ԳՐԻԳՈՐ ԱՃԵՄՅԱՆ
Հանրահայտ է Գուրգեն Մահարու «Խոհեր Հովհաննես Շիրազի մասին» դիմանկարը: Այն գրված է որպես առաջաբան «Հուշարձան մայրիկիս» գրքի, բայց դրա առաջին հրատարակությունում իր տեղը չգտավ,- կյանքի վերջում եւ հետմահու, շնորհիվ հայրուորդի թոփչյանների, գրողը հայտնվեց «շրջափակման» մեջ:
Տեղի տալով Շիրազի նախանձախնդիր միջնորդությանըՙ ծանրաշարժ գրական ամսագրի թեթեւաքաշ խմբագիր Ստ. Կուրտիկյանը, գզրոցներում ունենալով մահարիական բազում անտիպներ, գրողի մահից մեկ տարի անց «տեղից շարժվեց» դիմանկարի հարցում: Բայց մինչ «Սովետական գրականությունը» աղալով ու կաղալով կաներ իր գործը, նույն միջնորդ ձեռքով այն հայտնվեց Բեյրութի «Սփիւռքում», որտեղ տպագրվեց առանց հապաղման: [1]
Դիմանկարն ավարտվում էր ամփոփումով.
«Որպես վերջաբան մեր խոհերի, մենք մեզ հարց տանք. թերություններ ունի՞ Շիրազը: Պատասխանում ենք` ունի: Կարելի՞ է նշել նրանցից ամենակարեւորները: Այս երկրորդ հարցին պատասխանելու փոխարեն` ես ինձ հարցնում եմ. նշելուց առաջ կամա կամ ակամա թերիները, դու պատասխանիր.- Կարո՞ղ ես գրել վերոհիշյալ բանաստեղծություններին համազոր գործեր.- պատասխանում եմ`- Ոչ: - Կարո՞ղ ես գրել մի նոր «Բիբլիական» - Ո՛չ.- «Քնար Հայաստանի՞», «Տիգրան Մեծի վի՞շտը».- Ո՛չ: Այս ոչ-երից հետո դու իրավունք ունե՞ս խոսելու թերությունների մասին մի բանաստեղծի, որն ստեղծող է ու ստեղծագործող է այս անկրկնելի գործերի...
Իհարկե, ոչ:
Դե, ուրեմն վերջացնենք»:
Հետ այդմ Շիրազն ուներ բոլոր հիմքերը Երեւանի փողոցներում բարձրաձայնելու տողերիս հեղինակին եւ ոչ միայն նրան` «Իմ մասիս ոչ ոք ավելի լավ չի գրել, քան Գուրգեն Մահարին...»: Բանբասանք չէ, բանն ասանկ է, որ «մասին»-ը նրա անսթափ շուրթերում հաճախ էր դառում «մասիս»...
Բայց բացի դիմանկարից, Մահարին ունի նաեւ անտիպ գրախոսական: Ահա այն`
«Մեր հայրենիքում եւ սփյուռքում պատշաճ ջերմությամբ նշվեց բանաստեղծ Հովհ. Շիրազի հիսնամյակը: Լույս տեսավ նրա «Քնար Հայաստան»ի նոր, չափածո գործերի ժողովածուն: Քսան հազար տպաքանակով լույս տեսած այս գիրքն արագորեն սպառվեց: Այսպես սպառվել են բանաստեղծի բոլոր գրքերը: Սիրված բանաստեղծ է Շիրազը, նրա քնարի անմիջականությունը, նրա բանաստեղծական բնատուր ուժը կարողացել է նվաճել ընթերցողի սիրտը:
Մեծ էր Շիրազի դերը հատկապես մոտավոր անցյալի այն ժամանակահատվածում, երբ մեր պոեզիան ապրում էր դժար ճգնաժամ: Խոսքը վերաբերում է 1936-1937 եւ նրան հաջորդող տարիներին, երբ սովետահայ գրականությունը ենթարկվեց ծանր փորձության: Փոքր զիջումներով Շիրազը կարողացավ պահել իր ինքնությունը, բարձր պահելով իսկական քնարերգության դրոշը: Այդ տարիներին Հովհ. Շիրազն այն աղբյուրն էր, որին մոտենում էր իսկական բանաստեղծության ծարավից տառապող ընթերցողը: Շիրազը չէր հուսախաբում իր ընթերցողին, նրա պոեզիան հստակ էր, կազդուրիչ, կենսահաստատ:
Շիրազը հարգվել եւ սիրվել է ոչ միայն ընթերցողների, այլեւ իրեն ժամանակակից եւ հետո եկող բանաստեղծների կողմից: Բանաստեղծական այս սերնդի առաջավոր դեմքերից մեկը, Համո Սահյանը, մի քանի տարի առաջ գրել է.
Դու անտառ ես, ես բարդի ծառ,
Թող մի քիչ էլ ե՛ս սոսափեմ
Քո շառաչուն ծառերի հետ...
