Լեւոն Սարգսյան
Հայոց լեզվին պատուհասած աղետներից նորագույնին` համընդհանուր դարձած եւ լեզվի ավանդականությունը հիմքից խարխլող «ա»ախոսությանը մենք անդրադարձել ենք քանիցս` յուրաքանչյուր հաջորդ հրապարակմամբ ավելի տխուր, ավելի ահագնացող եւ տագնապալից վիճակ արձանագրելով:
«Ա»ախոսության չարիքը մեր լեզվում սկսեց տարածվել, երբ մի քանի վայ-արվեստագետների եւ կինոբեմադրիչների` հերոսներին «ա»ախոս դարձնելով իբրեւ թե խոսքի առավելագույն հավաստիության ու բնականության հասնելու մտասեւեռումը սկսեց իրականություն դառնալ, եւ դա այն դեպքում, երբ եկել էին լեզվի հանդեպ քամահրական վերաբերմունքի ու բարձիթողիության աննախադեպ ժամանակներ: Եվ եթե այն օրերին ընդամենը մտայնություն էր, հիմա արդեն ձեւավորվել է համոզմունք, որ «է»-ի փոխարեն «ա» օժանդակ բայ գործածելով` մեկընդմիշտ լուծվում են խոսքի բնականության խնդիրները: Այս համոզումն սկսեց իշխել առավելապես հոռուստաեթերում, հետեւաբար հենց այդտեղից էլ սկսեց հնչել, ապա անկասելի հորդել «ա»ախոսությունը` իր համընդհանուր ու նաեւ պաշտոնական գործառնումով հանգեցնելով այն բանին, որ ի վերջո սկսեց այլեւս չգիտակցվել իբրեւ լեզվի աղավաղում:
Բայց դա չարյաց փոքրագույնն էր, քանզի հետո կատարվեց աղետալին` «ա»ախոսությունն անտեսելն ու չգիտակցելը ոչ թե որպես սովորական աղավաղում, սովորական սխալ, այլ որպես մեծագույն սպառնալիք ու մարտահրավեր: Եվ հիմա արդեն ո՛ւմ ասես կլսեք «ա»ախոս` պատգամավորին ու նախարարին, պաշտոնյային ու գիտնականին: «Ա»ախոս են նույնիսկ նրանք, ովքեր կարծես ավելի նախանձախնդրորեն պիտի հետեւեին այս չարիքից մեր լեզուն պաշտպանելուն. հայ հոգեւորականն է «ա»ախոս, հայ գրողն է «ա»ախոս: «Մեր լեզուն, մեր խոսքը» հաղորդաշարին հյուր գնացած եւ մայրենիի գովքն անող Հայաստանի գրողների միության նախագահն է «ա»խոս, ով ի լուր հայության հնչեցնում է` «տանում ա», «խոսում ա», «մտածում ա», «ինքն ա» («Արմենիա» հ/ը, 24 հոկտեմբեր 2010): «Ա»ախոս է Ռուբեն Հովսեփյանը, ով իրեն նվիրված հեռուստաակնարկում («Երկիր Մեդիա», 27 նոյեմբեր 2010) խոսում է «ա»-ով, եւ որքան էլ նրա խոսքը խորիմաստ է ու խոհուն, միեւնույն է, դա ծանրակշիռ խոսք չէ, քանզի գրողն իր բառապաշարից, ավաղ, ավաղ, ավաղ, անփութորեն վտարել է «է»-ն:
Ահա այսպես` իբրեւ թե բնական խոսք հնչեցնելու, իրականում հանուն մի կեղծ նպատակի մոռացության վիհն ենք նետում հայոց նախաբառ «է»-ն, որ Մաշտոցի ձեռքով նույնիսկ սրբացվել է` դառնալով մեր այբուբենի յոթերորդ տառը: Չմոռանանք նաեւ, որ «Է»-ն Աստծո ստորոգելիներից է, հետեւաբար` վերստին սուրբ ու անջնջելի: Ուրեմն որտեղի՞ց մեզ ամենայն սրբություն ջնջելու եւ մոռացության տալու այս անմիտ ջանադրությունը, ինքնաոչնչացման այս անմեկնելի նկրտումը:
«Ա»խոսության համընդհանուր ծավալումը, անշուշտ, ուղղակի կապ ունի բարբառներից հարատեւ օգտվելու եւ նրանց կենսականությամբ նաեւ գրական լեզուն կենդանի պահելու այն մտահոգությունների հետ, որոնք բնավ էլ նոր չեն: Սակայն, ցավոք, նույնիսկ լեզվաբանական շրջանակներում բարբառներից օգտվելու խնդիրը սկսել է շեշտադրվել սոսկ արտաքին երեւույթի առումով. կարեւորն ու կարելին դարձել է ամենադյուրինըՙ բարբառներից ժողովրդական ոճի բառ ու դարձվածքը գրական խոսք արհեստականորեն տեղափոխելու հանգամանքը, մինչդեռ բարբառներից օգտվելն ավելի շատ պիտի ենթադրեր բարբառի այնպիսի յուրացում, որը կնպաստեր բնական դարձնել լեզվամտածողությունը: Բայց մենք, ինչպես ասացինք, առայսօր գնում ենք բարբառներից գրական լեզու որոշակի բառամթերք ուղղակի տեղափոխելու ճանապարհով, ինչը ոչ միայն ավելի բնական, ավելի անբռնազբոս չի դարձնում մեր լեզվամտածողությունը, ոչ միայն չի հարստացնում գրական լեզվի շտեմարանը, այլեւ խոսքը դարձնում է գռեհիկ, աղքատ ու գետնաքարշ: Այս են վկայում մեր բազմաթիվ հեռուստաընկերությունների անթիվ սերիալները, փողոցի լեզվով ու ժարգոնով խոսող, համարյա առանց բացառության «ա»ախոսող նրանց անհամար հերոսները: Եվ մայրենին առավելագույն չափով նսեմացնելու առաջատարներից մեկը Հայաստանի հանրային հեռուստատեսությունն է, որ հանապազօր գեղեցիկ խոսք հնչեցնելու փոխարեն` ավերում է մեր լեզուն հենց միայն համատարած «ա»ախոսությամբ:
Անշուշտ, ոչ ոք չի ժխտում բարբառներից նաեւ այդՙ բառ ու դարձվածք ուղղակի յուրացնելու ճանապարհով գրական խոսքը հարստացնելու եւ ավելի կենդանի դարձնելու անհրաժեշտությունը, բայց գրական լեզուն բարբառներով սնող հունը պետք էր բացել ոչ թե հախուռն ու անվերահսկելի կերպով, այլ խելամտորեն, զգուշորեն, նախանձախնդրորեն: Ցավոք, մենք չեղանք ո՛չ խելամիտ, ո՛չ զգուշավոր, ո՛չ էլ, առավել եւս, նախանձախնդիր: Եվ մեր լեզուն սնուցող կենարար հունը չդիմացավ այն անզուսպ հեղեղին, որ մեր գլխին թափեցին «նորարարները». նախՙ հեղեղն իր հետ սրբեց-տարավ հենց իրենՙ հունը, ինչի հետեւանքով կորսվեց լեզվի զարգացման ուղղությունը, ապաՙ հեղեղը տարավ այն արգելակ-փականները, որոնք կանոնավորում եւ անհրաժեշտ չափի մեջ էին պահում բարբառ-գրական լեզու փոխթափանցումները:
Այդ կարեւորագույն փականներից մեկն էր «է»-ն, որը նույնպես եւ կարծես անդարձ իր հետ տանում է հեղեղը...
