ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#19, 2010-12-04 | #20, 2010-12-18 | #1, 2011-01-22


«ԽՈՍԻՐ, ՈՐ ԴԵՄՔԴ ՏԵՍՆԵՄ...»

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ

Արդյոք նկատե՞լ եք, սիրելի ընթերցող, որ խոսակցութեան սերը մարդուս մեջ հայտնվում է փոքր տարիքից, մանկությունից: Ուրիշի հետ հարաբերվելը բնական մղում մըն է մարդուս մեջ դեռ շատ փոքր տարիքեն. արդեն 3-4 տարեկանից երախան շա՜տ է սիրում, որ իրեն պատմություններ պատմեն, հեքիաթներՙ օրինակ: Ինքը տակավին եթե չի կարող պատմել, բայց շատ է սիրում մեծերը բաներ պատմեն, որ ինքը չի իմանում: Կարծեմՙ նորմալ երախան նաեւ չի բավարարվում մի անգամ լսելով սիրած հեքիաթը, պատմությունը, շատ է ուզում, որ նորից այն պատմեն, եւ նորից ու նորից ուզում է այդ պատմությունը լսել:

Իսկ մի քանի տարի անց սկսում է դպրոց հաճախել: Առաջին օրը կարծես կորած է, մի քիչ վախենում է. դասարանին մեջ մինակը չէ, բայց չի կարող վեր կենալ գնալ, ուսուցիչին լսելն ալ միշտ չէ, որ հաճելի է... Հետոՙ ինքը այդքան շատ ընկեր չի ուզում. մի քանիսն էլ բավական է... Հեյ գիդի մանկություն...

Այստեղ մի փոքր մանկության հուշ պատմեմ: Կիպրոսի Մելգոնյան գիշերօթիկ վարժարանը սովորելուց առաջ Եգիպտոսում հաճախել եմ Աղեքսանդրիա քաղաքի Պողոսյան վարժարանը: Հորս մահից հետո այլեւս հնարավոր չէր, որ անգլիական դպրոց հաճախեի, ուր սկսել էի իմ ուսումս: Մեր ընտանիքը շատ էր աղքատացել. խեղճ մայրս երեք երախա պետք է պահերՙ ինձ, քրոջսՙ ինձանից մեծ, եւ եղբորսՙ ինձանից փոքր: Անգլիական դպրոցի ծախսերը հնարավոր չէր հոգալ, եւ ես սկսեցի հաճախել անվճար հայկական դպրոց: Այնպես եղավ, որ երբ ուսուցչուհին աշակերտներուն անուններն էր ստուգում, պարզվեց, որ դասարանում երկու Հակոբյան Հակոբ կա, եւ դաստիարակչուհին անմիջապես կարգ ու կանոն հաստատեց. ես վտիտ էի, մյուս Հակոբըՙ ավելի խոշորակազմ. սրանից հետո ես կոչվելու էի Հակոբիկ, իսկ հաղթանդամըՙ Հակոբ: Եվ այդ օրվանից օծվեցի Հակոբիկ, եւ ով որ անունս կհարցներ, կասեի, որ անունս Հակոբիկ է: Երբ մի քանի տարի անց Կիպրոսի Մելգոնյան դպրոց սկսա հաճախել եւ անունս հարցուցին, ես ասացիՙ Հակոբիկ. այնքան էի վարժվել, մոռացել էի, որ անունս Հակոբ է: Եվ մինչեւ Ս.Հայաստան հայրենադարձվելս,- ես արդեն 40 տարեկան էի,- անունս Հակոբիկ էր: Հայաստանում երբ անունս հարցրին, ես արդեն ասացի, որ անունս Հակոբ է: Մինչեւ այսօր ալ իմ նախկին ընկերներս ինձ հիշում են իբրեւ Հակոբիկ: Միայն կինս առաջին օրեն մեր ծանոթության ինձ դիմում էր Հակոբ անունով...