Ծանր փորձության տարիներն անցան, սոխակը ձեռք բերեց ազատ երգելու իրավունք, արեւը դադարեց «հաղթանակի շքանշան» լինելուց [2] եւ անցավ իր անմիջական պարտականությունների կատարմանը, ազատ արեւի տակ շառաչեցին նոր անտառներ եւ պուրակներ, բացվեցին նոր ծաղիկներ եւ ստեղծվեց այն, ինչ մենք այսօր կոչում ենք սովետահայ նորագույն պոեզիա:
Այս նո՛ր նորագույն բանաստեղծության ավագն է Շիրազը: Նրա հիսնամյակի առթիվ թե՛ մեզ մոտ, թե՛ սփյուռքում տպվեցին բազմաթիվ դրվատական հոդվածներ, որոնց, ինչ խոսք, արժանի է բանաստեղծը: Դրվատական հոդվածներից բացի մեր քննադատությունը պարտավոր էր քննության առնել Շիրազի վերջին գիրքը, ցույց տալ նրա թերությունները: Այս ուղղությամբ ոչինչ չի արվել, եթե չհաշվենք Սուրեն Աղաբաբյանի «Սովետական գրականություն» ամսագրի N 10-ում տպած քսան տողանի «հետգրություն»ը, որը ոչ այլ ինչ էր, եթե ոչ քննադատական շուտասելուկ: [3] Շիրազն այն բանաստեղծը չէ, որի նոր գրքի մոտով լռությամբ անցնելը հնարավոր լինի բացատրել մեր քննադատական մտքի բարձրությամբ, ո՛չ: Մեր քննադատները պարտավոր են զբաղվելու այս գրքով: Ընկ. Գ. Հայրյանը տվել է Շիրազի եւ նրա գրքի հակիրճ եւ ճիշտ բնութագրությունը գրքի հառաջաբանում: Իր «Քնար Հայաստան»-ի նոր նվագները» հոդվածում, ընկ. Հայրյանը ցույց է տվել գրքի ուժեղ եւ թույլ, ընդունելի եւ անընդունելի կողմերի մեկնակետերը, որոնցից ելնելով մեր քննադատները կարող էին առաջ տանել իրենց պրպտումները, խորացնել նյութը եւ տալ գրքի նահանջների եւ նվաճումների լրիվ պատկերը:
Այդ աշխատանքը չի կատարվել, այդ աշխատանքը պետք է կատարվի. մեր քննադատները պարտավոր են զբաղվել Շիրազով: Նրանք պարտավոր են ապացուցել, որ այն լավը, որը գոյություն ունի այս գրքում, ոչ մի չափով չի հարստացնում Շիրազի ստեղծագործական ֆոնդը, չի պայծառացնում նրա բանաստեղծական դեմքը, իսկ գրքի հոռի եւ բացասական կողմերն աղքատացնում են նրան, գունաթափում ու գունազրկում նրա ճանաչված, հարազատ, վառ դիմանկարը: Ամեն բանաստեղծ, մեծ թե փոքր, միեւնույնն է, երազում է ձեռք բերել ժողովրդականություն. Շիրազը հասել է դրան առանց քրտինք թափելու, հասել բնատուր ձիրքով, իր երգերի անմիջականությամբ, առանց դիմելու արհեստական բռի եւ բռնի միջոցների, իսկ երբ բանաստեղծը դուրս է գալիս իր կաշվից ընդարձակելու իր ժողովրդականության գոտիները, նա չի կարող չհանդիպել անհաջողության:
Շիրազի այս գրքի հենց «Նախերգանք»ը մի չափածո ձախողանք է: Շիրազն ունի բազմաթիվ փայլուն բանաստեղծություններ, որոնք նմուշներ են իսկական բանաստեղծության. կարդալով այդ բանաստեղծություններն ընթերցողը շատ լավ զգում է թե ինչ բան է լավ բանաստեղծությունը: Այս` քիչ է, չի բավարարում բանաստեղծին, նա ուզում է ընթերցողին նախապես բացատրել, թե ինչ բան է բանաստեղծությունը... Եվ սկսվում է չափածո ձախողանքը.
Բանաստեղծություն չկարդացողը
Չգիտե ինչ է ծաղիկն ու ցողը...
Հետագա տողերում կարելի է գտնել եւ՛ ամպ, եւ՛ ցող, եւ՛ ծաղիկ, եւ՛ մեղու ե՛ւ «աշխարհքի դառնությունը մեղմող մեղր»...
Բանաստեղծություն չկարդացողը
Չգիտե, ինչ է ամոթի ցողը,-
շարունակում է իր դասավանդությունն ընթերցողին Շիրազը. այստեղ էլ գործին խառնվում է «վիշտը սիրո գուշակի», «խորհուրդը հեզ մանուշակի», որը, Շիրազի ասելով` «կապույտ շորեր հագած` շիկնում է ամոթից (մանուշակը...)», երբ նրա մոտով`
Անցնող աղջիկը աչքով է անում`
Ինչ-որ տղայի կանչում կարոտով...
Բանաստեղծության ինչ լինելուց անտեղյակ եւ անընդունակ ընթերցողը Շիրազից սովորում է նաեւ, որ բանաստեղծություն չկարդացողը`
Չգիտե, որն է բանաստեղծը մեծ,
Որ ճրագն աստղի արյունը խմեց,
Եվ մի պահ ինքը երկինք բարձրացավ,
Բայց գալ (???) դարերի անեծքը դարձավ:
Ու դեռ այն էլ կա որ`
Բանաստեղծություն չկարդացողը
Չարժե իմ գրքի թեկուզ մի տողը,
Չարժե մի տողս` վեր լինի թե վար,
Միտքն ինչ էլ լինի` սրտով է խավար:
Ո՞ւմ համար է գրված այս «նախերգանք»ը, բանաստեղծություն չկարդացողի՞ համար. եթե այո` չէ՞ որ ավելորդ է, բանաստեղծություն չկարդացողը այս էլ չի կարդա... կարդացողի՞ համար.- այս դեպքում կարելի է ասել, որ կարդացողը ցավով եւ տարակուսանքով այս տողերում փնտրում է իր գիտցած Շիրազին եւ ցավոք սրտի չի գտնում նրան:
Զինելով ընթերցողին վերոհիշյալ արժեքավոր գիտելիքներով, Շիրազը հրում է նրան իր բանաստեղծությունների, առակների, քառյակների, պոեմների եւ առանց այն էլ խառն երգերի ջունգլիները: Այստեղ արդեն բանաստեղծություն կարդացողն անգամ հասկանում է, թե որքան դժվար է կարդալ եւ մանավանդ հասկանալ բանաստեղծությունը:
Հենց երկրորդՙ «Իրիկվա հովն է հորովել երգում» գեղեցիկ բանաստեղծությունից հետո հայտնի է դառնում, որ բանաստեղծն ունի «անկամորդ», «նախանձ», «հազարակնյա» թշնամիներ, այսինքն անբարյացակամ, նախանձոտ եւ հազար աչքով իրեն հետեւող հակառակորդներ: Այս հալածվելու մտամոլությունը ձեռք-ձեռքի տված սեփական մեծության մտամոլության հետՙ քիչ ավերներ չի գործել այս գրքում: Շիրազն իր մասին, իր «հոգու» մասին այն կարծիքն ունի, որ`
Նարեկացու սուրբ հոգու հետ դեպի դարերն է ճախրում...
