ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#18, 2010-11-20 | #19, 2010-12-04 | #20, 2010-12-18


ԼԱՐՐԻ ԿԱԿՈՍՅԱՆԻ ՀԵՏ

Անգլիական «Ֆայնենշլ թայմս» հեղինակավոր թերթի արվեստի բաժնի գրախոս-մեկնաբան Ջեքի Վուլշլագերը Աբու Դաբիում «Կակոսյան» հավաքածոյից «Մինարաթ էլ-Սաադիյաթ» պատկերասրահի դահլիճներում նոյեմբեր ամսից բացված «ՌՍՏՎ» (Ռաուշենբերգ, Սերրա, Թվոմբլի, Վորհոլ, Վուլ) [1-5] ցուցահանդեսի առթիվ, որը տեւելու է մինչեւ 2011 թվի հունվարի 24-ը, Լոնդոնի «Մեյֆեր» թաղամասի «C London» (նախկինում «Կիպրիանի») ռեստորանում հարցազրույց է ունեցել արվեստի հայտնի հավաքորդ եւ պատկերասրահների սեփականատեր հայազգի Լարրի Կակոսյանի հետ: Ստորեւ թարգմանաբար այդ հարցազրույցըՙ քաղված «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթից:

Իմ այն հարցին, թե ինչպե՞ս կարելի է դառնալ աշխարհի ամենահաջողակ արվեստի գործերի վաճառականը, 65-ամյա, սպիտակահեր Լարրին հանգիստ տոնով պատասխանում է. «Ես սովորական անձնավորություն եմ: Ինչպես Վուդի Ալենն է ասում. «Տվեք ինձ լավ սցենար եւ լավ գարեջուր եւ աշխարհն իմն է»:

Իհարկե, նման պատասխանը ճշմարտության լոկ չնչին մասն է: Սեւ տաբատով, բաց, առանց փողկապի վերնաշապիկով եւ վանդակավոր պիջակով գործարարը Ջեֆ Քունզի, Տակաշի Մուրակամիի եւ Դամիեն Հըրսթի նման արվեստագետների ճակատագիրն է տնօրինում:

Լարրին սեփականատերն է աշխարհի տարբեր վայրերում գործող ինը (շուտով կդառնա 10-ը) պատկերասրահների: Մեր հանդիպման պահին նա հենց նոր դուրս էր եկել իր լոնդոնյան պատկերասրահներից մեկում բացված Հըրսթի «Թույներ+դեղամիջոցներ» տարօրինակ անվանումով ցուցահանդեսից եւ ուղեւորվելու էր Կինգս Քրոսի մոտ գտնվող իր մյուս պատկերասրահը, որտեղ ամերիկացի կոնցեպտուալիստ եւ փորձարարական-քանդակագործ Ջեյմս Տարրելի ցուցահանդեսն էր բացվել:

Երբ շնորհավորում եմ նրան վերջերս այդ նույն պատկերասրահում ավարտված Պիկասոյի ցուցահանդեսի առիթով, նա խոսքը շարունակում է «Պիկասոյի մի լավ, սիրուն հավաքատեղի ունենալու անհրաժեշտության» մասին նշելով:

«Արվեստի գործեր հավաքելը պարզապես կենդանություն է պարգեւում ինձ», ասում է եւ առանց ճաշացուցակին նայելու, որպես «ամենասուր» բիզնեսմենն իր ասպարեզիՙ խորոված թրաձուկ է պատվիրում:

Մի շաբաթ առաջ է նա Լոնդոն ժամանել ժամանակակից արվեստի «Ֆրիզ» տոնավաճառի առթիվ, իսկ դրանից առաջ Փարիզում է եղելՙ ստանալու «Պատվո լեգեոն» մրցանակը եւ բացելու իր նորՙ իններորդ պատկերասրահը Շանզելիզեի մոտակայքում:

Կակոսյանը փորձում է իրեն հաստատել Փարիզում, նախքան Բեռնար Առնոյի թանգարանըՙ Ֆրենք Գեհրիի նախագծով կառուցված «Ստեղծագործությունների Լուի Վուիտոն հաստատությունը» կնվաճեր այն:

Փարիզյան պատկերասրահը մեծ ծրագրի մի մասնիկն է, որով Կակոսյանը ձգտում է ընդարձակել իր «կայսրությունը» արվեստի բնագավառում: Հաջորդ շաբաթ նա Նյու Յորք է վերադառնալու ներկա գտնվելու Ռոբերտ Ռաուշենբերգի ցուցահանդեսի բացմանը: Նա նկարչի ունեցվածքի ներկայացուցիչն է, իսկ հառաջիկայումՙ դեկտեմբերին նա Ժնեւում բացելու է իր 10-րդ պատկերասրահըՙ Ջիակ-Մերտիին նվիրված ցուցահանդեսի կազմակերպությամբ: Հունվարին էլ նախատեսում է պատկերասրահ բացել Հոնկոնգում:

«Սիրում եմ ճանապարհորդել: Սիրում եմ տարբեր քաղաքներ այցելելու որոշակի պատճառ ունենալ եւ ոչ թե սոսկ տարբեր վայրեր այցելելու նպատակ: Ճիշտ է, դա էլ է հետաքրքրական, բայց իմ ոճը չէ: Սիրում եմ բավականություն ստանալ իմ կատարած գործից: Ժամանակները փոխվել են: Մի ժամանակ Նյու Յորքն էր արվեստի աշխարհի «շարժիչ ուժը», այժմ էլեկտրոնային տեղեկատվության ընձեռած հնարավորությունների շնորհիվ արվեստագետը կարող է որեւէ վայրում ցուցադրել իր կտավները, իր «հարստությունը»: Բոլոր գլխավոր պատկերասրահներն իրենց մասնաճյուղերն ունեն աշխարհի տարբեր քաղաքներում: Ինձ համար էլ դա նույնն է: Ինչ սկսել եմ, չեմ կարողանում ձերբազատվել դրանից», ասում է նա:

Կակոսյանը ծնվել է 1945-ին Լոս Անջելեսում, հայ գաղթականների ընտանիքում: Հայրը բորսային միջնորդ է եղել, մայրըՙ տնային տնտեսուհի: Երկու զավակներից ավագն է: Լոս Անջելեսում Կալիֆոռնիա համալսարանի շրջանավարտ դառնալուց հետո, սկսել է փողոցներում պլակատներ վաճառել: Իր ասելով 2 դոլարով գնում էր այդ պլակատները, տեղադրում ալյումինե շրջանակների մեջ եւ վերավաճառում 15 դոլարով: «Պատանեկության տարիներին չգիտեի ինչ բան է կտավը, թանգարանը: Ընտանիքս, ծնողներս հեռու էին նման բաներից: Հետո երբ սկսեցի կամաց-կամաց հետաքրքրվել, հասկացա, որ արվեստի գործերի վաճառքով զբաղվելու «մասնագիտություն» գոյություն չունի: Ամեն ինչ սկսել եմ զրոյից, եւ մեկ քայլը մյուսին է առաջնորդել: Գիտաշխատողի հավակնություններ չունեմ, բայց բավական շատ եմ կարդում: Սիրում եմ սըր Ջոզեֆ Դյուվինի կենսագրությունները կարդալ: Ոճը շատ հետաքրքրական է եւ ոգեւորիչ: Նա ռիսկի դիմող է եղել եւ չի վախեցել արվեստի թանկ գործեր գնելուց: Հավատացել է արվեստի ուժի ներգործությանը եւ դրանով էլ առաջնորդվել», անկեղծանում է նա:

Դյուվինը բրիտանացի արվեստի գործերի «դիլեր» է եղել, ով 20-րդ դարի սկզբներին հարստություն է կուտակելՙ հիմնվելով մի որոշակի գաղափար իրականացնելու վրա: Նա հավատացած է եղել, որ «Եվրոպան հին արվեստ ունի, իսկ Ամերիկան նոր փող»:

Կակոսյանը իր առաջին պատկերասրահը բացել է Լոս Անջելեսում, 1979-ին եւ դրանով սկսել դիզել իր «հարստությունը», փոխադրելով «Իսթ Քոսթի» (արեւելյան ափի) հարուստ արվեստը (Ռիչարդ Սերրա, Ֆրենկ Ստելլա, Էրիկ Ֆիշլ) դեպի «Վեստ Քոսթի» (արեւմտյան ափի) «հավաքորդներին», որոնք հարստացել էին անշարժ գույքի, զվարճանքի վայրերի եւ այլ կալվածների բերած եկամուտներից: Նա նաեւ համբավ էր ձեռք բերել այդ մարդկանց պատկանող շինությունները ընդարձակելու եւ Կակոսյան պատկերասրահի «մասնաճյուղերը» դարձնելու իր ընդունակությամբ: Լարրին նրանց հավաստիացնում էր, որ «համապատասխան գումարի դիմաց ամեն ինչ կարելի է վաճառել»:

1980-ականների կեսերի նրա հաջողություններից մեկն էր Բարթոն եւ Էմիլի Տրեմեններին համոզելը, որ 12 միլիոն դոլարով վաճառեն իրենց պատկանող Մոնդրիանի «Victory Boogie-Woogie» կտավը «Կոնդե նասթի» հրատարակիչ Սի Նյուհաուզին: Այսօրվա չափանիշներով դա չափազանց փոքր գումար էր, բայց չէր ակնկալում, որ կկարողանա համոզել: Գործարքը ի կատար ածվեց: Իսկ 2005-ին նա իրականացրեց մեկ ուրիշ հաջող «անհատական վաճառք»: Զվարճավայրերի մեծ սեփականատերՙ Դեյվիդ Գեֆենից միլիարդատեր Սթիվեն Քոհենին 137 միլիոն դոլարով վաճառեց Վիլեմ դը Քունինգի «Կին-III» կտավը:

Կակոսյանը խոստովանում է, որ վաճառելու բնածին հատկություն ունի: «Ճիշտ է, երբեմն կարող եմ սխալվել, բայց հիմնականում ճիշտ եմ կարողանում դատել», ասում է նա: Լարրին նաեւ «սուր աչք ունի», որն իր ասելով, կարեւոր հատկանիշ է «դիլերի» մասնագիտության մեջ:

1980-ականներին Նյու Յորք տեղափոխվելովՙ նա արժանանում է պատկերասրահների այդ ժամանակների ամենահեղինակավոր սեփականատերՙ Լեո Կաստելլիի ուշադրությանը: «Մենք մտերմացանք շուտով, կարծում եմ, որովհետեւ կարողանում էի իր համար լավ գնով կտավներ վաճառել»: «Նյու Յորքեր» պարբերականի արվեստի քննադատ Պիտեր Շժելդալը նրան նմանեցրել է «կատվի», «շնաձկան» կամ գերազանց կառուցվածք ունեցող «կենսաբանական մի մեխանիզմի», որը կարող է մեկի «քթի տակից թռցնել» արժեքավոր մի իր:

«Բայց դու պետք է չափի սահմանն իմանաս», զգուշացնում է նա, «կեղտոտ խաղերի մեջ չպետք է խրվել»:

1999-ին Կաստելլիի մահվանից հետո, արվեստի աշխարհն է՛՛լ ավելի «Բիզնեսի է վերածվել»ՙ ե՛ւ լավ, ե՛ւ վատ առումներով: Իսկ ի՞նչ դերակատարություն է ունեցել ինքը դրանում, հարցիս պատասխանում էՙ « Չեմ փոխել արվեստի վաճառքի ձեւը, բայց ես սիրում եմ մարտահրավերները եւ այդ «իրերի» վաճառքը «գլոբալ» բիզնես դարձնելը, համարում եմ իմ ներդրումը այդ բնագավառում »:

Դիլերները չպետք է, չարաշահելով իրենց անունը, ժամանակից շուտ «ուռճացնեն» որեւէ արվեստագետի կտավների գինը: Բրիտանացի նկարիչ Գլեն Բրաունն, օրինակ, Կակոսյանին է միացել 2004-ինՙ 46 հազար ֆունտ ստեռլինգով վաճառելով իր գործերից մեկը: Հիմա նրա ամենաթանկ կտավը գնահատվում է 1,4 միլիոն ֆունտ ստեռլինգ, որը 6 տարվա ընթացքում կազմում է 30 տոկոսի աճ: Մեկ ուրիշ օրինակ է նյույորքցի աբստրակտ նկարչուհի Սեսիլի Բրաունի պարագան, որը սկսել էր 8 հազար դոլարով, իսկ հիմա հասել 1,1 միլիոն դոլարիՙ մեկ կտավի դիմաց (Սոթբիում, անցյալ մայիսին):