Իսկ գալով հուշին, որ ուզում եմ պատմել, ահավասիկ: 8-9 տարեկան էի, երկրորդ տարին էր արդեն սովորում էի Աղեքսանդրիո Պողոսյան հայկական վարժարանում, հանդիպեցի ընկերոջս, Վահրամին, որուն շատ էի սիրում եւ ընտանեկան բարեկամական կապ ունեի: Դպրոցի վերամուտի առաջին օրն աշակերտները բակում հավաքված սպասում էին զանգին, եւ զանգը հնչեց, հիշեցնելով, որ աշակերտները պետք էր որ իրենց դասարանները ուղղվեին: Դասերը սկսելու էին, եւ ես ալ ընկերոջս թեւանցուկ հետեւեցի եւ մտանք դասարան, մի գրասեղան ընտրեցինք եւ կողք կողքի տեղավորվեցինք: Ուրախությանս չափ չի կար. միասին նույն դասարանում էինք լինելու ամբողջ տարին կողք կողքի: Եվ ահավասիկ փորձանքը պատահեց. չէի իմանում, որ կյանքը փորձանքներով է կյանք... Եվ ահավասիկ այդ օրը ի՛նչ պարզվեց: Երբ դպրոց գացի, գտա ընկերոջս ու դասարան մտանք, գնացինք դեպի մեր գրասեղանը եւ կողք կողքի նստած երջանիկՙ դասերը նոր սկսելու էին, մեկ էլ մի ուսուցիչ մտավ դասարան, մոտեցավ մեր գրասեղանին եւ վիզես բռնեց ու հարցուցՙ դուն ի՞նչ գործ ունիս այստեղ: Ես շվարած չէի իմանում ի՞նչ է կատարվում: Հարցնում էՙ դուն այս դասարանում ի՞նչ գործ ունիս, քեզ ո՞վ բերավ այստեղ: Ո՞վ պիտի բերեր, Վահրամը, ասացի, սիրելի ընկերս է եւ ես ուզում եմ նույն գրասեղանին կողք կողքի նստել նույն դասարանում... Այս դասարանը շատ սիրեցի... Ուսուցչիս արտահայտությունը չեմ հիշում, երբ ասացՙ վեր կաց, առաջս ընկիր, դու երկրորդ դասարանը ավարտել ես, այս դասարանը երկրորդ դասարանն է, քու տեղդ հիմա երրորդ դասարանում է, եւ առաջս անցած ինձ հասցուց երրորդ դասարան: Ես ի՞նչ հասկանայիՙ ինչ էր կատարվում... Իմ պե՞տքս էր, որ երկրորդ դասարանում եմ, թե երրորդ, ինձ պետք էր ընկերսՙ Վահրամը, որուն հետ ես ինձ լավ էի զգում: Ճիշտ է, երախաներ էինք, բայց կկարծեմ, որ մի բան էլ կար, որ ուսուցիչս չէր հասկանում: Որ երկու հոգիներու իրարու հետ լավ զգալը, կարծում եմ, ամենակատարյալ երանությունն է, եւ այդ երանության հիմքը ֆիզիկական չէ, ֆիզիկական զգայնական մղում մը չիկա, եւ շահադիտական բնավ չէ, դա սերն է պարզապեսՙ մաքուր, չհնացող, որ ժամանակավոր ապրում մը չէ, դա տարիքի հետ էլ կապ չունի: Ըստ իս, դա իսկական սերն է... Դա անցողիկ վիճակ մը չէ, ինչպես գրեթե ամեն ինչ կյանքում, դա շահագրգռության հակառակ վիճակն է:

Բայց հենց դպրոցին մեջ է, որ երախան կամ պատանին պիտի հանդիպի նոր տեսակ ընկերոջ եւ խոսակիցի: Գիրքին... Սկսում է նոր ծանոթություններՙ գրողները եւ գիրքերու հերոսները, նոր պատմություններ: Մինչեւ այսօր, 88 տարեկանիս, ես առանց մի քանի էջ կարդալու օրս չեմ պատկերացնում: Իսկապես գիրքերու հետ կապվելս սկսել եմ 14-15 տարեկանիս... գեղարվեստական գրականության հետ... Եվ սկսվեց իմ նոր կյանքիս երկվությունը. ֆիզիկապես դուն արդեն միակտուր չես, դու կտորներու ես վերածվել: Ինծի համար կար շոշափելի մարդկանց աշխարհը, օրինակՙ Մելգոնյան կրթական գիշերօթիկ դպրոցի իմ դասընկերներս եւ ուսուցիչներս, մնացած աշխարհից կտրված էինքՙ մեր ծննդավայրեն, մեր ազգականներեն, եւ կար գիրքերու աշխարհը, որ ավելի իրական էր կարծես, քան թե շոշափելի աշխարհը: Ես կարծում եմ, որ այնտեղ, այդ փակ տարածության մեջ, ես սկսեցի սիրել խոսակցիլը:

Նաեւ ասեմ, որ աշակերտները, որոնք գալիս էին գիշերօթիկ դպրոց Սփյուռքի տարբեր գաղութներից, 1915 թվականի Եղեռնից պրծած ընտանիքներու զավակներ էին եւ տարբեր բարբառներ ունեցող արեւմտահայեր, բայց Մելգոնյան գիշերօթիկ դպրոցում չկար «ժարգոն», գոյություն չուներ: Աշակերտները շատ շուտով սովորում էին խոսիլ մաքուր արեւմտահայերեն գրական լեզվով, եւ դա էլՙ գեղարվեստական գրականությունից ծնված այդ մաքուր հայերենը պատճառ էր դառնում խոսակցության զարգացման, նույնիսկ աշակերտները, որոնք 13-19 տարեկան էին, միանգամընդմիշտ վարժվել էին մաքուր հայերենի եւ զիրար հսկում էին, որ ոչ ոք սխալ խոսի... եւ ճիգ ընեն մաքուր եւ ընտիր գրական հայերենով խոսելու... Հիշում եմ, երբ դպրոցեն հեռացա եւ վերադարձա ընտանիքիս մոտՙ Աղեքսանդրիա, չէի իմանում ինչպես անեի, որ ես ալ պարզ, նախնական հայերենով խոսիմ շրջապատիս հետ: Եվ կկարծեմ, որ Մելգոնյան գիշերօթիկ դպրոցում սիրել սկսեցի խոսակցիլը, խոսակցությունը: Մի քանի հարյուր պատանիներ, որոնք ընտանիքի մը անդամներուն պես իրարու հետ էին ապրում ամբողջ օրը, անշուշտ ընկերություն էր ստեղծվում, եւ ընկերությունը ի՞նչ է, եթե ոչ խոսակցիլ, խոսակցություն... Դպրոցից բաժանվելուց հետո ես տարիներով փնտրում էի ընկերներ, ընկերություն եւ... Մելգոնյանի այդ հայերենը:

Ինչ մեղքս պահեմ, խոսակցություն, խոսիլ սիրում եմ: Մարդկային հարաբերությանց մեջ ամենաազդեցիկը խոսքն է, խոսիլն է, լեզուն, իմ պարագայիսՙ հայերեն լեզուն... Օտար լեզվի չեմ տիրապետում: Դեռ հելլեններն են ասելՙ «Խոսիր, որ դեմքդ տեսնեմ...»: Նաեւ ամենագեղեցիկը խելացի խոսիլ իմանալն է, իսկ ավելի գեղեցիկՙ խելացի լռել իմանալը... Կարող է, մի քիչ ուրիշ ձեւակերպված է այս միտքը, հնարավոր է լավ չհիշեմ կարդացածս, բայց միտքը հեռու չէր ըսածես, ներողամիտ եղեք...

Շատ կսիրեմ լեզվանի, սրամիտ, պատրաստաբան մարդկանց խոսքը: Մարդիկ կան, որ օժտված են պատմելու շնորհքով եւ, կարծեք, հենց իրենց հետ էլ պատահում են տարօրինակ պատմություններ... Նաեւ կան մարդիկ, անշուշտ ոչ բազմաթիվ, որոնք հումորի զգացումով օժտված են... ծիծաղեցնելու ունակությամբ... Դրանից ավելի լավ բան կա՞... ծիծաղիլ...

