Քաղաքի թիչ թե շատ անաղարտ մնացած «Մոսկվա» կինոթատրոնի կիսաշրջանըՙ Նկարիչների տան հետ կամար կապած, արվեստի ներքին շունչը ինչ-որ չափով շարունակում է պահպանել. կինոփառատոներ են լինում այստեղ, համերգներ, հանդիպումներ եւ վերջապես ցուցահանդեսներ են բացվում ու ֆիլմերի պրեմիերաներ լինում: Անցել են, իհարկե, ժամանակները, երբ Նկարիչների տան հարեւանությամբ «Երեւան» հյուրանոցի բացօթյա սրճարանում քաղաքի ամենաինտելեկտուալներին կարելի էր հանդիպել, երբեմն էլ բախտը թերեւս ժպտարՙ ներկա լինելու նրանց զրույցներին, որոնց հոգեւոր ճառագայթները անտեսանելիորեն սնում էին մեր միջավայրը, քաղաքի մտավորական կյանքը:
Հետմիջօրեի ժամեր ենՙ օրվա ինձ ավելի մոտ պահերը: Հրապարակը դատարկ է, մի տեսակ ամայի, սրճարանը վաղուց փակ է. ցուլը մետաղե գլուխն ավելի է կախել: Ծառերի մերկացող ճյուղերից մի երկու թռչուն ձայնակցում են իրարՙ սուր-թափանցիկ: Հայացքիս տակ օդից կախված մի երկու տերեւ դեղին պտույտներ են անում. աշունը վերջին օրերն է հաշվում:
Նկարիչների տան ճակատի պաստառները հուշում են արդեն բացված ու բացվելիք ցուցահանդեսների մասին: «Մարմնի արվեստ» խորագիրը հետաքրքրում է: Ներս եմ մտնում, բայց, ցավոք, ուշացած. սրահի պատերը դրսի ծառերի պես մերկացած են, նկարներ չկան, ճերմակ տարածություն, մի երկու տեղ դեռ մնացել են մերկանդամ մարմիններ պատերից կախ: Ոչինչ չեն ասում:
«Մոսկվա» կինոթատրոնի առաջին հարկի սրճարանը ինտերիերի, թե օգտագործված իրերի, լուսանկարների շնորհիվ հին Երեւանն է հիշեցնումՙ մտավորական, սիրելի Երեւանի շունչը: Սեւ թեյը կամաց-կամաց ներծծվում է տաք ջրի մեջ. գայթակղում է աստիճանաբար մգվող, ներկվող շագանակագույնը. մեղմ բուրում է: Զրույցը արվեստի շուրջն է: Երկու նկարիչ ենՙ ինձ անծանոթ, տարիքով, եւ արվեստաբան Պողոս Հայթայանը: Քիչ անց մնում ենք մենակ: Նրա հետ նկարչության մասին մտքեր, տեսակետներ, մամուլում տպված որեւէ նյութի, ցուցահանդեսի հետ կապված կամ անցյալից հիշողություներ շատ ենք փոխանակել. անցել-գնացել են, ափսո՜ս:
Մինչեւ հոգու խորքը նկարչության մարդ է Պողոս Հայթայանը. արվեստի կյանքը ապրում է ամեն բջիջովՙ նրա: Անցյալը վերհիշելիս հայացքի արտափայլը ուրվագծում է այդ վերհուշի մարմինը (թախիծ կա այնտեղ ափսոսանքի), մտապատկերի արտացոլանքը կենդանացնում է հին, սիրելի մարդկանց-նկարիչների, նաեւ նրանց, ում չէր կարող երբեւէ տեսնել ժամանակների ու տարածության պատճառով: Բայց ինչ կապ ունի, երբ մտովի ես բարեկամ, հոգեկից բարեկամ ես: Այդպես էր իր հայացքի իմ զգացողությունը, երբ նա խոսում էր Ռոդենի կամ Պիկասոյի եւ կամ Սեյրան Խաթլամաջյանի, Վարուժան Վարդանյանի կամ Վիգեն Թադեւոսյանի մասին...
Մշուշափայլ, բայց կենդանի, շնչող տարածություն է բացում լույսը, երբ հայացքի մեջ արտաբեկվում է մեկ այլՙ միայն հոգուն տեսանելի շերտով: Ու արթնանում է հուշը, որ շարունակում է ապրել օրերիդ մեջ...
