ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#19, 2010-12-04 | #20, 2010-12-18 | #1, 2011-01-22


ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆ

Հայկական պարադոքս

ԿԱՐՊԻՍ ՍՈՒՐԵՆՅԱՆ

Քառասունվեց տարի առաջՙ Մեծ եղեռնի հիսնամյակ 1965-ին, երբ դեռ աշխատում էի «Սովետական արվեստ» ամսագրի խմբագրությունում որպես երաժշտական բաժնի վարիչ, գլխավոր խմբագիրը պարտավորիչ շեշտով ինձ առաջարկեց նշանակալից հիսնամյակի առթիվ «մի պատշաճ նյութ» պատրաստել մեր ապրիլյան համարին: Սրտովս էր առաջարկը, բայց «պատշաճ» բառըՙ մի քիչ մտահոգիչ: Նույն երեկո, սակայն, չքացավ «մտահոգիչն» էլ, երբ հանկարծ եկավ բեղուն մտահղացումՙ գրել «Բնիկ ո՞րտեղացի եք» էսսեն: Այդ զուտ հայկական, ամեն մի հայի ճակատագրին կպած հարցը տալ հայրենադարձ հայտնի արվեստագետներիՙ սկսած Հարություն Կալենցից, ու սեղմ գծերով ներկայացնել մի յուրօրինակ ճակատագրի պատմություն: Տվի այդ հարցը, անշուշտ, նաեւ Օհան Դուրյանին, որի անունը, որպես մեծ դիրիժորի, քանի տարի արդեն բարձր հնչում էր ոչ միայն մեզանում, այլեւ Հայաստանից դուրսՙ Մոսկվայից մինչեւ Լայպցիգ...

Աշխարհում շատ պարադոքսներ կան, բայց կա՞ն արդյոք այնպիսի պարադոքսներ, որոնցով լեցուն է հայ ժողովրդի կյանքը: Ո՞ւր կարելի է տեսնել, օրինակ, այնպիսի մի պարադոքս, ինչպես այն, որ Փոքր Ասիայի խորքը Քյոթահիա քաղաքում ծնված մի թրքախոս հայ մանչուկ, որբ մնացած, գա Էջմիածին, թուրքերեն խոսելով ու երգելով ներկայանա Հայոց կաթողիկոսին, իր հրաշալի ձայնով ու հայերեն սովորելու սրտանց փափագով հուզի նրան, ապագայում դառնա, իր մեծ նվիրումը խոչընդոտող հալածանքներն իսկ հաղթահարելով, բուն հայ երգն ու դրա հետ հայ ոգին ի լույս աշխարհ բերող սրբացած անունՙ Կոմիտաս վարդապետ: Այո, մեր պատմությունն է տարօրինակ: Էլ ի՞նչ զարմանաս, երբ զարմանալի բաներ պատասխանեն քո հարցին:

Ի՞նչ իմանա Օհանը, թե իր գերդաստանը բնիկ ո՞րտեղացի է, երբ իր հեռավոր նախնիներն են գաղթել Հայաստանիցՙ հարկադրաբա՞ր, ինքնակա՞մ... ի՞նչ իմանա: Գուցե Էրզրումի՞ց, հոնքերը շարժում է ենթադրաբար:

- Էրզրում ըսվածը հին Կարինն է, չէ՞: Անանկ բան մը լսեր եմ, որ անկե են: Լսեր եմ, բայց վստահ չեմ, վստահ չեմ:

- Կամ թերեւս Անիե՞ն,- հուշում եմ:- Մարտիրոս Սարյանը, օրինակ, կսիրե ըսել, որ իր նախնիները Անիեն են: Ուրիշներ ալ...

- Անանկ բան մըն ալ լսեր եմ,- ժպտում է: -Կամ թերեւս երեւակայե՞ր եմ...

Փաստն այն է, որ Օհանը 1922-ին ծնվել է Երուսաղեմում, արաբախոս ընտանիքում, եւ վաղ տարիքին կորցրել է հորը, որ ատաղձագործ էր, անունըՙ Խաչատուր Խաչատուրյան: Մայրը եղել է քրիստոնյա արաբ: Կամ գուցե, հուշում եմ դարձյալ, արաբացած հայերի հետնո՞րդ. չէ՞ որ շատեր են եղել այդպես, օրինակՙ Հալեպի մոտ մի ամբողջ գյուղ արաբացած հայերի, որոնց եկեղեցու համար տասնվեցամյա որբ Հարություն Կալենցը սրբապատկեր է նկարելՙ արդեն իսկական արվեստի գործ:

- Իրա՞վ: Զարմանալի, գեղեցիկ: Հայրս հայ, քրիստոնյա արաբ մայրս... չեմ գիտեր, այդպես ալ կրնա ըլլալ, ամեն ինչ կրնա ըլլալ հայուն ճակատագրին մեջ, ի՞նչ ըսեմ...

Հայերեն մի բառ անգամ չի իմացել անհայր մնացած փոքրիկ Օհանը, որ այն ժամանակ ոչ թե Օհան էր, այլ Հաննա: Հայ լինելը իր գիտակցության մեջ տեղ անգամ չի ունեցել: Վեց տարեկանից սկսել է սովորել գերմանական մի դպրոցում, որի բոլոր աշակերտները արաբ էին: Այդ տարիքից էլ իր մեջ հայտնվեց երաժիշտը: Ուզեց ֆլեյտաՙ սրնգափող նվագել, գերմանացի դասատուն մերժեց, ասելով, որ մատները դեռ փոքր են: Իսկ ինքը լաց եղավ, հետո ժամերով աշխատեց, մատները «հասցրեց» ու համոզեց դասատուին: Այդ դպրոցն ավարտելուց հետո Օհանը սովորում էր Երուսաղեմի կոնսերվատորիայում: Միաժամանակ արաբերենի դասատու էր այդ նույն դպրոցում, որի արաբ աշակերտների մեջ դարձյալ մի հայ տղա կար, անունն էլ դարձյալ Օհան:

- Իսկ ես արդեն գիտեի, որ հայ եմ: Օր մը դպրոցին բակը նստած էի ծառի մը տակ: Այդ պզտիկ Օհանը եկավ քովս, գիրք մը բացավ, ինծի ըսավՙ անշուշտ արաբերեն.

- Նայեցեք, պարոն, ասիկա հայերեն գիրք է: Մեր գիրերն են, կարդա՞մ:

Ինչ մեղքս պահեմ, ես տղային ըսի.

- Դուն գնա դասերդ սորվե:

Բայց հետո սկսա մտածելՙ ես ինչո՞ւ հայերեն չգիտնամ, քանի որ հայ եմ: Մեր տունը հայկական վանքին մոտ էր: Օր մը, երբ տուն կերթայի, ինծի աբեղա մը մոտեցավ եւ ըսավ.

- Լսած ենք, որ դուն հայ ես եւ երաժիշտ: Մեր Ժառանգավորաց վարժարանին մեջ հանդես մը ունինք, դաշնակահար չկա: Չե՞ս գար նվագելու:

Գացի: Սիրով գացի: Հետո ինծի ըսին, որ վարժարանին մեջ արաբերենի ուսուցիչ ըլլամ: Նպատակնին ուրիշ էր: Կուզեին ինծի հայերեն սորվեցնել: Ես ալ կուզեի հայերեն, հայերե՛ն սորվիլ: Եվ նորեն գացի: Ուրախությամբ գացի: Ես աշակերտներուս արաբերեն կսորվեցնեի, աշակերտներս ինծիՙ հայերեն: Դասարան կմտնեի ուսուցիչ, կելլեի աշակերտ: Անոնց ուսուցիչը մեկ էր, իմ ուսուցիչներս շատ էին: Գրատախտակին վրա կգրեի սորված հայերեն բառերս, բոլորը մեկ ձայնով սխալներս կշտկեին: Այդպես հայերեն սորվեցա: Աբեղա մը կարՙ անունը Հաբեթ: Անիկա ինծի ոչ միայն հայերեն դաս կուտար, այլեւ հայ երաժշտության կծանոթացներ: Օրե օր սիրտս կլեցվեր: Երբ Կոմիտասի երգերն սկսանք երգել, հոգիս տակնուվրա եղավ: Հանկարծ զգացի, որ իսկապես հայ եմ, հայ: Բոլոր ջիղերովս զգացի: Ա՛լ չէի կրնար իմ ժողովուրդես դուրս ապրիլ: Ես ունեի անուն, ազգանուն, լեզուս ալ սորվեր էի, ալ գիտեի ես ո՛վ եմ այս աշխարհին մեջ, ո՛ր տունին կպատկանիմ: Երգ մը գրեցի երգչախումբի համար. «Դու երկնամերձ իմ հայրենիք, դու հինավուրց իմ Հայաստան»: Ավետիք Իսահակյանի խոսքերն էին: Ատիկա իմ գրած առաջին հայերեն երգս էր: Մնացածը գիտեք: Դիրիժոր եղա, շատ տեղեր պտտեցա, հաջողություններ ունեցա, թերթերն իմ մասին շատ խոսքեր ըսին գերմաներեն ու ֆրանսերեն, արաբերեն ու հոլանդերեն, անգլերեն ու ռուսերեն, բայց հոգիս ինծի բերավ Հայաստան...