«Դիլերի» համար կարեւոր է կարողանալ ժամանակին հայտնաբերել նոր տաղանդներին եւ նրանց առաջ մղել: Ինչպես ուրիշ դիլերներ (Դանիել-Հենրի Քանվեյլերը, օրինակ, Պիկասոյին կամ Կաստելլինՙ Ջասպեր Ջոնսի համար), Կակոսյանը նույնպես «կանաչ ճանապարհ» է հարթել Ռիչարդ Սերրայի համար: Նրա հետ աշխատակցել է 1982-ից ի վեր: «Չելսիում պատկերասրահս հենց նրա համար կառուցեցի: Նրա եւ Սի Թվոմբլիի համար, որպեսզի նրանց ոգեւորեմ եւ շարունակ զբաղված պահեմ», ասում է Լարրին եւ շարունակումՙ «նրանք ինձ երջանկություն են պարգեւում»:

Այս տարվա ընթացքում Լոնդոնում Պիկասոյին, իսկ Նյու Յորքում Մոնեին նվիրված ցուցահանդեսները նշանակալի հաջողություն են արձանագրել: Իսկ Աբու Դաբիում բացված ցուցահանդեսը առաջինն է այդ տարածաշրջանում:

Լարրին հազվադեպ է հարցազրույցներ շնորհում եւ իմ առաջարկին համաձայնվելը, ենթադրում եմ, շուկայի մրցակցությանը դիմանալու ջանքերի հետ է կապված: Նրա գլխավոր մրցակիցՙ «Հաուզեր եւ Ուիրթը» հսկայական մեծ տարածքների վրա նոր պատկերասրահներ է բացել Սավիլ Ռոում (Լոնդոն), եւ Կակոսյանը գիտակցում է, որ ինքն էլ քաղաքի կենտրոնում իր ներկայությունը հաստատելու ավելի լայն տարածքի կարիք ունի: Բայց սա չէ նրա միակ մտահոգությունը: Նա անհանգստացած է նաեւ «ժառանգության» հարցերով, քանի որ ամուսնացած չէ եւ իր հավաքածոյի հետագա ճակատագիրը անորոշ է:

« Թոմաս Էլիոթի [6] մի առիթով ասված խոսքերը, թե գրական յուրաքանչյուր նոր գործ ձեւափոխում է այն ամենը, ինչ գրված է եղել նախկինում, կարելի է արվեստի բնագավառին էլ վերաբերել», ասում է Լարրին ավելացնելով, «ժամանակները փոխվում են, ճաշակներըՙ տարբերվում, բայց դրանից չպետք է վախենալ, ընկրկել կամ անգործության մատնվել: Գուցե ամեն անգամ չկարողանաս ճիշտ թիրախակետին խփել, վերջիվերջո սա բիզնես է, եւ արվեստի «դիլերները» ինչքան էլ միտումնավոր դժվարություններ հարուցեն շուկայումՙ որպես այդ բիզնեսի բաղկացուցիչ մասնիկ, չպետք է մոռանան, որ արվեստագետները, մյուս բոլոր մարդկանց նման, ընտանիք ունեն եւ ցանկանում են բարեկեցիկ կյանքով ապրել: Ուստի չպետք է չարաշահել դիրքերը: Ճշմարիտ արվեստը չի կորչում եւ հավերժ արժեւորվում է: Պետք է կարողանալ ճիշտ դատել եւ ժամանակի հետ քայլել: Եթե գտնում ես դրա «բանալին», հավատացնում եմ, որ բախտավոր կարող ես համարել քեզ: Դա հիանալի մի աշխարհ է, գուցե ամենալավը »:

Թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Ծանոթագրություններ

1. Ռոբերտ Ռաուշենբերգ (1925-2008)- ամերիկացի նկարիչ, որ հայտնի դարձավ 1950-ականներին աբստարկտ էքսպրեսիոնիզմից դեպի պոպ-արտ անցման շրջանում:

2. Ռիչարդ Սերրա (1939)- ամերիկացի մինիմալիստ քանդակագործ, «պրոցեսային արվեստի շարժման» մասնակից:

3. Էդվին Պարկեր (Սի) Թվոմբլի (1928)- ամերիկացի արվեստագետ, մեծածավալ «Գրաֆիթի» գործերի հեղինակ:

4. Էնդի Վորհոլ (1928-1987)- ամերիկացի նկարիչ պոպ-արտի հիմնադիրներից:

5. Քրիստոֆեր Վուլ (1955)- ամերիկացի արվեստագետ: Ստեղծագործում է Նյու Յորքում:

6. Թոմաս Սթեռնզ Էլիոթ- (1888-1965), անգլո-ամերիկացի բանաստեղծ եւ քննադատ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4