- Ափսոս, հավաքել են ցուցահանդեսը, նայելու գրեթե ոչինչ չկար: Դուք, հավանաբար, տեսաք չէ՞, հետաքրքրական էր:
- Տարիներ առաջ էր, Փարիզում ինձ տվեցին (իբրեւ թե քիչ գիտեի) 2 հատոր հանրագիտարան-էրոտիկայիՙ սկսած հին հույներից մինչեւ մեր օրերը: Պիկասոյի մտքով երբեք նման բան անցած չէր լինի, բայց այդ շոումենները վերցրել, ինչ ինքն ունի, բոլորն իրար էին կպցրել, ասես` Պիկասոյի հոմանուհիների շարքը լիներ: Բայց ինքը դա արել է, իրեն հետաքրքել է մարմնի շարժումը, գեղեցկությունը: Ռոդենը երկու նատուրայի հետ...
- Մարդկային մերկ մարմնի այդ կախա՜րդը...
- Մերկ մարմինըՙ 14-15-րդ դարերում, դեռ Վերածննդի շրջանում եւ դրանից շատ առաջՙ հին հունական արվեստում, հնդկական այդ հրաշալի, մեծ արվեստում ինչպիսի՜ ձեւեր, ի՜նչ խնդիրներ է լուծել պլաստիկայի:
Սեյրան Խաթլամաջյանը մի օր հանդիպեց ինձ. 1958-60 թվերից մոտ ենք եղել: Փոստի մոտ, դիքի վրա էր արվեստանոցը, գնացինք. բերեց, գետնին փռեց նկարներ. կանացի մերկ մարմիններ էինՙ երբեմն պատշաճ, երբեմնՙ ոչ պատշաճ: Չկա հիմա Սեյրան Խաթլամաջյանը, բայց կարելի էր ներկայացնել:
«Մարմինը հայ կերպարվեստում». ժամանակը չի գրանցվում, երեւի ի նկատի է առնված վերջին 15-20 տարիները: Այս շրջանի հայ նկարչության մեջ մերկ կամ ոչ մերկ մարմին նկարող ֆիգուրատիվ նկարիչներ կան, որոնք պիտի ցուցադրվեին:
Այս նախագիծը ես ընթերցեցի այսպեսՙ այդ անտուրաժի, այդ էքսպոզիցիայի մեջ, խոսքը body art-ի մասին է, այսինքնՙ մարմնի խնդիրն արվեստում, որ շատ բազմազան էՙ մերկ-կիսամերկ, հագնված, հարաբերության մեջ: Շատ ընդգրկուն թեմա է, հսկայական նյութ կա: Եվ առաջադրված նախագիծը այսպիսի աղքատությամբ ներկայացնելն է ինձ զարմացնում, մինչդեռ այս հասկացողությունը բավարող մի շարք տաղանդավոր նկարիչներ, եթե ընդգրկված լինեին, ցուցահանդեսն ավելի հարուստ պարունակություն կունենարՙ Ռուբեն Ադալյան, Վարուժան Վարդանյան, Արա Շիրազ, Ռոբերտ Էլիբեկյան, Հենրի Էլիբեկյան, Սեյրան Խաթլամաջյան... կարող եմ շարունակել, բայց չեմ ուզում իմ ասածը թվաբանության վերածվի, այլՙ գաղափարը ավելի լավ բացահայտելուն: Իմ մտահոգությունը ժամանակակից հայ արվեստի այդ տեղաշարժերը, որոնք եղել են եւ արդեն հայ ժողովրդի սեփականությունն են դարձել, չանտեսվեն, գնահատվեն:
- Ձեր տպավորությամբ, փաստորեն, ցուցահանդեսը նախագծի հավակնոտությանը այդքան էլ չհամապատասխանեց:
- Այո, մեր ժամանակակից արվեստային դաշտը այսպիսի նախագծին կարող էր պատասխանել ավելի հարուստ ձեւերով:
- Մտահղացողների եւ ցուցահանդեսը համադրողների այս բացը Մշակույթի նախարարության պատասխանատուները կարող էին, թերեւս, լրացնել:
- Թերեւս: Նոր նայեցիՙ երկու օրից Բենիկ Պետրոսյանի ցուցահանդեսն է բացվելու, տաղանդավոր քանդակագործ, այդ նույն օրըՙ Վարդգես Սուրենյանցի անհատական ցուցահանդեսն է լինելու. երեկոյանՙ Կարո Մկրտչյանի. փայլունագույն նկարիչ. բացարձակ ազնվականՙ նկարչության մեջ եւ մարդկային իր կերպարի:
- Պարոն Հայթայան, մեր այս զրույցըՙ այսպես հանպատրաստից ու պատահական, կարծես ինքն իրեն ուղղորդվում է նկարչական 2010-ը ամփոփելուն: Անցած տարի փայլուն ցուցահանդեսներ եղան, որ արվեստի տոնի վերածվեցինՙ Էդուարդ Արծրունյանի, Հակոբ Հակոբյանի, Ռուբեն Ադալյանի, Հենրիկ Սիրավյանի, Մարտին Պետրոսյանի շնորհիվ: Այս տարվա սկիզբն էլ շատ գեղեցիկ էրՙ Հարություն Կալենցի թանգարանը բացվեց, նրա հրաշալի նկարչությունը նաեւ մեր հոգեւոր սեփականությունը դարձավ, նույնպես հրաշալի մի ցուցադրություն եղավ Ազգային պատկերասրահումՙ Գայանե Խաչատուրյանի մոգական արվեստի:
- Խորհրդանշական էր երեւի, որ Ժամանակակից արվեստի թանգարանը տարին սկսեց մեր այն սերնդի ցուցահանդեսով, որ մոտենում է 70-ինՙ Ռոբերտ Էլիբեկյան, Արա Շիրազ, Էդուարդ Խարազյան. գեղեցիկ նշան էր: Դրանից հետո Գագիկ Ղազանչյանի նկարների ցուցադրությունը եղավՙ երիտասարդ սերնդի ներկայացուցիչ: Այս նույն թանգարանում յուրահատուկ էր Հենրի Էլիբեկյանիՙ հոր 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը:
Թիֆլիսի առօրյան, էն հայտնի Թիֆլիսի, որ շուկաներ ունի, ածխավաճառներ ու մածնավաճառներ ունի, որտեղ հայերի մի մեծ զանգված է ապրել եւ մինչեւ հիմա էլ ապրում էՙ դուքաններով, թատրոններով, իրենց զեյնոբաներով: Բայց ինչպես կարողացավ Հենրի Էլիբեկյանը արտահայտել այս ամբողջըՙ իր մանկության, պատանեկության հին Թիֆլիսը մեկ ցուցահանդեսով եւ մնաց նույն ավանգարդ մտածող նկարիչը, եւ գիտեք ի՜նչ կերպարանափոխություններ, ի՜նչ մետամորֆոզներ կային: Եվ այդ մետամորֆոզների խիզախումը բերել էր անսպասելի արդյունքի: Շատերը կարծում էին Վաղարշակ Էլիբեկյանի ճանապարհով կգնա: Ո՛չ, ինքը գնաց իր ճանապարհով, այսինքն վերին աստիճանի արդիականության: Չէ՞ որ նյութըՙ հին Թիֆլիսի մթնոլորտը թելադրում է դա. նա այնքան խառնեց այդ նյութը, որ հանեց իր իդեա-ֆիքսը:
- Ո՞րն է դա:
- Եթե մսավաճառ է ինքը նկարումՙ դախլի մոտ, կենցաղային չի, նկարագրական չի, ամբողջ պլաստիկան լավայի հորձանքի վրա է սարքված: Մի շարք կանացի պորտրետներ կան, լուսահոգի Փարաջանովը եթե՜ տեսներ... Որովհետեւ էն ինչ արել է Հենրին արվեստային դաշտում, համարյա իր մակարդակիՙ փարաջանովյան հասկացողությունների մեջ է, բայց հենրիԷլիբեկյանական միայն, ոչ մի ենթակայական մոտեցում, որեւէ մեկի հետ առնչություն չկա: Անգամ այդպիսի նկարագրողական, կենցաղագրական, աշխարհագրական նյութը Հենրի Էլիբեկյանը դարձրեց իսկական արվեստի լեզու:
Այս թանգարանի լավագույն ցուցահանդեսներից մեկը Ռաֆֆի Ադալյանինն էր, որ 60-ականների հայկական ավանգարդի սկզբնավորողներից եղավ: Նա կարող էր կտավի մակերեսին կոտրատել ջութակը եւ վերնագրել «Անավարտ երգ» կամ «Չգրված երգ»ՙ 1969-ին Կոմիտասի 100-ամյակին նվիրված: Ռաֆֆին առաջիններից մեկն էր, որ կենցաղային օգտագործման իրերըՙ լաթեր, փայտեր, այլ թափոններ տեղափոխեց նկարային տարածք, եւ այդ առարկաները այդ տարածքում ուրիշ կերպար ստացան, ուրիշ զգացումներ սկսեցին փոխանցել դիտողին:
Շատերը նաեւ ասում էին, թե նայելով նրա նատյուրմորտներին, պեյզաժներին, թվում էր` այս մարդը խորը դասականության մեջ է: Բայց ո՞ր դասականության. դա կուրբեական ռեալիզմը կարող էր լինել, կարող էր դրան հաջորդող շրջանը լինել: Բայց այդտեղից ինքը հասնում է մարդկային երեւակայության, զգացողության այնպիսի վիճակների, որ ստեղծում է մետաֆիզիկական պատկերների մի ամբողջ շարք: Օրինակ` նա կարող է մանկական հնամաշ կոշիկ դնել կտավին ու տակը գրելՙ «Հուշ»: Իր երեւակայության մեջ իր կենսակերպը, կենսական տարածությունը, լինելիությունը ֆոտոգրաֆիկական ուղղամտությամբ չի արտահայտում, եւ մի սովորական իր, հասարակ մի աթոռ միանգամայն ուրիշ զգացմունքներ, մտքեր է փոխանցում:
Անատոլի Գրիգորյանի ցուցահանդեսը վերջերս եղավ, նրա 40 տարիները հայացքիս առջեւ ենՙ առաջին փորձերից սկսած: Հիմա բոլորովին հասուն նկարչի գործեր են, եւ հետաքրքրականըՙ ազգային ծիսական տոները նրա մոտ հորինվածքների են վերածվում, որոնց մեջ հաջողվածներՙ բավականին: Զարմացրին գրաֆիկական թերթերը:
Հաճախ նվնվում են (կներեք այս բառի համար), թե մշակույթը մեռնում է, մշակույթը դանդաղում է, կամ լավ վիճակում չէ: Ես այդ կարծիքին չեմ, որքան էլ զարմանալի է:
- Այո, պետք է հիշատակել նաեւ Վաղարշակ Էլիբեկյանի գողտրիկ, կիրթ ցուցահանդեսըՙ նաեւ թոռանՙ Արեգի: Եվ, իհարկե, բազմաթիվ հաջողված, նաեւ անհաջող ցուցադրություններ եղան: Գուցե մի քանի խոսքՙ «Խաչմերուկ»-ի մասին նաեւ:
- Տասը տարվա ծրագիր է «Խաչմերուկը», 3-րդ ցուցահանդեսն էր սա: Այդ գաղափարըՙ խաչմերուկի, որ մտահղացել են իրար բոլորովին ոչ նման մարդիկ` կենտրոնագմբեթ է, որի տակ երբեմն աղոթում են նրանք: Սա կարող է պատահել երաժշտության մեջ, գրականության մեջ: Նրանք կարող են ութը լինել, տասնչորսը... միմյանցից շատ տարբեր լինեն, սակայն պահեն կենսաբանական տեսակը, ինքնությունը: Այս նկարչական խաչմերուկի մեջ չորս նկարիչ իրենց աղոթքը բերում են հենց կենտրոն եւ միմյանց ասումՙ լսիր իմ աղոթքը: Արվեստը հոգեւոր գործունեություն է, ու դա է իրենց միացնողը:
- Նկարչական մեր աշխարհում տարին տխուր հետքեր թողեց նաեւ...
- Վարուժանը... Տարիքով 60-ականների կրտսերն էր: Բայց հենց ավարտեց, այնքան ինքնավստահություն եւ ուժ կար մեջը, որ կարող էր Մինասի հետ դու-ով խոսել: Շատերը նրան չգիտեն, տեսել են այսպեսՙ տարեկան 1-2 նկարով: Եթե եղբայրըՙ Վարդանը կարողանա նրան ներկայացնել այնպես, ինչպես ինքն էր...