Բայց չէ, սովորական հայրենադարձ չէր Օհանը, այսինքնՙ 1946-48 թվականներին զանգվածաբար ներգաղթող կարավաններից մեկում չէր, որ նա եկավ Հայաստան, ինչպես հայրենադարձներից շատ-շատերս: Եկավ 1957-ինՙ մենակ, դեռ ամուրի, երեսունհինգ տարեկան, արդեն հասուն դիրիժոր ու անձնավորություն: Ինչպես, ի դեպ, հինգ տարի հետո ընտանյոք եկավ Հակոբ Հակոբյանըՙ Կիպրոսի Մելգոնյանում երբեմնի ավագ իմ դասընկեր, որ նույնպես հասուն նկարիչ ու անձնավորություն էր արդեն:

Օհանի մասին լսել էի մինչ այդ էլ, ավելի ճիշտՙ այն օրերին հազվադեպ մեր ձեռքն անցնող մի սփյուռքահայ թերթում կարդացել էի, որ Փարիզում ասպարեզ է ելել մի նոր հայ տաղանդՙ դիրիժոր ու կոմպոզիտոր Օհան Տուրյան: Եվ ոչ միայն սփյուռքահայ թերթում: Նաեւ մի անգլերեն թերթում, որ այժմ չեմ հիշում ինչպես էր ձեռքս ընկել: Դրա մեջ նույնիսկ զվարճալի զարմանքով կարդացել էի նրա աշխույժ, նրբակիրթ, ուշագրավ անձնավորության մասին փոքր եւ անեկդոտանման դիպվածներ, ինչպես օրինակՙ երբ մի գեղատեսիլ տիկին դռան մեջ, շտապելիս, հանկարծ բախվել է հայտնի դիրիժորին եւ սկսել է ներողություն խնդրել, ազնվակիրթ երիտասարդ դիրիժորը սիրալիր հաճոյախոսել էՙ «Encore, madame!», եւ տիկնոջ ձեռքն է համբուրել:

Ու մեկ էլ ահա իմացվեց, որ Օհան Տուրյանը եկել է Մոսկվաՙ 1957-ի ամռանը այնտեղ համաշխարհային երիտասարդական ֆեստիվալին: Բայց շուտով պարզվեց, որ Վազգեն Ա կաթողիկոսի հրավերով նա եկել է Հայաստան, գտնվում է Էջմիածնում: Ես այդ օրերին դեռ Հայաստանի պետական երգչախմբում էի որպես երգիչ, բայց արդեն երաժշտական հոդվածներով աշխատակցում էի «Սովետական արվեստ» ամսագրին, որտեղից կանչում էին ինձ աշխատանքի անցնելու իրենց մոտ որպես երաժշտական խմբագիր: Ոչ միայն պրոֆեսիոնալ շարժառիթը, այլ ավելի, շատ ավելիՙ ուղղակի սրտի մղումը ինձ շտապեցրեց գնալ Էջմիածին, ոչ թե պարզապես ծանոթանալու Օհան Տուրյան դիրիժորի հետ, որի մասին կարդացել էի, ո՜չ, նախազգացումս այն էր, որ մեզՙ 1946-48-ի հայրենադարձներիս համար այդ օրերին դեռ այնքան հեռավոր, հեռավո՜ր մնացած Սփյուռքից մի հարազատ հոգի եմ գտնելու, այն էլ երաժիշտ հոգի, որ Բեթհովեններով ու Բրամսերով, Մոցարտներով ու Շուբերտներով, ամբողջ երաժշտությամբ լի իմ պատանեկան անցյալի հետ է կապվելու: Էլ ինչպե՞ս, ինչո՞ւ նկարագրեմ արտաքուստ երկու անծանոթների, բայց խորքի հարազատությամբ ասես հին ծանոթների այդ առաջին հանդիպումը, որից էլ սկսվեց մեր բարեկամությունը, անկախ բնավորության տարբերություններից:

Շուտով նա հրավիրվեց ապրելու «Երեւան» հյուրանոցում, ուր առանձին սենյակ հատկացվեց իրեն: Պատրաստվում էր համերգներ տալու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճում: Եվ միաժամանակ ուսումնասիրում էր սովետահայ կոմպոզիտորների սիմֆոնիկ երկերի պարտիտուրներՙ դրանցից մեկը կամ մյուսը կատարելու նկատառումով: Ստացվել էր այնպես, որ ես գրեթե միակ մոտիկ ընկերն էի այդ օրերին, իր իսկ ցանկությամբ հաճախ այցելում էի իրեն, լսում իր զգացածը, ապրումները, կարծիքները, հարցերը, մտքեր էինք փոխանակում, բայց ես ավելի լսողի դերում էի պահում ինձ: Հիշում եմ, որ հավանել էր երիտասարդ կոմպոզիտոր Ջիվան Տեր-Թադեւոսյանի Առաջին սիմֆոնիայի պարտիտուրը, ուզում էր կատարել անպայման, խոստումնալից ապագա էր տեսնում այդ կոմպոզիտորի մեջ: Ես փորձում էի նաեւ իմանալ նրա տրամադրությունը, թե եկել է միայն համերգնե՞ր տալու, ինչպես որեւէ շրջագայող դիրիժոր, հակված չէ՞ արդյոք մնալու Հայաստանում եւ որպես մշտական դիրիժոր աշխատելու մեր սիմֆոնիկ նվագախմբի հետ: Զգում էի, որ իրեն համար էլ կա այդ հարցը, որ կհստականա, երեւի, իր առաջիկա համերգներից հետո:

Ճիշտն ասած, շատ էլ հեշտ չէր նրա հետ ընկերություն անելը: Մինչեւ ուղն ու ծուծը նա երաժշտություն էր, ամեն րոպե դա զգացվում էր նրա խոսքի, դեմքի միմիկայի, շարժուձեւերի, ամբողջ պահվածքի մեջ: Խոսակցության գրեթե ոչ մի այլ նյութ ըստ էության չէր գրավում նրան: Տեսնում էիր, որ նայում է քեզ, լսում, մեկ-մեկ արձագանքում էլ է ասածիդ, ժպտում, ձեռքի մի շարժումով խոսք ասում, բայց զգում էիր, որ ուշքը ուրիշ տեղ է, այսինքն կատարած կամ մանավանդ կատարելիք մի սիմֆոնիայի պարտիտուրի մեջ: Իսկ եթե պարտիտուրը ձեռքին լիներ, պարզապես մոռանում էր քեզ: Այդպես, մի անգամ հյուրանոցից ճաշելու իջանք Նկարիչների տան մոտի սրճարանը, հետը վերցրեց այն պարտիտուրը, որով զբաղվում էր, կատարելիք սիմֆոնիաներից մեկը: Հազիվ նստեցինք, պարտիտուրը բացեց: Չնկատեց էլ, թե ինչպես ճաշը պատվիրեցի, բերեցին: Այսպես ասածՙ երաժշտականորեն ջղային վիճակի մեջ էր:

- Օհան,- ասացի,- ինքդ ըսիր, որ անոթի ես:

- Հա՞, ի՞նչ... Այո, այո, ճիշտ ես, վայրկյան մը, հիմա:

- Ձգե այդ պարտիտուրը, հետո կշարունակես: Պատառ մը բան կեր:

- Հա, այո, անշուշտ: Պատառ մը բան: Եղբա՜յր, այս ուտելն ալ...

Հիշեց, որ անոթի էր իսկապես, կերավ մի քանի պատառ, ախորժակով, հետո երեւի չքացավ անոթության զգացողությունը, երաժշտականորեն ջղային վիճակը քաշեց իրեն դարձյալ դեպի պարտիտուրը: Բայց տարօրինակն այն էր, որ չէր էլ նայում պարտիտուրին: Միայն թե ձեռքին լիներ: Համերգներից հետո հասկացա, թե դա ինչ էր նշանակում: Անգիր էր անում կատարելիք երկը: Իսկ այդ պահին, առանց այլեւս ասելու, որ մի պատառ էլ ուտի, նայում էի այդ զարմանալի դեմքին: Լրիվ գունատված դեմքին, դեպի վեր ու աչքերը փակ, ծնոտին սեւ փոքր մորուք, չգիտես ցավի թե հաճույքի փոքր հեւոցներ, փոքր հառաչներ, մինչ ձեռքը մեղմ շարժումներ է անում, ասես նվագախումբն է իր առջեւ: Ապրում է կատարելիք երկը մանրամասներով ու ամբողջությամբ, թվում էՙ ինքն իսկ երկի մարմնացյալ երաժշտությունն է դարձել: Նայում էի լուռ նստած, երբեմն հայացքս թեքելով էլ այդ դեմքից այս ու այն կողմ, առանց այլեւս խանգարելու իր այդ երաժշտականորեն ջղային վիճակին, որ երկյուղալի էր թվում մի քիչ: Սպասում էի, որ ինքը «արթնանա» այդ ստեղծագործական վիճակից: Ու սիրում էի նրան...