Երբ նա գրում է այդ գործը, ի հարկե կարեւոր` նրան բացականչել է տալիս.
Ո՜վ հանճարող իմ վայրկյաններ, այցելեցեք ինձ հաճախ,
Որ գեղգեղա վանդակում էլ իմ սոխակը տխրուրախ:
(Չարենցի մոտ այս պահն ավելի հասարակ է եղել ու պարզ: Ահա՛.
Օ՛, ժամեր, հոսեցեք դուք հիմա պարզ,
ու բախեք ու բախեք բյուրավոր դուռ...)
Նման պահերին Շիրազի մեջ զարթնում են մի քանի մեծություններ միանգամից.
Խորն եմ զգում իմ մեջ, Քուչակ, թե քո լուսինն է զարթնել,
Թե արեգակ Նարեկացին, թե Ֆիրդուսին է զարթնել,
Թե Բայրոնը իմ հայապաշտ, թե Հաֆեզը Շիրազի,
Անմահության արշալույսն իմ վերջալույսին է զարթնել...
Այսպես էլ է պատահում:
«Ազգ» կոչվածի հետ բանաստեղծը խոսում է ինչպես վաստակավոր կոշկակարն իր նորընծա աշակերտի հետ. այսպես.
Ազգ իմ, անսա եւ օղ արա պատգամներս ականջիդ...
Իսկ Սայաթ-Նովայի հե՞տ......
Ո՜վ Հաղպատի Սայաթ-Նովա, ոչ թե կյանքի խասի համար`
Վանքից փախա ես էլ, քեզ պես, երգի, ոսկե վազի համար,
Արի մրցումն աշուղների` երգիս կռվով սազդ խլեմ,
Որ էլ չասեն, թե չեմ ծնվել անմահական սազի համար...
Սեփական մեծության մտամոլությունը հասնում է իր զենիթին, երբ Շիրազը թագադրում է իրեն... ժողովրդի ձեռքով.
Ես վերջին արքան Հայաստանի`
Ես պոետների արքան ջահել...
Ինքնըստինքյան պարզ է, որ երբ մի բանաստեղծ ինքն իր վրա նայում է Բյուրականի խոշորացույցով, նրան այնպես պիտի թվա, որ նա շրջապատված է «անկամորդ», «նախանձ», «հազարակնյա թշնամիներով», որոնք բան ու գործ թողած`
Վրաս բուռ-բուռ հող կգցեն,
Որ բամբասանք-հողով դժնյա
Իմ երգերի սարը ծածկեն,-
Որ իմ ազգն էլ ինձ մոռանա...
Կարիք կա՞ ապացուցելու, որ Շիրազը ոչ մի թշնամի չունի եւ ոչ ոք նրան չի հալածել: Ավելին, այստեղ պետք է ասել եւ ասել ամենայն պարզությամբ, որ ոչ մի սովետահայ բանաստեղծի մասին այնքան գովասանական խոսքեր չեն ասվել, որքան Շիրազի, ոչ մեկի քմահաճույքների հետ այնքան հաշվի չեն նստել, որքան Շիրազի, Շիրազին ներվել է ամեն ինչ եւ այս ամենից հետո... Շիրազին հալածելու սկզբնաղբյուրը մեկն է, ինքը Շիրազը, որը գրավոր ու բանավոր «բուռ-բուռ հող կգցե» իր գլխին` գոյություն չունեցող թշնամիների ձեռքով: Սա ազնիվ եւ օգտակար գործ չէ եւ ամենեւին պատիվ չի բերում սիրված բանաստեղծին:
Վերադառնալով այս գրքին, ապա պիտի նշել, գիրքը, չնայած շիրազյան եւ Շիրազին հատուկ փայլատակումներին, նրա համար նահանջ է, այս բառի ամենատխուր իմաստով: Գրքում ակնառու տեղ է գրավում հատկապես «Բնության գլուխգործոցը» ծավալուն պոեմը, որը հյուսված է հանրահայտ այն անեկդոտի շուրջ, ըստ որի երբ աստվածը, Շիրազի բառով` «Արարողը» ստեղծում է մարդուն (եւ կնոջը...), նա օգտվում է կենդանական բոլոր շաղախներից, գործին միջամտում են գազանները, թռչունները, սողունները եւ օգտվելով Արարողի անուշադրությունից խառնվում են մարդու շաղախին, այստեղ ներկա է եւ սատանան իր միջամտումներով... Միայն ցավալ կարելի է, որ Շիրազն իր քանքարը մսխել է այս անդրջրհեղեղային «նաղլ»ից` փիլիսոփայական թելեր քաշելու եւ մի «գլուխգործոց» հյուսելու վրա: Շիրազն իրեն համարում է «դարի պոետ», սակայն ըստ էության զբաղվում է միջնադարյան անպտուղ գործերով: Մեր դարը, ճիշտ է, հրաշքների դար է, բայց ժամանակակից ոչ մի հրաշագործ գիտնական չի կարող կենդանացնել մամոնտներին, ճիշտ այնպես, ինչպես Շիրազն իր տաղանդի ամբողջ ուժով անկարող է իրենց դարն ապրած «մամոնտացած» թեմաներին եւ հասկացողություններին ժամանակակից շունչ հաղորդել:
Ու զարմանալի չէ, որ պոեմների շարքում ամենահաջողված գործը «Էպոս խաղաղության»ն է եւ այդպես է ստացվել այն պարզ պատճառով, որ այս դեպքում Շիրազի տաղանդը գործ է ունեցել ժամանակակից, կենդանի նյութի եւ ոչ թե մեռած շաղախների հետ: Հենց պոեմի վերջին տողը մի էպիկական պոեմ արժե.