Բարբառներից անհրաժեշտ չափով օգտվելու խորհուրդ ժամանակին տալիս էր Հովհ. Թումանյանը, եւ ինքն էլ տալիս էր դրա օրինակը: Բայց «էս» ու «էն»-ի համար կռիվ տվող գրողի մտքով երբեք չանցավ հանուն խոսքի բնականության զոհել «է»-ն: Բարբառի համով-հոտով բառապաշարով խոսեցնելով իր գեղջուկ հերոսներին` գրողն այնուամենայնիվ նրանց խոսքից գրեթե բացառել է «ա»ախոսությունը: Ահավասիկ երկու հատված «Արջաորս» պատմվածքից` համոզվելու, թե հերոսի գեղջկական լեզվում որպիսի բնականությամբ է հնչում այսօր համընդհանուր կերպով մերժվող «է»-ն:
«Հիմի մի աշունքվա գիշեր բերել ենք խոզը իր նիստը արել ու դափի դռանը մի կրակ վառել, որ բոցն աստծու ոտներն էրում է: Մի լուսնյակ գիշեր է: Ես պկու եմ ածում, էս Ավագն էլ մի բայաթի է վեր քաշել, որ սար ու ձոր գվգվում են:
Մին էլ Ավագը թե` «Ա՜յ տղա, էն ո՞վ է, հրե մի մարդ է գալի վերի կռնիցը»:
Մտիկ տամ տեսնեմ, դրուստ որ` մի մարդ է գալի վերեւիցը:
«Որ հրացանիս լուլիցը բռնեց, ես էլ կոթը պինդ բռնեցի: Հիմի նա օլորում է, ուզում է կոտրի, ես էլ օլորում եմ, որ հենց անեմ ծերը վրեն ընկնի, հուպ տամ, ծուխը փորն ածեմ: Բայց անտերը գլխի է ընկել, թողնում չի»: («Արջաորս», 1899)
Բարբառային բազմաթիվ բառերի, դարձվածքների (աշունքվա, նիստ, դափ, էրել, պկու, ածել, բայաթի, լուլա, օլորել, հենց (այնպես), ծեր, վրեն, հուպ տալ, փորն ածել) այս շարքում տեսեք որքա՛ն արժանապատիվ տեղ եւ մաքուր կեցվածք է վերապահված հնօրյա «է»-ին, եւ որքա՛ն բան կխաթարվեր հերոսի խոսքում, որքա՛ն պարզունակ կդառնար նրա լեզուն, եթե նա «ա»ախոսեր:
«Ա»ախոսությամբ իր գեղջուկ հերոսներին ներկայացնելու հակում ուներ Ակսել Բակունցը: «Մթնաձոր» ժողովածուի նրա գրեթե բոլոր հերոսները «ա»խոսում են: Հետաքրքրականը, սակայն, այն է, որ Բակունցը հետզհետե հեռանում է «ա»ախոսությամբ իր հերոսների խոսքը բնական դարձնելու մտայնությունից, եւ ավելի ուշ շրջանի նրա պատմվածքներում, «Կյորես» վիպակում ու «Կարմրաքարում» հերոսները այլեւս «է»ախոս են: Անշուշտ, դժվար է պնդել, թե Բակունցն «ա»խոսությունից «է»ախոսության անցումն արել է նախածրագրված. կարծում ենք` անցումը տեղի է ունեցել անզգալաբար, եւ բակունցյան «է»ախոս հերոսները հնօրյա «է»-ին հեղինակի միանգամայն բնական վերադարձի արտահայտություններն են:
Չեն «ա»ախոսում լոռեցի մյուս մեծի` Հրանտ Մաթեւոսյանի հերոսները: Վերստին կարդանք` համոզվելու, թե Լոռու ի՛նչ հրաշալի բարբառ է հնչում նրա պատմվածքներում ու վիպակներում, եւ չնայած դրան` հերոսների խոսքը վերստին հնչում է զարմանալի մաքուր, զարմանալի գրական: Եվ նորից անփոխարինելի դերակատարություն ունի «է»-ն, որը հնամենի բնականությամբ եւ իր սոսկական գոյությամբ արդեն ապահովում է խոսքի կանոնականությունը: «-Ես քո թշնամին չեմ,- ասաց պառավը:- Մի գլուխ սխտորի էի եկել, չգիտեմ մերը պրծե՞լ է, թե երեխեքն են կորցրել:- Եվ Աղունի հետ գնալով սխտորի եւ հիանալով մառանի առատությամբ ու կարգուկանոնով, պառավն ասում էր պատմելու պես.