Վերջապես ահա իր առաջին համերգի փորձերը նվագախմբի հետ մեծ դահլիճում, ուր ցանուցիր, լուռ նստած էին երաժշտական աշխարհի մարդիկ, որոնք եկել էին, ինչպես ընդունված է, լսելու մի նոր դիրիժորի կամ մի նոր ստեղծագործության պրեմիերայի փորձերը: Ինքս վերեւի մի օթյակում մենակ նստած, սիրտս մի քիչ անհանգիստ էր սպասումով, մինչեւ ահա կուլիսից բեմ մտավ Օհանը աշխույժ, զվարթ, սւեաթույր թեթեւ բաճկոնով, շապկի օձիքը բաց, եւ արդեն նստած նվագախումբը հոտնկայս դիմավորեց Փարիզից եկած, այնտեղ նվագախումբ ղեկավարած հայ դիրիժորին, աղեղները ծափի նման թխթխկացնելով ջութակների կռնակին: Նույն աշխույժ զվարթությամբ Օհանը կանգնեց իր պատվանդանին ու երկու ձեռքով հրավիրեց նվագախմբին նստել, իր բարձր, մի ուրույն հնչեղությամբ, արեւմտահայերենը հստակ առոգանող ձայնով սիրալիր ողջույնի խոսքեր ասաց, մի երկու զվարճաբանեց նույնիսկ, ասես վաղուց ծանոթ լինեին իրեն հայրենական այս լրիվ հայ նվագախմբի տղաները, որոնք, երեւում էր, մի տեսակ զարմացած-զվարթ, դեռ մի քիչ էլ սպասողական ընկալում, ընդունում էին նրան:

Ու մեկենՙ բոլորովին ուրիշ մթնոլորտ, բացարձակ լրջություն, հավաքվածություն: Սկսվեց փորձը: Բերլիոզի Ֆանտաստիկ սիմֆոնիան...

Ես, որ երկար տարիներ աշխատում էի Հայֆիլհարմոնիայում եւ քանիցս, վոկալ-սիմֆոնիկ երկեր կատարելու առթիվ, ինքս երգչախմբի մեջ կանգնած մասնակից էի եղել դրանց փորձերին ուրիշ դիրիժորների հետ, այսպիսի ոճի փորձ չէի տեսել: Օհան Տուրյան դիրիժորը չասաց բացատրական երկար-բարակ, հոգնեցուցիչ, երբեմն նույնիսկ ուշադրությունը տարտամացնող խոսքեր: Եվ ընդհանրապես ոչ մի ավելորդ խոսք: Միայն մի քանի կոնկրետ ցուցումներ, այն էլ կարծես խրախուսական: Եվ պատվանդանին ուղիղ կանգնած, առանց որեւէ ավելորդ մարմնական շարժումի, մեղմ բարձրացրեց ձեռքերը կրծքի առաջ: Դիրիժորական ճիպոտ չուներ աջին: Ու ձեռքերն սկսեցին խոսել: Եվ նվագախումբը միանգամից այնպիսի կուռ, մաքուր ու լեցուն հնչողությամբ պատասխանեց այդ զուսպ ու պլաստիկ շարժվող ձեռքերի «խոսքին», որ մի պահ թվացՙ ոչ թե իմ բարեկամ Օհանն է այնտեղ պատվանդանին, այլ սրճարանում իմ դիմաց այն «մարմնացյալ երաժշտությունն» է, որին նայում էի երկյուղալի սիրով, նա է շարժման մեջ դրել նվագախումբըՙ միանգամից այդպիսի զարմանալի հնչողությամբ:

Երբեք չեմ կարող մոռանալ այդ առաջին տպավորությունը:

Համերգին դահլիճը լեփ-լեցուն էր: Պատվո օթյակում ներկա էր Վեհափառ կաթողիկոսն իր շքախմբով: Կային նաեւ պետական այրեր: Անշուշտ, առաջին համերգին գրավիչ էր մանավանդ այն հանգամանքը, որ արտասահմանից եկած հայ դիրիժոր է, եւ տարածված խոսակցությունները նրա մասին: Բայց հենց այդ առաջին համերգն էլ այնպիսի բուռն ընդունելություն գտավ, որ խոսակցություններն ավելի կոնկրետացան ու տարածվեցին արդեն բուն իսկ Օհան Դուրյան դիրիժորի մասին, որ նաեւ, պարզվեց, շատ համակրելի, ժպտերես, նրբակիրթ երիտասարդ է, ինչպես տեսան համերգի ավարտից հետո, երբ իսկույն ներքեւի արտիստական ֆոյեում խուռներամ լցվեցին խիստ ոգեւորված երաժշտասեր ունկնդիրներըՙ նրան շնորհավորելու, իրենց «սրտագին» շնորհակալությունը հայտնելու: Եվ բնական է, հաջորդ մի քանի համերգներին ավելի եւս լեցուն էր մեծ դահլիճը մինչեւ ամենավերին յարուսներն անգամ, ընդունելությունն էլ ավելի բուռն, համերգի ավարտին հոտնկայս ծափահարություններով, ներքեւի արտիստական ֆոյեն էլ ավելի խուռներամ լցված: Ջերմեռանդ երաժշտասերները ոչ միայն հիացած էին նրա «հրաշալի» կատարումներով եւ դիրիժորական զուսպ ու վայելուչ արտիստիզմով, այլեւ շշմելու չափ զարմացած, որ նա բոլոր այդ ծավալուն երկերըՙ Բերլիոզի, Բեթհովենի, Չայկովսկու, Վագների եւ այլ, անգիր է վարում. այդ ի՜նչ հիշողություն է, ի՜նչ տաղանդ:

Օհանն էլ, անշուշտ, թեպետ հոգնում էր արդեն, բայց ոգեւորված էր, ուրախ: Միայն մի բանից դժգոհել էր. ինչո՞ւ իր անունը ազդագրերում ճիշտ չեն գրում: Տուրյան է ինքը, ոչ թե Դուրյան: Եվ բացատրեց: Իր Խաչատուրյան ազգանունը կրճատել է, վերածել Տուրյանի: Հարցրինՙ ինչո՞ւ:

- Մեր հայերուս մեջ շատ տարածված է Խաչատուրյան ազգանունը: Բայց միջազգային ասպարեզին մեջ ամբողջ երաժշտական աշխարհի աչքին մեկ Խաչատուրյան կա միայնՙ հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատուրյանը: Մեկ եւ միակ: Այդպես ալ պետք է մնա աշխարհի աչքին: Մեկ եւ միակ: Ուրիշ ոչ մեկ հայ երաժիշտ, որ միջազգային ասպարեզ կելլե, պետք չէ կրկնե, պետք չէ խաչաձեւե աշխարհի աչքին մեծ դարձած հայկական «Խաչատուրյան» անունը: Այդ է համոզումս: Կրնա՞ք երեւակայել Բեթհովենին քով ուրիշ Բեթհովեն մը: Մոցարտին քով ուրիշ Մոցարտ մը: Բերլիոզին քով ուրիշ Բերլիոզ մը: Մեծ դիրիժոր Տոսկանինիին քով ուրիշ Տոսկանինի մը: Եվ այլն: Դուք շարունակեցեք: Կրնա՞ք երեւակայել սուրբ անուն դարձած Կոմիտասին քով ուրիշ Կոմիտաս մը: Չեք կրնար: Անկարելի է: Այս է համոզումս...

Մի խոսքով, այդ համերգներից հետո սփյուռքահայ դիրիժոր Օհան Տուրյանը որոշեց մնալ Հայաստանում, արդեն ասելով, որ դա իր երազանքն էր: Եվ հայրենադարձ Օհան Դուրյան դիրիժորը նշանակվեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար:

Միսենյականի բնակարան հատկացվեց նրան Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճի դիմաց «պրոսպեկտի» վրա հայտնի «Դերասանների տան» դեղին շենքում: Ամուսնացավ, ընտանիք կազմեց: Բնական է, արդեն հաճախ չէինք տեսնվում: Մի օր, սակայն, ինձ կանչեց: Տղա էր ունեցել:

- Գիտե՞ս ինչ դրի անունը,- ասաց մի այնպիսի ոգեւորությամբ, որ թվացՙ խորհրդավոր նորություն է հայտնում:- Նարեկ դրի: Նարեկ: Կհասկնա՞ս...