Վերջին 40-45 տարիներին Վիգենին ինչ հիշում եմՙ այդպիսին էրՙ բարձրագույն էսթետ, գեղանկարիչ, կարելի է ասելՙ մշակութաբան: Ինքը առանձնացած էր, չէր շփվում, չէր հարաբերվում, բայց իրեն ճանաչողը գիտեր ու ընդունում էր նրան ինչպես կարՙ զտարյուն մտավորական , զտարյուն նկարիչ: Ինձ թվաց, թե նա էս Երեւանի փողոցներում երբեք բարձր չի խոսել, ոչ տանը, ոչ արվեստանոցում, որեւէ տեղ: Ինքը միշտ բարձրագույն հոգեւոր դաշտում էր: Եթե դրանից ցած եղել է, ոչ իր կամքով, ասենք, որեւէ գիրք ձեւավորելու առիթով, բայց միեւնույն է, էստեղ էլ է ինքը մաքսիմալիստ, էսթետ եւ... ահավոր ափսոս: Ափսո՜ս: Որովհետեւ այդ ափսոսալու ցավը, ցավոք սրտի, իմանալու են ոչ շատերը: Վիգենը շատերի համար չէր, քչերի համար էր, եւ այսպիսի հախուռն, բուռն ժամանակների արվեստի դաշտըՙ հայկական, Վիգենի նման նկարիչներ գրեթե չունի:
- Շատ ցավալի էր եւ իրոք, ափսոս: Վիգեն Թադեւոսյանըՙ կիրթ, նրբագեղ նկարիչը, մենասեր ու մենակյաց, ապրեց անաղմուկ ու անշշուկ ու նույնքան աննկատ էլ հեռացավ, հրաժեշտի ոչ մի խոսք իրենից հետո:
Ինձ այնպես է թվում, թե դուք այնքան եք ներծծված նկարչությամբ, որ... Ինչու՞ չեք նկարել:
- Փոքր հասակից արվեստանոցներից դուրս չեմ եկել: Մեծացա արվեստանոցներում: Երբեմն , ներող կլինեք, ինձ համարում են դժբախտ մարդ: Որովհետեւ ես մի մարդ եմ, որ պիտի նկարեր, բայց չի նկարում: Գիտեք, ինչ մեծ դժբախտություն է դա:
Երբեմն ինձ էլ թվում է, թե ես արվեստաբանական թեքում չունեմ: Ինչու եմ սա ասումՙ ամենադժվարը արվեստանոցում դեմ առ դեմ լինելն է նկարչի հետ, կիսվել իր նորավարտ նկարի մասին եւ ասել լավ եւ ոչ լավ բաներ: Դա այդքան էլ հեշտ չէ: Նկարիչը, որ աշխատում է ենթագիտակցական շերտով, միայն 20 տոկոսը գիտակցականով, ինչ պիտի նրան ասես, որ կարողանաս իր ենթագիտակցական խնդիրները հարցականի տակ դնել, թեկուզ խորհրդի կարգով: Ահավոր դժվար է:
- Հեռվից գրելն է դժվար, անգամ:
- Ճիշտ ես:
Մեր այս զրույցը համարյա Ֆելինիի « 8 1/2-ի» նման ստացվեց: Ի՞նչ էր« 8 1/2-ը», առօրյա կյանքի ընթացք էր, զարգացումների, կյանքի մեջ եղած մարդկային բախումների, զգացումների կինեմատոգրաֆիական ընդհանուր պատկեր: Ինչի մասին խոսեցինք մենքՙ անցնող տարվա նկարչական երեւույթների: «Խաչմերուկը» հիշեցիր: Հիմա, սա էլ, իմ ու քո այս հանդիպումը մի փոքր խաչմերուկ է կյանքի...
- Հերթականը:
Զրուցեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԸ
Նկար. 1. Ձախից աջՙ Յուրա Սամվելյան, Պողոս Հայթայան, Յուրա Պետրոսյան, Արա Շիրազ, Լեւոն Մալխասյան
Նկար. 2. Հենրի Էլիբեկյանի հետ, 2004 թ.