...Եվ այնքան ես հսկայացել, որ այս մթին աշխարհում
Ուսդ տվել հողագնդին` դեպի արեւն ես հրում......
Մեր քննադատությունը պետք է զբաղվի Շիրազի լեզվով: Հետաքրքիր է եւ բնորոշ, որ երբ բանաստեղծը չի հիշում, որ ինքը բանաստեղծ է, գրում է հուզաթաթավ, հիանալի բանաստեղծություններ, թարմ, հստակ լեզվով, զրնգուն հանգերով ու վանկերով: Շիրազին սակայն խանգարել է մեծության մտամոլությունը: Այդ երեւում է հենց այս գրքում: Ո՞րն է մեր ճանաչած Շիրազը: Ահա՛ նա.
Հեռո՜ւ, հեռո՜ւ, հեռո՜ւ հեռվում
Մի խրճիթ կա դաշտի մեջ,
Մի ճրագ է մեջը վառվում
Կյանքի նման նրա խեղճ:
Ո՞վ է ապրում այն խրճիթում
Այն դաշտի մեջ մենության,-
Ախ, մայրիկս է, վիշտը սրտում`
Դեռ պահում է իմ ճամփան......
Ա՛յս է պայծառ, իսկապես բանաստեղծ Շիրազը, որը թողած իր գլուխգործոցների ուղիղ ճանապարհը ոգի ի բռին տքնում է մի զարմացնող գլուխգործոց տալ եւ գործածում է այսպիսի լեզու.- «ծովանդունդ մարգարիտ», «մթնաբավիղ մրրիկ», «որսկանապուրծ եղնիկ», «գարնանազայր հեղեղ», «հուռթահուռթ այգեկութ», «ոհմակենի աշխարհ», «տռփառուշտ կին», «մարմնափրփրադեզ», «սիրառուշ կիրք», «մեղսալեռ լեզու» եւ նման անհեթեթություններ: Գյուտե՞ր են սրանք, ոչ, սրանք երեւի քարե դարի գործիքներ են: Այստեղ Շիրազ չկա: Չի կարելի Թումանյանի, Իսահակյանի, Տերյանի, Չարենցի կողմից հղկված եւ կատարելագործված լեզվի հետ նման խաղեր խաղալ:
Ինչպես ասվեց, մեզ մոտ, մեր քննադատները, մի զարմանալի անտարբերությամբ շրջանցեցին Շիրազի քննության առարկա այս գիրքը: Սփյուռքի հայ մամուլն այս տեսակետից ավելի անմիջական գտնվեց: «Սփիւռք» շաբաթաթերթը մեծ եռանդով հավաքել է իր էջերում «Շիրազի պարագան» պարզաբանող մի քանի քաղված-հոդվածներ «Արեւ»ի, «Ջահակիր»ի, «Յուսաբեր»ի, «Պայքար»ի էջերից` սեփական նախաբանով, ուղղված... «Հայաստանի բամբասողների» եւ «արտասահմանի նենգամիտների» դեմ, չմոռանալով «արտատպել» նաեւ Գ. Հայրյանի հոդվածի միայն գնահատական մասերը` զանց առնելով քննադատականը... [4] ...Միայն զարմանալ կարելի է, որ «Արեւ»ը հակառակը չի վարվել, այսինքն Հայրյանի հոդվածի բացասական մասերը չի հրատարակել, դրականը մի կողմ դնելով......