- Կհասկնամ,- գլուխս շարժեցի:- Կհասկնամ միտքդ:

- Ասանկ անուն լսա՞ծ էիր մինչեւ հիմա:

- Չէ, չէի լսած: Է՛հ, շնորհավորեմ, այս անունով ալ ապրի տղադ, երկար ապրի, շեն ապրի, քեզի արժանի զավակ ու մարդ ըլլա:

Լուսամուտի գոգում փափուկ կազմով, բաց դեղնավուն, միանման գրքերի փոքր մի դեզ կար: Ֆրանսերեն: Փիլիսոփաների հանրամատչելի կենսագրություններ: Մատենաշար: Տասը-տասներկու գիրք: Սոկրատես, Կանտ, Լայբնից, Դեկարտ, Սպինոզա... Ձեռքս վերցրի Սպինոզան:

- Ասոնք քո՞ւ գիրքերդ են: Չէի տեսած, երբ հյուրանոց կապրեիր:

- Իմ գիրքերս են: Սիրելի գիրքերս: Բոլորը կարդացած եմ: Երբեմն կթերթեմ: Շատ թանկագին են ինծի համար...

Նայում էր ձեռքիս Սպինոզային, դեմքին մի փոքր մտահոգություն:

- Տուր կարդամ այս գիրքը,- ժպտացի:- Կսիրեմ այս փիլիսոփան:

- Բայց... բայց զգույշ կկարդաս, չծալես, չփճանա...

- Անհոգ եղիր, Օհան: Լավ գիրքը ինծի համար սրբության պես բան է: Ուրիշին գիրք տալու մեջ ես ալ քեզի պես եմ: Շուտով այս եղածին պես կվերադարձնեմ գիրքը քեզի, թերեւս կխոսինք ալ Սպինոզայի մասին...

Հաճախ չէինք տեսնվում արդեն, բայց ես միշտ էլ նրան հանդիպում էի Հայֆիլհարմոնիայում: Գնում էի նրա բոլոր համերգներին, երբեմն փորձերին նույնիսկ, մանավանդ երբ նա Երեւանում դեռ չհնչած մի երկ էր պատրաստվում կատարել, միշտ հետամուտՙ սիմֆոնիկի երկացանկը ավելի ու ավելի հարստացնելու: Ոչ միայն ի պաշտոնե, այսպես ասած, որպես ամսագրի երաժշտական բաժինը վարող, հետեւում էի նրա գործունեությանը, այլեւ մանավանդ, առավել եւս, ինձ համար շատ հետաքրքրական եւ ուրախալի էր տեսնել այդ եռանդուն եւ բոլորանվեր գործունեության հրաշալի արդյունքը: Նվագախմբի մակարդակը ակնհայտորեն բարձրացել էր, եւ նա հարատեւորեն ձգտում էր ավելի բարձրացնել: Երեւանն իր սիմֆոնիկ նվագախմբով համբավ էր ձեռք բերում արդեն ոչ միայն Սովետական Միության մեջ, այլեւ արտասահմանում: Օհանի համերգներին գրեթե միշտ տեսնում էի օտար այցելուներ, որոնք կարծես չէին հավատում իրենց ականջներին ու աչքերին, զարմանքի արտահայտություններով կարծես ուզում էին քողարկել իրենց վայելած գեղարվեստական իրավ հաճույքը, այսինքն պարզապես հիանում էին չհավատալով. անձամբ եմ լսել, երբ նրանցից ոմանք համերգից հետո գալիս էին մոտից տեսնելու դիրիժորին, ասես «շոշափելու» նրան իրենց շնորհակալական խոսքով: Սովետական Միություն շրջագայության եկած երաժիշտներ ավելի ու ավելի հաճախ Մոսկվայից գալիս էին ուղղակի Երեւան մեր սիմֆոնիկի հետ համերգ տալու: Լայպցիգից եկել էր նույնիսկ Գեւանդհաուսի նշանավոր հնագույն սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Ֆրանց Կոնվիչնին:

Վկա եմ, Օհանի բոլոր համերգներին մեծ դահլիճը ծայրեծայր լեցուն էր լինում: Հենց նրա համերգների շնորհիվ շատ բազմացել, հազարների էր հասել սիմֆոնիկ երաժշտության ունկնդիրների թիվը, ավելինՙ դահլիճում այդ բազմության պահվածքից երեւում էր, որ համերգից համերգ զարգանում, բարձրանում է դասական մեծ երաժշտությանը հաղորդվելու ճաշակը: Ասես տոնականության զգացում էր տիրում դահլիճում, լուռ, բարեպաշտ ունկնդրություն նվիրական մի արարողության, հայացքներըՙ բեմում նվագախմբի առաջ գրեթե անշարժ կանգնած սեւազգեստ քուրմին, որի ձեռքերը միայն կախարդական շարժումներով նվագախմբից ի հայտ էին բերում հոգեհույզ երաժշտությունը մերթ հոծ ու լեցուն, մերթ նրբագեղ հնչողությամբ: Ու երաժշտությունը կարծես ճառագում էր մի սրբազան աղբյուրից եւ մի ուրիշ լույսով տարածվում էր, լցնում դահլիճը տոնականության զգացումով: Այո, տոն էր ամեն մի համերգը, ուրիշ բառ չեմ գտնում: Եվ ուրիշ բառ չեմ գտնում դիրիժորի հանդեպ ունկնդիր ժողովրդի տածած զգացման համար, քան այն, որ ժողովուրդը սիրում էր իր դիրիժորին: Եվ այդ սերը ամեն համերգի ավարտին հորդում էր բեմառաջքում կուտակված բազմությունիցՙ նրան կրկին ու կրկին բեմ կանչող անդադրում ծափերով եւ ասես իրենց կախարդած քուրմին իբրեւ զոհաբերություն մատուցված ծաղկեփնջերով:

Սենտիմենտալ բանաստեղծություն չեմ անում: Այս էր Օհան Դուրյանի համերգների իրական, կենդանի պատկերը եւ ոգին:

Միաժամանակ ամեն տարի Օհանը համերգային շրջագայության էր հրավիրվում Արեւելյան Եվրոպայի այսպես կոչված «դեմոկրատական» երկրներից, իսկ ավելի անդինից, որտեղից եկել էր ինքը, չէին կարող հրավերներ հասնել, անշուշտ, հայրենադարձ դիրիժորին: Բայց գոնե Լայպցիգը, այս դեպքում բարեբախտաբար, «դեմոկրատականի» սահմաններում էր իր Գեւանդհաուսի նշանավոր նվագախմբով, որից հատկապես հրավիրվում էր Օհան Դուրյանը համերգաշրջանի բացման առթիվ:

Ամեն անգամ արտասահմանյան շրջագայությունից նա հետը բերում էր այն թերթերը, ուր հոդվածներ էին լինում իր համերգների մասին: Գնում էի մոտըՙ ծանոթանալու այդ հոդվածներին: Բոլորի մեջ, անխտիր, նրա դիրիժորական արվեստի մասին բարձր գնահատանքներ, մերթ նույնիսկ «շշմեցուցիչ» ասելու չափ զարմանալի բնորոշումներով: Բնական է, միտք ծագեց, այսինքն ուղղակի պարտավոր զգացի այդ հոդվածներից փոքր ցայտուն հատվածներ թարգմանել, կազմել մի ծաղկաքաղ եւ գոնե մի էջ տպել մեր ամսագրումՙ թերթերի վերնագրերի էլ պոպուրի լուսանկարով: Այդպիսի ծաղկաքաղը, անկասկած, շատ հետաքրքրական կլիներ, կուրախացներ ընթերցողներին: Բայց երբ խնամքով պատրաստած այդ «նյութս» իմ երաժշտական բաժնից ներկայացրի խմբագրություն, հանդիպեցի տարօրինակ անտարբերության, չասելու համար նույնիսկ դժկամության: Մանավանդ պատքարտուղարի կողմից, որի առաջ վերապահ մնաց նաեւ գլխավոր խմբագիրը:

- Գոնե կարդացեք նյութը,- ասացի,- տեսեք ինչպիսի գնահատականներ:

Պատքարտուղարը մի աչք գցեց, դժգոհ ծամածռված հեգնանքով դարձավ ինձ.

- Է՞ս ինչ է: Օհան Դուրյանին համեմատում ես Տոսկանինիի հե՞տ: Էն էլ ո՜ւմ: Տոսկանինիի: Ա՜յդ էր պակաս:

- Լսիր,- ասացի,- ես չեմ համեմատողը, լավ կարդա: Վարշավայում լեհական պաշտոնաթերթն է գրել, որ Օհան Դուրյանը իր դիրիժորական արվեստով հիշեցրեց Տոսկանինիին:

- Դե մի բան է, ասել են: Հո ամեն ինչ հալած յուղի տեղ չենք ընդունելու:

- Կարդա՛, կարդա՛: Տես, գերմանական թերթում էլ հոդվածի վերնագիրն է նույնիսկ. «Օհան Դուրյանը հիշեցնում է Արթուր Նիկիշին»:

- Ո՞ւմ:

- Անցյալի մեծ դիրիժոր Արթուր Նիկիշ:

Ուսերը թոթվեց: Տոսկանինին շատ հայտնի անուն էՙ նույնիսկ երաժշտությունից հեռու մարդկանց ականջին հասած: Արթուր Նիկիշն ով է:

- Էս Տոսկանինին հանիր: Չի կարելի այդպես չափից ավելի գովել Օհան Դուրյանին: Հայիզմ ես անում...

Հայի՜զմ: Հասկացա ինչ է ուզում ասել: Ինձնից շատ հեռու բան: Էլ ինչ ասեմ: Առարկե՞մ նրան, վիճե՞մ: Ձեռքս թափ տվի: Բայց ի՞նչ էր այս անակնկալ վերաբերմունքը, որ վրդովեց ինձ, անշուշտ: Գուցե գավառական մի կամայականությո՞ւն, որ բավական հաճախ տեսնում ենք մեր կյանքում: Մտածեցիՙ հազիվ թե այդ միայն: Եվ արդեն անակնկալ էլ չէր թվում: Սրա տակ մի ուրիշ բան կա: Ականջիս հասել էին Օհանի դեմ խլրդային շարժումներ, նույնիսկ չարաբաստիկ «ախպար» բառիՙ մեր կյանքում այդ անիծյալ դարձած հարցի հետ կապված: Կարեւորություն չէի տվել...

Ըստ 1962-ին Լայպցիգի Գեւանդհաուսում կայացած պայմանավորվածության, Օհանը 1963-ի սեպտեմբերին չորս համերգով բացել էր Գեւանդհաուսի նվագախմբի համերգաշրջանը: Լայպցիգից վերադարձել էր գերմանական թերթերում բազմաթիվ արձագանքներով իր այդ համերգների մասին, ու նաեւ Գեւանդհաուսի նվագախմբից իրեն տրված շնորհակալագրով, որն անպայման ուզում էի տպել մեր ամսագրումՙ թե՛ գերմաներենՙ ֆակսիմիլեն, թե՛ թարգմանությունը անշուշտ:

Այդ օրերին, Վերդիի ծննդյան 150-ամյակի առթիվ, Օհանը կատարեց մեծ կոմպոզիտորի նշանավոր «Ռեքվիեմը»: Ի դեպ, իսկույն ուշադրություն գրավեց ու ավելի եւս զարմացրեց այն, որ նա այդպիսի վոկալ-սիմֆոնիկ բարդ ու երկարաշունչ ստեղծագործությունն անգամ անգիր էր ղեկավարում, բայց նաեւ դա ակնհայտորեն ցույց տվեց, որ անգիր ղեկավարելը ստեղծագործական խնդիր է Օհանի համար, հենց դրա շնորհիվ նա կարողացավ զարմանալի թեթեւությամբ միակցել նվագախմբի, երգչախմբի եւ չորս մեներգիչների կատարումը եւ անկաշկանդ ճարտարակերտել «Ռեքվիեմի» ամբողջ մոնումենտալ կառույցը: Այդ համերգի մասին իմ գրած հոդվածը մի ամբողջ մանրատառ էջ բռնեց մեր ամսագրում: Դրա հարակից էջին էլ, ահա, պատշաճ համարվեց կատարել իմ առաջարկըՙ տպել Գեւանդհաուսի վերոհիշյալ շնորհակալագիրը, ինչպես նաեւ գերմանական թերթերից մեկիՙ «Միտելդոյչե նոյեստե նախրիխտըն»-ի հոդվածը, որը ես մի հատուկ նպատակադրումով էի ընտրել (Սովետական արվեստ, 1963, թիվ 12):

Ահա շնորհակալագիրը.

«Լայպցիգ, 26 սեպտեմբեր 1963

Պարոն

կապելմայստեր Օհան Դ ՈՒ Ր Յ Ա Ն Ի Ն

Շատ հարգելի ու սիրելի պարոն Դուրյան,

Այժմ, երբ Գեւանդհաուսի նվագախմբի վերջին երկու համերգներն իբրեւ գաստրոլային դիրիժոր ավարտեցիք ակնառու հաջողությամբ, ցանկանում ենք Ձեր գերազանց աշխատանքի համար հայտնել Ձեզ մեր սրտագին շնորհակալությունը Գեւանդհաուսի նվագախմբի անունից, նվագախումբ, որի բարձր հարգանքը շահեցիք Դուք թե՛ որպես արվեստագետ, թե՛ որպես մարդ:

Գեւանդհաուսի նվագախմբի համար հատուկ ուրախություն էր Ձեզ հետ նվագելը:

Մեզ թույլ տվեք նվիրել Ձեզ Անտոն Բրուքների 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ եւ 9-րդ սիմֆոնիաների գրպանի պարտիտուրներըՙ իբրեւ բարեկամական հիշատակ այս համերգներից:

Հետագա հաջողությունների եւ Գեւանդհաուսում կրկին հանդիպելու անկեղծ ցանկություններով շատ սրտագին ողջունում ենք Ձեզ:

Գեւանդհաուսի նվագախմբի պրոֆկոմիտե

Կ. Հայնց Վերշաու

Հ. Ռինգ»

Եվ ահա վերոհիշյալ թերթի հոդվածը.

«Գեւանդհաուսի այս տարվա համերգաշրջանը բացվեց մի համերգով, որ անմիջապես ցույց տվեց նորից այս կազմակերպության գեղարվեստական բարձր արժեքը: Քանի դեռ Գեւանդհաուսի գլխավոր դիրիժորի տեղը թափուր է մնում, ժամանակավորապես այն լրացնում են գաստրոլի հրավիրված դիրիժորները: Առաջին համերգի ունկնդիրներն առիթ ունեցան ողջունելու ամենեն ավելի ականավորներից մեկին: Սովետական դիրիժոր Օհան Դուրյանը, որ մի տարի առաջ այս նույն տեղում կարողացավ հատուկ ուշադրության արժանանալ Շոստակովիչի 12-րդ սիմֆոնիայի իր հոյակապ մեկնաբանությամբ, համերգն սկսեց Մոցարտի Ռե մաժոր սիմֆոնիայով: <...> Դուրյանը հատուկ հոգատարություն է ցուցաբերում հստակ ու նուրբ հնչողությանը, նրա կարծես խոսուն ձախ ձեռքը խանդաղատանքով արտաբերում է մեղեդիական բոլոր գծերը. նրա այդպիսի ղեկավարության տակ Գեւանդհաուսի երաժիշտները նվագեցին աչքի զարնող ճշգրտությամբ ու թեթեւությամբ եւ կարողացան լավագույնս արդարացնել Մոցարտի այն ցանկությունը, թե վերջին մասը պետք է կատարել «այնքան արագ, որքան հնարավոր է»:

Գեւանդհաուսի նվագախումբն ունի Բրուքների սիմֆոնիաների կատարման մեծ ավանդույթ, որ արդեն ինքնին ապահովում է գեղարվեստական բարձրարժեք մատուցում: Եվ եթե մանավանդ ղեկավարում է Օհան Դուրյանի նման ականավոր մի դիրիժոր, ապա ուրեմն բոլոր տվյալները կան օրինակելի մեկնաբանությամբ մի կատարում լսելու: Սովետական հյուրը Բրուքների 7-րդ սիմֆոնիան կատարեցՙ գերազանց եւ անգիր իմանալով պարտիտուրն իր բոլոր մանրամասնություններով եւ միաժամանակ ի հայտ բերելով գրավիչ մի կենսականություն, որ նրան հնարավորություն տվեց առաջին մասի լայն տակտերում մեղեդիական մեծ կամարներ արձակել եւ ամբողջ վիթխարի կառուցվածքը լրիվ դրսեւորել. եւ այդ բոլորովՙ դիրիժորը ներքին մեծ ջերմություն հաղորդեց ստեղծագործությանը: <...> Ուստի, համերգի ուժեղ տպավորության տակ գտնվող ունկնդիրները կարող են շնորհակալ լինել նվագախմբից եւ մեծ ու համակրելի դիրիժորիցՙ բրուքներյան խորունկ մի ապրում վայելած լինելու համար»:

Էջի ներքեւում, շնորհակալագրի տակ, զետեղել էի այս կարճ ծանուցումը.

«Մնում է ավելացնել, որ Գեւանդհաուսի նվագախումբն Օհան Դուրյանին հրավիրել է գլխավոր դիրիժորի դեռ թափուր մնացող պաշտոնին: Նվագախմբի վերջին կապելմայստերն էր հանգուցյալ Ֆրանց Կոնվիչնին»:

Գուցե զարմանալի չէ, որ այն ժամանակ ոչ ոք ուշադրություն չդարձրեց էջի ներքեւում խցկված այս ծանուցմանը, ոչ իսկ խմբագրությունում: Երեւի հավատալի չէ՞ր պարզ ու հստակ ասվածը, թե Օհան Դուրյանը հրավիրվել է այդպիսի պաշտոնի, երբ մանավանդ ոչ մի բացատրություն չկար, փաստի պարզ հաստատում միայն: Իսկ ես այն ժամանակ չէի կարող բացատրությունը հրապարակել: Տակը խնդիր կար: Այժմ արդեն կարող եմ ու պետք է բացեմ այդ խնդիրը, որ հետեւանքներ ունեցավ...

Դրա համար պետք է նախ ընթերցողի ուշադրությունը հրավիրեմ գերմանական թերթից վերեւում բերված հոդվածի սկզբում այս տողերին. «Քանի դեռ Գեւանդհաուսի գլխավոր դիրիժորի տեղը թափուր է մնում, ժամանակավորապես այն լրացնում են գաստրոլի հրավիրված դիրիժորները»:

Գլխավոր դիրիժորի տեղը թափուր է մնացելՙ 1962-ին Ֆրանց Կոնվիչնիի մահից հետո: Այդ տեղը «ժամանակավորապես լրացնելու» համար հայտնի դիրիժորներին գաստրոլի հրավիրելը չհայտարարված մրցույթի դեր է կատարել: Առանձնացվել են երեք դիրիժորՙ Զանդերլինգ, Նոյման եւ Դուրյան, որոնք այդ թափուր տեղում ընտրվելու համար դրվել են նվագախմբի եւ մշտական ունկնդիրների խորհուրդի փակ գաղտնի քվեարկության: Ընտրվել է Օհան Դուրյանը: Առաջարկվել է նրան պայմանագիր կնքել ու անցնել գլխավոր դիրիժորի պաշտոնին: Իսկ մեր Օհանը, օրինապահության սկզբունքներով դաստիարակված մարդ, որպես իր երկրի «լոյալ» քաղաքացի խնդրել է նրանց, որ նախ դիմեն Մոսկվա, որպեսզի «ըստ օրինաց» կնքվի պայմանագիրըՙ ստանձնելու Գեւանդհաուսի գլխավոր դիրիժորի մեծապես պատվաբեր պաշտոնը, որ հույժ ուրախալի է իրեն համար:

Այս բոլորը ինձ հայտնեց Օհանը հենց իսկույն, երբ Լայպցիգից նրա վերադառնալուց հետո գնացել էի մոտը: Հայտնեց ուրախ, բայց խորհրդապահաբար, երեւի որպես մտերիմ ընկերոջ, պատվիրելով, որ «առայժմ մեր մեջ մնա»: Բայց ինձ մտահոգեց այդ «Մոսկվա դիմելու» հարցը. տասնյոթ տարի արդեն ապրում էի սովետական այս երկրում...

- Թերեւս պետք էր անմիջապես հոն կնքեի՞ր պայմանագիրը, Օհան:

- Օ՜, ոչ, ոչ, օրենքով, պետք է համաձայնեցվեր Մոսկվայի հետ:

- Բայց եթե կնքած ըլլայիր, կատարված իրողություն կլիներ, դե Լայպցիգն ալ Դեմոկրատական Գերմանիայում, պիտի համաձայնվեր Մոսկվան:

- Է՜, հիմա ալ կհամաձայնվի, ի՞նչ կա որ: Ընտրված եմ, չէ՞:

- Չեմ գիտեր, չեմ գիտեր:

- Ի՞նչ կա չգիտնալու: Չեմ հասկնար ըսածդ: Ըլլալիք խնդիր մըն է, շուտով կըլլա: Քիչ մը կսպասեմ, վստահ եմՙ լուրը կուգա Մոսկվայեն կամ Լայպցիգեն:

- Այնուամենայնիվ խորհուրդ մը տամ, Օհան:

- Ի՞նչ խորհուրդ:

- Խնդիրը տեղեկացուր հոս Զարոբյանին, Քոչինյանին, տեր կանգնին:

- Չէ, չէ, հարցը ինքնիրեն կըլլա, չեմ ուզեր իմ կողմես դիմել հոս, չկարծեն, որ կուզեմ Հայաստանեն երթալ, ճիշտ չէ ատիկա...

- Բայց մեզի համար պատիվ է, որ դուն ես ընտրված հոն գլխավոր դիրիժոր: Գեւանդհաո՜ւս, որուն ոսկեմատյանին մեջ ի՜նչ դիրիժորներու անուններ կանՙ Մենդելսոնեն սկսած, եւ Արթուր Նիկիշն ալ, որուն անունը հիշվեր է քու արվեստովդ:

- Պատիվ է, բայց պայմանով, որ Հայաստանեն չկտրվիմ: Ա՛յս է իմ օջախս, տարին քանի մը անգամ պետք է գամՙ հո՛ս ի՜մ մշտական ունկնդիրներուս...

Միամտությո՜ւնՙ իր վստահությունն էլ, իմ խորհուրդն էլ: Նրա «քիչ մը սպասելը» տեւեց մի ամբողջ տարի, ոչ մի լուր, ո՛չ Մոսկվայից, ո՛չ էլ Լայպցիգից: Իր «առայժմ մեր մեջ մնա» պատվերն էլ խախտեցի ասելուց երեք ամիս հետո ամսագրում այդ փոքրիկ ծանուցումով, դա էլ ուշադրություն չգրավեց: Եվ ապա, ինչպես նախանցյալ ու անցյալ տարի, կրկին հրավեր Լայպցիգիցՙ իր ձեռքով բացելու Գեւանդհաուսի նվագախմբի համերգաշրջանը ավանդական Բրուքներով: Այս անգամ վերադարձավ խռովահար:

- Դուն մարգարե՞ ես, Կարպի՜ս...

Դեռ օդակայանում դիմավորելիս ցավ են հայտնել այնտեղ, որ չնայած իրենք դիմել են Մոսկվա համաձայնության համար, բայց ինքըՙ հերր Դուրյանը, ափսոս, հիվանդության թե ինչ-ինչ պատճառներով չի կարողացել ընդունել իրենց նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնը: Այդպես են տեղեկացվել:

- Բայց ես սպասո՜ւմ էի,- բացականչել է Օհանը շշմած:

Սպասում էր: Մի ամբողջ տարի: Ու հենց այդ մի տարվա ընթացքում այստեղ պատահեցին տարօրինակ բաներ: Բայց քիչ է ասելըՙ «տարօրինակ»: Այդ բաների խորքում զգացվում էին, ու կայի՛ն անշուշտ, ուրիշ բաներՙ խորհրդավոր...

Նախՙ սկսեցին ավելի լսելի դառնալ Օհանի դեմ այն խլրդային շարժումները, որոնց կարեւորություն չէի տվել մի ժամանակ: Հետո արդեն ավելի բացահայտ խոսքեր էին ասվում Հայֆիլհարմոնիայում եւ երաժշտական, նաեւ մանավանդ, ինչպես լինում է ընդհանրապես, մերձերաժշտական անլուրջ շրջանակներում Օհանի դեմ, տարածվում էին ասեկոսեներ: Թե նա ագահ է, գեղարվեստական ղեկավար լինելը բավական չէր, ձգտեց, պնդեց, նվագախմբի ամբողջ վարչական ղեկավարությունն էլ վերցրեց իր ձեռքը, դարձել է տնօրեն-դիկտատոր: Ի դեպ, ինքս էլ դեռ այն ժամանակ մտահոգությունս էի հայտնում վարչականը եւս իր ձեռքը վերցնելու համար, թե ծանրացնում է իր բեռը, եւ չեմ մոռանա ինչ բացատրություն տվեց ինձ: Ասաց, որ իսկական շնորհքով են օժտված մեր սիմֆոնիկի տղաները, կարող է մեր նվագախումբը բարձրացնել այն փարիզյան նվագախմբի մակարդակին, որը վարել է ինքը, բայց մեր այս տղաները ծույլ են, չեն սիրում տանը աշխատել իրենց վրա, պետք է աշխատեն, պատրաստված գան փորձերին, եւ ինչե՜ր կարելի է անել: Ասաց անկեղծորեն, ոգեւորությամբ նույնիսկ, թե հենց դրա համար իր ձեռքն է վերցնում ամբողջ ղեկավարությունը, ջանք չի խնայելու, կհասնի նպատակին այս շնորհքով տղաների հետ, վստահ է:

Երբ ինձ ասում էին, մեր խմբագրությունում կամ այլուր, թե Օհանից դժգոհում են իբր նրա բնավորության որոշ գծերի համար, որպես դիրիժոր, ես պատասխանում էի այդ բամբասանքներին, թե ի՞նչ գծերի մասին են խոսում ակաս-պակաս: Առհասարակ ո՞վ չունի «գծեր»: Իսկ դիրիժորը, մանավանդ, որ բարդ օրգանիզմ է ղեկավարում իր ձեռքի տակՙ լինի նվագախումբ, երգչախումբ կամ մի ամբողջ օպերա, չունենա՞ խստապահանջության գծերՙ հասնելու համար այն գեղարվեստական արդյունքին, որով կանգնելու է ունկնդիրների առաջՙ դահլիճի կիզակետը դարձած իր անձով: Թող կարդան Ստեֆան Ցվայգի սքանչելի էսսեն Տոսկանինիի մասին ու տեսնեն, թե ուժեղ դիրիժորի խստապահանջությունը ինչպիսի շանթային գծեր կարող է արձակել որոտումներով հանդերձ:

Իսկ Օհանը, տեսնում էի, շատ էլ չէր ազդվում այդ բամբասանքներից, անում էր իր գործը նույնքան եռանդուն ու բոլորանվեր, իր առօրյա վարվեցողությամբ նույնքան նրբակիրթ, հաճախ զվարթ ժպիտն էլ դեմքին, թեպետ երբեմն արդեն մտախոհ զվարթ: Ինձ շատ լավ հասկանալի էր այդ չազդվելը: Նա էլ ուներ բուն ստեղծագործ հոգու այն հատկությունը, այն ներքին բարեմույն «դեւը», այն սոկրատյան «դայմոնը», որի լրիվ տիրության տակ ստեղծագործ հոգին մոռանում է ուրիշ ամեն ինչՙ ուտել կամ զվարճանալն էլ, ցավը կամ հաճույքն էլ, զրախոսողին կամ թշնամուն էլ, անգամ բարեկամին ու հարազատին էլ: Օհանի ներքին դեւը հենց այն մարմնացյալ երաժշտությունն էր:

Մթնոլորտը, սակայն, սկսեց թեժանալ, երբ Օհանը, որպես տնօրեն, կոնկուրս հայտարարեց նվագախմբումՙ իր այն փարիզյան մակարդակի հասցնելու երազանքով: Ես փորձեցի համոզել նրան, որ չանի այդ բանըՙ վտանգավոր եւ մանավանդ անօգուտ: Կոնկուրս ես ասում, կարո՞ղ ես արդյոք ազատվել թեկուզ ամենածույլից, ամենաթույլից, որքան էլ բարձր լինի նպատակդ. այստեղ պարտկոմ կա, պրոֆկոմ կա, «խծբ» կա (խնամի-ծանոթ-բարեկամ), վերեւում էլ Կենտկոմ կա, բողոքներ, կոնֆլիկտ, հարցեր քննել եւ այլն, գլխացավանքի վրա գլխացավանք, ջղերդ քայքայիր: Իսկ եթե խորքում հետին մտքեր էլ կան քո դեմ... Չուզեց հասկանալ: Երեւի չէր էլ կարող հասկանալ: Ու դեռՙ կոնկուրսը հայտարարեց, երբ ինքը Մերձբալթիկա էր մեկնելու համերգների: Խիստ մտահոգությունս հայտնեցի:

- Հոգ չէ,- ասաց,- ավելի լավ, բացակայությանս ժամանակ թող աշխատին, լավ մը պատրաստվին տղաները:

Եվ... «պատրաստվե՜լ» էին տղաները, երբ վերադարձավ: Նվագախումբը տակնուվրա էր: Թաքուն խմորումները պայթել էին: Մի խայտառակություն էր եռեւեփվում: Օհանի դեմ եւ Օհանի կողմ խմբավորումներ: Զարմանալին այն էր, որ Օհանի դեմ խմբավորման գլխավորողը նվագախմբի պարտկոմն էր (չեմ էլ ուզում այստեղ հիշել այդ անժպիտ, քիթը վեր, կզակը ցցած խոսող ջութակահարի անունը): Սովետական կոլեկտիվում պարտկո՞մն է գրգռում ու գլխավորում խռովությունը ղեկավարի դեմ: Կարծես հակառակը պետք է լիներ պարտկոմի դերը: Սա ի՞նչ է նշանակում: Ոչ միայն զարմանալի է: Շատ տարօրինակ ու կասկածելի: Օհան Դուրյանը, որին «մեծ եւ համակրելի դիրիժոր» են որակել Լայպցիգում եւ ընտրել Գեւանդհաուսի նվագախմբի գլխավոր դիրիժոր, ամիսներ արդեն Մոսկվայի համաձայնության լուրն է սպասում, իսկ մեր նվագախմբի պարտկոմը խռովություն է գլխավորում իր դիրիժոր նույն Օհան Դուրյանի դեմ բացեիբաց, խայտառակում նրան լկտիորեն: Ինչո՞ւ: Ինչպե՞ս կարող է այս երկրում ակնհայտորեն, ինչպես ասվում էՙ օր-ցերեկով լինել այդպիսի բան: Գրողը տանի, ո՞ր սատանայի մատն է սրա տակ: Եվ խայտառակությունը շարունակվում ու շարունակվում է...

Բանը հասավ նույնիսկ քրեական ստորության: Մի երեկո Օհանենց բնակարանում, որ Թումանյան փողոցի ներսերում էր այն ժամանակ, դռան զանգ: Կինը բացում է դուռը, ներս են խուժում սեւ դիմակով տիպեր: Դուրս է նետվում կինը, սանդղահարթակում օգնություն կանչում սրտապատառ ճիչերով: Դիմակավորները սուսուփուս փախչում են շտապ-շտապ. արեցին գործը, սարսափեցրին, դասը տվին Օհանին: Իսկ մեր Օհանը, երբ հաջորդ օրը կինը խռովահույզ պատմում էր դեպքը ինձ, հանգիստ նստել էր իր դաշնամուրի առաջ, որի վրա Կոմիտասի շատ արտահայտիչ մի լուսանկարը կար մշտապես, եւ լուռ լսում էր կնոջ պատմածը, նույնիսկ մի փոքր ժպտաց ինձ աչքով անելով, բայց դեմքը սովորականից ավելի գունատ էր, դեղին կտրած: Հետո հանկարծ ասաց.

- Է՜, հոգ չէ: Սպասե՜ք, սպասե՜ք, ես ցո՛ւյց կտամ նրանց:

Չգիտեմ ինչ եւ ինչպես ցույց տվեց, բայց բանդիտային այդ դեպքը հետաքննվե՞ց, փնտրվեցի՞ն այդ տիպերը: Ոչ մի խոսակցություն չլսվեց այդ մասին: Գուցե այդ տիպերը արդեն ծանո՞թ էին նրանց, ովքեր պետք է հետաքննեին...

Մի առավոտ կանուխ, երբ ես խմբագրությունում մենակ նստած աշխատում էի, եկավ սիմֆոնիկի շեփորահար Աշոտը, լավ երաժիշտ, լուրջ եւ հախուռն տղա: Գիտեի, որ նա գլխավորում է Օհանի կողմը բռնողներինՙ նվագախմբի մեծ մասը, թեեւ ոչ բոլորը, հասկանալի է, նրա նման համարձակ, հախուռնորեն գործունյա: Եկել էր խիստ զայրացածՙ պարտկոմի դեմ. համը հանում է: Պետք է մի բան անել: Ի՞նչ: Մի «ուժեղ» հոդված գրեմ մեր ամսագրում ի պաշտպանություն Օհանի: Է՜հ, Աշոտ, Աշոտ, լավ երաժիշտ, բայց միամիտ այս հարցում, որով եկել է մոտս առավոտ կանուխ. չի պատկերացնում ինչը ինչոց է: Թեպետ մեր իսկ երեսին ամոթ կլիներ այդպիսի հոդվածը «ի պաշտպանություն» Օհան Դուրյանի, որին այնքան բարձր են գնահատել Լայպցիգում, բայց կգրեի, կրքով կգրեի, միայն թե անկարելի է, որ հենց մեր խմբագրությունում, նախ, ընթացք տրվի նման հոդվածի, ուր խնդիրը պահանջում է ասել չասվելիք բաներ, եթե հենց իսկապես, ըստ էության պետք է «պաշտպանել» Օհան Դուրյանինՙ իր եւ շատերի համար իրենց սիրելի մաեստրոյին ումի՞ց, ինչի՞ց, չի՞ հասկանում Աշոտը...

- Դե ի վերջո կզզվցնեն մաեստրոյին, էլի, չե՜մ հասկանում,- գոչեց նա, ինքն էլ ասես հուսահատ մի զզվածությամբ: - Ու մի օր կթողնի, կգնա էստեղից: Բախտը էսպիսի դիրիժոր է տվել մեզ, ու ... չե՜մ հասկանում: Վախենում եմՙ թքի ու գնա: Ո՞վ է տուժելու: Էլի մենք, էլի մենք...

Եվ իրոք: Նախ մի քանի տարի փաստորեն «գնալու» պես եղավ, երբ Լայպցիգում իրեն առաջարկել էին ղեկավարել իրենց օպերային թատրոնը, եւ ինքը անվարան կնքել էր պայմանագիրը մի քանի տարով: Բայց մերթ ընդ մերթ գալիս էր ի՜ր ունկնդիրներին համերգ տալու: Հետո իսկապես, երեւի, չարակամները «զզվցրել» էին նրան, ինչպես կանխատեսում էր շեփորահար Աշոտը, եւ ի վերջո գնաց Ամերիկաՙ դեպի անորոշություն: Բացակայեց մի ամբողջ տարի: Ի դեպ, ինքս էլ խմբագրությունից դուրս էի եկել, երբ երաժշտական աշխարհին իմ այնքան նվիրված ծառայությունից հետոՙ ինձնից դժգոհած մի երկու հոգի սադրանքներ էին սկսել իմ դեմ: Կտրել էի կապերս այդ երաժշտական աշխարհից` նվիրվելու իմ բուն գրական գործին: Երեք տարի թարգմանում էի Դոստոեւսկու «Կարամազով եղբայրներ» վիթխարի գլուխգործոցըՙ դեռ իմ պատանեկան տարիներից երազանք, որն իրագործում էիՙ այդ տիտանական աշխարհի մեջ մխրճված:

Օհանը վերադարձավ 1970-ին: Ամերիկայում, այդ անորոշության օրերին, հոգեպես շատ էր տառապել, երեւում էր դեմքից, նկատելիորեն սպիտակած մազերից:

- Հավատա՛,- ասաց,- գրեթե տունեն դուրս չէի գալիս: Կմտածեի, կմտածեի եւ միայն Երեւանի ծափերն էին, որ հնչում էին ականջիս մեջ, ո՛չ Լայպցիգի, ո՛չ ալ ուրիշ որեւէ տեղի...

Միասին լսում էինք Բրուքների Չորրորդ սիմֆոնիանՙ Բեռլինի նվագախմբի հետ իր կատարման ձայնագրությունը: Պարտիտուրն առաջը դրած, իր այն երաժշտականորեն ջղային վիճակի մեջ էր, տենդոտ հեւալով, հառաչելով, որոշ մասեր կրկնում ու կրկնում էր, ամբողջ սիմֆոնիան թարմացնում հիշողության մեջ: Կատարելու էր այստեղՙ մեծ դահլիճում: Բրուքներյան լայնաշունչ եւ շատ գեղեցիկ գործ, որ Երեւանում առաջին անգամ էր հնչելու: Բրուքների արդեն մեծ մասնագետ էին համարում Օհանին գերմանացիները, անցյալի այն հոդվածներից մեկում ինքս էի կարդացել, թե Օհան Դուրյանը պետք է գար եւ Բրուքներ կատարեր Գերմանիայում, որպեսզի գերմանացի եւ ավստրիացի դիրիժորները տեսնեին, թե ինչպես պետք է Բրուքներ կատարել: Խոսում, վերլուծում էինք իր մեկնաբանությամբ «տաճարանման» սիմֆոնիան, որն այստեղ պետք է կատարեր Ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբով:

- Բայց,- ասացի,- Օհան, պետք է Բրուքների համար դաստիարակված նվագախումբ, որ այս զարմանալի յուրօրինակ գործը հնչեցնես:

- Է՜հ,- ասաց,- Բրուքների համար դաստիարակված նվագախումբ շատ քիչ կա աշխարհում: Բեռլին, Լայպցիգ, Վիեննա: Նույնիսկ Լոնդոնի նվագախմբի համար դժվար է Բրուքները: Ամերիկայում նոր-նոր սկսած են Բրուքներ ըմբռնել ու կատարել: Որքան հնարավոր է, պիտի անեմ մեր այս նվագախմբի հետ: Միայն թե ժամանակը կարճ է, փորձերըՙ քիչ...

Եվ արեց: Այդքան քիչ փորձերով այսպիսի նվագախումբը հասցնել նման հանգիստ ու վստահ կատարմանՙ այս սիմֆոնիայում, այո, միայն Օհանը կարող էր անել: Դարձյալ իր համերգին լեփ-լեցուն հսկա դահլիճը քար լռությամբ ու հուզումով լսում էր երկարատեւ, դժվարըմբռնելի սիմֆոնիան: Ինչպես միշտ, նրա ձեռքերի տակ նվագախումբը ոչ միայն ստացել էր այն ամուր, լիակատար ու նրբագեղ հնչողությունը, որ հատուկ է մեծ դիրիժորներին, այլեւ այդ ձեռքերի քրմային կախարդական շարժումներով, դարձյալ, երաժշտությունը կարծես ճառագում էր մի սրբազան աղբյուրից եւ մի ուրիշ, տոնական զգացումի լույսով լցնում ամբողջ դահլիճը: Վերջում բուռն, հոտնկայս ծափերով ունկնդիրները կրկին ու կրկին բեմ էին կանչում իրենց սիրելի դիրիժորին: Օհանին կարոտել էին ի՜ր ունկնդիրները...

Բայց չարակամները, որոնք չէին ուզում, երեւի, որ Օհանը վերադառնար, դարձյալ սկսեցին խլրդային շարժումները: Եվ Օհանը դարձյալ գնաց: Այս անգամ երկարատեւ: Չգիտեմ ինչու: Ասում էին, որ իր սովետական քաղաքացու (երբեմնի այն օրինապահ «լոյալ» քաղաքացու) անձնագրի ժամկետը վերջանում էր, եւ հակառակ իր բազում դիմումների արտասահմանից, չեն վերանորոգել անձնագիրը, որ նշանակում էրՙ «Էլ մի՛ գա, չենք ուզում»: Եվ դարձել է ուրիշ երկրի քաղաքացի: Չգիտեմ: Ինձ թվում էր, էլ չենք տեսնի իրար: Բայց տեսանք: Եկավ 1991-ինՙ արդեն անկախացած Հայաստանի մշակույթի նախարար Պերճ Զեյթունցյանի նամակով հրավիրված: Ու դարձյալ խնդիրներ...

Մի նոր հալածանքՙ 2001 թվականին: Անպատկառ խոսքեր հրապարակավ: Խիստ վրդովվածՙ «Ազգ» օրաթերթում հանդես եկա «Իսկ դուք գիտե՞ք ով է Օհան Դուրյանը» վերնագրով հոդվածով: Թեպետ ծերացել ու վաղուց չէինք տեսել իրար, հաջորդ օրը հուզված եկավ ու ինձ տարավ Նորքի բարձունքներում իր տունը: Ուշադրությունս գրավեց բազմաթիվ կասետներով իր ձայնադարանըՙ արտասահմանի տարբեր քաղաքներում իր համերգների ձայնագրությունները: Պարապ չի մնացել այնտեղ իր երկարատեւ բացակայության ընթացքում: Ունկնդրեցինք Սեն-Սանսի Երգեհոնով սիմֆոնիան, որ կարծեմ կատարել էր Հարավային Աֆրիկայի Քեյփ-Թաուն քաղաքում:

Օհան Դուրյանի տո՜ւնը Նորքի բարձունքումՙ դիմացն Արարատ:

Մահն այնտեղից տարավ նրան:

Ութսունութ տարեկան էր: Ինձնից երեք տարով մեծ:

Արդյոք կտեսնե՞նք իրար կրկինՙ չգիտեմ ուր...

Է՜հ, փոքրիկն արաբախոս Հաննա: Որ դարձար Օհան: Կուզեիր հայերեն, հայերե՛ն սորվիլ: Սորվեցար: Կոմիտաս լսեցիր, եւ բոլոր ջիղերովդ զգացիր, որ հայ ես: Մեջդ հայն ու բնածին մեծ երաժիշտը քեզ ասել տվին. «Ալ չէի կրնար իմ ժողովուրդես դուրս ապրիլ»:

Ապրեցի՛ր ժողովուրդիդ մեջ: Չարակամները հաշվից դուրս են արդեն: Ժողովուրդդ քեզ սիրով ընդունեց: Երբ բացակայում էիրՙ կարոտեց: Մեծ երաժշտությամբ ժողովուրդիդ կապեցիր աշխարհի հետ: Եղար մեր մշակույթի պատմության մի պարադոքսը եւս քո ճակատագրով: Զարմանալի պարադոքս:

Եղար մերը: Եղար աշխարհինը: Կամար կապեցիր:

Հունվար, 2011


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4