- Որդին հարսինն է, աղջիկը` փեսայինը. շաղ են գալիս` տանը մնում ես մենակ. լավ է թե վատն է` մարդն է քոնը. ամեն մեկը իրենը գտնում է` քոնը քո մարդն է. քառասուն տարեկան կորցրիր թե ութանասուն` ամենամեծ կորուստդ է. զավակները հայր են կորցնում, հարսները սկեսրայր են կորցնում, թոռները` պապ, իսկ դու քեզ ես կորցնում, քանզի ոչնչի պետք չի լծի կենտ եզը: Քանզի դու նրա հետ եզ էիր ու գութան էիր քաշում»: («Աշնան արեւ»): Ուշադրություն դարձնենք, թե պառավ կնոջ բերանում ի՛նչ բնական հնչողություն ունի «քանզի» բառը, թեեւ մեր հայտնի լեզվաբաններից մեկը նույն այդ «քանզի»-ն համարում է խիստ գրական` վերամբարձ ոճի բառ: Բայց առավել ուշագրավը «է» օժանդակ բառի գործածությունն է, որն իր գոյությամբ իսկ պառավ կնոջ խոսքը պահում է գեղեցիկ գրական խոսքի սահմաններում:
Այսպիսով` «է»-ի ոճական նշանակությունը վիթխարի է: Հայտնվելով գրավոր եւ բանավոր խոսքում` նա միայնակ էլ, ինչպես վերը բերված օրինակներում, կարողանում է խոսքը պահել գրական լեզվի տիրույթներում` անկախ նույնիսկ այն բանից, թե խոսքը որքան է հագեցած բարբառային եւ օտար բառերով: Մինչդեռ ահա զուտ գրական բառերով կառուցված գրավոր կամ բանավոր խոսքում «է»-ի փոխարինումը «ա»-ով միանգամից ամբողջ լեզվական կառույցը դարձնում է բարբառային: Հայաստանի հանրային հեռուստաընկերության սերիալներից մեկի հերոսն ասում է. «Երբեք չէի կարող մտածել, թե իմ ուզածը սա (յ)ա, երբեք չեմ կարծել, թե գալու (յ)ա մի օր, երբ իմն ա լինելու այս ամբողջ հարստությունը»: Նկատենք, որ բերված նախադասության մեջ բարբառային ոչ մի բառ չկա, եւ ամեն ինչ կարծես գրական խոսքի սահմաններում է, սակայն հերոսի «ա»ախոսությունը կտրուկ փոխում է այդ տպավորությունը` ամբողջ խոսքը դարձնելով բարբառային եւ նսեմաոճ:
Հսկայական է «է»-ի պատմամշակութային նշանակությունը նույնպես: «Է»-ն ոչ միայն կարեւոր կամուրջ է աշխարհաբարի եւ գրաբարի միջեւ, այլեւ յուրատեսակ ծածկագիր է, որը պահպանում է այդ երկու լեզուների ժառանգորդությունը:
«Է»-ն միմյանց աղերսում եւ միմյանց հարազատ է պահում նաեւ արեւելահայերենն ու արեւմտահայերենը, իսկ համընդհանուր դարձող «ա»խոսությունն, ահա, հանելու փոխարեն մի սեպ էլ է խրում վերջիններիս միջեւ: Արդ, տեղին է հիշել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն արեւմտահայերենը գրանցել է իբրեւ աշխարհի վտանգված լեզուներից մեկը, եւ արեւելահայերենից «է»-ի անփույթ վտարմամբ ե՛ւս մի սպառնալիք է հայտնվում արեւմտահայերենի համար, քանի որ այդ վտանգված լեզվի գոյությունը հետայսու շատ բաներով պայմանավորված է լինելու նաեւ արեւելահայերենի հետ ունեցած ընդհանրություններով: «Է»-ն այդ ընդհանրությունը ստեպ-ստեպ մատնացուցող, երկու լեզուներում էլ առավել հաճախ հնչող, քան որեւէ այլ լեզվական միավոր, բառերից է:
Վերջապես, «է»-ն հայոց լեզվով երբեւէ եղած սեղմ ու ամենաիմաստալից բառն է, քանզի մեր լեզուն չի ունեցել եւ չունի երկրորդ միահնչյուն իմաստակիր արմատ-բառ, որպիսին է «է»-ն: Եվ որովհետեւ յուրաքանչյուր լեզու իր նախնական վիճակի մեջ հատկանշվել է ամենից առաջ բառի սեղմությամբ, ուստի կարծում ենք, որ «է»-ն նաեւ մեր լեզվի ամենահին բառերից մեկն է` վաղնջաբառը: Ավելին` կարծում ենք, որ «է»-ն իր արարչական էականությամբ թերեւս նույնիսկ հայերենի առաջին բառն է:
Ուրեմն մի՞թե մեզ տրված է արարումից հազարավոր տարիներ անց կորցնել «է»-ն` հայոց լեզվի մեծագույն արժեքներից մեկը:
Դժբախտաբար, վտանգը չափազանց իրական է. մենք այն կորցնում ենք: