի ռեժիսորը) պատմեց մեզ այդ մարդու մասին: Այն մասին, թե ինչպես այդ աղքատ, հասարակ մարդը դարձավ արքունի աշուղ եւ վրացական թագավորի խորհրդական: Ինչպես նա թագավորական շքախմբի հետ եղավ շատ երկրներումՙ Իրանում, Սիրիայում, Հնդկաստանում: Ինչպես նա հանդգնաբար սիրահարվեց արքայաքրոջը (Աննային), ինչի համար էլ բռնի ուժով վանական կարգվեց եւ մինչեւ կեանքի վերջը փակված մնաց վանքում: Ինչպես 40 տարի սեւ սքեմի տակ պահեց իր սազը եւ շարունակեց երգել: Ինչպես ամենուր երգում էին նրա երգերը, եւ թե ինչպես փառաբանված շատ բանաստեղծներ կտրատում էին սազի լարերըՙ ոչ մեկի կողմից չճանաչված աշուղից մրցույթում պարտվելու համար, աշուղ, որ արքունի բանաստեղծ Սայաթ-Նովան էր, նույն ինքըՙ խոնարհ վանական Տեր Ստեփանոսը:

Այս ամենը հատկապես ուժեղ էր հնչում հազարամյա վանքի սեւացած պատերի ներսում, որտեղ բանաստեղծն անցկացրեց ուսման հաշված տարիները, իսկ հետո էլՙ եկեղեցական կալանքի իր ցմահ բաժինը:

Ճիշտ է, այդ պատմություններն անմիջական առնչություն չունեն ռեժիսոր Ս. Փարաջանովի այստեղ նկարահանած ֆիլմի հետ, քանի որ դա կենսագրական ֆիլմ չէ:

Բանաստեղծի կենսագրությունը բեմադրիչի համար առիթ հանդիսացավ մի քանի կինեմատոգրաֆիական մանրանկարներ ստեղծելու համար:

Յուրաքանչյուր մանրանկար (այսպես է անվանել սցենարում դրանք ինքըՙ ռեժիսորը) յուրօրինակ կինոնովել է: Նրանցում տեղ չունի նույնիսկ սովորական գրական երկխոսությունը: Դրա ամբողջ լուծումը գտնվում է մաքուր արտահայտչական ոլորտում:

Փարաջանովը որոնում է յուրաքանչյուր կերպարի տեսանելի զուտ կինեմատոգրաֆիական համարժեքը: Ինչպես, օրինակ, ցույց տալ սիրահարներին, որոնք իրար են նայում, ճիշտ ինչպես հայելու մեջ իրենց մտքերի արտացոլումն են տեսնում: Այս հարցի պատասխանը ռեժիսորին տվեցին 18-րդ դարի իրանական կտավները: Նրանցում սիրահարները պատկերված են միանման դեմքերով: Ահա թե ինչու պատանի Սայաթ-Նովայի եւ Աննայի դերում հանդես է գալիս նույն դերասանուհին` Սոֆյա Ճիաուրելին:

Կամ թեՙ ինչպե՞ս ցույց տալ ներքին այն փոփոխությունները, որ կատարվում են մարդու մեջ: Հնագույն սրբապատկերների վրա նույն սուրբը պատկերված է տարբեր դեմքերով: Եվ ահա Փարաջանովը Սայաթ-Նովայի դերի համար հրավիրում է չորս դերակատարների, արտաքինով միմյանցից բացարձակապես տարբեր մարդկանցՙ փոքրիկ Մելքոնին, Սոֆյա Ճիաուրելիին, Վիլեն Գալստյանին եւ Գեորգի Գեգեչկորիին:

Փարաջանովը նկարիչ է: Ճիշտ այնպես, ինչպէս նկարիչը գույներով տրամադրություն է ստեղծում, այս ռեժիսորը գույնով ընդգծում է զգացմունքային սկիզբը, ճիշտ այնպես, ինչպէս նկարիչը գույնով ստեղծում է դրվագների կոմպոզիցիոն շարք: Եվ այդ հորինվածքն այնպիսին է, որ յուրաքանչյուր դրվագում զգացվում է լարված մտքի շարժումը, որը բառերով երբեմն ավելի դժվար է արտահայտել:

Եկեղեցու ընդհանուր բակն է: Սեւ վանականները լույս աշխարհ են հանում բորբոսնած, ծանր, մեծածավալ գրքեր, շարում դրանք հերթով, իրար ետեւից: Բացված հարյուրավոր գրքերՙ մերկ քարե սալերի վրա: Քամին ծանրորեն խշխշացնում է դրանց թերթերը:

Փոքրիկ Հարությունն օգնում է վանականներին: Շուրջբոլորը խշխշում են հազարավոր թերթեր: Երբ նա հոգնած պառկում է քարերի վրա, գրքերի արանքում եւ փակում աչքերը, բոլոր կողմերից նրան շրջապատում են բացված գրքերը (իսկ քամին առաջվա նման թերթում է էջերը): Եւ այստեղ մենք հանկարծ էկրանին տեսնում ենք վաղուց ծանոթ արտահայտությանՙ «վերարտադրել հիշողության մեջ»-ի տեսանելի պարզ պատկերը: Ամեն ինչ այնպես պարզ է. քամին շրջում է վանքի բակում, իսկ մենքՙ հանդիսականներս, ասում ենք մեզ. «Ոչ թե քամին, այլ գրքերի մեջ պառկած այդ տղայի հիշողությունն է թերթում էջերը»:

Այսպիսին է մինչեւ վերջ կինեմատոգրաֆիայի արտահայտչական միջոցներին տիրապետող արվեստագետի մոգական ուժը: Այսպիսին է կինոբեմադրիչ Ս. Փարաջանովի եւ օպերատոր Ս. Շահբազյանի վարպետությունը:

Եվ քիչ-քիչ, արդեն նկարահանումների ժամանակ (ֆիլմը ստեղծվում է «Հայֆիլմում») սկսում ես հավատալ, թե ինչու Փարաջանովն այդպես դժկամորեն է պատմում իր ֆիլմի մասին: Չէ՞ որ խոսելով նման բաների մասին, նույնիսկ ինքըՙ հեղինակը, վտանգի է ենթարկվում. խոսքերը կարող են անհիմն հնչել: Նրա կերպարները տեսանելի են եւ միայն այդպես: Նրանց չի կարելի ընկալել լսելով, լսողությամբ: Լսողությամբ կարելի է ընկալել միայն Սայաթ-Նովայի երգերը, որոնք հնչում են կադրից դուրս:

Շատերին նման ուղին կարող է բարդ թվալ: Դրան կարելի պատասխանել իրՙ Սայաթ-Նովայի խոսքերով.

Ամեն մարթ չի կանա խմիՙ իմ ջուրն ուրիշ ջրեն է,

Ամեն մարթ չի կանա կարդաՙ իմ գիրն ուրիշ գրեն է:

Թբիլիսի-Երեւան, «Օգոնյոկ» հանդես, 1969, Մոսկվա

ԻՄ ԱՅՑԸ ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻՆ

ԴԱՅԱՆԱ ՏԵՐ-ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

1985-ին ես առաջին անգամ այցելեցի Հայաստան: Իմ ուղեվարը Սփյուռքահայության հետ կապի կոմիտեի աշխատակից Աշոտն էր, որն ինձ հարցրեց. «Դայանա, ո՞ւմ հետ կցանկանայիր հանդիպել»: Այդ շաբաթ Փարաջանովը Հայաստանում էր, եւ ես ասացի. «Օհ, նա իմ սիրած կինոբեմադրիչն է, ես պաշտում եմ նրա ֆիլմերը»: Սակայն Փարաջանովն անսպասելի Երեւանից մեկնեց Թիֆլիս: Տեսնելով իմ բուռն ափսոսանքըՙ Աշոտն ինձ առաջարկեց մեկնել Թիֆլիս:

- Բայց մի պայմանով. դու չպետք է գրես այս մասին,- ասաց նա։ - Եթե քեզ հարցնենՙ կասես, որ Թիֆլիս էիր գնացել Սայաթ-Նովայի շիրիմը եւ Խոջիվանքի հայկական գերեզմանատունը տեսնելու:

Թիֆլիսում մնացի ընդամենը մեկ օր: Իմ առաջին տպավորությունն այդ երկրիցՙ նրա կանաչությունն էր: Իհարկե, չէ՞ որ այն Ստալինի երկիրն է: Հայաստանի ժայռերից հետո Վրաստանն ամբողջովին կանաչ էր:

Մենք պայմանավորվեցինք, որ Փարաջանովին ասեմ, որ իրեն բարեւներ եմ բերել Ջոն Ափդայքից եւ Ալան Գինզբերգից: Սակայն փողոցում ում հարցնում էինք, թե գիտե՞ն որտեղ է Փարաջանովի տունը, ժխտական պատասխան էին տալիս: Վերջապես մի կերպ գտանք: Երբ բակ մտանք, տեսանք անսովոր մի տեսարանՙ տաշտում նստած մորուքավոր մի մարդու, որին մի թուխ երիտասարդ լողացնում էր: Ահա այդպես ես առաջին անգամ տեսա Փարաջանովին: Աշոտն ասաց. «Ավելի լավ է գնանք, մի քիչ զբոսնենք»:

Երբ վերադարձանք, Փարաջանովն արդեն հագնվել էր: Մենք ներկայացանք: Շատ սրտագին հանդիպում էր, ասես վաղեմի ծանոթներ լինեինք: Նրա հետի տղան կոլումբացի էր, գեղեցիկ, ինչպես մալայական արձան: Փարաջանովը նրան կարգադրեց թեյ պատրաստել մեզ համար: Հերթով սկսեց ցույց տալ իր տան առարկաները, բացատրեց, որ դրանց մի մասը պատրաստել է բանտում: Շատ բաներ էլ կոլումբացին էր բացատրում: Այդ ամենը մեկ ժամ տեւեց: Ես ցնցված էի: Շատ լավ ժամանակ անցկացրինք միասին: Խոսում էինք հայերեն: Փարաջանովը շատ հումորով մարդ էր: Կոլումբացի տղային նայելովՙ ես ասացի.

- Շա՜տ գեղեցիկն է:։

- Քեզ եմ տալիս,- ասաց Փարաջանովը, եւ բոլորս ծիծաղեցինք:։

Կոլումբացի տղայից բացի նա ինձ առաջարկեց նվեր ընդունել մի քանի թեյի բաժակ, որոնք ես չվերցրի: Բայց անհնար էր, որ Փարաջանովն իր հյուրին դատարկ ճամփեր:։ Այնժամ նա ինձ նվիրեց իտալերեն բանաստեղծությունների մի ժողովածու եւ տասը տուփ թեյ, որոնցից մեկը վերցրի:

Մենք հրաժեշտ տվեցինք: Փարաջանովն աշխարհի ամենաջերմ մարդն էր: Ես բացիկ գրեցի Ջոն Ափդայքինՙ հայտնելով, որ իր բարեւները հաղորդեցի Փարաջանովին: Աշոտն ինձ ասաց, որ ես պետք է խոստումս պահեմ եւ այդ բացիկն ուղարկեմ Ամերիկա հասնելուց հետո միայն: Դե, ես այդպես էլ արեցի:

Նյութերը հրապարակման պատրաստեց ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4