Մինչեւ այս տարիքիս ալՙ արդեն շատ ծեր եմ, կրնամ տարվել եւ ազդեցության տակ ընկնել խոսողի մը, խոսքի մը: Լավ խոսող մը, գեղեցիկ, այսինքն ճշմարիտ խոսքը զիս կհմայե: Վատ հայերենը զիս կվանե: Առանց չափազանցության, անձի մը գնահատանքի չափանիշս իր խոսած հայերենն է: Ահավասիկ մեր ժամանակներու պատմության մեջ, մանավանդ անկախության ժամանակներուն, Լեւոն Տեր-Պետրոսյան կոչված հայը իր նմանը չունի...

Խոսքի մասին բանախոսություն անել չէ նպատակս: Այդպիսի կարողություն չունիմ դժբախտաբար: Խոսքը անշուշտ մարդուս ստեղծած մեծագույն հրաշքն է եւ մեծագույն առեղծվածն է: Փիլիսոփայական կողմը մի կողմ թողնելով, ավելի ճիշտըՙ ավելի գիտուն, զարգացած մարդկանց թողնելովՙ ես ուզում եմ անդրադառնալ եւ խոսիլ մեր ժողովուրդի առօրյա կյանքին, մեր ժողովուրդի ապրումներուն, զգացումներուն, խոսածներուն մասին:

Հաճախ լսում ենք «խոսքի ազատություն» բառակապակցությունը: Մարդիկ եթե չեն խոսում, չեն գրում, չեն հաղորդում, չի նշանակում, որ ասելիք չունեն, ընդհակառակը: Մարդ որքան օրը օրին չասե, չխոսի, եթե ստիպում են, ստիպված է վախի պատճառավ լռել: Ավելի վատ, հազար անգամ ավելի վատ. եթե դժգոհությունը չի դրսեւորվում, կուտակվում է, դառնում է թույն, քանդիչ ուժ: Մարդուն պետք է քաջալերեն, որ խոսի, որպեսզի իր մեջը դնելով, իրեն զսպելովՙ չհիվանդանա: Հիվանդ մարդը, քաղաքացին ո՞ւմ է պետք, պետության ինչի՞ն է պետք: Չասելը, չկարողանալ ըսելը վերածվում է թույնի եւ պահվելով ու կուտակվելովՙ մի օր էլ կարելի չըլլալով պահելՙ դուրս է գալու եւ թունավորելու է մարդուն, մահացնելու է: Զսպած զգացումը վերջում դառնալու է ատելություն: Իսկ ատելության շարունակությունը ոճիրն է: Չեք հիշո՞ւմ. ի՞նչ էր Սովետական Միություն կոչեցյալ վիժվածքը. կոշմար: 70 տարի մարդիկ օտարացել էին իրարից, մարդիկ իրարից վախում էին, իրար չէին վստահում: Վախից ավելի ստորացած վիճակ կա՞... Որեւէ ժամանակե ավելի եւ մանավանդ այսօր օտարացումը մեծագույն աղետն է... Իրարից օտարացած մարդկանցից ի՞նչ հենարան պետության: Իսկ եթե որոշած ենք ապրիլ հայրենիքում, ավելի կարեւոր ի՞նչն է, քան թե հարազատ պետությունը, ժողովուրդի, ազգի եւ պետության միասնությունը: Թե ոչՙ այսօր ավելի հեշտ ճամփան հեռանալն է հայրենիքից էլ, պետությունից էլ... Մեկ խոսքովՙ թուրքին երազը վերջնական իրականացնել...

Ինչպես ասացի, ժողովուրդի մը անդամներուն իրարու հետ հարաբերվելուց ավելի բնական ի՞նչ կրնա ըլլալ... Գիտեմ, որ երեւի բնավ էլ ինքնատիպ (օրիգինալ) խոսք չեմ ասում, բայց որ մեյ մը սկսել եմ, շարունակեմ խոսքս: Իրարու հաղորդակցիլ, իրարու ծանոթանալ, զիրար փնտրել, իրարու հետ իրենց մտորումները եւ զգացումները փոխանակել... թեկուզ ոտը ցավացնող կոշիկի մասին հիշել... դրանից չի՞ ծնվել այն թեւավոր խոսքը, որ «ինչիս է պետք աշխարհիս լայնությունը, եթե կոշիկս ոտիս նեղ է...»:

Քանի որ խոսակցելու, հաղորդակցելու մասին սկսեցի խոսիլ, չեմ գիտերՙ նկատե՞լ եք, չի կարող պատահիլ, որ նկատած չըլլաք, որ երբեմն մի բան եք ուզում պատմել մեկին ոգեւորված, երբ քեզ ընդմիջում ենՙ «խոսքդ մեղրով կտրեմ...», եւ իրենց «ավելի հետաքրքրական» պատմությունն է, որ ուզում են դո՛ւք լսեք: Եվ երբեմն կամ ավելի հաճախ, երբ մանավանդ ընկերական հավաք է, նույնիսկ մի քանի հոգի ճիշտ նույն պահին ուզում են, որ զիրենք լսեք, եւ ինքնաբերաբար ձենները բարձրանում են (Ձենով Օհանը չհիշեցի՞ք)... Եվ գիտենք, Աստված հայերուս ձայն տվել է, չի խնայել... Եվ շարունակությունը կա, եւ իրենց պատմությունը պատմելուց եւ ընթացքին (ընդունենք) ակամա ձեր մտքի եւ խոսքի թելը կտրելուց հետո ալ չեն ուզում կամ չեն կարող հիշել, որ ձեզ խանգարել էին... ասելՙ ներողություն, ընկեր, մի բան էիր պատմում, խոսքիդ թելը կտրեցի, արի խոսքիդ կտրված թելը կապենք, կներես, խոսքդ կիսատ մնաց, ի՞նչ էիր պատմում...

Հիշեմ նաեւ, որ դիմացինիդ քեզի հանդեպ ցուցաբերած հետաքրքրությունը կամ անտարբերությունը չի խանգարում, որ շարունակես «դարդերդ» պատմելու գայթակղության զոհ գնալ: Ա՜խ, մարդ արարածը սիրում է, որ ուրիշները իրանով զբաղվին... Անշուշտ, ցուցանե առակս, որ ամեն մարդ իր դարդերը ունի եւ զահլա չունի ուրիշներուն դարդերովը զբաղվելու: Ամեն մարդ իր կյանքն է ապրում եւ իր ունեցած դարդերը իրեն լրիվ հերիքում են: Անշուշտ, շատ լուրջի առնելու բաներ չեն ըսածներս: Բայց նկատել եմ, որ մարդ մեծ մասամբ չի սիրում ուրիշներու անձնական պատմությունները լսել: Այնպես որ, սորվեցա, որ մարդ անպայման չհետաքրքրվի պատմածովս:

Ես գտնում եմ, որ բախտավոր եմ, որովհետեւ ընկերներ ունիմ, որոնք ճիշտ զավակներուս տարիքին են: Բայց եւ այնպես, ինձ ընդունել են իրենց ընկերության մեջ արդեն քանի տարի է, եւ նույնիսկ ասեմ, որ ինձ այնքան են սիրում, որ քեֆերուն ներողամտորեն ընդունում ենՙ կինս ալ ինծի ընկերանա...

Այստեղ ուզում եմ մի քիչ ուրիշ թեմայի անցնել, քանի որ բուն թեման մեր ժողովուրդի վիճակն է այդ մասին, բայց հավանաբար ոչ հատուկ ծրագրված: Քանի որ հայկական սովորություններու մասին ակնարկություն եղավ... Հայերը հաճախ գլուխ են գովում, որ հայերը մարդամոտ են, ջերմ են, եվրոպացիները, ամերիկացիները մարդ չեն, տարիներով հարեւանները իրարու բարեւ չեն տար... Անշուշտ հայերը չեն մտածում, որ այդ մարդկանց դաստիարակությունը իրենց արգիլում է ուրիշներու անձնական կյանքովը շատ հետաքրքրվելու, իրենց քիթը ուրիշներուն գործերու մեջ կոխելու, մանավանդ ուրիշներու մտերմության չդիպչին: Բայց, տեսեք, երբ Քլինթոնը հանցանք գործեց, «մեծագույն հանցանքը»ՙ սուտ խոսելով ամբողջ երկրի առաջ, իր ընտրողներու առաջ, ինչպես ամերիկացիները ամբողջ աշխարհի առաջ մերկացրին Քլինթոնին եւ իր կեղտոտ լաթերը լվացին եւ արեւին բերեցին: Ավելի լավ կըլլա, որ ուրիշ ժողովուրդներու մասին խոսելիս մեր չափը իմանանք... Հետոՙ համեստ լինենք...

Ես ուզում էի ավելի շատ այսօրվա մեր երկրում տիրող մարդոց տրամադրություններուն եւ ապրումներուն մասին խոսիլ, որոնց ես ալ մաս եմ կազմում եւ անտարբեր չեմ շուրջս պատահածներով. չեմ կարող մտորումներ չունենալ անդադար, եւ եթե խոսակից ալ չունենամ, չեմ կարող ինքզինքիս հետ չխոսիլ, եւ երբեմն բերնիցս բառ մը կրնա ակամա դուրս թռնել... ուշունց մը...

Ասում էի, որ ժողովուրդը, մարդիկ չեն կարող չխոսիլ իրենց երկրին հետ պատահող, բոլորին վերաբերող հարցերի մասին, իրենց ուրախություններու, բայց մանավանդ իրենց դժգոհություններու մասին, եւ ահավասիկ բուն ըսելիքսՙ որ մարդիկ, հայերը, սիրում են գանգատվել, բայց չբողոքել... չքննարկել... Է՜հ, թող գանգատվեն, որքան որ ուզում են: Ակամա մեր մեծագույն գանգատվողը հիշեցիՙ Գրիգոր Նարեկացինՙ հանճարը: Կարծեմՙ միայն մի տեղ է բողոքում իրեն ստեղծողից... Անկեղծորեն, չեմ գիտերՙ ինչ ասեմ: Մարդս խեղճ ու կրակ դժբախտ արարած է: Մարդուն պետք է մեղքանալ... Գոնե վերջում մարդ առանց տանջանքներու վերջին քունը մտներ...

ՀՈՒՍԿ ԲԱՆՔ

Անշուշտ թե հայ ժողովուրդի փրկությունը իր հավաքական ուժի մեջ է, բայց փրկություն ինչի՞ց... Քավ լիցի, բանաստեղծին հետ չեմ վիճում, բայց ես միշտ ինձ հարցրել եմ եւ հիմա էլ հարցնում եմՙ փրկություն ինչի՞ց: Կարծեմՙ մեր ցեղի վերջնական բնաջնջումից... Հայը միշտ ենթակա է կորստյան, միշտ պետք է պայքարի գոյությունը պաշտպանելու համար, նախՙ մարդանման ճիվաղներից 1915-ի, ատոմական ռումբ ստեղծողներից, եւ նաեւՙ բնական աղետներից: Բանաստեղծը այդ մասին ժամանակին բան չի ասել: Կենթադրեմ, որ Չարենցը նկատի է ունեցել մեր փոքր ածու ըլլալը, հետեւաբար միշտ ենթակա ըլլալը ավելի մեծերու մահացու հարվածներուն... Փոքրը չի սիրվում եւ փոքրից վախեցող չիկա... Ես կարծում եմ, որ միայն հավաքական ուժը չէ մեր չունեցածը... Կարծում եմ, որ ուրիշ բաներու ալ հայը կարիքը ունի: Օրինակ, վերջերս հայտնաբերեցի երկրաշարժը, որու ալիքները ժամանակին Լենինականից հասան Երեւան, մեր 10 հարկանի բնակարանը, որը մի քանի վայրկյան կարծեք դողդողացող օդանավ լիներ... Եվ իսկապես, զարմանալի է, որ այդ մասին չի անդրադառնում բանաստեղծը...

Սկսա անդրադառնալ երկրաշարժի հանդեպ հայ մարդու վերաբերմունքին: Մասնագետները ասում են, որ 50 տարին մեկ, մոտավորապես մի մարդու կյանքի ընթացքին, գոնե մի հատ ավերիչ երկրաշարժ տեղի է ունենում Հայաստանում, հայերու բնօրրանին մէջ: Ահավասիկ հայ մարդու համար մտորումներու մի առիթ, եթե կուզեք: Լսեցի երկրաշարժին խոսակցությունը հայուն հետ: Երկրաշարժը ամենապարզ եւ հասկանալի ձեւով խոսում էր հայուն հետ: Ժողովուրդը ասում էՙ խոսիլը բավական չէ (ասողին լսող է պետք): Երկրաշարժը ասում էրՙ մենք, հայեր, դուք եւ ես Հայաստանի հողին վրա միասին պիտի ապրինք: Ես մանավանդ Հայաստանի հողին մեջ ինձ լավ եմ զգում, ես եկվոր չեմ... Իսկ դու, հայ, ինչպե՞ս ես զգում... Երեւի միշտ չէ, որ լավ ես զգում... Հիմա ես քեզ ասում եմՙ Հայաստանից հեռանալու նպատակ չունիմ, եթե նույնիսկ պահ մը հեռանամ, գնում եմ մոտիկ հարեւան երկիր այցելության, այդքան: Հիմա, դուն, սիրելիս, որ այսքան շնորհալի ես, տաղանդավոր ես, ընդունակ ես, քանի անգամ քեզի պիտի ասեմ, որ քու բնակարանիդ, ուր ընտանիքովդ պիտի ապրիս, չափսերը ես պիտի որոշեմ, եւ նյութերը, որոնցով պիտի կառուցանես, ինծի պիտի հարցնես: Քանի անգամ քեզի ասեմ, որ դուն իրավունք չունիս 2 կամ 3 հարկից ավելի բարձր բնակարան կառուցելու, իսկ եթե մեկ հարկՙ ավելի՛ լավ: Շատոնց է քու կառուցածներդ ինձ դուր չեն գալիս: Շա՞տ ես ուզումՙ կառուցե, ես քանդելու եմ եւ քեզ ու ընտանիքդ տրորելու, ցրելու եմ: Սաՙ առաջին: Երկրորդՙ դուն պետք է սորվիս շինարարական օրենքներով կառուցելու եւ մանավանդ ցեմենտը եւ երկաթը չպիտի գողանաս, հասկացա՞ր:

Կարծեմ, հայու փրկության համար բավական չէ հավաքական ուժը: Ուրիշ բաներ ալ պետք են: Խիղճ պետք է, խելք պետք է, մնացածը դուք ավելացրեք: Լենինականի շինարարները, պատվիրատուները (իմաՙ կոմունիստական կուսակցությունը) ինչպես, ինչպե՞ս ապրեցան իրենց խիղճին վրա ունենալով երկրաշարժից հետո վատ շինարարության հազարավոր անմեղ զոհերու արյունը: Բայց այսօր ալ ապրում են անպատիժ...

Իսկ եթե պաշտելի բանաստեղծը հավաքական ուժ ասելով հասկանում է սուտ չխոսիլ, չխարդախել, ընկերոջը ունեցածին աչք չտնկել, տկարին չճնշել, հարգել դիմացինին անհատականությունը, ըլլալ պարկեշտ, չդավաճանել, տված խոսքը հարգել, ուրիշի արդար շահած հացը չգողնալ, չապականել երկիրը, աստվածատուր Սեւանը չչորացնել, խեղճ իշխան ձկան գլխին 1915 թիվ չսարքել...

Եթե հավաքական ուժ ասելով բանաստեղծը այս բաները նկատի ունի, այո, ես իր ձեռքն եմ համբուրում, ես իր խոնարհ ծառան եմ: Սիրելի բանաստեղծ, դուն չկաս, բայց քու խոսքդ կա, արդեն գաղտնիք չէ, եւ շատերը անգիր գիտեն եւ արտասանում են տեղի-անտեղի, իսկ այդ խոսքը արտասանելու համար չէր գրվել... Երբ այս տողերը գրում էիր, պետք էր, որ հայ ժողովուրդ տակավին գոյություն ունենար... Բայց մի քանի տարի անց, երբ քեզ իբրեւ քավության նոխազ քաշկռտելով տանում էին մորթելու, քու փրկության աղաղակներդ լսող չկար... Երբ դու կայիր, կար Երկիր Նաիրին, քանի որ դուն գնացել ես, երեւի երկիրը շուտով կոչվի Երկիր Ամայի...


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4