Սրտապնդվելով երեւի ընկ. Գ. Հայրյանի հառաջաբանի քննադատական խոսքերից, «Արեւ»ը, խոսելով Շիրազի մասին, մատը դնում է վերքին եւ պաշտպանում այն միտքը, որ «բանաստեղծը միշտ պետք է մնա բանաստեղծ, ճառը եւ անարվեստ խոսքը ձգելով այլ ասպարեզի մարդոց»: «Արեւ»ի կարծիքով` «Դիվանագետը պետք է քաղաքականությամբ պահանջե, կուսակցական ղեկավարը` ճառով, իսկ բանաստեղծը` գեղարվեստական խոսքով»: Որոշ ուղղումներով ճիշտ են այս դրույթները. «Արեւ»ի խմբագրականի արատն այն է, որ մատը դնելով վերքին, փոխանակ վիրակապելու, փորփրել է վերքը, որից եւ տուժել է հոդվածի առողջ կորիզը:
Կրկնենք մի անգամ եւս այն իրողությունը, որ սովետական բանաստեղծն ու արձակագիրը զրկված են մի՛ ազատությունից,- վատ գրելու ազատությունից: Հովհ. Շիրազի երգած թեմաները եթե անհատի պաշտամունքի տարիներին արգելքի տակ են եղել, այսօր, փառք «արարողին», արգելված չեն: Երգել կարելի է եւ՛ ազգահավաքը, եւ՛ 1915, 1937 թվականների զոհերին, եւ՛ Վանն ու գերված Արարատը: Ինչպե՞ս երգել- ա՛յս է կարեւորը: Շիրազը չէր վայելի այն սերն ու ժողովրդականությունը, եթե չունենար բանաստեղծական հմայիչ ձայն, նույն Շիրազը դադարում է Շիրազ լինելուց, երբ նա երգում է ոչ իր ձայնով, երբ նա ոչ թե երգում է, այլ, իր խոսքով ասած` «գոռում»:
Ցավալի է, որ սփյուռքահայ մամուլն ավելի մեծ գերապատվություն է տալիս Շիրազի գոռում-գոչումներին, քան իսկական բանաստեղծական պոռթկումներին: Չտեսնել բանաստեղծի մեջ բանաստեղծը եւ դրա փոխարեն նրա մեջ տեսնել ինչ-որ չեղած «շրջուն զանգահար» կամ «Աբովյան փողոցի դերվիշ», շփոթել բանաստեղծին ծաղիկ ծախող ղարաբալայական «էկզոտիկաի» հետ,- ա՛յս է վիրավորականը:
Վիրավորական է եւ անլուրջ այս «համերգ»ում «Սփիւռք» շաբաթաթերթի դերը: Նա «համերգավարի» դեր է վերցրել, բեմ է հրավիրում «Արեւ»ին, «Պայքար»ին, «Ջահակիր»ին, «Յուսաբեր»ին, համերգավարին վայել կոմիկ լրջությամբ հանձնարարականներ է կարդում, սրամտում... Մի՞թե «Սփիւռք»ը չի հասկանում, որ ոչ մի զուգահեռ չի կարող լինել Եղիշե Չարենցի եւ Շիրազի գրական ճակատագիրների միջեւ եւ զբաղվել նման գործով, նշանակում է զբաղվել ամբոխավարությամբ: Պետք է հասկանալ տարրական բաներ եւ այդ տարրական բաներից մեկն էլ այն է, որ 30-ական թվականներին Չարենցի ծածկագրած պատգամը հերոսություն էր եւ ինքնազոհաբերում, իսկ մեր օրերում տալ եւ տարածել «Հայեր բոլոր երկրների, միացե՛ք» «պատգամ»ը` էպիգոնություն է եւ ամբոխավարություն միաժամանակ: [5] Այս չէ Շիրազը եւ իզուր սփյուռքահայ մեծ ու փոքր «համերգավարները» ընթերցողի աչքն են խոթում այս Շիրազին:
Այո, Շիրազը հայ ժողովրդի հաղթանակների, նրա կարոտների եւ տենչերի, նրա բնության եւ մարդկանց երգիչն է: Մինչեւ այստեղ նա ոչ մի հակառակորդ չունի: «Հակառակորդներն» երեւում են, երբ Շիրազը իջնում է` իր մեծ ուժով ձեռք բերած բարձրությունից: Այս կարող է դուր գալ շատ-շատերին եւ այս շատերի մեջ էլ պետք է փնտրել Շիրազի առանց չակերտների թշնամիներին:
Մենք ասում ենք,- թող անսպառ լինի Շիրազի ձայնը, երբ նա այսպիսի ջերմությամբ եւ սիրով երգում է հայոց լեզուն.
Պանդուխտ կերթանք, ջրերն ասին,
Մեր լեռներից հազար ծովեր,
Թե որ տեսնենք մեր ճամբեքին
Հայեր` կորած հազար ծովեր,
Ի՞նչ մրմնջանք ականջներին`
Քո տեղ հասած հազար ծովեր:
- Ասեք, ուրիշ բան չեմ ուզում`
Մասի՛ս պահեք հայոց լեզուն......
Ահա՛ մեր Շիրազը:
Իսկ երբ Շիրազն իր վերոհիշյալ «Պատգամ»ում գրում է` «...մենաթափառ գազան է, ով ազգասեր չէ, միայն որկոր ու որովայն է նա, ով հայրենասեր չէ, ո՛վ մոր կաթն է մոռանում` շան ծիծ է ծծել...»,- այս արդեն ոչ մի կապ չունի բանաստեղծ Շիրազի հետ եւ ցավալի է տեսնել նրա ստորագրությունն այս անճաշակ տողերի տակ:
Սփյուռքահայ մամուլի այս համերգում զատորոշվում է «Յուսաբեր»ի ձայնը: «Յուսաբեր»ը Շիրազի մեջ տեսնում է Շիրազներ: Ահա նրա անհույս ոճը. «Շիրազները դեմ են... սատար հանդիսանալ Շիրազներուն... Շիրազներու գաղափարախոսությունը... Շիրազներու ազգային նվիրումը... վստահացնել Շիրազները...» եւլն: Խոշորացույց չէ «Յուսաբեր»ի գործածածը, ոչ, ըստ երեւույթին ավելի բարդ գործիքով է աշխատում թերթը, որը, երեւի կարող է կոչվել բազմացույց... Ավելորդ չէր լինի հիշեցնել բազմատես հոդվածագրին, որ մենք մեկ Շիրազ ունենք եւ այդքանով գոհ ենք: «Յուսաբեր»ը պնդում է, որ «Մերն են Շիրազներու դավանանքը»:- Միայն շնորհավորել կարելի է եւ ուրախանալ: «Յուսաբեր»ը դավանափոխվել է: [6] Ելնելով իր նոր դիրքերից, նա երեւի պատրաստ է ստորագրելո՞ւ Հովհաննես Շիրազի շատ բան ասող այս քառյակի տակ.
Իմ Սեւանն է Վանա ծովի ազատման
Միակ լույսը, իմացիր,
Արագածն է Արարատի ազատման
Միակ հույսը, իմացիր...
Կապ ունի՞ բանաստեղծի այս հույսի հետ «Յուսաբեր»ը:... Չենք կարծում»:
Ձեռագիրն ավարտվում է զարդանիշով, որը Մահարին սովորաբար դնում էր ամփոփումից առաջ: Ամփոփումը կարծես չկա: «Պակասը» հեշտությամբ լրացվում է, երբ փորձում ես մեր օրերում որոշել Շիրազի տեղը սովետահայ պոեզիայում:
Բնատուր բանաստեղծին կործանել է թեմատիկան: Այն, ինչ 60-70-ականներին արժանիքն էր նրա պոեզիայի, այսօր դարձել է աքիլլեսյան գարշապար: Իր անկառավարելի խառնվածքով Շիրազը հետեւողականորեն պահպանվում էր պոեզիայի հայրենասիրական թեմատիկային, առավելագույնս նեղացնելով այն...
Միայն նա չէր, որ ենթարկվեց այդ վթարին: Պ. Սեւակն ու Հ. Սահյանը, Վ. Դավթյանն ու Գ. Էմինը, Սարմենն ու Ս. Կապուտիկյանը, ասես մրցակցելով, սկսեցին հոլովել ազգային խորհրդանիշեր, որոնց շարանը Մահարին բացատրեց անցյալի այն շրջանով, երբ պոեզիայից վանված էր ազգայինը: «Ձնհալի» առաջին կաթոցի հետ լսվեց ժամանակի կոչը,- «Երգե՛նք, երգենք քանի շուտ է եւ քանի ուշ չէ, երգենք այրուձի ու խոյակ, ողկույզ ու կռունկ, արագիլ ու մայրենի բարբառ... քանի ուշ չէ, բացատրենք մեր սերը, Հայաստա՛ն, իմ երկիր, դու անցել ես դարերի միջով եւ կանգուն ես մնացել քո մասունքներով: Շարունակիր քո ճանապարհը, ես սիրո՜ւմ եմ քեզ...»: [7]
Եվ սկսվեց գրոհը ազգային խորհրդանիշերի վրա: «Գրոհայիններից» ամենահետեւողականը եւ ամենատուժողը եղավ Շիրազը: «Սազանդարը գտել էր տեղը» եւ ճնկճնկացնում էր «մասիս-անի» լարի վրա: Ապավինելով բնատուր տաղանդին, բայց ունենալով իմացական նեղ հորիզոն, նա կաշառվեց Սփյուռքով, որի աչքում «ամենաներից» առաջինն էր: Ի՞նչ Չարենց, Շիրազն ունի բազում «Ես իմ անուշ»-ներ, նա թիվ մեկ այլախոհ բանաստեղծն է` վարչակարգի դեմ ծառացած...
Այդպիսին էր իրադրությունը, երբ գրվեց գրախոսականը: Ինչո՞ւ այն չտպվեց: Սփյուռքը չէր հանդուրժում Շիրազի հասցեին ոչ մի քննադատություն, տեսնում էր դրանում գաղափարական ճնշում: Եվ լավ է, որ չտպվեց: Դա կլիներ Մահարու ամենածանր հանցանքը, քանի որ գրախոսականում զգալի էր եւ թեմատիկայի քննադատությունը:
Երեկվա այրող թեմաներն այսօր խամրել են: Որքան էլ փայլուն լիներ Շիրազի ինչպես-ը, եթե հնանում է ինչ-ը, ապա գործը հնանում է ամբողջությամբ: Նորանկախ Հայաստանը բերել է նոր գաղափարներ: Հեշտ էր ԽՍՀՄ-ի օրոք Մասիս ու Անի խնկարկելը, «մեր հողերը, մեր հողերը» վանկարկելը (հիշեցի Շավարշ Նարդունու նույնանուն գիրքը), բայց այսօր, երբ հազարավոր հայեր եղել են Անիում, տեսել Մասիսը հակառակ կողմից, երկրի առջեւ դրված է ներկային սթափ նայելու հարցը: Ուզենք թե չուզենք, պետք է հաշվի նստենք մեր մեծ ու փոքր հարեւանների հետ, լինենք իրատես` ոչինչ չմոռանանք, բայց նայենք ապագային: Եվ որ կարեւորն է` ժամանակ չկորցնենք, չպարտվելու համար տարբեր մրցավազքերում: Գերմանիան պատմական շատ հողեր է թողել հարեւան եւ ոչ հարեւան երկրներում, բայց դա չի խանգարում նրան այսօր լինել Եվրոմիության շարժիչ ուժը......
« /Մահվան գնով էլ պարտավոր ենք մենք /Միացյալ տեսնել հողը հայկական ».- արտատպում էին իրար հետեւից Սփյուռքի թերթերը...... Թողնենք մի կողմ կոչի այն մասը, որից «Մահ կամ ազատության» հոտն է փչում, մենք գիտենք, թե ինչով է դա վերջանում: Բայց եթե ղեկավարվենք այս «պատգամով», ապա ստիպված պետք է լինենք պատերազմել հարավայինից բացի բոլոր կողմերի հետ աշխարհի... «/Ինչպե՞ս կոչեմ քեզ, Հայաստան, /Երբ դեռ Մասիս սարը չունես...»,- երկրորդում էր բանաստեղծը: «Հավատացե՛ք գրողին, նրա խղճին եւ հավատացեք, որ լավ գրողը չի կարող վատ ուսուցիչ լինել»,- ասել է Մահարին, իսկ ո՞ւր է տանում մեզ Շիրազը... Փակուղի՛:
Այո, Մասիսը Հայաստանի սյունն է: Բայց Շիրազի մոտ այդ սյունը հոգեւոր չի, այլ... շինարարական կոնստրուկցիա: Իսկ հիմա մի պահ բացենք մեր աչքերը եւ պատկերացնենք, որ աստվածաշնչյան լեռը չի անցնելու Հայաստանին, եւ ի՞նչ ... Երկիր, պետություն, պետականություն, ժողովուրդ չե՞նք ունենալու...
Մահարին բնազդաբար տեսնում էր, որ անգամ ԽՍՀՄ-ի կազմում «այսպես շարունակել չի կարելի»: Նման առիթով է նա ասել` «Եթե դա հայրենասիրություն է, ապա ես հայրենասեր չեմ...»: Մասնակցելով թերթային բազում միջոցառումներիՙ նա ոչ մի անգամ հանդես չեկավ Մեծ Եղեռնին նվիրված համարներում: Մեծ Եղեռնը նրա համար «միջոցառում» չէր, այլ վերապրելու բանալին կրող խորհրդանիշ...
Մենք... չշեղվեցինք, բայց վերադառնանք երկու գրողներին: Շիրազի մեծամոլությունը, ինքնագովազդը Մահարին դատապարտել է նաեւ նամակներում. « ...Եկավ իրիկնային փոստը եւ բերեց «Երեւան» օրաթերթի N 9-ը, որտեղ կարդացի ներփակը: [8] Ինձ շատ վրդովեց ինքնառեկլամի այս կարա-դերվիշյան մեթոդը: Այս փառքի մուրացիկը հեռուստատեսային դիկտորի բերնով հայտարարեց, որ «Շիրազը Չարենցի սիրած բանաստեղծն էր» եւլն., Արամունու [9] գրչով «Սովետական մանկավարժ»ի էջերում որպես Արամունու հիշողություն գրեց, որ «Չարենցը ուրախացավ եւ ողջունեց Շիրազի մուտքը» եւլն., այժմ թափառում է ինստիտուտից ինստիտուտ եւ իր գրական գործունեության 25-ամյակն է տոնում, իսկ այսօր էլ ահա այս գրական-պատմական կեղծիքը: Ախր Շիրվանզադեի վերաբերմունքը դեպի պոեզիայի ժանրը հայտնի է, նա մինչեւ անգամ Թումանյանին համարում էր «ոտանավորներ գրող», իսկ ոտանավոր գրելը նրա աչքում չնչին գործով զբաղվելու պես մի բան էր: Այդ որտե՞ղ է Շիրվանզադեն գրել կամ ասել նրա մասին այսպիսի բան......
... Զանգահարեցի Շիրազին:- Նա հավատացնում է, որ Մելիքսեթյանի [10] «Շիրվանզադեն ինտիմ» գրքում նա, Մելիքսեթյանը, գրել է Շիրվանզադեի վկայությունն իր մասին: Ինչ կարող ես ասել, երբ մարդ կարող է կորցնել եւ՛ խիղճ ե՛ւ ամոթ. եթե Մելիքսեթյանը հիրավի իր գրքում գրել է այդպիսի բան, ապա նա ստում է: Կգնամ գրադարան, կվերցնեմ, կկարդամ, եթե գտա այդ տողերը, ապա Մելիքսեթյանի հետ կխոսեմ ինչպես հարկն է... » (12 հոկտ 1957 թ.):
Գրադարանը կլիներ ժամանակի կորուստ: Զարմանալի տեղյակությամբ Շիրազը հղումը կատարում էր ձեռագրի վրա: Գիրքը լույս տեսավ միայն յոթ տարի անց: Շիրազի անունը խոհեմաբար ծածկագրվեց, բայց գրախոս Մահարուն դա չկանգնեցրեց. « Մի՞թե հետաքրքիր չէր իմանալ, թե Շիրվանզադեն այն ո՞ր «երիտասարդ սկսնակ պոետի» մասին է գնահատական ջերմ խոսք ասել, քանի որ բոլորին հայտնի է, որ Շիրվանզադեն անգամ մեծ բանաստեղծների վրա նայում էր վերից եւ գրական այդ տեսակը համարում էր ավելորդ մի բան: Հետին թվով նման «սկսնակ պոետ» պեղելու փոխարեն ավելի լավ չէ՞ր լինի, եթե Մելիքսեթյանը վեր հաներ Շիրվանզադեի ահա ա՛յս կողմը, որը հանրահայտ էր եւ որը նրա տարօրինակություններից մեկն էր... »: [11]
Մահարու «տաք» տողերում անձնական ոչինչ չկար, այդ է վկայում նրա մեկ այլ նամակը. « Գրական գնահատությունների մեջ ես երբեք չեմ առաջնորդվում անձնական միտումներով, սիրելի Մարի, ճիշտ է որ Շիրազը խախտված է թե որպես մարդ եւ թե որպես բանաստեղծ, բայց նա մնում է իբրեւ ամենաօժտված բանաստեղծը, որն, ավաղ, չկարողացավ բնության տվածին մի բան ավելացնել, արժեցնել, անցնել այն ճանապարհը, որն ի վերուստ իրե՛ն սահմանված էր » (Մ. Աթմաճյանին, 5 փետրվարի 1965 թ.):
Այս «սառը» տողերն էլ չափազանցված չէին: Կարդանք «Հայաստանի լենինյան Կենտկոմի բյուրոյի նիստին» ուղղված Շիրազի երկտողն ամբողջությամբ.
«Սիրելի ընկերներ.
Ահա յոթ տարի է, ինչ ինձ` բլոգադի մեջ առնվածի նման` չեն տպագրում ոչ մի ստեղծագործությունս, ոչ մի տեղ... ոչ մի տեղ:- Ահա յոթ տարի է:
Ձեր կարծիքն ի՞նչ է, դեռ պիտի շարունակեն այս ժանտ բլոկադան գրական նախանձները:
Պիտի մոռացվի՞ ժողովրդից ծնված հանճարը: Հա՞» [12] (18 դեկտ. 1959 թ.):
Պահպանված է ձեռագրի ուղղագրությունը: Ըստ կից տեղեկանքի` այդ տարիներին մերժվել էր միայն «Բնության գլուխ-գործոցը», իսկ բանաստեղծը ստացել էր 286. 546 ռուբլի խիստ պատկառելի հոնարար:
Երկտողին մեկ ու կես տարի անց հաջորդել է մեկ ուրիշը`
«Հայաստանի գլխավոր ղեկավարության`
այժմյան - նորընտիր գլխավոր քարտուղարին
Ես խոնարհաբար հարցնում եմ - դուք եւ՞ս շարունակելու եք իմ դեմ գաղտնի եւ հին քաղաքականությունը, որի գաղտնի տենչանքն էր Հովհաննես Շիրազի ինքնասպանությունը......
Ես հարցնում եմ ազնվորեն` շարունակվելո՞ւ է Անիի պաշարումը թուրք յաթաղանազորքով...
Այսինքն էլի մի յոթ տարի... ինձ լրի՞վ եք հասցնելու խելագարության կամ...»: [13]
Կա՞ հակասություն գրախոսականի եւ ավելի ուշ գրված դիմանկարի միջեւ: Դիմանկարը գրված է «Այգեստանների» «աղետից» հետո: Այդ շրջանին է վերաբերում «Չարտասանված ճառը գրողների հինգերորդ համագումարում», որը հետմահու լույս տեսավ «Նայիրի»ում եւ որտեղ «փուշի խայթոցներուն վարդերով կը փոխադարձէր Մահարին» (Ա. Ծառուկեան): Կարելի էր մտածել, որ ինչ որ բան կոտրվել էր գրողի մեջ եւ ստիպել խոհեմաբար կրել համերկրացիների գլխարկը...... Մասամբ` այո, բայց առաջնայինը ժանրն էր: Մի բան է գրախոսականը, այլ` դիմանկար-առաջաբանը:
Մահարի-Շիրազ կապերը փողոց է միակողմանի երթեւեկությամբ: Սա արձանագրում ենք որպես փաստ, Շիրազը քչերի մասին է գրել: Տարբեր էին նրանք խառնվածքով, գրողի դերի, պարտքի մասին պատկերացումներով: «Խրխնջան նժույգի նման անցավ կյանքը կողքով, ու մի բանի էլ չհասա»,- գրեց կյանքի վերջում իրենից դժգոհ Մահարին, մինչ Շիրազը համոզված էր, որ կանգնելու է Նարեկացու կողքին...
Երկուսն էլ սխալվում էին:
Ծանոթագրություններ
1. «Սփիւռք», Պէյրութ, 1970, թ. 24, էջ 6-8:
2. Վերհիշեցումն է Ստալինին նվիրված` Շիրազի բանաստեղծական տողի:
3. Նկատի ունի Ս. Աղաբաբյանի «Հովհաննես Շիրազի ճանապարհը» երկսյունակ 20 էջանոց դիմանկարի ամփոփիչ 12 կիսատողերը:
4. «Սփիւռք»-ի 1964 թ. հոկտեմբերի 10-ի «շիրազապատումը» պարունակում էր Կահիրեյի «Արեւ» - Բոստոնի «Պայքար» թերթերի խմբագրականները` «Ռամկավար Ա վերաբերում Շիրազի հանդէպ», «Ռամկավար Բ վերաբերում Շիրազի հանդէպ» ենթախորագրերով, Կահիրեյի «Ջահակիր» - «Յուսաբեր» թերթերից «Գիտնանք քննադատել» ու «Սահմանազանց յաւակնորդութիւն» հոդվածները:
5. Մահարին լռում է մեկ այլ ակամա էպիգոնության մասին: 20-30-ական թթ. սովետահայ պոեզիայում նա էր «բարդիների երգիչը» - «սեփականատերը», որի համար քննադատվում էր անողոք, իսկ 50-60-ականներին բարդիները դարձան սովորական արդեն խորագրերում:
6. Ակնարկվում է թերթի դաշնակցական ուղղվածությունը:
7. «Գրական թերթ», Եր., 1965, թ. 37:
8. «Ցուցահանդես հանրային գրադարանում» տեղեկատվությունը Շիրազի գրական գործունեության 25-ամյակին նվիրված միջոցառման մասին էր: Այն ավարտվում էր Շիրվանզադեի խոսքերով` «–Ուշադրություն պիտի դարձնել այդ պոետի վրա: Պիտի դաստիարակել նրան: Մեծ ապագա է խոստանում...» («Գ. Թ», Եր., 1957, թ. 9):
9. Վահան Արամունի (Գ-որգյան, 1917-1965), բանաստեղծ, արձակագիր:
10. Սարգիս Մելիքսեթյան (1899-1980), թատերագետ:
11. Լիարժեք հուշագրության համար, «Գ. Թ.», 1965, թ. 14:
12. Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 1, ցուցակ 39, գործ 57:
13. Նույն տեղում, ֆոնդ 1, ցուցակ 41, գործ 124: